2015-09-18
Հոգու ծիածան
Թռիր իմ նժույգ,
Երկնի երփներանգ ծիածանները
Վար բեր քո բաշին:
Թող որ նրանցով
Օծեմ ալեհույզ սրտիս ծերպերը,
Որ՝ եղիցի՜ լույս:
Թող որ կապույտի
Փոթորիկ տվող ծովե խռովքը
Հանդարտի հոգիս...
Կարմիրը միայն
Արևագալի հուրսայր բոցի պես
Փաղաքշի սիրտն իմ:
Թող նարինջ հոսի
Լերդով խեղդված իմ երակներում,
Որ սիրտս բուժի...
Դեղին ոսկու պես
Թող որ կարծրանա իմ սիրտը խռով,
Որ չցավի էլ...
Ծաղկած դաշտերի
Կանաչները թող կյանքի բերկրանք
Հոսեցնեն շրթնիս...
Թող որ երկնագույն
Առուն քչքչա պատուհանիս տակ,
Որ զարթնեմ իսկույն:
Մանուշակ հանգեն
Թող որ թաքնված բյուր դողերը իմ,
Ճիշտ հանց մանուշակ...
Ու թող,վերջապես,
Ծիածանաթև հպումը թեթև
Արև ու երկին իրար խառնելով
Իմ ու քո նվաստ այս կյանքը փրկի:
2015-09-17
Անմնացորդ սիրահարը....
Սերս ջրի տեղ ծախել եմ՝
Ասում են ջրծախ եմ դարձել.....
Հոգիս սիրուդ համար մատուռ եմ սարքել,
Ասում են հավատս եմ ուրացել...
Կյանքս ընդունարան եմ դարձրել,
Բայց ոտքդ կյանքս չի մտել...
Տունս ծերանոց եմ դարձրել,
Սիրուց եմ գժվել,ծերացել....
Թանաքովս
ներբողել եմ քանիցս՝
Տառերը օրեր էին՝պոկված կյանքիցս...
Օդը վարդով եմ սնուցել՝
Վարդերս
են քեզնից փշոտել:
Ու հիմա սիրունս,
Ինչ անեմ, ասա՛,
Երբ ամենը կուլ գնաց՝
Մնաց լոկ բառե մուսա:
2015-09-16
Ուզում եմ հավատալ, սիրել, հուսալ...
Ուզում եմ հավատալ,
Բայց հավատս ածխացել է
Այրող հրերիդ դեմ...,
Մոխրացել
է աչքերիդ
բոցից,
Ու լոկ հալված մոմի նման
Թույլ փրթփրթում է,
Դողալով
կանգնած
Բաց պատուհանից
Սրտիս մեջ փչող
մեղմ քամու դիմաց:
Ուզում եմ սիրել,
Բայց քո կաշկանդող
Հայացքի
դիմաց
Սերը հանցանք է թվում՝
Գերագույն:
Հաստատուն
ավարտն արդեն
Գծագրվում
է,
Թվում է
Երբեք չեմ կարող
Սիրել,
Տիրել՝
Քո անձեռակերտ
Մարմարյա
մարմինդ..
Ուզում եմ հուսալ,
Բայց հույսս ահա
թոկը գցել վիզը,
Իրեն կախել է
քո լուսամուտի
Դիմացի ծառից:
Հուսալ եմ ուզում,
Բայց դու վայրաբար,
Աջ-ձախ նայելով
Հապճեպին
տալով
Թաղում ես դեռ տաք
Դիակը հույսիս...
Դե եկ,հավատա,
Սիրիր,
Ու հուսա...
Подписаться на:
Сообщения (Atom)