Շուրջ մեկ դար է բաժանում մեզ հայոց մեծ բանաստեղծից,
հեղինակի մահից հետո գրողների ոչ մեկ սերունդ է անցել, փոխվել է կյանքը, զարգացել գրականությունը,
և՛ հայ և՛ համաշխարհային գրականությունները սկսել են զարգանալ տարբեր ուղիներով, երևան
են եկել նոր ժանրեր, նոր մոտեցումներ, և վերջապես կյանքի փոփոխման այս բովում նույնը
չէ նաև ընթերցողը: Կյանքի ռիթմի և նորագույն
տեղնոլոգիաների 21-րդ դարում կյանքը թռչում է անսովոր արագությամբ, այն, ինչ հետաքրքիր
ու կարևոր էր թվում երեկ, այսօր դառնում է
երկրորդական, շատ դեպքերում անգամ մոռացվում: Չես կարող գնահատել կյանքը անցյալ դարի
չափանիշներով, բայց կյանքի այս խելահեղ թռիչքի համապատկերում առանձնանում և պարզապես
բարձրանում է Հովհաննես Թումանյանը: Հայ մեծագույն բանաստեղծը չի ենթարկվում ժամանակատարածական
և ոչ մի օրենքի, նա գալիս է ժամանակի խորքից, բերում իր հետ անցյալի շունչը, բայց և
մնում նորօրյա ու արդիական: Հեղինակի գործերը գրված են գրեթե մեկ դար առաջ, բայց մոգական
մի ուժով, ամենասերտ կապերով կապվում են ներկային:
Ամենատարբեր ժանրերով ու թեմաներով ստեղծագործող
հեղինակը, ում գրչի տակ թրծվել են հայրենասիրական, սիրային, փիլիսոփայական, սոցիալական
և այլ թեմաներ, ամենից առավել սիրում էր գրել մանուկների համար, մանուկների լեզվով:
Հովհ. Թունամյանի ստեղծագործության զգալի մասը կազմում են հեքիաթները. Թումանյան մանկագիրը
յուրահատուկ կողմերով և յուրահատուկ փիլիսոփայությամբ է անդրադառնում մանկական հոգեբանությանը,
նա ամենից առավել կաևորում է գալիքի սերունդը և գրում նրա համար: Հեղինակի հեքիաթները
վառ են ու գունավոր, լեցուն մանկական պարզամտությամբ ու մաքրությամբ, բայց մանկագիր
Թումանյանը տարբերվում է այլ մանկագիրներից և թերևս ինչ-որ տեղ նմանվում միայն Հանս
Քրիստիան Անդերսենին: Հ. Թումանյանը, ինչպես և Հ. Անդերսենը, անշուշտ գրում է փոքրերի
համար, բայց նրա ամենապարզ հեքիաթներն անգամ հասցեագրված են նաև մեծերին: Որ տարիքում
էլ որ լինի մարդը ու որերորդ անգամ էլ կարդա թումանյանական հեքիաթը, միևնույն է, ամեն
անգամ այն կարդալով, անկասկած նոր բան կգտնի, կնայի դրանց այլ տեսանկյունից, կխորանա
փիլիսոփայության մեջ, ու հավատացեք, հաստատապես այդ հեքիաթները ճիշտ խորհուրդ ու ճիշտ
ուղղություն կտան մարդուն ցանկացած պարագայում:
Թումանյանական հեքիաթներից առանձնացնենք թերևս կյանքի
վերջին շրջանի ստեղծագործություններից մեկը՝ հեքիաթ-պոեմ «Հազարան բլբուլը», որը, ցավոք
սրտի, հեղինակը չի հասցրել ավարտել, այն մնացել է կիսատ, բայց Թումանյանի հուշերը վկայում
են, որ իր ողջ ստեղծագործության ընթացքում նրա մեջ խմորվում էր այդ նյութը, Հր. Թամրազյանի
բնորոշմամբ՝ ««Հազարան բլբուլը» Թումանյանի համար նվիրական իդեալ էր» (Թամրազյան Հ., Երկեր, հ. 2., Երևան, 2009, էջ
237): Հեղինակն այն անվանում է իր լավագույն
ստեղծագործությունը, որ պետք է դառնար իր ստեղծագործությունների պսակը:
Գրվելով անցյալ դարի սկզբին՝ «Հազարան բլբուլ» հեքիաթ-պոեմը կանգնած է ժամանակի երակին ու անեթևույթ գծերով կապվում է ներկա օրերի, ներկա գրականության հետ, այն ասես կոչ է, ձայն՝ ուղղված գալիք սերունդներին:
Այսօր հայ և համաշխարհային գրականության մեջ բարձրանում
է երևակայական գրականությունը, երբ ստեղծագործությունների մեջ իրենց ուրույն տեղն են
գտնում ֆանտաստիկ, հեքիաթային, դիացաբանական տարրերը: Ֆիլմոգրաֆիան, գրքերը մեծ չափով
նվիրված են այդ բարձրացող ժանրերին, մեծ է այդ ստեղծագործությունների պահանջարկը, ընթերցողը
գնահատում է կյանքի ռիթմին զուգահեռ քայլող և այդ ռիթմը բնորոշող ֆանտաստիկ ստեղծագործությունները:
Եվ անգամ նորօրյա այս ժանրերի պարագայում Թումանյանի գրիչը առաջ է անցնում բոլորից:
Դեռևս 1914թ.-ին հեղինակն արդեն ստեղծագործում է այդ թեմատիկայով. «Հազարան Բլբուլը»
այդ ժանրի նախատիպն է, այնտեղ նույնպես երևան են գալիս դիցաբանական տարբեր տարրեր՝
կախարդական հազարան բլբուլը, որ պետք է վերակենդանացնի այգին, մետամորֆոզի ենթարկված՝
կենդանի դարձած մարդկանց նորից մարդ դարձնի, բուժի ծեր արքային: Հեքիաթում կարելի է
գտնել ջրահարսերին նույնացվող հավերժահարսերին,
որ ճանապարհից շեղում և կործանում են ասպետներին, կարելի է գտնել ժամանակը խորհրդանշող
երկար մորուքով ծերունուն, ով կանգնած է ճամփաբաժանին և իր խորհուրդներով օգնում է
անցորդներին: Հեքիաթ-պոեմում կան նաև երեք արքայազնները, ովքեր ճանապարհորդում են կախարդական
աշխարհներով: Ստեղծագործությունում ամբողջովին խախտված են ժամանակատարածական հիմքերը,
հերոսները անցնում են հեռավոր տարածքներ կարճ ժամանակամիջոցներում, թռչում, հասնում
երկնքին, հեշտությամբ լողում ծովերի վրայով և այլն:
Այսպիսով, թումանյանական հեքիաթ-պոեմը, որը հեղինակը
մշակել է ավելի քան վաթսուն նախատիպերից, ամբողջությամբ կրում է թումանյանական կնիքը,
յուրօրինակ է, տարբերվող, հասցեագրված է ոչ այնքան իր ժամանակին, որքան մեր՝ ապագա
սերունդներին… Այս ստեղծագործությունն ամբողջությամբ համապատասխանում, նույնիսկ գերազանցում
է մերօրյա ֆանտաստիկ և ֆենթեզի գրականությանը, դառնում անգամ նրա նախահիմքը դեռևս
1914-ական թվականներին:
Հեղինակ՝ Աստղիկ Սողոյան
Комментариев нет:
Отправить комментарий