2016-12-10

Օ' Հենրի «Վերջին տերևը»

Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։
Եվ ահա արվեստի մարդիկ պատահաբար ընկան Գրինվիչ֊Վիլլիջ յուրօրինակ թաղամասը՝ փնտրելով դեպի հյուսիս նայող պատուհաններ, 18-րդ դարի տանիքներ, հոլանդական ձեղնասենյակներ և էժան սենյակի վարձ։ Ապա նրանք Վեցերորդ ավենյուից այստեղ բերեցին մի քանի անագե գավաթներ, մեկ-երկու կրակարան և հիմնեցին իրենց «գաղութը»։
Սյուի և Ջոնսիի ստուդիան գտնվում էր մի աղյուսե եռահարկ տան վերևում։ Ջոնսին Ջոաննա անվան կրճատ ձևն էր։ Նրանցից մեկը եկել էր Մեյն նահանգից, մյուսը՝ Կալիֆոռնիայից։ Նրանք ծանոթացել էին Ութերորդ փողոցի մի փոքրիկ ռեստորանում, ընդհանուր սեղանի մոտ և գտել էին, որ իրենց հայացքները արվեստի, եղերդակի սալաթի և մոդայիկ թևքերի մասին լիովին համընկնում են։ Դրա հետևանքով կազմվեց ընդհանուր ստուդիան։Դա մայիսին էր։ Նոյեմբերին անբարեհամբույր այն օտարականը, որին բժիշկներն անվանում են «Թոքաբորբ», անտեսանելիորեն անցավ գաղութով, իր սառցե մատները դիպցնելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արևելյան թաղով այդ հոգեառը քայլում էր համարձակ՝ հարվածելով տասնյակ զոհերի, բայց այստեղ, մամռածածկ նեղ փողոցների լաբիրինթոսում, նա քարշ էր գալիս քայլ առ քայլ։
Պարոն «Թոքաբորբին» ոչ մի կերպ չէր կարելի նրբակիրթ ծեր ջենտլմեն համարել։ Վտիտ աղջիկը, որ Կալիֆոռնիայի զեփյուռից արյան պակասություն ուներ, հազիվ թե արժանի հակառակորդ համարվեր կարմիր, մեծ բռունցքներով ու շնչարգելությամբ տառապող պնդակազմ ծեր բթամիտին։ Սակայն նա ցած գլորեց աղջկան, և Ջոնսին, անշարժ պառկած երկաթե, ներկած մահճակալի վրա, հոլանդական պատուհանի մանրահյուս ապակիների միջից նայում էր հարևան աղյուսե տան խուլ պարապությանը։
Մի անգամ առավոտյան մտահոգ բժիշկը միայն թավամազ, ճերմակ հոնքերի շարժումով Սյուին կանչեց միջանցք։
— Նա մեկ շանս ունի… դե, ասենք, տասի դիմաց,— ասաց նա՝ ջերմաչափը թափ տալով։— Այն էլ, եթե ինքը ցանկանա ապրել։ Մեր ամբողջ ֆարմակոպեան կորցնում է իր իմաստը, երբ մարդիկ սկսում են գործել՝ ելնելով դագաղագործի շահերից։ Ձեր փոքրիկ օրիորդը որոշել է, որ ինքն այլևս չի ապաքինվի։ Ինչի՞ մասին է մտածում նա։
— Նա… նա ուզում էր ներկերով նկարել Նեապոլի ծոցը։
— Ներկերո՞վ։ Դատարկ բան։ Նա իր հոգում չունի՞ մի այնպիսի բան, որի մասին իրոք արժեր մտածել։ Օրինակ՝ տղամարդիկ։
— Տղամարդի՞կ,— հարցրեց Սյուն, և նրա ձայնը հնչեց խիստ, ինչպես շրթհարմոնի ձայնը։— Մի՞թե տղամարդիկ արժանի են… Ա՜խ, ո՛չ, բժի՛շկ, ո՛չ մի այդպիսի բան չկա։
— Դե՛, այդ դեպքում նա ուղղակի հյուծվել է,— որոշեց բժիշկը։— Ես կանեմ այն ամենը, ինչ ի վիճակի կլինեմ՝ իբրև գիտության ներկայացուցիչ։ Բայց երբ իմ պացիենտն սկսում է հաշվել իր թաղման թափորի կառքերը, ես դեղերի բուժիչ հատկությունների հիսուն տոկոսը դեն եմ նետում։ Եթե դուք հասնեք այն բանին, որ նա թեկուզ մեկ անգամ հարցնի, թե ի՞նչ ձևի թևք են հագնելու այս ձմռանը, ես ձեզ երաշխավորում եմ, որ նա մեկ շանս կունենա հինգից՝ տասի փոխարեն։
Բժշկի գնալուց հետո Սյուն ներս ընկավ արվեստանոց և այնքան լաց եղավ, մինչև որ ճապոնական թղթե անձեռոցիկը բոլորովին ջուր կտրեց։ Ապա նա, գծագրական տախտակը ձեռքին, ռեգտայմ սուլելով, քաջաբար ներս մտավ Ջոնսիի սենյակը։
Ջոնսին պառկել էր՝ երեսը պատուհանի կողմը դարձրած, հազիվ նշմարվելով վերմակների տակից։ Սյուն թողեց սուլելը՝ կարծելով, թե Ջոնսին քնած է։
Նա հարմարեցրեց տախտակը և սկսեց տուշով կատարել ժուռնալային պատմվածքի նկարազարդումները։ Երիտասարդ նկարիչների համար Արվեստի ճամփան սալարկվում է ժուռնալային պատմվածքների նկարազարդումներով՝ պատմվածքներ, որոնցով երիտասարդ հեղինակները սալարկում են դեպի Գրականություն տանող իրենց ուղին։ Ուրվագծելով պատմվածքի համար այդահոցի կովբոյի ֆիգուրան՝ պերճաշուք բրիչներով, միակնոցը աչքին՝ Սյուն կամացուկ մի շշնջյուն լսեց, որը կրկնվեց մի քանի անգամ։ Նա շտապ մոտեցավ մահճակալին։ Ջոնսիի աչքերը լայն բաց էին։ Նա նայում էր պատուհանին ու հաշվում հակառակ հերթականությամբ։
— Տասներկու,— ասաց նա, ապա քիչ հետո,— տասնմեկ, իսկ հետո՝ տասը և ինը, իսկ հետո՝ ութ և յոթ՝ համարյա միաժամանակ։
Սյուն նայեց պատուհանին։ Ի՞նչ կար այնտեղ հաշվելու։ Երևում էր միայն դատարկ, տրտում բակը և քսան քայլի վրա՝ աղյուսե տան խուլ պատը։ Հանգուցավոր, արմատների մոտ փտած ծեր բաղեղը մինչև կեսը ծածկել էր աղյուսե պատը։ Աշնան սառը շունչը տերևները պոկում էր վազից, և ճյուղերի մերկացած կմախքները կառչում էին ցած թափվող աղյուսներից։
— Ի՞նչ կա այնտեղ, սիրելի՛ս,— հարցրեց Սյուն։
— Վեցը,— հազիվ լսելի պատասխանեց Ջոնսին։— Հիմա նրանք ավելի շուտշուտ են թռչում։ Երեք օր առաջ համարյա հարյուր հատ էին։ Գլուխս պտտվում էր հաշվելուց։ Իսկ հիմա հեշտ է։ Ահա, մեկն էլ թռավ։ Այժմ մնացին միայն հինգը։
— Ի՞նչ հինգ, սիրելի՛ս։ Ասա՛ քո Սյուդիին։
— Տերևներ։ Բաղեղի վրա։ Երբ վերջին տերևն ընկնի, ես կմեռնեմ։ Արդեն երեք օր է՝ գիտեմ այդ։ Մի՞թե բժիշկը քեզ չասաց։
— Առաջին անգամ եմ նման հիմարություն լսում,— հոյակապ արհամարհանքով հարվածը հետ վանեց Սյուն։— Ի՞նչ կապ կարող են ունենալ հինավուրց բաղեղի տերևները քո ապաքինվելու հետ։ Իսկ դու էլ դեռ այդպես սիրում էիր այդ բաղեղը, անպիտա՛ն աղջիկ։  Հիմարիկ մի՛ լինի։ Ախր հենց այսօր առավոտյան էր՝ բժիշկն ասաց ինձ, որ դու շուտով կառողջանաս… Սպասի՛ր, ինչպե՞ս ասաց… որ դու տասը շանս ունես մեկի դիմաց։ Իսկ դա չէ՞ որ ավելի քիչ չէ, քան մեզնից յուրաքանչյուրինը այստեղ՝ Նյու Յորքում, երբ գնում ես տրամվայով, կամ անցնում նորակառույց տան մոտով։ Փորձի՛ր մի քիչ մսաջուր խմել և թույլ տուր քո Սյուդիին ավարտել նկարը, որպեսզի նա կարողանա այն սաղացնել խմբագրի վրա և գինի առնել իր հիվանդ աղջկա ու խոզի կոտլետ՝ իր համար։
— Այլևս կարիք չկա, որ գինի առնես,— պատասխանեց Ջոնսին՝ սևեռուն նայելով պատուհանին։— Ահա՛, մեկն էլ թռավ։ Չէ՛, մսաջուր չեմ ուզում։ Ուրեմն, ընդամենը չորս հատ է մնում։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպե՞ս է ընկնում վերջին տերևը։ Այն ժամանակ կմեռնեմ նաև ես։
— Ջոնսի՛, սիրելի՛ս,— ասաց Սյուն, խոնարհվելով նրա վրա,— խոստանո՞ւմ ես աչքերդ բաց չանել ու չնայել պատուհանին, մինչև որ ես աշխատանքն ավարտեմ։ Ես պետք է այս նկարազարդումները վաղը հասցնեմ։ Ինձ լույս է հարկավոր, այլապես վարագույրը ցած կթողնեի։
— Մի՞թե դու չես կարող մյուս սենյակում նկարել,— սառնությամբ հարցրեց Ջոնսին։
— Ես կուզենայի քեզ մոտ նստել,— ասաց Սյուն։— Բացի դրանից, չեմ ուզում, որ դու նայես այդ հիմար տերևներին։
— Երբ վերջացնես, ասա ինձ,— աչքերը փակելով շշնջաց Ջոնսին՝ գունատ և անշարժ, ինչպես ցած տապալված արձան։— Ուզում եմ տեսնել, թե ինչպես է ընկնում վերջին տերևը։ Ես հոգնել եմ սպասելուց։ Հոգնել եմ մտածելուց։ Ուզում եմ ազատվել այն ամենից, ինչ որ կաշկանդում է ինձ թռչել, թռչել ավելի ու ավելի ցածր, ինչպես այդ խեղճ, հոգնած տերևներից մեկը։  — Աշխատի՛ր քնել,— ասաց Սյուն։— Ես պետք է կանչեմ Բերմանին. ուզում եմ նրանից ոսկի որոնող մենակյաց նկարել։ Ամենաշատը մեկ րոպե կբացակայեմ։ Տե՛ս հա, մինչև գալս տեղիցդ չշարժվես։
Ծերունի Բերմանը նկարիչ էր, որն ապրում էր ներքևի հարկում, նրանց ստուդիայի տակ։ Նա արդեն վաթսունից անց էր, և մորուքը, որ Միքելանջելոյի Մովսեսի մորուքի նման ամբողջովին ծածկված էր խոպոպներով, իջնում էր նրա այծամարդի գլխից դեպի թզուկի մարմինը։ Արվեստի մեջ Բերմանը անհաջողակ էր։ Նա շարունակ պատրաստվում էր նկարել իր գլուխգործոցը, բայց նույնիսկ չէր էլ սկսել այն։ Արդեն մի քանի տարի է, ինչ ոչինչ չէր նկարում, բացի ցուցանակներից, ռեկլամներից և այդօրինակ խզմզվածքից՝ հանուն մի կտոր հացի։ Նա քիչումիչ վաստակում էր՝ իբրև բնորդ նստելով երիտասարդ նկարիչների մոտ, որոնց համար պրոֆեսիոնալ բնորդները շատ թանկ էին։ Նա թունդ խմող էր, բայց դեռ մի գլուխ խոսում էր իր ապագա գլուխգործոցից։ Իսկ այնպես, դա մի խիստ, չար ծերուկ էր, որը չարախնդում էր ամեն մի սենտիմենտալության վրա և նայում էր իրեն իբրև պահապան շան, որը հատկապես դրված էր երկու ջահել նկարչուհիների պահպանության համար։
Սյուն Բերմանին գտավ ներքնահարկի իր կիսախավար խցիկում։ Նրանից գիհու հատապտղի թունդ հոտ էր փչում։ Խցիկի մի անկյունում արդեն քսանհինգ տարի է՝ նկարչատախտակի վրա դրված էր ձեռք չտված մի կտավ՝ պատրաստ ընդունելու գլուխգործոցի առաջին գծերը։ Սյուն պատմեց ծերունուն Ջոնսիի ֆանտազիայի և իր երկյուղների մասին, թե հանկարծ նա՝ տերևի պես թեթև ու փխրուն, չթռչի իրենցից, երբ կթուլանան նրա անկայուն կապերը աշխարհի հետ։ Ծերունի Բերմանը, որի կարմիր աչքերը նկատելիորեն արցունքակալեցին, ձայնը գլուխը գցեց՝ ծիծաղելով նման ապուշային ֆանտազիայի վրա։
— Ի՞նչ,— բղավեց նա։— Հնարավո՞ր է այդպիսի անմտություն՝ մեռնել, որովհետև այդ անիծյալ բաղեղի վրայից տերևները թափվում են։ Առաջին անգամ եմ լսում։ Ո՛չ, չեմ ցանկանում նստել ձեր այդ ապուշմենակյացի համար։ Ինչպե՞ս եք թույլ տալիս նրան՝ գլուխը լցնել նման տխմարությամբ։ Ա՜խ, խե՜ղճ փոքրիկ միսս Ջոնսի։
— Նա շատ հիվանդ է ու թույլ,— ասաց Սյուն,— և տենդից զանազան ֆանտազիաներ են գալիս գլուխը։ Շա՛տ լավ, միստր Բերման, եթե չեք ուզում նստել, հարկավոր չէ։ Իսկ ես այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք զզվելի ծերուկ եք… Ծեր ու զզվելի շատախոսի մեկը։
— Ա՜յ քեզ իսկական կին,— բղավեց Բերմանը։— Ո՛վ ասաց, որ չեմ ուզում նստել։ Գնանք։ Ես գալիս եմ ձեզ հետ։ Կես ժամ է՝ ասում եմ, որ ուզում եմ նստել։ Աստված իմ։ Այստեղ բոլորովին էլ տեղը չէ, որ միսս Ջոնսիի նման լավ աղջիկը հիվանդանա։ Երբևէ ես կնկարեմ իմ գլուխգործոցը, և մենք բոլորս կհեռանանք այստեղից։ Այո՛, այո՛։
Երբ նրանք բարձրացան վերև, Ջոնսին ննջում էր։ Սյուն վարագույրը ցած թողեց մինչև լուսամուտագոգը և նշան արավ Բերմանին՝ անցնելու մյուս սենյակը։ Այնտեղ նրանք պատուհանին մոտեցան և երկյուղով նայեցին ծեր բաղեղին։ Ապա նայեցին իրար՝ առանց մի խոսք ասելու։ Պաղ, համառ, ձյունախառն անձրև էր գալիս։ Բերմանը, հնամաշ կապույտ շապիկը հագին, ոսկի որոնող մենակյացի դիրքով ժայռի փոխարեն տեղավորվեց շուռ տված թեյնիկին։
Մյուս առավոտյան Սյուն, արթնանալով կարճատև քնից, տեսավ, որ Ջոնսին լայն չռած անփայլ աչքերը չի հեռացնում ցած թողած կանաչ վարագույրից։
— Բարձրացրո՛ւ վարագույրը, ես ուզում եմ նայել,— շշուկով հրամայեց Ջոնսին։
Սյուն հոգնած հնազանդվեց։
Եվ ի՜նչ։ Տեղատարափ անձրևից և քամու ուժգին պոռթկումներից հետո, որոնք ամբողջ գիշեր չդադարեցին, աղյուսե պատի վրա դեռևս երևում էր բաղեղի մի տերև՝ վերջինը։ Ցողունի մոտ՝ մուգկանաչավուն, ատամնավոր եզրերին՝ փտման ու քայքայման դեղինով մատնահարված, նա քաջաբար կպել էր ճյուղին, գետնից քսան ոտնաչափ բարձրությամբ։
— Դա վերջինն է,— ասաց Ջոնսին։— Կարծում էի, թե գիշերվա ընթացքում անպայման ցած կընկնի։ Ես լսում էի քամու ձայնը։ Նա ցած կընկնի այսօր, այն ժամանակ ես էլ կմեռնեմ։
— Դե՛, աստված քեզ հետ,— ասաց Սյուն՝ հոգնած գլուխը խոնարհելով բարձին։— Գոնե իմ մասին մտածի՛ր, եթե չես ուզում քո մասին մտածել։ Ի՞նչ կպատահի ինձ։
Բայց Ջոնսին չպատասխանեց։ Հոգին, որ պատրաստվում է խորհրդավոր հեռավոր ճամփա ընկնել, աշխարհում ամեն ինչի հանդեպ խորթանում է։ Մինչդեռ մեկը մյուսի ետևից կտրատվում էին Ջոնսիին կյանքի ու մարդկանց հետ կապող թելերը, հիվանդագին երևակայությունը ավելի ու ավելի էր տիրում նրան։ Օրն անցավ, և նույնիսկ աղջամուղջին նրանք տեսնում էին, որ բաղեղի միայնակ տերևը կպած մնում է իր ցողունին՝ աղյուսե պատի շենքի վրա։ Իսկ հետո՝ մութն ընկնելու հետ միասին, նորից հյուսիսային քամի բարձրացավ, և անձրևը անդադար ծեծում էր պատուհանները, ցած թափվելով հոլանդական ցածրիկ տանիքից։
Լուսանալուն պես անգութ Ջոնսին կարգադրեց նորից բարձրացնել վարագույրը։
Բաղեղի տերևը կրկին իր տեղում էր։
Ջոնսին, երկար պառկած, նայում էր նրան։ Հետո կանչեց Սյուին, որը գազօջախի վրա հավի մսաջուրն էր տաքացնում նրա համար։
— Ես անպիտան աղջիկ էի, Սյուդի՛,— ասաց Ջոնսին։— Երևի այդ վերջին տերևը մնացել է ճյուղին, որ ցույց տա ինձ, թե ես անպիտան աղջիկ էի։ Մեղք է իրեն մահ ցանկանալը։ Հիմա դու կարող ես մի քիչ մսաջուր տալ ինձ, իսկ հետո պորտվեյնով կաթ… Ասենք՝ չէ՛, նախ հայելին տո՛ւր ինձ, իսկ հետո մեջքիս տակ բարձեր դի՛ր, և ես կնստեմ ու կնայեմ, թե դու ինչպես ես ճաշ եփում։
Մեկ ժամ հետո նա ասաց.
— Սյուդի՛, ես հուսով եմ, որ երբևէ ներկերով կնկարեմ Նեապոլի ծոցը։
Կեսօրին բժիշկն եկավ, և Սյուն ինչոր պատրվակով նրա ետևից դուրս գնաց նախասենյակ։
— Շանսերը հավասար են,— ասաց բժիշկը՝ սեղմելով Սյուի նիհար, դողդոջուն ձեռքը։— Լավ խնամքի դեպքում դուք կհաղթեք։ Իսկ հիմա ներքևում ես պետք է այցելեմ էլի մեկ հիվանդի։ Նրա ազգանունը Բերման է։ Կարծեմ՝ նկարիչ է։ Նույնպես թոքերի բորբոքում։ Նա արդեն ծեր է և շատ թույլ, իսկ հիվանդությունը ծանր է։ Ոչ մի հույս չկա, բայց այսօր նրան կտեղափոխեն հիվանդանոց, ուր նրա համար ավելի հանգիստ կլինի։
Մյուս օրը բժիշկն ասաց Սյուին.
— Ձեր ընկերուհին վտանգից զերծ է։ Դուք հաղթեցիք։ Այժմ սնունդ ու խնամք, և ուրիշ ոչինչ պետք չէ։
Նույն օրվա երեկոյան Սյուն մոտեցավ այն մահճակալին, որի վրա պառկած Ջոնսին բավականությամբ կապում էր վառ կապույտ, բոլորովին անօգուտ շարֆը, և մի ձեռքով գրկեց նրան բարձի հետ միասին։

— Ես քեզ մի բան պետք է ասեմ, սպիտակ մկնիկ,— ասաց նա։— Միստր Բերմանն այսօր մեռավ հիվանդանոցում թոքերի բորբոքումից։ Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ Ոչ ոք չէր հասկանում, թե նա ու՞ր էր գնացել այդ ահավոր գիշերը։ Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը։

Օ' Հենրի «Մոգերի ընծաները»

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։
Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։ Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։ Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել։ Դրան կցված էր «Մր Ջեյմս Դիլինգհեմ Յունգ» մակագրությամբ մի քարտ։ «Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին, ասես լրջորեն խորհելով. չկրճատվե՞ն արդյոք, դառնալով սոսկ համեստ ու անհավակնոտ «Դ»։ Սակայն, երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելլա անվամբ։ Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է։
Դելլան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին։
Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև։ Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայել ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելու մեջ։ Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները, շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին։ Նրբակազմ Դելլային հաջողվել էր հասնել այդ արվեստին։ Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։
Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապաից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։ Եթե Սաբայի թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որպեսզի նսեմացմեր նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը։ Եթե Սողոմոն թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս, Ջիմը ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փետում մորուքը։
Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։
Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև, փողոց։
Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»։ Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց։

Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին։
Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։ Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը։
Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։
Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։
Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար)։ Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։
Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։
Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք։
Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դաերից փախած փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ։
«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։
Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին։
Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.
Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։
Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների։
Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը։
Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը։
Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։
Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։
Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։
Ջիմը շվարած նայեց շուրջը։
Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ։
Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ։
Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային։ Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։ Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ։ Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը հետո։
Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։
Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊ինչ ապշեցի։
Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։
Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը։
Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.
Մազերս շատ արագ են աճում, Ջիմ։
Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.
Ախ, աստված իմ։
Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Փութով բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։ Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ։
Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար։
Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց։
Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է։

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։