Սկզբից սառեցին ձեռքերս և ոտքերս, ոնց որ, թաց գուլպաներ և ձեռնոցներ հագցնեին: Գնալով սառնությունը վեր բարձրացավ ու հասավ սրտիս: Սիրտս կանգ առավ, և ես, կարծես, միանգամից ընկա շատ խոր ջրհորի հատակը: Իհարկե, ես երբեք չեմ հայտնվել ջրհորի հատակին, բայց դե, մեռած էլ նախկինում երբեք չեմ եղել:
Դեմքս դիմակի նման ձգվել էր ու էլ ոչինչ չէի կարող փոխել: Ցավ չէի զգում և ոչնչի համար չէի ափսոսում: Ես իմ անկողնում պառկած էի ու անգամ չէի մտածում, թե ինչ տեսք ունեի:
Ժամը ութին միջանցքից քայլեր լսվեցին:Մանկական սենյակից տղաս՝ Յուրանյան էր դուրս եկել: «Բոբիկ է»,- մտածեցի ես:Նա միշտ բոբիկ էր քայլում, ասես, անտառում մեծացած կիսավայրի տղա լիներ, իսկ ես նրան միշտ ասում էի՝ կոշիկ հագի՛ր:
Յուրանյան այս ու այն կողմ արեց միջանցքում և կանգ առավ հոր սենյակի դիմաց: Ամուսինս հազաց ու հակառակ կողմ թեքվեց: