Ահա
արդեն տասը րոպե նա անշարժ նստած էր և հայացքով
ոչնչացնում էր թղթի կտորի վրա գրված համարը: Հոգու խորքում նա ուզում էր, որ թվերն
իրենք իրենց կարողանային թռչել հեռախոսի կոճակների վրա՝ ազատելով նրան տանջալի մտածմունքից,
բայց համառ երկուսները, ինները և ութերը անգամ չէին մտածում տեղից շարժվել: Անցավ ևս
հինգ րոպե, և աղջիկն ամոթ զգաց: Եթե ինչ-որ տելեպատ այդ պահին «թափանցեր» նրա գլուխ,
ապա կմտածեր, որ խեղճը գտնվում է ամենաքիչը անդունդի եզրին: Իսկ նա ընդամենը վախենում
էր զանգել, որպեսզի խոստովանի իր հիմարությունը:
Աղջիկը
արագ, մի շնչով սահեցրեց մատները կոճակների վրայով: Սկզբից լռություն տիրեց, հետո ճտոց
լսվեց, իսկ ավելի հետո հնչեց երկար, անհամբեր շչակը, ասես մեքենավարը քշում էր կայարանի
քնատ ուղևորներին:
Երկրորդ
շչակը, երրորդը, չորրորդը… Ոչ մեկը չէր վերցնում խոսափողը: Նա թեթևություն զգաց: Մի
քիչ էլ, և կարել է անջատել զանգը՝ «Ես իսկապես փորձեցի» մտքով: Բայց վերջին շչակը ընդհատվեց
կեսում, և տղամարդու հաճելի ձայնն ասաց.
-Լսում
եմ:
-Ֆյոդո՛ր
Անդրեյեվիչ, բարի օր: Ինձ Ձեր կոնտակտները տվել է մի ծանոթ աղջիկ: Նա ասում էր, որ
Դուք խորհրդատվություն եք անում հեռախոսով, և կարիք չկա անձամբ ներկայանալ ընդունելությանը:
Բլբլացնելով
անգիր արածը՝ աղջիկը քարացավ սպասելով:
Հաղորդալարի
մյուս կողմում տիրում էր լռությունը. հավանաբար Ֆյոդոր Անդրեյեվիչը ստուգում էր իր
գրառումները: Ապա նա հարցրեց.
-Դուք
հենց հիմա՞ եք ուզում խորհրդատվություն անցնել: Գիտեք, ուղղակի հիմա ցերեկային ընդմիջում
է, և մեզ կարող են ընդհատել: Ես Ձեզ երեկոյան կգրանցեմ…
-Ո՛չ,
ո՛չ, խնդրում եմ,- բերանից թռցրեց աղջիկը և ինքն էլ զարմացավ սեփական անպատկառության
վրա:- Ես կփոխատուցեմ Ձեր ընդմիջումը, կարող եք կրկնակի վարձատրություն նշանակել: Հասկանո՞ւմ
եք, ինձ թվում է, որ ես արդեն չեմ համարձակվի երկրորդ անգամ զանգել:
Նրա
այտերը բռնկվեցին: Նա երբեք չէր համարձակվի նման բան ասել լուրջ, գործնական մարդու:
Բայց խոսափողի մեջ հնչող ձայնը գրեթե երեխայական էր՝ հաճելի, տրամադրող նոտաներով:
Հավանաբար հենց այսպես էլ պետք է խոսի իսկական լավ հոգեբանը:
-Եթե
այդպես է, ուրեմն չենք հետաձգի: Հիմա ես կփոխեմ անվճար կապի: Ո՛չ, ո՛չ, մի՛ հակաճառեք:
Կարգ-կանոն կա. ոչ մի աշխատանք ճաշի ժամանակ, այնպես որ սա կհամարենք ընկերական զրույց:
Ի՞նչ է Ձեր անունը:
-Անաստասիա:
Բայց ընկերներս ինձ Նայա են կոչում:
-Լա՛վ,
Նայա՛: Պատմեք՝ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:
-Չգիտեմ
էլ՝ ինչից սկսեմ: Հասկանո՞ւմ եք, այս ամենը շատ հիմար բան է: Ես ամեն ինչ ունեմ երջանիկ
կյանքի համար՝ բնակարան, աշխատանք, ընտանիք և ընկերուհիներ: Ես անգամ անվճար մագիստրատուրա
եմ ընդունվել, որտեղ մի տեղի համար հինգ դիմորդ կար…
-Սպասե՛ք,-
քնքուշ ընդհատեց նրան Ֆյոդոր Անդրեյեվիչը,- Դուք դեռ խնդրին չեք հասել, բայց արդեն
սկսում եք արդարանալ: Եկեք այլ կերպ սկսենք: Ենթադրում եմ՝ տնից եք զանգում: Կարո՞ղ
եք հենց հիմա թեյնիկը միացնել: Ի՞նչ եք նախընտրում՝ սո՞ւրճ, թե՞ թեյ:
-Թեյ,-
զարմացած պատասխանեց Նայան՝ խոսափողը ուսով սեղմելով և հնազանդորեն վառելով գազը:
-Իսկ
ինչո՞վ եք Դուք այն հիմա խմելու: Սիրելի բաժակ ունե՞ք:
-Անհարմար
է խոստովանելը, բայց սովորական հին տեսակի բաժակ ունեմ տակդիրով:
-Օհօ՛,-
ձայնը աշխուժացավ:-Ինչպես գնացքում: Հրաշալի է: Ձեզ համար թեյ եփեք, նստեք աթոռին և
պատկերացրեք ակների թակթկոցը: Դուք հեռավոր ճամփորդության եք մեկնում, իսկ ես ոչ թե
հոգեբան եմ, այլ Ձեր պատահական ճանապարհի ընկերը: Խոսեք ինձ հետ հանգիստ և ազատ, ասես
շուտով իմ կանգառն է լինելու, և մենք այլևս չենք տեսնվելու: Պատրա՞ստ եք: Եթե այո,
ապա ուղղակի պատասխանեք հարցին. Դուք երջանի՞կ եք:
-Չգիտեմ,-
որոշակի լռությունից հետո պատասխանեց աղջիկը՝ եռացող ջրի մեջ գցելով թեյի փաթեթիկը:-
Պետք է, որ հա: Դե ահա, ես նորից արդարանում եմ: Խնդիրն այն է, որ ես պատճառ չունեմ
դժբախտ լինելու: Եվ դրա հետ միասին ես… ասես մոլորված սարդ լինեմ, որին պոկել են սարդոստայնից
և ավելով քշել են անկյուն: Ես ասես իմ կյանքը չեմ ապրում: Իսկ ինչպես ճիշտ վարվեմ,
ուր գնամ՝ չեմ կարողանում հասկանալ:
-Այդ
դեպքում այդ սարդին մի քիչ մժղուկ տանք: Անկյունում անտեսանելի սարդոստայն հյուսենք
և սկսենք որսալ ակնթարթները: Ե՞րբ եք Ձեզ իսկապես երջանիկ զգացել: Հավանաբար մանո՞ւկ
ժամանակ:
-Օ՜,
այո՛,- Նայան ցածրաձայն ծիծաղեց:- Հրաշալի ժամանակներ: Ես խաղում էի իմ պահարանի հետ…
-Նարնիայա՞
էիք խաղում:
-Ո՛չ,
այն ժամանակ դեռ ոչ՛ մի Նարնիայի մասին ես չգիտեի: Բացի այդ՝ պահարանն էլ իսկական չէր,
այլ թղթե: Երկու իրար կպցրած թղթեր՝ նկարած դռներով: Ես այնտեղ պահում էի հեքիաթային
հերոսներին, որոնց ինքս էի նկարել և կտրել: Ասպետ, արքայադուստր, վիշապ, հավատարիմ
ձի… Ես սիրում էի նրանց վերաբերյալ ամենատարբեր պատմություններ հյուսել:
-Իսկ
ո՞վ էր ամենից սիրելի հերոսը:
-Իհարկե,
արքայադուստրը: Նա անիվներով չմուշկով էր և կարճ սանրվածքով. այսպիսին էի ես նրան հորինել:
Մայրս,հիշում եմ, նրան այնքա՜ն չէր սիրում և «սխալական» էր կոչում:
-Նա
Ձեզ նմա՞ն էր:
-Ո՞վ,
մա՞յրս: Ո՛չ, մենք ընդհանրապես տարբեր ենք: Անգամ կասեի հակադիր բևեռներ ենք:
-Նկատի
ունեի անվավոր չմուշկներով արքայադստերը:
-Հավանաբա՜ր,-
ծոր տվեց աղջիկը:- Հիմա արդեն մոռացել եմ: Բայց եթե խորանանք, ապա՝ այո, այն կարճ ու
տափակ քիթ ուներ և կարմիր մազեր: Ճիշտ է, հիմա իմ մազերն այլ գույնի են:
