Սկզբից սառեցին ձեռքերս և ոտքերս, ոնց որ, թաց գուլպաներ և ձեռնոցներ հագցնեին: Գնալով սառնությունը վեր բարձրացավ ու հասավ սրտիս: Սիրտս կանգ առավ, և ես, կարծես, միանգամից ընկա շատ խոր ջրհորի հատակը: Իհարկե, ես երբեք չեմ հայտնվել ջրհորի հատակին, բայց դե, մեռած էլ նախկինում երբեք չեմ եղել:
Դեմքս դիմակի նման ձգվել էր ու էլ ոչինչ չէի կարող փոխել: Ցավ չէի զգում և ոչնչի համար չէի ափսոսում: Ես իմ անկողնում պառկած էի ու անգամ չէի մտածում, թե ինչ տեսք ունեի:
Ժամը ութին միջանցքից քայլեր լսվեցին:Մանկական սենյակից տղաս՝ Յուրանյան էր դուրս եկել: «Բոբիկ է»,- մտածեցի ես:Նա միշտ բոբիկ էր քայլում, ասես, անտառում մեծացած կիսավայրի տղա լիներ, իսկ ես նրան միշտ ասում էի՝ կոշիկ հագի՛ր:
Յուրանյան այս ու այն կողմ արեց միջանցքում և կանգ առավ հոր սենյակի դիմաց: Ամուսինս հազաց ու հակառակ կողմ թեքվեց:
Դուռը ճռնչաց. երևի Յուրանյան արթնացրեց նրան և մեղայական տոնով շշնջաց.
-Արթու՞ն ես:
-Քեզ ի՞նչ,- պատասխանեց ամուսինս վիրավորական ձայնով: Նա չէր սիրում, երբ հանգստյան օրերին նրան խանգարում էին քնել:
-Ես կինո պետք է գնամ: Ես բաժանորդագիր ունեմ: Ֆիլմը ժամը իննին սկսվում է,- նույն շշուկով թախանձեց Յուրանյան:
Նրան թվում էր, որ, եթե շշնջա, համարյա թե չի արթնացնի հորը, և այդպես հնարավոր կլինի հոր հետ զրուցել՝ առանց նրան արթնացնելու:
-Արթնացրու՛ մորդ,- հրամայեց ամուսինս:
Նա չէր սիրում, երբ իր վրա ուրիշ պարտականություններ էին թողնում: Ի դեպ, իր պարտականություններն էլ նա մեծ հաճույքով չէր կատարում:
Իմ սենյակի դուռը բացվեց:
Յուրանյան լուռ սպասեց, հետո ասաց.
-Նա քնած է:
- Ոչինչ: Կզարթնի,- ասաց ամուսինս:
- Նա քնած է,-
կրկնեց Յուրանյան:- Եւ շատ է գունատ:
Ժամը տասներկուսին ինձ հիվանդանոց տարան, իսկ հաջորդ օրը ետ բերեցին:
Ինձ երկար շրջազգեստ հագցրեցին: Այդ շրջազգեստն ինձ մի տարի առաջ Փարիզից էին ուղարկել և հենց այդ ժամանակ ինձ համար մի խնդիր էլ ի հայտ եկավ. շքեղ շրջազգեստի խնդիր: Այն շատ էր ոչ ամենօրյա և կախված էր պահարանում, ճռճռան ու փայլուն, ասես անօգուտ հիշողությունն այն բանի, որ մարդն ստեղծված է երջանկության համար:
Վեցերորդ հարկի հարևանուհին ասաց.
-Նրան այն աշխարհ էլ չեն ընդունի: Շատ երիտասարդ է:
-Փոքրիկ տղային թողեց,- խորը շունչ քաշելով ասաց մյուս հարևանուհիս: Նա իր որդուն մինչև թոշակ հասցրեց, իսկ ես իմ որդուն անգամ երրորդ դասարան չհասցրի: Հարևանուհուս մտքով անցավ նրա անցած ողջ ճանապարհը ու նա տարուբերեց գլուխը:
Յուրանյան հպարտ գալիս ու գնում էր:Նրան բոլորը գուրգուրում էին և նրան դուր էր գալիս բոլորի այդպիսի խոնարհվելը: Նրա տրամադրությունը վատ չէր: Նախորդ օրը ես նրան նախազգուշացրել էի.
-Եթե ես չլինեմ ու բոլորն ասեն, որ ես մահացել եմ, չհավատա՛ս:
-Իսկ դու ու՞ր ես լինելու:
-Ես ամպերի մեջ կլինեմ ու վերևից քեզ կնայեմ:
-Եղա՛վ,- համաձայնվեց Յուրանյան:
Դռնապանուհի Նյուրան զարմացել էր կատարվածից. դեռ երեկ էր նա ինձ տեսել փողոցում՝ գնումները ձեռքիս և անգամ լսել էր, թե ես ինչպես եմ խոսում հարևանիս հետ: Ես հարցրեցի.
-Եֆի՛մ, ինչի՞ ես նման:
-Ի՞նչ,- զարմացավ Եֆիմը:
-Սարսափելի ես հագնվում: Ոնց որ թիթիզ աղջիկ լինես:
-Բայց ես միշտ եմ այսպես հագնվում,- նեղացավ Եֆիմը:
-Տղամարդը պիտի կոշտ ու կոպիտ լինի,- ասացի ես ու շտապեցի դեպի շքամուտք:
Դեռ երեկ ես այստեղ էի՝ բոլորի հետ, իսկ այսօր՝ հայտնի չէ, թե որտեղ եմ: Եւ, եթե այս փոփոխությունը տեղի ունեցավ ինձ հետ, ուրեմն, այն առհասարակ գոյություն ունի և կարող է ցանկացածի հետ պատահել, մասնավորապես, նրա՝ Նյուրայի:
Իմ ամուսնինը երբեք չի հավատացել իմ հիվանդությանը, իսկ հիմա չի հավատում մահվանս: Նրան, հոգու խորքում, թվում էր, թե սա իմ հեթական չարաճճիությունն է:
Բնակարանը լի էր մարդկանցով: Ես, չգիտես ինչու, մտածում էի, թե ավելի քիչ մարդիկ կգան: Անկեղծ ասած, ես մտածում էի, թե ինձ, առհասարակ, ոչ ոք չի ցանկանա թաղել: Ես սովոր էի ամեն ինչ միայնակ ու ինքնուրույն անել, սովոր էի ոչ ոքի վրա հույս չդնել: Եւ, եթե ես կարողանայի ինքս ինձ հուղարկավորել, հենց այդպես էլ կանեի:
Բայց դե, որքան էլ տարօրինակ է, ամեն ինչ տեղի ունեցավ և առանց ինձ: Ե՛ւ գերեզմանի տեղը ընտրեցին , և՛ փաստաթղթերը կարգի բերեցին:
Զագսի աշխատողը, մոխրագույն բաճկոնով մի կին, ամուսնուս տվեց իմ անձնական փաստաթղթերը և ի պատասխան պահանջեց իմ անձնագիրը: Ամուսինս նրան մեկնեց անձնագիրս: Կինը անձնագրիս ակնհայտ անհետաքրքրությամբ նայեց, իսկ հետո այն երկու մասի բաժանեց ու նետեց թղթերի համար նախատեսված ծղոտե զամբյուղի մեջ:
Երբ ամուսինս տեսավ, թե նա ինչպես պատռեց անձնագիրս, հասկացավ, որ ես վերջնականապես հեռացված եմ կյանքից և արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել: Նա հիմա ազատ էր, բայց թե ինչպես կվարվեր այս ազատության հետ՝ դեռ պարզ չէր: Եվ, արդյոք իր ազատությունը պետք էր իրեն: Անկախ ամենից, պետք է ասել, որ նա ինձնից ավելի շատ օգուտ ուներ, քան վնաս:
Երբ ամուսինս տուն վերադարձավ զագսից՝ շփոթված էր, կարծես նա էլ էր շոկի մեջ:
Ճաշի ընդմիջման ժամին եկան երկու ընկերուհիներս՝ Ալյան և Զլյան: Նրանք երկուսն էլ գեղեցիկ էին, բայց Ալյայի գեղեցկությունը միայն ես էի տեսնում, իսկ Զլյայինը՝ բոլորն՝ առանց բացառության:
Ալյան ապրում էր միայնակ՝ առանց սիրո և ընտանիքի: Նա ինձ բախտավոր էր համարում և անգամ չէր հասկանում, թե ինչպես կարելի էր փոխել այն կարգավիճակը սրանով: Ինչ ասես, որ չեն լինում կյանքում, բայց միթե ավելի լավ էր այս վիճակով պառկել… այսպես…
Զլյան նույն քան բախտավոր էր, որքան ես. նա ևս ուներ երեկոյան զգեստի նույն խնդիրը: Նա ևս հոգնել էր տարբերակներից: Նա անգամ ոչ թե հոգնել էր, այլ հոգին դուրս էր եկել, ու դատարկվել էր: Բայց հիմա նա հասկանում էր, որ սեփական կամքով երբեք չի հրաժարվի կյանքից և, որ ստիպված էիր օրվա անելիքն անել:
Նրանք նայում էին իմ դիմակ- դեմքին և,եղածից ցնցված,լռում էին: Իմ մահը դաստիարակող էր երկուսի համար էլ: Ես նրանց հետ առանձին էի ծանոթացել, իսկ նրանք իրար հետ՝ ոչ: Նրանց մեջ՝ իրար համակրելու ինչ-որ պատճառներ կային, բայց հիմա, երբ ես մահացել էի, այդ պատճառները, կարծես, գոյություն չունենային:
-Մենք բոլորս նրա առաջ մեղավոր ենք,- ասաց Ալյան:- Ոչ ոք չէր ուզում իմանալ՝ նրա հետ ինչ է կատարվում: Ոչ ոք չէր ուզում օգնել նրան:
-Իսկ ինչպե՞ս պետք է օգնեինք նրան, եթե նրան ոչ ոք պետք չէր:
Հեռախոսը բավականին հաճախ էր զանգում: Ամուսինս վերցնում էր խոսափողը և ասում, որ ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես մահացել եմ:
Այս պահին, երևում էր, խոր դադար էր: Մարդիկ, լուրից ցնցված, լռում էին և չգիտեին, ինչպես պահեին իրենց. ինչ- որ բան հարցնեին, թե՝ ոչ: Ով զանգում էր՝լռում էր: Ամուսինս ևս լռում էր, հետո հրաժեշտ տալիս և կախում խոսափողը:
Իսկ, արդյո՞ք Նա զանգել էր: Հավանաբար՝ ոչ: Սպասում էր, թե ես երբ կզանգեմ: Վերջին հանդիպման ժամանակ մենք որոշեցինք, որ սերը սեփական երեխաների կյանքը խորտակելու համար բավարար պատճառ չէ, և սկսեցինք տարբերակներ փնտրել, որի արդյունքում բոլորի համար էլ լավ կլիներ:
Մենք անօգուտ տառապում էինք, մինչև իսկ լսում էինք սեփական սրտի զարկերը, բայց ոչինչ չէինք կարողանում հասկանալ:
-Արի՛ բաժանվենք,- առաջարկեցի ես:
-Իսկ ինչպե՞ս ապրենք,- հարցրեց նա:
Ես դա չգիտեի: Նա ևս չգիտեր:
-Դե, արի՛ այսպես անենք,- ասացի ես:
-Սա կյանք չէ:
-Իսկ ի՞նչ ելք կա:
-Եթե ես ինքնաթիռում վթարի ենթարկվեմ՝ լավագույն լուծումը կլինի:
-Իսկ երեխանե՞րը,- հարցրեցի ես:
-Նրանք կսիրեն իմ հետ կապված հուշերը:
... Հետաքրքիր է՝ Նա զանգե՞լ էր: Թե, սովորույթի համաձայն, կզանգի երկու օր հետո:
-Բայց նա մահացել է,- կասի ամուսինս:
Նա կլռի: Ամուսինս էլ կլռի: Հետո ամուսինս հրաժեշտ կտա ու կկախի խոսափողը: Ահա և վերջ: Անկասկած:
Մահը նրանով է ձանձրալի, որ այլընտրանքներ չունի:
Երեկոյան մեկ այլ քաղաքից եկավ մայրս:
Նա ամուսնուս ասաց, որ նրան ոչ մի ափսե ու ծածկոց չի թողնիև, որ ավելի լավ է բոլորը ջարդուփշուր անի ու պատռի, քան թողնի նրան:
Ամուսինս վիրավորվեց և պատասխանեց.
-Հերիք է անհեթեթություններ ասեք:
Մայրս ասաց, որ իմ մահվան համար նա է մեղավոր և լավ կլիներ՝ իմ փոխարեն նա մեռներ:
Ամուսինս ասաց, որ միայն նրա տեսանկյունից է այդպես: Իսկ իր մոր տեսանկյունից ավելի լավ է այնպես, ինչպես հիմա է:
Ժամը իննին բոլորը գնացին: Բնակարանը դատարկվեց:
Իմ գլխավերևում և հեռվից թըկթըկում էր ժամացույցը: Հետո լսվեց մի աղմուկ. Կարծես մեկը բացեր ծորակը: Ես կռահեցի, որ ամուսինս հեռուստացույցով ֆուտբոլ է նայում:
Մայրս եկավ ու հարցրեց.
-Ի՞նչ է, ֆուտբո՞լ ես նայում:
Ամուսինս պատասխանեց.
-Իսկ ի՞նչ անեմ:
Եւ, իրոք...
Ինձ թաղեցին երկու օր հետո:
Ձյունը գրեթե հալվել էր, առվակները հոսում էին: Հողը խոնավ էր, ծանր և դա ցնցող տպավորություն էր թողնում ողջերի վրա:
Հարևանությամբ մի քանի թարմ գերեզմաններ կային, որոնք զարդարված էին պոլիէթիլենով ծածկված արհեստական ծաղկեպսակներով:
Կեղտ ու անձրևը կանցնեն: Կհանեն պոլիէթիենները, և գերեզմանները պատշաճ տեսք կունենան:
Հողը հարվածում էր դագաղիս:
Գետնի երեսին հազիվ երևացող թմբիկ գոյացավ: Թմբիկը ծածկեցին թարմ ծաղիկներով, և այդ ավելի լավ էր, քան ծաղկեպսակները, չնայած որ ծաղկեպսակներն ավելի նպատակահարմար էին:
Հետո ես տեսա Աստծուն:
Նա երիտասարդ էր ու գեղեցիկ:
Ես մոտեցա Նրան: Նա երկար ու փայլուն զգեստով էր: Նայեցի Նրա աչքերին:
-Ների՛ր ինձ,- ասացի ես:
-Մարդիկ խնդրում են, որ ես նրանց երկար թողնեմ երկրի վրա, իսկ դու վերցրիր ու ինքդ եկար: Ինչու՞:
-Ես ելք չէի տեսնում:
-Իսկ սա ե՞լք է:
-Այլ տարբերակ չկար: Ես հոգնել էի տարբերակներից:
-Իսկ համբերել չէի՞ր կարող:
-Ես չէի կարող հաշտվել ամենին ու չէի կարող ոչինչ փոխել:
Ինչ-որ տագնապալից բան ինձ հասավ նախորդ կյանքիցս և ես սկսեցի արտասվել:
Նա շոյեց մազերս.
-Մի՛ լացիր, ես քեզ ներում եմ: Տե՛ս, ես ներում եմ քեզ:
-Ես քեզ կանչում էի: Ես սպասում էի, որ դու կպատժես մեզ: Ինչու՞ դու ինձ չէիր լսում:
-Ես լսում էի քեզ: Ես պատասխանում էի քեզ՝ համբերի՛ր, ամեն ինչ կանցնի:
-Իսկ արդյո՞ք կանցներ:
-Իհարկե: Եւ դեռ դա էլ կլիներ:
-Մի՞թե կլիներ:
-Եւ անգամ ավելի լավ, քան առաջ:
-Բայց ինչու՞ ես քեզ չէի լսում:
-Որովհետև քո մեջ Սերն ավելի ուժեղ էր, քան Աստված: Դու նրան լսեցիր:
Աստված մեկնեց ափը, որ սրբեր արցունքերս: Նա բարձրահասակ էր, երկար մազերով, նման էր ժամանակակից երիտասարդ տղաներին: Միայն աչքերն էին ուրիշ:
Մեր միջև փայլում էր աստղային փոշի, որը նման էր իմ շրջազգեստի փոռիկներին:
-Ի՞նչ ես ուզում,- հարցրեց Աստված:
-Ես ուզում եմ Նրան տեսնել:
Աստված ինձ տարավ Ծիր Կաթինով: Հետո կանգ առավ, թափ տվեց ձեռքը ու բաց թողեց հոգիս:
Հոգիս երկար թռչում էր խավարում, հետո սարսռաց լույսից:
Պտտվեցի նրա տան շուրջ և բաց փեղկով ներս մտա: Նստեցի պատուհանագոգի վրա: Նա նստած էր սեղանի մոտ և դստեր հետ «Դուրակ» էր խաղում:
Ես զգույշ մոտեցա նրան և նայեցի խաղաքարտերին: Նա պարտվում էր: Բայց ես չէի կարող նրան ասել այդ:
Նա, սովորույթի համաձայն, զանգեց երկու օր հետո:
Ես վերցրի խոսափողը:
Նա լռում էր, բայց ես ճանաչեցի նրան: Ես ասացի.
-Ահա՛, ես կմեռնեմ և դու տանուլ կտաս քո կյանքը:
-Դու կմեռնե՞ս: Ինչպե՞ս թե,- զարմացած հարցրեց նա:- Միայն խոստացիր…
Մենք նորից լռեցինք: Մենք գիտեինք այսպես երկար լռել և մենք չէինք ձանձրանում: Մենք գտնվում էինք քաղաքի երկու ծայրամասերում, բայց լսում էինք իրար շնչառությունը:
Թարգմանեց Ազատուհի Սարգսյանը
Комментариев нет:
Отправить комментарий