2020-09-06

Վիկենտի Վերեսաև «Չհորինված պատմվածքներ անցյալի մասին» (Մաս 3-րդ)

 


1
Փաստաթուղթ

  Այսօր երեկոյան Ֆյոդոր Իվանովիչը ինձ մոտ էր։ Պատմում էր, որ իրենց բնակարանում երիտասարդ աղջիկ է ինքնասպան եղել։

-Շա՜տ հետաքրքիր պաստաթուղթ է, գիտե՞ք։

Ես, հենց էն է, ապշեցի։ Ցրված հարցրի

-Փաստաթո՞ւղթ․․․այսինքն․․․ նրա օրագի՞րը։

Նա տարակուսանքով պատասխանեց

-Դե հա՜։

Փաստաթուղթ․․․ որպիսի բնորոշում։ «Փաստաթո՛ւղթ»։ Օ՜, ստորներ։ Անհրաժեշտ էր, չէ՞, բառ հայթհայթել։ Ես զայրույթից ամբողջովին դողում էի։ Եվս մի բառ, և ես, թվում է, կկորցնեի ինքնատիրապետումս, վեր կկենայի, սարսափելի բան կասեի նրան, կվռնդեի։ Բայց նա հանկարծ լռեց։ Հասկացա՞վ արդյոք, թե ինչ է կատարվում ինձ հետ, թե դա ուղղակի պատահականություն էր, բայց նա լռեց։ Իսկ ես քիչ-քիչ հանդարտվեցի։

Միայն թե անգամ հիմա ինձ մի հարց է տանջում «Ինչո՞ւ էր նա գրում»։ Չէ որ դա խուզարկություն է, սրտի խուզարկություն։ Ախ՜, մի՞թե ցանկություն ուներ նա իր կյանք թողնելու ինչ-որ ծխնելույզ մաքրողների, որպեսզի ամենայն անաղարտը լղոզվի նրանց սև ավելներով։ Մի՞թե նա ուզում էր դա։ Եվ որ տխմարի մեկը, ինչ-որ Ֆյոդոր Իվանովիչ, կարդար նրա «փաստաթուղթը»՝ կծելով շաքարավազից ու պնակից թեյ խմելով, և լրջորեն ասեր

-Շա՜տ հետաքրքիր պաստաթուղթ է։

Մի՞թե նա ուզում էր։ Ես վախենում էի, և ոչ միայն աղջկա համար։ Չէ որ ես էլ կարող եմ հայտնվել նման  փաստաթղթերի մեջ, ես նույնպես օրագիր եմ պահում․․․ Աստվա՛ծ իմ, ինչպե՞ս անեմ, որ այն «փաստաթուղթ» չդառնա։

   

2

Պատահար

  Դա, իհարկե, սարսափելի կոպիտ ու վատ ստացվեց։ Ամեն ինչ այսպես եղավ։

Սմոլյանինները իրենց բաժանորդագիրներին Շալյապինի «Խովանշինայի »[1] տոմսեր ուղարկեցին։ Սառն ու անձրևախառն եղանակին տոմսերը բերեց սմոլյանինների սպասուհին։

Աննա Ալեքսանդրովնան հարցրեց

-Որքա՞ն թեյավճար տանք։

Նա պատասխանեց

-Ամենաքիչը՝ քսանգինգկոպեկանոց։

-Այ՜ քեզ մեծ բան, ինչի՞ համար։ Տասը կոպեկն էլ բավական է։

-Ի՞նչ ես ասում, Անյա՛։ Ախր ով է թեյավճարին տասը կոպեկ տալիս։ Միայն գծուծ խանութպանները։

-Աստված իմ, ի՜նչ աղայական պահելաձև է․․․ Տասկոպեկանոցն էլ շատ լավ է․․․ Վերցրո՛ւ, Դունյաշա, տվեք նրան։

   -Մի հատ սպասիր, Անյա՛․․․

Աննա Ալեքսանդրովնան տիրաբար ու հատիկ-հատիկ կրկնեց

-Տարե՛ք, Դունյաշա, ու տվե՛ք։

Նա բորբոքվեց, բայց տիրապետեց իրեն ու լուռ կծեծց շրթունքը։ Դունյաշան անմեղորեն բարձրացրեց հոնքերը, ասես թե ոչինչ չնակատեց, ու տասկոպեկանոցով խոհանոց գնանց։ Դայակն էլ էր Բորեչկայի հետ այդտեղ՝ թեյի սեղանի շուրջ, նստած, սպիտիր վրա մելինսֆուդ էր եփում։ Եվ նա նույնպես լսեց ամեն ինչ։ Որքան, որքա՜ն տհաճ է։ Գոնե մարդկանցից քաշվեր։

Նա՝ գունատ, մեծ լոնքերով քայլում էր հյուրասենյակից ընդունարանով մինչև գրասենյակ ու հետ։ Աննա Ալեքսանդրովնան քնքշաբար հարցրեց

-Քեզ էլի թեյ լցնե՞մ։

 Նա կտրուկ պատասխանեց

-Ո՛չ։

Աննա Ալեքսանդրովնան գդալով մելինսֆուդ էր ուտեցնում Բորեչկային ու երգելով ասում էր

-Իսկ հայրիկն ինձ ու քո վրա բարկանում է։ Մեր հայրիկը չար է, ներվային։ Իսկ մենք նրա վրա ընդհանրապես ուշադրություն չենք դարձնի։ Կբարկանա ու կհանգստանա։

Եվ անգամ դա դայակի ներկայությամբ։ Բայց գիտեի էլ, թե նա որքան է ատում մարդկանց ներկայությամբ վիճելը։ Նա կտրուկ շրջվեց, իր գրասենյակ գնաց ու փակվեց։

   Բացեց գործը, որի կապակցությամբ նա պետք է վաղը դատարանում ելույթ ունենար։

«․․․կարծում եմ, որ վենյովցի քաղքենի[2]  Աֆինոգեն Շերստոբիտովին վստահորդիս տված պարտավորությունը․․․»

Ա՜խ, զզվելի է, զզվելի։ Ասես ինչ-որ տղեկի էր ընդհատում։ Անգամ չբարեհաճեց զրուցել։ Եվ այդպես կոպիտ, մարդկանց ներկայությամբ․․․ Ծիծաղելի է վաղը ֆրակով նա ելույթ կունենա դատարանում՝ լրջմիտ, կարևոր, իսկ այստեղ՝ տանը՝ «Ոչինչ, կբարկանա ու կհանգստանա»։  Եվ ախր ինքն էլ հարցրեց՝ ինչքան տա․․․ Իսկ ամենակարևորը՝ ամեն ինչ մանրուք է։ Ինչպիսի՜ դատարկ տեղից է կարողանում վեճ սարքել։ Ինչպես նախադպրոցական տարիքի երեխաները։ Նման անիմաստ վեճեր հենց միայն նախադպրոցական տարիքի երեխաների, մեկ էլ ամուսնացածների մոտ են տեղի ունենում։ Դպրոցահասակ երեխաներն արդեն ամաչում են նմանատիպ վեճերից։

Դուռը կամաց թակեցին։ Անա Ալեքսանդրովնան մեղավոր տոնով հարցրեց

-Ալյոշա, կարելի՞ է։

Նա խռպոտ ասաց

-Ո՛չ, չի կարելի։

Ու նորից գործի անցավ։ Հին պատմություն է հիմա կքնքշանա, սիրալիր կդառնա, ասես դրանով կարելի է ջնջել այն ամոթն ու խայտառակությունը, որն ինքը ստիպված էր վերապրել։ Հանկարծ նրա խելքին հասավ ու ծիծաղեց նոր նա ինչո՞ւ թակեց։ Որովհետև ինքը հեռացավ ու չխմեց երկրորդ բաժակ թեյը․․․ Օ՜, կինարմատ։ Պայծառ ժպիտով ոտնատակ կտա հոգիդ, ավելին՝ միտումնավոր ավելի ուժեղ կսեղմի կրունկներով։ Բայց իրեն պատառ-պատառ անելու կնետի, որպեսզի հենց նույն մարդն առանց երկրորդ բաժակ թեյի չմնա։  

Փետրագրիչը սահում ու ճտճտում էր թղթի վրա։ Նա բացեց գրասեղանի կողքի դարակը, որպեսի նոր փետրագրիչ հանի։  Մաշված պատյանի մեջ կողքի էր դրված բրաունինգը[3], որը նա իր հետ էր վերցնում ուղևորությունների ժամանակ։ Հանեց այն պատյանից՝ հարթ, փայլուն, և սկսեց զննել։ Այ՛ թե կրակի իր վրա․․․ Ու երկտող թողնի «Կյանքս կերար, ստո՛ր կնիկ։ Անիծում եմ քեզ»։

 

Նա պատկերացրեց, թե ինչպես է կինը վազում կրակոցի ձայնի վրա ու տեսնում է իր ցնցվող մարմինը՝ ցրիվ տված գանգով ու արյունով ծածկված դեմքով ինչքա՜ն մեծ սարսափ կլինի դա։ Եվ այլևս ոչնչով, ոչնչով հնարավոր չի լինի ոչինչ ուղղել։ Պատկերացնում էր, թե նա ինչպես վայրի անհուսության մեջ հարվածում է դագաղին ու բղավում «Ալյոշա՛, Ալյոշա՛, վե՛ր կաց»։ Եվ հանկարծ լռում է։  Բայց գիշերը, երբ դագաղի մոտ ոչ ոք չկա, գալիս է ու կանգնում մռայլ լռության մեջ այն յուրահատուկ լռության մեջ, որը լինում է գիշերը սենյակում, որտեղ պառկած է հանգուցյալը։ Նրա աչքերը սև են ու խոշոր գիշերվա նման։  Նա ագահաբար նայում է վիրակապած ճակատով մոմլաթե դեմքին խղճալիորեն, համառորեն, ինչպես երեխան, որ կորցրել է մորը, կանչում է «Ալյոշա, սիրելի՛ս, Ալեշեչկա։ Ինչո՞ւ այդպես արեցի։ Վե՛ր կաց, լսո՞ւմ ես»։

Աչքերում արցունքներ հայտնվեցին։ Ու ինքն իրենից զզվեց։ Ինչպե՞ս կարելի, անգամ ոչ լրջորեն, նման տեսարաններից հաճույք ստանալ։ Սիրելի՜ Անկա․․․ Միայն հեռվում՝ ինչ-որ տեղով անցավ «լուրջ մահը», և անմիջապես կյանքը լուրջ դարձավ, և այնքան չնչին թվացին Անկայի արածները։ Մի՜թե կարելի է կյանքը դրանցով գնահատել։  Եվ անիմաստ վեճերի հետևում իրենց համատեղ կյանքում որքան լուսավոր, անմոռանալի-քնքուշ բաներ կան։ Ահա անգամ այն ժամանակ, երբ նա լայն բլուզով նստել էր Բորեչկայի սեղանի առաջ ու ձեռք էր առնում իր բարկությունը, ինչպիսի՜ մայրական հիասքանչ խնամք էր ճառագում նրանից։

  Բայց, մեկ է, ընդհատեց նրան, ինչպես երեխային։ Անգամ առարկությունները չլսեց։ Եվ ամեն ինչ ինչ-որ տասկոպեկանոցի պատճառով։ Իսկ հետո «հայրիկը չար է, բայց մենք նրա վրա ուշադրություն չենք դարձնի»։ Ու դա դայակի ներկայությամբ։ Որքա՜ն մանրախնդիր են կանայք ու չհարմարվող, որքա՜ն են տգեղացնում կյանքը․․․  Եվ, ա՜խր, ոչնչի համար ներողություն էլ չի խնդրում։

Ոչ, թո՛ղ որ, թո՛ղ որ զզվելի է։ Ինչպե՞ս դա կլիներ։

Նա փոստային թուղթ հանեց ու խոշոր, հաստ ձեռագրով գրեց

«Դու կործանեցիր իմ կյանքը, անիծված կնիկ»։

Հետո ռեվոլվերից հանեց փամփուշտներով պահունակն ու դատարկ ռևոլվերը[4] դեմ արեց քունքին։ Փողը սառնություն փոխանցեց մաշկին։ Նա վերընթերցեց գրածն ու քաշեց ձգանը։ Բայց նա մոռացել էր․․․

Նա մոռացել էր, որ առաջին փամփուշտը, որ հենց ռևոլվերի մեջ է, պահունակի հետ դուրս չի գալիս։ Եվ ամբողջ բնակարանով լսվեց կրակոցի ձայնը։

 

3

Ֆրանչեսկա

Մոսկվայում ապրում էր գեներալ Զարուդինը, շատ հարուստ էր։ Նա Ուրալում 60 հազար դեսյատին[5]  ուներ, նաև 10 հազար՝ Ռուսաստանի սևահող նահանգներում։ Եվ երկու աղջիկ ուներ։ Ավագը՝ Զինաիդա Արկադևնան, ամուսնացած էր ինչ-որ երկրորդական պետության ռուս դեսպանի հետ։ Կրտսերը՝ Վալենտինան, դեռ ամուսնացած չէր։

Նա շրջագայում էր երկու տիկնանց հետ Իտալիայով։ Վերջիններս երկուսն էլ ամուսնացած էին և շատ լավիկն էին։ Այնինչ Վալենտինան գեղեցիկ չէր։  Հռոմում նրանք ծանոթացան անասելի գեղեցիկ իտալացի սպայի՝ Լուիջի Մարինելլի դի Տոլոմեի հետ՝ հայտնի հին ֆլորենտական տոհմից։ Նա, այն է, ուզում էր սիրահետել երկու բարետես ամուսնացած կանանց, բայց շուտով համոզվեց, որ նրանք սիրում են իրենց ամուսիններին, և նույնժամ իմացավ, որ նրանց տգեղ ուղեկցուհին ահռելի կալվածքների՝ 70 հազար դեսյատինի ժառանգորդ է։ Կատա՞կ է։ Գրեթե ողջ Իտալիայի չափ։ Իսկ նրա անձնական գործերը կարգին խախտված էին։ Նա բռնկվեց Վալենտինայի հանդեպ կրքոտ սիրով։

Բաժանվեցին։ Պայմանավորվեցին նամակագրվել։  Նամակագրությունն ավելի ու ավելի աշխույժ էր դառնում։ Վերջապես նա Վալենտինային առաջարկություն արեց։ Հայրը, իսկ առավել ևս՝ մայրը, սաստիկ դեմ էին, բայց Վալենտինան ոչինչ չէր ուզում լսել։ Տեղափոխվեց Նիցցա ու ամուսնացավ։

Շուտով մահացավ Վալենտինայի հայրը, հետո՝ մայրը։ Ամուսինը պնդում էր, որ Ռուսաստանի բոլոր կալվածքները վաճառի ու գումարը իրեն տա։ Բայց ժառանգությունը դեռ բաժանված չէր քույրերի միջև։ Այնուամենայնիվ, կալվածքները մաս առ մաս վաճառվում էին, իսկ փողերը անցնում էին նրա տնօրինության տակ։ Ամուսինը սարսափելի խանդում էր Վալենտինային, չնայած նա գեղեցիկ չէր, բայց ինքը անձամբ անընդհատ դավաճանում էր կնոջը։

Նրանք աղջիկ ունեցան։ Ֆրանչեսկա Մարինելլի դի Տոլոմե։ Ամուսինը նողկանքով հայտարարեց

-Ինձ աղջիկներ պետք չեն։ Տղաներ են պետք՝ մեր գերդաստանը շարունակելու համար։ Այլապես այն ինձնով կվերջանա։

   Միասին Ռուսաստան էին մեկնել, ամուսինը ջերմեռանդորեն պնդում էր, որ նրա ծնողների ժառանգությունն  ամբողջովին լիկվիդացման ենթարկվի։ Բայց հարազատները ամեն կերպ դեմ էին դրան։ Վերադառարձան Իտալիա։ Նա կնոջը փոքրիկ աղջկա հետ տեղավորեց Ֆլորենցիայից դուրս՝ քաղաքամերձ ամառանոցում, իսկ ինքը Գենույա[6] մեկնեց։ Կինը նրա մոր՝ իսկական մեգերայի[7] , ու նրա քրոջ՝ պառաված օրիորդի հսկողության տակ էր ապրում։ Վալենտինայի նամակները Ռուսաստան, և Ռուսաստանից նրան ուղարկված նամակները ձեռքից խլում էին։ Դուրս գալը նրան արգելված էր, կարելի էր միայն լուսավորչական եկեղեցի գնալ։ Նա հոգևորականի միջոցով հուսահատական նամակ ուղարկեց Ռուսաստան։ Նրա հարազատությունը մեծ ազդեցություն ուներ, սկսեց քայլեր ձեռք առնել։ Բայց անսպասելիորեն Վալենտինային ազատեց մի երիտասարդ ամերիկուհի սա որ իսկապես արկածային վեպի նման էր։ Իմացավ Վալենտինայի դրության մասին ու որոշեց առևանգել նրան՝ ոչ փողի համար, այլ այնպես՝ սպորտի ու արկածների հանդեպ սիրուց դրդված։ Բնակություն հաստատեց նրա ամառանոցի հարևանությամբ, հոգևորականի միջոցով նրա հետ կապ հաստատեց։ Մի մռայլ գիշերով Վալենտինան երկու երեխաների հետ (բանտարկության ժամանակ նա մի երեխա էլ ունեցավ, տղա) այգի դուրս եկավ։ Պայմանավորված վայրում քարե ցանկապատի վրայով պարանից աստիճան էր գցված։ Վալենտինան երեխաների հետ անցավ ցանկապատի վրայով, ամերիկուհին սպասում էր նրանց մեքենայում։ Տարավ ու ճանապարհեց նրանց շոգենավով դեպի Ռուսաստան։

Վալենտինան Ռուսաստանում երեք տարի ապրեց։ Իտալիայից եկավ ամուսինը, սկսեց հետ կանչել, խոստումներ տվեց։ Նրա հետ ապրեց մի քանի ամիս, ի վերջո համոզեց վաճառել նրա վորոնեժյան մեծ կալվածքը։ Վալենտինան վաճառեց։ Կրկին հղի էր։ Ամուսինը մեկնեց՝ իր հետ վերցնելով դրամը։ Պայմանավորվեցին, որ կգա նրա հետևից, երբ ծննդաբերի։

Սկսիզբ առավ համաշխարհային պատերազմը, հետո հեղափոխությունը։ Վալենտինայի ավագ որդին՝ տասներեքամյա Անդրեյը, կամավորագրվեց Յուդենիչի[8]  զորքեր: Վալենտինան Ռեվելում խոհարարություն էր անում, օրեցօր հատակն էր մաքրում, սպիտակեղեն էր լվանում։ Ռազմակաճատից վերդարձավ Անդրեյը՝ բծավոր տիֆ տարած, հիվանդ,  ոջլոտած։ Սարսափելի աղքատ էին։ Իտալյայի դեսպանը իմաց տվեց ամուսնուն Իտալիայում։ Վերջինս պատասխանեց «Շատ ուրախ կլինեմ ընդունել կնոջս ու տղաներին, իսկ աղջկան խնդրում եմ չուղարկել, նա ինձ պետք չէ»։ Մայրը տղաների հետ մեկնեց նրա մոտ, իսկ աղջկան՝ Ֆրանչեսկային, համաձայնեց իր մոտ պահել մորաքույրը՝ Զինաիդա Արկադևնան։ Նա Մոսկվայում էր ապրում։ Նա տղա ուներ՝ Ֆրանչեսկայից երեք տարով մեծ։ Մանուկ հասակից նրանք սիրել էին իրար ու որոշել էին ամուսնանալ, հենց մեծանան։ Այժմ պատանին հիշեցրեց նրան այդ որոշման մասին։ Ֆրանչեսկան տասնվեց տարեկան էր։ Նա համաձայնեց։ Մորաքրոջ որդին զգուշացրեց նրան, որ ուրիշին է սիրել, երեխա ունի։ Ֆրանչեսկան նրանից երդում պահանջեց, որ ընդհանրապես կխզի կապերը այն կնոջ հետ։

Ամուսնացան։ Սկսեցին ապրել տղայի սենյակում՝ մոր սենյակի կողքին։ Իսկ երկու շաբաթ հետո Ֆրանչեսկան ամուսնու գրպանում նախորդ կնոջից նամակ գտավ։ Նա բաժանվել էր ամուսնուց։ Մորաքրոջ որդին այդ կնոջը Մոսկվայի արվարձանում տեղավորեց, ու մնաց նրա մոտ, իսկ Ֆրանչեսկային հատկացրեց իր սենյակը։ Շուտով, այնուամենայնիվ, վճռեց, որ Մոսկվայի արվարձանից ծառայության գնալը հեռու է։ Ֆրանչեսկայի սենյակը միջնորմեց ու սենյակի մյուս կեսում սկսեց ապրել նախկին ընտանիքի հետ։ Ֆրանչեսկայի համար շատ ծանր էր։ Իտալիայում գտնվող մորը նամակ գրեց, թե չի՞ կարող ինքն էլ մեկնել նրանց մոտ։ Մոր փոխարեն պատասպանեց հայրը «Մենք դեմ չենք, բայց հաշվի առ, որ Իտալիայում ամուսնալուծված կանանց նայում են, ինչպես մարմնավաճառներին»։

Չմեկնեց։ Բայց նախկին ամուսնու ընտանիքի հետ ապրելը տանջանք էր։ Տնային կոմիտեի մոտ գնաց ու խնդրեց իրեն ուրիշ սենյակ հատկացնել, ինչպիսին ուզում է լինի։ Նրան այնտեղ կարեկցեցին։ Սենյակ հատկացրին ձեղնահարկում։

Առաջին ամուսնությունից երկու տարի անց տասնութ տարեկանում Ֆրանչեսկան ամուսնացավ թերմոդինամիկայի պրոֆեսոր Կրայուշկինի հետ։ Նա արդեն հիթսուն տարեկան էր և շատ այլանդակ տեսք ուներ։ Ֆրանչեսկան կատաղի խանդում էր նրան ու, վրդովվում էր, որ նա չի խանդում իրեն։ Ամուսինն ասում էր կնոջ մորաքրոջը

-Նա օրինակելի կին է, ու ես նրա հետ շատ երջանիկ եմ, բայց այդ․․․ խանդը։ Ախր այն էլ ում է խանդում։ Հապա ինձ նայեք, ինչպե՞ս կարելի է խանդել ինձ։

Ֆրանչեսկան ոսկեգույն մազեր ուներ, նա գեղեցկուհի չէր, բայց տարօրինակ կառուցվածք ուներ։ Իսկ ամենից գրավիչը նրա մեջ անսովոր նրբագեղությունն էր։ Ո՛չ մի ավել բառ, ո՛չ մի ավել շարժում։ Հպարտ արժանապատվություն յուրաքանչյուր շարժումի մեջ։ Բայց նրան երբեք իրեն պահելու ձևերը ոչ ոք  չէր սովորեցրել։ Բացի այդ, ոչ մի դաստիարակչուհի չէր էլ կարողանա սովորեցնել նրան այդպես պահել իրեն։ Ազնվազարմ ֆլորենտուհի Վերածննդի ժամանակներից Ֆրանչեսկա Մարինելլի դի Տոլոմե՝ դարձած քաղաքացի Կրայուշկինա, որ գործեր ուներ տնային կոմիտեի հետ։ Նա ընդհանրապես ընդունակ չէր որևէ ստորության, կմեռներ քաղցից, բայց մեկ ռուբլի չէր գողանա այնինչ հանգիստ ու առանց չնչինչ վարանման կարող էր թունավորել որևէ մեկին։

   Իսկ այնտեղ՝ Իտալիայում, հրաշքներ էին տեղի ունենում։ Ֆրանչեսկայի հայրը պատերազմի ժամանակ աչքի էր ընել, սալջարդ էր ստացել, պարգևատրվել էր շքնշաններով, պաշտոնաթող էր եղել բարձր կոչումով։ Նա հարգանքով դիմավորեց կնոջը, որ եկել էր Ռուսաստանից, նրա հագի խղճուկ հնոտիքը փոխեց մետաքով ու թավիշով, և ապրեցին նրանք սիրտս սրտի, ինչպես ամենասիրառատ ամուսիններ։  Ընտանեկան կատարյալ իդիլիա։ Նրանց հետ իրենց երկու որդիները, երկուսն էլ անասելի գեղեցիկներ։

Մարինելլի դի Տոլոմեների անվանի գերդաստանը չի ավարտվի։

 

4

Շոգեքարշի կրակի տակ

Սա պատահել է տասական թվականներին։ Ապրիլ ամսին՝ գիշերվա տասներկուսին, Մոսկվա-Նիժնիգորոդ երկաթուղային գծի տակ էր գցվել անհայտ մի երիտասարդ։ Նրա գլուխը ցրիվ էր եկել, ուսից կտրվել էր ձախ ձեռքը։ Հանգուցյալի հագուստի գրպանում դողացող ձեռքով գրած երկտող գտան՝ թրջված արցունքներից «Հաջողությո՜ւն, ընկերներ ու ընկերուհիներ։ Ավարտվեց կյանքն իմ շոգեքարշի կրակի տակ։ Ուզում էի աշխարհի երեսից սրբել իմ հակառակորդին, բայց խղճացի նրան։ Աստված նրա հետ։ Թո՛ղ օգտվի կյանքից։ Ողջույն եմ հղում սիրածս աղջկան։ Չբացեք հիվանդ կրծքավանդակն իմ, ես, սիրելով ու տանջվելով, կործանվում եմ։

Գրիգորի Պրոխորով Մատվեև»։

 

5

Ուշացումով

Պետերբուրգ։ Ծայրամաս։ Նեղ բեռնասայլ, դրա վրա բարձր դիզված են մեխած փայտե արկղեր։ Բեռը կողքի էր թեքվել։ Սայլորդը՝ կիսամուշտակով տղան, քայլում էր սայլերի կողքից ու շփոթված ուսով նեցուկ էր տվել ծռված բեռին։ Հացահատիկի պահեստախանութի դռան մոտ կանգնած գործակատարը հետաքրքրությամբ նայում էր։ Կառապաններն էլ, կանգնած պանդոկի մոտ, հետաքրքրությամ նայում ու խոսում էին իրար հետ։

-Շուռ է գալու։

-Իհարկե, շուռ է գալու։

-Դու ասա տղային չճզմի։

-Այնքան հեշտությամբ։ Ինչքա՜ն մարդ է թաղվել ծանրության տակ։ Իսկ նա, հիմարը, ճանապարհի կողքով է գնում, բեռն ավելի է կողքի թեքվում։

Բեռը երերաց, և արկղերը ծանր-ծանր թափվեցին սայլորդի վրա։

Հացահատիկի խանութի գործակատարը արագ նետվեց օգնության։ Կառապանները, կապույտ արմյակների[9]  փողքերը հավաքելով, նույնպես վազեցին այդ կողմ։ Եվ ամեն կողմից մարդիկ էին վազելով մոտենում։ Վարկենապես հեռացրին արկղերը։ Սայլորդ տղան պառկած էր դեղնած դեմքով, փակ աչքերով, շրթունքի անկյունից արյան շիթ էր ներքև հոսում։



[1] Խովանշինա-Մոդեստ Մուսկորսկու հայտնի օպերան։

[2] Քաղքենի- այստեղ նկատի ունի մարդկային խավ Ցարական Ռուսաստանում, որի մեջ էին մտնում մանր առևտրականները, արհեստավորները, ցածր պաշտոնավորները ևն։

[3] Բրաունինգ-ատրճանակի տեսակ։

[4] Ռևոլվեր-ատրճանակ։

[5] Դեսյատին- հողային տարածության հին չափ 2400 քառ. սաժեն կամ 1.09 հեկտար։

[6] Գենույա-քաղաք Իտալիայում։

[7] Մեգերա-հին հուն՝ Μέγαιρα, «նախանձոտ», հին հունական դիցաբանության մեջ ամենասարսափելին երեք էրինեիներից, վրեժի աստվածուհի, Էրեբաի և Նյուգտի աղջիկը (կամ ծնված գիշերը և Տարատուրայով, կամ ծնվել է արյան կաթիլից, բխած Ուրանի կրտելուց), այստեղ փոխաբ․՝ ջադու, սադայել։

[8] Նիկոլայ Յուդենիչ- ռուս ռազմական գործիչ, հետևազորի գեներալ։Տ

[9] Արմյակ- Տղամարդու (գյուղացու) երկար վերնազգեստ։

Թարգմանեց Արման Վերանյանը։

Ամբողջությամբ կամ մասամբ համացանցում տարածելու դեպքում պետք է նշել սկզբնաղբյուրը ` Arman Veranyan's Blog :

Комментариев нет: