2017-07-19

Ռեյ Բրեդբըրի «Ես ունեմ, դու՝ ոչ»

Էգգի-Լուն առավոտից անհամբեր սպասում էր Կլարիսին, որը երկար դասամիջոցին գալու էր տուն՝ ընդմիջման: Կլարիսը տասը տարեկան, զույգ հյուսքերով աղջիկ էր, որն ապրում էր հարևանությամբ: Նրա և Էգգիի միջև կար ակնհայտ հակամարտություն:
Էգգին մարմնի կեսը շողարձակող պատուհանից դուրս գցելով ձայն տվեց.
-
Կլարի՜ս,  այստեղ արի:
-Դու ինչու՞ դպրոցում չէիր: -Բացականչեց Կլարիսը, ցնցվելով այն մտքից, որ իր գլխավոր հակառակորդը դիտավորյալ անկողին է ընկել, որպեսզի խուսափի դպրոց գնալուց, որն, ի դեպ, փայլուն կերպով հաջողվել էր նրան:
-
Արի՝ կիմանաս,- կրկնեց Էգգի-Լուն՝  հետ ցատկելով անկողնու մեջ:
Դասագրքերի կապոցը մի ձեռքում պահելով՝ Կլարիսն աստիճաններով արագ բարձրացավ:
Էգգի-Լուն կրկին պառկած էր, աչքերը փակ և ինգնագոհ.
-Ես մի բան ունեմ, որը դու չունես,- հայտարարեց նա:
-Ի՞նչ,- կասկածամտորեն հարցրեց Կլարիսը:
-Կուզեմ՝ կասեմ, չեմ ուզի՝ չեմ ասի,- ծուլորեն պատասխանեց Էգգին:
-Ես գնում եմ տուն՝ հաց ուտելու,-  սադրանքին չենթարկվելով՝ ասաց Կլարիսը:
-Այդ դեպքում դու երբեք չես իմանա, թե ես ինչ ունեմ,- ասաց Էգգի-Լուն:
-Լավ: Ի՞նչ ունես,- զայրացած ասաց Կլարիսը:
-Ցուպիկներ,- հպարտ հայտարարեց Էգգի-Լուն:
Կլարիսն հոնքերն իրար խփեց,- Ի՞նչ:
-Ցուպիկներ, միկրոբներ, մանրէներ:
-Վը՛խք,-գրքերի կապոցը գետնին դրեց Կլարիսը,- բոլորն էլ մանրէներ ունեն: Ես էլ մանրէներ ունեմ: Ահա, համոզվի՛ր,- և նա պարզեց տասը մատները, որոնք բոլորն էլ հավասարաչափ կեղտոտ էին:
-Սրանք արտաքին են,- վիճեց Էգգի-Լուն:- Իմ մանրէները ներքին են, արի դա էլ հաշվի առնենք:
-Ներքի՞ն,- Կլարիսը վերջնականապես զարմացած էր:
-Հայրիկն ասաց՝ նրանք շարժվում են իմ ամբողջ մարմնով մեկ: Նա զվարճացած ժպտաց, երբ ասաց դա: Այդպես արեց նաև բժիշկը: Նրանք ասացին, որ իմ թոքերի մեջ ամբողջությամբ դրանք են և կանոնավոր ուտում են թոքերս:
Սևահյուսք վհուկի նման Կլարիսը նայեց Էգգի-Լուին, որն իր առջև օսլայած սպիտակեղենի վրա պառկած էր՝ ասես մի սուրբ:
-Պահո՜:
-
Բժիշկը անալիզ էր վերցրել, դրել էր այն մի ինչ-որ տեսնող բանի տակ, և նրանք վազել էին նրա աչքերի տակ այնպես, ինչպես գողեր և ոստիկաններ խաղում:
Կլարիսը նստեց:Նրա դեմքը միաժամանակ և՛ գունատ էր, և՛ կարմրած: Առանձնապես դժվար չէր նկատելը, որ Էգգի-Լուի հաղթանակը միանգամից խառնեց նրա ներքին հանդարտությունը: Էգգի-Լուի այս հաղթանակը շատ ավելի մեծ էր, քան Կլարիսի նախորդ շաբաթվա Մոնարխ թիթեռի վայրենի աղաղակով բռնելը և Էգգի-Լուին նախատելը:Այս հաղթանակն անգամ համահավասար էր Կլարիսի բազմածալ, նուրբ վարդագույն վարդերով ու ժապավեններով տոնազգեստին:Դա անգամ ավելի վեր էր Կլարիսի Պիտեր հորեղբորից, որն ատամների արանքից թքում էր դարչնագույն թուք և ուներ մեկ փայտյա ոտք:Մանրէներ...Իրական մանրէներ... ներքի՜ն...
-Դրա համար էլ,- ասաց Էգգի-Լուն, իր հաղթանակը ափսոսալից մեղմությամբ  ղեկավարելով,- ես այլևս դպրոց չեմ գալու ու թվաբանություն ու այլ առարկաներ չեմ անելու։
Կլարիսը հաղթված նստած էր:
-Եվ սա ամենը չէ,-ասաց Էգգին, ամենամեծ հաղթաթուղթը վերջում թողած:
-Էլ ի՞նչ,- կոպտորեն պատասխանեց Կլարիսը:
Էգգի-Լուն հանգիստ նայեց իր ողջ սենյակին և շարժվեց հետ դեպի վերմակի ջերմություն: Հետո նա ասաց. «Ես մեռնելու եմ»:
Կլարիսը, հյուսքերն առաջ գցելով, վեր թռավ աթոռից:
-Ի՞նչ:
-
Այո՛: Ես մեռնելու եմ:- Էգգի-Լուն ծանրակշիռ ժպտաց:- Պատկերացնու՞մ ես:
-Ո՛չ, Էգգի-Լու, դու ստում ես: Դու կեղտոտ խաբեբա ես:
-Ես ճիշտ եմ ասում:Դու կարող ես հարցնել մայրիկին, հայրիկին կամ բժիշկ Նելսոնին: Նրանք էլ կասեն, որ ես մեռնում եմ: Եւ ես կունենամ աշխարհի ամենագեղեցիկ դագաղը :Հայրիկն է այդպես ասել: Դու կարող ես տեսնել հայրիկին, երբ նա գալիս է ինձ հետ խոսելու: Երբեմն նա գալիս է ուշ գիշերին, նստում քո նստած տեղը և բռնում ձեռքս: Ես միայն նրա աչքերն եմ կարողնում լավ տեսնել: Նրանք ուրախ են: Նա շատ բաներ է ասում: Նա ասում է, որ իմ դագաղը կլինի ոսկեպատ, ներսը ատլասից ու նրա մեջ տիկնկների տուն էլ է լինելու: Նա ասում է, որ ես շատ տիկնիկներ եմ ունենալու: Նա ասում է, որ առանձին հողակտոր է գնելու՝ իմ տիկնիկների տան համար, որտեղ միայն ես իմ տիկնիկների հետ կղաղամ,բա՜: Դա կլինի մի բարձր վայրում, որտեղ ես կկարողանամ նայել ողջ աշխարհին, հայրիկը դա էլ ասաց:Ես կխաղամ իմ տիկնիկներով ու հրաշալի տեսք կունենամ: Ես կունենամ քո կանաչ զգեստից, Մոնարխ թիթեռից և ավելի լավը, քան քո Պիտեր հորեղբայրն է՝ ես կունենամ իմ Սուրբ Պետրոսը:
Կլարիսի դեմքը լարված էր՝ վրան խանդ ու զայրույթ դաջված: Արցունքները քարացել էին նրա այտերին: Նա ինքնաբերաբար վեր թռավ տեղից և նայեց Էգգի-Լուին:
Հետո, ակնհայտ կեղծավորությամբ, պտտվեց ու դուրս եկավ սենյակից, աստիճաններով ցած՝ դեպի գարնանային օրը վազեց տան շրջապատի սիզամարգով ՝ երկարացնելով ճանապարհը:
Մինչ Կլարիսը զանգեց դուռը, խոհանոցից նրան շրջապատեցին համեղ բույրեր:Կլարիսի մայրիկը խնձոր էր կտրտում և դրանք դասավորում անագե ամանի մեջ, երբ Կլարիսը կրկին բախվեց դռան հետ:
-Պա՜հ, չեմ էլ մտածում,-միամիտ ասաց աղջնակը, սահելով իր համար պատրաստած ճաշասեղանի կողքի վարդագույն աթոռի վրա:- Էդ ջադու Էգգի-Լուն
Մայրը նայեց նրան. «Նորի՞ց: Քանի՞ անգամ քեզ ասեմ»:
-Լա՛վ: Նա մեռնում է ու անկողնու մեջ նստած ծիծաղում է վրաս, ինձ վրաՀիիի՜
Մայրը վայր գցեց ձեռքի դանակը. «Դու դա նորի՞ց ես ասելու, օրիո՛րդ»:
-Նա մեռնում է ու այնտեղ նստած ծիծաղում է վրաս: Մա՜մ, ես ի՞նչ եմ անելու:
-Ինչ ես դու անելու՞:Դրա համա՞ր, թե՞ ինչ,- մայրը շփոթված նստեց: Նրա ձեռքերը դողացին ու գոգնոցի վրայով վար սահեցին:
-Ես պետք է նրան կանգնեցնեմ, մա՛մ: Նա այդպես չի փրկվի:
-Շատ գեղեցիկ քայլ է քո կողմից: Որքա՜ն հոգատար ես:
-Ես ամենևին էլ հոգատար չեմ, մա՛մ։ Ես ատում եմ նրան, ատում եմ, ատում։
-Բայց ես չեմ հասկանում, եթե դու ատում ես նրան, ինչու ես փորձում նրան օգնել։
-Ես չեմ ուզում նրան օգնել։
-Բայց դու ասացիր․․․
-Մամ, դու ինձ չես օգնում,- սկսեց աղիողորմ լացել ու շուրթերը կրծել։
-Ազնվորեն, դուք երեխա եք։ Ի՞նչ դժվար է ձեզնից գլուխ հանելը։Դու ուզում ես Էգգի-Լուին ինչ-որ բան անել, թե՞ ոչ։
-Ուզում եմ։Ես պետք է կանգնեցնեմ նրան։Նա չի կարող անել այդ։ Նա զզվեցրել է իր մանրէներով,- Կլարիսն հարվածեց սեղանին,-Նա դեռ շարունակում է ասել՝ ես ունեմ, դու՝ ոչ։
Նրա մայրը հուզվեց
-Կարծում եմ արդեն սկսում եմ տես-նել։
-Մայրիկ, կարո՞ղ եմ մահանալ։Թող ես առաջինը մեռնեմ։Թո՛ղ դաս տամ նրան, չթողնեմ նա մեռնի։
-Կլարի՜ս,- մայրը հարվող ձվի նման փրփրեց՝ ափերում սեղմելով գոգնոցի փեշը։-Այլևս այդպես չխոսես։ Դու չգիտես՝ ինչ ես ասում։ Ի՛մ աշխարհ, ի՛մ ամեն ինչ։
-
Ինչու՞ չեմ կարող խոսել այս մասին։ Կարծում եմ կարող եմ, եթե Էգգի-Լուն կարող է։ 
-Լա՜վ, նախ, դու ոչինչ չգիտես մահվան մասին։ Դա այն չէ, ինչ՝ դու ես կարծում։
-Այն ինչի՞ նման է։
-Լա՜վ, այն, այն, լավ։Աստված իմ, Կլարիս, ինչ հիմար հարց է։Այն տարօրինակ բան չէ։ Այն լիովին բնական է։ Այո՛, այն բնական բան է։
Կլարիսի մայրը իրեն զգում էր երկու քարի արանքում։ Մի կողմից երեխաներն էին, իրենց չիմացությամբ ու միակողմանիությամբ, մյուս կողմից՝ ինքը՝ իր ամբողջովին սպառված սպասելիքներով, որոնք այդպես էլ անհաս,մութ ու անկատար մնացին,  բերելով իրեն հսկայական դժվարություններով ձեռք բերված փոքրիկ քաղցրություն, որը իր տասնամյա թվագրությամբ շրջապատում է իրեն՝ իր մեղմաձայն ծիծաղով։ Նա մի նուրբ էակ էր։Եւ, ինչպես շատ մայրեր, նա ևս չէր կարող իրականությունը բացել նրա առջև։ Նա միանգամից կփշրեր իր զավակի բոլոր պատրանքները։ Աստված գիտի, թե որքան հեշտ է տեսնել երևույթի միայն դրական կողմը, և փոքր աղջնակները չգիտեն, որ չի կարելի ատել իրար։ Մայրը որքան պարզ էր ուզում բացատրել Կլարիսին, միևնույն է, նա չէր ուզում լսել։ Մայրն ասում էր նրան
-Մահը երկար ու քաղցր քուն է՝ տարբեր գեղեցիկ երազներով։ Այսքանը։
Նա ավելի անհանգստացավ, երբ Կլարիսը բողոքի նոր ալիք բարձրացրեց:
-Սարսափելի է։Ես էլ չեմ կարողանա դպրոցում խոսել երեխաների հետ։ Էգգի-Լուն կծիծաղի վրաս։
Մայրն հանկարծակի ոտքի ելավ
-Անցի՛ր սենյակդ, Կլա՛րիս, և ինձ չզայրացնես։Հարցերդ հետո կտաս, բայց, Աստծո սիրուն, ինձ մենակ թո՛ղ։Եթե Էգգին մահանալու է, ես պետք է անմիջապես հանդիպեմ նրա մայրիկին։
-Դու ինչ-որ բա՞ն ես անելու, որ Էգգի-Լուն չմեռնի։
Մայրն հանկարծ նայեց դստեր դեմքին։Այնտեղ չկային ո՛չ կարեկցանք, ո՛չ ըմբռնում, միայն փայլում էին անտարբերությունը, պարզունակ խանդը և ուզածի ինչ լինելը չիմանալու մանկական զգացումը։
-Այո՛,-տարօրինակ պատասխանեց մայրը։-Մենք կփորձենք Էգգի-Լուին թույլ չտալ մեռնել։
-
Ու՜խ, շնորհակալ եմ, մա՜մ,- հրճվանքից բղավեց Կլարիսը,-Կարծում եմ կարող ենք տեսնել նրան։
Մայրն աչքերը փակ, թեթև ու անորոշ ժպտաց
-
Ես էլ եմ կարծում։

* * * *

Տիկին Շեփարդը թակեց Փարթրիդջների տան դուռը։ Տիկին Փարթրիդջը բացեց ու նրան տեսնելով բացականչեց
-Վա՜յ, Հելեն, ողջու՜յն։
Տիկին Շեփարդին ինչ- որ բան սարսրեցրեց և կանգնեցրեց խոհանոցում։ Նա սկսեց մտահոգվել։ Երբ նա արդեն նստել էր խոհանոցում դրված ճաշասեղանի մոտ, նայեց տիկին Փարթրիդջին ու ասաց
-Ես Էգգի-Լուի մասին չգիտեի։
Արհեստական ժպիտը չքվեց տիկին Փարթրիդջի դեմքից։Նա ևս դանդաղ նստեց։
-Ես չեմ ուզում այդ մասին խոսել։
-Ի՞նչի մասին։
-Նա մի փոքր հիվանդ է։ Բայց ինձ թվում է, մենք մեր երեխաներին սխալ ենք դաստիարակում։Ես կարծում եմ մենք նրանց ոչ ճիշտ բաներ ենք ասում, կամ, առհասարակ, ոչինչ։
-Չեմ հասկանում ի՞նչ ես ասում,-ասաց տիկին Փարթրիդջը։
-Հենց այն, որ Կլարիսը խանդում է Էգգիին։
-Բայց դա այնքան տարօրինակ է։ Նա ինչու՞ պիտի խանդի նրան։
-Դու գիտես, թե ինչպիսին են երեխաները։Երբեմն նրանցից մեկն ինչ-որ բան է ունենում, ինչ-որ լավ կամ վատ բան, որը նրանց թվում է, թե իրենք էլ պիտի ունենան։ Դա նրանց մեջ պատկերվում է միայն ինչ-որ փայլուն ու հրաշալի բանի տեսքով։ Դրա համար էլ մյուսները խանդում են։Նրանք ունեն շատ անհասկանալի մեթոդներ՝ իրենց ուզածին հասնելու համար։Նրանց խանդին աջակցում են նաև տարբեր զենքեր, մինչև անգամ մահը։ Կլարիսը  չի ուզում ընդունել իրականությունը նա ուզում է հիվանդանալ։Նա անում է այն, ինչ մտածում է։Նա իսկապես չգիտի, թե մահն ինչ է։ Նա չպետք է բախվի մահվան հետ։ Աստված օրհնել է մեր ընտանիքը։ Նրա տատն ու պապը, զարմիկները, բոլոր հարազատները ողջ են։ Մեր ընտանիքում ոչ ոք երիտասարդ տարիքում չի մահացել։
Տիկին Փարթրիդջը մտախոհվեց, շրջանցեց Էգգի-Լուի կյանքին վերաբերող հարցը, ասես դրանք լիներ տիկնիկի կյանքի վերաբերյալ։
-Մենք էլ ենք Էգգի- Լուին սնում գեղեցիկ երազներով։Նա այնքան երիտասարդ է և արդեն հիվանդ։Մենք մտածում էինք, որ այդպես նրա համար ավելի հեշտ կլինի, եթե նրա հետ ինչ-որ բան պատահի։
-Այո՛, բայց դու չես տեսնում առաջացած բարդությունները։
-Դա իմ դստեր կյանքը դժոխքի է վերածում։ Ես չգիտեմ նրան ինչպես փոխեմ,- ասաց տիկին Փարթրիդջը։
Տիկին Շեփարդը ասաց
-Ես այս գիշեր կխոսեմ իմ դստեր հետ ու կբացատրեմ, որ այս ամենն անհեթեթություն է և, որ նա այդ առումով ոչ մի բառի չհավատա։
-Բայց դա անմտություն է,- վրա բերեց տիկին Փարթրիդջը։- Նա կգա ու ամեն ինչ կպատմի Էգգի-Լուին, և Էգգի-Լուն կը․․․ դա սխալ է։ Ի՞նչ ես կարծում։
-Բայց Կլարիսը տխուր է։
-Բայց նա գոնե առողջ է։Նա կարող է տխրությանը դիմանալ։Խեղճ Էգգի-Լու․․․ նա արժանի է իր գտած փոքրիկ ուրախությանը։
Տիկին Փարթրիդջը իրավիճակը ճիշտ էր գնահատում։ Տիկին Շեփարդը  համաձայն էր, որ ճիշտ կլինի, եթե թույլ տան ժամանակ անցնի։
-Համենայնդեպս, Կլարիսը շատ է բորբոքվում։
Հաջորդ մի քանի օրերին, երբ Էգգի-Լուն պատուհանից դուրս կախված տեսնում էր Կլարիսին հագած-կապած փողոց դուրս գալիս, ձայն էր տալիս, թե նա ուր է գնում։ Կլարիսը պտտվում էր՝ իրեն ոչ հատուկ առույգությամբ և պատասխանում, որ եկեղեցի է գնում՝ Էգգի-Լուի համար աղոթելու։
-Կլա՛րիս, ետ արի՛ետ արի՛,- բղավում էր Էգգի-Լուն։
-Ինչու՞ Էգգի,- հարցնում էին ծնողները կողքից,-ինչքա՞ն կարելի է չարությամբ լցվել դեպի Կլարիսը, նա այնքան քաղաքավարի է, իսկ դու թույլ չես տալիս նրան եկեղեցի գնալ։
Էգգի-Լուն հետ էր ցատկում  անկողին ու սկսում ցածրաձայն խոսել բարձի հետ։
Երբ հայտնվեց նոր բժիշկը, Էգգի-լուն նայեց նրան ու նրա ձեռքի արծաթագույն ներարկիչին ու ասաց
-Նա ո՞րտեղից հայտնվեց։
Բժիշկն այն մի կողմ դրեց։ Նա պարոն Փարթրիդջի զարմիկն էր, ով փորձում էր մի քանի անհրաժեշտ ներարկումներ կատարել։Նա Էգգի-Լուին անմիջապես ուրախացնում էր, և միայն մի թեթև ծակոց էր աղջիկն զգում թևին։ 
-Ես մտածում եմ, որ Կլարիսն այս ամենի հետ ինչ-որ կապ ունի,- մտածում էր Էգգի-Լուն։
-
Այո՛, նա խոսել է իր հայրիկի հետ և նրա հայրիկը վերջապես կապ է հաստատել բժշկի հետ։
Էգգի-Լուն զայրացած հարվածեց իրեն նշանակված դեղորայքին ու բղավեց
-
Ես գիտեի այդ, գիտեի՛։
Գիշերային մթության մեջ Էգգի-Լուն ծնկի եկավ իր մահճակալի մոտ ու սկսեց նայել առաստաղին։ Նա կրճտացրեց ատամներն ու քրտնեց։ Բերանն աղիացել էր։ Նա սեղմեց բռունցքները և դրեց ազդրերին և,ասես, գարնանային օդ շնչելու համար  պարզեց մարմինը։ Ներքուստ նա ցանկանում էր կանգնեցնել սրտի բաբախը, օգտագործելով կողոսկրերն ու թոքերը որպես արգելող ձեռքեր, այնպես, ինչպես ամեն առավոտյան ժամը իննին դու ես արգելում զարթուցիչին, որը փորձում էր արթնացնել քեզ։
Վերջապես հանգստացավ ու վերմակը քաշեց վրան և պառկեց հուզված ու անհանգիստ։Երկար ժամանակ անց նա սկսեց քայլել, կանգնեց պատուհանի մոտ ու սկսեց նայել մեկ այլ տան, որի բոլոր լույսերը դեռ վառվում էին։Նա պատրաստ էր պառկել հատակին ու մեռնել։Նա պատրաստ էր նստել աթոռին ու ավանդել հոգին։Նա փորձում էր այդ անել տարբեր դիրքերով, բայց ոչինչ չէր ստացվում, նրա սիրտն ավելի զվարթ էր բաբախում։
Ուրիշ անգամ Կլարիսը կգար ու կկանգներ նրա պատուհանի տակ։
-
Գնում եմ ցատկեմ գետը,- ասում էր նա դաժանությամբ։
Կամ ասում էր
-Ես պատրաստվում եմ այնքան ուտել, մինչև մեռնեմ։
-Լռի՛ր,- պատասխանում էր Էգգի-Լուն։
Նրա կարմիր գնդակը կթռչկոտեր և կանցներ նրա ոտքերի արանքով մեկ, երկու, երեք, չորս․․․ անդադար։ Եւ, խաղալիս նա կերգեր
-Գնամ գետը թռչեմ, գնամ թռչեմ կտուրից, գնամ խժռեմ, քանի կամ, գետը ցատկելու գնամ․․․
Թըփ, թըփ, թըփ, թըփ․․․ ցատկոտում էր գնդակը։
Շըխկ․․․ փակվեցին Էգգի-Լուի պատուհանի փեղկերը։
Էգգի-Լուն մռայլվեց ու անկողին մտավ։Իսկ, եթե հանկարծ Կլարիսն ինչ-որ բան նետեր այս  կողմ։ Դա սարսափելի կլիներ։Էլ բան չէր մնա մեռնելու նպատակով օգտագործելու համար։ Էգգի- Լուն չէր սիրում երկրորդը լինել։Նա միշտ ցանկանում էր գերազանցել ինքն իրեն։ Միայն թե Կլարիսը ցանկանար նմանվել իրեն։
Հետո այս ամենին փոխարինելու եկավ մեկ այլ նողկալի բան։ Էգգի-Լուն գնալով ավելի լավ էր զգում իրեն։Դեղին արևը պայծառ էր, ջերմ։Թռչունները քաղցր դայլայլում էին։Նա ըմբոշխնում էր գարնանային թարմությամբ լցված օդը։ Բայց նա չէր  համարձակվում այդ մասին հայտնել մայրիկին, որովհետև մայրիկը կասեր Կլարիսին ու նա կսկսեր ծաղրել իրեն։Հա,հա, հա, հա, հա, հա, հա․․․ Էգգի-Լուն հրաշալի հասկանում էր, որ կամաց- կամաց առողջանում է։ Արդյո՞ք բժիշկը գիտի։Արդյո՞ք մայրիկը գուշակում էր։Նրանք չպիտի իմանան այդ մասին։ Դեռևս ոչ, ո՛չ։
Նա սկսել էր սիզամարգերի միջով վազել արևի տակ, նա կարողանում էր թռչկոտել ու ծառ մագլցել, ու էլի շատ նման բաներ անել։ Բայց նա չէր համարձակվում ասել այս մասին։ Ոչ։Նա շարունակում էր ձևացնել, որ դեռ հիվանդ է և, ուր որ է մահանալու է։ Հանկարծ մի տարօրինակ միտք էր ծագում նրա գլխում, որ իրեն իսկապես պետք չեն լեռան գագաթի արծաթյա տունը, տիկնիկներն ու  զգեստները, միայն թե՝ առողջանա։ Բայց մի կողմից էլ Կլարիսն էր, իսկ ի՞նչ կլիներ, եթե նա լավանար ու Կլարիսն իմանար այդ մասին։Ըըըըըը․․․ նա չպիտի մտածեր այդ մասին։
Մի անգամ Կլարիսը բակում վազում էր վարդագույն տիկնիկի նման, Էգգի-Լուն Կլարիսի նախանձը թեժացնելու համար բղավեց
-Ես մեռնելու եմ երեքշաբթի՝ ժամը երեք անց տասնիհինգ։Բժիշկս է ասել։ Նա նաև իմ շատ սիրուն դագաղի նկարը ցույց տվեց։
 Մի քանի րոպե անց Կլարիսը վազեց տուն, հագավ վերարկուն ու դրեց գլխարկը, ու շտապեց դեպի եկեղեցի, որ այս իրավիճակից ելք գտնի։
Երբ նա վերադարձավ արդեն օրավարտ էր։Էգգի-Լուն կախվեց պատուհանից ու թույլ ու կիսաձայն շշնջաց
-Ես ավելի վատ եմ ինձ զգում։
Կլարիսը ոլորեց ոտքը։
Առավոտյան մի ճանճ էր կանգնել վերմակի վրա։Ճանճն անվերջ քայլում էր , մինչ Էգգի-Լուն կհարվածեր նրան։Հետո այն ընկած դզզաց ու լռություն տիրեց։ Դրանից հետո ո՛չ շարժում, ո՛չ ձայն։
Երբ հայրը դստերը նախաճաշ բերեց, Էգգին ցույց տվեց ճանճն ու մի հարց տվեց։
Հայրը թեքվեց դեպի ճանճը
-Այո՛, նա մահացել է։
Էգգի-Լուն ոչ մի ռեակցիա չտվեց։ Նրան այլ բան էր մտահոգում։ Նրան, ըստ ամենայնի, մտահոգում էր ճանճը։
Նախաճաշից հետո, երբ արդեն միայնակ էր սենյակում, նա դիպչեց ճանճին, որը չէր բողոքում։
-
Դու մահացել ես,- ասաց նա,- դու մահացել ես։
Մեկ ամբողջ ժամ նայելուց և սպասելուց հետո, նա, կարծես, ինչ-որ բան բացահայտեց։ 
-Նա ինչու՞ ոչինչ չի անում։ Միայն պառկած է։
Մոտ քառասուն րոպե անց նորից սկսեց խոսել
-Ինչպիսի հիմարությու՜ն, սա ամենևին զվարճալի չէ։
Նա նայեց Կլարիսենց տան կողմ ու, հետ գալով, պառկեց։ Էգգի-Լուն փակեց աչքերն ու ինքնագոհ սկսեց ժպտալ։

* * * *
Թե ինչպես պատահեց, որ երեք օր հետո Կլարիսի հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ, ոչ ոք չգիտեր։ Այն տեղի էր ունեցել չորեքշաբթի օրը։ Երեք օր էր անցել այն օրվանից, երբ Էգգի-Լուն բացեց լուսամուտափեղկերն ու Կլարիսին հայտնեց իր մոտալուտ մահվան մասին։Կլարիսը մի քանի այլ աղջիկների հետ չորեքշաբթի կեսօրին վազելով անցնում էր փողոցը՝ տղաների խաղահրապարիկից մի փոքր հեռու գտնվող խաղահրապարակում սոֆթբոլ խաղալու։
Նրանք երկար նետումներ էին անում, երբ պատահարը տեղի ունեցավ։
Հոմեր Ֆիլիպսը իրար հետևից երեք գնդակ նետեց։ Կլարիսը նետվեց դրանք բռնելու, և, հանկարծ մի մեքենա փորձեց արգելակել, ու․․․ պատահեց այդ դեպքը։
Հիմա թե Կլարիսը չէր նկատել, թե՝ վարորդը, այլևս կարևոր չէ։ Ոմանք ասում են, թե Կլարիսը շուրջը չի նայել, ոմանք հակառակն են պնդում։ Բայց ինչ-որ բան նրան վազել էր ստիպել։
Մեքենան նրան վրաերթի էր ենթարկել տերևի նման ու մի կողմ շպրտել։ Նա գլուխկոնծի էր տվել և ջարդուխուրդ եղել։
Էգգի-Լուի մայրիկը գիշերը սենյակ մտավ։

-Է՛գգի-Լու, ես ուզում եմ քեզ հետ Կլարիսի մասին խոսել։
-Ի՞նչ ես նրա մասին խոսելու,-շնչակտուր հարցրեց Էգգի-Լուն։

* * * *

Երկու ամիս անց Էգգի-Լուն եկավ բլրի վրա գտնվող գերեզմանոցը։Այնտեղ նա լսեց Կլարիսի անշարժ լռությունը և գերեզմանաթմբի վրա մի բուռ ճիճու լցրեց։



Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է: Անգլերենից թարգմանեց Ազատուհի Սարգսյանը: