Մինչև՞ երբ մեր այգիներն ու պարտեզները ոտքի կոխան պիտի դառնան թշնամի կրունկներու ներքև…
Մինչև ե՞րբ գաղթական պիտի մնանք, օտարին ծառա, օտարին գերի:
Բավ է որքան թափառեցանք հեռավոր ափերու վրա` անտուն ու անկայան:
Հո՛ն, լեռներեն անդին, ծովերեն անդին, նվիրական հայրենիք մը ունինք, որ մեզ կը կանչե:
Չե՛ք լսեր անոր ձայնը:
Միթե այդքա՞ն խուլ է ձեր հոգին, որ փակ կը մնա մեր լքված, մեր որբացած հողերեն բարձրացող աղաղակին առջև, արիացեք, դյուցազնացեք, եղեք հայկազյան փառապանծ ցեղին արժանավոր ժառանգորդները
Ա. ԱՐԱՐ
Ա. ՏԵՍԱՐԱՆ
Սովորական կահավորումով հյորանոց մը` կոշիկի առևտուրով զբաղվող Վահան Սիսեանցի բնակարանին մեջ: Երերու և կահերու խճուղում` առանց ճաշակի: Պատեն կախված է Սիսի բերդը ներկայացնող մեծադիր նկար մը:
Վարագույրը չբացված կհնչե «Կիլիկիա» երգին եղանակը և կշարունակվի բեմը բացվելեն ետքն ալ:
Վահան Սիսեանցի կրտսեր եղբայրը` Լևոն («Կիլիկիո Արքան»), 30 տարեկանի մոտնիհար, ջղուտ, բարձրահասակ երիտասարդ մը, նստած է միայնակ, երազուն, աչքերըհառած Սիսի նկարին: Հետզհետե նայվածքը կը բոցավառի, դեմքը կը ճառագայթե ևշրթունքները կը սկսին շարժիլ` լուռ ինքնախոսությամբ:
1
ԱՐՔԱՆ.— (Լսելի ձայնով) Սի՜ս, Կիլիկիա՜… ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, այո՛, ի՛մ Կիլիկիաս…
Բեմը հանկարծ կը լուսավորվի արտակարգ փայլով և ձայն մը լսելի կ’ըլլա: Ամեն անգամ , որ այդ ձայնը կը խոսի. Արքան կը պատասխանե դիմախաղերով ու շարժումներով. ան կ’արտահայտե մերթ կասկած, տատանում, մերթ հավատք և ի վերջո վճռական կեցվածք:
ՁԱՅՆԸ.- Քո՛ւ Կիլիկիադ , պապենական ժառանգությունդ, քու թագավորությանդ սահմանները, տե՛ս, հոն են…
ԱՐՔԱՆ.- (Ցնցված` կը լարե ուշադրությունը):
ՁԱՅՆԸ.- Դուրս նետե հոգիեդ ամեն վախ և ամեն կասկած:
ԱՐՔԱՆ.- (Կը հակազդե խոր հուզումով):
ՁԱՅՆԸ.- Հավատա՛ դուն քեզի և կդառնաս բանակ, կը դառնաս զորավար այդ բանակին և արքա` Կիլիկիո գահին:
ԱՐՔԱՆ.- (Թերահավատ ու աղաչական արտահայտություն կը ստանա, կը տառապի հոգեկան ծանր երկունքին մեջ):
ՁԱՅՆԸ.- Իմ ձայնով իրավունքը կը խոսի, պատմությունը կը վկայե և արդարությունը դատաստան կը կտրե:
ԱՐՔԱՆ.- (Հետզհետե կը գտնե ինքնավստահությունը, դեմքը կը սկսի պայծառանալ):
ՁԱՅՆԸ.- Դուն պիտի բազմիս Կիլիկիո թափուր գահին, այս է կամքը երկինքին:
ԱՐՔԱՆ.- (Խոր երկյուղածությամբ կը խոնարհե գլուխը երկինքի կամքին առջև):
ՁԱՅՆԸ.- Դուն պիտի վերակազմես Կիլիկիո քանդված օճախը…
ԱՐՔԱՆ.- (Կ’արտահայտե վճռական երևույթ` մարգարեներու և առաքյալներուվեհությամբ):
ՁԱՅՆԸ.- Դուն պիտի առաջնորդես քո տարագիր հոտդ դեպի իր պապերուն երկիրը, այս է ժողուվրդիդ ցանկությունը:
ԱՐՔԱՆ.- (Ժպտուն է և ինքնավստահ, ճակատը բարձր ու հպարտ):
ՁԱՅՆԸ.- Արիացի՛ր, արքայացի՛ր, զորացի՛ր, զի քեզ կը հռչակեմ Արքա Մեծի Տանն Կիլիկիո…
ԱՐՔԱՆ.- (Ձեռքերը կը միացնե ու կը խոնարհի, ի նշան անհուն շնորհակալության:Արտակարգ լուսավորումն ու ձայնը կը մարին):
ԱՐՔԱՆ.- (Ոտքի, ճակատն ու աչքերը շփելով) նորեն նույն ձայնը, նորեն նույն պատգամը, Աստվա՜ծ իմ…
Կը լսվի «Կիլիկիա» երգին եղանակը: Արքան ծանրաշուք շարժումով կառաջանա,բազկաթոռ մը կտեղավորե Սիսի նկարին ճիշտ դիմացը և կը բազմի արքայավայելհանդիսավոությամբ:
2
Ներս կը մտնե եղբայրը` Վահան, միջահասակ և լեցուն մարմնով. Մոտ 40 տարեկան:
ՎԱՀԱՆ.- Ի՞նչ կ’ընես:
ԱՐՔԱՆ.- (Ձեռքերը ծալած, գլուխը բարձր և հպարտ) Կը դիտեմ հայրերուս փառավոր կալվածքը:
ՎԱՀԱՆ.- Նորե՞ն Սիս գնացինք:
ԱՐՔԱՆ.- Ես հոն եմ միշտ:
ՎԱՀԱՆ.- Լավ կընես եթե քիչ մըն ալ հոս ըլլաս:
ԱՐՔԱՆ.- Ես հոն եմ, ուրկե զիս կը կանչեն:
ՎԱՀԱՆ.- Ո՞վ է քեզ կանչողը:
ԱՐՔԱՆ.- Արդարության ձայնը, պատմության վճչիռը:
ՎԱՀԱՆ.- (Գլուխը շարժելով) Ուրեմն հոն հասանք… Լևո՛ն, մտիկ ըրե…
ԱՐՔԱՆ.- (Շատ լուրջ) Խնդրեմ, Լևոն Յոթներորդ:
ՎԱՀԱՆ.- Լևոն, աղբարս, խելքի՞դ եկավ:
ԱՐՔԱՆ.- Դուն, որ քու խելքովդ կը պարծենաս` մտածած ունի՞ս Կիլիկիո մասին:
ՎԱՀԱՆ.- Մտածելեն ի՞նչ օգուտ կ’ելլե:
ԱՐՔԱՆ.- Բայց դուն Կիլիկիա ծնած ես, ես ալ, մեր հայրն ալ: (Նկարը ցույց տալով)Ահա տե՛ս, հոն են մեր պապենական կալվածները:
ՎԱՀԱՆ.- Հասկցանք, մոոռցիր այլևս այդ ամենը:
ԱՐՔԱՆ.- Ինչո՞ւ մոռնամ, ինչպե՞ս մոռնամ, եթե ես մոռնամ` ժողովուրդս չի մոռնար…
ՎԱՀԱՆ.- Լուր ունի՞ս, որ դուն հիվանդ ես:
ԱՐՔԱՆ.- Կը սխալիս, ես շատ առողջ եմ:
ՎԱՀԱՆ.- Սկսած ես պարապ-սարապ երազներով օրորվիլ, ցերեկը կ’երազես, գիշերը կ’երազես, և սա պատկերին առջևեն չես հեռանար:
ԱՐՔԱՆ.- Ասիկա հոս, պատին վրա միայն պատկեր է, իսկ հոն, ծովերեն անդին, լեռներեն անդին` հող է, այգի, պարտեզ, բերդ ու դղյակ…
ՎԱՀԱՆ.- Հասկցանք, հասկցանք…
ԱՐՔԱՆ.- Եթե հասկցած ըլլայիր, այսպես պիտի չխոսեիր եղբորդ հետ, որ տերն է այդ նվիրական ժառանգության:
ՎԱՀԱՆ.- (Լուրջ կասկածով նայելով եղբոր դեմքին) Դուն տերն ես միայն այս տժգույն նկարին:
ԱՐՔԱՆ.- Ան քեզի համար տժգույն նկար է:
ՎԱՀԱՆ.- Մեր հայրն ալ Սիսեն ուրիշ բան չէ գտած բերելու և շալկեր այս պատկերը բերեր է:
ԱՐՔԱՆ.- Ասկե լավ և ասկե ավելի թանկագին ի՞նչ կըրնար բերել` ի հուշ և ի կտակ իր որդոց:
ՎԱՀԱՆ.- Ես ատանկ գրաբար խոսքերե բան չեմ հասկնար. Ուրիշներու հայրերը ոսկի բերին:
ԱՐՔԱՆ.- Ոսկին հո՜ն է, Կիլիկիո լեռներուն մեջ, օր մը քեզ հոն կտանիմ և կը տիրանանք մեր հորենական բոլոր գանձերուն:
ՎԱՀԱՆ.- Լևո՛ն, սիրելիս…
ԱՐՔԱՆ.- Խնդրեմ, Լևոն Յոթներորդ:
ՎԱՀԱՆ.- Կատակ կ’ընես:
ԱՐՔԱՆ.- Կատա՞կ, ի՞նչ կատակ… բանր կան, որոնց հետ կատակ չ’ըլլար:
ՎԱՀԱՆ.- Հիմա դուն իրա՞վ չես գիտեր ով ես, որո՞ւ տղան ես:
ԱՐՔԱՆ.- Գիտեմ, Լևոն Յոթներորդ, Արքա Կիլիկիո:
ՎԱՀԱՆ.- Ծո՛ չե՞ս ամչնար:
ԱՐՔԱՆ.- Թող ամչնան անոնք, որ կը ստեն ու կը կեղծեն. Ես չեմ ստեր, ես ճշմարտությունը կ’ըսեմ… Ե՛ս եմ Կիլկիո Արքան:
ՎԱՀԱՆ.- Մի՛ պայթեցներ դիմացինդ. Ւսածիդ դուն կը հավատա՞ս, չե՞ս անդրադառնար, որ խենթի ճշմարտություն է ըսածդ:
ԱՐՔԱՆ.- Ճշմարտությունը մեկ է, կամ կը հավատաս կամ չես հավատար:
ՎԱՀԱՆ.- Աստված ինծի համբերություն տա: Լևո՛ն, խելքի եկուր, երեխա չես այլևս: Երեխանե՛րը իշխան-թագավոր կը խաղան:
ԱՐՔԱՆ.- Ես չեմ խաղար, կ’ապրիմ: Ես իմ կյանքս ու ճակատագիրս կ’ապրիմ:
ՎԱՀԱՆ.- Տե՜ր Աստված, բոլորովին թռցուցեր է աս տղան:
ԱՐՔԱՆ.- Մի վախնար, օր մը ինքզինքդ հպարտ պիտի զգաս ինծի պես եղբայր ունենալուդ համար:
ՎԱՀԱՆ.- (Հեգնական) Այդ մասին կասկած չունիմ, բայց դուն մեյ մը ինծի ըսե տեսնեմ, ե՜րբ լրջորեն գործիդ պիտի նայիս:
ԱՐՔԱՆ.- Ես ե՞րբ լուրջ չեմ եղած:
ՎԱՀԱՆ.- Կիլկիո մասին չէ խոսքս, այլ գործի. Օրերե ի վեր խանութ ոտք դրած չունիս:
ԱՐՔԱՆ.- Ի՞նչ է նպատակը այդ խանութին:
ՎԱՀԱՆ.- Հիմար-հիմար մի խոսիր. Խանութին նպատակը ի՞նչ կրնա ըլլալ… եթե դրամ չշահինք, ինչպե՞ս պիտի ապրինք:
ԱՐՔԱՆ.- Սեպենք թե շահեցանք, շա՜տ դրամ շահեցանք. հետո՞:
ՎԱՀԱՆ.- Եթե ես գեր-ցերեկ չաշխատեի, կոշիկի գործը չհիմնեի, ինչպես պիտի ունենայինք այս տունը, այս կահ կարասիները, այս ապրուստը…
ԱՐՔԱՆ.- Հետո՞…
ՎԱՀԱՆ.- Մասնավո՞ր ապուշ կը ձևանաս, թե խելքիդ բան մը եղած է:
ԱՐՔԱՆ.- Քեզի կը հարցնեմ` հետո՞… կոշիկ ծախելով ո՞ւր կ’ուզես հասնիլ ի վերջո, ի՞նչ է գերագույն նպատակդ:
ՎԱՀԱՆ.- Ինծի պիտի խենթացնե աս տղան: Ծո՛ կոշիկ ծախելուն գերագույն նպատակը ո՞րն է. Դրամ շահիլ, գործը ընդարձակիլ…
ԱՐՔԱՆ.- Օր մըն ալ կոշիկի թագավոր դառնալ, այնպես չէ՞…
ՎԱՀԱՆ.- Ինչո՞ւ չէ, եթե կարենամ, այո՛, կը դառնամ այս քաղաքի կոշիկի թագավորը:
ԱՐՔԱՆ.- Մարդ թագավոր կը ծնի և ոչ թե կը դառնա:
ՎԱՀԱՆ.- Այո, քեզի պես առտունե մինչև իրիկուն ձեռքերը ծալած նստելով ու երազելով: Եղբայրդ թող երթա աշխատի, արյուն քրտինք թափե և դուն պտտե: Դուն նստե երազե:
ԱՐՔԱՆ.- Երազն է, որ իրականություն կը դառնա, իսկ իրականությունը` երազ:
ՎԱՀԱՆ.- (Բարկացած) Մեծ-մեծ մի ջարդեր. դուն սկսած ես ցնորիլ, քու վերջդ հիմարանոցն է:
ԱՐՔԱՆ.- Իսկ քու վերջդ` գերեզմանոց:
ՎԱՀԱՆ.- Ամեն մարդ օր մը պիտի մեռնի:
ԱՐՔԱՆ.- Դուն չմեռած դիակ ես դարձած արդեն:
ՎԱՀԱՆ.- (Պոռալով) Ձա՛յնդ, հիմար, ալ երկար ըրիր… Ես պարտավո՞ր եմ ամբողջ կյանքս քեզ հոգալու. Կամ պետք է` աշխատիս, կամ գլուխիդ ճարը տեսնես (Դուրս):
ԱՐՔԱՆ.- (Ետևեն) Բնավ արժանի չես իշխան կոչվելու…
3
Պահ մը մինակ` Արքան աչքերը կը հառե Սիսի բերդի նկարին և կը մնա անշարժ, հափշտակված: Մեղմորեն կը հնչե «Կիլիկիա» երգին եղանակը:
Ներս կը մտնե քույրը` Զապելը 25-26 տարեկան կրակոտ աղջիկ մը:
ԶԱՊԵԼ.- Լևո՛ն:
ԱՐՔԱՆ.- (Ցնցվելով, բայց առանց քրոջ կողմը դառնալու) Խնդրե՛մ, Լևոն Յոթներորդ…
ԶԱՊԵԼ.- (Կը մոտենա եղբոր և ջերմ գուրգուրանքով) Ի՞նչ ունիս, գործի չես գացած:
ԱՐՔԱՆ.- (Բոցավառ աչքերով կը նայե քրոջ և հանկարծ) Գիտե՞ս ի՞նչ, քույր, ինծի կը թվի, թե ես թագավոր եմ: Կիլկիո Արքան…
ԶԱՊԵԼ.- Կասկած մի ունենար, դուն թագավոր ես:
ԱՐՔԱՆ.- (Թերահավատ) Կը ծաղրե՞ս, դո՞ւն ալ:
ԶԱՊԵԼ.- Լուրջ կ’ըսեմ, մարդ ա՛յն է` ինչ որ կը կարծե, ինչ որ հավատացած է, որ է: Անպայման ուրիշնե՞ր պիտի ըսեն…
ԱՐՔԱՆ.- Ուրեմն խենթ չեմ ես:
ԶԱՊԵԼ.- Բնավ, դուն թագավոր ես, քանի որ սիրտդ գահի վրա կը բազմի:
ԱՐՔԱՆ.- Ա՜հ, շնորհակալ եմ, որքա՜ն իմաստուն ես դուն, Զապել (Կը գրկե քույրը):
ԶԱՊԵԼ.- Ես քեզ լավ կը հասկնամ…
ԱՐՔԱՆ.- Մենք ուրեմն նույն խմորեն ենք, մեր երակներուն մեջ նույն արյունը կը հոսի:
ԶԱՊԵԼ.- Կյանքին մեջեն անցիր հպարտ, գլուխդ բարձր, արքայավայել շուքով. մի՛ վախնար, գահակալե՛:
ԱՐՔԱՆ.- Իշխանուհի քույր, դուն պիտի վարձատրվիս քու վստահությանդ համար:
ԶԱՊԵԼ.- Ես վարձատրության չեմ սպասեր. Ես վարձատրված եմ, ես քո քույրդ եմ:
ԱՐՔԱՆ.- Իշխանուհի Զապել, ի զուր չէ, որ հայրս Զապել դրած է անունդ. Դուն հարազատ շառավիղն ես Զապել թագուհիի ազնվական տոհմին: Դուն արժանավոր քույրն ես Կիլկիո Արքային:
ԶԱՊԵԼ.- (Փաթթվելով եղբորը) Իմ փառավոր, իմ թագավո՛ր եղբայրս:
ԱՐՔԱՆ.- Իշխանուհի Զապել, ի՜նչ լավ է, որ մեծ եղբորս պես չես` թշնամի գահիս և ծրագիրներուս: Որքա՜ն ուրախ եմ, որ դուն իմ թագավորությանս կը հավատաս` դեռ գահս չտեսած… Քեզի՞ ալ խոսեցավ ձայնը:
ԶԱՊԵԼ.- Ինծի կխոսի ամեն օր իմ սրտիս ձայնը:
ԱՐՔԱՆ.- ինչպե՞ս… ի՞նչ կ’ըսե…
ԶԱՊԵԼ.- Եթե չխոսի սրտիս ձայնը, կյանքի սովորական աղմուկին մեջ ես կը խեղդվիմ: Շուրջես չեն հասկնար զիս: Բոլո՜րը կը վազեն օրվան խղճուկ հաճույքներուն և ողորմելի շահերուն ետևեն: Ամեն կողմը կը հրեն, կը հրմշտկեն, որ ես ալ ըլլամ բոլորին պես և խոնարհաբար վերցնեմ կյանքին շնորհած ողորմությունը: Լուր ունի՞ս, որ կ’ուզեն ամուսնացնել զիս:
ԱՐՔԱՆ.- Ո՞ր իշխանին հետ:
ԶԱՊԵԼ.- (Հեգնանքով) Ինշխանի՜… վաճառական Մինասի մը հետ:
ԱՐՔԱՆ.- Չըլլա, որ առնես:
ԶԱՊԵԼ.- Կ’ըսեն` շատ դրամ ունի, գոհարեղեններով պիտի զարդարե մատներս, շքեղ կառք մը պիտի նվիրե ինծի ամուսնության օրը… Կ’ըսեն` չփախցնեմ այս հազվագյուտ բախտը:
ԱՐՔԱՆ.- Չ’ըլլա՛, որ ընդունիս, իշխանուհի:
ԶԱՊԵԼ.- Իսկ իմ սրտիս ձայնը ուրիշ բան կ’ըսե:
ԱՐՔԱՆ.- (Բուռն հետաքրքրությամբ) Ի՞նչ կ’ըսե, սրտիդ այդ ձայնը, ի՞նչ կ’ըսե, Կիլիկիո լեռներու մասին կը խոսե՞…
ԶԱՊԵԼ.- Սրտիս ձայնը կ’ըսե, թե ես աչքերս հառած պետք է պահեմ հեռո՜ւ, հեռո՜ւ ճամբաներուն…
ԱՐՔԱՆ.- Այո՛, այո՛, հեռու ճամբաներուն…
ԶԱՊԵԼ.- Ուրկե պիտի գա օր մը ան` որ պիտի տիրանա սրտիս:
ԱՐՔԱՆ.- Իշխանուհի քույր, վստահ եղիր, կու գա այդ իշխանը:
ԶԱՊԵԼ.- Գիտեմ, վստահ եմ, սիրտս չի խաբեր:
ԱՐՔԱՆ.- Կու գա իշխանը, երբ ես բազմած ըլլամ գահին վրա, կու գա կը խոնարհի առջևս և կը խնդրե իշխանուհի Զապելի ձեռքը:
ԶԱՊԵԼ.- Եվ մեր պսակը կ’ըլլա արտասովոր դեպք մը. Ամբողջ երկիրը կը մասնակցի հարսանեկան հանդեսին:
ԱՐՔԱՆ.- Ես ձեզի կը նվիրեմ շքեղ զգեստներես մեկը:
ԶԱՊԵԼ.- Բազմության հիացումին մեջեն կ’անցնեինք ինչպես երազ մը երկնային…
ԱՐՔԱՆ.- Քեզ կը կոչեն հարսնացյալ արքայաքույր…
ԶԱՊԵԼ.- Իսկ Քեզ…
ԱՐՔԱՆ.- (Հպարտորեն բազմելով կեդրոնական թիկնաթոռին մեջ) Լևոն Յոթներորդ, Վեհափառ Արքա Մեծի Տանն Կիլիկիո…
Վ ա ր ա գ ու յ ր
Բ ՏԵՍԱՐԱՆ
Մայթ—սրճարան մը, որուն ապակյա դուռներուն առջև, լայնկեկ մայթին վրա` փոքրսեղաններ: Անոնցմե քանի մը հատը գրավված են արդեն երկսեռ հաճախորդներով:Սպասյակ մը սուրճ, գարեջուր կամ այլ ըմպելի կը սպասարկե: Ոմանք կը ծխեն կամթերթ կը կարդան:
Փողոցին մեջ` պատահական անցորդենր:
Հետագա խոսակցությունը կենտրոնացած կը մնա իրարու մոտ դրված երկուսեղաններու շուրջ նստող անձերուն միջև:
1
Ա. ՊԱՐՈՆ.- Ինչ որ ըսի` բառացի ճիշտ է. Ոչ մեկ ճափազանցություն:
Բ. ՊԱՐՈՆ.- Ո՞ւրկե իմացար:
Ա. ՊԱՐՈՆ.- Իրենց շատ մոտիկ մեկ ազգականեն:
Գ. ՊԱՐՈՆ.- Արդեն քիչ մը տարօրինակ էր այդ տղան:
Ա. ՊԱՐՈՆ.- Հիմա բոլորովին թռցուցեր է:
Գ. ՊԱՐՈՆ.- Մի՛ ըսեր, շատ ցավեցա:
Բ. ՊԱՐՈՆ.- Այսինքն, ինչե՞ն հայտնի է, ի՞նչ կ’ընե:
Ա. ՊԱՐՈՆ.- Հավատացած է, որ ինք Կիլկիո թագավոր է և շուտով պիտի նստի գահին:
Դ. ՊԱՐՈՆ.- Վա՜խ, խեղճ տղա, մենք դպրոցական ընկերներ եղած ենք, շատ ալ խելացի էր. Միշտ դասարանին առաջինը:
Ա. ՊԱՐՈՆ.- Շատ խելացիներեն վախցիր արդեն:
Ա. ՕՐԻՈՐԴ.- Կը ներեք, ես լավ չհասկացա, որո՞ւ մասին է խոսքը:
Ա. ՊԱՐՈՆ.- Լևոնին;
Ա. ՕՐԻՈՐԴ.- Ո՞ր Լևոնին:
Ա. ՊԱՐՈՆ.- Սա ուր է, երկու եղբայր կոշիկի «Լյուքս» վաճառատուն մը ունին:
Բ. ՕՐԻՈՐԴ.- Այո, հասկցա, ես կոշիկներս անկե կ’առնեմ:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Լևոնը մե՞ծն է թե պզտիկը:
Ա. ՊԱՐՈՆ.- Պզտիկը, ան որ ավելի շնորհքով է, ավելի կրթված:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Անկարելի է՜, ես ալ լավ կը ճանչնամ. շատ համակրելի, շատ անուշիկ երիտասարդ մըն է:
Բ. ՕՐԻՈՐԴ.-Աղեկ, ինչո՞ւ խենթեցեր է. սիրահարված չըլլա:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Այս դարուս մարդ սիրահարութունե կը խենթնա՞:
Բ. ՕՐԻՈՐԴ.-Հապա ինչո՞ւ թռցուցեր է:
Բ. ՊԱՐՈՆ.- Թռցուցե՜ր… քառասուն տեսակ պատճառ կըրնա ըլլալ:
Գ. ՊԱՐՈՆ.- Պատճառը նյութկան չըլլա:
Ա. ՊԱՐՈՆ.- Ո՛չ, նյութապես լավ են, պատճառը ավելի հոգեբանական է:
Գ. ՊԱՐՈՆ.- Չեմ հասկնար, առողջ մարդ մը, որ կոշիկ կը ծախե, ինպե՞ս կ’ըլլա մեկ անգամեն ինքզինք Կիլկիո թագավոր կը կարծե:
Ա. ՊԱՐՈՆ.- Իմ կարծիքով` մեկ անգամեն չէ եղած ասիկա, կամաց-կամաց հասունցեր է: Լևոնին հայրը կիլիկեցի էր…
Գ. ՊԱՐՈՆ.- Է լավ, իմ հայրս ալ կիլիկեցի է, ատկե ի՞նչ կ’ելլե:
Ա. ՊԱՐՈՆ.- Սպասե, բացատրեմ, դուն ֆրեոտ չե՞ս կարդացած… Հայրը պզտիկուց Լևոնին կը ներշնչե Կիլիկիո տերը. այնքան կխոսի Կիլկիո լեռներուն, դաշտերուն, բերդերուն և հարստություններուն մասին, որ այդ բոլորը տղուն inconscient-ին մեջ մխված կը մնա: Հայրն ալ Սիսի ամենեն հարուստ տղաներեն մեկն է եղեր: Կրցա՞ հասկցնել:
Գ. ՊԱՐՈՆ.- Կը ներես, բայց խելքիս չպառկեցավ: Իմ հորս Ատանայի մեջ ձգած հողերը եթե այսօր ձեռքս անցնին` միլիոններ կ’ունենամ: Թագավոր մըն ալ ես կ’ըլլամ:
Բ. ՊԱՐՈՆ.- Ո՞ր հայը հարուստ չէր երկրին մեջ:
Գ. ՊԱՐՈՆ.- Մեր հարստությունը հաշվելով չէր լրանար…
Ա. ՕՐԻՈՐԴ.- Ուշադրություն ըրե, դուն ալ չթռցնես:
Գ. ՊԱՐՈՆ.- Ինչո՞ւ պիտի թռցնեմ, գացածը գնաց: Մարդ խենթ ըլլալու է հավատալու համար, որ օր մը կրնա նորեն տիրանալ Կիլկիո մեջ մնացած պապենական կալվածներուն:
Ա. ՊԱՐՈՆ.- Կամ ալ Լևոնին չափ զորավոր հավատք ունենալու է` խենթենալու համար:
Արթան կ’երևի փողոցեն, հագուստները թափթփված, մազերը անխնամ, թերթ մըթևին տակ; Կու գա տեղը կը գրավե քովի պարապ սեղանին առջև: Ներկաները իրարունշան կ’ընեն և կը լռեն: Իսկ ինք առանց շուրջը նայելու կը բանա թերթը և կը մխրճվիընթերցման մեջ: Քովինները իրարու կը նային պահ մը նշանակալից ակնարկներով և իվերջո Արքային նախկին դասընկերը կը համարձակվի խոսիլ:
Այնուհետև խոսակիցները կը սկսին Արքան ձեռք առնել և զվարճանալ:
Դ. ՊԱՐՈՆ.- Բարև, Լևո՛ն:
ԱՐՔԱՆ.- (Առանց աչքերը թերթին վրայեն վերցնելու) Խնդրեմ, Լևոն Յոթներորդ:
Դ. ՊԱՐՈՆ.- Կը ներես, Տեր Արքա, ճենք վարժված թագավորի հետ խոսելու:
ԱՐՔԱՆ.- Վարժվեցե՛ք, մինչև ե՞րբ առանց թագավորի և թագավորության պիտի ապրիք:
Ա. ՊԱՐՈՆ.- Իրավունք ունի մեր Արքան:
Ա. ՕՐԻՈՐԴ.- Դուն մի՞շտ Թագավոր ես, թե երբեմն թագավոր կ’ըլլաս, երբեմն ուրիշ բան:
ԱՐՔԱՆ.- Ատ ի՞նչ տեսակ հարցում է. թագավորը կը ծնի և թագավորությունը կը ժառանգե: Ես թագավոր ծնած եմ և թագավոր ալ պիտ մեռնիմ:
Բ. ՊԱՐՈՆ.- Պարզ է, ատանկ հիմար հարցումներ մի՛ ընեք Տեր Արքային: (Զսպվածխնդուքներ):
Խումբը կը բոլորվի Արքային շուրջ և սպասյակը բաժակ մը գարեջուր կը դնե անորառջև:
ԱՐՔԱՆ.- Ի՞նչ է սա:
Ա. ՊԱՐՈՆ.- Գարեջուր, ձեր կենացը պիտի խմենք:
ԱՐՔԱՆ.- Ո՛չ, չեմ ուզեր: Ես կը խմեմ Կիլիկիո արքայական մառանին ընտիր գինիեն:
Ա. ՊԱՐՈՆ.- Իրավ, կը ներես: (Դառնալով սպասյակին) Բաժակ մը Կիլիկյան ընտիր գինի Արքային համար:
Մինչ կառսոնը, ժպիտը դեմքին, գարեջուրի բաժակը կը տանի` գինի բերելու համար, խոսակցությունը կը շարունակվի:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Ըսել է` դուն միայն գինիով կ’արբենաս:
ԱՐՔԱՆ.- Ո՛չ ամեն գինիով, այլ միայն արքայական:
Բ. ՕՐԻՈՐԴ.-Հապա ո՞ւր է գահդ, ո՞ւր է գանձերդ:
ԱՐՔԱՆ.- Կիլիկիա մնացին. Կ’երթամ և կը տիրանամ շուտով:
Ա. ՊԱՐՈՆ.- Կիլկիա հիմա հայ չկա:
ԱՐՔԱՆ.- (Խիստ) Կա՛, ինչպե՞ս թե չկա: Մեր հայրերու գերեզմանները հոն են:
Ա. ՊԱՐՈՆ.- Գերեզմանները ժողովո՞ւրդ են:
ԱՐՔԱՆ.- Ժողովուրդը չի մեռնիր, հարություն կ’առնե, ժողովուրդը կը բազմանա, կ’աճի, կը զորանա… Ես թագավոր եմ կամոքն Աստծո և ժառանգությամբն արքայական գերդաստանիս: Ժողովուրդը պարտավոր է հետևելու ինծի:
Բ. ՊԱՐՈՆ.- Իրավունք ունի Տեր Արքան:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Լա՛վ, ինչո՞վ պիտի տիրանաս գահիդ, ուժ ունի՞ս:
ԱՐՔԱՆ.- (Պահ մը մտածելե ետք) Ատիկա պետական գաղտնիք է:
Բ. ՊԱՐՈՆ.- Մենք քու հպատակներդ ենք, Տեր Արքա, մենք գաղտնիքը դուրս չենք հաներ:
ԱՐՔԱՆ.- (Հանկարծ բարկացած ոտքի ցատկելով): Ո՞վ եք դուք, ես ձեզ չեմ ճանչնար…
Գ. ՊԱՐՈՆ.- (Թևեն բռնելով) Ներեղ եղեք, Տեր Արքա, ճահել են, չեն հասկնար: (Արքան վերստին կը նստի):
Դ. ՊԱՐՈՆ.- Վեհափառ, մի՞թե զիս չես ճանչնար. Ես պատիվ ունեցած եմ քու դասընկերդ ըլլալու նախակրթարանին մեջ:
ԱՐՔԱՆ.- Ճանչցա. Մանկլավիկ էիր և մանկլավիկ ալ կը մնաս:
Դ. ՊԱՐՈՆ.- (Վիրավորված) Ի՜նչ ընենք, ամեն մարդ թագավոր չի կրնար ըլլալ:
ԱՐՔԱՆ.- (Կրկին ոտքի ցատկելով) Շո՛ւտ, հադիսավոր երդում ըրեք, որ դուք բոլորդ իմ հավատարիմ հպատակներս եք:
ԲՈԼՈՐԸ.- (Ոտքի, զվարճացած, ձեռքերը բարձրացնելով) Կ’երդնո՛ւնք…
ԱՐՔԱՆ.- Ուխտեցեք, որ պիտի կատարեք բոլո՜ր հրամաններս:
ԲՈԼՈՐԸ.- Կ’ուխտենք: (Ծիծաղներ):
ԱՐՔԱՆ.- (Միշտ լուրջ) Եթե հարկ ըլլա պիտի տաք նաև ձեր կյանքն ու արյունը:
ԲՈԼՈՐԸ.- Կ’ուխտենք: (Օրիորդները կը քրքջան):
ԱՐՔԱՆ.- (Նստելով) Հիմա սիրտս հանգստացավ. Հիմա ավելի վստահ եմ հաղթանակին: Ձեզ բոլորդ պիտի հրավիրեմ թագադրությանս հանդեսին:
ԽՈՒՄԲԸ.- Շնորհակալ ենք, Տեր Արքա: (Կը նստին):
Ա. ՕՐԻՈՐԴ.-Ալ կրնաս մեզի որոշ գաղտնիքներ տալ քու ծրագիրներուդ մասին:
ԱՐՔԱՆ.- (Պահ մը լուռ կը մտածե) Կը կարծեք, թե ես միայն կ’երազե՞մ. սխա՛լ. Ես կաշխատիմ գիշեր-ցերեկ. Նամակներ և հեռագրեր կը խմբագրեմ` ուղղված Միացյալ ազգերու կազմակերպության, մեծ տերությանց նախագահներուն: Փաստաթղթեր պատրաստած եմ, որոնք անհերքելի կերպով ցույց կու տան, թե ես եմ ժառանգորդը Ռուբինեանց հարստության: ՄԱԿ-ը և մեծ պետությունները շատ նեղ կացության մատնված են և չեն գիտեր, թե ի՛նչ պատասխանեն:
Բ. ՊԱՐՈՆ.- Ուրեմն այդքան նեղը դրիր զիրենք: Ատոր համար լուռ կը մնան. Հիմա հասկցանք:
ԱՐՔԱՆ.- Հապա ինչ կարծեցիք. Տակավին ավելին ալ պիտի ընեմ…
Բ. ՊԱՐՈՆ.- Բայց մենք ուժ չունենք, խեղճ ենք, ինչպե՞ս պիտի գրավենք Կիլիկիան:
ԱՐՔԱՆ.- Եթե դուք խեղճ եք, ես` ո՛չ. իմ մեջ կա ուժ մը, որ ամեն ինչ կրնա ընել:
Գ. ՊԱՐՈՆ.— (Հեգնելով) Չըսես, վախնալիք ես դուն: Ունեցածդ կախարդակա՞ն ուժ է:
ԱՐՔԱՆ.- Արքայական… (Խորհրդավոր` նշան կընե, որ մոտենան) Ասկե քանի մը ամիս առաջ զորավոր երկրաշարժ մը եղավ Կիլիկիո մեջ, կը հիշեք…
Դ. ՊԱՐՈՆ.- Այո՛, անշուշտ:
ԱՐՔԱՆ.- Է, ո՞վ ըրավ ատիկա, ո՞վ շարժեց Կիլիկիո սարերն ու ձորերը:
ՁԱՅՆԵՐ.- Ո՞վ, ո՞վ…
ԱՐՔԱՆ.- (Լուրջ և խորհրդավոր) Ե՛ս:
ՁԱՅՆԵՐ.- Աաա՜ա՜…
Ա. ՊԱՐՈՆ.- Ուրեմն դո՞ւն էիր երկրաշարժ առաջացնողը:
ԱՐՔԱՆ.- Հապա ի՞նչ կարծեցիք. իմ հոգիիս մագնիսական ուժը կը թափանցե ու որ ուզեմ, կը շարժե ինչ որ ուզեմ:
Ա. ՊԱՐՈՆ.- Չե՞ս կրնար այդ ուժով թշնամին փճացնել մեկ անգամեն:
ԱՐՔԱՆ.- Կրնամ, ամեն բան կրնամ:
Բ. ՊԱՐՈՆ.- Ինչո՞ւ չես ըներ, ինչի՞ կը սպասես:
ԱՐՔԱՆ.- Ամեն ինչ իր ժամանակը ունի, ամեն զենք իր ժամանակին պետք է գործածել: Գաղտնի զենքերու ժամանակն ալ կուգա:
Ա. ՊԱՐՈՆ.- Հյուլեակա՞ն են այդ գաղտնի զենքերդ:
ԱՐՔԱՆ.- (Բարկացած) Չեք հասկնար, բան չեք հասկնար. ձեր ըմբռնումները հինցած են: Ամեն ուժ զենք է, կը բավե, որ գործածել գիտնաս: Հավատքը զենք է, կամքը զենք է, հոգին զենք է, դիվանագիտությունը զենք է. ես ինքս գաղտնի զենք մըն եմ:
Դ. ՊԱՐՈՆ.- Շատ –իշտ կ’ըսե Տեր Արքան:
ԱՐՔԱՆ.- (Ոգևորված) Օրինակ, ինձմե առաջ Կիլիկիո մեջ իշխող Լևոնները լավ թագավորներ էին, բայց պետք եղածին չափ զորավոր չէր իրենց կամքին զենքը:
Բ. ՊԱՐՈՆ.- Լևոն Մեծագո՞րծն ալ տկար էր:
ԱՐՔԱՆ.- Մեջերնին ամենեն բռնվելիքը… Իսկ Լևոն վեցերորդի մասին չխոսենք. բնավ դիվանագիտություն չունեցավ: Վեց դարե ի վեր Կիլիկիո գահը թափուր է. կ’ըմբռնե՞ք ի՛նչ կը նշանակե ասիկա. Վեց դարե ի վեր Կիլիկիո գահը իր ժառանգորդը կը փնտրե:
Ա. ՊԱՐՈՆ.- Գտա՛վ վերջապես…
ԱՐՔԱՆ.- Գտավ, այո՛, և ես նախորդներուս սխալները պիտի չգործեմ. Ես պիտի օգտվիմ պատմության դասեն. ես ուժով եմ…
Ա. ՕՐԻՈՐԴ.-Ե՞րբ պիտի նստիս գահիդ վրա:
ԱՐՔԱՆ.- Կու գա օրը, օրիորդ, և ես կը նստիմ գահիս:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Մոտավորապես քանի՞ տարիեն:
ԱՐՔԱՆ.- Ի՞նչ կարևորություն ունի ժամանակը: Կիլկիան իմս է և ես անոր թագավորն եմ:
Գ. ՊԱՐՈՆ.- Լմնցավ գնաց:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Ա՛յո, սակայն ե՞րբ կը կարծես, թե կմտնես պալատիդ մեջ:
ԱՐՔԱՆ.- Երբ որ արևը ծագի:
Բ. ՕՐԻՈՐԴ.-Արևը ամեն օր կը ծագի:
ԱՐՔԱՆ.- Երբ որ արև Կիլիկիայեն ծագի:
Բ. ՊԱՐՈՆ.- Բայց երանելի՜, դուն մեռած կ’ըլլաս այն ատեն:
ԱՐՔԱՆ.- (Խիստ նայվածք մը նետելով վրան) Թագավորությունս կը մնա, ժառանգորդներս կը հաջորդեն ինծի:
Ա. ՊԱՐՈՆ.- Ամուսնացա՞ծ ես, թագուհի ունի՞ս:
ԱՐՔԱՆ.- Ո՛չ:
Ա. ՊԱՐՈՆ.- Ինչո՞ւ թագուհի մը չես ընտրեր, որ գահաժառանգ ունենաս:
ԱՐՔԱՆ.- Կու գա ժամանակը ու ես կ’ընտրեմ ազնվազարմ այն աղջիկը, որ արժանի ըլլա թագուհի դառնալու:
Ա. ՕՐԻՈՐԴ.-(Հազիվ զսպլով խնդուքը) Ինծի կ’առնե՞ս, ես կը հավատամ քեզի:
ԱՐՔԱՆ.- (Լավ մը զննելով աղջիկը) Ո՛չ, դուն ազնվական արյուն չունիս երակներուդ մեջ, դուն Կիլիկիո գյուղերեն ես, սովորական գեղջկուհի մը:
Ա. ՕՐԻՈՐԴ.-(Վշտացած) Վա՜յ…
Բ. ՕՐԻՈՐԴ.-Թերևս ինծի հավնիս. իմ հայրս ազնվական էր Կիլիկիո լեռնային շրջաններեն:
ԱՐՔԱՆ.- (Նույնպես լավ մը զննելով) Կրնա ըլլալ, բայց դուն այլասերած ես:
Բ. ՕՐԻՈՐԴ.-Վա՜յ…
Դ. ՊԱՐՈՆ.- Հանգիստ ձգեցեք մեր Արքան, թող մեյ մը գահակալե, թագուհի գտնելը դյուրին է:
Ա. ՊԱՐՈՆ.- Հազիվ գահիդ վրա նստած, եթե հեղափոխություն ծագի, քեզ վար առնեն, գլուխդ կտրեն, ի՞նչ պիտի ընես… Այդ մասին խորհած ես բնավ:
ԱՐՔԱՆ.- Այդպիսի բան չի պատահիր:
Ա. ՊԱՐՈՆ.- Ինչե՞ն գիտես:
ԱՐՔԱՆ.- Ես իմ ժողովուրդս կը սիրեմ… Ես ուժո՛վ եմ…
Բ. ՊԱՐՈՆ.- Տեր Արքա, ժողովուրդ ըսածդ ապերախտ է. չի հասկնար: Օր մըն ալ տեսար` գլուխդ կը կտրե:
ԱՐՔԱՆ.- Թող կտրե, թագավոր կը մեռնիմ…
Գ. ՊԱՐՈՆ.- Կարժե՞, որ մեռնիս գահի մը համար:
ԱՐՔԱՆ.- Ի՜նչ, գահի՞ մը համար… Դուք ստրկամիտներ, դուք մանկլավիկներ, վարժված եք ձեր կյանքին վրա դողալու: Դուք վարժված եք գահերու ոտքին տակ սողալու: Դուք ինչ կը հասկնաք գահակալի անմահութունեն, թագավոր ըլլալու մեծ, անփոխարինելի երջանկութենեն… Ձեր պղտոր աչքերը չեն կրնար տեսնել Կիլիկիո լեռներու հոյակապ գեղեցկությունը: Դուք չեք տեսներ Սիսի բերդը, որ երկինքի կապույտին մեջ կը մխրճվի: Ի՞նչ կը խնդաք: Վրայես չ’երևիր թագավոր ըլլալս, այնպես չէ՞: Թագ ու ծիրանի չունիմ, թագավորի չեմ նմանիր, այնպես չէ՞: Բայց սիրտս թագավոր է: Ես հոգիիս մեջ սուլթան մը ունիմ: Դո՞ք ինչ ունիք, փերեզակներ:(Ջղայնացած ոտքի ելնելով)
Ո՛չ, դուք չեք կրնար հասկնալ, թե ի՞նչ ըսել է թագավոր ծնիլ, թագավոր ապրիլ և թագավոր մեռնիլ… (Կը հեռանա):
Ա. ՊԱՐՈՆ.- Մարդը բարկացուցիք…
Բ. ՊԱՐՈՆ.- Խենդին քանի՞ տեսակը կ’ըլլա: Այս տղան ալ ինքզինք թագավոր կը կարծե. թող երթա այդ հավատքով ալ երջանիկ ապրի:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Ի՜նչ երջանիկ… Վիճակը չե՞ս տեսներ: Ուղղակի ողբերգություն է: Սիրտս ցավեցավ:
Բ. ՕՐԻՈՐԴ.-Ի՜նչ ալ աղվոր երիտասարդ է. շատ մեղք է տղուն:
Գ. ՊԱՐՈՆ.- Հապա եղբայրը, քույրը, մայրը. ո՜վ գիտե` որքա՜ն կը տառապին:
Դ. ՊԱՐՈՆ.- Այս տղուն վերջը հիմարանոցն է:
Ա. ՕՐԻՈՐԴ.-Ինչո՞ւ բժիշկ չեն տանիր:
Ա. ՊԱՐՈՆ.- Նայինք իրավեն խե՞նդ է, թե մեզ խենդի տեղ կը դնե: Չե՞ք տեսներ` ինչ խելացի խոսքեր կ’ըսե երբեմն:
Բ. ՕՐԻՈՐԴ.-Իրավունք ունիս, սուտ խենդ ձևացնողներ չեն պակասիր, ատոնցմե չ’ըլլա:
Դ. ՊԱՐՈՆ.- Չեմ կարծեր, Լևոնին վերնատունը իսկապես փլած է: Եթե խենդ չ’ըլլար ամեն տեղ և ամենուն առջև ինքզինք Կիլիկիո արքան կը հռչակե՞:
Բ. ՊԱՐՈՆ.- Չե՞ք կարծեր, թե ասիկա քիչ մը ազգային հիվանդություն է մեր մեջ:
Ա. ՊԱՐՈՆ.- Ի՞նչ ըսել կ’ուզես ազգովին խե՞նդ ենք:
Բ. ՊԱՐՈՆ.- Ե՞րբ խելոք եղած ենք որ… (Կը խնդա):
Գ. ՊԱՐՈՆ.- (Բաժակը վերցնելով) Խմենք բոլո՜ր խենդերու կենացը. խմենք Լևոն Յոթներորդի կենացը… ո՞վ գիտե` ո՛ւր է ճշմարտությունը…
Կես ժպտուն, կես խոհուն կը բարձրացնեն բաժակները և կը տանին իրենց շրթունքներուն, մինչ վարագույրը կ’իջնե:
Բ ԱՐԱՐ
Ա. ՏԵՍԱՐԱՆ
Վահան Սիսյանցի բնակարանին հյուրանոցը, նույն կահավորումով: Երբ բեմը կր բացվի, Վահան և քույրը` Զապել, նստած առավոտյան սուրճը կը խմեն:
ՎԱՀԱՆ.-Ատանկ հապճեպ որոշումներ մի տար. աղեկ մտածե ըսածներուս մասին։
ԶԱՊԵԼ.-Ավելի լավ է ալ չխոսինք այդ մասին։
ՎԱՀԱՆ.–Ես նոր տեղեկություններ քաղեցի, ամեն մարդ շատ կը գովե կոր Մինասը։ Նախանձելի դիրք, փայլուն ապագա, սքանչելի գործ։
ԶԱՊԵԼ.–Ես չեմ ուզեր գործը սքանչելի մեկը։
ՎԱՀԱՆ.–Շատ տարօրինակ ես, Զապել, հապա ի՞նչ կ՚ուզես, կարծեմ դուն ալ չես գիտեր ուզածդ։
ԶԱՊԵԼ.–Իմ ուզածս ես պիտի ընտրեմ։
ՎԱՀԱՆ.–Ի՞նչ տեսակ մեկը պիտի ըլլա այդ չգտնված երիտասարդը, բացատրե, որ մենք ալ բան մը հասկնանք:
ԶԱՊԵԼ.-Ավելորդ է, դուն բան մը պիտի չհասկնաս։
ՎԱՀԱՆ.-Այսպիսի բախտ միշտ չի ներկայանար։
ԶԱՊԵԼ.-(Ծաղրական) Գործ, դիրք, հարստություն, այնպես չէ՞…
ՎԱՀԱՆ.-Ուրիշ ի՞նչ կ’ուզես: Երջանիկ ըլլալու նախապայմաններն են։
ԶԱՊԵԼ.–Իսկ հոգի՞ն, իսկ խառնվա՞ծքը, իսկ արյո՞ւնը:
ՎԱՀԱՆ.-Համաձայն եմ, ծանոթացիր, հետը քանի մը անգամ դուրս ելիր, ճանչցիր տղան և հետո որոշե:
ԶԱՊԵԼ.–Ո՛չ, չեմ ուզեր: Իմ սպասածս, իմ երազած տղան այս ձևով պիտի չգա. միջնորդի պետք չունի:
ՎԱՀԱՆ.-Հապա ի՞նչ ձևով պիտի գա, հրեղեն ձիո՞ւ վրա, թե ամերիկյան քատիլաքի մեջ…
ԶԱՊԵԼ.-Ես և ինքը միայն գիտենք, թե ինչ ձևով պիտի գա, դուն այդ հարցով մի մտահոգվիր։
ՎԱՀԱՆ.-Նայե՛, Զապել, այլևս 18 տարեկան աղջիկ չես, որ հեքիաթի ասպետին սպասես:Շատոնց անցուցիր երազներու տարիքը. հիմա քիչ մը տրամաբանությունդ պետք է գործածես:
ԶԱՊԵԼ.-Երազը տարիք չունի։
ՎԱՀԱՆ.-Տեր Աստված, դուն սկսեր ես Լևոնին պես խոսել։ Աս ի՜նչ պատիժ է, որ կը թափի մեր ընտանիքին գլխուն… Ե՞ս ալ պիտի խենդենամ արդյոք…
ԶԱՊԵԼ.-Մի վախնար, դուն րնդունակ չես խենդության։
ՎԱՀԱՆ.-Աղեկ, որ մեջերնիդ քիչ մը ես գործնական ջիղ ունիմ։ Եթե ես ալ ձեզի նմանեի, ի՞նչ պիտի ըլլար վիճակներս:
ԶԱՊԵԼ.-Շնորհակալ ենք, դուն կը կերակրես մեզ. ամեն անգամ մեր երեսին զարնելու պետք չունիս ատիկա։
ՎԱՀԱՆ.-Ատ ըսել չուզեցի, սխալ մի հասկնար։
ԶԱՊԵԼ.-Կտոր մը հաց. աշխարհ կը դառնա այդ կտոր մը հացին շուրջ:
ՎԱՀԱՆ.-Այդպես է, քույրս, ի՞նչ ընենք, կրնա՞նք բան մը փոխել աշխարհին:
ԶԱՊԵԼ.-Կրնանք, եթե երազը ոտքի կոխան չ’ըլլա, եթե ինծի և Լևոնին պես մարդոց թիվը շատնա աշխարհիս երեսին։
ՎԱՀԱՆ.-(Ընդհատելով) Ներեղությո՛ւն, հոն կեցի՛ր։ Հայտե քեզ հանդուրժեցինք, բայց Լևոնի մասին մի խոսիր. ան շնորհքով խենդ է։
ԶԱՊԵԼ.-Ո՛չ, Լևոնը խենդ չէ:
ՎԱՀԱՆ.-Խենդերուն ալ թագավորն է։
ԶԱՊԵԼ.-Ո՞վ է խենդը. ա՞ն, որ կը հաջողի հանրային կարծիքն ու ընդունված գաղափարները խորտակել, թե ա՛ն, որ կյանքի առօրյային լուծը կ’անցնե վիզին և կը քաշե զայն եզան մը պես, այո՛, խելոք ու հեզ եզան մը պես…
ՎԱՀԱՆ.-Ինչե՜ր կսես, աղջիկ, աս ի՜նչ խենդ գաղափարներ են:
ԶԱՊԵԼ.-Լևոնին հոգին գիտե՞ս ո՛ւր է հիմա…
ՎԱՀԱՆ.-Գիտե՛մ, Կիլիկիա:
ԶԱՊԵԼ.-Անոր հոգին կը շնչե բացարձակ ազատության այն մթնոլորտին մեջ, ուր ամբոխը շնչահեղձ կ’ըլլա. Անոր հոգին թև կը բանա այնպիսի բարձունքներու վրա, որոնք գլխապտույտ կը պատճառեն բոլոր խելոքներուն, հաշվիչ մեքենա դարձած բոլոր ուղեղներուն:
ՎԱՀԱՆ.-Մե՜ղք, ես քեզ ավելի խելացի կը կարծեի:
ԶԱՊԵԼ.-Մեղք քեզի՛, Վահան. Ի՞նչ ըրիր կյանքդ. Փճացուցիր խանութի մը չորս պատերուն մեջ…
ՎԱՀԱՆ.-Ի՞նչ կուզեիր, որ ընեի:
ԶԱՊԵԼ.-Մոռցա՞ր ուսանողական օրերու երազներդ: Ես պզտիկ աղջիկ էի, բայց լավ կը հիշեմ. դուն կ’ուզեիր երաժիշտ դառնալ. մոգական ճպոտը ձեռքիդ` հարյուր հոգիանոց խումբ կառավարել, ամբողջ Եվրոպան նվաճել…
ՎԱՀԱՆ.-Օ՛հ, հի՜ն երազներ… վրայեն տասնհինգ տարի անցավ: Տարիքը, կյանքը մարդս կը խելոքցնեն: Կարելի չէ ապրիլ այնպես, ինչպես մարդ կ’երազե: Պետք չէ երազը շփոթել իրականության հետ:
ԶԱՊԵԼ.-Նայե, ի՞նչ մնացեր է քեզմե. խլյակ մը միայն: Հին փառավոր տղայեն մնացեր է կոշկակար մը…
ՎԱՀԱՆ.-(Ընդվզած) Ո՛չ, կոշիկի վաճառական:
ԶԱՊԵԼ.-Թող ըլլա այդպես, ի՞նչ կը փոխե: Խե՜ղճ Վահան…
ՎԱՀԱՆ.-Ի՞նչ կուզեիր, որ ընեի, Լևոնին վիճակը ավելի՞ լավ է:
ԶԱՊԵԼ.-Ան հավիտենական գինովը կը մնա միշտ:
ՎԱՀԱՆ.-Երանի՜ գինով ըլլար. գինովությունը կ’անցնի: Իսկ Լևոն սթափելիք չունի:
ԶԱՊԵԼ.-Ըսի`հավիտենական գինով…
ՎԱՀԱՆ.-Կիլիկիո սին երազներով:
ԶԱՊԵԼ.-Դուն երբևիցե ճաշակա՞ծ ես երկնային այդ ըմպելիեն:
ՎԱՀԱՆ.-Ո՛չ, ես կը նախընտրիմ տեղական օղին:
ԶԱՊԵԼ.-Մեզեով անշուշտ, այնպես չէ՞, ատոր համար ալ կը մնաս վարը, հո՛ն, տափաստանին տիղմին ու փոշիներուն մեջ…
Ներս կը մտնե Վահանի կինը` Թագուհի, սուրճի բաժակը ձեռքին և կը տեղավորվի մյուսներուն մոտ:Ներկայանալի է,խնամված մազերով և արտաքինով. 27-28 տարեկանի շուրջ:
ԹԱԳՈՒՀԻ.-Բարի լույս, չե՞մ խանգարեր ձեզ:
ՎԱՀԱՆ.-Ընդհակառակը, Թագուհի, լավ է, որ եկար. կը խոսեինք եղբորս` Լևոնի մասին:
ԹԱԳՈՒՀԻ.-Նոր բա՞ն մը կա:
ՎԱՀԱՆ.-Ո՛չ, նորություն ըլլալե դադրեցավ այլևս. բայց այս տղուն տերտը չի քաշվիր, սրտիս վրա չոքած կմնա գիշեր-ցերեկ:
ԶԱՊԵԼ.-Եղբայրս խենդ չէ:
ՎԱՀԱՆ.-Խենդ չէ, հապա ի՞նչ է: Մեկը, որ հանդիպած տեղը, հանդիպած մարդուն կը հայտարարե, թե ինք Կիլիկիո Արքան է, չաշխատիր, խոսք մտիկ չ’ըներ, ոչ մեկ բանի օգտակար է: Առտուն Կիլիկիա, իրիկունը Կիլիկիա… Մեռանք, խայտառակվեցանք…
ԹԱԳՈՒՀԻ.-Կը չափազանցնես, Վահան, այո՛, կ’ընդունիմ, թե Լևոնը քիչ մը տարօրինակ տղա է:
ՎԱՀԱՆ.-Միա՞յն քիչ մը…
ԹԱԳՈՒՀԻ.-Այսինքն` ամենուն պես չէ. էքսանդրիք է. օրիժինալ…
ՎԱՀԱՆ.-Հայտե՜, հայտե՜, բառերու հետ մի խաղաք:
ԶԱՊԵԼ.-Եղբայրս խենդ չէ:
ԹԱԳՈՒՀԻ.-Խորքին մեջ Լևոն շատ լավ տղա է, մաքուր սիրտ ունի:
ՎԱՀԱՆ.-Ինծի՞ պիտի սորվեցնես այդ բոլորը:
ԹԱԳՈՒՀԻ.-Երբ ես հետդ նոր ամուսանացած էի, հաճախ կու գար քովս և սիրտը կը բանար ինծի` կրտսեր եղբոր մը պես: Գիտե՞ս ինչ կա, Վահան, եղբայրդ կը տառապի հասկցած չ’ըլլալու ցավեն: Ինծի միշտ կ’ըսեր. «Թագուհի, շուրջիններս բնավ չեն հասկնար զիս»:
ԶԱՊԵԼ.-Ես կը հասկնամ զինք:
ՎԱՀԱՆ.-Ի՞նչ հասկնանք, ինչպե՞ս հասկնանք, երբ Սիսեցի Կարապետ աղային տղան կ’ելլե կը հայտարարե, թե ինք թագավոր է, Ռուբինյանց հարստության ժառանգորդը…
ԹԱԳՈՒՀԻ.-Բառացի պետք չէ առնել անոր ըսածը: Մեր ամուսնության առաջին տարիներուն ալ Լևոն միշտ կը խոսեր Կիլիկիո մասին, ան շատ հայրենասեր և իդեալիստ երիտասարդ է:
ՎԱՀԱՆ.-Աղեկ, գլխուս վրա, թող ըլլա հայրենասեր, թող ըլլա իդեալիստ, բայց մեյ մը ինծի ըսեք նայիմ` ինչպե՞ս թագավոր կը դառնա հանկարծ…
ԶԱՊԵԼ.-Եղբայրս խենդ չէ:
ԹԱԳՈՒՀԻ.-Ինծի կը թվի, թե ժամանակի ընթացքին ան իր երազը և իրականությունը շփոթեց իրարու հետ, նույնացուց:
ՎԱՀԱՆ.-Ի՞նչ ըրավ:
ԹԱԳՈՒՀԻ.-Երազը նույնացուց իրականության հետ:
ՎԱՀԱՆ.-Դո՞ւն ինչու չես նույնացներ, ե՞ս ինչու չեմ նույնացներ: Ես ալ շատ բան կ’երազեմ, կ’ուզեմ ամբողջ Միջին Արևելքի կոշիկի առևտուրը ձեռքերուս մեջ ունենալ, դառնալ կոշիկի թագավոր: Բայց երբ համապատասխան դրամագլուխ չունիմ, ի՞նչ կրնամ ընել: Պարապ-սարապ խոսելեն ի՞նչ կ’ելլե:
ԶԱՊԵԼ.-Հավատքն ու համոզումը մեծագույն դրամագլուխն են կյանքի:
ՎԱՀԱՆ.-Նորեն սկսանք… Նայե՛, քույրս, Լևոն իմ ալ եղբայրս է և ես քեզի չափ կը սիրեմ զինք: Բայց իրականությունը պետք է խոստովանինք: Դժբախտաբար տղան ձեռքե ելած է. Լևոն կապվելիք խենդ է. պետք է մտածենք հոգեբուժարան ղրկելու մասին:
ԶԱՊԵԼ.-(Ընդվզումով) Երբե՛ք, Լևոն խենդ չէ, ամբողջ հոգիովս դեմ եմ ատոր. դուն կ’ուզես մեռցնել եղբայրս (Բարկացած կ’անցնի իր սենյակը):
ԹԱԳՈՒՀԻ.-Վահան, համբերե ատեն մըն ալ, այս տագնապը ինքնիրեն կանցնի:
ՎԱՀԱՆ.-Ընդհակառակը, երթալով կը խորանա: Ես պարտավո՞ր եմ ամբողջ կյանքս խենդ մը նայելու:
ԹԱԳՈՒՀԻ.-Եղբայրդ է, Վահան:
ՎԱՀԱՆ.-Եղբայրս է, այո՛, բայց եթե ասանկ շարունակվի` ես ալ պիտի խենդանամ: Մարդու երես չեմ կրնար նայիլ: Կարծես բոլորի դեմքին վրա քմծիծաղ կա, երբ հետս կը խոսին: Վստահ եմ ամեն մարդու մտքեն նույն բանը կ’անցնի. «Կիլիկիո Արքային եղբայրը»:
ԹԱԳՈՒՀԻ.-Կարևորություն մի տար:
ՎԱՀԱՆ.-Ինչպե՞ս կարևորություն չտամ. առաջ միայն մենք գիտեինք խենդ ըլլալը, հիմա ամեն մարդ գիտե: Ոչ միայն գիտեն, այլև հետը կիյնան, կը քաշքշեն, կը զվարճանան: Դարձեր է քաղաքին փայլանչոն:
ԹԱԳՈՒՀԻ.-Կը չափազանցնես…
ՎԱՀԱՆ.-Լուր ունի՞ս, որ սկսեր են հոս-հոն հավաքույթներ սարքել, երեկույթներ կազմակերպել «Կիլիկիո Արքան» խաղցնելու համար:
ԹԱԳՈՒՀԻ.-Ուրկե լսեցի՞ր:
ՎԱՀԱՆ.-Ասանկ բաներ գաղտնի՞ կը մնան: Եվ մեր ապուշը, մեր կապվելիք խենդը կարծելով, թե հետևորդներու բանակ պիտի կազմե, սկսեր է բոլոր հրավերներուն ընթացք տալ. ամեն շրջանակի մեջ մտնել-ելլել: Կ’երևակայեմ` ինչպես վրան կը խնդան:
ԹԱԳՈՒՀԻ.-Չե՜ն ամչնար:
ՎԱՀԱՆ.-Հոգերնի՞ն է: Վա՜յ, որ անգամ սանձդ ժողովրդին ձեռքը տաս… Եվ ըսե՜լ, թե Կիլիկիո Արքան իմ հարազատ եղբայրս է: Ընտանիքով խայտառակվեցանք… ո՛չ, ես նման բան չեմ կրնար հանդուրժել: Պետք է անպայման հիմարանոց տեղավորել…
ԹԱԳՈՒՀԻ.-Վահան, մի՛ աճապարեր, կեցիր, խոսինք, մտածենք, ուրիշ միջոց մը փնտրենք, մեղք է Լևոնին…
ՎԱՀԱՆ.-Ալ ասոր մտածելիքը չմնաց: Աս ի՜նչ փորձանք էր եկավ գլխուս.(ժամացույցին նայելով) Օ՜, գործիս ալ ուշացա: Կեսօրին մի՛ սպասեք (կը մեկնի):
3
Թագուհի մինակ մնալով կարասիներու կանոնավոր շարվածքով կը զբաղի պահ մը, հոս ու հոն աթոռ մը կամ սփռոց մը շտկելով: Ներս կը մտնե Արքան և ուղղակի կերթա ու քարացած կը մնա Սիսի բերդին նկարի առջև: «Կիլիկիա» եղանակը լսելի կը դառնա:
ԹԱԳՈՒՀԻ.-(Քնքուշ) Լևոն՛:
ԱՐՔԱՆ.-Լևոն Յոթներորդ, Արքա Կիլիկիո:
ԹԱԳՈՒՀԻ.-(Մոտենալով մտերմական) Ավելի լավ չէ՞, որ առաջվան պես քեզ Լևոն կոչեմ:
ԱՐՔԱՆ.-(Դեմքը միշտռդեպի նկարը, կռնակը ժողովուրդին) Արքա Կիլիկիո, Տեր Սիսի, Լամբրոնի, Վահկա, Սկեվռայի, Կապանի և Կոռիկոսի բերդերուն…
ԹԱԳՈՒՀԻ.-(Քնքուշ, բայց հանդիմանական) Լևո՜ն…
ԱՐՔԱՆ.-(Դառնալով դեպի աղջիկը) Քեզի կ’ըսեմ` Կիլիկիո վեհափառ Արքան է դիմացդ կեցողը. իրավունք չունիս անոր տիտղոսները անտեսելու:
ԹԱԳՈՒՀԻ.-Ես առաջին օրեն վարժված եմ քեզ Լևոն կոչելու. մենք մտերիմներ ենք, գրեթե եղբայրներ…
ԱՐՔԱՆ.-Արքայական գերդաստանի մեջ ամեն մարդ պարտավոր է թագավորին հանգամանքը ճանչնալ և հարգել:
ԹԱԳՈՒՀԻ.-Ես հարգանքեն ավելի բարձր զգացում մը ունիմ քեզի հանդեպ. ես կը սիրեմ քեզ:
ԱՐՔԱՆ.-Ատոր համար գացիր եղբայրս առիր:
ԹԱԳՈՒՀԻ.-Կը ներես, եթե հանցանք գործեցի. Բայց դուն այն ատեն պատրաստ չէիր ամուսնության, տակավին դպրոցական պատանի` ոչ գործ ունեիր, ոչ ալ որոշ դիրք:
ԱՐՔԱՆ.-Ես գահաժառանգ էի և դուն չհասկցար: Նախընտրեցիր կոշիկի վաճառականը:
ԹԱԳՈՒՀԻ.-Բայց, Լևոն, ամուսինս եղբայրդ է ու լավ մարդ: Ընտանիքի լավ հայր, հոգածու, աշխատասեր:
ԱՐՔԱՆ.-Ի՞նչ կ’արժեն այդ բոլորը, երբ արքայական արյուն չի հոսիր երակներուն մեջ:
ԹԱԳՈՒՀԻ.-(Մոտենալով և ուզելով թևը Լևոնին ուսին նետել) Լևո՛ն, մտիկ ըրե, Թագուհին է խոսողը:
ԱՐՔԱՆ.-(Բրտորեն մեկ կողմ քաշվելով) Թագուհի՞ն, ի՞նչ Թագուհի: Դուն կեղծ թագուհի մըն ես: Միայն ես կրնայի քեզ թագուհի դարձնել` բռնելով ձեռքեդ և նստեցնելով գահիս վրա:
ԹԱԳՈՒՀԻ.-(Ճարահատ) Ա՜հ, մե՜ղք, որ չեմ ճանչցած քեզ առաջին օրեն:
ԱՐՔԱՆ.-Ուշացա՜ծ ափսոսանք… Եթե գիտնայիր, թե ո՞վ էր ան, որ շնորհք ըրավ քեզ հավնելու, խոնորհաբար պիտի ծնրադրեիր առջևը: Եթե գիտնայիր, թե ո՞վ էր ան, որ տարիներով ձեռքդ խնդրեց, աչքդ գոց կը նետվեիր անոր բազուկներուն մեջ: Կը դառանյիր իսկական թագուհի:
ԹԱԳՈՒՀԻ.-Ափսո՜ս…
ԱՐՔԱՆ.-Ի՞նչ տվավ եղբայրս քեզի: Ինչո՞ւ չլսեցիր սրտիդ ձայնը: Նախընտրեցիր եղբորս գոհարեղենները և խորտակեցիր կյանքդ: Ես քեզ պիտի բարձրացնեի Ռուբինյաց գահին վրա: Դուն բոլո՜ր կիներուն մեջ պիտի փայլեիր իբրև տիկնանց տիկին: Թագուհի պիտի ըլլլայիր, թագուհի՛: Գնա՛, քու երակներուդ մեջ ալ ազնվականի արյուն չկա:
ԹԱԳՈՒՀԻ.-Կա՛, Լևոն, կա՛, բայց ամեն մարդ քու սլացքդ, քու ավյունդ և քու կրակդ չ’ունենար:
ԱՐՔԱՆ.-Ինչո՞ւ կը կեղծեք, ինչո՞ւ կը համակերպվիք:
ԹԱԳՈՒՀԻ.-Ի՞նչ կրնանք ընել, պետք է ապրիլ ամենուն պես, ամենուն հետ: Եվ պետք է լավ ապրիլ, վայելել կյանքի հաճույքները: Պետք է պատվավոր և խելացի մարդու անուն շահիլ: Այս է կյանքը:
ԱՐՔԱՆ.-Ձե՜ր կյանքը: Ազնվական ծնած մեկը կ’արհամարե ձեր այդ էժան վայելքները: Օ՜, դուք ի՜նչ գիտեք, թե արքա մը իր բարձրունքին վրա կեցած` որքան հարուստ է ու հպարտ: Ձեզի համար անմատչելի են իմ քաղած վայելքներս: Երբ աչքերս կը հառնեմ սա հոյակապ բերդին և կը խորհիմ, թե ան իմս է, իմ պապերուս ժառանգը, երբ կը խորհիմ, թե ես պիտի տիրեմ անոր և ժողովուրդս պիտի առաջնորդեմ այդ բարձրունքները, սիրտս կը հորդի արեգակով…
ԹԱԳՈՒՀԻ.-(Հիացած) Լևոն, ի՜նչ լավ կը խոսիս, դուն շատ խելացի ես:
ԱՐՔԱՆ.-(Հանկարծական շարժումով մը կը դառնա դեպի Թագուհին) Ինչո՞ւ, կասկած ունեի՞ր այդ մասին: Կիլիկիո Արքան չի կրնար խելացի չ’ըլլալ:
ԹԱԳՈՒՀԻ.-(Հիասթափ) Լևոն, ես պատրաստ եմ հետևելու քեզի, քո առաքելությանդ ուխտյալներեն դառնալու:
ԱՐՔԱՆ.-(Կասկածանքով) Կուզես նոր Տալիլա մը դառնալ, հա՞…
ԹԱԳՈՒՀԻ.-Ոչ, Լևոն, միայն թե միասին խորհրդակցենք հաճախ, միասին ծրագիրներ կազմենք, չափավորենք քու… ինչպես ըսեմ` տիրակալությանդ ախորժակները… դուն քիչ մը, ինչպես ըսեմ, շա՛տ կ’աճապարես, շատ առաջ կ’երթաս…
ԱՐՔԱՆ.-(Հանդիսավոր) Ետիս անցիր, սատանա՛, դուն կ’ուզես զիս վար բերել իմ բարձրունքներես:
ԹԱԳՈՒՀԻ.-Քու բարիքիդ համար կը խոսիմ, հավատա՛ ինծի. քու խնդավառությունդ այնքան մեծ է, այնքան հորդ, որ քեզ կ’առնե կը տանի և կրնա վտանգավոր ժայռերու զարնել…
ԱՐՔԱՆ.-Ետիս անցիր, թերահավա՛տ, ես միայն խանդավառ հոգիներու և մոլեռանդ հավատացյալներու պետք ունիմ:
ԹԱԳՈՒՀԻ.-Լևոն, սիրելիս, կյանքը քու գիտցածիդ պես չէ. ես ավելի փորձառու եմ. լսե՛ ինծի:
ԱՐՔԱՆ.-Կյանքը ե՛ս պիտի կերտեմ, ես թագավոր եմ…
ԹԱԳՈՒՀԻ.-Լևոն, կ’աղաչեմ, լուրջի առ ըսածներս, վերջը ուշ կ’ըլլա, կը զղջաս:
ԱՐՔԱՆ.-Ե՞ս զղջամ… Լևոն Յոթներորդ, Վեհափառ Արքան Կիլիկիո զղջա…
Կը մեկնի առանց Թագուհիին նայելու:
Թագուհի մինակ. պահ մը կը մնա լուռ, երկար կը նայի Սիսի բերդին, ապա ինքն իրեն`
ԹԱԳՈՒՀԻ.-Խե՞նդ է թե խելացի… (կը մեկնի):
4
Արքան կը վերադառնա և կանգ կ’առնե Սիսի բերդի նկարին առջև և պահ մը հոն կը մնա լուռ և վերացած: Բեմը հանկարծ կը լուսավորվի արտակարգ փայլով և խորհրդավոր ձայնը լսելի կ’ըլլա կրկին.-
ՁԱՅՆ.-Արքա Մեծի Տանն Կիլիկիո…
ԱՐՔԱՆ.-(Կը ցնցվի և կը մնա երկյուղած արձանացումով. պատգամ ընդունելուն դիրքին մեջ):
ՁԱՅՆ.-Հասած է ժամանակը, որ արքայական թագով պսակվի ճակատդ:
ԱՐՔԱՆ.-(Երանության ժպիտ մը կը փայլի Արքային դեմքին վրա):
ՁԱՅՆ.-Մի՛ երկնչիր, դուն պիտի հաղթես…
ԱՐՔԱՆ.-(Դեմքը կը լրջանա և նայվածքը հառած կը մնա կետի մը, բերդին վրա):
ՁԱՅՆ.-Բոլոր անոնք, որ կը նախանձին փառքիդ ու դիրքիդ, բոլոր անոնք, որ քեզ կը հալածեն ներսեն ու դուրսեն, ծունկի պիտի գան գահիդ ոտքերուն առջև…
ԱՐՔԱՆ.-(Խստաբարո իշխանավորի դիրք կը ստանա, զինվորական կեցվածքով):
ՁԱՅՆ.-Ահա թշնամիներդ քու ձեռքդ մատնեցի և հակառակորդներդ քեզի ծառա դարձուցի:
ԱՐՔԱՆ.-(Երախտագետ մեկու մը արտահայտությունը կ’առնե):
ՁԱՅՆ.-Վտանգի բոլոր առաքյալներուն պես դուն ալ թշնամիներ պիտի ունենաս, բայց պիտի ճզմես անոնց բոլորին գլուխները…
ԱՐՔԱՆ.-(Գլուխը կը շարժե վճռականությամբ):
ՁԱՅՆ.-Ոչ ծաղր ու ծանակ, ոչ նենգ հալածանք, ոչ դավ ու կապանք չեն կրնար կասեցնել քու հաղթական երթդ դեպի Կիլիկիա…
ԱՐՔԱՆ.-(Պայծառ դեմք մը կը ստանա և կժպտի):
ՁԱՅՆ.-Դուն ես միակ տերը պապերուդ երկրին և պիտի տիրես անոր անսասան հավատքով:
ԱՐՔԱՆ.-(Կը հրճվի. վճռական երևույթ մը կ’առնե և կը բազմի թիկնաթոռին` արքայի մը վայելչությամբ):
5
Դուռը կը զարնվի և ներս կը մտնե կոշիկի վաճառատան պաշտոնյան:
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Բարև՛, Պարոն Լևոն:
ԱՐՔԱՆ.-(Անակնկալի եկած) «Պարոնը» ինծի վայել տիտղոս չէ: Կիլիկիո մեջ պարոնները արքային շքախումբը միայն կը կազմեին:
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-(Առանց հասկանալու կը շարունակե) Պարո՛ն Լևոն…
ԱՐՔԱՆ.-Քեզի կ’ըսեմ`«պարոնը» ինծի վայել տիտղոս չէ, Արքան ինքը ուրիշներուն կը բաժաներ այդ տիտղոսը:
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Պարոն Լևոն, ձեր եղբայրը ըսավ, որ անմիջապես խանութ պետք է երթաք…
ԱՐՔԱՆ.-Խանո՞ւթ, ի՞նչ խանութ…
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Այո՛, խանութ… ինքը` պարոն Վահան կարևոր գործով մը պիտի բացակայի և կ’ուզե, որ դուք իր տեղը նստիք քեսին գլուխը:
ԱՐՔԱՆ.-Եղբայրս խելքը թռցուցա՞ծ է… Կիլիկիո Արքան ինպե՞ս կրնա խանութի մը քեսին գլուխը նստիլ: Չի՞ գիտեր, թե ան տեր է ամբողջ թագավորության մը գանձարանին:
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Չեմ գիտեր, ես տեղյակ չեմ. ձեր եղբայրը այդպես ըսավ…
ԱՐՔԱՆ.-Ապերա՜խտ արարած… Կ’ուզե անպայման պզտիկցնել իմ անձս, կ’ուզե անպայման շուք նետել իմ փառքիս վրա…
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Բայց, պարոն Լևոն…
ԱՐՔԱՆ.-Լևոն Յոթներորդ, Արքա մեծի Տանն Կիլիկիո…
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Բայց պարոն արքա յոթներորդ, խանութը իսկապես պետք ունի ձեր ներկայության:
ԱՐՔԱՆ.-Գնա՛ ըսե անարժան այդ արքայազունին, թե պիտի պատժվի իր այս սրբապղծության համար:
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Բայց ինք բան մը չըրավ. պարզապես քեզ կը կանչե:
ԱՐՔԱՆ.-Գնա՛ ըսե այդ երիցս ուրացողին, որ չարաչար պիտի տուժվի իր անբարտավանության համար:
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Ի՞նչ ըսեմ…
ԱՐՔԱՆ.-Ըսե, որ պիտի չհրավիրվի իր եղբոր` Լևոն Յոթներորդ Արքայի թագադրության փառածուք հանդեսին…
ՊԱՇՏՈՆՅԱՆ.-Ուրեմն խանութ չե՞ք ուզեր գալ:
ԱՐՔԱՆ.-(Բարկությամբ) Գնա՛ ըսե ինչ որ պատվիրեցի քեզի…
Պաշտոնյան շշմած կը մեկնի: Արքան կերթա կարձանանա Սիսի բերդին առջև, մինչև կը լսվի «Կիլիկիա» երգին եղանակը…
Վ ա ր ա գ ու յ ր
Բ. ՏԵՍԱՐԱՆ
Սրճարանին ներսը: Երեկո է. հաճախորդներու թիվը հետզհետե կը շատանա սեղաններու շուրջ: Սպասյակները կը շարունակեն խմիչքի բաժակներ մատուցանել: Նստողները ցածր ձայնով կը զրուցեն:Առաջամասի սեղաններեն մեկու շուրջ նստած են Ա. և Բ. պարոնները: Հետզհետե կը հասնին նաև մյուսները և նախորդ խումբը կ’ամբողջանա:
1
Ա.ՊԱՐՈՆ.-Այս իրիկուն նորեն փառավոր հանդես ունինք:
Բ.ՊԱՐՈՆ.-Նորե՞ն Արքան պիտի գա:
Ա.ՊԱՐՈՆ.-Այո՛, այս անգամ թագավորության հանդես է, խենդենալիք բան պիտի ըլլա. գլուխգործոց:
Բ.ՊԱՐՈՆ.-Ինչպե՞ս:
Ա.ՊԱՐՈՆ.-Տղաքը ամեն ինչ պատրաստած են- թագ, մական, սուր, ծիրանի…
Բ.ՊԱՐՈՆ.-Ինք տեղյա՞կ է:
Ա.ՊԱՐՈՆ.-Անշո՜ւշտ. և անհամբեր կը սպասե:
Բ.ՊԱՐՈՆ.-Մի՛ ըսեր պե, ըլլալիք բան, ո՜ւր հասավ աս տղան:
Ա.ՊԱՐՈՆ.-Շատո՜նց հասած էր, խնդալեն պիտի մարինք…
Բ.ՊԱՐՈՆ.-Վա՜յ Արքա, վա՜յ… որո՞նք պիտի գան:
Ա.ՊԱՐՈՆ.-Ո՛վ, որ տեղյակ է. ասանկ առիթ կը փախցվի՞…
Իրարու ետևե կը հասնին խումբին մյուս անդամները, կը բարևեն և տեղ կը գրավեն սեղաններու շուրջ: Քիչ ետք կ’երևի Արքան, որ կ’առաջանա դանդաղ և վեհաշուք ընթացքով: Վրան գլուխը խղճալիորեն մաշած ու թափթփած է. դեմքին մորուք բուսած: Նստողները դերասանական հարգանքով ոտքի կ’ելլեն ու կը խոնարհին իր առջև:
Ա.ՊԱՐՈՆ.-Ողջո՜ւյն մեծ Արքային:
Բ.ՊԱՐՈՆ.-Խորին հարգանացս հավաստիքը ձեր գահի ոտքերուն տակ կը դնեմ…
Գ.ՊԱՐՈՆ.-Բարի գալուստ մեր Արքային:
Դ.ՊԱՐՈՆ.-Ձեր շուքը անպակաս մեր վրայեն…
Արքան կը ժպտի, նշան կ’ընե, որ նստին:
ԱՐՔԱՆ.-Ո՞ւր են սեպուհները, իշխանները, սենեկապետը, ավագ իշխանը, սպարապետը…
Ա.ՊԱՐՈՆ.-Տե՛ր Արքա, հիմա կը հասնին, պատրաստության մեջ են:
ԱՐՔԱՆ.-Ամեն ինչ նախատեսվա՞ծ է:
Ա.ՊԱՐՈՆ.-Ամե՜ն ինչ:
Բ.ՊԱՐՈՆ.-(Դեպի սրճարանին խորքը դառնալով) Սենեկապետ, բաժակ մը կիլկյան ընտիր գինի վեհափառ Արքային համար:
Սպասյակը բաժակը կը բերե կը դնե Արքային առջև: Խումբին անդամները ավելի կը մոտենան և կը շրջապատեն Արքան: Հետաքրքրասեր մանուկներու բազմություն մըն ալ կը հավաքվի դռան առջև:
Գ.ՊԱՐՈՆ.-(Բաժակը վերցնելով) Կենա՛ցդ, Տեր Արքա:
Ա.ՕՐԻՈՐԴ.-Ձեր թանկագին կենացը, վեհափառ Տեր:
Դ.ՊԱՐՈՆ.-Սուրդ միշտ կտրուկ, Տեր Արքա:
Բ.ՕՐԻՈՐԴ.-Հավետ կեցցե՜ մեր Արքան…
Զսպված խնդուքներ, քրթմնջյուններ, ծիծաղներ, որոնց մեջ Արքան կը մնա լուռ, լուրջ և անայլայլ:
Գ.ՊԱՐՈՆ.-Երբ գահ բարձրանաս` ինծի ի՞նչ պաշտոն պիտի տաս:
ԱՐՔԱՆ.-(Կը նայի դեմքին, կը խորհի պահ մը) Ախոռապետի:
Գ.ՊԱՐՈՆ.-Ի՞նչ, ախոռի՞ արժանի գտար ինծի պես ազնվական մը, չեմ ընդունիր…
ԱՐՔԱՆ.-Կ’ընդունիս, կ’ընդունիս, շա՜տ մեծ պաշտոն է: Երևակայե, արքայական բոլոր ախոռներուս և ձիերուս պատասխանատուն:
Բ.ՊԱՐՈՆ.-Նաև էշերուն, այնպես չէ՞, Արքան մարդուն համաձայն պաշտոն կը գտնե:
ԱՐՔԱՆ.-Այո՛, անշուշտ, (Բ. Պարոնին ուղղելով խոսքը), իսկ քեզ կը կարգեմ ներքինիապետ կանանոցիս…
Գ.ՊԱՐՈՆ.-(Բ. պարոնին) Առի՞ր… տեսա՞ր ինչի արժանի ես:
Ա.ՊԱՐՈՆ.-Տեր Արքա, ինծի պաշտոն չտաս, ես պաշտոն ունիմ արդեն, ես պալատիդ ընդհանուր արարողապետն եմ և կարևոր դեր ունիմ կատարելիք:(Ոտքի ելլելով խոսքը կ’ուղղե ներկաներուն) Հավատարիմ հպատակներ մեր մեծ Արքային, այս օրը բացառիկ նշանակություն ունի բոլորիս համար, անմոռանալի և պատմական օր. անհամբեր կը սպասեք հարկավ, որ սկսի մեր Արքային թագադրության փառաշուք հանդեսը…
(Ծափահարություններ: Դրան առջև կեցած խումբը «կեցցե՜ Արքան» կը պոռա):
Իբրև արարողապետ պալատին, ես պիտի վարեմ այս հանդեսը, ի ներկայության պետական ավագանիին և համայն հրավիրյալներու: Կը պահանջեմ, որ կարգ ու կանոնը պահվի և ամեն ինչ տեղի ունենա վեհաշուք մթնոլորտի մեջ, ինչպես վայել է Ռուբենի, Թորոսի և Լևոնի արժանավոր հաջորդին:
(Դարձյալ ծափահարություններ. մանուկները դրան առջև կը պոռան. «կեցցե՜ Լևոն Յոթներորդ»…)
Համբերեցեք. ձեր խնդակցությունները պահեցեք պսակադրության ավարտին: Այժմ կը խնդրեմ արքայազուն գահաժառանգին, որ շնորհ ընե առաջանալու դեպի իր գահը…
(Արքան ոտքի կ’ելլե հուզված և մեծ լրջությամբ կ’ուղղվի դեպի սրահին վերի կողմը, ուր դրված է մասնավոր բազկաթոռ մը: Ներկաները ծիծաղկոտ դեմքերով կը հետևին արարողության` հայտնապես զվարճացած:Արքան «գահ»-ին առջև կանգ կառնե ու կը մնա անշարժ, գլուխը բարձր: Երևույթը ծիծաղելու ըլլալե ավելի հուզիչ է և մեղքանալիք):
Ու հիմա պիտի խնդրեմ Բարձրաբերդի տեր Օշին մեծ իշխանին, որ հանուն բոլոր նախարարներուն, իշխաններուն և ազատանիին, Ռուբինյանց ոսկե թագը զետեղե Արքայի գլխուն:
(Ներկաներեն մեկը ոտքի կ’ելլե, կը մոտենա Արքային, ձեռքին մեջ խավաքարտե ոսկեզոծ թագ մը բռնած:Արքան երկյուղածությամբ ծունկի կու գա, և երբ Օշին թագը կը զետեղե Արքային գլխուն, ինքնաբեր մղումով մը բոլոր հանդիսականները կը լրջանան, կարծես իրական ըլլա արարողությունը. կը ստեղծվի երկյուղած մթնոլորտ):
ՕՇԻՆ.-(Թագը զետեղելե ետք) Կը հռչակեմ քեզ Լևոն Յոթներորդ, արքա Կիլիկիա աշխարհիս:Ոչ ոք կը համարձակվի խնդալ: Արքան` թագը գլխուն` մեծ լրջությամբ կը բազմի թիկնաթոռին մեջ, պահ մը լռությունը կը շարունակվի: Հետո հանկարծ բացականչությունները ու ծիծաղները կը պայթին.-
-Կեցցե՜ Արքան…
-Կեցցե՜…
-Փա՜ռք մեծազոր մեր Արքային…
Ներկաներուն մեկը ճարպկությամբ վարագույրի նմանող կարմիր կտավ մը կը կապե Արքայի ուսերուն, իբրև ծիրանի: Ուրիշ մը կը փութա փայտե խոշոր սուր մը տալ ձեռքը: Արքան կը ստանա այդ բոլորը ինքնամոռաց հափշտակությամբ: Սրահը եռուզեռի մեջ է, շատերը կը խնդան և կը ծափահարեն:
ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ.-(Ձեռքի նշանով մը լռեցնելով աղմուկը) Այժմ բոլորս անհամբեր կը սպասենք Լևոն Յոթներորդ թագավորի գահակալական ճառին:
ՁԱՅՆԵՐ.-Այո՛, այո՛, կ’ուզենք…
ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ.-Կը խնդրենք, որ ան այս պատմական պահը հավերժացնի իր արքայական պատգամով:
ՁԱՅՆԵՐ.-Կ’ուզե՛նք, կ’ուզե՛նք…Արքան ոտքի կ’ելլե դանդաղ շարժումով, թագը գլխուն, ծիրանին ուսին, սուրին վրա կոթնած: Պահ մը լուռ կը դիտե ներկաները, ապա կը սկսի խոսիլ.
ԱՐՔԱՆ.-Սիրեցյալ հպատակներս` սեպուհներ, իշխաններ, ազատանիներ, շինականներ, դուք բոլորդ, որ պիտի ապրիք մեր բարեխնամ հովանիին ներքև. ձեզի կ’ուղղենք մեր արքայական ողջույնը և հանդիսավորապես կը հայտարարենք.- Մենք Լևոն Յոթներորդ, Արքա Կիլիկիո, կամոքն Աստծո և ժառանգությամբն Ռուբինյաց տոհմին, կը խոստանանք ըլլալ արդար, ողորմած և խաղաղասեր թագավոր: Առաջին առիթով ներում կը շնորհենք հանցավորաց…
ՁԱՅՆԵՐ.-Կեցցե՛ մեր ողորմած Արքան…
ԱՐՔԱՆ.-Կը թեթևացնենք ժողովուրդին տուրքերը:
ՁԱՅՆԵՐ.-Հուռռա՜…
ԱՐՔԱՆ.-Կը խոստանանք կառուցանել ժողովրդային բնակարաններ, ծերանոցներ, հիվանդանոցներ:
ՁԱՅՆԵՐ.-Կեցցե՜ բարեգործ Արքան…
ԱՐՔԱՆ.-Կը խոստանանք հողեր բաժնել գյուղացիության:
ՁԱՅՆԵՐ.-Փա՜ռք Արքային…
ԱՐՔԱՆ.-Ամեն շեն ու ամեն ավան կ’ունենա առատ ջուր և էլեկտրականություն:
ՁԱՅՆԵՐ-Կեցցե՜ (Ծափահարություններ):
ԱՐՔԱՆ.-Վեհանձնորեն ձեռք կ’երկարենք մեր թշնամյաց, զի մենք կը փափագինք խաղաղություն ամենեցուն և համենայնի: Բայց եթե մեր թշնամիները չըմբռնեն մեր ազնիվ արարքը, այն ատեն մեր քաջարի բանակը պիտի գիտնա կայծակնային հարվածով ջախջախել անոնց գլուխները…
ՁԱՅՆ ՄԸ.-Սքանչելի՜, հոյակա՜պ…
ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ.-Խնդրե՛մ, մի ընդմիջեք:
ԱՐՔԱՆ.-Ձեր Արքան դուք կը տեսնեք հոս, ձեր դիմաց, կը սխալիք սակայն: Ան Կիլիկիա է և ամեն օր կ’այցելե իր պապերուն բերդերն ու պալատները, վանքերն ու տաճարները: (Վերացած) Ահա վաշտերս, ահա հեծելազորս, որոնք կ’անցնին առջևես, գունդ առ գունդ, փողփողուն դրոշներ պարզած, ահա Տավրոսյան լեռները, որոնց վերև արծիվները կը սավառնին. ահա մեր արգավանդ դաշտերը, ուր շինականին աշխատանքի երգը կը հնչե… Չե՞ք լսեր բանվորներու մուրճերուն ձայնը, անոնք երկիրս կը կառուցանեն, անոնք Կիլիկիո ամբողջ տարածքին վրա շեներ, պալատներ և տաճարներ կը կերտեն… Ես ամենուն թագավորն եմ, ես այս ամենը կը տեսնեմ, կը լսեմ ու կը վարեմ: Կուզեմ, որ ինծի հետ դուք ալ տեսնեք ու լսեք, եթե ոչ դուք հոս կը մնաք հավիտյան, եթե ոչ չենք կրնար ձեզ առաջնորդել ձեր պապերուն երկիրը: Վստահեցեք ձեր Արքային, ան մեծ է և ամենազոր: Ան կը հայտարարե ձեզի- իր իշխանության ներքև հարուստ ու աղքատ պիտի չըլլա, ազատ ու գերի պիտի չըլլա, բոլո՜րը հավասար, բոլո՜րը եղբայր, բոլո՜րը երջանիկ: Մեր գահակալությամբ կը բացվի նոր ոսկեդար մը. մենք Կիլիկիան դրախտ պիտի դարձնենք…
Բուռն ծափեր, աղմուկ, իրարանցում և «կեցցե» պոռացողներ: Արքան կեցած է հուզված և երազկոտ: Հետզհետե աճող այս աղմուկին և ծիծաղներուն մեջ հանկարծ կը հայտնվի Արքային քույրը` Զապել:
2
Զապել կու գա կը կենա եղբոր քով, մեկ ակնարկով կը չափե սարքված խեղկատակության ամբողջ արարողությանը, շանթահարիչ, նայվածք մը կը նետե ներկաներուն վրա և կը պոռա:
ԶԱՊԵԼ.-Լռեցե՛ք բոլորդ ալ: (Լռություն) Նստեցե՛ք ձեր տեղերը և լակեցեք ձեր գինին ու գարեջուրը: (Ամեն մարդ տեղը կը նստի` ուսուցչուհիին հնազանդվող աշակերտներու պես): Զվարճանալու ուրիշ զբաղում չգտա՞ք. ամո՜թ ձեզի…
ԱՐՔԱՆ.-Իշխանուհի Զապել, անոնք կատարեցին թագադրությանս հանդեսը (ցույց կուտա գլխուն թագը):
ԶԱՊԵԼ.-Գիտե՞ք ով է ան, որուն վրա կը փորձեք խնդալ… Ան է իսկական թագավորը…
ՁԱՅՆԵՐ.-Օ՜ օ՜ օ՜…
ԱՐՔԱՆ.-Իշխանուհի քույր, շատ լավ գիտեն ատիկա:
ԶԱՊԵԼ.-Ո՛չ, չեն գիտեր. կը կարծեն, թե իրենք են թագավորներն ու թագուհիները և դուն կեղծ ես. ատոր համար ուրախ են ու երջանիկ. Ատոր համար կը ծիծաղին ինքնագոհ:
ԱՐՔԱՆ.-Իշխանուհի, կը սխալիս. անոնք ինծի տվին թագ ու ծիրանի:
ԶԱՊԵԼ.-Այո՛, տվին, կը, տեսնեմ: Անոնք կու տան այն` ինչ որ իրենք չեն կրնար կրել…
ԱՐՔԱՆ.-Իշխանուհի Զապել, այս գահին վրա միայն մեկ գոգիի տեղ կա և այս թագը միայն մեկ հոգի կրնա կրել: Անոնք բոլորը իմ հպատակներս են:
ԶԱՊԵԼ.-Անոնք բոլորը ստրուկներ են. դուն միայն թագավոր ես:
ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ.-Օրիո՛րդ, իրավունք չունիք մեզ նախատելու:
ԶԱՊԵԼ.-Իսկ դուք իրավունք ունիք եղբայրս ծաղրելու այսպես հրապարակավ. դուք իրավունք ունիք Կիլիկիո Արքային վրա խնդալու:
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.-Ըրածնիս կատակ էր:
ԶԱՊԵԼ.-Կատա՞կ, ինչ կատակ… Մերկացնե՞մ հիմա ձեր կեղծիքը. վար առնե՞մ ձեր դիմակները… (Արարողապետին) դուն, որ այդպես անպատկառ կը խոսիս, ըսե տեսնեմ, ո՞վ ես դուն…
ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ.-Իմ ով ըլլալս ամեն մարդ գիտե. համենայնդեպս թագավոր չեմ:
ԶԱՊԵԼ.-Թագավոր չես, որովհետև չես կրնար ըլլալ… դուք ո՜ւր, արքայական գահը ուր. դուք մեկ բան գիտեք միայն.- գահակալներու առջև գետնատարած երկրպագել…
ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ.-(Հեգանական) Իսկ ձեր եղբայրը կը սավառնի խենդության ոլորտներուն մեջ…
ԶԱՊԵԼ.-Անոր խենդ երազը հազար անգամ ավելի գեղեցիկ ու վսեմ է, քան ձեր իմաստուն ներկան: Դուք ի՞նչ կը հասկնաք արքայական թռիչքներեն…
Ա.ՕՐԻՈՐԴ.-Մեղա՜, աս ալ խենդ է եղբորը պես:
ԶԱՊԵԼ.-Կեղծիքն է ձեր խելք կոչվածը և ձեր ամբողջ իմաստությունը նյութի պաշտամունքեն անդին չ’անցնիր: Դուք վախկոտներ, դուք անարի վատեր, ոչ երազ ունիք, ոչ հորիզոն… խլուրդներու պես ձեր գլուխները թաղած կը պահեք հողին մեջ և չեք հանդուրժեր, որ ձեր նմաններեն մեկը վեր բարձրանա ու իր հոգիին թևերը բանա դեպի արևոտ կատարները երազին…
Բ.ՊԱՐՈՆ.-Կիլիկիո Արքա՞ն է այդ մեկը:
ԶԱՊԵԼ.-Այո՛, Կիլիկիո Արքան է ան` որուն վրա կաշխատիք թափել ձեր հոգիին մաղձն ու թույնը: Դուք ինչպե՞ս կրնաք հասկնալ զինք. սար ու ձոր կա ձեր և իր միջև. անհուն տարածություններով հեռու է ան ձեզմե: (Եղբայրը ցույց տալով) Միակ քաջը, հերոսական խոյանքի տեր միակ անձը, որ ահա կեցած է ձեր դեմ, լույսին մեջ. ամբողջովին մերկ իր հոգիով…
Բ.ՊԱՐՈՆ.-(Կծու շեշտով) Լավ կ’ըլլա, որ աշխատիք քիչ մը ծածկել զինք:
ԶԱՊԵԼ.-Լավ կ’ըլլա, որ դուք երբեմն անդրադառնաք ձեր խեղճության, ձեր թշվառության, դուք` ո ձեր հոգիներուն մեջ գահ չունիք, դուք որ ձեր հոգիին արքաները խեղդած եք ձեր իսկ ձեռքով…
Ա.ՕՐԻՈՐԴ.-Կատարյալ խենդ է աս աղջիկը:
Ա.ՊԱՐՈՆ.-Հիմա ուրեմն մենք եղանք խենդը, իսկ եղբայրդ` խելացի:
ԶԱՊԵԼ.-Ո՜ո՜չ, դուք եք խելացին, անհոգ եղեք, դուք, որ գիտեք կյանքին հետ դաշինք կնքել և օրվան ձեր հաճույքները ճարակիլ խոնարհ համակերպությամբ: Դուք եք իմաստունը, դուք, որ միայն հույսով կ’ապրիք, բայց չեք կրնար, ոչ մեկ վայրկյան, հույսը վերածել բոցավառ հավատքի: Եղբայրս է խենդը, ուրախացե՛ք, սակայն մի՛ մոռացեք, որ ա՛ն է թագավորը:Դուք ստրուկներ, խավարի ասպետներ, հանգիստ ձգեցեք Վեհափառ Արքան, թողեք, որ ան թագավորե…
Վիրավորված արժանապատվություններու և դժգոհության ձայներ ու աղմուկ: Ապա ներկաները իրարու ետևեն կը սկսին մեկնիլ:Սրահը կ’ամայանա: Կը մնան միայն սպասյակները, Արքան և Զապել:
ԱՐՔԱՆ.-Իշխանուհի Զապել, ինչո՞ւ ցրեցիր ժողովուրդս: Եթե այս հոտը չըլլա, ես որո՞ւ վրա պիտի թագավորեմ…
Զապել կեցած է անխոս և արձանացած:
Վարագույրը կ’իջնե դանդաղորեն: