2015-12-18

Զորյանը Նար-Դոսի ամաչկոտության մասին




Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երևույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը:
Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ: Սիրում էր «պարզին վսեմությունը»:
Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում և խոսք չէր գտնում ասելու: Համեստ էր այն աստիճան , որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է՝ սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալաքների հայրենակիցը: Ավելի շուտ թվում էր՝ հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ:
«Պայքար» վեպը վաղուց պատրաստ էր, և միջոց չուներ տպագրելու: Առաջարկում, խորհուրդ էին տալիս , որ հանձնի Հրատարակչական ընկերություն: Ամաչում էր: Քսանհինգ տարվա գրողի ստաժ ունեցող հեղինակն ամաչում էր ձեռագիրը տանել Հրատարակչական ընկերություն:
-Ես ինչպե՞ս տանեմ, թե գրվածքս տպեցեքԾը, անհարմար է:
-Տվեք մի ուրիշի, թող նա տանի
-Է, կընդունե՞ն որ
-Ի՞նչ եք ասում, պարոն Նար-Դոս, ձեր վեպն էլ, որ չընդունեն, ո՞ւմը պիտի ընդունեն:
-Ես ի՞նչ գիտեմ,-ուսերը վեր էր քաշում նա:

Այստեղ կար, իհարկե, և այն երկյուղը, որ կարող են հանկարծ մերժել, և նա չէր ուզում, որ այդպիսի դառնության ենթարկեր իրեն, որովհետև այդ ժամանակ Հրատարակչականի տեր ու տնօրենները մարդիկ էին, որոնց հետ ոչ ծանոթ էր, ոչ էլ հարաբերություն ուներ:

Нельзя же так, в самом деле...,-Տերյանը Թումանյանի մասին



Ապրիլի սիզբն էր: Վահան Տերյանը Պետերբուրգից Թիֆլիս եկավ և մեկնեց Գանձա՝ հոր թաղմանը: Գանձայից վերադառնալով, Թիֆլիսում մնաց մեկ ամսից ավելի : Հաճախ էր լինում հայրիկի մոտ: Գրողների ընկերության երեկույթները ոգևորությամբ շարունակվում էին: Տերյանը գոհունակությամբ ներկա էր լինում այդ երեկույթներին: Միայն թե ափսոսում էր հայրիկի կորցրած ժամանակը: Նրան դուր չէր գալիս, որ հայրիկն էր երեկույթ կազմակերպում, բացման խոսք ասում, մանավանդ, երբ երեկույթի ժամանակ տեղից վեր էր կենում և ուշացած պատվավոր հյուրերին աթոռ առաջարկում կամ նման մանր բաներով զբաղվում: Տերյանը բարկանում էր. «Իվան Ֆադեյիչը ամեն օր չպետք է քաղաքում երևա, ամեն երեկույթի գա, հասարակության մեջ լինի, խոսի, ամեն բան անի, ամենքի համար վազվզի: Նա իրեն թանկ պիտի պահի, մեկ-մեկ պիտի երևա, էն էլ կառքով: Он должен иметь особый выезд, պրոսպեկտով մի անգամ անցնի, որ ժողովուրդը նրան հեռվից տեսնի во весь рост, տեսնողը փողոցում կանգնի, մատով ցույց տա, ասի՝  Հովհաննես Թումանյանն է անցնում: Нельзя же так, в самом деле...»:
Հայրիկին էլ էր ասում, որ իրեն թանկ պահի, ժամանակը գնահատի, գրականությամբ պարապի: Հայրիկը ծիծաղում էր, ձեռքը թափ տալիս սովոր շարժումով և ասում. «Դատա՛րկ բաներ ես ասում, Վահան, էսպե՛ս է լինելու մեր կյանքը...»

Նվարդ Թումանյանի <<Հուշեր և զրույցներ>> գրքից

Պ. Սևակ: Թումանյանն իմ պապն է



 
Պարույր Սևակը Թումանյանի մասին հոդված է գրում, որտեղ ասում է. «Ուզում եք Թումանյանին Աստված հռչակեք, կհամաձայնեմ, իսկ մեծ բանաստեղծ՝ երբե՛ք»:
Ճանաչված քննադատներից մեկն էլ, չհամաձայնելով Սևակի որոշ թեզերին, պատասխան հոդված է գրում: Հոդվածը չի տպագրվում, բայց Սևակը այն կարդում է: Իսկ արձագանքը լինում է հետևյալը.
- Ուրեմն դու ցանկանում ես Թումանյանին պաշտպանել ինձնի՞ց, ինչպե՞ս կարող է տգետը որևէ մեկին, այն էլ մեծին պաշտպանել: Հովհաննես Թումանյանը իմ պապն է, իսկ քո տատի նույնիսկ սիրեկանը չէ...

Աղբյուրը՝ armgrak.info