2014-01-22

ԵՍ-ը կորցնելով.մաս առաջին

Հաճախ որևէ պատահական դեպք,որևէ հարց կամ որևէ պատասխան պատճառ է հանդիսանում,որ դու վերհիշես կամ վերապրես անցյալում թողնված մի հուշ: Հարցը բոլորովին էլ նրանում չէ,թե դու ինչ ունես հիշելու,ո՛չ, հարցը նրանում է,որ, այնուամենայնիվ, կա մի բան, որը անմոռանալի է քեզ համար,թեկուզ անցնեն տարիներ,թեկուզ երկրագունդը իր ուղեծրից կիլոմետրերով շեղվի,թեկուզ դրսում ասեն,թե շուտով աշխարհի վերջն է, ու պետք է ապրել միայն ներկայով,մեկ է,դու անցյալում թողած ունես այնպիսի մի պատմություն,այնպիսի մի ցավ,որը չհիշել ուղղակի չես կարող:

Դեպքը,որ ուզում եմ պատմել,անմիջականորեն կապված է իմ մանկության հետ: Այժմ արդեն ես մանուկ չեմ կամ դեռահաս  կամ երիտասարդ:Այժմ ես հասուն տղամարդ եմ,մեկը ,ով գոհ է իր կյանքից/համենայն դեպս՝ոչ ոք հակառակ կարծիքը չի արտահայտի կողքից նայելով/,ով ունի իր երազած ընտանիքը,ում բախտ է վիճակվել հայրություն անել իր երկու զավակներին,ում ընդհանրապես բախտ է վիճակվել զավակ ունենալ,ու որ ամենակարևորն է,ես մեկն եմ ,ով ուրիշի սխալի վրա իր ճիշտ ապագան կառուցեց:
Տարիները մեզ ավելի խելացի չեն դարձնում,երբե'ք:Ո'չ, ուղղակի տարիների հետ մարդը  ավելի խիստ է դառնում իր հանդեպ,ավելի պահանջկոտ,քան էր մանուկ ժամանակ:Բայց,եթե հաշվենք, որ մանկությունը մի շարք թույլատրելի թերությունների շրջան էր,ապա երբեմն այդ մոլուցքները մեր մեջ չեն մարում: Գուցե անգամ ծիծաղելի հնչի,բայց օրերս դասարանական ամենամյա հավաքից հետո,հանկարծ որոշեցի խելքս,ինչպես դեռ երիտասարդ հասակում էի անում,տալ համացանցին: Չգիտեմ անգամ, որ թվականի արխիվներիցս գտա նոթատետրս,որի մեջ գրանցում էի բոլոր կայքերիս մուտքանունն ու գաղտնաբառը :Մի խոսքով մեծ երեխա լինելն էլ իրհաճույքներն ունի: Հերթական սոցկայքերի,հաճախ այցելած կայքերի մեջ գտա մի կայք,որը իր տեսակով հետաքրքիր մի բան է:Այդ կայքում դու ունենում ես քո էջը,որտեղ մարդիկ ազատորեն կարողանում են  հարցեր ուղղել քեզ,ու ստանալով կամ չստանալով իրենց հարցի պատասխանը,բավարարվում են եղածով:Դե պատկերացրեք, բանակից հետո ես մուտք չէի գործել իմ ոչ մի սոցկայք,ու տվյալ կայքում հարցերի ինչ մեծ կուտակում էր առաջ եկել:Բայց ես,ի զարմանս ինձ,սկսեցի ոչ թե պատասխանել դրանց,այլ ընթերցեցի նախորդ պատասխաններս:Ու այստեղ էր,որ ամեն ինչ սկսվեց՝ կախված իմ այս պատմության հետ:Ինձ ուղղված հարցերի մեջ գտա մի հարց.<<Վախենում եք ,որ այս կյանքում չհասցնեք ի՞նչ անել>>:Պատասխանս կտրուկ էր՝ԱՊՐԵԼ: Ու հանկարծ հիշեցի թե ինչու եմ նման հարցին տվել այդ պատասխանը: