1
«Միջադեպ Խիտրովի շուկայում»
Մոսկվայում՝ Սոլյանկայի և Յաուզսկի բուլվարի միջև, գտնվում էր
մինչև հեղափոխությունը լայն ճանաչում ունեցող Խիտրովի շուկան։ Ցերեկն այնտեղ խմբվում
էր ժողովուրդը, վաճառում և գնում էր ամեն մի անպետքություն, ամբոխում երևում էին խարդախամիտ
աչքերով բոսյակներ։ Երեկոյան աղոտ լուսավորվում էին գիշերելու տների, պանդոկների և
ցածրակարգ որջերի լուսամուտները։ Բացվում էր գինետան դուռը, գոլորշու քուլաների հետ
թավալգլոր սառնամաքնիք էր դուրս թռչում ծեծված,
մռնչացող ալկաշը՝ պատռված չթե վերնաշապիկով։ Գիշերն ամենուրեք հնչում էին արբած երգեր
և «կարաո՜ւլի» կանչեր։
Խիտրովյան տներից մեկի խորդանոցում հայտնաբերվել էր մահճակալի
տաղ խեղդամահ արված ծերունու դի։ Ոստիկանությանն իմաց էին տվել։ Եկան պրն․ դատախազն
ու դատական հետաքննիչը։ Մութ աստիճանների տակ, որտեղից արտաքնոցի հոտ էր գալիս, գտնվում
էր անլուրջ հաստատության խորդանոցը։ Վերևով հաստատության խոհանոցից անցնում էր երկաթե
խողովակը՝ խորդանոցի միակ ջեռուցումը։ Խորդանոցը խիտ է կահավորված։ Երկաթե մահճակալի
տակ է խեղդամահ ծերունու դին՝ մուգ կարմիր դեմքով։ Նրան անլուրջ հաստատության տերը
բնակվելու համար վարձով էր տվել խորդանոցը։ Բոլոր իրերը տեղում են։ Դարակում հայտնաբերվել
է թիթեղե աման, դրա մեջ՝ 17 ռուբլի և կոպեկներ։ Գողություն չէ։ Ո՞վ է սպանել։
Հետաքննիչին շատ օգնեց քաղաքապահ ոստիկանը՝ վաղուց աշխատած այդ
տեղանքում․ բոլոր փոխհարաբերությունները, սիրավեպերն ու շուկայի պատմությունները նրան
քաջ հայտնի էին։ Հանցագործին գտնելը, պարզվեց, շատ հեշտ էր։
Սպանված ծերունին մի ժամանակ խոշոր երկաթուղային կայարանի տնօրեն
էր, տրվել էր խմելուն, հայտնվել Խիտրովի շուկայում։ Ծերության շեմին սկսել էր ավելի
քիչ խմել։ Գնում էր 30, 40 կոպեկով հին բրդե զգեստներ և կտորտանքներից հրաշալի վերմակներ
էր կարում խիտրովյան գեղեցկուհիների համար, ամսական 16-18 ռուբլի էր աշխատում։ Հարուստ
էր համարվում, մշտական շահույթ ուներ, սեփական անկյուն։
Ներկաների հարցաքննություն։ Ասես բացվել էր հատակը, և ընդհատակից
դուրս էին սողացել սարսափելի, բոլորովին անհավանական կերպարներ՝ մարդկային արտաքինով։
Անլուրջ հաստատության տերը, ումից սպանվածը վարձակալել էր խորդանոցը, հիսունին մոտ
հասակավոր էր։ Չափազանց խմած էր, ստիպված էին ուղարկել բաժանմունք՝ սթափվելու, և նրան
հարցաքննելը հնարավոր էր միայն հաջորդ օրը երեկոյան։ Ուռած դեմքով նստած է՝ կորացած,աղվեսի
մորթուց մուշտակով։ Եվ հանկարծ սկսեց զկրտալ։ Դա անասելի սարսափելի էր։ Ասես նրա ներքին
օրգանները շուռումուռ էին գալիս․ խնդրում է օղի տալ, որ խումարաթող լինի։
Հարցնում են սպանվածի մասին։ Պատասխանում է խուսափողաբար։ Ոչ
մի խելքը գլխին պատասխան չի կարելի ստանալ։ Վերջապես խոստովանեց․
-Ես նրան երբեք չեմ տեսել։
-Ինչե՞ս թե չեք տեսել։ Նա Ձեզ մոտ արդեն հինգ ամիս է՝ բնակվում է։
-Ներեցեք։ Ես վեց ամիս է՝ ինչ անդադար հարբած եմ, ինչպես շան
քածը։ Ներեցեք հայհոյելու համար։
Պարզվեց, իսկապես միշտ խմում է։ Առովոտյան պանդոկում է, երեկոյան
վերադառնում է քնելու։ Գիշերով արթնանում է, խռպոտ գոռում․ «Արա՛ղ»։ Կինը նրա բերանին
է դնում շիշը։ Առավոտյան արթնանում է, նորից՝ «Արա՛ղ»։ Վեր է կենում ու պանդոկ գնում։
Տանը միայն քնում է, օղի է խմում և ծեծում է կնոջը։
Ստիպված էին հարցաքննության կանչել կնոջը։ Նա իր տարիքից շատ
ավելի մեծ է երևում, գործարանն է ղեկավարում, երեխաներին է խնամում, ամուսնուն է օղի
գնում։ Դեմքին խորը թախիծ կա, բայց միանգամայն սառած։ Ամեն ինչի մասին անտարբեր է պատմում։
Հաջորդը սպանվածի նախկին սիրուհին է։ Հիսունին մոտ կնիկ՝ անասելի
լայնքով, կարմիր, ասես ամբողջովին օղով է լցված։ Հարցնում են նրա անունը, կոչումը։
Իսկ նա հանկարծ․
- Je vous prie, ne demandez moi devant ces gens-là! (ֆրանս․՝
Ես խնդրում եմ Ձեզ չհարցաքննել ինձ այս մարդկանց ներկայությամբ)։
Պարզվում է՝ գեներալի աղջիկ է, ավարտել է Պավլովյան ինստիտուտը։
Դժբախտ ամուսնություն է ունեցել, բաժանվել է, կապվել է ուլանյան[1]
ռոտմիստրի հետ, շատ է կերուխում արել։
Հետո ռոտմիստրը նրան ուրիշին է փոխանցել՝ գնալով ավելի ցածր
կոչումավորի, դարձել է մարմնավաճառ։ Վերջին 2-3 տարին ապրել է սպանվածի հետ, հետո վիճել
են ու բաժանվել։ Սպանվածն ուրիշին է ճարել իր համար։
Այդ ուրիշն էլ սպանել է նրան։
Վտիտ, խոշոր աչքերով, երեսուն տարեկան։ Անունը Տատյանա էր։ Նրա
պատմությունը հետևյալն է։
Երիտասարդ տարիքում հարուստ վաճառականի մոտ մաքրուհի է աշխատել
Յարոսլավում։ Հղիացել է տերերի որդուց։ Նրան մուշտակ էին նվիրել, զգեստներ, մի քիչ
փող էին տվել և գլխներից ցրել Մոսկվա։ Երեխա է ունեցել, տվել է դաստիարակչական տուն։
Աշխատանքի է անցել լվացքատանը։ Օրական հիսուն կոպեկ է ստանում։ Ապրում էր հանգիստ,
զուսպ։ Երեք տարվա մեջ 75 ռուբլի է հավաքել։
Ապա նա ծանոթացել է խիտրովյան հայտնի «կատվի»՝ Իգնատի հետ և
ուժգին սիրահարվել է նրան։ Ոսկրոտ, բայց հրաշալի կառուցվածքով, դեմքը բրոնզագույն,
կրակոտ աչքերով, սև բեղիկներով՝ նետերի պես։ Մի շաբաթվա մեջ Իգնատը վատնեց նրա բոլոր
փողերը, մուշտակը, զգեստները։ Դրանից հետո նա իր հիսուն կոպեկից հինգ կոպեկն իրեն էր
թողնում՝ սննդի համար, տասը կոպեկանոնցը՝ իրեն և նրան գիշերելու համար։ Մնացած 35 կոպեկը
տալիս էր նրան։ Այդպես նրա հետ ապրեց կես տարի և իր համար լավ, երջանիկ ապրում էր։
Հանկարծ նա անհետացավ։ Շուկայում ասացին․ «Ձերբակալվել է գողության
համար»։ Տատյանան բաժանմունք նետեց իրեն՝ լացելով, խնդրելով, որ իրեն նրա մոտ թողնեն,
հասավ մինչև պրիստավին։ Քաղաքային ոստիկանները հասցրին նրա վզին ու դուրս շպրեցին։
Դրանից հետո նրա մոտ հոգնություն է, հանգիստ, լուռ կյանք, սեփական
անկյուն ունենալու խորը ցանկություն է առաջ եկել։ Դրանից հետո գնաց ապրելու վերոհիշատակյալ
ծերունու խնամքի ներքո։
Տատյանայի անձնագրի ժամկետն անցել էր։ Ծերունին ձեռքից վերցրել
էր այն և իր անունից դիմել՝ փոխելու։ Նա մնացել էր առանց անձնագրի և չէր կարող հեռանալ
ծերունուց։ Հանկարծ Իգնատը վերադարձավ։ Պարզվեց՝ նա ձերբակալվել էր ոչ թե գողության,
այլ անձը հաստատող թուղթ չունենալու համար․ խմբաքանակի հետ հայրենիք ուղարկեցին, նա
կարգի բերեց անձնագիրն ու վերադարձավ։ Շուկայի կնանիք անմիջապես հայտնեցին Տատյանային։
Նա փնտրեց, գտավ Իգնատին, ուրախությամբ նետվեց դեմ հանդիման։ Իգնատը ձեռքերը գրպանը
դրեց․
-Ի՞նչ է քեզ պետք։
Տատյանան քարացավ։
-Գտա՜ հա գտա՜։ Ինչի՞ս ես պետք այսպիսին։ Խոլերայի պես նիհար։
Ես այն ժամանակ էլ քեզ հետ հենց այնպես էի ապրում՝ ձանձրույթից ելնելով։ Ասացեք խնդրեմ,
այսպիսի տղայի համար երեսունհի՞նգ կոպեկ։ Ես ինձ համար հարուստի կգտնեմ։
Հազիվ Տատյանայի ուղեղին հասավ։ Բայց նա դրա համար էլ էր ուրախ։
Իգնատը նրան ծեծում էր, ծաղրում, վերցնում էր ձեռքից բոլոր փողերը։ Եվ միշտ նախատում
էր ծերունու համար։
-Քո ծերուկին ես սիրում, դե ուրեմն գնա քո ծերուկի մոտ։
Իսկ նա ծերունուց հեռանալ չէր կարող, անձնագիրը նրա մոտ էր։
Իսկ առանց անձնագրավորներին աքսորում են։ Իսկ
Իգնատը հա ծաղրում էր ու պնդում, որ Տատյանան ավելի շատ ծերուկին է սիրում, քան իրեն։
Եվ ահա սկսեցին նրան հարցաքննել։ Նիհար, տգեղ, ճմռթված շրջազգեստով,
գայլի աչքերի նման տակից է նայում։ Ամեն ինչ հերքում է։ Հանկարծ ինչ-որ բան փոխվեց,
և ամեն ինչը խոստովանեց։ Պատմում է Իգնատի հանդեպ իր սիրո մասին, և ամեն ինչ այլակերպվեց։
Աչքերը խոշորացան, վառվեցին, դրանցից լույսերի խուրձեր թափվեցին, շուրթերին՝ ամաչկոտ,
նուրբ ժպիտ։ Որքան գեղեցիկ է դառնում կինը, երբ սիրում է։
Ծերունի հետաքննիչը՝ չոր ու բարկացկոտ ձևապաշտ մեկը, սկզբում
կոպիտ բղավում էր նրա վրա, բայց հարցաքննության ընթացքում գնալով ավելի ու ավելի էր
մեղմանում։ Իսկ երբ տարան Տատյանային, պարզեց ձեռքերն ու ասաց․
-Այ չէի մտածում, որ Խիտրովի շուկայում կարող է նման ադամանդ
լինել։
Պարոն դատախազը՝ հավասարակշռված, ոչ ծեր մի մարդ՝ ոսկեզօծ ակնոցներով,
մտածկոտ ժպտաց․
-Այո՛, այո՛, «հավերժ կանացին» աղբահորում է։
Սկսեցին հարցաքննել Իգնատին։ Վերին աստիճանի ազնվաբարո է իրեն
դրսևորում, ամեն տեսակի փաստեր է բերում Տատյանայի դեմ, սաստիկ վրդովված է։
-Թույլ տվեք՝ զեկուցեմ Ձեզ․ կաշի ու էլ ոչ մի բան։ Ինչպիսի անհեթեթություն,
ասացեք, խնդրեմ։ Ծերուկի ինչի՞ն է նա պետք։
Մի հարցաքննության ժամանակ, երբ պրն․ դատախազը հարցաքննում էր
Իգնատին, կողքի սենյակից՝ հետաքննիչի մոտից, դուրս եկավ Տատյանան։ Հանկարծ տեսավ Իգնատին,
խանդավառվեց, մոտեցավ նրան, ձեռքերը դրեց ուսերին։
-Դե՜, Իգնա՛տ, հաջողություն։ Այլևս չենք տեսնվի․ ես տաժանակրության
եմ գնում։
Նա թափ տվեց ուսը, շրջվեց ու արհամարհանքով ընդհատեց․
-Հեռու գնա․․․ անառա՛կ։
Պրն․ դատախազը բռնկվեց և վրդովված բղավեց․
-Շա՛ն թուլա, ստոր․․․
Քաղաքապահ ոստիկաններն անգամ զայրացկոտ մռնչացին։ Մուտքի մոտ
կանգնած հետաքննիչը չարախնդորեն թքեց։ Տատյանան հակեց գլուխն ու դուրս եկավ։
2
«Այդքան էլ ստոր
չեմ»
Հարուստ ընտանիք։ Մեծ կալվածք Մոսկվայից դուրս։ Առանձնատուն
Մոսկվայում։ Եղբայրները զինվորական էին, դիվանագետ, բոլորն ամուսնացած էին։ Նրանց քույրը՝
Սոնյան էր աղջիկների շարքում մնացել։ Նրա տարիքն արդեն նշանակալի անցել էր քառասունը,
նա տգեղ էր, հալումաշ եղած, բայց քաշը տեղն էր, ձիգ էր կապում սեղմիրանը, պուդրա էր
քսում։ Ամառը ողջ ընտանիքը գյուղում էր անցկացնում։ Եվ հանկարծ ավետիս․ Սոնյան ամուսնանում
է։ Բոլորը հռհռում էին։ Նա փութով Մոսկվա գնաց՝ ատամներ դնելու և ընդհանրապես երիտասարդանալու։
Փեսան քառասունհինգ տարեկան էր։ Նա բավականին կարևոր դիրք էր
գրավում պետական հսկողության մեջ։ Նրանից տելեգրամ եկավ, որ գործուղման է գնում և ճանապարհին
մի օրով կթեքվի մեր կողմը։ Բոլորը մեծ հետաքրքրությամբ սպասում էին։ Եկավ ուշ երեկոյան։
Անճոռնի էր, հաստ շուրթերով։ Բայց, կեցցե՛, պարզվեց՝ լավ պատմող է․ խոսքի մեջ անճոռնիությունն
անհետացավ, և ընթրիքի շուրջը նա բոլորին հմայեց։
Առավոտյան սուրճ խմելիս․
-Ո՞ւր է փեսացուն։
-Քնած է։
Նստեցին՝ նախաճաշելու։
-Ո՞ւր է։
-Քնած։
Անտառ գնացին՝ սունկ հավաքելու, վերադարձան․․․
-Քնած է։
Ընթրիքին երևաց, ժամը վեցին։ Խոսում էր բոլորի հետ, հարսնացուին
ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում․ այնպես, ինչպես բոլորի հետ, մի քանի բառ էր
փոխանակում՝ նրա հարցին պատասխանելիս։ Ընթրիքից հետո անմիջապես մեկնեց։ Համընդհանուր
զարմանք։ Սոնյայի ծածուկ-շփոթված աչքերը․․․
Երեք շաբաթից եկավ ամուսնությանը։ Կրկին ցերեկվա մինչ չորսը
քնած մնաց։ Հետո հյուրասենյակ եկավ, դաշնամուրի առջև նստեց և ամբողջ ընթացքում Շոպենի
թաղման քայլերգը նվագեց։ Երեկոյան եկեղեցի գնացին, պսակադրվեցին ու մեկնեցին։
Աշնանը Սոնյան եկավ ծնողների մոտ՝ Մոսկվա, ասաց՝ երկու օրով,
բայց երեք շաբաթ մնաց։ Մեկնեց ամուսնու մոտ, մի շաբաթից կրկին վերադարձավ ու մնաց ծնողների
մոտ։
Մի քանի ամիս անց Սոնյայի եղբայրը՝ գնդապետը, հանդիպեց նրա նախկին
ամուսնուն, փոխեց ճանապարհը։ Բայց վերջինս նրա կողմն անցավ փողոցի մյուս կողմից և ինքն
էլ խոսեց․
-Ես այդքան էլ ստոր չեմ, ինչպես Դուք կարող եք կարծել։ Ես Ձեզ
ամեն ինչ կբացատրեմ։
Եվ բացատրեց, որ վաղուց ուրիշին է սիրել, երկար ապրել է նրա
հետ, հետո նա իրեն լքել է։ Որպեսզի խոցի նրան, ինքը միտումնավոր ամուսնացավ ու փորձեց
դա անել որքան հնարավոր է անհեթեթ։
Չգիտես ինչու, մտածում էր, որ այդ հարցում ինքն այնքան էլ ստոր
չի գտնվել, ինչքան կարելի է մտածել։
Комментариев нет:
Отправить комментарий