Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել, հայտնվեց մի ծառի առաջ, որը միաժամանակ և՛ կին էր, և՛ տղամարդ: Նա ակնածանքով բարևեց ծառին ու հարցրեց.
-Դու կյանքի ծա՞ռն ես:
Ծառի փոխարեն սակայն պատրաստվում էր պատասխան տալ օձը, այդ պահին Փիկտորը շրջվեց ու առաջ շարժվեց: Նա աչքերը լայն բացեց, նրան ամեն ինչ այնքան շատ էր դուր գալիս: Պարզ զգում էր, որ սա կյանքի հայրենիքն ու ակունքն է:
Եվ նա նորից մի ծառ տեսավ, որ միաժամանակ և՛ արև էր, և՛ լուսին:
Կրկին հարցրեց.
— Դու կյանքի ծա՞ռն ես:
Արևը գլխով արեց ու ժպտաց, լուսինը ևս գլխով արեց ու ժպտաց:
Աննման ծաղիկները նայում էին նրան զանազան գույներով ու լույսերով, զանազան աչքերով ու դեմքերով: Մի քանիսը գլխով էին անում ու ծիծաղում, ուրիշներն էլ գլխով էին անում ու ժպտում, որոշները սակայն գլխով չէին անում ու չէին էլ ժպտում. նրանք, ուրախությունից արբեցած, լռում էին. ընկղմված էին իրենց մեջ, տարված էին սեփական անուշահոտությամբ: Նրանցից մեկը մի կապույտ երգ էր երգում, մեկ ուրիշը՝ մուգ կապույտ օրորոցային: Ծաղիկներից մեկը երկնագույն խոշոր աչքեր ուներ, մեկ ուրիշն էլ նրան հիշեցրեց իր առաջին սիրո մասին: Մեկը իր մանկության այգու հոտն էր բուրում, նրա քաղցր բուրմունքը մոր ձայնի նման էր հնչում: Մի ուրիշն էլ շարունակ ժպտում էր նրան՝ մեկնելով իր կարմիր թեք լեզուն: Նա լիզեց այն, այն թունդ ու վայրի համ ուներ՝ խեժի ու մեղրի, նաև՝ կնոջ համբույրի:
Փիկտորը կանգնել էր ծաղիկների արանքում՝ կարոտագին ու անհամարձակ ուրախությամբ: Նրա սիրտը զանգի նման ծանր ու արագ էր բաբախում. նա բուռն ցանկությամբ այրվում էր անորոշության ու կախարդական երկմտանքի մեջ:
Փիկտորը մի գույնզգույն թռչուն տեսավ, որ նստել էր խոտերի մեջ, ու թվում էր՝ թռչունը տերն է բոլոր գեղեցիկ գույների: Գույնզգույն չքնաղ թռչնակին նա հարցրեց.
-Օ՜, թռչո՛ւն, ասա՛ ինձ՝ որտե՞ղ է երջանկությունը:
-Երջանկությո՜ւնը,-արտաբերեց թռչունը իր ոսկեգույն կտուցով,-երջանկությունը, ընկե՛ր, ամենուր է՝ լեռներում ու սիզամարգերում, ծաղիկների ու բյուրեղների մեջ: