2016-02-20

«Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...». Պատգամ թե՞ օրհնություն


Թումանյանական հոգին ամենատես է: Նրա մաքուր ու պարզ, հողին հարազատ էությունը թափանցել է կյանքի խորքերը, մարդկանց սրտերը, քննել ու տխրել է, զգացել և ուրախացել է, բայց երբեք չի չարացել: Երբեմն հուսահատվել է, բայց հավատացել է գալիքին, սերունդներին է թողել իր խորաթափանցությունն ու փորձը: Հենց այդպիսի փորձի արդյունք է «Հին օրհնություն»-ը: Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ օրհնությունը հին է, այնքան հին, որքան մարդկությունը, և բանաստեղծության մեջ արծարծված թեման հավերժական խնդիրներից մեկն է:
Միշտ էլ հայրերն իրենց որդիների համար ցանկացել են ամենալավը, ամենագեղեցիկը: Ցանկացել են, որ իրենց հաջորդող սերունդներն ապրեն փառքի ու բարիքի մեջ, չտեսնեն վիշտ ու ցավ, սակայն մեր պապերն իրենց` ակոսված ու քրտինքից խաշված ճակատների վրա զգացել են տանջանքի համը, աշխարհի դառնությունը: Լավագույնը ցանկանալով` իրենց որդիներին օրհնել են հետևյալ տողերով`
«Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Հայ ժողովրդի վշտի ու ձգտումների խտացումն է այս բանաստեղծությունը: Հին, նահապետական գյուղի գեղեցիկ նկարագրությունից բացի, տեսնում ենք անբախտ պապերին և հայրերին, ովքեր կյանքի տառապանքի միջով անցնելով` մեկ ուրիշ կյանք են ուզում իրենց զավակների համար: Այս բանաստեղծությունը միայն նահապետական բարքերի նկարագրություն չէ: Այստեղ պարզորոշ երևում է գյուղացու մտահոգությունն ու չարքաշ կյանքը: Եվ տարիներն անցնում են, փոխվում են միայն զվարթ երգերը… դառնում են վշտալի: Եվ դարձյալ իր զավակին օրհնելիս գյուղացին նույն խոսքն է ասում.
«Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Թումանյանը շեշտում է, որ հսկա ընկուզենու տակ նստել էին`
« Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։»
Սերունդների փոխհարաբերությունն ու տարբերությունն է ի ցույց դրված: Ի տարբերություն հսկա պապերի, նրանք հսկա չեն, և իրենց գյուղի տերն էլ չեն: Ինչպես ընկուզենին է հսկա, այնպես էլ` պապերը, ինչպես ընկուզենին է արմատավորվել, ճյուղավորվել, այնպես էլ` պապերն իրենց սերունդներով: Ընկուզենին իր արմատներով կառչած է հողին, պապերն էլ են կառչած, սակայն նոր սերունդի մասին խոսք չկա, նրանք այլևս չեն հավաքվում ընկուզենու տակ, հին արժեքային համակարգը խարխլված է: Նախորդների և հաջորդներ հավերժական բողոքն ու դժգոհությունն է գալիք սերունդի նկատմամբ: Սակայն մի բան կա, որ չի փոխվում` հողի մարդու հոգսաշատ կյանքն ու երգերը: Ընդհակառակն, որքան անցնում են տարիներն ու մարդիկ փոխարինում են միմյանց, ամեն ինչ ավելի դժվար և անհասկանալի է դառնում: Իսկ թե´ ցավի, թե´ ուրախության պահերին ասում են միևնույն խոսքը.
― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Ինչպես կարող են սերունդներն իրար պես ապրել. չէ՞ որ ոչ մեկը մյուսի պես չի ապրում, բոլորն էլ իրենց խաչի տակ են կքած, և ինչու՞ են սերունդներն իրար ավանդում այդ պատգամը: Քանզի ոչ մի սերունդ իր նախորդին չի լսում, և միայն կյանքի մայրամուտին հասնելիս է հասկանում այդ խոսքերի էությունը: Երբ երկար տարիների անդուլ աշխատանքից հետո ետ է նայում, հասկանում է, որ իր քրտինքը գետեր է կապել, սակայն իր ոչ մի հոգսը այդ գետում չի խեղդվել: Տարիներ շարունակ բանելով արարել է, բայց իր սեղանին դարձյալ ոչինչ չի ավելացել:
Մանկական ժիր ու զիլ երգերը, որոնք նույնքան անհոգ են, որքան մանկությունը, մի օր դառնում են տխուր, հասուն և հոգսաշատ: Այդ երգերից այլևս ոչինչ չի մնում, մարդու սիրտն է լաց լինում, երգն ինչպե՞ս կարող է զվարթ լինել:
Պատահական չէ, որ Թումանյանին ամենայն հայոց բանաստեղծ և փիլիսոփա ենք կոչում: Նա մեկ կամ երկու բառով այնպիսի խորություն է ստեղծում, որը նմանվում է անհատակ ծովի: Առաջին տան մեջ ասում է.
…Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած…
Մնացած տներում նա չի շեշտում կամ անդրադառնում այս արտահայտությանը, սակայն հասկանալի է, որ անգամ սա է անցել, անգամ այս պարզ գեղջկական ադաթը չի մնացել: Եվ որքա՜ն ցավալի է այն գիտակցությունը, որ ոչինչ այլևս նույնը չի լինի, իսկ անբախտ պապերին տանջող ցավը, հիմա իրենց է տանջում: Եվ խմում են լիքը բաժակները…լի դառնությամբ…խմում են` կուլ տալով տարիների չարչարանքն ու անքնությունը: Խմում են այն սերունդների կենացը, որի հետ պայծառ հույսեր են կապում, այն սերունդի, որը ապագայի խորհրդանիշը պիտի դառնա: Սերունդ, որն արշալույսներ պիտի բերի ու քաղցր նինջ, հողին` բերրիություն, իսկ իրենց հոգսերն` թեթևություն:
Եվ այս պատգամ-օրհնությունն էլ, որ սերնդեսերունդ փոխանցվում է, ոչ թե օրհնություն է, այլ հին ու դառն օրերի համառոտ վեպ:

Комментариев нет: