1
Գրողը
Ամսագրի ողջ խմբագրությունը սիրալիր էր նրա հետ։ Նա արդեն երեք պատմվածք էր հրատարակել ամսագրում, մեկը մեկից լավն էին։ Անգամ քարտուղարուհի Աննա Միխայիլովնայի, որ խիստ կին էր՝ վերջերս վերադարձած աքսորից, աչքերն էին ջերմանում ու բարիանում, երբ նա խոսում էր նրա հետ։
Իսկ նա անձամբ չէր հավատում իր երջանկությանն ու ագահաբար որսում էր յուրաքանչյուր խրախուսական մեկնաբանություն։ Նա հատկապես, չգիտես ինչու, մեծ նշանակություն էր տալիս Աննա Միխայիլովնայի կարծիքին։
-Դե, ի՞նչ եք կարծում, ինձնից իսկական գրող դո՞ւրս կգա։
Նա գեղեցիկ երիտասարդ էր՝ առնական ձայնով, իսկ աչքերի մեջ ու արտասանության մեջ անընդհատ ինչ-որ բացարձակ մանկական ու անասելի քնքուշ բան էր երևում։
Մի անգամ, երբ Աննա Միխայիլովնան մենակ էր, նա, կարմրելով ու ամաչելով, նրան դիմեց մի տարօրինակ խնդրանքով․ մի օրով կնոջ հագուստի մի ամբողջ կոմպլեկտ տալ իրեն՝ մինչև ամենից ինտիմները։
-Ոչ ոք չի հագնելու, ազնիվ խոսք եմ տալիս։ Դա միայն բուտաֆորիայի համար է պետք։
-Ի՞նչ եք պատրաստվում անել։
Նա խորամանկ նայեց ու պատասխանեց․
-Գաղտնիք է։ Միայն թե շատ է պետք։ Պատմվածքի համար։
Աննա Միխայիլովնան ծիծաղեց ու խոստացավ։ Հաջորդ օրը փոքրիկ ճամպրուկ բերեց՝ խնդրած իրերով։ Նա շատ գոհ գնաց և խոստացավ վաղը ևեթ վերադարձնել։
Եկավ նա ոչ հաջորդ օրը, այլ մյուս օրը։ Դեմքն անշարժ էր, և աչքերի մեջ տարակուսական-շփոթված արտահայտություն կար՝ հատուկ երեխային, որին քոթակել են, բայց թե ինչի համար, չէր հասկանում, այնուամենայնիվ հասկանում էր, որ, ըստ ամենայնի, պատճառ կար։
-Ահա՛ ճամպրուկը, վերադարձնում եմ։ Շնորհակալություն։
Նստում է։ Դողացող ձեռքերով սկսում է ծխել։
-Ես, Աննա՛ Միխայիլովնա, Ձեզ խնդրանք ունեմ։ Բան է պատահել․ առանց ձեր օգնության գլուխ չեմ հանի։
-Ի՞նչ է պատահել։
-Գիտե՜ք․․․ Ես Ձեզ հետ ամենայն անկեղծությամբ եմ խոսում․․․ Իմ նոր պատմվածքի համար կնոջ խանդի տեսարան է պետք։ Իսկ ես իրականում երբեք չեմ տեսել, թե ինչպես է նման իրավիճակում ներկայանում կինը։ Եվ ահա ես էլ որոշեցի․․․ Ինձ մի աղջիկ է սիրում։ Դե ես էլ, իհարկե, նրան եմ սիրում։ Սովորաբար նա ինձ մոտ է գալիս առավոտյան, շաբաթական երկու անգամ։ Դե ես էլ որոշեցի հետևել, թե ինչպես է նա խանդում։ Երրորդ օրվա երեկոյան, բնական է, կարգի բերեցի սենյակս․ սեղանին ասես թե ընթրիքի մնացուկներ են՝ սառը ուտեստներ, շշեր, կիսով չափ գինով լցրաց բաժակներ։ Բազկաթոռներին շաղ տվեցի այն, ինչ Դուք տվել էիք ինձ, ամենից երևացող տեղերում՝ վերնաշապիկ, զուգագուլպաներ ու նման բաներ։ Իսկ առավոտյան՝ նրա գալու ժամանակ, անկողնում իմ մուշտակից մարդկային կերպարանք ստացա, ծածկեցի վերմակով․ շատ բնական ստացվեց, մարդու նման պառկած էր։ Պատրաստվում էի ինքս հագնվեմ, մեկ էլ հանկարծ դուռը թակեցին ու նա ներս մտավ։ Սովորականից տասը րոպե շուտ, չգիտես ինչու։ Զարմանքից կանգ առավ մուտքի մոտ։ Ես, որպեսզի չծիծաղեմ, լուսամուտին եմ մոտենում, դուրս եմ նայում և շրթունքներս եմ կծոտում։ Հետևումս լռություն է, հետ նայեցի։ Նա հանկարծ «ախ» քաշեց, երերաց ու դուրս վազեց։ Հագիս միայն ներքնաշորեր էին․․․ Հագնվեցի, վազեցի հետևից․․․ Չկար։ Նրա մոտ գնացի, չկար։ Միայն երեկոյան գտա։ Ամեն ինչ պատմեցի, ինչպես որ կար։ Նա լսում է ու լռում։
Նա քորում է ականջի հետևը։
-Գո՜նե հայհորեր, գո՛նե լացեր։ Նստած է ու լռում է, աչքերը չոր են, միայն շատ են խոշորացել։ Երևում է՝ չի հավատում․․․ Ահա, ես էլ ուզում եմ խնդրել Ձեզ, Աննա՛ Միխայիլովնա։ Եկեք միասին նրա մոտ գնանք, պատմեք, որ այդ Դուք եք տվել ինձ հագուստը։
Աննա Միխայիլովնան գարշանքով պատասխանեց․
-Ոչ, շնորհակալ եմ։ Շատ եմ ցավում, որ Դուք չզգուշացրիք, թե Ձեր ինչին էր այդ ամենը։ Խե՜ղճ աղջիկ, ո՜ւմ հետ է կապվել։ Իսկ Ձեզ կարող եմ շնորհավորել․ մի քիչ վաղ է, բայց Դուք դարձաք «ամենաիսկական» գրողը։
2
Անիծված տունը
Զամոսկվորեչյայի մեծ փողոցներից մեկում կանգնած է
պաճուճավոր-գեղեցիկ, մռայլ-երփներանգ մի տուն։ Ահա թե ինչ են պատմում այդ տան մասին։ Այն իր համար մի հարուստ սիբիրցի ոսկի արդյունաբերող է կառուցել։
Ճարտարապետին հանձնարարեց նախագիծը, հաստատեց, պայմանագիր կնքեց։ Պայմանագրի մեջ արդյունաբերողը մեծ տուժանք մտցրեց․ եթե աշխատանքը պայմանագրով նշված ժամկետում չվերջացնեն։ Ողջ ընթացքում շինարարությանը անուն էր կպցնում, դանդաղեցնում էր, ստիպում էր նորից ու նորից վերաձևել։ Ճարտարապետը տեսավ, որ սատանայի ճանկն է ընկել և որ
ժամկետներում չի վերջացնի պատվերը։ Իսկ տուժանքը վճարելու հնարավորություն նա չուներ։ Եվ կախվեց հենց այն տանը, որը կառուցել էր։
Տանտերը բնակություն հաստատեց տանը դստեր հետ։ Վերջինս իտալական օպերայի երգչի սիրահարվեց։ Հայրն, իհարկե, արգելեց անգամ մտածել նման ամուսնության մասին։ Նա իտալացու հետ արտասահման մեկնեց։ Հայրը մենակ մնաց՝ ապրելու ահռելի տանը։ Խիստ բարկանում էր աղջկա վրա և ուժգին կարոտում էր նրան։ Կարոտը հաղթեց։ Արտասահման մեկնեց՝ աղջկան գտնելու։ Գտավ նրան՝ լքված իտալացու կողմից, կարիքի մեջ, հղի։
Հետ բերեց նրան։ Եվ այդ ժամանակ հաղթանակ տարավ բարկությունը։ Նա փակեց աղջկան երկրորդ հարկի վերնասենյակում։ Դուռը հիմնավոր պատեց աղյուսներով, միայն մի փոքրիկ լուսամուտ թողեց․ դրանով ուտելիք ու խմելիք էր տալիս։ «Ծախու» սպասուհին լռում էր։
Եկավ նրա ծննդաբերելու ժամանակը։ Նրա ձայներն ու տնքոցները ամբողջ տանով մեկ էին լինում։ Հայրն արգելեց նրան որևէ օգնություն ցուցաբերել, նստել էր իր աշխատասենյակում և երեք օր լսում էր, թե ինչպես
երկու հարկերի արձագանքող սենյակներում տարածվում էին նրա տնքոցներն ու ոռնոցները։ Չորրորդ օրվա գիշերը լռություն իջավ։ Վերնահարկում հայտնաբերեցին մեռած մորն ու մեռած նորածնին։
Իսկ հոր համար տունը շարունակում էր մնալ լիքը տնքոցներով ու գոռոցներով։ Նա չէր քնում գիշերներով, ամբողջ ժամանակ քայլում էր խալաթով վառ ներկված առանձնատան սենյակներով։ Վերջապես չդիմացավ ու արտասահման մեկնեց։ Տունը մինչև հեղափոխությունը շարունակում էր դատարկ մնալ։
3
Սխալը
Մենք նրա հետ արդեն երկու տարի էր, մինչ այդ ծանոթ էինք, և ոչ մի բան էլ չկար։
Իսկ այդ երեկոն հանկարծ ընդհանրապես տարօրինակ դարձավ։ Դա տեղի ունեցավ օգոստոսին, խնձորներ կային, մառախլապատ գիշերներ էին։ Նա նայում էր իմ աչքերին, և ես հանկարծ զգացի, որ նա հիանում է ինձնով, և ես չէի կարող դրանից բարի ու հիասքանչ չդառնալ։ Հիացումն ինձ վրա ազդում է, ինչպես յուղը ճռճռան դռան վրա։ Մենք այնքան լավ էինք խոսում աչքերով ու ժպիտներով, ինչպես ուրիշները բառերով չեն խոսում։ Երեկոն ամբողջովին յուրահատուկ էր՝ լուսինը,
ցողից փայլող տանիքներն ու ցանկապատները, ծանր սև ստվերները ճանապարհներին։ Ես զգում էի, թե ինչպես են փայլում աչքերս։
Մենք թափառում էինք խնձորենիների տակ՝ բավականին մոտ իրար։ Երբեմն ծանրորեն գետնին էր շրմփում խնձորը։ Ոտքերս բոլորովին խոնավ էին ցողից, ես տեսնում էի, որ նա նույնպես թրջվել է, բայց որ դա ոչինչ է, որովհետև ինձ հետ նրա համար լավ է։ Նա շոյում էր ձեռքերս։ Դա այնքան անբռնազբոսիկ ու հասկանալի էր այդ գիշեր․․․ Թվում էր, թե այդ գիշեր բոլորը սիրում էին իրար, և նրա շոյանքի մեջ ոչ մի զարմանալի կամ վատ բան չկար։ Եվ զարմանալի չէր այն, որ նա համբուրեց ինձ քնքշորեն, քնքշորեն․․․ Եվ ես պատասխանեցի նրան,
և այդժամ այդպես էլ պետք է լիներ, որպեսզի հետո մենք խղճուկ ու ամոթով չմնայինք։ Այո՛, ամոթով։ Որովհետև պետք է ամաչեինք երկուսս էլ, եթե այդ գիշերը բաց թողնեին ձեռքներիցս։
Հետո մենք շարունակեցինք հանդիպել։ Ե՛վ լուսինն էր նույնը, և՛ ցողը, և՛ խնձորներն էին ընկնում։
Բայց այլևս դա չկրկնվեց։ Ինչո՞ւ։ Ես չէի հասկանում։ Լացում էի գիշերները։ Եվ ինձ պարզ դարձավ, որ զգացմունքը, որ ինձ դեպի նրան է ձգում, սեր չէ։ Ես վախենում էի խաբվել ու խաբել նրան։ Փորձում էի ընթացք չտալ այդ թեմայի շուրջ սկիզբ առած զրույցներին։
Մենք բաժանվեցինք։ Նա Դոնեցկի երկրամաս ծառայության մեկնեց։
Նա՝ լեռնային ճարտարագետ, հենց նոր ավարտած ուսումը։ Եվ հենց նա մեկնեց, ես հասկացա, որ սիրում եմ նրան։ Չնայած չէ, ամենևին այդպես չէ։ Ոչ միանգամից։ Ես կարոտում էի, բայց ասում էի ինձ, որ փուչ բան է, կանցնի։ Մենք երկու տարի նամակ էինք գրում իրար։
Եվ ահա այդ ժամանակ ես վերջնականապես հասկացա, որ սիրում եմ նրան։ Իսկ նա հակարծ ընդհատեց նամակագրությունը։ Հարևանցի իմացա, որ նա ամուսնացել է։ Նպաստել էր բաժանումը,
հետ էր վարժվել ինձնից ու ամուսնացել։ Եվ ես աշխարհում մենակ մնացի։ Սև մելամաղձությունը տիրեց ինձ, թվում էր, որ ես ոչ ոքի պետք չեմ։
Հետո հավաքեցի ինձ, կրկին ապրելու ծարավ ի հայտ եկավ։
95 թվականի աշնանը ծանոթացա մի երիտասարդի հետ։ Նա ինձնից 11 տարով մեծ էր։ Սկզբում ես նրա հետ ինձ շատ լավ ու թեթև էի զգում։ Բացի այդ նա հերոսի լուսապսակով էր շրջապատված․ նոր էր դուրս եկել բանտից, որտեղ երկու տարի էր անցկացրել։ Բայց շուտով սկսեցի նկատել, որ նա ինձ բացառապես որպես կնոջ է վերաբերվում։
Դա ինձ վրդովում էր, բարկացնում, ես որոշեցի պարզաբանել նրա հետ։ Բայց նա թեման այնպես շրջեց, որ ես ակամայից սկսեցի մտածել․ ինչո՞ւ է ինձ այդպես անհանգստացնում նրա վերաբերմունքը։ Այո, ինձ գրավում էր նա։ Նա վստահեցնում էր ինձ, որ մենք սիրում ենք իրար, որ, թեկուզ և ես հերքում եմ, սիրում եմ իրեն։ Ես մտածում էի, որ մեր միջև ամուր կապվածություն կհաստատվի, և մենք իրար համար ամուսին ու կին կլինենք։ Բայց նա ընդհանրապես չէր ուզում դա։ Նա ասում էր․
-Ես ուզում եմ, որ մեր հանդիպումը քաղքենիության մոխրագույն երկնքով անցնի փայլող երկնաքերի նման։
Ես չէի սիրում նրան, բայց չէի կարող հեռանալ։ Այդպես էլ ասում էի նրան, որ չեմ սիրում, չնայած նա ձգում է ինձ։ Իսկ նա հանդգնության աստիճանի համառ էր դառնում։ Այն ժամանակ, եթե նա՝ առաջինը, գոնե մի բառ ասեր ինձ, ամենասովորական նամակ գրեր (նա շատ մաքուր ու ազնիվ մարդ էր), ոչին էլ չէր լինի․․․ Ես չէի տրվի չսիրած մարդուն՝ մասամբ նրա կողմից արթնացրած զգացմունքային տենչից, մասամբ այդ ամեն ինչն իմանալու համար, բայց ամենակարևորը․ ես որշել էի, որ չեմ կարողանում սիրել և երբեք ոչ ոքի իսկապես չեմ սիրի։ Իսկ այդ դեպքում միևնո՞ւյն չէ։ Ընդ որում՝ նա խոստացավ, որ հետևանքներ չեն լինի։ Եվ իսկապես, չեղան։
Այդ ամենի մեջ շատ քիչ ուրախություն կար։ Ծանր էր ու ինչ-որ չափով տխուր։ Առավոտյան ես ինձ խոսք էի տալիս բաժանվել նրանից, բայց գալիս էր երեկոն, գալիս էր նա՝ քնքուշ ու զվարթ, և առաջին համբույրից ես ուժաթափ էի լինում։ Վերջապես աններդաշնակությունն իմ մեջ ուժգնացավ զգացմունքային տենչից, և մենք բաժանվեցինք։
Այն առաջին զգացմունքը առայժմ լռել էր, բայց ես զգում էի․ ամենայն լավը, ամբողջականը, որ կար իմ մեջ, կապված է նրա՝ առաջինի հետ։ Չծիծաղեք, եթե հանկարծ ինչ-որ մեկը կարդա այս տողերը․ ես իսկապես չէի կարծում, որ բարոյապես ավելի եմ վատացել, քան եղել եմ առաջ։ Այս երկրորդը գիտեր, որ ես իրեն չեմ սիրում։
Մի տարի անց՝ աշնանը, Կանանց բժշկական ինստիտուտի հասցեին (այն ժամանակ այնտեղ էի սովորում)ես նամակ ստացա առաջինից՝ սիրելիից։ Աչքերիս առաջ մթնեց, երբ ճանաչեցի նրա ձեռագիրը։ Նամակը
հուսահատական էր, կյանքը՝ աղավաղված։ Նա հարցնում էր, թե կուզեմ ես լսել նախկին ընկերոջս խոտովանանքը։ Ի՜նչ ապրումներ ունեցա այդ նամակից հետո։ Ուրիշները ինձ համար մեկ էին, բայց նրա՝ ինձ դատելը (երկրորդի պատմության պատճառով) կարող էր ինձ վերջնականապես տապալել։ Իսկ ես ոչինչ թաքցնել չէի ուզում։ Ես պատասխանեցի նամակին՝ դեռևս ոչինչ չասելով։ Պատասխան չեղավ։ Եվս մի տարի անցավ։ Մի անգամ թատրոնում հիշեցի անցյալը, այնպես հուզվեցի, որ այլևս չէի կարող հեռու վանել։ Ես նրան հասարակ, ընկերական նամակ գրեցի։ Նա վարկենապես պատասխանեց և Սուրբ Ծննդին եկավ տեսակցելու։ Պարզվեց, այն ժամանակ կինը նրանից ինձ չպատասխանելու խոսք էր վերցրել, քանի որ իմ նամակը նրա ձեռքն էր ընկել։ Հիմա նա իմն է։ Կինը, դեռ մինչև իմ վերջին նամակը, հեռացել է նրանից․․․ գուսարյան[1]
սպայի հետ։ Ինչպես հարյուրամյակներ առաջվա գռեհիկ վեպերի մեջ է․ «Քեզնով, կանթելով ձեռքերը գեղեցիկ, հափշտակվել է անցնող կոռնետը ․․․»[2]։
Այ թե ինչու համար եմ ես ուզում ինքս ինձ պատմել այս ամենը։ Ես տրվեցի ուրիշին առանց սիրո, դա, իհարկե, սխալ էր, և ստոր։ Եվ ահա՛, չնայած դրան, ես պահել եմ հոգուս խորքում զգացմունքի ողջ մաքրությունն ու բանաստեղծականությունը։
Այո՛, հենց բանաստեղծականությունը, քանի որ այն ժամանակակից պատմությունից հետո, ես ավելի ուժգին զգացի բանաստեղծականությունն ու իրական սիրո ուժը։ Իհարկե, ես պատմեցի նրան այն պատմությունը։ Նա ամեն ինչ հասկացավ։ Հիմա ես կարող եմ սիրել միայն նրան։ Եվ այն, որ ես տրվել եմ առանց սիրո, ինձ միայն ավելի մաքուր ու առաքինի է դարձրել, և երբեք նման որևէ բան չի կարող ինձ հետ էլի տեղի ունենալ։
4
* * *
Ուսանողը, ստանալով մարմնավաճառից այն, ինչ պետք էր իրեն,
ծխախոտ վառեց և կարեկցանքով հարցրեց․
-Ինչպե՞ս հասար սրան։
Մարմնավաճառը բարձրացավ անկողնու
վրա ու ասաց․
-Իսկ դու ինչպե՞ս սրան հասար։
Ուսանողը՝ տարակուսանքով․
-Ինչի՞ն հասա։
-Որ գնում ես մարդուն։
[1]
Գուսարյան
սպա- Գուսարական զորքի սպա։ Գուսարյան զորքը Ռուսական Կայսրության հեծելազորի ու հետևազորի
միասնական զորքն է։
[2] Նիկոլայ Նեկրասովի «Եռյակ» բանստեղծությունից է, ռուս․՝ https://xn--80apgoet0f.xn--p1ai/%D0%BF%D0%BE%D1%8D%D1%82%D1%8B/%D0%BD%D0%B5%D0%BA%D1%80%D0%B0%D1%81%D0%BE%D0%B2/%D1%81%D1%82%D0%B8%D1%85%D0%B8/4004/%D1%82%D1%80%D0%BE%D0%B9%D0%BA%D0%B0
Կոռնետ- հեծելազորային գնդի կրտսեր լեյտենանտ։
Թարգմանեց Արման Վերանյանը։
Ամբողջությամբ կամ մասամբ համացանցում տարածելու դեպքում պետք է նշել սկզբնաղբյուրը ` Arman Veranyan's Blog :
Комментариев нет:
Отправить комментарий