2016-03-18

Հրաչյա Սարուխան. երկրի ու բանաստեղծի միասնության աքսիոմը

Հայտնի բան է, որ հայ իրականության մեջ բազմիցս անդրադարձել են բանաստեղծին՝ բանաստեղծական շնորհով օժտող քողարկված զորության ակունքները փնտրելու գործոնին: Հայ գրականության մեջ՝ միջին դարերում հատկապես, արծարծվում էր երկու տեսակետ. առաջինի կրողները հավատում էին, որ մարդուն այդ շնորհքը տալիս է երկրի ու երկնքի տերը՝ Աստված, երկրորդ տեսակետի կողմանկիցները պնդում էին, որ մարդը իր տաղանդը ստանում է սեփական չարչարանքների գնով, կարծես թե յուրատեսակ Գողգոթայի ճանապարհով, ճանապարհ, որի վերջում մարդու մահն էր թաքնված, և միևնույն ժամանակ՝ բանաստեղծի ծնունը:
  Հրաչյա Սարուխանը, որպես ժամանակակից հայ գրականության ռահվիրաներից մեկը, բացառապես այլ տեսակետ է հայտնում վեճի առարկա հարցի շուրջ: Նա բանաստեղծի ծնունդը կապում է ո՛չ Աստծո, ո՛չ սեփական անձի, ո՛չ էլ ժամանակի ու նրա ներկայացրած պահանջների հետ,ինչպես դա անում էր Սևակը (Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած): Այս բանաստեղծը, որ խորն արմատներով ու հազար անտեսանելի ու տեսանելի թելերով կապված է իր բնօրրանին, իր ծննդավայրին, իր հողին ու ջրին, մարդուն «բանաստեղծ դարձնող» կոչում էր հենց հայրենինքը՝
Քոնն եմ և արդ. օրհնությամբ
Ինձ պոետ կարգիր,
Բարեբանի՛ր քնարն իմ,
Շնորհազարդի՛ր:
  Այն ջերմ սերը, որ տածում է հեղինակը առ իր հայրենիքը, առ Հայք երկիրը, կենարար երակի պես անցնում է բանաստեղծության ամեն մի օրգանով, շնչավորում այն, դարձնում հասանելի, դարձնում այն հարազատ ընթերցողին, դարձնում նրան ավելի մտահոգ երկրի ապագայի հանդեպ: Եվ նրա հայերնասիրական քնարը դաստիարակում է ապագայի հերոսների, ապագայի նվիրյալների՝ ճանապարհ բացելով ապագա հույսին:
Թող Մասիներն ահազանգեն
Զույգ  զանգերով զրնգուն,
Թո՛ղ սասանվի Ագռավաքարն,
Ու Մհերը ելնի դուրս՝
Միաբանի՛ յուր ծռերին
Հավատամքով սասնագույն,
Որպես հանուր քաջալերանք,
Որպես համակ խրախույս:

  Հեղինակը սիրտը մղկտում է Հայրենիքին հասցված նզովքենրի, նրա «հտպիտ» զավակների, ազգամիտ խոսքը հոխորտանքով փոխարինած «տեսական որդոց» համար: Սարուխանը ուզում է տեսենել իր հայրենինքի ծովասույզ արեգակների վերակենդանացումը ամեն օր, աստվածային լույսի փարումը իր Հայքի մի պատառ հողին, եվ բանաստեղծն ուխտում է անել ամենայն հնարավորը՝ հայրենիքի որդիների դարձի, նրա վերածնման համար, իսկ...
Նպատակիդ հանդիման
Եթե նահանջեմ,
Թող պատիժդ ատրագույն
Ցմահ ինձ տանջե:
  Ամփոփելով՝ կուզեմ վերջին մեջբերումը կատարել նրա գործերից, որտեղ երևում է բանաստեղծի անհուն սերը, նրա խանդավառությունը, նրա անսկիզբ ու անծայր նվիրումը իր Հայքին.
Ահա քանի դար ճաշակում եմ քեզ,
Բայց Սովյալի պես

Քաղցած եմ էլի...

2016-03-17

Հրաչյա Սարուխան- Յոթ մահացու մեղք

1.
Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝
Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…
-Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում
Ողորմություն տա՛լ պատառը վերջին:

2.
Ո՜վ չի հավակնում՝ սիրով զուգական
Գեղեցկամռութ շոյվել ու շոյել
-Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն
Գեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն:

3.
Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,
Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր
-Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում
Անառակ որդուն ներե՛լ ի սրտե:

4.
Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝
Խաչհամբույր տալու ամենքին ի տես
-Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն
Ձեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես:

5.
Շատ ենք բարբառում ուրացման մասին:-
Օ՜, ո՜նց ենք սիրում լվից ուղտ շինել
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին
Պետրոսի նմանգոնե լա՜ց լինել:
6.
Հուդայի դատն ենք անընդհատ վարում:-
Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք
-Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում
Զղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ:
7.
Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,
Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ
Նրա դառնահամ գավաթը կիսե՛լ: