2014-01-29

ԵՍ-Ը կորցնելով.ամբողջական պատմվածքը

Հաճախ որևէ պատահական դեպք, որևէ հարց կամ որևէ պատասխան պատճառ է հանդիսանում,որ դու վերհիշես կամ վերապրես անցյալում թողնված մի հուշ: Հարցը բոլորովին էլ նրանում չէ,թե դու ինչ ունես հիշելու,ո՛չ, հարցը նրանում է,որ, այնուամենայնիվ, կա մի բան, որը անմոռանալի է քեզ համար,թեկուզ անցնեն տարիներ,թեկուզ երկրագունդը իր ուղեծրից կիլոմետրերով շեղվի,թեկուզ դրսում ասեն,թե շուտով աշխարհի վերջն է, ու պետք է ապրել միայն ներկայով,մեկ է,դու անցյալում թողած ունես այնպիսի մի պատմություն,այնպիսի մի ցավ,որը չհիշել ուղղակի չես կարող:
Դեպքը,որ ուզում եմ պատմել,անմիջականորեն կապված է իմ մանկության հետ: Այժմ արդեն ես մանուկ չեմ կամ դեռահաս  կամ երիտասարդ:Այժմ ես հասուն տղամարդ եմ,մեկը ,ով գոհ է իր կյանքիցշ,ով ունի իր երազած ընտանիքը, ում բախտ է վիճակվել հայրություն անել իր երկու զավակներին,ում ընդհանրապես բախտ է վիճակվել զավակ ունենալ,ու որ ամենակարևորն է,ես մեկն եմ ,ով ուրիշի սխալի վրա իր ճիշտ ապագան կառուցեց:
Տարիները մեզ ավելի խելացի չեն դարձնում,երբե'ք: Ո'չ, ուղղակի տարիների հետ մարդը  ավելի խիստ է դառնում իր հանդեպ,ավելի պահանջկոտ,քան էր մանուկ ժամանակ:Բայց,եթե հաշվենք, որ մանկությունը մի շարք թույլատրելի թերությունների շրջան էր,ապա երբեմն այդ մոլուցքները մեր մեջ չեն մարում: Գուցե անգամ ծիծաղելի հնչի,բայց օրերս դասարանական ամենամյա հավաքից հետո,հանկարծ որոշեցի խելքս,ինչպես դեռ երիտասարդ հասակում էի անում,տալ համացանցին: Չգիտեմ անգամ, որ թվականի արխիվներիցս գտա նոթատետրս,որի մեջ գրանցում էի բոլոր կայքերիս մուտքանունն ու գաղտնաբառը: Մի խոսքով մեծ երեխա լինելն էլ իր հաճույքներն ունի: Հերթական սոցկայքերի,հաճախ այցելած կայքերի մեջ գտա մի կայք,որը իր տեսակով հետաքրքիր մի բան է:Այդ կայքում դու ունենում ես քո էջը,որտեղ մարդիկ ազատորեն կարողանում են  հարցեր ուղղել քեզ,ու ստանալով կամ չստանալով իրենց հարցի պատասխանը,բավարարվում են եղածով:Դե պատկերացրեք, բանակից հետո ես մուտք չէի գործել իմ ոչ մի սոցկայք,ու տվյալ կայքում հարցերի ինչ մեծ կուտակում էր առաջ եկել:Բայց ես,ի զարմանս ինձ,սկսեցի ոչ թե պատասխանել դրանց,այլ ընթերցեցի նախորդ պատասխաններս:Ու այստեղ էր,որ ամեն ինչ սկսվեց՝ կախված իմ այս պատմության հետ:Ինձ ուղղված հարցերի մեջ գտա մի հարց. «Վախենում եքոր այս կյանքում չհասցնեք ի՞նչ անել »: Պատասխանս կտրուկ էր՝ԱՊՐԵԼ: Ու հանկարծ հիշեցի, թե ինչու եմ նման հարցին տվել այդ պատասխանը: 
Առաջ էր`շատ տարիներ առաջ`80-ականների վերջը,երբ ոչ այն է` հասկանում էիր ապրում ես, ոչ այն է` գիտես պետություն կա, որի քաղաքացին ես կամ առավելագույն դեպքում, որի թշնամին ես, ոչ էլ հասկանում էիր ,թե ինչ է լինելու ապագայում:Ես այն ժամանակ դեռ փոքր էի ու այսօրվա պես լավ եմ հիշում՝ կյանքիս գլխավոր նպատակն էր մի կտոր հացը մուրաբայով՝օրը մի քանի անգամ: Երեխա լինելու առավելություններից մեկն էլ այն է,որ դու թքած ունես, թե ինչ է կատարվում շուրջդ,դու ուղղակի ապրում ես,քանի որ ուղեղդ դեռևս չի ընկալում շրջապատի ամբողջ աղտեղությունը ու դժբախտությունը:
Այսպիսով՝ չեմ ուզում շատ ծավալվել մանկական հուշերովս,բայց մի բան պարտավոր եմ ասել:Ինձ նման չլսող երեխաներ երևի թե շատ քիչ են եղել աշխարհում:Ցանկացած արգելք ինձ համար ոչինչ էր,ընդհակառակը,եթե արգելվում էր որևէ բան,ապա ես ուղղակի պարտավոր էի համարում անել հակառակը:Ավելի ուշ գիտակցեցի,իմացա,որ այդպես եղել է դեռ Ադամի ժամանակներից՝արգելված պտուղը միշտ էլ ավելի համեղ է:
Իմ կարևորագույն արգելքներից մեկն էլ մեր հարևան Արծրուն պապի հետ չշփվելն էր:Թե ինչու,այն ժամանակ չէի էլ հասկանում:Ուղղակի մի բան պարզ էր.տարիքակիցներս իրենց տներից լսել էին,որ նա գիժ է,ու այդ պիտակը անվերջ հոլովվում էր բոլորի բերաններում: Բայց ինչ որ բան ինձ ձգում էր դեպի Արծրուն պապը՝իհարկե, բացի արգելված տուղը համտեսելու այդ անսանձ ցանկությունը:Ամեն օր բոլորից գաղտնի ես բարձրանում էի երրորդ հարկ՝ այցելելու Արծուն պապին:Նա միայնակ էր ապրում,ոչ ոքի չուներ,հետո ինչպես ինքը մեր վերջին խոսակցության ժամանակ ինձ պատմեց, չէր ամուսնացել,անգամ արտամուսնական կապերից նրան բախտ չէր վիճակվել  զավակ ունենալ: Ու այսպես ապրում էր Արծրուն պապը՝ բոլորի կողից մերժված և, եթե անկեղծ լինենք ,իսկապես՝ փոքր ինչ էլ ցնորված:
 Արդեն բավականին ժամանակ էր, ինչ շփվում էի «նոր ընկերոջս» հետ,ու  արդեն հասցրել էի ընդամենը իմ մի քանի գիտակից տարիներից բամազան պատմություններ քանիցս կրկնել,չնայած որ դրանց մի մասը փչոցներ էին:Իսկ նա շարունակ լում էր:Այդքան ժամանակ ոչ մի անգամ չէր խոսել իրենից,իսկ երբ հանկարծ խնդրում էի իր կյանքից էլ որևէ բան պատմի,նա թափ էր տալիս ձեռքն ու ասումԻ՞նչ կարող է պատմել իր մասին ես-ը կորցրած մարդը»: Ու ես շվարած նայում էի նրան:Թե ինչ էր ես-ը,ես դեռ փոքր էի գիտակցելու համար,բայց որ ամեն անգամ այդ ասելուց հետո նրա աչքերում ինչ- որ թախծի գիծ էր գծագրվում,դա նկատել ի զորու էի: Ընդհանրապես երեխաները զգայուն են ամեն տեսակ պահվածքի նկատմամբ: 
Հետզհետե տեսնում էի,որ  Արծրուն պապի առողջությունը գնալով վատանում է, սակայն նա դրանից երբեք չէր բողոքում, անգամ եթե այդ պահին ծայրահեղ ծանր վիճակում էլ էր:Մի օր էլ իմ սովորական այցելություններից մեկի ժամանակ կատարվեց այն, ինչին այդքան սպասել էի:
-Դու դեռ ուզու՞մ ես լսել իմ կյանքի պատմությունը,-երեսի ոսկորները դուրս ցցված,աչքերում մահը թաքցնելով՝ դիմեց նա ինձ:
-Իհարկե,-որքան էլ անսպասելի էր հարցը,բայց շեշտակի հնչեց իմ պատասխանը:
-Դե ուրեմեն ,կարծում եմ, ժամանակն է,որ պատմեմ ինչ- որ մեկին:
  Քիչ է ասել, թե մանկական հետաքրքրությունս ինչպիսի բավականություն ստանալու շեմին էր այդ պահին: Այդքան ժամանակ թախանձելուց հետո հանկարծ նոր ընկերս ինքն էր որոշել պատմել իր մասին ամեն ինչ:
-Տղա՛ս,ուշադիր լսիր ինձ:Հիմա փոքր ես,շատ բաներ կարող են քեզ համար անհասկանալի լինել,շատ բաներ ուղղակի լսիր ու հիշիր,և հետո, երբ կգա ժամանկակը, դու դրանք ոչ միայն լսած կլինես, այլև կըմբռնես իմաստը:
Ինչպես տեսնում ես, ես ընտանիք չունեմ,քո պես քույր- եղբայրներ չունեմ:Միակ հաազատներս ծնողներս էին,նրանք էլ մահացան,երբ իրենց ժամն էլ եկավ,-հետո կարծես հիշելով ,որ խոսում է փոքր երեխայի հետ,ավելացրեց,-դե գիտե՞ս չէ՝ մահանալ ինչ է:Երբ մեզնից հեռանում են մեր սիրելիները,նրանք գնում են հեռու- հեռու,մի բարի պապիկի մոտ:Գիտե՞ս,նա երկնքում է ապրում:Ու թեկուզ մեր սիրելիներին մենք այլևս չենք տեսնում,բայց նրանք Վերևի Պապիկի մոտ լավ կյանքով են ապրում ու վերևից հետևում են մեզ ու մեր արարքներին:Ադպես էլ իմ ծնողները.նրանք գնացին բնակվելու Վերևի Պապիկի մոտ:
-Իմ ծնողնե՞րն էլ են գնալու,-երեխայորեն հարցրի ես:
-Դեռ վաղ է տղաս,դեռ վաղ է:Մի՛ մտածիր այդ մասին:
Այսպիսով՝ես մնացի մենակ: Ամեն ինչ շատ հասարակ էր իմ կյանքում:Աշխատում էի,սովորում, փորձում հոգալ իմ ծախսերը,ու ապագայի համար մեծ պլաններ էի կազմում:
Մի օր էլ աշխատանքից տուն էի գալիս,երբ պատահեց այն դեպքը,որը իմ հասարակ, միապաղաղ կյանքը անվերջանալի դեգերումների ու ապրումների վերածեց: Մնացել էր ընդամենը մեկ կանգառի չափ տարածք,որ պետք է հասնեի իմ բնակարան,երբ հանկարծ թիկունքումս ինչ- որ թրմփոց լսեցի:Թրմփոցին անմիջապես հաջորդեց մարդային ձայների խառնիխուռն տարափը,ու ես շրջվեցի՝անկախ իմ ցանկությունից: Գետնին պառկած էր իմ տարիքի մի երիտասարդ աղջիկ: Նա դժվար էր շնչում:Նրա գլուխը….
  Հստակ հիշում եմ, թե ինչպես Արծրուն պապը այդ խոսքերի վրա դադար տվեց:Այն ժամանակ չհասկացա, թե ինչ էր ուզում ասել,իսկ նա չշարունակեց էլ,բայց այժմ հասկանում եմ,թե ինչ սարսափելի նկարագիր էր տալու,սակայն հանկարծ հիշեց երևի, թե ինչ տարիքի երեխայի առաջ է իր սիրտը բացել:Ապա որոշակի դադարից հետո նա շարունակեց:Նրա ձայնը մինչև օրս հնչում է ակնջներումս՝ասես ականջակալները ականջիս դրած,ձայնը մինչև վերջին սանդղակը բարձացրած լսելիս լինեմ նրա պատմությունը.
-Գիտե՞ս,որդի՛ս ,այդ աղջիկը սահմանված ժամանակից շուտ ուզում էր գնալ Վերևի Պապիկի մոտ:Գուցե նա կարոտել էր իր ծնողներին ,գուցե ուղղակի վերևի կյանքն էր երազում,այդպես էլ չիմացա,քանի որ մի երկու րոպեցի նա արդեն Վերևում էր:
Տուն հասնելուն պես տաք լոգանք ընդունեցի, ու չնայած ջուրը համարյա եռման էր,բայց ես մրսում էի:Ոսկորներս անբնական հուզմունքից դիպչում էին իրար ու զնգզնգում:Ատամներս իրենց բնական ամրոցային դիրքից շեղվել էին ու կարծես ռմբակոծվելիս լինեի,այդպես նրանց` իրար բախվելը սարսափելի ձայն էր հանում:
Ողջ գիշեր աչք չփակեցի:Մտածմունքներս ինչով էլ շեղեի ,մեկ է, վերադառնում էին այդ աղջկան:Սարսափում էի,երբ փակելով աչքերս նրան էի տեսնում՝ գետնին պառկած:
Օրերը անցնում էին, իսկ այդ աղջիկը իր սառած հայցքով դարձել էր իմ գիշերային ընկերը:Մղձավանձի նման ճիշտ նույն պահին հենց փակում էի աչքերս հայտնվում էր նա: Սկսեցի հետաքրքրվել երազներով:Դիմեցի շատ հոգեբանների, տարբեր մասնագետների ու նրանցից ստացա միայն մի խելամիտ դատողություն: Նրանք ասում էի,որ երազում մարդ շարունակում է մտածել ու տեսնել այն ամենը,ինչը նրան հետապնդում է նաև ողջ օրը: Ու ես իսկապես հասկացա, որ այդ աղջիկը ինձ հետ էր ոչ միայն գիշերային մղձավանջներումս, այլև ողջ օրը:
 Մի օր սովորականի պես վերադարձա տուն,ավարտեցի գործերս ու պառկեցի քնելու՝ նախապես համոզված լինելով, որ նա նորից այցելելու է  ինձ իմ երազներում: Այս մտքերով էլ տարված նինջ եկավ աչքերիս:Ու հայտնվեց նա՝գիշերային ուղեկցուհիս:Հանկարծ մեկնելով ինձ ձեռքը ու ցուցամատը պահելով ուղիղ ինձ վրա՝ նա սկսեց խոսել:Ավելի ճիշտ նա չէր խոսում, նրա շրթունքները չէին շարժվում ,բայց ես լսում էին նրա անվերջ հնչող ձայնը:Այն ինձ հրամայում էր կանխել նմանատիպ դեպքերը,ինչը տեղի ունեցավ իր հետ: Ու խոստանում էր այլևս հանգիստ թողնել ինձ, եթե ես խոստանամ ,որ ամեն ինչ կանեմ՝ կատարելու նրա պահանջը: Նրան ի պատասխան հնչեց իմ երդումը:Բայց երդվում եմ,ես էլ չէի խոսում,իմ բերանը փակ էր մնացել,բայց ես հստակորեն լսում էի իմ ձայնը:Ձայնս դողում էր ու անվստահորեն երդում էր տալիս,իսկ ես վախից էի դողում:Հանկարծ գիշերվա կեսին արթնացաա քնիցս ՝ամբողջովին քրտինքի մեջ կորած,մարմովս տենդի պես մի ալիք էր իջնում ու  բարձրանում : Քրտինքը սկսեց պաղել մաշկիս վրա ու ես մեքենայաբար վրայիցս դեն շպրտեցի գիշերազգեստս,նորից փաթաթվեցի վերմակիս մեջ ու շարունակեցի մտածել քիչ առաջ տեսածիս մասին:Արդեն լուսանում էր բայց ուղեղս ոչ մի կերպ ցանկություն չուներ վաստակած հանգստի անցնելու: Իհարկե քունն այնպիսի բան է,որ որքան էլ դիմադրես ,մեկ է,հաղթողը նա է ճանաչվում:Ու այդպես քնեցի ես էլ,քնեցի կյանքումս միակ անգամ մինչև կեսօր:
Հետևյալ օրվանից հետո ինձ աշխատավայրում ոչ ոք չտեսավ:Տանս հեռախոսը անընդհատ զանգում էր,իսկ իմ պատասխանը այդպես էլ ոչ ոք չլսեց:Բոլորը անհանգստացած էին,գործընկերներիցս ոմանք անձամբ եկան ինձ տեսնելու,սակայն ոչ ոքի առաջ դուռը չէի բացում: Անգամ քանի օրվա բացակայությունիցս անհանգստացած՝ ինձ մոտ եկավ միակ կինը ում սիրել եմ ողջ կյանքում և ում հետ պատրաստվում էի ամուսնանալ: Բայց անգամ նրա առաջ դուռը չբացեցի, միայն դռան հետևից խնդրեցի,որ հանգիստ թողնի ինձ,մոռանա ու դասավորի իր կյանքը առանց հետ նայելու: Սարսափելի դժվար էր դռան հետևից լսել նրա լացի ձայնը ու անտարբեր ձևանալ,խնդրել մի բան, որը ինքս չէի ուզում: Այն ժամանակ ինձ թվում էր,թե խելագարվել եմ կամ համենայն դեպս դրա ճանապարհին եմ,ու ամենաբարվոքը համարում էի բոլոր հարազատներիս ինձնից հեռու վանելը,որ նրանք, տեսնելով ինձ այսպես, չվախենան կամ չմտահոգվեն իմ մասին:
Ես մնացի մենակԱրդեն աղջիկն էլ չէր երևում երազներումս,բայց հիմա էլ, երբ փակում էի աչքերս ու քնում,երազում միայն իմ ձայնն էի լսում՝ երդվում եմ,երդվում եմ
Գնալով երազները ավելի շոշափելի էին դառնում,ավելի իրական ու ես(երևի իրոք գժվել էի) որոշեցի կատարել երդումս,որ տվել էի երազումս :
Այդ որոշումից հետո կյանքս լրիվ փոխվեց:Օրերով թափառում էի հիվանդանոցներով, կամուրջների մոտով: Օրերից Ինքս էլ երևի չէի գիտակցում քայլիս իմաստը,երբ հանկարծ մի օր կամուրջի մոտ տեսա մի պատանում:Երևի կլիներ մոտ 17-18 տարեկան: Նա փորձում էր իրեն ցած նետել կամրջից:
  Այդ պահին նա նայեց ինձ վրա ու տեսնելով լսածիցս լայն բացված աչքերս՝ վրա բերեց.
-Դե ուզում էր Վերևի Պապիկի մոտ գնալ,-ապա մեղմ ժպտաց ի պատասախն իմ թեթևացած շունչ քաշելուն ու շարունակեց:-Ես զգուշորեն մոտեցա նրան,երկար-երկար խոսեցի նրա հետ,ասացի, որ դեռ վաղ է Վերև գնալու համար,հանգստացրի նրան,ձեռք բերեցի նրա վստահությունը,ու նա որոշեց ,որ ժամանակը չէր կյանքը լքելու համար:Նա խոստացավ պայքարել:Ես նրան զգուշորեն հետ տարա կամրջից,առաջարկեցի ուղեկցել:Նա հրաժարվեց,ու ամեն մեկս թեքվեցինք մեր ճանապարհի ուղղությամբ:Հետևիցս անսպասելիորեն լսեցի նրա ձայնը.
-Ինչու՞:
-Ի՞նչը ինչու,-հարցին հարցով պատասխանեցի ես:
-Ինչու՞ սա արեցիք ինձ համար,չէ որ կարող էիք շատերի նման ուղղակի անցնել մոտերքով ու անգամ չնայել վրաս:Ինչու՞ որոշեցիք օգնել:
-Չգիտեմ,-ասացի ես ու չսպասելով նրա հաջորդ հարցին՝ թեքվեցի ու շարունակեցի ճանապարհս:Ու ամբողջ տունդարձի ճանապարհին ուղեղումս հնչում էր այդ ինչու-ն:Իսկ պատասխանը սրտիս բաբախյունն էր:Երբ փրկած ես լինում մեկի կյանքը,երբ մեկին երկրորդ կյանքի հնարավորություն ես տալիս,քեզ Աստված ես զգում:Այդ ժամանակ զգացողությունս այդպիսին էր:
Օրեր ու տարիներ շարունակ նույնը արեցի շատ շատերի համար՝երիտասարդի,
օրիորդի, տարեցի: Շատերին հնարավորություն տվեցի վերակառուցել իրենց ապագան: Ու ամեն անգամ նրանց Ինչու-ին այդպես էլ չպատասխանեցի,բայց սիրտս հո պատասխանը զգում էր: 
Մարդկանց փրկելը ամենակարևորը դարձավ իմ կյանքում, կախվածության մեջ գցեց ինձ: Օգնելով նրանց ինքս իմ աչքում բարձրանում էի,ու դա մի տեսակ թմրանյութի նման էր՝ինքնավստահության թմրանյութի: Այսպես անցան կյանքիս մնացյալ տարիները,մինչև որ 5 տարի առաջ բժիշկները չախտորոշեցին ինձ քաղցկեղ: Արդեն չէի կարողանում արագ քայլել ու քիչ քիչ սկսեցի դադարեցնել իմ ամենօրյա զբոսանքները ու նոր՝ փրկության կարիք ունեցողների որոնումները: Ու արդեն 5 տարի է գամված եմ այս անկողնուն,-ցույց տալով իր չհավաքված անկողինը՝ ասաց նա,-կամ էլ այս աթոռին: Ու այս հինգ տարում ես սպասել եմ:
-ԻՆչի՞ն,-հարցրի ես:
-Է՜, տղա՛ս, ես էլ չգիտեմ ինչին կամ ում: Ինձ թվում էր,թե ում փրկել եմ տվել կյանքի երկրորդ հնարավորություն պարտավոր են ինձ: Ինձ թվում էր,թե նրանցից յուրաքանչյուրը հարազտացել է ինձ ու որ կսկսեն իրենց թակոցներով դուռս կոտրել,հետաքրքրվել ինձնով, առաողջությամբս, կողքս կլինեն, կօգնեն՝ ինչով հնարավոր է: Աստված  լինելու գաղափարը ,ուրիշին փրկելու անվերջանալի ձգտումը ինձնից վանեց ինձ՝իմ Ես-ը:Ու հիմա երբ մտածում եմ,հասկանում եմ, որ ես իմ Ես-ը կորցրի կամրջի այն երիտասարդին փրկելով:Ես ապրեցի բոլորի համար,բայց ոչ ինձ: Ու մինչև հիմա էլ սպասում եմ,որ նրանցից ինչ որ մեկը կթակի դուռը,կգա ներս ու կլցնի այս խղճուկ սենյակը իմ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ:
Դե տղաս,ահա իմ կյանքի ողջ պատմությունը:Հիմա գնալուդ ժամանակն է: Ծնողներդ կանհանգստանան:Բայց հիշի՛ր:Մի՛ մտածիր ուրիշների մասին,բացի հարազատներիցդ,շրջանցի՛ր բոլորին,հետևողական եղիր նպատակներիդ ու ցանկություններիդ,միշտ հիշիր խոսքս, տղա՛ս:Մարդիկ անշնորհակալ են, նրանց պետք է միայն օգտագործել: Դու նրանց կարող ես անգամ կյանք շնորհելանվերադարձ նրանց տալ քեզ ու քո ԵՍ-ը, բայց նրանք դա երբեք չեն գնահատի:Իսկ հիմա գնա ու խոստացիր այլևս չբարձրանալ իմ տուն: Քեզ տեսնելով՝ ես կվերապրեմ իմ կորուստը:Գնա ու կյանքդ ճիշտ կառուցիր:
  Իհարկե ես գրեթե ոչինչ չէի հասկացել պատմությունից ու մանավանդ վերջաբանից ու Արծրուն պապի խորհուրդներից ,բայց մի բան կար, որ ասում էր՝լավ մտապահիր նրա ասածները,երբեք մոռացության չմատնես:Ու ես մտապահեցի:
  Մի քանի օր շարունակ, հակառակ սրտիս ցանկության, պահեցի խոստումս ու չբարձրացա Արծրուն պապի մոտ:Անցել էր գրեթե մեկ շաբաթ, երբ մի օր դրսից տուն վազեցի ամբողջովին քրտնաթոր: Ուզում էի գոռալ,որ ինձ նոր հանգուստ տան,երբ հանկարծ, ոստիկանական համազգեստ հագած մեկին տեսնելով,գամվեցի տեղումս.
-Այո՛,այսօր առավոտյան նրան գտել են կամրջի տակ:Ու հիմա մեզ պետք է իմանալ, թե նա հարազատներ ուներ և, եթե այո, նաև գտնել նրանց:
-Դե ինչքան ժամանակ է ապրելով նույն մուտքում, մենք չենք տեսել նրան այցելող ինչ -որ մեկին:Դա կփաստեն բոլորը,-լսեցի հորս ձայնը:
-Լավ պարո՛ն,շնորհակալություն:Հաջողություն:
Ապա դուրս եկավ տնից:Ես զարմացած նայում էի հորս աչքերին ու սպասում նրանից բացատության: Տեսնելով, որ մտադրություն անգամ չունի բան ասելու,հարցրի.
-Պա՞պ, այդ ու՞մ են գտել կամրջի տակ.
-Արծրուն պապին ,տղա՛ս,հիշու՞մ ես ՝ նա վերևի հարկում էր ապրում:
-Բայց ինչու՞ նրան ոչ ոք……,-միտքս կիսատ թողեցի՝ հիշելով,որ խոստացել էի լռել նրա պատմածների մասին:
-Ոչինչ տղաս, նա հիմա լավ տեղում է, մի՛ մտահոգվիր,-փորձեց ծանր տպավորությունը ցրել հայրս:
-Գիտեմ պապ, նա հիմա Վերևի Պապիկի մոտ է,-իսկ մտքումս ավելացրի՝նա կարոտել էր իր ծնողներին:
  Հայրս ժպտաց,կարծես՝ նրան ազատած լինեի մի մեծ բեռից՝բացատրություններ տալուց:

Գլուխս ծանր-ծանր բարձացրի համակարգչի վրայից ու սթափվեցի:Արդեն քանի ժամ էր անցել,ինչ տարվել էի հիշողություններով:Արագ անջատեցի համակարգիչը,հանեցի զգեստներս ու պառկեցի անկողնումս:Մտքերս դեռ չէին կտրվել անցյալից ու կարծես ցանկություն էլ չունեին:Ականջումս հեռավոր անցյալից հնչում էր Արծրուն պապի ձայնը՝ «Մարդիկ անշնորհակալ եմ, նրանց պետք է միայն օգտագործել»: Ճիշտ է, չհետևեցի այդ խորհրդին,բայց նաև չանսացի մյուս խորհուրդը՝ «Մի՛ մտածիր ուրիշների մասին, բացի հարազատներիցդ, շրջանցիր բոլորին, հետևողական եղիր նպատակներիդ ու ցանկություններիդ»: Այո,ես գնացի իմ երազանքների հետևից,հասա իմ նպատակներին,շրջանցեցի բոլորին՝պինդ կառչելով  միայն ամենահարզատներից: Ու ես հիմա գոհ եմ իմ կյանքից, չէ որ ես մեկն եմ,ով ունի իր երազած ընտանիքը,ում բախտ է վիճակվել հայրություն անել իր երկու զավակներին,ում ընդհանրապես բախտ է վիճակվել զավակ ունենալ,ու որ ամենակարևորն է,ես մեկն եմ , ով չկորցրեց իր ԵՍ-ը:


















Комментариев нет: