2016-02-20

Հովհաննես Թումանյանը՝ ֆանտաստիկ գրականության հիմնադիր

Շուրջ մեկ դար է բաժանում մեզ հայոց մեծ բանաստեղծից, հեղինակի մահից հետո գրողների ոչ մեկ սերունդ է անցել, փոխվել է կյանքը, զարգացել գրականությունը, և՛ հայ և՛ համաշխարհային գրականությունները սկսել են զարգանալ տարբեր ուղիներով, երևան են եկել նոր ժանրեր, նոր մոտեցումներ, և վերջապես կյանքի փոփոխման այս բովում նույնը չէ նաև ընթերցողը:  Կյանքի ռիթմի և նորագույն տեղնոլոգիաների 21-րդ դարում կյանքը թռչում է անսովոր արագությամբ, այն, ինչ հետաքրքիր ու կարևոր էր թվում երեկ, այսօր  դառնում է երկրորդական, շատ դեպքերում անգամ մոռացվում: Չես կարող գնահատել կյանքը անցյալ դարի չափանիշներով, բայց կյանքի այս խելահեղ թռիչքի համապատկերում առանձնանում և պարզապես բարձրանում է Հովհաննես Թումանյանը: Հայ մեծագույն բանաստեղծը չի ենթարկվում ժամանակատարածական և ոչ մի օրենքի, նա գալիս է ժամանակի խորքից, բերում իր հետ անցյալի շունչը, բայց և մնում նորօրյա ու արդիական: Հեղինակի գործերը գրված են գրեթե մեկ դար առաջ, բայց մոգական մի ուժով, ամենասերտ կապերով կապվում են ներկային:
Ամենատարբեր ժանրերով ու թեմաներով ստեղծագործող հեղինակը, ում գրչի տակ թրծվել են հայրենասիրական, սիրային, փիլիսոփայական, սոցիալական և այլ թեմաներ, ամենից առավել սիրում էր գրել մանուկների համար, մանուկների լեզվով: Հովհ. Թունամյանի ստեղծագործության զգալի մասը կազմում են հեքիաթները. Թումանյան մանկագիրը յուրահատուկ կողմերով և յուրահատուկ փիլիսոփայությամբ է անդրադառնում մանկական հոգեբանությանը, նա ամենից առավել կաևորում է գալիքի սերունդը և գրում նրա համար: Հեղինակի հեքիաթները վառ են ու գունավոր, լեցուն մանկական պարզամտությամբ ու մաքրությամբ, բայց մանկագիր Թումանյանը տարբերվում է այլ մանկագիրներից և թերևս ինչ-որ տեղ նմանվում միայն Հանս Քրիստիան Անդերսենին: Հ. Թումանյանը, ինչպես և Հ. Անդերսենը, անշուշտ գրում է փոքրերի համար, բայց նրա ամենապարզ հեքիաթներն անգամ հասցեագրված են նաև մեծերին: Որ տարիքում էլ որ լինի մարդը ու որերորդ անգամ էլ կարդա թումանյանական հեքիաթը, միևնույն է, ամեն անգամ այն կարդալով, անկասկած նոր բան կգտնի, կնայի դրանց այլ տեսանկյունից, կխորանա փիլիսոփայության մեջ, ու հավատացեք, հաստատապես այդ հեքիաթները ճիշտ խորհուրդ ու ճիշտ ուղղություն կտան մարդուն ցանկացած պարագայում:
Թումանյանական հեքիաթներից առանձնացնենք թերևս կյանքի վերջին շրջանի ստեղծագործություններից մեկը՝ հեքիաթ-պոեմ «Հազարան բլբուլը», որը, ցավոք սրտի, հեղինակը չի հասցրել ավարտել, այն մնացել է կիսատ, բայց Թումանյանի հուշերը վկայում են, որ իր ողջ ստեղծագործության ընթացքում նրա մեջ խմորվում էր այդ նյութը, Հր. Թամրազյանի բնորոշմամբ՝ ««Հազարան բլբուլը» Թումանյանի համար նվիրական իդեալ էր» (Թամրազյան Հ., Երկեր, հ. 2., Երևան, 2009, էջ 237): Հեղինակն այն անվանում է իր լավագույն ստեղծագործությունը, որ պետք է դառնար իր ստեղծագործությունների պսակը:
 Գրվելով անցյալ դարի սկզբին՝ «Հազարան բլբուլ» հեքիաթ-պոեմը կանգնած է ժամանակի երակին ու անեթևույթ գծերով կապվում է ներկա օրերի, ներկա գրականության հետ, այն ասես կոչ է, ձայն՝ ուղղված գալիք սերունդներին:
Այսօր հայ և համաշխարհային գրականության մեջ բարձրանում է երևակայական գրականությունը, երբ ստեղծագործությունների մեջ իրենց ուրույն տեղն են գտնում ֆանտաստիկ, հեքիաթային, դիացաբանական տարրերը: Ֆիլմոգրաֆիան, գրքերը մեծ չափով նվիրված են այդ բարձրացող ժանրերին, մեծ է այդ ստեղծագործությունների պահանջարկը, ընթերցողը գնահատում է կյանքի ռիթմին զուգահեռ քայլող և այդ ռիթմը բնորոշող ֆանտաստիկ ստեղծագործությունները: Եվ անգամ նորօրյա այս ժանրերի պարագայում Թումանյանի գրիչը առաջ է անցնում բոլորից: Դեռևս 1914թ.-ին հեղինակն արդեն ստեղծագործում է այդ թեմատիկայով. «Հազարան Բլբուլը» այդ ժանրի նախատիպն է, այնտեղ նույնպես երևան են գալիս դիցաբանական տարբեր տարրեր՝ կախարդական հազարան բլբուլը, որ պետք է վերակենդանացնի այգին, մետամորֆոզի ենթարկված՝ կենդանի դարձած մարդկանց նորից մարդ դարձնի, բուժի ծեր արքային: Հեքիաթում կարելի է գտնել ջրահարսերին նույնացվող  հավերժահարսերին, որ ճանապարհից շեղում և կործանում են ասպետներին, կարելի է գտնել ժամանակը խորհրդանշող երկար մորուքով ծերունուն, ով կանգնած է ճամփաբաժանին և իր խորհուրդներով օգնում է անցորդներին: Հեքիաթ-պոեմում կան նաև երեք արքայազնները, ովքեր ճանապարհորդում են կախարդական աշխարհներով: Ստեղծագործությունում ամբողջովին խախտված են ժամանակատարածական հիմքերը, հերոսները անցնում են հեռավոր տարածքներ կարճ ժամանակամիջոցներում, թռչում, հասնում երկնքին, հեշտությամբ լողում ծովերի վրայով և այլն:

Այսպիսով, թումանյանական հեքիաթ-պոեմը, որը հեղինակը մշակել է ավելի քան վաթսուն նախատիպերից, ամբողջությամբ կրում է թումանյանական կնիքը, յուրօրինակ է, տարբերվող, հասցեագրված է ոչ այնքան իր ժամանակին, որքան մեր՝ ապագա սերունդներին… Այս ստեղծագործությունն ամբողջությամբ համապատասխանում, նույնիսկ գերազանցում է մերօրյա ֆանտաստիկ և ֆենթեզի գրականությանը, դառնում անգամ նրա նախահիմքը դեռևս 1914-ական թվականներին: 

Հեղինակ՝ Աստղիկ Սողոյան

«Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...». Պատգամ թե՞ օրհնություն


Թումանյանական հոգին ամենատես է: Նրա մաքուր ու պարզ, հողին հարազատ էությունը թափանցել է կյանքի խորքերը, մարդկանց սրտերը, քննել ու տխրել է, զգացել և ուրախացել է, բայց երբեք չի չարացել: Երբեմն հուսահատվել է, բայց հավատացել է գալիքին, սերունդներին է թողել իր խորաթափանցությունն ու փորձը: Հենց այդպիսի փորձի արդյունք է «Հին օրհնություն»-ը: Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ օրհնությունը հին է, այնքան հին, որքան մարդկությունը, և բանաստեղծության մեջ արծարծված թեման հավերժական խնդիրներից մեկն է:
Միշտ էլ հայրերն իրենց որդիների համար ցանկացել են ամենալավը, ամենագեղեցիկը: Ցանկացել են, որ իրենց հաջորդող սերունդներն ապրեն փառքի ու բարիքի մեջ, չտեսնեն վիշտ ու ցավ, սակայն մեր պապերն իրենց` ակոսված ու քրտինքից խաշված ճակատների վրա զգացել են տանջանքի համը, աշխարհի դառնությունը: Լավագույնը ցանկանալով` իրենց որդիներին օրհնել են հետևյալ տողերով`
«Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Հայ ժողովրդի վշտի ու ձգտումների խտացումն է այս բանաստեղծությունը: Հին, նահապետական գյուղի գեղեցիկ նկարագրությունից բացի, տեսնում ենք անբախտ պապերին և հայրերին, ովքեր կյանքի տառապանքի միջով անցնելով` մեկ ուրիշ կյանք են ուզում իրենց զավակների համար: Այս բանաստեղծությունը միայն նահապետական բարքերի նկարագրություն չէ: Այստեղ պարզորոշ երևում է գյուղացու մտահոգությունն ու չարքաշ կյանքը: Եվ տարիներն անցնում են, փոխվում են միայն զվարթ երգերը… դառնում են վշտալի: Եվ դարձյալ իր զավակին օրհնելիս գյուղացին նույն խոսքն է ասում.
«Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Թումանյանը շեշտում է, որ հսկա ընկուզենու տակ նստել էին`
« Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։»
Սերունդների փոխհարաբերությունն ու տարբերությունն է ի ցույց դրված: Ի տարբերություն հսկա պապերի, նրանք հսկա չեն, և իրենց գյուղի տերն էլ չեն: Ինչպես ընկուզենին է հսկա, այնպես էլ` պապերը, ինչպես ընկուզենին է արմատավորվել, ճյուղավորվել, այնպես էլ` պապերն իրենց սերունդներով: Ընկուզենին իր արմատներով կառչած է հողին, պապերն էլ են կառչած, սակայն նոր սերունդի մասին խոսք չկա, նրանք այլևս չեն հավաքվում ընկուզենու տակ, հին արժեքային համակարգը խարխլված է: Նախորդների և հաջորդներ հավերժական բողոքն ու դժգոհությունն է գալիք սերունդի նկատմամբ: Սակայն մի բան կա, որ չի փոխվում` հողի մարդու հոգսաշատ կյանքն ու երգերը: Ընդհակառակն, որքան անցնում են տարիներն ու մարդիկ փոխարինում են միմյանց, ամեն ինչ ավելի դժվար և անհասկանալի է դառնում: Իսկ թե´ ցավի, թե´ ուրախության պահերին ասում են միևնույն խոսքը.
― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Ինչպես կարող են սերունդներն իրար պես ապրել. չէ՞ որ ոչ մեկը մյուսի պես չի ապրում, բոլորն էլ իրենց խաչի տակ են կքած, և ինչու՞ են սերունդներն իրար ավանդում այդ պատգամը: Քանզի ոչ մի սերունդ իր նախորդին չի լսում, և միայն կյանքի մայրամուտին հասնելիս է հասկանում այդ խոսքերի էությունը: Երբ երկար տարիների անդուլ աշխատանքից հետո ետ է նայում, հասկանում է, որ իր քրտինքը գետեր է կապել, սակայն իր ոչ մի հոգսը այդ գետում չի խեղդվել: Տարիներ շարունակ բանելով արարել է, բայց իր սեղանին դարձյալ ոչինչ չի ավելացել:
Մանկական ժիր ու զիլ երգերը, որոնք նույնքան անհոգ են, որքան մանկությունը, մի օր դառնում են տխուր, հասուն և հոգսաշատ: Այդ երգերից այլևս ոչինչ չի մնում, մարդու սիրտն է լաց լինում, երգն ինչպե՞ս կարող է զվարթ լինել:
Պատահական չէ, որ Թումանյանին ամենայն հայոց բանաստեղծ և փիլիսոփա ենք կոչում: Նա մեկ կամ երկու բառով այնպիսի խորություն է ստեղծում, որը նմանվում է անհատակ ծովի: Առաջին տան մեջ ասում է.
…Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած…
Մնացած տներում նա չի շեշտում կամ անդրադառնում այս արտահայտությանը, սակայն հասկանալի է, որ անգամ սա է անցել, անգամ այս պարզ գեղջկական ադաթը չի մնացել: Եվ որքա՜ն ցավալի է այն գիտակցությունը, որ ոչինչ այլևս նույնը չի լինի, իսկ անբախտ պապերին տանջող ցավը, հիմա իրենց է տանջում: Եվ խմում են լիքը բաժակները…լի դառնությամբ…խմում են` կուլ տալով տարիների չարչարանքն ու անքնությունը: Խմում են այն սերունդների կենացը, որի հետ պայծառ հույսեր են կապում, այն սերունդի, որը ապագայի խորհրդանիշը պիտի դառնա: Սերունդ, որն արշալույսներ պիտի բերի ու քաղցր նինջ, հողին` բերրիություն, իսկ իրենց հոգսերն` թեթևություն:
Եվ այս պատգամ-օրհնությունն էլ, որ սերնդեսերունդ փոխանցվում է, ոչ թե օրհնություն է, այլ հին ու դառն օրերի համառոտ վեպ:

Հովհաննես Թումանյան. հայ ժողովրդի կենսագիրը (147 տ. )

 Հովհաննես Թումանյան. հայ  ժողովրդի ազնիվ կենսագիրը
(1869-1923)
 Թվում է՝ Թումանյան հեղինակի մեջ որևէ հանլելուկ, ուսումնասիրման որևէ նոր նյութ չի մնացել: Թվում է, թե ամեն ինչ ասել են այս Լոռեցի հանճարի մասին, ասել են, այն էլ ինձնից հազար գլուխ ավելի լավ: Թումանյանը մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրված այն փոքրաթիվ գրողներից է, ով դեռ մանկուց արմատավորվում է ցանկացած հայի մեջ: Ինձ թվում է՝ կարիք չկա պատմելու բոլորիս քաջ ծանոթ այն պատմությունը, երբ Իսահակյանին շփոթում են Թումանյանի հետ: Սա և սրա պես շատ դեպքեր ապացույց են, որ Թումանյանը, ի տարբերություն մեր շատ ու շատ գրողների, դեռևս կնդանության օրոք մեծ ճանաչում էր ձեռք բերել և վայելում էր  ժողովրդական սերը:
Թումանյան հանճարը վաղուց արդեն դադարել է դիտարկվել որոշակի ժամանակահատվածի մեջ: Թումանյանը դուրս է տարածության ու ժամանակի կաշկանդող կապերից. Նա կար երեկ, կա այսօր, և դեռ լինելու է այնքան, որքան ապրելու է նրա մտահոգության առարկա ժողովուրդը:
Դիտարկել Թումանյանին միայն մի որոշակի շրջափուլի մեջ, կնշանակի վիրավորել նրա անձը: Առանց նշույլ իսկ չափազանցության: Ինչպես կարող ենք կաշկանդել նման գիգանտ մտածողին, երբ նրա երկերը համազգայինի քողով ներկայացնում են համամարդկայինը, երբ նա՝ իր գեղարվեստական մտքի ու պարզ հոգու ներդաշնակությամբ կերտել է անմեռ հերոսներ: Որքան որ անմեռ են նրա հերոսները, նույնքան և անմեռ է Թումանյան հանճարի հիշատակը մեր մեջ:
Թումանյանը ավելի, քան ուրիշ մեկը, արդարև արժանացել է  «ամենայն հայոց բանաստեղծ» կոչմանն ու պարտավորությանը: Նա,ավելի, քան ուրիշը արժանի է կրելու հայ ժողովրդի կենսագիր տիտղոսը, և դիպուկ է նկատել Սևակը, որ
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում - նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...    
(Պ. Սևակ, Անլռելի Զանգակատուն)  

Թումանյանը Թիֆլիսում Սայաթ Նովայի ծննդյան տոնակատարությունների մասին խոսելիս գրում է, որ կան մի խումբ մարդիկ, ովքեր կարծում են, թե Սայաթ-Նովան մոդայիկ է դարձել, և որ կգա ժամանակը, և նրա անունն էլ կխամրի հայ գրականության երկնակամարում: Թումանյանը հակադարձում է նրանց, ասելով. «Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի. Նրան մին լսողը երկրորդ անգամ լսեսլիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա»: Ի՞նչ իմանար այս հմուտ հանճարը, որ իր մահից 147 տարի հետո էլ նրա համերկրացի մեկը,  նայելով ուղիղ ճշմարտության աչքերին, պիտի նույնը ասի հենց իր մասին:
Ընդհանրապես հայտնի բան է, որ չափածո ժանրերը ամենաինտիմն են, սակայն շատ հաճախ բանաստեղծական ձևը, կառույցը, պարփակվածությունը հնարավորություն չեն տալիս խոսել որևէ թեմայի շուրջ նույնքան ազատ, գունեղ ու համակողմանի, ինչպես դա հնարավոր է անել արձակի միջոցով: Այս պարագայում ես չեմ ուզում անդրադառնալ Թումանյանի գեղարվեստական արձակին: Ես ուզում եմ քննության առնել Թումանյանի մարդ տեսակը, նրա մտահոգությունների շրջանակը՝ ելնելով նրա իսկ  հոդվածներից: Ի դեպ դրանցից որոշներում արծարծվող թեմաները այնքան արդիական են, որ շարունակում են պահպանել իրենց կարի անհրաժեշտ լուծում գտնելու պահանջը ցայսօր:
Դատողությություններ անելով մարդու կեղծիք սիրող բնավորության մասին՝ իր «Անկեղծ չենք» հոդվածում Թումանյանը ցավով արձանագրում է, որ «…Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՛րքան դերասաններ ունի...»: Նա ամբողջ սրտով ընդդիմանում է այդ կեղծապաշտ մարդկանց գոյության դեմ, քանի որ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»: Կյանքի այդ ստակուռ նվաստներին նա նա խարազանում է «ցածեր և կեղծավորներ» դիմորոշմամբ; Սակայն ցավը նա համարում է ոչ միայն այդպիսիների գոյությունը, այլ նաև այն, որ այդպիսնիները սնվում և իրենց դերը շարունակում են խաղալ ժողովրդի անունից: Նրան համար ստեղծված է մի անպատժելիության միջավայր, քանի որ «ձայն մեծամասնության է ճշմարտություն»: Նա իր հոդվածը սկսում է մի նախադասությամբ, որը կարծես թե գրված է ոչ թե դարուկես առաջվա իրականության մասին, այլ այն իրականության, որում մենք ենք ապրում: Թումանյանը գրում է. «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»:
Ընդամենը 54 տարի ապրած ամենայն հայոց բանստեղծը իր հոգուն ծանրացած Մեծ ցավի մասին խոսում է համանուն հոդվածում: Նա, որ հասցրել էր ծառայել իր ազգին, իր  ժողովրդին հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, նա որ իր կյանքը հրապարակ էր դարձրել, իրեն էլ «խալխի նոքար» (ինչպես կասեր Ս. Նովան), ցավում էր, շատ էր ցավում, որ այդ նույն ժողովուրդը չէր գնահատում, չէր ճանաչում ինքն իրեն: Ժողովրդի ցավով ապրող բանաստեղծը մեծագույն ցավ էր համարում, ոչ թե այն, որ օտարերկրացիները մեզ չեն ճանաչում, այլ այն, որ «Մենք էլ մեզ չենք ճանաչում»: «Երկիր ունենք  չենք ճանաչում, պատմություն ունենք  չենք ճանաչում, ժողովուրդ ունենք  չենք ճանաչում, գրականություն ունենք  չենք ճանաչում, լեզու ունենք չենք իմանում»,- սրտակեղեք փաստագրում է հեղինակը: Նրան զայրացնում է այն հանգամանքը, որ մեր մեջ բույն է դրել օտարամոլությունը, և այն, որ պատմությունը մեզ դաս չի տվել. «պատմություն ունենք-տգետ ենք»:  Հեղինակի արդիականություն կուզեք ասել, թե մարգարեություն, միևնույն է, փաստը մնում է փաստ, այն ցավը, որ կեղեքում էր մեծն բանաստեղծին, այսօր նոր ուժգնությամբ ու նոր հորձանքով կանգնել է ժողովրդիս կոկորդին, ու սպառնում է մարսողական խանգարում առաջ բերել, եթե նա չհանձնվի: Եվ ուզում եմ հավատալ, որ Սևակը չի սխալվել, ասելով, թե «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը կծնի մի նոր Թումանյան, ով կշարունակի իր անվանադիր նախնու պայքարն ու պատգամը:
 Հետաքրքիր ու հետաքրքրաշարժ է նրա «Ձևն ու հոգին» հոդվածը, որտեղ ընդհանուր առմամբ խոսում է հայ թատերգության ու թատրոնի կանխատեսելի մահվան մասին: Սակայն մինչ բուն նյութին անցնելը Թումանյանը հետաքրքիր դատողություններ է անում ձևի և բովանդակության վերաբերյալ, և ցավով ընդունում այն փաստը, որ հաճախ մարդը ապավինում է ձևին՝ մոռանալով հոգու կարևորության մասին. «Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը  ձևը և ներքին իմաստը հոգին:  Ապրողը,  գեղեցիկը,  կատարյալը  դրանց  ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը,  դժբախտաբար,  շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է: Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքինիմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անուններովլոկ ձևեր են պաշտում»:
Ավարտելով այս փոքրիկ քննություն-վերլուծությունը՝ ուզում եմ անդրադառնալ Թումանյանի «Նորերի համար» հոդվածին: Այն թեման, որ արծարծվում է այստեղ, ավելի քան շնչակտուր-արդիական է: Այսօր, որքան էլ ցավալի չլինի դա, հայ գրականության երիտսարդ ներկայացուցիչները կամ անտեսված են, կամ տաղանդները մերժված են ու առաջ են մղված այնպիսի դատարկագլուխներ, որոնք հայաբառ անգամ գրել չգիտեն, ուր մնաց՝ հայերեն ու հայեցի: Վերոնշյալ հոդվածում Թումանյանը ևս ցավում է այն տաղանդների համար, ովքեր անտարբերության կամ ծաղրի զոհ են դառնում. «Հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ: Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց: Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին՝ այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա»: Թումանյանը գիտակցում էր, ի տարբերություն ծաղրող կրիտիկոսների, որ սերնդափոխությունը բնական-կենսաբանական երևույթ է; Եվ որ ավագ սերունդը ոչ թե պետք է խեղդի նոր ծլող սերմերը, այլ խնամի դրանք, և ուղղորդի ճշմարտության շառավիղներով: Հները կան այո՛, բայց ՆՈՐԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ:

Հեղինակ՝ Արման Վերանյան