2015-05-02

Նաիրի Զարյան -ՏԻԿԻՆ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Իմ հյուրն ես այս գիշեր,
Տիկին տխրություն,
Այսօր դու ինձ հշել
Ու եկել ես տուն:

Նստել ես իմ դիմաց՝
Դեմքիդ մաշված քող,
Նայում ես անիմաստ
Ու պաղ հայացքով:

Դե մի՛ նայիր դժգոհ,
Տիկին տխրություն,
Ես հասկանում եմ քո
Հնավանդ լեզուն:

Կա՛ց, մինչև ես կիսատ
Երգերս ավարտեմ,
Ճանապարհիս բուսած
Խութերը հարթեմ:

Այն ժամանակ արի՝
Ոչ թե ցերեկով,
Այլ մի աշնանային
Խաղաղ երեկո:

Մենք կստենք դեղնած
Մասրենու ներքո,
Դու կպատմես կամաց
Գաղտնիքները քո:

Իսկ այժմ մի՛ նայիր
Ինձ այդպես դժգոհ
Քո կեսգիշերային
Հոգնած հայացքով:

Դուռն է թակում կրկին,
Ներս կգա շուտով
Իմ խնդության երգի
Մուսան հոգեթով:

Ախ, դու եկա՞ր, իմ սեր,
Իմ քույր իմաստուն,
Իսկ դու… բարի գիշեր,

Տիկին տխրություն: