Տիկին
Արուսը եզրագծին էր։
-Հա... է՜հհ։- Նրա հարևան Աշոտ հոպարն է։ Հավ-ճիվը թողած՝ եկել
է ճանապարհելու երկար տարիների իր միակ ընկերոջ։- Դու էլ գնա, աղջի՛ Արուս, գնա, ազատվի
էս դարդերից էլ, աշխարհից էլ։ Գնա՜, ինձ համար էլ տեղ պահի, հա՜-հա՜,- ոչ էն է հազում
էր, ոչ էն է ծիծաղում Աշոտ հոպարը։
Իսկ տիկին Արուսը եզրագծին էր։ Թվում էր՝ դեռ պատրաստ չի, չի ուզում գնա։ Դեռ կյանքին կապող թելեր ուներ։ Ախր թելերս էլ մի թելեր լինեին։ Անգամ հիմա՝ տախտակ մարմինը անուժ էս մահճակալին գցած, նա շարունակում էր երազել։ Շարունակում էր մտածել, թե որտեղ է իր կյանքում սխալվել, որ մի շրջադարձին ճիշտ կողմ չի թեքվել, երբ է բարկացրել Աստծուն, որ հիմա էս օրին հասնելով՝ մի բաժակ ջուր տվողը հարևան Աշոտն է՝ խելառ բիձեն, որ որքան խելառ էր, էնքան էլ մաքուր սրտի տեր էր։ Ուզում է հիշել, թե ում ինչ վատություն է երբևէ արել, որ երբ վերևում հանդիպի Աստծուն, իսկ ինքը հավատում է, որ հանդիպելու է, չթողնի նրան բացի իր դավթարը, ինքը հատիկ-հատիկ ասի, մեղա գա, չոքերն ընկնի, խնդրի իրեն դրախտ գցի։ Չէ՜, թե Աստված մի քիչ նամուս ունենա, առանց իր խնդրելու էլ դրախտի դռները կբացի նրա առաջ։
Տիկին Արուսը հառաչում է, սմքած, խավարած ու կնճիռների մեջ կորած
աչքերից գետակներ են հոսում։ Չէ՜, մարմինը չի ցավում, չէ՜։ Բա էս կյա՞նք էր, որ նրան
բաժին հասավ, բա սա բա՞խտ էր, բա մարդ էլ էսքա՞ն դժբախտ լինի։ Բա մի հոգու գլխին էսքա՞ն
կայծակ բեկվի։ Բա սա՞ է աշխարհի կարգը։ Չէ՜, մեկ է, թե Աստված նամուսով լինի, անգամ
ինքը չի հայտնվի, կամաչի իր շինվածքի աչքերին նայել, հրեշտակներից մեկին կուղարկի,
կասի՝ «Գնացեք էն խեղճի համար դրախտի ամենալավ անկյունը սարքեք, արևը զենիթ արեք, ծառերից
էլ՝ հովանի, հերիք է ինչքան չարչարել եմ, թող գոնե այստեղ իրեն մարդ զգա։ Համ էլ օրորոց
կսարքեք, մեջը էն հարդով կփափկեցնեք, երեխուն կնունքի սրբիչի մեջ կփաթաթեք։ Թո՛ղ, թո՛ղ
գա տեսնի, որ իր մինուճարին լավ եմ նայել»։ Ա՛յ, այսպես պետք է լինի։
-Հա՜, հա՜ մանչիս ինձ տուր,- զառանցում էր տիկին Արուսը,- տո՜ւր,
ու ոտներդ կընկնեմ, տուր, ու էլ չեմ անիծի էս վզիզ փաթաթված կյանքի համար, տո՜ւր։-
«Տուր»-ը հրամայական էր, «տուր» բառի վրա ձայնը հրամանատարի երանգներ էր ստանում, ասես
պատրաստվում էր զորքին ոգեկոչելու։ Պարտատիրոջ ձայն էր։ Տերը պարտք էր նրան, հա՜, պարտք
էր։
Աշոտ հոպարը նստել էր իր միակ ընկերուհու կողքին, ու չգիտեր՝
ինչ անի։ Բռնել էր նրա ձեռքը, փորձում էր իր ուժերից նրան փոխանցել, ուզում էր իր կյանքը
նրան փոխանցել, թե չէ որ Արուսը գնաց, էլ իր ապրելն ո՞ւմ էր պետք։ Տղերքին տեղավորել
է, հե՛ն է, մարդ են դարձել, հոր տան տեղն էլ են մոռացել, կինը լրբի մեկն էր, ոչ բարով
տեսավ էդ կապը կտրածին։ Արուսն էր, միշտ աստվածավախ ու բարեպաշտ Արուսն էր իրեն բուժողը,
իր հետ հաց կիսողը, իր դուռը բացողը։ Թե հիմի որ Արուսն էլ գնաց, բա ինքը ի՞նչ է անելու։
Ու դրա համար Արուսի ձեռքից բռնած՝ փորձում էր վաղուց մոռացված աղոթքներից մեկը հիշել։
Վաղուց էր երես թեքել Աստծուց, ոչ թե չէր հավատում, այլ արհամարհում էր։ Էդ ինչ տեսակ
հայր պետք է լինի, որ իր զավակներին էսքան տանջանք ուղարկի։ Ինչքան էլ որ անշնորհակալ
լինեն զավակները։ Ինքը հո լավ գիտի, ինչ ասել է՝ անշնորհակալ զավակի հայր լինել։ Ոչ
թե չէր հավատում, այլ չէր ուզում, որ հիշի նրա գոյության մասին։ Մի ողջ ջահել կյանքը
հավատաց, աչքերը փակ, չոքեչոք խորանի դեմը փռվում էր, աղոթում էր, խնդրում, փառաբանում,
ու ի՞նչ տեսավ. վաղուց արդեն չէր խոսել հետը, խռոված երեխայի նման մեջք էր դարձրել
ու անտեսում էր։ Բայց հիմա Արուսի ձեռքը բռնած խնդրում էր, որ դեռ չտանի, որ ինքը չի
ուզում մենակ մնալ։
-Պարտք ես ինձ, հալիվո՛ր, պարտք ես։- Կարմրած աչքերում խոշոր
կաթիլներ էին հայտնվել։ Թուքը չէր կարողանում
կուլ տալ, կոկորդին մի բան էր կանգնած։ Լացը չէր, չէ՜։ Վախն էր կծիկվել, մենակ մնալու
վախը։
Հանկարծ տիկին Արուսը բացեց աչքերը։ Հանգած մոխիրների մեջ կայծեր
էին հայտնվել, ու թել դարձած շրթունքներին երանելի ժպիտ էր խաղում։ Աշոտ հոպարին թվաց,
թե,ահա՛, վերջապես, իրեն լսել է վերևում։ Աշոտ հոպարը ավելի պինդ բռնեց տիկին Արուսի
ձեռքը. նրան թվում էր, թե Արուսը քարափի պռնկին է, ու թե ինքը չբռնի նրա ձեռքը, քամին
կքշի նրա՝ նյութը հատած մարմինը, կքշի ծաղկափոշու նման՝ անելով նրան աշխարհով մեկ։
Բայց Աշոտը չէր ուզում իր ընկերուհուն կիսել աշխարհի հետ։ Ինքը էս աշխարհին շատ բան
էր տվել, էս մի հարցում ուզում էր եսասեր լինել։ Հերիք է, ինչքան աշխարհը խմեց իր արյունը,
հերիք է, ինչքան ոսկորները շնկշնկացին կիզիչ արևի տակ, որպեսզի անշնորհակալ երեխեքը
ուտելու ու հագնելու բան ունենան։ Հերի՛ք է։ Հիմա ուզում է եսասեր լինել։ Արուսը բացեց
աչքերը, ռունգերով խորը, շատ խորը շունչ քաշեց,
ինչպես երեխան է իր սիրած կոնֆետը ուտելիս ագահաբար շնչում քթով, քանի որ բերանը
զբաղված է, ու հազիվ լսելի ասաց.
-Պատաստ եմ, Աշո՜տ, թո՛ղ, թող գնամ։ Մանչս ինձ է սպասում։ Կարոտե՜լ
եմ։ Մեղք եմ։- Վերջին ուժերով մի անգամ էլ օդը ներս քաշեց, ու.-Աշո՜տ, ա՛յ Աշոտ քեզ
իմ կողքին տեղ կպահեմ։- Բարակ շրթունքներին ինչ-որ երկիմաստ ծիծաղ հայտնվեց։ Դադար
տվեց, ինչպես լավագույն դերասանուհիները բեմին, որ գիտեն անգամ իրենց դադարով արցունք
քամել հանդիսատեսի աչքերից, ապա թե.- Բարձիս տակի խաչը ինձ տուր, Աշո՜տ։ Խա՜չը տուր,
ուզում եմ մի վերջին անգամ աղոթեմ բալիս տեսնելուց առաջ։
Աշոտ հոպարը լարեց ծերունական ուժերը, որ կարողանա բարձրացնել
Արուսի գլուխը ու խաչը հանի բարձի տակից։ Սպիտակ ներկված փայտի վրա Հիսուսն էր խաչված։
Նրա աչքերը չէր կարողանում տեսնել, գլուխը կախված էր, համ էլ իր աչքերը վաղուց արդեն
երկնքում թռչուններ չէին որսում։ Բայց մի պահ Աշոտ հոպարը մտածեց, որ Հիսուսն էլ անշնորհակալության
զոհ է գնացել, որ այն ամենը, ինչն ինքը արեց Հոր համար, վերջինս էսպես վարձատրեց։ Ու
մի պահ, ընդամենը մի պահ, Աշոտ հոպարը մտածեց, որ գուցե նրան բաժին հասած չարչարանքը
այնքան մեծ էր, որ ինքը ուզեց կիսել այն մարդկանց հետ։ Ու այս սպիտակ փայտին խաչված
Հիսուսին նա ներեց։ Կամ գոնե խոստացավ, որ ծանրութեթև կանի ամեն ինչ։
Նա խաչը տվեց Արուսին։ Տիկին Արուսը, ավելի շատ շոշափելով, քան
տեսնելով, զգաց, որ իր խաչն է, մոտեցրեց այն կրծքին, բացեց աչքերը ու սկսեց մտքում
«Հայր մեր...» կարդալ։
Աշոտ հոպարն այդպես էլ չիմացավ՝ հասցրեց արդյոք նա վերջացնել իր աղոթքը։ Մի քիչ
հետո տիկին Արուսը անցավ եզրագիծը։ Խելառ Աշոտը իր ջլուտ մատները նրա աչքերին տարավ
ու հանդարտ իջեցրեց կոպերը։
Դիակից ինչ-որ խաղաղություն էր տարածվում սենյակում։ Աշոտ հոպարը
մի քանի րոպե ականջ դրեց լռությանն ու այդ արտասովոր խաղաղությանը, ապա վեր կացավ,
աթոռը հեռացրեց անկողնուց, բացեց դուռը ու դուրս եկավ։ Միջանցքում նստած թաղի կանայք
ոտքի կանգնեցին՝ աչքները չկտրելով Աշոտից.
-Գնա՜ց,- ասաց Աշոտը, ու նրա դեմքին ինչ-որ խելառ, երկիմաստ
ժպիտ հայտնվեց։
Комментариев нет:
Отправить комментарий