Փարիզը միշտ մերը կլինի[1]
Փարիզում հեղձուցիչ հուլիսյան
գիշեր էր՝ կեսգիշերին մոտ․ ես պատրաստվում էի դուրս գալ ու շրջել քաղաքում․ դա իմ սիրած զբաղմունքն էր․ երթուղիս սովորաբար սկսվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի մոտից, ու երբեմն վերջանում
էր Էյֆելյան աշտարակի մոտ։
Կինս ժամի իննից անկողին էր
մտել, և երբ ես կանգնած էի դռան մոտ, նա ասաց․
-Որքան էլ ուշ գաս, պիցցա
կբերես։
-Մի պիցցա․ տուն գալիս,- կրկնեցի ես ու դուրս եկա միջանցք։
Հյուրանոցից ես քայլեցի դեպի
գետի մյուս ափը, դեպի Փարիզի Աստվածամոր տաճարը․այնուհետև ճանապարհին
կանգ առա ու մտա Շեքսպիրյան գրախանութ, ապա շրջեցի Սեն-Միշել ճեմուղով՝ կանգ առնելով
Les Deux Magots բաց սրճարանում, որտեղ Հեմինգուեյը, ավելի քան մի սերունդ առաջ, իր
ընկերներին գրապա, պերնո ու Աֆրիկա[2]
էր հյուրասիրում։
Ես մի պահ նստեցի այնտեղ՝ նայելով փարիզցիների հոծ բազմությանը․ պերնո պատվիրեցի, հետո գարեջուր ու շարժվեցի դեպի գետափ։
Փողոցը, որ սկիզբ էր առնում
Les Deux Magots- ից, ոչ այլ ինչ էր, քան հնաոճ իրերի խանութներով ու սրվեստի պատկերասրահներով
շարված ծառուղի։
Այստեղ ես գրեթե միայնության
մեջ հայտնվեցի, և հանկարծ Սենին մոտենալիս ինչ-որ շատ տարօրինակ բան տեղի ունեցավ, ամենատարօրինակ բանը,
որ եղել է իմ կյանքում։
Ես հասկացա, որ ինձ հետևում
են։ Բայց դա հետևելու տարօրինակ ձև էր։
Հետ շրջվելով ես ոչ մի կենդանի
էակի չտեսա իմ թիկունքում։ Առաջ նայեցի ու քառասուն մետր հեռավորության վրա ամառային
վերարկուով մի երիտասարդի նկատեցի։
Սկզբում չէի էլ գիտակցում,
թե ինչ է անում նա։ Բայց մի խանութի ցուցափեղկի մոտ հապաղելով՝ ես բարձրացրի հայացքս
ու տեսա, որ նա ինձնից ութսուն կամ ինսսուն ոտնաչափ հեռավորության վրա կանգ է առել
ու դեպի հետ՝ ինձ է նայում։
Երբ նա որսաց իմ հայացքը,
առաջ քայլեց փողոցով, ապա նորից կանգ առավ ու հետ նայեց։
Երբ մենք ևս մի քանի անգամ
լուռ հայացքներով փոխանակվեցինք, ես վերջապես հասկացա, թե ինչ է կատարվում։ Փոխանակ
իմ հետևից քայլելու՝ անծանոթն ինձ հետևում էր ճանապարհին ինձնից առաջ ընկելով, ու հետ
նայելով՝ համոզվելու, որ ես գնում եմ իր հետևից։
Այդպես մենք մի ողջ թաղամաս
անցանք, և վերջապես ես, հասնելով մի խաչմերուկ,
գտա նրան այդտեղ ինձ սպասելիս։
Նա բարձրահասակ էր ու բարեկազմ,
շիկահեր ու բավականին գեղեցիկ, և, չգիտես ինչու, ինձ թվաց՝ ֆրանսիացի է։ Սպորտային
կազմվածք ուներ, միգուցե լողորդ էր կամ թենիսիստ։
Ես չգիտեի՝ ինչպես արձագանքել
իրավիճակին․հաճելի՞ էր ինձ, շոյվա՞ծ էի, ամաչո՞ւմ էի։
Հանկարծ առերեսվելով նրա հետ
խաչմերուկում՝ ես անգլերեն ինչ-որ բան ասացի, բայց նա շարժեց գլուխը։
Ապա նա ֆրանսերեն ինչ-որ բան ասաց․ հերթը իմն էր գլուխս շարժելու,
և մենք ծիծաղեցինք։
-Ֆրանսերեն ո՞չ,- ճշտեց անծանոթը։
Ես բացասաբար շարժեցի գլուխս։
-Անգլերեն ո՞չ,- հարցրի ես,
ու նա շարժեց գլուխը, և մենք երկուսս էլ ծիծաղեցինք, որովհետև կանգնած էինք կեսգիշերն
անց փարիզյան մի խաչմերուկում, ու չէինք կարող գոնե մի երկու բառ փոխանակել և կարգին
չէինք էլ հասկանում, թե ինչ ենք անում այդտեղ։
Վերջապես նա բարձրացրեց ձեռքն
ու կողային մի փողոց ցույց տվեց։
Ու նա ինչ-որ անուն ասաց՝
«Ջիմ», ու ես մտածեցի, որ դա ինչ-որ մեկի անունն է։ Շփոթահար շարժեցի գլուխս։
Անծանոթը կրկնեց, իսկ հետո
պարզաբանեց․
- Gymnasium[3],-
ասաց նա։ Ապա նորից ձեռքով ինչ-որ կողմ ցույց տվեց, քայլեց փողոցով, ապա շրջվեց՝ տեսնելու,
թե արդյոք հետևում եմ իրեն։
Ես դեռ կանգնած էի՝ տանջվելով
երկմտանքից, իսկ նա արդեն անցնում էր փողոցը։ Մյուս մայթից նա կրկին դեպի ինձ շրջվեց։
Իջնելով մայթից՝ հետևեցի նրան՝
ինքս ինձ մտածելով․ «Ի՞նչ եմ ես անում այստեղ»: Ապա նորից՝ «Ի՞նչ,
Աստված իմ, ի՞նչ եմ անում այստեղ»։ Փարիզ,
խորը գիշեր, տապ, տարօրինակ մի երիտասարդ, որ կանչում է ինձ․․․․ ո՞ւր։ Ի՞նչ մարզասրահ։ Ի՞նչ
կլինի, եթե ես այնտեղից երբեք չվերադառնամ։ Նկատի ունեմ, որ սա իսկապես խելահեղություն
է․օտար քաղաքում հետևել անծանոթ մեկին, գնալ այնտեղ, ուր նա է
տանում։
Բայց ես կանգ չառա։
Մյուս թաղամասի կենտրոնում
ես գնա նրան․ ինձ էր սպսում։
Գլխով ցույց տալով մոտակա
շինությունը՝ նա կրկնեց՝ «gymnasium»։
Հետևելով, թե ինչպես նա աստիճաններով իջավ շենքի նկուղը, ես շտապեցի
հետևել նրան։ Տեսնելով, որ նա աստիճաններով նկուղ է իջնում, ես շտապեցի հետևել նրան։
Ներքևում, հասնելով նկուղի դռանը՝ նա բացեց այն ու գլխով ինձ ներս՝ դեպի մթություն
հրավիրեց։
Ես տեսա, որ մենք իսկապես
մի փոքր մարզադահլիճում էինք՝ նման կառույցի համար սովորական գույքով՝ մարզասարք, մարզական
ձիուկ, փսիաթներ[4]։
Հետաքրքիր է, մտածեցի
ես ու առաջ անցա․ուղեկցորդս մեր հետևից փակեց դուռը։
Վերևից հեռավոր երաժշտության
ու մարդկանց ձայներ լսեցի, և հաջորդ բանը, որ զգացի, այն էր, որ վերնաշապիկիս կոճակները
բացվում են։
Ես կանգնած էի մթության մեջ․ քրտինքով էի պատվել, ու դեմքիս
վրայով առվակի նման քրտինքի կաթիլներ էին հոսում։ Լսում էի, թե ինչպես է անծանոթը մթության
մեջ հանում շորերը․ մենք կանգնած էինք այդտեղ՝
Փարիզում, կեսգիշերին, չէինք շարժվում, ու չէինք խոսում։
Նորից մտածեցի․ «Գրողը տանի, ի՞նչ եմ անում այստեղ»։
Երիտասարդը մի քայլ առաջ եկավ
ու գրեթե հպվեց ինձ, երբ հանկարծ մոտակայքում ինչ-որ դռան բացվելու, պոռթկուն ծիծաղի,
մեկ այլ դռան բացվել-փակվելու, ոտնաձայների ու վերևում բարձր խոսող մարդկանց ձայներ
լսվեցին։
Ես տեղումս ցատկեցի անսպասելիությունից
ու դողալով կանգնեցի այնտեղ։
Հավանաբար երիտասարդը հասկացել
էր իմ շարժումը, որովհետև մեկնեց ձեռքերը՝ մեկը դնելով ձախ, մյուսը՝ աջ ուսիս վրա։
Երկուսս էլ չգիտեինք, թե ինչ
անենք հետո։ Բայց կանգնած էինք այնտեղ, միմյանց դիմաց, Փարիզում, կեսգիշերն անց, ինչպես
երկու դերասան, որ բեմի վրա մոռացել են իրենց տողերը։
Վերևից ծիծաղի ու երաժշտության
ձայներ էին լսվում, ես անգամ մտածեցի, որ շամպայնի խցան են հանում։
Աղոտ լույսի ներքո ես տեսա,
թե ինչպես քրտինքի մի կաթիլ սահեց ներքև ու կաթեց նրա քթի ծայրից։
Ես ինքս էլ զգացի, թե ինչպես
է քրտինքը սահում ձեռքերովս ու կաթում մատներիս ծայրերից։
Մենք երկար, անշարժ կանգնած էինք
այնտեղ, մինչև որ վերջապես նա «ֆրանսիական ձևով» չթոթվեց ուսերը, ես էլ՝ իմ ուսերը,
և մենք կրկին ցածրաձայն ծիծաղեցինք։
Նա հակվեց առաջ, բռնեց կզակիցս
ու լուռ համբույր դաջեց հոնքերից մեջտեղում։ Հետո մի քայլ հետ գնալով՝ նա մեկնեց ձեռքն ու ուսերիս գցեց վերնաշապիկս։
-Bonne chance[5],-
շշնջաց նա․ իսկ գուցե դա ուղղակի թվաց ինձ։
Ապա մենք հանգիստ շարժվեցինք
դեպի դուռը․ նա մատը շրթունքներին մոտեցրեց ու ասաց՝ «Սսս․․․», և մենք
դուրս եկանք փողոց։
Մենք միասին քայլեցինք՝ վերադառնալով
դեպի նեղ պողոտան, որը մի ուղղությամբ դեպի
Les Deux Magots էր ձգվում, իսկ մյուս
կողմից՝ դեպի Սեն, Լուվր ու դեպի իմ հյուրանոց։
-Աստված իմ,- ասացի ես հանդարտ,-մենք
կես ժամ է միասին ենք ու նույնիսկ չգիտենք միմյանց անունը։
Նա հայացքն ինձ ուղղեց, և
ինչ-որ ոգեշնչումից դրդված ես մատս բարձրացրի ու հարվածեցի նրա կրծքին․
-Դու՝ Ջեյն, ես՝ Տարզան,-ասացի
ես։
Լսելով սա՝ անծանոթը ծիծաղով
բռնկվեց ու կրկնեց իմ հետևից․
-Ես՝ Ջեյն, դու՝ Տարզան։
Մենք ծիծաղեցինք՝ ողջ ընթացքում
առաջին անգամ թոթափելով լարվածությունը։
Նա կրկին առաջ թեքվեց, ու
մի անգամ էլ համբուրեց ճակատս, ապա շրջվեց ու հեռացավ։
Երբ նա երեք-չորս յարդ[6]
հեռավորության վրա էր, առանց շրջվելու խոսեց անվստահ անգլերենով․
-Ափսո՛ս։
Ես պատասխանեց․
-Այո, շա՜տ ափսոս։
-Հաջո՞րդ անգամ,- հարցրեց
նա։
-Հաջորդ անգամ,- պատասխանեցի
ես։
Ու նա իջավ նեղ փողոցով՝ այլևս
չառաջնորդելով ինձ։
Իսկ ես դարձա դեպի գետը, անցա
Լուվրի կողքով ու հասա իմ հյուրանոցը։
Գիշերվա երկուսն էր, բայց
տապը չէր նահանջում․ արդեն մեր լյուքսի մուտքից ես լսեցի սպիտակեղենի
խշրտոցն ու կնոջս ձայնը․
-Մոռացել էի ավելի վաղ հարցնել՝
տոմսերը գնե՞լ ես։
-Այո՛, այո՛,- պատասխանեցի
ես։- Հաջորդ երեքշաբթի թռչում ենք «Կոնկորդի»[7]
ցերեկային չվերթով մինչև Նյու Յորք։
Լսեցի, թե ինչպես կինս հանգստացավ,
ապա հառաչելով ասաց․
-Աստվա՜ծ իմ, սիրում եմ Փարիզը։
Հուսով եմ՝ հաջորդ տարի կկարողանանք վերադառնալ։
-Հաջորդ տարի,- կրկնեցի ես։
-«Փարիզը միշտ մերը կլինի»,-
հաստատեցի ես։
Հանելով հագուստներս՝ ես նստեցի
մահճակալի եզրին։ Կինս, իր կեսին պառկած, հարցրեց․
-Իսկ պիցցան բերեցի՞ր։
-Պիցցա՞ն,- ցրված հարցրի ես։
-Ինչպե՞ս կարող էիր մոռնաալ,-
վրդովվեց նա։
-Չգիտե՜մ,-ասացի ես։
Ես թեթևակի քոր զգացի հոնքերիս
մեջտեղում, ու ձեռքս բարձրացրի այնտեղ, ուր, ի նշան հաջողության, համբուրել էր անծանոթ
երիտասարդը, ով հետևում էր ինձ՝ առաջնորդելով։
-Չգիտեմ,- կրկնեցի ես,- ինչպե՞ս կարող էի
մոռանալ։ Ինքս էլ, գրողը տանի, չգիտեմ։
[1]Ամենից շատ կրկնվող արտահայտություններից մեկը ամերիկյան «Կասաբլանկա» ֆիլմում։
[2]Ալկոհոլային խմիչքներ։
[3]Անգլ․՝ gym-մարզասրահ։
[4]Փափուկ ծածկույթ, ֆիզիկական վարժություններ կատարելու ընթացքում վնասվածքներից
խուսափելու նպատակով:
[5]Ֆրանս․՝ Հաջողություն։
[6]Երկարության չափման
միավոր, 1 յարդը =0,9144 մետր/3 ոտնաչափ։
[7]Բրիտանա-ֆրանսիական գերձայնային մարդատար ինքնաթիռներ։
Комментариев нет:
Отправить комментарий