2014-03-29

Զգում եմ քեզ այնպես...

Զգում եմ քեզ այնպես,
Ոնց զգում են մահը մոտալուտ:
Զգում եմ, որ մոտիկ ես,
Բայց սարսափում եմ գալուցդ:

Քեզ առողջ եմ ուզում ունենալ,
Ոչ այսպես` մահճի մեջ:
Գարնան պես ուզում եմ արթնանալ,
Չդալկանալ աշնան մեջ...

Իսկ դու աշուն ես երգում,
Անառողջ հոգի ու պարփակ,
Իմ հիվանդոտ սրտի խորքերում
Թաղելով իղձեր անկատար:

Անձրև ես տեղում հուր սրտիս,
Լալիս եմ հանգած մոխրի պես.
Գարունն ես մաշում երազիս
Ու ես հատնում եմ այդպես...

* * *

Ինչպե՜ս…
Անբռնաբարելի մի անկեղծություն
Դու կաս հավետ,
Բայց իմը չես…

Ուրիշն է քեզ զգում
Ափերով իր տարփոտ…
Ուրիշինն է մարմինդ բաց:
Ու ի՞նչ փույթ,
Թե հպումն է վանող…

Ու պարզ է դառնում,
Որ անկեղծությունն էլ
Ինքը մի տեսակ շրջված կեղծիք է՝
Բռնաբարելի կեղծավորություն:

Կուզեմ քեզ ունենալ գրկիս մեջ
Զգեստը հագիդ,
Բայց բաց…
Ինչպե՜ս…
Անբռնաբարելի անկեղծությունը:

Դու կայիր

Դու կայիր աչքերումս,
Դաղված էիր սրտիս տակ,
Իսկ շունչդ հևացող 
Հանդարտ քամու պես
Շաչում էր ծոծրակիս:

Կաղում էի ուրախության Վայրիվերումներից.
Չէ որ դու կայի՜ր,
Աչքերումս էիր,
Ափիս մեջ հլու`
Դրված էր սիրտդ...
Այլ չէիր փախչելու...

Կաղում էր անընդհատ 
Օդի մեջ անհարթ
Խենթ սուլոցի պես
Սրտիցս եկող
Այս հևքը հանդարտ...

Դու կայիր,ի՛մ ուրու...
Իմն էր սիրտը քո,
Այլ չէիր փախչելու..

* * *

Մատներիդ հպումից թեթև
Դողում եմ.
(քամի ես դու):
Ժպիտիդ լոկ ցոլքից անբռնազբոս
Ջերմանում եմ.
(արեգակ ես դու):

Ու այսպես` արևային-քամոտ
Քո էությամբ
Եռում-պաղում եմ ես,
Ասես հիվանդը ախտահար,
Որ ջերմում է քնի մեջ:

Իսկ ես հիվա՞նդ,
Այո', քեզնով,
Ու դու իմ ա՞խտ,
Այո', բարով...

Մատներիդ ծայրից հուր է կաթում՝
Շիթ առ շիթ,
Իսկ ես' ախտահարս,
Դողում եմ հպումիցդ.
Իսկ ես` արևի կարոտս,
Լոկ ջերմանում եմ ժպիտիդ մեջ...

Ո՞ւր ես: Արի',
Իմ բուժիչ ախտ,
Ես կարոտ եմ քո պաղ տաքությանը...

Աչքերիդ մեջ...


Աստղածոր,
Աստղափայլ,
Աստղամեխ աչքերումդ
Երեկ լուռ սեր էի կարդում:
Աչքերիդ նորատիպ գրքում
Էջերը անունովս էին կնքված:



Ու ես այդպես' էջ առ էջ,
Դանդաղ հանդարտությամբ,
Համառությամբ
Թերթում էի էջերը`
Անունիս դրոշմը կրող`
Ամեն էջի հետ պայքարող,
Փայլող,
Մերթընդմերթ սառչող,
Բայց նոր վերստին
Աստղային դարձող
Սիրուդ հմայիչ վկայումները
Անհագ կարդալով:

Երկնային թեթևություն

Էսօր կյանքը մի տեսակ...
Թեթև է.
Չարածիս վրա անհագ
Ծիծաղում,
Իսկ արածիցս՝ ես անչափ
Գոհ եմ...

Կյանքը էսօր ինձ թույլ է տվել
Հեռանալ պատերից,
Սողոսկել երկինք...
Իսկ հիմա օդերում այնպես...
Այնպես... Թե՜թև է,
Որ ես խղճում եմ ձեզ՝ներքևներիդ:

Կյանքը էսօր չտեսնված է,
Ու թե սխալ եմ հակադարձեք ինձ..
Միայն թե ապրեք գեթ մեկ օր,
Գեթ պահ
Իմ կյանքով էն հին,
Որ կիպ-կպած էր
Սառը պատերին: