«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։
Տղամարդու
ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են
հանված, ինչպես պատահում է, երբ հեռակառավարման վահանակով փոխում ես
հեռուստացույցի ալիքները։ Ֆլոյդ անունով ոչ մեկին նա երբևէ չի ճանաչել, միայն թե
հենց այդ բառերով ամեն ինչ սկսվեց։ Նա դա լսեց անգամ նախքան կարմիր գոգնոցով
աղջկան տեսնելը։
Բայց
հենց աղջիկը խաղաց պայթուցիչի դերը։
-Օ՜,
ինձ մոտ այդ զգացողությունն առաջացավ։
Աղջիկը
կքանստած էր գյուղական խանութի առաջ, որ կոչվում էր «Կառսոնի մոտ» (գնորդներին
առաջարկվում էր՝ ԳԱՐԵՋՈՒՐ, ԳԻՆԻ, ՆՊԱՐԵՂԵՆ, ԿԵՆԴԱՆԻ ԽԱՅԾ, ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԵՐ), վառ
կարմիր գոգնոց ունեցող զգեստով էր, ու խաղում էր տիկնիկի հետ՝ լցնովի, առանց ամուր
կմախքի, դեղնածամ ու կեղտոտ։
-Ի՞նչ
զգացողություն։
-Դե,
գիտե՞ս։ Այն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով։ Օգնի՛ր ինձ։
-Déjà
vu:
-Միանգամայն
ճիշտ է,- գլխով արեց նա ու կրկին նայեց աղջկան։ «Նա կբռնի տիկնիկին մի ոտքից,- մտածեց Քերըլը,- կբռնի գլխիվայր մի ոտքից, և կեղտոտ, դեղին մազերը կավլեն գետինը»։
Բայց փոքրիկ աղջիկը թողեց տիկնիկին մոխրագույն, փայտե աստիճանների վրա, որ դեպի սանդղամուտն էր տանում, և մի կողմ գնաց, որպեսզի նայի շանը, որը նստած էր «ֆորդ-ունիվերսալի» թափքում։ Իսկ հետո Բիլլն ու Քերըլը անցան շրջադարձն ու խանութն անհետացավ տեսադաշտից։
-Դեռ
ինչքա՞ն կա գնալու,- հարցրեց Քերըլը։
Բիլլը
նրան նայեց, մի հոնքը բարձրացավ, բերանի մի անկյունը իջավ․ձախ հոնքը, աջ անկյունը․միշտ
միևնույնն է։Հայացքով նա ասում էր․«Դու կարծում ես՝ ես ուրախ եմ, բայց իրականում ես
բարկանում եմ։ Մեր ընտանեկան կյանքի ընթացքում միլիոներորդ անգամ ես իսկապես
բարկանում եմ։ Դու, իհարկե, չգիտես դա, քանի որ չես կարողանում տեսնել իմ ներսը
երկու դյույմից[1]
այն կողմ, ավելի խորը չի ստացվում»։
Բայց
Քերըլը տեսնում էր շատ ավելի լավ, քան նա ենթադրում էր։ Դա նրա՝ ընտանեկան կյանքի
գաղտնիքներից մեկն էր։ Գուցե, Բիլլն իր գաղտնիքներն ուներ։ Եվ, իհարկե, քիչ չէին
նաև ընդհանուր գաղտնիքները, որոնք նրանց միասին էին պահում։
-Չգիտեմ։
Երբեք այստեղ չեմ եղել։
-Բայց
դու վստահ ես, որ սա մեզ պետք եղած ճանապարհն է։
-Հենց
ավարտվում է ամբարտակը, և սկսվում է Սանիբել կղզին, ճանապարհը միայն մեկն է։ Այն
դեպի Կապտիվ կղզին[2] է
տանում, որտեղ դեմ է առնում ծովին։ Բայց մենք ավելի շուտ կհասնենք Պալմ-Հաուսին։
Ես դա քեզ խոստանում եմ։
Հոնքի
աղեղը սկսեց հարթվել։ Բերանի ծռված անկյունը՝ բարձրանալ։ Դեմքի արտահայտությունը
վերադառնում էր Քերըլի եզրույթաբանությամբ՝ Բարձր մակարդակի։ Վերջին շրջանում
Քերըլն սկսել էր ատել Բարձր մակարդակը, բայց ոչ այնքան ուժգին, ինչպես կիտած հոնքը
և բերանի ծռած անկյունը, կամ էլ Բիլլի չափազանց սարկաստիկ հարցնելու
սովորությունը՝ «Ներեցե՞ք», երբ զրուցակիցը, նրա կարծքիով, ինչ-որ հիմար բան էր
ասում, կամ էլ մեկ այլ սովորություն՝ դուրս ցցել ներքին շրթունքը, երբ նա ուզում է
լրջմիտ երևալ։
-Բի՞լլ։
-Հը՞մ։
-Դու
Ֆլոյդ անունով ինչ-որ մեկին գիտե՞ս։
-Ֆլոյդ
Դեննինգին։ Մենք նրա հետ աշխատել ենք սնեք-բարում, երբ ես միջնակարգ դպրոցի
երկրորդ դասարանում էի սովորում։ Մի անգամ ուրբաթ օրը նա գողացավ հասույթը և
հանգստյան օրերն անցկացրեց Նյու-Յորքում իր ընկերուհու հետ։ Նրան ժամանակավորապես
հեռացրին պարապմունքներից, իսկ ընկերուհուն վռնդեցին։ Ինչո՞ւ ես դու նրան հիշել։
-Չգիտեմ,-
Պատասխանեց Քերըլը։ Ամեն ինչ ավելի հեշտ է, քան բացատրելը, որ Ֆլոյդն այն Ֆլոյդը
չէ, որը սովորել է Բիլլի հետ միջնակարգ դպրոցում, այն Ֆլոյդը չէ, որին դիմում էր
տղամարդու ձայնը իր գլխի մեջ։ Համենայն դեպս, Քերըլը կարծում էր, որ այդ Ֆլոյդը
չէր։
«Երկրորդ մեղրամիս, ահ՛ ինչպես ես դու սա անվանում,-
մտածում էր Քերըլը՝ նայելով 867 մայրուղու վրա կախված արմավենիներին, ճանապարհի
եզրով բարկացած քահանայի նման քայլող սպիտակ թռչնակի նկարով ու «ՍԵՄԻՆՈԼՅԱՆ[3]
ԲՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ․ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔ 10 ԴՈԼԼԱՐԻ
ԴԻՄԱՑ» գրառումով ցուցանակին։
-Ֆլորիդան արևոտ նահանգ է»- Ֆլորիդան հյուրընկալ
նահանգ է։ Ավելորդ է խոսել անգամ այն մասին, որ Ֆլորիդան երկրորդ մեղրամսի նահանգ
է։ Ֆլորիդան, ուր մեկնել էին իրենց առաջին մեղրամսին քսանհինգ տարի առաջ Բիլլ ու
Քերըլ Շելտոնները (մինչև ամուսնանալը Քերըլը Օ՛Նիլլ էր՝ Լիննայից, Մասաչուսեթս նահանգ)։
Միայն թե մեղրամիսը նրանք հակառակ կողմում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին՝ փոքրիկ
պանսիոնատի բունգալոյում[4]
անցկացրին, որտեղ սեղանի դարակների մեջ մրջյուններ էին սողում։ Նա չէր կարողանում
կտրվել ինձնից։ Չնայած այն ժամանակ դա ինձ առավել քան ձեռք էր տալիս, ես չէի
ուզում, որ նա բաժանվի ինձանից։ Ես ուզում էի հուրհրալ, ինչպես Ատլանտան «Քամուց
քշվածներում», և նա բոցավառում էր ինձ, կազդուրում ու նորից հրի տալիս։ Իսկ հիմա՝
մեր արծաթե հարսանիքն է։ Քսանհինգ տարին արծաթն է։ Եվ երբեմն ինձ մոտ այդ
զգացողությունն է առջանում»։
Նրանք
մոտենում էին շրջադարձին, երբ Քերըլը մտածեց․«Ճանապարհից աջ՝ երեք խաչ․երկու փոքր մեծի կողքին։ Այն, որ մեծ է, կեչուց է՝ տասնյոթամյա պատանու նկարը
վրան։ Այդ շրջադարձի վրա նա ուշ երեկոյան, չափից ավելի խմած լինելով, չի կարողացել
կառավարել մեքենան, իսկ հետո նույն երեկոն դարձավ նրա կյանքի վերջինը։ Այդ խաչերով
նրա ընկերուհին և ընկերուհու ընկերուհիները նշել են տեղը․․․»։
Բիլլը
սահուն շրջադարձ արեց։ Երկու գիրուկ սև ագռավներ պոկվեցին ինչ-որ արյունոտ բանից,
որ լղոզված էր ասֆալտին։ Թռչուններն այնքան կուշտ էին կերել, որ Քերըլը կասկածեց,
թե կարո՞ղ են դրանք խուսափել մեծ արագությամբ սլացող մեքենայի հետ բախումից, բայց
նրանց դա հաջողվեց։ Ո՛չ մի խաչ չկա՝ ո՛չ աջից, ո՛չ ձախից։ Միայն ճզմած արջամուկ
կամ մի ուրիշ կենդանի, որն արդեն անհետացավ շքեղ մեքենայի տակ, որը երբեք Մեյսոն-Դիքսոնի
գծից[5]
դեպի հույսիս չէր գնացել։
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ»։
-Ինչ-որ
բան ա՞յն չէ։
-Հը՞,-Քերըլը
նայեց Բիլլին տարակուսանքով՝ չհասկանալով՝ ինչն ինչոց է։
-Դու
գրեթե կորացել ես։ Մե՞ջքդ է ցավում։
-Մի
քիչ,- նա նորից հենվեց նստատեղին,- ես կրկին նույն զգացողությունն ունեցա․ Déjà vu:
-Անցա՞վ։
-Այո՛,-
պատասխանեց Քերըլը, բայց ստեց։ Այն մի քիչ ցրվեց, բայց ոչ մի տեղ էլ չանհետացավ։
Նրա հետ նախկինում էլ է նման բան պատահել, բայց որ այսքան երկա՞ր․երբե՛ք։ Զգացողությունը մերթ մակերեսային էր, մերթ
խորանում էր, բայց չէր անհետանում։Նրա հետ էր այն նույն պահից, երբ գլխում
դուրս լողաց Ֆլոյդի հետ կապված այդ հիմար արտահայտությունը․․․և նա տեսավ կարմիր գոգնոցով այն աղջկան։
Բայց․․․մի՞թե նա նման բան նախկինում էլ չէր զգում՝ Ֆլոյդից ու
աղջկանից առաջ։ Մի՞թե ամեն ինչ չսկսվեց այն պահին, երբ իրենք
իջնում էին «Լիր-35» օդանավի աստիճաններից՝ Ֆորտ-Մայերսի
այրող արևի տակ՝ Բոստոնից թռչելու ժամանակ։
Նրանք
մոտենում էին խաչմերուկին։ Դրա վերևում
թարթում էր դեղին լուսացույցը, և Քերըլը մտածեց․«Աջից՝ օգտագործած մեքենաների կայան կա և ցուցանակ՝ «Սանիբելի
տեղական մունիցիպալ թատրոն»։
Հետո
նոր միտք ծագեց․«Ո՛չ, ինչպես և խաչերը, դրանք էլ չեն
լինելու։ Սա ուժեղ զգացողություն է, բայց՝ կեղծ»։
Ահա և խաչմերուկը։ Աջից՝ օգտագործած մեքենաների
կայանն էր՝ «Պալմդեյլ մոթորս»։ Քերըլը գրեթե ցատկեց տեղից, նրան պատեց խուճապը,
բայց նա հրամայեց իրեն՝ հիմարություն մի՛ արա։ Ֆլորիդայում լիքը օգտագործած
մեքենաների կայաններ կան, և եթե ամեն խաչմերուկում ակնկալես, որ տեսնելու ես, վաղ
թե ուշ հավանականության տեսությունը քեզ մարգարե կդարձնի։ Մեդիումներն այդ հնարքից
օգտվել են հարյուրավոր տարիներ։
«Բացի այդ, ոչ մի տեղեկություն չկա ո՛չ թատրոնի, ոչ
էլ այն մասին, թե որ ճանապարհն է տանում դրա կողմ»։
Բայց
ցուցանակից պրծում չեղավ։ Սուրբ Մարիամը՝ Քերըլի մանկության ուրվականը, ձեռքերը
նույն ձև էր դարսել, ինչպես տատիկի՝ Քերըլի տասնամյակին տված մեդալիոնի վրա։
Տատիկը մեդալիոնը դրեց ափի մեջ, և փաթաթելով շղթան մատներին՝ ասաց․«Միշտ կրիր սա, մինչև չմեծանաս, քանի որ դժվար ժամանակներ են
սպասվում»։ Եվ Քերըլը կրում էր, ուրիշ տարբերակ չուներ։ Եվ «Մեր հրեշտակների
տիրուհու» նախակրթարանում ու միջին դպրոցում, և Սենթ-Վինսենթ դը Փոլի միջնակարգ
դպրոցում։ Կրեց այնքան, մինչև կրծքերը չմեծացան, ինչպես սովորական մկանները, իսկ
հետո, հավանաբար դասարանի հետ Հեմպտըն-Բիչ մեկնելու ժամանակ, կորցրեց։ Տուն
վերադառնալով՝ ավտոբուսում նա առաջին անգամ համբուրվեց «լեզվով»։ Տղայի անունը
Բրյուս Սուսի էր, և Քերըլը մինչ օրս հիշում էր քաղցր բամբակի համը, որը քիչ առաջ
կերել էր Բրյուսը։
Մեդալիոնի
վրայի Մարիամը և այս ցուցանակի Մարիամը նրան էին նայում նույնությամբ՝ մեղքի
զգացում առաջացնելով անհարիր մտքերի համար, անգամ եթե նա մտածում էր ընդամենը
ընկույզի յուղով սենդվիչի մասին։ Մարիամի նկարի տակ գրություն կար․«ԲԱՐԵԳՈՒԹ ՄԱՅՐԸ ՕԳՆՈՒՄ Է ՖԼՈՐԻԴԱՅԻ ՏՆԱՆԿՆԵՐԻՆ․․․ԻՍԿ ԴՈՒՔ ԿՕԳՆԵ՞Ք ՆՐԱՆՑ»
«Տիրամորն եմ աղոթում և ձեզ․․․»։
Այս
անգամ մի ձայն չէր․շատ ձայներ
էին, աղջկական ձայներ, երգող ուրվականների ձայներ։Այդպես պատահում է ծերանալուն
զուգընթաց։
-Ի՞նչ
է քեզ հետ կատարվում,- այդ ձայնը նա նույնքան լավ էր ճանաչում, որքան որ հայացքը՝
վերև բարձրացրած, ճկած հոնքով ու բերանի
ծռած անկյունով։ Դա նշանակում էր․ես միայն
ձևացնում եմ, թե բարկանում եմ։ Սույնը նշանակում էր, որ նա
բարկանում էր իրականում, բայց ոչ սաստիկ։
-Ոչինչ,-
Քերըլը որքան կարող էր պայծառ ժպտաց։
-Ըստ
իս՝ դու քո տեղը չես գտնում։ Գուցե պետք չէ՞ր, որ քնեիր ինքնաթիռում։
-Հավանաբար
ճիշտ ես,- Պատասխանեց Քերըլը, և ոչ միայն այն պատճառով, որ ամուսնու ասածին
համաձայնի։ Վերջ ի վերջո, շա՞տ կանայք են հնարավորություն ստանում երկրորդ
մեղրամիսն անցկացնել Կապտիվա կղզում՝ արծաթե հարսանիքի կապակցությամբ, թռչում
վարձակալած «Լարջեթով»[6],
տասը օր անցկացնում այնպիսի վայրերում, որտեղ դրամը կորցնում է իր արժեքը (համենայն
դեպս մինչև որ «Մաստեր Քարտը» ամսվա վերջին չի ուղարկում քարտի բալանսը), որտեղ,
եթե մերսման կարիք ես ունենում, շիկահեր թիկնեղ շվեդացին գալիս է քո վեցսենյականոց
ծովափնյա տուն ու անում է ամեն ինչ՝ բարձր մակարդակի։
Առաջին
անգամ ամեն ինչ այլ էր։ Բիլլը, ում Քերըլը առաջին անգամ հանդիպել էր քաղաքային
միջնակարգ դպրոցների աշակերտների պարային երեկույթին, իսկ հետո երեք տարի անց՝
քոլեջում (ևս մի սովորական հրաշք), ընտանեկան կյանք էր սկսում՝ դռնապան-հավաքարար
աշխատելով, քանի որ համակարգչային արտադրության մեջ աշխատատեղեր չկային։ 1973
թվականն էր, համակարգիչներն ապագա չունեին, և նրանք ապրում էին Ռեվիրում՝ խարխլված
մի շենքում՝ ո՛չ ծովափին, բայց մոտիկ, և ամեն երեկո ինչ-որ մարդիկ էին բարձրանում
աստիճաններով, որպեսզի թմրանյութ գնեն երկու խրտվիլակ հիշեցնող անձանցից, որոնք
վերին հարկի բնակարանում էին ապրում և մշտապես վաթսունականների «անառողջ»
երաժշտություն էին լսում։ Քերըլը, պատահում էր, պառկած էր լինում անքուն՝
սպասելով, որ ցանկցած պահի վերևից աղաղակներ կլսվեն, և մտածում էր․«Մենք
երբեք այստեղից դուրս չենք գա, կծերանանք և կմեռնենք «Կրիմ»-ի և «Բլյու Չիր»-ի[7]
ոռնոցների ներքո»։
Բիլլը,
աշխատավայրում հալումաշ եղած, կողքի շուռ եկած, քնած էր, երաժշտությունը նրան չէր
խանգարում․երբեմն
ձեռքը դնում էր Քերըլի ազդրին, իսկ ավելի հաճախ Քերըլն էր դրանք այդտեղ դնում, մանավանդ
եթե վերևի հարկի բնակիչները կռվում ու վիճում էին իրենց գնորդների հետ։ Բացի Բիլլից
նա ոչ ոք չուներ։ Ծնողները գրեթե երես էին դարձրել նրանից, երբ նա
ամուսնացավ Բիլլի հետ։ Բիլլը կաթոլիկ էր, բայց ոչ այն կաթոլիկներից, որը արժանի էր
լինել նրա ամուսինը։ Տատիկն անգամ հարցրեց, թե ինչու է Քերըլն ուզում ամուսնանալ
այդ տղայի հետ, եթե ամեն ինչ պարզից էլ պարզ է, եթե նա աղքատ է։ Եվ ընդհանրապես,
ինչպես կարող էր Քերըլը խաբնվել նրա դատարկաբանություններից, ինչու է նա ուզում
կոտրած լինել հոր սիրտը։ Եվ ի՞նչ կարող էր պատասխանել այդժամ Քերըլը։
Ռեվիրի
այն բնակարանից մինչև վարձակալած ինքնաթիռը, որ թռչում էր քառասունմեկ հազար մղոն
բարձրության վրա, ահռելի տարածություն էր ընկած։ Նույնպես և մինչ այդ վարձույթով
«Կռաուն Վիկտորիա» մեքենայի միջև, լավ տղերքը գանգստերների մասին ֆիլմերում
մշտապես այն «Կռաուն Վիկ» են անվանում, որով նրանք ուղևորվել են տասնօրյա հանգստի,
որի արժեքը․․․նա անգամ
չէր ուզում մտածել զրոների քանակի մասին։
«Ֆլո՛յդ․․․Օ՜, գրողը
տանի»։
-Քերըլ,
հիմա ի՞նչ պատահեց։
-Ոչ
մի բան։
Առջևում
երևաց փոքրիկ վարդագույն քոթեջը։ Սանդղամուտի մոտակայքում արմավենիներ էին աճում։
Նրանց գագաթները կապույտ երկնքի ֆոնի վրա, չգիտես ինչու, հիշեցնում էին Քերըլին
ճապոնական «Զերոների» մասին, որոնք գետնից բարձր չեն թռչում, թռչում են
բնաջնջելով, կրակելով թևերի տակ կախ տված գնդացիրներով։ Նման զուգադրությունն
ապացուցում էր միայն այն, որ երիտասարդ տարիքում նա հեռուստացույցով ճիշտ ֆիլմեր
չի նայել․․․իսկ երբ նրանք անցնելիս կլինեն քոթեջի կողքով, սանդղամուտ
կելնի սևամորթ մի կին։Նա ձեռքերը կմաքրի վարդագույն սրբիչով և
անվրդով կհետևի, թե ինչպես են անցնում նրանք՝ հարուստները՝ «Կռաուն Վիկտորիայի»
ընդարձակ սրահում, որ ուղևորվում են Կապտավա կղզի՝ հանգստանալու, և կինը, իհարկե,
չէր կարող իմանալ, որ մի ժամանակ Քերըլ Շելտոնը, անքուն պառկած լինելով
բնակարանում, որի վարձը նրանց վրա ամսական իննսուն դոլլար էր նստում,
երաժշտություն ու գոռգոռոց լսելով, որ վերևից էին գալիս, իր ներսում ինչ-որ
կենդանություն էր զգում, և այդ ինչ-որ բանը ստիպում էր նրան մտածել այրվող
սիգարետի մասին, որ երեկույթի ժամանակ գլորվում էր վարագույրի հետևը:Այրվող
սիգարետ՝ փոքրիկ ու անտեսանելի, բայց մարմրող՝ կտորից վտանգավոր հեռավորության
վրա։
-Քա՞ղցրս։
-Ես
ասացի, չէ՞, ոչ մի բան էլ չի եղել,- նրանք անցան տուն։ Կինը դուրս չեկավ
սանդղամուտ։ Փոխարենը այնտեղ՝ ճոճաթոռին, նստած էր մի ծերունի՝ սպիտակամորթ, ոչ
սև, հետևում էր, թե ինչպես են նրանք անցնում։ Քթին ակնոցներ կային առանց
շրջանակների, ծնկներին վարդագույն սրբիչ էր գցած՝ պատերի գույնի։- Ես լավ եմ։
Ուղղակի չեմ համբերում, երբ ենք տեղ հասնելու և վերջապես շորտ հագնելու։
Բիլլի
ձեռքը դիպավ Քերըլի ազդրին, որտեղ առաջին օրերին շատ էր լինում, և սահեց վերև։
Քերըլը մտածեց կանգնեցնել նրան (հռոմեական դաստակ և ռուսական մատներ, ինչպես
պատահում էր, ասում էին իրենք), բայց չկանգնեցրեց։
-Գուցե
դադա՞ր վերցնենք։ Դե գիտե՜ս, այն բանից հետո, երբ զգեստը հանվի, իսկ շորտը դեռ
հագած չլինի։
-Կարծում
եմ՝ հրաշալի միտք է,- և նա ծածկեց Բիլլի ձեռքն իր ձեռքով, ավելի ուժեղ սեղմեց
ազդրին։ Առջևում երևաց ցուցանակը։ Քերըլը գիտեր, որ ավելի մոտենալով կկարդան դրա
վրա՝ «ՊԱԼՄ-ՀԱՈՒՍԻ ՇՐՋԱԴԱՐՁԻՆ ՄՆԱՑԵԼ Է ԵՐԵՔ ՄՂՈՆ»։
Իրականում
նրանք կարդացին․«ՊԱԼՄ-ՀԱՈՒՍԻ
ՇՐՋԱԴԱՐՁԻՆ ՄՆԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ՄՂՈՆ»։ Ցուցանակի հետևում ուրիշ ցուցանակ էր կախված,
կրկին Մարիամ Աստվածածնի նկարով, որը ձեռք էր մեկնում, իսկ նրա գլխավերևում
էլեկտրական լամպերը լուսավորում էին լուսապսակը։ Մի փոքր փոխվել էր նաև գրությունը․«ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ ՕԳՆՈՒՄ Է ՖԼՈՐԻԴԱՅԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ․․․ԻՍԿ ԴՈՒՔ ԿՕԳՆԵ՞Ք»։
-Հաջորդ
ցուցանակին պիտի գրված լինի «Բուրմա-շեյվ»։
Քերըլը
չհասկացավ, թե ինչ էր ուզում նա դրանով ասել, բայց այն, որ դա կատակ էր, չէր կարող
կասկածներ լինել, այդ պատճառով էլ ժպտաց։ Քերըլը հո գիտեր, որ հաջորդ ցուցանակին
իրենք կտեսնեն «ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ ՕԳՆՈՒՄ Է ՖԼՈՐԻԴԱՅԻ ԱՆՈԹԻՆԵՐԻՆ» գրությունը։
Սիրելի՛ Բիլլ։ Սիրելի, չնայած դեմքի երբեմնի հիմար արտահայտության և ոչ այդքան
հասկանալի ակնարկների։ «Նա, հավանաբար,
կլքի քեզ, և գիտե՞ս, թե քեզ ինչ կասեմ։ Եթե բաժանվեք, դա քեզ համար ամենամեծ
հաջողությունը կլինի»։ Նրա հոր խոսքերն էին։ Սիրելի Բիլլը միայն այդ անգամ,
հենց այդ անգամ ապացուցեց, որ Քերըլը հորից ավելի լավ է գլուխ հանում մարդկանցից։
Քերըլը դեռ ամուսնացած է այն մարդու հետ, ում տատիկը «գլուխգովան» էր անվանում։
Ստիպված էր թանկ վճարել, ճիշտ է, բայց մի՞թե այդ մասին չէ հնագույն աքսիոմը․«Աստված ասում է՝ վերցու՛, ինչ ուզում ես․․․և վճարի՛ր
ամեն ինչի համար»։
Գլուխն
սկսեց քոր գալ։ Քերըլը անտարբեր ձեռքով քորեց այն՝ սպասելով Աստվածածնի պատկերով
հաջորդ ցուցանակի հայտնվելուն։
Թող
որ սարսափելի թվա, բայց դրությունն սկսվեց դեպի լավը փոխվել, երբ նա կորցրեց
երեխային։ Դա տեղի ունեցավ հենց այն բանից առաջ, երբ Բիլլին աշխատանքի ընդունեցին
«Բիչ քոմփյութերս»-ում՝ 128 մայրուղու վրա։ Հենց այդ ժամանակ համակարգչային
արտադրության մեջ փոփոխությունների հովեր փչեցին։ Երեխային կորցնելուն հավատացին
բոլորը, բացառությամբ, հնարավոր է, Բիլլի։ Հարազատները հաստատ հավատացել էին․հայրը, մայրը, տատիկը։ Վիժում է եղել, ասում
էին նրանք բոլորին։Վիժում, միայն այդ տարբերակն էին ընդունում կաթոլիկները։ «Տիրամորն եմ աղոթում և ձեզ․․․» երբեմն երգում էին նրանք դպրոցում՝ թռչելով պարանի
վրայով, վճռաբար մեզ մեծ մեղավոր զգալով՝ ծածանվող կիսաշրջազգեստ, որոնք, հենց այն
է, մերկացնում էին նրանց քերծված ծնկները։ «Մեր հրեշտակների տիրուհու» դպրոցում,
որտեղ քույր Աննունսիտան մատներին հարվածում էր ցուցափայտով, եթե տեսնում էր, որ
նայում ես լուսամուտից, փոխանակ դասերդ պատրաստելու, որտեղ քույր Դորմարիլյան
ասում էր, որ մեկ միլլիոն տարին լոկ մի ակնթարթ է հավերժության ժամացույցի վրա (և
դու կարող ես դժոխքում մի ողջ հավերժություն անցկացնել․շատերին է նման բախտ վիճակվել, այնքա՜ն հեշտ է այնտեղ ընկնելը)։
Իսկ կյանքը դժոխքում անասելի տանջանք է։ Մաշկդ այրվում է կրակների մեջ, ոսկորներդ
տապակվում են։ Իսկ հիմա Քերըլը Ֆլորիդայում է՝ «Կռաուն Վիկի» սրահում՝ ամուսնու
կողքին, ում ձեռքը շոյում է նրա ոտքերի արանքը։ Շրջազգեստը ճմռթվելու է, բայց մեծ
դժբախտություն չէ, եթե նրա շրթունքներին գոհական ժպիտ է խաղում․և ինչո՞ւ չի հեռանում այդ զգացողությունը։
Քերըլը
մտածեց փոստարկղի մասին, որի կողքին գրված էր Ռագլան ազգանունը, իսկ վերևում՝
ամերիկյան դրոշն էր, և նրանք անցան փոստարկղի կողքով՝ Ռեյգան ազգանունով, և դրոշի
փոխարեն «Գրեյթֆուլ Դեդ» սոսնձաթղթով։ Նա մտածեց սև փոքրիկ շան մասին՝
գործնականորեն վազող ճանապարհի հակառակ մայթով, գլուխը հակած, ինչ-որ բան հոտոտող,
և նրանք հանդիպեցին շանը։ Նա կրկին մտածեց գովազդային ցուցանակի մասին, և, այո՛,
նրանք անցան դրա կողքով․«ԳԹՈՒԹՅԱՆ
ՄԱՅՐՆ ՕԳՆՈՒՄ Է ՖԼՈՐԻԴԱՅԻ ԱՆՈԹԻՆԵՐԻՆ։ ԻՍԿ ԴՈՒՔ ԿՕԳՆԵ՞Ք...»։
Բիլլը
ցույց տվեց մատով։
-Ահա՛
այնտեղ․․․տեսնո՞ւմ ես։Կարծում եմ՝ Պալմ-Հաուսն
է։ Ո՛չ, ո՛չ այնտեղ, որտեղ ցուցանակն է, հակառակ
կողմում։ Եվ ինչո՞ւ է կառավարությունը թողնում փչացնել համայնապատկերը այս ցուցանակներով։
-Չգիտեմ,-
գլուխը քոր էր գալիս։ Նա քորեց և մազերից սև թեփ թափվեց։ Նա իր մատներին նայեց և
սարսափով տեսավ, որ դրանց ծարերը սև են, ասես ինչ-որ մեկը հենց նոր մատնահետքեր է
վերցրել։
-Բի՞լլ,-
նա ձեռքը սահեցրեց դեղին մազերի միջով և թափվող թեփուկների չափերը մեծացան։ Քերըլը
տեսնում էր, որ դա մաշկ չէ, այլ այրված թուղթ է։ Մի կտորից նրան էր նայում մի
դեմք՝ երևակվող, ինչպես նեգատիվի վրա։
-Բի՞լլ։
-Հը՞,
ի՞ն․․․,- Բիլլի կտրտված ձայնը նրան ավելի շատ վախեցրեց, քան նրա
ձեռքերի կտրուկ շարժումը, ինչի արդյունքում մեքենան գրեթե դուրս էր թռչում ասֆալտի
վրայից։ - ՏերԱստված, սիրելի՛ս,
այդ ի՞նչ է մազերիդ մեջ։
Այրված
թղթի կտորի վրա Քերըլը տեսավ Մայր Թերեզայի դեմքը։ Տեսավ միա՞յն այն պատճառով, որ
մտածում էր «Մեր հրեշտակների տիրուհու» մասին։ Քերըլը բարձրացրեց կտորը զգեստից,
որպեսզի ցույց տա Բիլլին, բայց արված թուղթը փոշիացավ նրա մատների մեջ։ Նա շրջվեց
դեպի ամուսինն ու տեսավ, որ ակնոցները այտերի մեջ են մտնում, ձուլվում են դրանց
հետ։ Նրա մի աչքը դուրս թռավ ակնախոռոչից ու պայթեց, ինչպես հասած խաղողը՝ լցված
արյունով։
«Ես սա էլ գիտեի,- մտածեց Քերըլը,- գիտեի
մինչև շրջվելս։ Այդ զգացողության շնորհիվ»։
Ծառերի
վրա ճռվողում էին թռչունները։ Գովազդային վահանակից Մարիամը մեկնել էր ձեռքը։
Քերըլը փորձեց գոռալ։ Փորձեց գոռալ։
-Քե՞րըլ։
Բիլլի
ձայնն էր, որ հեռվից էր լսվում, այլ մայրցամաքից։ Հետո երևաց նրա ձեռքը, որ ոչ թե
զգեստն էր ճմռում ոտքերի արանքում, այլ ուսի վրա էր։
-Լա՞վ
ես, պուճուրս։
Քերըլը
բացեց աչքերը վառ արևի լույսին․ականջներում
«Լարջեթի» շարժիչի նման աղմուկ էր կանգնած, ու նաև
էլի ինչ-որ բանի աղմուկ, ասես
ճնշում էին գործադրում թմբկաթաղանթներին։
Շրջեց
հայացքը Բիլլի անհանգստացած դեմքից դեպի բարձրաչափի էկրանը, որ տեղակայված էր
սալոնի պատին՝ ջերմաչափի տակ․քսանութ
հազար ֆունտ։
-Իջնո՞ւմ
ենք,- զարմացած հարցրեց Քերըլը,- արդե՞ն։
-Արագ
էր, ճի՞շտ է,- ձայնի մեջ բավականություն կար, ասես ինքն էր վարում ինքնաթիռը, ոչ
թե վճարում էր դրա համար։- Օդաչուն ասում է, որ վայրէջք կկատարենք Ֆորտ-Մայերսում
քսան րոպեից։ Մենք ուղղակի թռանք ողջ Ամերիկայի վրայով, կյա՛նքս։
-Մղձավանջ
ունեցա։
Բիլլը
ծիծաղեց։ Այդ ծիծաղը՝ ինքնագոհ, կարծես, ախր պետք չէ այդքան հիմար լինել, ասող,
Քերըլը տանել չէր կարողանում։
-Երկրորդ
մեղրամսի ընթացքում չի թույլատրվում մղձավանջներ տեսնել։ Ի՞նչ էիր տեսնում։
Չեմ
հիշում,- պատասխանեց Քերըլը և չստեց։ Հիշողության մեջ միայն պատառիկներ էին մնացել․Բիլլը՝ ներս ընկած, դրանց մեջ կորչող ակնոցներով այտերով, երեք կամ
չորս արգելված խաղիկներից մեկը, որ նրանք երբեմն երգում էին հինգերորդ կամ
վեցերորդ դասարանում։ «Տիրամորն եմ աղոթում
և ձեզ․․․», իսկ
հետո ինչպե՞ս էր։ Չէր հիշում։ Այլ խաղիկ, որը հայրիկի մեծ «գործիքի» մասին էր, դուրս
էր լողում հիշողությունից, իսկ, ա՛յ Աստվածածնի մասինը՝ ոչ։ «Գթության մայրն օգնում է Ֆլորիդայի հիվանդներին»,- մտածեց Քերըլը՝
պատկերացում չունենալով, թե որտեղից հայտնվեց այդ միտքն ու թե ինչ է այն
նշանակում, և այդ իսկ պահին հնչեց մեղեդային ձայնային ազդանշանը և վառվեց «ԿԱՊԵՔ
ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ» գրությունը։ Ինքնաթիռը վայրէջք էր կատարում։ «Ժամանակն է սկսել վայրի կերուխումը»,- մտածեց Քերըլը և կապեց
ամրագոտին։
-Իսկապե՞ս
չես հիշում,- Բիլլն էլ իրենը կապեց։ Փոքրիկ ինքնաթիռը ամպերի շերտը մտավ, որտեղ
բավականին օդային «փոսեր» կային․օդաչուներից
մեկն արձագանքեց թռիչքային պայմանների փոփոխությանը, թափահարումը
դադարեց։
- Սովորաբար
անմիջապես արթնանալուց հետո հիշողությանս մեջ ինչ-որ բան է մնում։ Անգամ
մղձավանջների դեպքում։
-Ես հիշում եմ քույր Աննունսիատին «Մեր հրեշտակների տիրուհի»
դպրոցից։ Ինքնապատրաստման ժամանակն է։
-Այո՛, դա իսկապես մղձավանջ է։
Տասը րոպե անց օդաչուն բացեց շասսին։ Եվս հինգ րոպե
հետո նրանք վայրէջք կատարեցին։
-Նրանք պետք է մեքենան մոտեցնեն ուղիղ ինքնաթիռին։-
Բիլլն արդեն սկսեց իրեն կարևոր մեկի պես պահել։ Քերըլը չէր սիրում դա, բայց
համբերատար տանում էր, ի տարբերություն նրա ինքնագոհ ծիծաղների ու հովանավորչական
հայացքների։ - Հուսամ, խոչընդոտներ չեն լինի։
«Չեն լինի,-
մտածեցի ես և նույն զգացողությունը վարկենապես ուժգնացավ։- Մի-երկու վայրկյանից ես կտեսնեմ նրան իմ կողմի ապակուց։ Ամենից հարմար
մեքենան Ֆլորիդայում հանգստանալու համար։ Մեծ «Կադիլակ» կամ անգամ «Լինկոլն»։
Հա, ասենք տեսա, ի՞նչ ապացուցեցի։ Դե, հավանաբար,
ապացուցեցի, որ մարդու մոտ երբեմն déjà vu է լինում։ Մարդու զգացողությամբ այն,
ինչ պետք է լինի, արդեն եղել է։ Ինքնաթիռի մոտ էին բերել ոչ թե «Կադիլակ» կամ
«Լինկոլն», այլ «Կռաուն Վիկտորյա», մեքենա, որին գանգստերների մասին ֆիլմերում
անպայման անվանում են «Կռաուն Վիկ»։
-Օ՜յ,- դուրս թռավ Քերըլից, երբ Բիլլն օգնում էր նրան
իջնել աստիճաններից։ Այրող արևից գլուխ էր պտտվում։
-Ինչ-որ բան ա՞յն չէ։
-Չէ, ամեն բան կարգին է։ Déjà vu ունեցա։ Կարծում եմ,
երազիս ազդեցության տակ․մենք արդեն այստեղ եղել ենք ու նման բաներ։
-Ուղղակի մենք շատ արագ տեղափոխվեցինք մի աշխարհից
մյուսը,- Բիլլը համբուրեց նրա այտը:- Գնանք, ժամանակն է սկսելու վայրի կերուխումը։
Նրանք ուղղվեցին դեպի մեքենան։ Բիլլը ցույց տվեց
վարորդական իրավունքն աղջկան, որը «Կռաուն Վիկտորյան» բերել էր ինքնաթիռի
սանդուղքների մոտ։ Քերըլը նկատեց, որ Բիլլն սկզբից գնահատեց նրա շրջազգեստի
երկարությունը, և հետո միայն ստորագրեց մեքենան ստանալու թղթերը։ Աղջիկը փակեց
թղթապանակը։
«Հիմա
նա այն կգցի,-
մտածեց Քերըլը։ Զգացողությունն անասելի ուժեղ էր։ Նա կարծես նստած էր զվարճանքների
այգում՝ կառուսելի վրա, որը չափազանց արագ էր պտտվում՝ սպառնալով Ուրախության Երկրից տեղափոխել քեզ
Սրտխառնոցի Թագավորություն։- Նա այն կգցի,
իսկ Բիլլը, իհարկե, կբարձրացնի՝ ժամանակ չկորցնելով զննելու նրա ոտքերը»։
Բայց «Հերթց» գործակալության աղջիկը թղթապանակը վայր
չգցեց։ Մոտեցավ սպիտակ «մինիվենը», որպեսզի նրան օդանավակայանի շենքի մոտ տանի։
Աղջիկը շլացուցիչ ժպտաց Բիլլին, Քերըլին նա ամբողջովին արհամարհում էր, բացեց
դուռը ուղևորական նստատեղի կողմից։ Մեքենայի սրահ մտնելիս անհարմար կռացավ։ Բիլլն,
իհարկե, բռնեց նրա արմունիկց, կանխեց նրա
անկումը։ Աղջիկը կրկին ժպտաց, Բիլլը հրաժեշտի հայացք գցեց նրա բարեկազմ ոտքերին,
իսկ Մերին կանգնած էր նրանց՝ ուղեբեռերի աճող կույտի մոտ ու մտածում էր․«Տիրամորն եմ աղոթում ես ու․․․»
-Պարոն Շե՞լտոն,- երկրորդ օդաչուն էր։ Ձեռքին նա
բռնել էր վերջին ճապրուկը Բիլլի նոութբուքի հետ, և նրա դեմքը անհանգստություն էր
արտահայտում։- Լա՞վ եք։ Դուք շատ գունատ եք։
Բիլլը լսես և շրջվեց հեռացող մինիվենից։ Եթե միայն
նրա ամենաուժեղ զգացմունքները Բիլլի հանդեպ լինեին նրա միակ զգացմունքները նրա
հանդեպ, հիմա, քսանհինգ տարվա համատեղ կյանքից հետո, ինքը կհեռանար նրանից, եթե
իմանար «clailor»-ի[8] շնորհիվ
շիկահեր քարտուղարուհու հետ սիրավեպի մասին, չափազանց երիտասարդ, որպեսզի հիշեր «Clailor»-ի
գովազդային կարգախոսը։ «Եթե ես միայն մի կյանք ունեմ»։ Բայց այլ զգացմունքներ էլ կային։
Օրինակ՝ սերը։ Դեռևս սերը։ Այն սերը, որի գոյության մասին չէին էլ իմանում կաթոլիկական
դպրոցի աշակերտուհիները, իսկ այն, ինչ ինքնին է աճում, օրինակ՝ մոլախոտը, շատ
համառ են ապրելու հարցում։
Բայց էլի․․․միայն սերը չէր նրանց միացնում։ Կային
նաև գաղտնիքները, և ստիպված էին վճարել, որ գաղտնիքները գաղտնի էլ մնան։
-Քե՞րըլ,- հարցրեց նա,- քաղցրս։ Լա՞վ ես։
Նա արդեն ուզում էր ասել՝ ոչ, լավ չէ, որ սուզվում է,
բայց նրան հաջողվեց ժպտալ ու պատասխանել․«Տապն է մեղավոր, թանկագի՛նս։ Գլխիս է
խփում։ Նստեցրու ինձ մեքենան ու միացրու օդորակիչը։ Ես անմիջապես կսթափվեմ»։
Բիլլը թևանցուկ արեց («Կարող եմ գրազ գալ, որ իմ ոտքերին դու չնայեցիր,-մտածեց Քերըլը,- Դու արդեն գիտես, որտեղից են դրանք աճում,
այնպե՞ս չէ»), և մոտեցրեց նրան «Կռաուն Վիկ»-ին, ինչպես ծեր, փխրուն տիկնոջը։
Այն բանից հետո, երբ Քերըլի հետևից փակվեց դուռը, նրա դեմքին զովություն փչեց, նա
իսկապես սթափվեց։
«Եթե այդ զգացողությունը հետ գա, ես կասեմ նրան,-
մտածեց Քերըլը,- Պետք է ասեմ։ Այն չափազանց ուժեղ է։ Դա նորմալ չէ»։
Բայց déjà vu -ն հենց կարգուկանոնից շեղում է,
ենթադրում էր նա․․․նրանում ինչ-որ բան կա անուրջներից, ինչ-որ բան կախարդականից և (Քերըլը
կարդացել էր դրա մասին, գուցե իր գինեկոլոգի ընդունարանում՝ սպասելով, որ նա
կզբաղվի իր ինտիմ մասերի հետազոտությամբ) ուղեղի սխալ էլեկտրական իմպուլսից, որի
հետևանքով նոր տեղեկույթը ճանաչվում էր որպես հին։ Ժամանակավոր խոռոչ խողովակների
մեջ. տաք ջուրը խառնվում է սառին։ Նա փակեց աչքերը՝ աղոթելով, որ այդ
զգացողությունը չքվի։
«Օ՜, Մարիամ, որ հղացար առանց մեղքի, աղոթիր մեզ
համար, ով հավատում է քեզ»։
Խնդրում եմ, միայն թե առանց հոգևոր դպրոց վերադարձի։
Չէ որ նրանք հանգստի են գնացել, ոչ թե․․․
«Ֆլոյդ,
այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի, գրողը տանի»։
Ո՞վ է Ֆլոյդը։ Միակ Ֆլոյդը, որին ճանաչում էր Բիլլը,
Ֆլոյդ Դորնինգն էր (կամ, գուցե, Դարլինգը), որի հետ նա սնեք-բարում է աշխատել, որը
Նյու-Յորք է փախել իր ընկերուհու հետ։ Քերըլը չէր կարողանում հիշել, թե երբ է
Բիլլը պատմել նրան այդ Ֆլոյդի մասին, բայց գիտեր, որ պատմել է։
«Վե՛րջ
տուր, աղջիկ։ Դրանից ոչ մի օգուտ չկա։ Դե՛ն նետիր այդ մտքերը»։
Եվ դա օգնեց։ Գլխի մեջ շնկշնկաց «․․․եմ աղոթում․․․», և նա կրկին դարձավ Քերըլ Շելտոնը, որը Կապտիվա կղզի՝ Պալմ-Հաուս է եկել իր ամուսնու՝ հայտնի ծրագրավորողի
հետ, որտեղ նրանց սպասում էին
ծովափը, ռոմով կոկտեյլները և «Մարգարիտավիլ» նվագող երաժիշտները։
* * *
Նրանք անցան «Փաբլիքե»
սուպերմարկետը։ Նրանք անցան սևամորթին, որը կանգնած էր մրգերի ճանապարհամերձ վաճառարկղի
հետևում։ Այդ սևամորթը հիշեցրեց Քերըլին երեսունական թվականների դերասաններին ու ֆիլմերը,
որոնք նա դիտել է «Ամերիկյան ֆլիմեր» ալիքով․ծեր սևամորթ՝ կամբինեզոնով և ծղոտե
գլխարկով՝ կլոր գագաթամասով։ Բիլլը խոսում էր մանրուքների մասին, նա մասնակցում էր խոսակցությանը։ Քերըլին
զվարճացնում էր, որ աղջիկը, ով տասից մինչև տասնվեց
տարեկանները կրել է Կույս Մարիամի մեդալիոնը, վեր է ածվել Դոննա Կարանի այս
հագուստը կրող կնոջը․․․որ զույգը, որ բնակվում էր Ռեվիրի խղճուկ
բնակարանում, վերածվել է հարգարժան հարուսների, որոնք հիմա ընթանում են մայրուղով՝
եզրերին արմավենիներ տնկած․․․բայց ինքը դարձավ, իրենք դարձան այդպիսին։
Մի անգամ՝ դեռ Ռեվիրում, Բիլլը տուն եկավ հարբած, և Քերըլը ապտակեց նրան՝
արյունոտելու աստիճան պատռելով շրթունքը։
Մի անգամ Քերըլը, սարսափելի վախենալով դժոխքում հայտնվելուց, պառկել էր
չռած, անշարժ ոտքերով, լիքը ցավազրկողներ խմած, և մտածում էր․«Ես դատապարտված եմ, իմ հոգին դատապարտված է հավերժական
տառապանքների։ Մեկ միլլիոն տարին անգամ հավերժության ժամացույցի վայրկյանի մի մասն
է կազմում»։
Նրանք կանգ առան, որպեսզի վճարեն ամբարտակով վարելու
համար, և Քերըլը մտածեց․ « Վաճառողի ճակատի
ձախ կողմում հոնքը հատող ի ծնե լաքա է
լինելու»։
Վաճառողի՝ աչքի չընկնող արտաքինով տղամարդու
(մոտավորապես հիսուն կամ ավելի տարեկան, կարճ կտրած, բավականին սպիտակած մազերով և
ակնոցով), որի նմանները սովորաբար ոչ տեղացիներին ասում են՝ լավ հանգիստ եմ ձեզ
ցանկանում, ճակատին լաքա չկար, բայց զգացողությունն սկսել էր վերադառնալ, և Քերըլը
հասկացավ․ եթե նախկինում ինքը
միայն մտածում, որ ինչ-որ բան գիտի, ապա հիմա հաստատ գիտեր: Սկզբից՝ ոչ ամբողջը,
բայց մինչ նրանք կհասնեին համար 41 ճանապարհի աջ կողմում գտնվող փոքրիկ խանութին,
արդեն՝ գրեթե ամբողջը։
«Խանութի
անունը «Կորսոնի մոտ» է, և դրա առաջ մենք փոքրիկ աղջկա կտեսնեն,- մտածում էր
Քերըլը,- Նա փոքրիկ կարմիր գոգնոց կունենա
հագին։ Նա քիչ առաջ խաղում էր տիկնիկով՝ կեղտոտ, հին, դեղնավուն, բայց թողեց այն
աստիճանների վրա, որպեսզի նայի շանը, որ նստած է «ֆորդ-ունիվերսալում»։
Խանութը կոչվում էր ոչ թե «Կորսոնի մոտ», այլ
«Կարսոնի մոտ», բայց մնացյալ ամեն ինչ համընկավ։ Եվ երբ «Կռաուն Վիկը» անցնում էր
աղջկա կողքով, վերջինս նայեց Քերըլին։ Նրա հայացքը գյուղական աղջնակի խստություն
ուներ, չնայած Քերըլը չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է գյուղացի
աղջնակը հայտնվել հարուստների աշխարհում. աղջիկը և նրա կեղտոտ շիկամազ տիկնիկը։
«Այստեղ
ես հարցնում եմ Բիլլին՝ արդյոք դեռ երկար ենք գնալու, միայն թե ես դա չեմ անի։
Որովհետև ես պետք է ընդհատեմ այս շրջանը, այս հանգույցը։ Պարտավոր եմ»։
-Դեռ ինչքա՞ն կա գնալու,- հարցրեց Քերըլը։ «Նա կասի, որ այստեղ միայն մի ճանապարհ կա, և
մենք չենք կարող մոլորվել։ Նա կասի, որ խոստանում է, որ մենք Պալմ-Հաուս կհասնենք
առանց խնդիրների։ Եվ, իմիջայլոց, ո՞վ է Ֆլոյդը»։
Բիլլի հոնքը ալիքվեց ու բարձրացավ։ Բերանի մի անկյունն իջավ։ «Հենց ավարտվում է
ամբարտակը, և սկսվում է Սանիբել կղզին, ճանապարհը միայն մեկն է»։ Քերըլը անուշադիր
էր լսում։ Բիլլը դեռ խոսում էր ճանապարհի մասին, նրա ամուսինը, որը երկու տարի
առաջ հանգստյան օրերն անց էր կացրել քարտուղարուհու անկողնում՝ վտանգելով ամենը,
ինչ իրենք ստեղծել են, ինչ միասին վերապրել են։ Այն հանգստյան օրերին Բիլլի դեմքն
ուրիշ էր, նա այն Բիլլն էր, որի մասին մայրն զգուշացնում էր Քերըլին՝ ասելով, որ
նա կարող է կոտրել աղջկա սիրտը։ Եվ հետո,
երբ Բիլլը փորձում էր բացատրել, որ չէր կարողանում տիրապետել իրեն, Քերըլն ուզում
էր բղավել․«Մի անգամ ես քո պատճառով երեխա եմ սպանել, թո՛ղ որ հավանական երեխայի։ Եվ հանուն ինչի՞։
Ի՞նչ ստացա ես դրա դիմաց։ Ապրել եմ մինչև հիսունամյակս, որպեսզի իմանամ, որ
ամուսինս չէր կարող չմտնել ներկած-շիկահերի ներքնազգեստը»։
«Ասա՛
նրան,-
գոռում էր նա լոգարանում,- Ստիպիր
ճանապարհի կողքը թեքվել ու կանգնել, ստիպիր անել ինչ պատահի, միայն թե դուրս գաս
այս շրջանից․ փոխելով մի բան՝ փոխել ամեն ինչ։ Դու կարող ես․․․եթե կարողացար ոտքերդ այդ անշարժացնող գործիքի մեջ դնել, քեզ համար անհնարին ոչինչ չկա»։
Բայց նա ոչինչ չէր կարողանում, և
իրադարձություններն արագացնում էին իրենց վազքը։
Երկու գիրուկ սև ագռավներ կտրվեցին լանչի մնացորդից։ Ամուսինը հարցրեց, թե
ինչու է նա այդպես կորացել, մեջքը ցավո՞ւմ է, նա պատասխանեց, այո՛, ցավում է, բայց
հիմա արդեն ավելի թեթև։ Քերըլի շրթունքներից ինչ-որ բան դուրս թռավ déjà vu -ի
մասին, ասես այդ զգացողությունը նրան ոտքից գլուխ չէր խախտել, իսկ «Կռաուն Վիկը»
ընթանում ու ընթանում էր առաջ։ Աջից հայտնվեց օգտագործած մեքենաների կայանը՝
«Պալմդեյլ մոթորսը»։ Իսկ ձախի՞ց։ Տեղական մունիցիպալ թատրոնի ցուցատախտակը, որ
բեմադրում էր «Անհնազանդ Մարիետան»։
«Ո՛չ, Մարիա՛մ է, ոչ թե Մարիետա։ Մարիամ՝ Հիսուսի մայրը, Տիրոջ մայրը, նա
ձեռք է մեկնում․․․»
Քերըլը կամքն ի մի էր բերում, որպեսզի բացատրի
ամուսնուն, թե ինչ է կատարվում, որովհետև ղեկին նստած է իրական Բիլլը, իրական
Բիլլը կարող է լսել նրան։ Լսելի լինել, ահա թե ինչի համար է սերը ընտանիքում։
Ոչինչ չստացվեց։ Գլխում հնչում էր տատիկի ձայնը․«Առջևում դժվար ժամանակներ են սպասվում»։ Գլխում ինչ-որ
մեկի ձայնը հարցրեց Ֆյոդին, թե այն ինչ է այնտեղ, որպեսզի հետո ծոր տա․«Օ՜, գրողը տանի» և գոռա «Գրո՛ղը տանի»։
Քերըլը արագաչափին նայեց և
տեսավ, որ այն ցույց է տալիս ոչ թե մղոնները, այլ ֆունտերը։ Նրանք քսանութ հազարի
բարձրության վրա են ու իջնում են։ Բիլլն ասում էր, որ չարժեր, որ նա քնի
ինքնաթիռում, Քերըլը համաձայնում էր։
Մոտենում էր վարդագույն տունը՝ փոքրիկ, գրեթե բունգալոյի չափ, կողքին արմավենիներ էին
աճում, նման արմավներ նա տեսել է Երկրորդ աշխարհամարտի մասին ֆիլմերում, գագաթները
հիշեցնում էին «լիրջեթներ», որոնք կրակում էին բոլոր հրացաններից ու գնդացիրներից։
Ամեն ինչ փայլում է։ Այրվում է։ Ակնթարթորեն թերթը,
որ բռնել է Բիլլը, ջահի է վերածվում։ Սուրբ Մարիամ, Տիրամայր, «Տիրամորն եմ աղոթում և․․․»։
Նրանք անցան տունը։ Ծերունին
նստած էր սանդղամուտին, ուղեկցում էր նրանց հայացքով։ Նրա ակնոցի ապակիները, առանց
շրջանակի, փայլում էին արևից։ Բիլլի ձեռքը հանգրվանեց նրա ազդրի վրա։ Նա ինչ-որ
բան ասաց այն մասին, որ իրենք պետք է թարմանան այն ընթացքում, երբ Քերըլը կհանի
շրջազգեստը և կհագնի շորտը, և կինը համաձայնեց, չնայած նրանք երբեք էլ չեն հասնի
Պալմ-Հաուսին։ Նրանք կընթանան ու կընթանան այս ճանապարհով, նրանք և սպիտակ «Կռաուն
Վիկը», այժմ և միշտ, և հավիտենս հավիտենից։
Հաջորդ ցուցանակի շնորհիվ նրանք իմացան, որ մինչև
Պալմ-Հաուս թեքվելը մնացել է երկու մղոն։ Դրանից հետո կախված էր մեկ այլ ցուցանակ,
որը հայտնում էր, որ Գթության մայրը օգնում է Ֆլորիդայի հիվանդներին։ Իսկ նրանք
կօգնե՞ք։
Հիմա, երբ գնացքն արդեն գնացել էր, Քերըլը սկսեց
հասկանալ։ Թունելի վերջում լույս տեսավ, ինչպես տեսել էր մերձարևադարձային արևի շողքերը
իր աջ ձեռքի կողմում՝ ջրի վրա։ Տրվեց հարցեր․որքան սխալ քայլեր է արել, որքան մեղքեր է
գործել, եթե ձեր սրտին այդպիսի ձևակերպումը ավելի մոտ է։ Աստված գիտեր, նույնպես
ծնողներն ու տատիկը գիտեին՝ սա մեղք է և այն է մեղք, կրիր մեդալիոնը աճող
կիսագնդերիդ, որոնց վրա աչք են գցում պատանիները, արաքնում։ Իսկ տարիներ անց նա
պառկած էր ամուսնու հետ անկողնում տապ ամառային երեկոներին՝ իմանալով, որ պետք է
որոշում կայացնել՝ այդ մասին նրան բարձրաձայն չասելով, որովհետև բաներ կան, որոնց
մասին ավելի լավ է լռել։
Գլուխը ցավում էր։ Քերըլը քորեց այն։ Սև կտորները ներքև
թափվեցին, նրա դեմքի կողքով։ «Կռաուն
Վիկի» արագաչափի սլաքը քարացել էր տասնվեց
հազար ֆունտի վրա, բայց հետո պայթեց, բայց Բիլլը, երևում է, չնկատեց դա։
Հայտնվեց «Գրեյթֆուլ Դեդ» սոսնձաթղթով փոստարկղը,
հետո փոքրիկ, սև շունը՝ կախած գլուխը, որ վազում էր իր գործերով և, օ՜, Տե՛ր
Աստված, որքա՜ն էր ցավում գլուխը, սև պատառիկները պտտվում էին օդնում, մեկի վրա
երևաց Մայր Թերեզայի դեմքը։
ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԸ ՕԳՆՈՒՄ Է ՖԼՈՐԻԴԱՅԻ ԱՆՈԹԻՆԵՐԻՆ․․․ԻՍԿ ԴՈՒՔ ԿՕԳՆԵ՞Ք ՆՐԱՆՑ։
«Ֆլո՛յդ,
այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։
Քերըլը հասցրեց ինչ-որ մեծ բան տեսնել։ Եվ կարդալ
«ԴԵԼՏԱ» բառը։
-Բի՞լլ, Բի՞լլ։
Նրա ձայնը՝ պարզ, բայց Տիեզերքի եզերքից հասնող․«Աստվա՛ծ իմ, սիրելի՛ս,
այդ ի՞նչ է մազերիդ մեջ»։
Նա բարձրացրեց ծնկներից մայր Թերեզայի այրված դեմքև
ու մեկնեց նրան, այն տղամարդու ծերացած կրկնօրինակին, որի հետ ինքն ամուսնացել էր,
քարտուղարուհիների հետ քնող տղամարդու, որը նրա ամուսինն էր, տղամարդու, որը
այնուամենայնիվ փրկեց իրեն մարդկանցից, որ վստահ էին, որ դու հավերժ դրախտում
կապրես, եթե բավականին մոմ վառես, կապույտ բլեյզեր հագնես և լսես աստվածահաճո
երաժշտություն։Մի շոգ գիշերով, այդ տղամարդու հետ անկողնում պառկած, երբ վերևում
թմրանյութ էին վաճառում և իննը միլլիոներորդ անգամ «Այրոն Բաթերֆլայ» սկավառակն
էին պտտեցնում, Քերըլը հարցրեց, թե նրա կարծիքով, ինչ կլինի հետո։ Երբ ավարտվի քո
դերը այս շոուի մեջ։ Բիլլը գրկեց նրան ու սեղմեց իրեն, հեռվից լսվում էր ավտոուղու
համաչափ աղմուկը, իսկ Բիլլը․․․
Բիլլի ակնոցները կորան
այտոսկրերի մեջ։ Մի աչքը դուրս թռավ ակնախոռոչից։ Բերանը արյունոտ անցքի
վերածվեց։ Ծառերի վրա թռչուններն արդեն
չէին ճռվողում, այլ գոռում էին, և Քերըլն սկսեց գոռալ նրանց հետ, ձեռքում բռնելով
թղթի այրված կտորը և մայր Թերեզայի դեմքը։ Նա գոռում էր՝ հետևելով, թե ինչպես են
Բիլլի այտերը սևանում, ճակատը ճաքճքում,
պարանոցը պատռվում, գոռում էր, գոռում, ինչ-որ տեղ բարձր հնչում էր «Այրոն
Բաթերֆլայը», իսկ նա գոռում էր։
* * *
-Քե՞րըլ։
Բիլլի ձայնը հեռվից էր լսվում, այլ մայրացամաքից։ Նրա
ձեռքը նրա ազդրին էր, միայն թե շոյանքի մեջ մտահոգություն էր զգացվում, քան
տարփանք։
Քերըլը բացեց աչքերը, տեսավ արևով ողողված «Լիր-35»-ի
սալոնը և ակնթարթորեն ամեն ինչ հասկացավ․․․ինչպես մարդը,որն հասկանում է
սարսափելի երազի իմաստը, որը քիչ առաջ է տեսել։
Քերըլը հիշում էր, թե ինչպես հարցրեց, թե, նրա կարծիքով, ինչ է նրան սպասվում, հասկանո՞ւմ եք, այն բանից
հետո, երբ․․․իսկ նա պատասխանեց, որ հավանաբար յուրաքանչյուրն ստանում է այն,
ինչին իր կարծիքով արժանի է։ Եվ եթե Ջերի Լի Լյուիսը կարծում էր, որ բուգի-վուգի[9]
նվագելու համար դժոխք է ընկնելու, հենց այնտեղ էլ գնալու է ուրեմն։ Երկինք, դժոխք,
Գրանդ Ռեպիդս․ ընտրությունը քոնն էր, կամ այն մարդկանցը, ովքեր
սովորեցրել էին քեզ, ինչպես պետք է հավատալ։ Պետք է որ, մարդկային գիտակցության
վերջին հանճարեղ հնարքը լինի․մտահղացում, ըստ որի ձեռք ես գցում ողջ հավերժությունը
ապրելու համար այն վայրում, որտեղ ուզում ես։
-Քե՞րըլ։ Լա՞վ ես, քաղցրս,- մի
ձեռքում նա բռնել էր թերթը, որ կարդում էր՝ «Նյուսբուքի»՝ կազմի վրա Մայր Թերեզայի
լուսանկարով։ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՍՈ՞ՒՐԲԸ՝ սպիտակին էր տալիս գրառումը սև ֆոնի վրա։
Նայելով ինքնաթիռի սրահը՝ Քերըլը մտածում էր․«Դա տեղի կունենա տասնվեց հազար ֆունտ բարձրության
վրա։ Ես պետք է ասեմ նրանց, զգուշացնեմ»։
Բայց déjà vu -ն անհետանում էր, ինչպես անհետանում
են բոլոր զգացմունքները։ Դրանք անհետանում են ինչպես անուրջները, կամ ինչպես քաղցր բամբակը, որ քաղցր մառախուղի է վերածվում
լեզվից վերև։
-Իջնո՞ւմ ենք։ Արդե՞ն,- Քերըլն ամբողջովին արթնացել
էր, ձայնը դեռ խռպոտ էր։
-Արագ էր, չէ՞,- ինքնագոհ է ձայնը, ասես ինքն է
ինքնաթիռը վարել, ոչ թե վճարել դրա համար։- Ֆլոյդն ասում է, որ վայրէջք կկատարենք․․․
-Ո՞վ,- հարցրեց նա։ Սրահում տաք էր, բայց մատները
սառել էին։-Ո՞վ։
-Ֆլոյդը։ Դու գիտես, առաջին օդաչուն,- նա ձեռքով
թռիչքախցիկի կողմը թափահարեց։ Նրանք ամպի շերտերի մեջ
էին մտնում։ Ինքնաթիռն սկսեց ցնցվել։- Նա ասում է, որ մենք վայրէջք կկատարենք
Ֆորթ-Մայերսում քսան րոպեից։ Մենք ուղղակի թռել ենք ողջ Ամերիկայով, կյանքս, մինչև
դու հասցրիր թարթել աչքդ։
Քերըլը բացեց բերանը,
որպեսզի ասի, որ այնպիսի զգացողություն ունի, դե այն, որը բառերով կարելի է
արտահայտել միայն ֆրանսերեն, ինչ-որ vu կամ vous, բայց այդ զգացողությունը հալվում
էր, և նա ասաց․«Մղձավանջ ունեցա»։
Երաժշտական ձայն հնչեց․ Ֆլոյդը՝ առաջին օդաչուն, միացրեց տողացույցը՝ «Կապեք ամրագոտիները» գրառմամբ։
Քերըլը թեքեց գլուխը իլյումինատորի կողմը։ Ինչ-որ տեղ՝ ներքևում, նրանց սպասելով,
քսան րոպե և հավերժ, կանգնած էր սպիտակ մեքենան, որ պատվիրել էր Բիլլը «Հերթց»
գործակալությունից, գանգստերական ավտոմեքենա, որը գանգստերների մասին ֆիլմերում
այլ կերպ, քան «Կռաուն Վիկ» չէին անվանում։ Նա նայեց թերթի կազմին, մայր Թերեզայի
դեմքին, և նույն պահին հիշեց պարանը, որի վրայով նրանք թռչում էին Հրեշտակների
տիրուհու դպրոցում, արգելված խաղիկների ներքո, որոնցից մեկը հանկարծ դուրս լողաց
նրա հիշողության մեջ․«Տիրամորն եմ աղոթում ու ձեզ,
սրբեր, փրկեք հետույքն իմ դժոխքից բոցակեզ»։
«Առջևում դժվար ժամանակներ են սպասվում»,- ասում էր
տատիկը։ Նա մեդալիոնը Քերըլի ափի մեջ դրեց, շղթան փաթաթեց մատների վրա։ «Դժվար ժամանակներ են սպասվում»։
_________________
Կարծում եմ, սա պատմվածք է դժոխքի մասին։ Ժամանակային հանգույցի տեսակ, երբ դուք անընդհատ նույնն եք անում։ Էքզիստենցիալի՛զմ, հը՞ն, ո՞նց է մտահղացումը։ Իսկը որ Ալբեր Քամյու։ Կա նաև վարկած, որ դժոխքը այլ մարդիկ են։ Իմ կարծիքով դժոխք կարող է լինել միևնույն բանի հավերժական կրկնությունը։
[1]Դյույմ
(հոլ.՝duim
- բթամատ), մատնաչափ,
երկարության չափ միավորների անգլիական և ամերիկյան համակարգերում, որտեղ երկարության հիմնական միավորը ֆուտն է։ 1 դյույմ
1/12 ֆուտ է։ Օգտագործվել է նաև չափերի հին ռուսական համակարգում որպես արշինի 1/28 մաս։ Միջազգային համակարգի
երկարության միավորով արտահայտված՝ 1 դյույմ = 0,0254 մետր է։
[2]Sanibel եւ Captiva-կղզիներ Ֆլորիդա նահանգում:
[3]Սեմինոլները Ֆլորիդա
նահանգի բնիկներն են։
[5]Mason - Dixon Line- սահման, որը կազմվել է 1763-1767 թվականների միջև անգլիական հետազոտողների
և աստղագետներ Չարլզ Մեյսոնի և Երեմիա Դիքսոնի միջև՝ Ամերիկայում բրիտանական գաղութների՝
Փենսիլվանիայի և Մերիլենդի միջև գրեթե դարավոր տարածքային վեճը լուծելու համար: Գծի մեջ հստակ
նշված են ամերիկյան ժամանակակից Փենսիլվանիա, Մերիլենդ, Դելավեր և Արևմտյան
Վիրջինիա նահանգների ժամանակակից պետությունների սահմանները: Քաղաքացիական պատերազմից առաջ
Մեյսոն-Դիքսոն գիծը ծառայում էր որպես խորհրդանշական սահման Հյուսիսային ստրկատիրական
պետությունների և հարավի ստրկամիտ պետությունների միջև:
[6]Learjet-ամերիկյան
բիզնես կարգի զինվորական կամ մարդատար ինքնաթիռների ընկերություն է, Լիր-35-ը Լարջեթ
մակնիշի ինքնաթիռ է։
[7]Ռոք խմբեր։
[9]Ջազային երաժշտության
տեսակ։
Թարգմանեց Արման Վերանյանը։
Պատմվածքն ամբողջությամբ կամ մասամբ համացանցում տարածելու դեպքում պետք է նշել սկզբնաղբյուրը ` Arman Veranyan's Blog :
Комментариев нет:
Отправить комментарий