-Արքայադուստրը
չէ՞ որ բազում արկածների էր հանդիպում,- բացարձակապես լուրջ հարցրեց Ֆյոդոր Անդրեյեվիչը:
-Էն
էլ ինչպես: Նա իր չմուշկներով գրեթե ողջ թագավորությունը ոտքի տակ էր տվել: Նա վարժեցրած
վագր ուներ: Բացի այդ արքայադուստրը սիրում էր նկարել հենց իր պալատների պատերին: Պալատական
օրիորդները շոկի մեջ էին…
Նայան
լռեց: Նա շփոթված այս ու այն կողմ էր անում թեյի փաթեթիկը դատարկ բաժակի հատակին: Նրա
գլխում մի կերպար էր այնքան վառ փայլում, որ մթագնում էր մնացյալ ամենը: Մանկական փոքրիկ
սենյակ… Փափուկ սպիտակ գորգի վրա դրված է թղթե պահարանը բացված դռներով, իսկ ներսում
հեքիաթն է թաքնված. հորինած հերոսներ՝ նրա երևակայության գույները: Այն ժամանակ այնքան
հեշտ էր երազելը, այնքա՜ն հեշտ էր առաջ շարժվելը: Այն ժամանակ ամեն ինչ հեշտ էր: Այդ
սենյակի աղջնակը գիտեր, որ ինքը կարմրահեր արքայադուստր է՝ անվավոր չմուշկներով: Եվ
հավատում էր իր՝ փայլող ասպազենքով ասպետին: Գուցե հենց այդ պատճառով էլ նա այդպես
երջանիկ էր:
-Ինչի՞
մասին եք հիմա մտածում:
Հեռախոսալարի
մյուս կողմից հնչած ձայնը վերադարձրեց Նայային դեպի իրականություն:
-Իմ
նկարների մասին:
-Դրանք
պահպանվե՞լ են:
-Ե…երևի
թե, ա…այո,- կմկմաց աղջիկը:
Նա
հանկարց ցանկություն ունեցավ պատմել ամեն ինչ՝ միանգամից, մի շնչով: Այն մասին, թե
ինչպես մայրը ճմռթեց ու պատռեց նրա թղթե խաղալիքները, իսկ «պահարանը» շատ տարիներ առաջ
շպրտեց դաշնամուրի հետևը: Այն մասին, թե ինչպես էին փորձում իրեն «իսկական արքայադուստր»
դարձնել և փորձում են մինչև հիմա, իսկ ինքը իր անհեթեթ սարդե ոտիկներին հախճապակե կոշիկներ
է հագնում՝ անվաչմուշկների փոխարեն…
-Կարո՞ղ
եք գտնել դրանք: Հիմա Ձեզ Ձեր հերոսներն ավելի են պետք, քան երեխա ժամանակ: Ինձ թվում
է՝ հենց դրանցում են թաքնված պատասխանները: Սովորաբար կանանց տրամադրությունը բարձրացնելու
համար խորհուրդ են տալիս ջոկջկել պահարանի զգեստները, բայց Ձեր պահարանի դռների հետևում
թաքնված են ինչ-որ ավելի նշանակալի բաներ…
Նայան
հանկարծ զգաց, որ իրենց երևակայական գնացքը դանդաղեց: Խոսափողի հակառակ ծայրից աղմուկ
և դռան չխկոց լսվեց: Ո՛չ, միայն ոչ հիմա: Կանգառի համար դեռ վաղ է: Չէ որ դեռ այնքան
բան կա ասելու…
-Ներողություն
եմ խնդրում,- շտապողական ասաց Ֆյոդոր Անդրեյեվիչը,- Շատ եմ ցավում, բայց էլ չեմ կարող
խոսել: Բայց, թվում է, Դուք արդեն հասկացաք: Փնտրեք-գտեք նկարները և ամեն ինչ իր տեղը
կընկնի:
-Շնորհակալ
եմ Ձեզ, ես այնպես…,- սկսեց աղջիկը, բայց խոսափողում հնչեցին կարճ շչակները:
Անիվներ
չխկչխկոցը դադարեց, գնացքը հասավ կայարան, և նա նորից միայնակ նստած էր՝ թեյի դատարկ
բաժակով:
Նայան
նայեց ժամացույցին: Խոսակցությունը քսան րոպեի չափ էր տևել: Գիտե՞ր ինքը հիմա, թե ինչպես
ապրի: Ըստ ամենայնի՝ ոչ: Բայց հստակ գիտակցում էր՝ որն է լինելու հաջորդ քայլը:
Նա
համարձակվեց ոչ անմիջապես: Ի վերջո՝ նա մի քանի ամիս է, ինչ ոտք չէր դրել հայրական
տուն: Բայցևայնպես աղջիկը բացեց դուռը վաղուց մոտը եղած բանալիով՝ ճշտորեն գուշակելով
ժամանակը, երբ ոչ ոք չէր լինի: Նա մտավ իր մանկության սենյակ, որն այժմ օգտագործվում
էր որպես անապետք իրերի պահեստ, և մոտեցավ դաշնամուրին՝ երաժշտական դպրոցն ավարտելուց
հետո առաջին անգամ:Նրա սիրտը տրոփում էր. սարսափելի էր դիպչել այդ անողորկ հրեշին:
Իսկ եթե դրա հետևում դատարկություն ի հայտ գա: Բայց Նայան տեղաշարժեց այն և հայտնաբերեց
պատի տակ փոշու մուշտակ հագած ծանոթ թղթիկը:
Նրա
«պահարանը»… Նրա փոքրիկ հեքիաթը:
Ներսում,
ինչպես և առաջ, նկարներ կային՝ այնքան փոքրիկ ու պարզամիտ: Ահա արքայադուստրը. անվաչմուշկները
ճմռած էին, իսկ թագը կորել էր: Ահա վարժեցրած վագրը, որը հեշտությամբ տեղավորվում էր
ափի մեջ: Ահա և ասպետը՝ երիտասարդ և կապուտաչյա, ճերմակ մազերի փնջով, մեջտեղից ճղած:
Աղջիկն շունչը պահած զգուշորեն վերցնում էր բոլորը, ասես դրանք տատիկի զարդատուփի թանկարժեք
իրերից լինեին: Ապա մի կուշտ զմայլվելուց հետո «պահարանը» դրեց պայուսակի մեջ, դաշնամուրը
դրեց իր տեղը և հեռացավ:
Հոգեբանի
մոտ Նայան եկավ երկու շաբաթ անց:
Նա
մտածեց, որ տուփով կոնֆետները շատ ծեծված են, ու այդ պատճառով էլ ձևավոր թխվածքաբլիթ
սարքեց, ներկեց այն գունավոր ջնարակով և դրեց սպիտակ տուփի մեջ, որի վրա ծաղիկներ նկարեց:
Մի քիչ օֆիսում սպասելով՝ աղջիկը վերջապես մտավ սենյակ:
-Ֆյոդոր
Անդրեյեվիչ, բարև Ձեզ…
Տեսնելով
սեղանի շուրջ նստած մարդուն՝ նա լռեց: Նայան ակնկալում էր տեսնել երիտասարդ, աշխույժ
մասնագետի, որը նոր մեթոդներ է կիրառում և այդ պատճառով էլ խոսում է հաճախորդների հետ
գնացնքերի ու հեքիաթների մասին: Բայց նրա առաջ նստած էր ծեր, ամբողջովին ճաղատ, ձգված
դեմքով մի տղամարդ: Նա հարցական նայում էր աղջկան, իսկ վերջինս մտովի թափահարում էր
գլուխը. «ի՞նչ ես չռել աչքերդ, չէ որ սա ժամադրություն չէ»: Հոգեբանները փայլուն շապիկների
վրայի մոդելներ չեն, ի՞նչ էր նա ակնկալում:
-Ֆյոդոր
Անդրեյեվիչ, ես եկել եմ Ձեզ շնորհակալություն հայտնելու: Մենք այնքան կարճ խոսեցինք
հեռախոսով, բայց ինձ հաջողվեց ամեն ինչից գլուխ հանել: Ես գտա նկարներով իմ պահարանը
և հասկացա, որ ամենասկզբից էլ գիտեի՝ ինչ եմ ուզում: Ուղղակի ինձ շեղել էին իմ ճանապարհից,
բայց այժմ ես պատրաստվում եմ վերադառնալ նույն ուղուն: Տեսնո՞ւմ եք: Ես վերականգնել
եմ մազերիս գույնը և վերջապես կտրել եմ դրանք: Այժմ ես վարժեցրած վագրիկ էլ ունեմ.
ապաստարանից մի զոլավոր կատվիկ եմ վերցրել: Բացի այդ՝ հեռացել եմ աշխատանքից: Դա, պետք
է որ, սարսափելի լինի, բայց ես վաղուց այսպիսի ոգեշնչված չեմ եղել: Ի վերջո, ինձ երբեք
դուր չի եկել դասավանդելը: Ուզում եմ ինձ փորձել ինտերիերի ձևավորման գործում, ինչպես
այն արքայադուստրը, որը նկարազարդում էր իր ապարանքի պատերը:
Նայան
լռեց՝ կարմիր կտրած և երջանիկ, և միայն այդ ժամանակ նկատեց, որ հոգեբանը տարօրինակ
է նայում իրեն:
-Ներեցեք,-
ասաց նա,- Դուք հաստա՞տ ճիշտ հասցեով եք եկել: Ես ոչինչ չեմ հասկանում: Ի՞նչ կապ ունեն
արքայադուստրերը, վարգրերը և ինչ-որ կահույք:
-Օ՜յ…
ուրեմն Դուք Ֆյոդոր Անդրեյեվիչը չե՞ք:
-Ո՛չ,
ես եմ: Ասացեք, Դուք ինձ հետ հեռախոսո՞վ եք զրուցել: Հավանաբար շատ շո՞ւտ:
Աղջիկը
դանդաղ նստեց աթոռին և բացեց պայուսակը: Այլ պատմությունների ֆոնին պահարանի մասին
իր պատմությունը իսկապես կարող է առօրեական թվալ և թռչել հոգեբանի հիշողությունից:
Դա դեռ խելքին մոտ բան էր: Բայց ինչպես բացատրել այն, որ ձայնը լրիվ ուրիշ էր՝ ցածր,
խռպոտ, առանց որևէ պատանեկան նոտաների ակնարկի:
-Ոչ
այդքան շուտ: Ես հինգշաբթի օրն եմ զանգել՝ ամսի 20-ին՝ ժամը երեքին: Այն ժամանակ անգամ
ցերեկային ընդմիջում էր:
-Բայց
ես ընդմիջմանը խորհրդատվություն չեմ անցկացնում…. 20-ի՞ն, ասում եք: Հիմա կստուգենք:
Ֆյոդոր
Անդրեյեվիչը թերթեց օրագիրը, և նրա դեմքին սահեց յուրահատուկ մի արտահայտություն՝ հանելուկը
լուծած մարդու պայծառացումը:
-Ա՜,
հիմա ես կարծես թե սկսում եմ հասկանալ: Գիտե՞ք ինչ, Ձեր նշած ժամին ես սենյակում չեմ
եղել: Այնտեղ է եղել իմ հաճախորդներից մեկը: Մեր սեանսը երկար էր, և ընդմիջման կարիք
կար, բայց նա ինձ հետ բուֆետ չեկավ, նա դժվարանում է շարժվել անվասայլակով: Ես խնդրեցի
իմ օգնականին, որ նրա համար թեյ բերի, և ցույց տվեցի, թե ինչպես փոխի անվճար կապի այն
դեպքի համար, եթե նա ձանձրանա ու որոշի զանգել ընկերներին: Ուրեմն Դուք ասում եք, որ
խոսե՞լ եք նրա հետ հեռախոով: Եվ անգամ պիտանի խորհո՞ւրդ եք ստացել:
Նայան
կարողացավ միայն գլխով անել, և հոգեբանը ժպտալով պարզեց ձեռքերը:
-Զարմանալի
մարդ է, ես նրա նմանին դեռ չեմ հանդիպել: Բոլորին փորձում է օգնել, յուրաքանչյուրին
ջերմացնել, բայց ա՛յ իրեն չի կարողանում ինքն իրեն ձեռք մեկնել: Ես նրա հետ հինգ սեանս
եմ անցկացրել, բայց այդպես էլ չեմ կարողացել համոզել նրան, որ ոտքի կկանգնի: Այնուամենայնիվ
նա կայքում այնպիսի ոգեշնչող մեկնաբանություն է թողել, որ օգնականս անգամ լացել է:
Ֆյոդոր
Անդրեյեվիչը մի քանի անգամ կտկտացրեց համակարգչի մկնիկը և մոնիտորը թեքեց աղջկա կողմը:
Բաց
կանաչ ֆոնին ինչ-որ տեքստ էր երևում, իսկ կողքին՝ մոտ քսանհինգ տարեկան մի տղայի լուսանկար:
Նայան ավելի մոտեցավ ու քարացավ: Նա գիտեր այդ մարդուն: Նա արդեն տեսել էր այդ մազերն
ու աչքերը, նրա դիմագծերը, միայն թե մատիտով նկարած տարբերակով:
Աղջկան էր նայում իր ասպետը: Թղթե ասպետը, որին սպասում էր անվաչմուշկներով արքայադուստրը:
-Եգոր,- բարձրաձայն կարդաց նա:
-Այո, Գո՛րան,- գլուխը թափահարեց հոգեբանը:-
Օրերս նա պիտի վիրահատվի: Կարծեմ՝ հենց վաղը: Նա, ախր, սկզբից քայլում էր, բայց հետո
ինչ-որ բան եղավ ողնաշարի հետ… Իսկ հիմա, խնդրում եմ ներել, ինձ հաճախորդ է սպասում:
-Իհարկե,- մեքենայաբար փնթփնթաց Նայան և շրջվեց դեպի դուռը:
-Սպասեք,- ձայն տվեց նրան Ֆյոդոր Անդրեյեվիչը:-
Դուք բան եք մոռացել: Սա հաստատ ինձ համար չէր նախատեսված:
Նա փոխանցեց Նայային սեղանին թողած թխվածքաբլիթով տուփը: Աղջիկը շնորհապարտ գլխով արեց
և դուրս եկավ աշխատասենյակից:
Իր տանը մոտենալուն զուգահեռ նրա քայլերն
արագանում էին: Շուտով Նայան արդեն համարյա վազում էր: Տուն մտնելով՝ աղջիկն անմիջապես
նետվեց դեպի թղթե պահարանը, հանեց ասպետին և զգուշորեն սոսնձեց այն: Իսկ հետո հենարան
սարքեց այնպես, որ նա կարողանար ոտքի վրա կանգնել:
-Կարող ես չհավատալ,- կամաց ասաց նա,-
դա ինձ թող:
Տակդիրով հին բաժակով թեյ եփելով՝ Նայան
նստեց սեղանի շուրջը: Նրա երևակայական գնացքը չշարժվեց տեղից, բայց նա զգում էր, որ
դա երկար չի տևի: Ճամփորդությունը դեռ նոր էր սկսվում, և աղջիկն իր հետ ամենից անհրաժեշտն
էր վերցրել: Սեղանին ներկեր էին դրված, իսկ ծկներին փոքրիկ վարժեցրած վագրիկն էր ֆսֆսում: Միայն վերջին
մասնիկն էր պակասում:
Նա խանութ զանգեց և երկու զույգ անվավոր
չմուշկներ պատվիրեց: Նա չէր կասկածում, որ երկրորդ զույգի կարիքը շատ շուտով կլինի:
Եվ Նայան անգամ գիտեր, թե ում է այն նվիրելու: Թխվածքաբլիթի տուփի վրա խոշոր ձեռագրով
գրված էր հեռախոսի համարը՝ մեծատառ «Գ» տառով: