Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։
Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։
Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։
Եվ այդպես ամեն կիրակի։
Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի կողմից ներս էր մտնում, խուզարկում եղած-չեղածը ու մյուս կողմից դուրս ելնում...
Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից...
Մաթեմատիկոսը նայեց շուրջը` եկեղեցու կառուցվածքին, պատուհաններին, մտքի մեջ չափեց-չափչփեց օդի շարժումը և իր մոմը տեղավորեց անկյունում։ Նրա բոցի լեզվակը ուղղահայաց և մարմնեղ բարձրացավ վեր...
Հավատացյալը նայում էր Աստվածածնի սրբապատկերին ու, անէացած, աղոթք մրմնջում...
Մաթեմատիկոսը, իր ձանձրույթը զսպելով, համերաշխության համբերատարությամբ աչքը ման էր ածում շրջապատի վրա...
Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց...
Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը...