2020-05-16

Ու թե ստեմ, թող պատժվեմ կործանված հասարակության ողջ խստությամբ


Բովանդակ աշխարհի դեմ
Ահա՛, բաց եմ ես[1]․․․
Արման Վերանյան

Տարիքը կապ չունի։ Տարիքն ընդամենը թվերի համադրություն է։ Կարևորը ներսինդ է։ Իմ ներսում դատարկություն է։ 26 տարբեր երանգի դատարկություն։ Սկզբից անգիտության խառնագույն աստառներ են, հետո գույները հստականում են։ Ամեն զգացմունք իր գույն ունի։ Ինձ համար ուրախությունը դեղին է, խաղաղությունը՝ տեղ-տեղ կանաչ, տեղ-տեղ կապույտ, սերը՝ մանուշակագույն, ցավը՝ սև՝ սպիտակ բծերով, ինչպես սև էկրանը սպիտակ պիքսելներով, քանի որ կատարյալ ցավ չի լինում առանց հույսի ու հա, սպիտակն էլ հույսի հետ է ասոցացվում։ Եթե մի հատ դիագրամ կազմեմ, գույները իրար կհաջորդեն էսպես՝ նույն գծի վրա՝ դեղին, կապույտ-կանաչ, մի քիչ բարձրում՝ սպիտակ, և դիագրամի բարձրակետում՝ սև։ Ու հա՛, ես գիտեմ, որ մարդիկ սովոր են բողոքել, ու միգուցե էն, ինչ ինձ համար սև է, մյուսի համար լրիվ անգույն լինի, բայց չմոռանանք սա ես եմ, ու սա իմ հարթակն է, ու ես պատրաստվում եմ խոսել բացառապես իմ անունից ու իմ մասին։
Տարիքը կապ չունի։ Տարիքն ընդամենը հոգեվիճակ է։ Կարևորը ներելն է։ Ես չսվորեցի ներել։ Եթե դու իմ ընկերն ես ու ինձ հիասթափեցնում ես, ես անվերադարձ կատեմ քեզ։ Ես չեմ կարողանում ներել։ Ես մտածում եմ, որ ներելը թուլություն է։ Ու հա՛, ես քրիստոնյա եմ։ Մեղսավոր եմ, ինչ խոսք։ Ներելը թուլություն է։ Իմ հիվանդ մտածողությամբ եթե քեզ մի անգամ ցավեցրել են, ու դու լռել ես, ուրեմն՝ այդ ցավը քեզ դուր է եկել։ Ես մազոխիստ չեմ։ Ու ցավադիմացկուն էլ չեմ։ Ու ավելին, ցավը ինձ հաճույք չի պատճառում։ Ցավն ինձ համար ազդակ է հեռանալու։ Վանելո՛ւ։ Ատելո՛ւ։ Ես չեմ ամաչում իմ հոգու չար կողմից։ Դա ես եմ։ Էն, ինչից ես ամաչում եմ, խնամքով թաքրած է։ Մի՛ փնտրեք։
Տարիքը կապ չունի։ Տարիքն ընդամենը տեսակետների տարբերություն է։ Կարևորը տեսակետ ունենալն է։ Ես կաշտկանդված եմ իմ տեսակետի մեջ մի՞գուցե գիտեմ, որ ճիշտ չեմ։ Բայց ես դա չեմ խոստովանում։ Հասարակությունն ինձ ուժեղ է ուզում տեսենել։ Ես քար համառություն, քար սիրտ ու քարացած զգացմունքներ պետք է ունենամ, ու հա՛,  նաև կարծր տեսակետ՝ հասարակության կարծրատիպերի համաձայն։ Եկել եմ հիասթափեցնելու ես համառ եմ, բայց զիջել գիտեմ, եթե գիտակցում եմ, որ դիմացինս ավելի ճիշտ է։ Ես դա բարձրաձայն չեմ խոստովանում, քանի որ վախենում եմ ինքնագնահատականս իջնի ինքնախաբեություն, ոչ ավելի։ Ավելին՝ իմ սիրտն ու զգացմունքներն էլ քար չեն։ Սիրտս կակուղ է, զգացմունքներս էլ հորդում են։ Էնքան, որ մեկ-մեկ սկսում եմ խեղդվել սեփական զգացմունքների հորդանում։ Չեմ ամաչում իմ զգացմունքներից։ Բացի մեկից, բայց մի՛ քրքրեք։ Յոթը գազ խոր թացրել եմ։
Տարիքը կապ չունի։ Տարիքն ընդամենը աշխարհաճանաչողության մակարդակ է։ Աշխարհաչանաչողությունս, ցավոք, դեռ գույները հստակեցող 10 տարիներիս ընթացքում է ձևավորվել։ Վարդագույն ակնոցներ չեմ կրում։ Ամո՛թ է։ Սկզբից ճանաչեցի դեմքս, ու ատեցի այն։ Հետո ճանաչեցի մարմինս այն հետաքրքիր գտա, բայց ամոթալի։ Ու ոչ ոք չասաց ինձ, որ արտանքինը չի, որ մարդուն մարդ է դարձնում, ու մարմինը չի, որ սիրվում է դիմացինի կողմից։ Հետո ինձ պարզվեց հոգու ու մարմնի ներդաշնակությունը։ Ես չճանաչեցի այն, քանի որ մարմինս արդեն իմ աչքերում խեղված էր։ Միֆ համարեցի։ Մեծանալով՝ սիրեցի միֆերը։ Բայց այդ միֆը հավետ գոցված մնաց ուղեղիս դարակներից մեկում։ Ամոթ էր։ Մարմինն ի ցույց չեն դնում։ Հոգին էլ տաբատ չի, որ շրջես բոլորի առջև։ Աշխարաճանաչողությունս մեծացավ իմացա, որ իդեալական ընտանիքներ են լինում։ Լինում են․․․․ թղթի վրա, ու իմ մտապատկերում։ Սիրեցի մտահորիզոններս, դրանք սեքսուալ ու գայթակղող գտա։ Ես սիրեցի ինձ իմ մտացնորքներում։ Ես այնտեղ չամաչեցի գաղտնիքիս համար։ Բայց չէ՛, չփորձեք կորզել։ Հուսալի եմ պահել։
Շարունակեցի ճանաչել աշխարհը տեսա արևը ավազի ստվերում։ Այն գորշ էր։ ՈՒ ոչ ոք չասաց, որ արևը տեսնելու համար ինձ վերև նայել էր պետք։  Արևին անձրևը հաջորդեց սիրեցի անձրևը։ Չեմ հիշում հայտնիներից ով ասել է, որ անձրևի ժամանակ հեշտ է թաքցնել արցունքները։ Ես ճանաչեցի իմ արցունքների համը։ Երևի բոլոր արցուներն էլ նույն համն ունեն դառն են, ցավոտ ու ինչ-որ անբացատրելի մնացուկ են թողնում աչքերիդ խորքում․․․․ ու բերանիդ մեջ, եթե համարձակվում ես համտեսել դրանք։ Ես սովորեցի լացել միայն անձրևի ժամանակ ու գիշերները ամոթ էր։ Ու ոչ ոք չասաց, որ արցունքները մաքրում են, ու որ պետք չի նորից կուլ տալ դրանք, եթե ուզում ես ապաքինվել։ Ուշ իմացա, բայց արդեն շատ․․․ ուշ էր։ Սովորություն էի դարձրել աչքերիցս թափված արցունքները շոշափել քիմքովս։ Ցավը մարմնական շրջապտույտ էր կատարում իմ մեջ, իսկ ես ուժ չունեի դրան վանելու։
Մեծանալով՝ իմացա, որ մանկություն գոյություն ունի։ Ոչ ոք չէր ասել, որ կյանքը միայն աշխարհաճանաչողություն չէ, որ դա ցավոտ է, որ պետք է․․․ Ի՞նչ է պետք․․․ ապրե՞լ։ Ես մեծացա՝ չիմանալով մանկությունը, բայց հիշելով այդ տարիների իմ դասերը։ Ապա ես ճանաչեցի ձյունը։ Սիրեցի այն։ Մի պահ միայն, քանի որ ինձ թվաց, թե այն ջնջեց ամեն ինչ ու որ ամեն ինչ էլ առաջվանը չի լինի։ Բայց հետո․․․ գարուն եկավ։ Ու ես ատեցի ձյունը։ Այն սին հույսեր էր տվել ինձ։ Ես ճանաչեցի հուսախաբությունը։ Ուսուցիչս ձմեռն էր։
Մտահորիզոնս շարունակեց հասարակության սեփական մոդելը կառուցել։ Այնտեղ արցունքները ծիածանի համ ունեին, բոլորը նույն դեմքն ունեին և սիրում էին իրար ոչ արտաքինի կամ ֆիզիկականի համար, այլ հոգու։ Իմ մտացնորքում հոգին տաբատ էր։ Բայց հետո հասկացա, որ փակվելով գլխիս մեջ, ես ավելի եմ հեռանում իրականությունից։ Երևակայությունս դեմ առ դեմ կանգնեցրի իրականության հետ։ Իրականությունը ջախջախիչ հաղթանակ տարավ։ Երևակայությունս բանտեցի հիշողությանս փոշոտված ծրարի մեջ։ Միակ գաղտնիքիս հետ, որը, հիշո՞ւմ եք, պետք չի, որ փնտրեք։
Տարիքը կապ չունի։ Տարիքն ընդամենը ակզբնակետի ու վերջնակետի միջև ընկած տարածություն է։ Մարդ կա այն լույսի արագությամբ է անցնում՝ մոռանալով վայելել կյանքը, մարդ էլ կա կրիայի՝ վայելելով ամեն մի քայլը։ Իսկ ես սկզբնակետից վերջնակետը գնում եմ կրիայի քայլերով, բայց երազելով լույսի արագության մասին։ Իմ քայլերի ընթացքում վայելք չգտնելով՝ հիասթափությունս աճում է ձնագնդիկի պես, որ սպառնում է ձնահյուսքի վերածվել ու մաքրել ամեն ինչ իր ճանապարհին։ Եվ միայն իմ թաքցրած գաղտնիքն ու երևակայությունս են իրենց ջերմությամբ հալեցնում սառույցը՝ փրկելով կողքիս գտնվողներին։
Ճանաչեցի Աստծուն։ Պարզվեց, բավականին նվիրված ու կույր չեմ հավատացյալ լինելու համար։ Թքա՛ծ։ Ես հավատում եմ։ Թո՛ղ որ Աստված երես դարձնի։ Առաջին ու վերջին ծոծրակը չի, որ տեսնում եմ։ Ասացին՝ Աստված սեր է, ու սիրո մեջ է երջանկությունը։ Անողոքաբար ստեցին։ Սիրահարվեցի։ Սիրտս փշուր-փշուր եղավ։ Ու ես ստեցի, թե ատում եմ սիրտս կեղեքողին։ Հասարակության աչքում թուլամորթ երևալն ամոթ է։ Իսկ իրականում ես շարունակեցի պաշտել նրան, սրբացրի։ Երևի անգամ Աստվածացրի։ Ու դրա համար էլ ինձ հետ կապված ամեն ինչին Աստված մատների արանքով է նայում։  Աստված ատեց ինձ, թեկուզ և ասում են՝ Աստված սեր է։ Նա խլեց ինձնից վերջինը, որ կարող էր կենդանացնել երևակայությունս։ Եվ թողեց միայն այն, ինչ տրված էր իսկզբանե «Բանը»։ Եվ ես սարսափում եմ թաքցրած ծրարս բացելու նշտարի կրկնօրինակը նրա ձեռքերում է։ Պանդորայի արկղ, որ անգամ միլիոնավոր կիլոմետրերի վրա սպառնում է ոչնչացնել այն, ինչ ես սրտիս մոտ եմ ընդունել այս կյանքում։
Տարիքը կապ չունի։ Տարիքն ու հասունությունը զուգահեռ չեն քայլում։ Հասունությունն իմ դեպքում մրցարշավորդի պես առաջ է ընել։ Ո՞ւր ես գնում, լաո՛։ «Առջևում էլ է միայն հիասթափություն»,- մանտրայի պես կրկնում եմ մտքումս։ Բայց ներսումս հեղաշրջում է կատարվել։ Ես ինձ չեմ տիրապետում։ Ու դրա համար ուզում եմ ավարտել, քանի դեռ հեղաշրջումը մտքիս ու լեզվիս չի հասել։ Գաղտնիքս պետք է հուսալի պահեմ։
Տարիքը կորստի գիտակցում է։ Ես գիտակցել եմ․․․ կորուստներս։




[1] https://archiveranyan.blogspot.com/2018/12/blog-post_4.html