2020-05-23

Նադեյա Յասմինսկա «Տնային փերին»


Անձրև էր մաղում։ Մեքենան ընթանում էր նեղ փոքրիկ փողոցներով՝ անիվների վրա փաթաթելով սալահատակի խոնավությունը։
-Ես դա այսպես չեմ թողնի,- ասաց Արթուր Գեյլը։ Նա քսաներեք տարեկան էր, և երիտասարդական ավյունը եռում էր նրա մեջ։ Անգամ գլխարկը փոքր-ինչ վերուվար էր անում, ինչպես կաթսայի կափարիչը։-Չե՛մ թողնի,- համառորեն կրկնեց նա և սեղմեց ձեռնափայտը։
Վարորդն անտարբեր ծխեց ծխամորճը։
-Ես անմիջապես հասկացա, որ այստեղ ինչ-որ բան այն չէ,- շարունակեց երիտասարդը՝ լիովին համոզված, որ իրեն ուշադիր լսում են։- Այն նույն պահից, երբ Հարոլդը ինձ հրավիրյալ ճաշի կանչեց։ Չ՞է որ նա աղքատ է, ինչպես եկեղեցական մուկը, այդ վիճակում ո՞վ է ընդունելություններ կազմակերպում։ Ես հարցրի «Ախպե՜ր, ի՞նչ է կատարվում։ Ժառանգությո՞ւն ես ստացել, որի մասին ես չգիտեմ կամ թղթախաղի գաղտնիքնե՞րն ես ըմբռնել։
-Ը՛հնց,- ասաց վարորդն ու փռշտաց թևքի մեջ։
-Եվ հետո ամեն ինչ սկսվեց։ Օրիո՛րդ Բրաուն սա արա, օրիո՛րդ Բրաուն, այն արա․․․ Երկնքից իջած հրեշտակ, կատարյալ տնտեսվարուհի, որը միաժամանակ և՛ խոհարար էր, և՛ հավաքարար, և՛ դայակ։ Անմիջապես ողջ տունն իր պինդ թաթերի մեջ առավ։ Վստահ եմ, որ նա խեղճ Հարրին սարսափելի պարտքերի մեջ է թաղել այդ երեկույթներով ու հյուրերով։ Եվ ամենից կարևորը՝ չքնաղ օրիորդ Բրաունը փող չի վերցնում իր կատարած աշխատանքի համար։ Ասում է, որ Հարոլդը կարող է իր հետ հաշիվները մաքրել, երբ մարդամեջ դուրս կգա։
-Ը՛հնց,- կրկին ասաց վարորդը:
-Չեմ պատկերացնում, թե ինչ է մտադրվել այդ խաբեբա կինը, բայց ես ուզում եմ նրան ցույց տալ, որ իմ փափկամորթ եղբայրը գլխում խելք ունեցող մեկն ունի: Ես ուղղակի կնայեմ հրեշտականման օրիորդ Բրաունի ուղիղ աչքերի մեջ և կասեմ նրան… Գիտե՞ք՝ ի՞նչ կասեմ նրան:
-Դո՛ւրս այստեղից:
-Այո՛, դրա նման մի բան: Բայց, իհարկե, ոչ այդպես ուղղակի…
-Դո՛ւրս եկեք, մի՛ստր, արա՛գ: Մենք արդեն տեղ ենք հասել: Կոպեկների համար չեմ պատրաստվում սպասել, մինչև Դուք այստեղ կասեք կվերջացնեք, ես Ձեզ համար տնային կառապան չեմ:
-Ներողություն եմ հայցում,- փնթփնթաց Արթուրը և փոքր-ինչ անփութորեն դուրս եկավ մեքենայից: Երեկոն անմիջապես պարուրեց նրան իր խոնավ շնչառությամբ: Երիտասարդը հատեց ճանապարհը ու կանգ առավ իր եղբոր բնակատեղի դիմաց՝ կիսաբաց դռնակի կողքին:
Հարոլդ Հեյլի տունը սուզված նավ էր հիշեցնում, որն ինչ-որ մեկը անհասկանալի պատճառներով որոշել է բարձրացնել ծովի հատակից։ Դրա փայտե կողքերը փքվել էին հնությունից, վայրի խաղողը կախված էր ջրիմուռի պես։ Ներսում նամությունն էր թագավորում, տեղ-տեղ առաստաղից կաթում էր։ Պարտքերի մարումից հետո միայն այսպիսի կացարան կարող էր թույլ տալ իրեն նրանց ընտանիքը։ Այնինչ կար ժամանակ․․․ Չնայած մի՞թե ժամանակը հիշում է, թե ինչպիսին է ինքը եղել։ Արթուրը հոգոց հանեց և ներս մտավ։
-Արչի՜, քեզ երկար սպասեցինք։- Ավագ եղբայրը դիմավորեց նրան և պինդ գրկեց բարի, արջի նմանվող գրկում, ճիշտ հայրիկի նման։- Աննան անգամ վախեցավ, որ փոքրիկ Լիզը կկլլի ողջ ընթրիքը։
Աննան՝ Հարոլդի կինը, կանգնած էր քիչ հեռվում։ Նա միշտ մատակայքում էր (աննկատ)՝ հանգիստ ու քնքուշ։ Միայն այդպիսի կինը կարող էր նավահանգիստ դառնալ նավի ու նրա կապիտանի համար։
Իսկ աստիճաններով, կորչելով դրանց աղեկտուր ճռռոցի մեջ, արդեն վազում էր բաց վարդագույն զգեստով ճերմակամաշկ փոթորիկը։
-Հորեղբա՜յր։
-Ողջո՛ւյն Լիզա Բոնն։- Արթուրը հմտորեն ձեռքերին առավ զարմուհուն և նրան օդ նետեց։ Լիզա Բոննը նրա սիրելի մականունն է։- Ինչպե՞ս է ապրում իմ արքայադուստրը։
-Մայրիկն ասում է, որ շուտով ես կկորցնեմ ատամս։
-Ինչպիսի՜ դժբախտություն։ Հուսով եմ՝ նրա փոխարեն երկուսը չեն դուրս գա ինչպես Լևրնեյան Հիդրայի[1] մոտ։ Այլապես ծնողներդ ստիպված կլինեն քեզ վանդակում պահել։
-Անհնա՛ր է։- Բառերը դուրս էին հորդում Լիզից ինչպես գույնզգույն թղթիկները հրավառության պայթուցիկից։- Ուզո՞ւմ ես՝ ցույց տամ քեզ իմ թղթե ծաղիկներով գլխարկն ու մաշիկը։ Միայն թե հետո, հիմա ես այնքա՜ն քաղցած եմ, որ կարող եմ փիղ կուլ տալ։
Լուռ ու անշտապ ընթրիքից հետո Աննան գնաց քնեցնելու դստերը, իսկ Արթուրը վերջապես որոշեց խոսակցությանն անցնել։
-Լսի՛ր, Հարրի՛, քո կյանքում ինչ-որ․․․ նորություններ եմ նկատում։
-Այստեղ այնքա՜ն է լավացել, չե՞ս կարծում։
-Այո՛,- ստիպված էր ընդունել Արթուրը։- Տունը փոխվել է։ Ավելի շատ գույներ ու ջերմություն կա։ Ասես անտեսանելի ծառայապետը գաղտնի մոտեցել է ինձ ու փաթաթել ծածկոցի մեջ։ Բայց քեզ չի՞ թվում, որ սա ընդամենը քողարկում է, բարեհարմար թմբիր։
-Օրիորդ Բրաունն ասաց, որ․․․
-Իհարկե, ամեն տեղ խցկվող օրիորդ Բրաունը։ Հենց նրա մասին էլ ուզում էի խոսել։ Ինձ թվում է, որ քո շուրջը սարդոստայն են հյուսում, Հարրի՛։ Եվ դու արդեն թաղվել ես դրա մեջ՝ ինքդ էլ չնկատելով այդ։
-Արչի՛, դու չգիտես՝ ինչ ես խոսում։ Օրիորդ Բրաունն իսկական հրաշք է։ Ես երկար էի հրժարվում նրա ծառայություններից, բայց նա համոզեց ինձ, որ սա բնավ էլ բարեգործություն չի։ Տան նոր մթնոլորտը նրա ձեռքի գործն է։ Եվ այստեղ սկսեցին մարդիկ գալ, ազդեցիկ մարդիկ։ Սըր Ռեջինալդ Սթայնը, լսե՞լ ես նրա մասին։ Իր վերջին այցելության ժամանակ նա ակնարկեց, որ նրան փաստաբանական ընկերությունում բանիմաց մեկն է պետք․․․
-Ես հասկանում եմ դու կառչում ես ցանկցած հնարավորությունից։ Բայց մի՞թե չես տեսնում, որ այստեղ մի բան այն չէ։ Այդ կնոջ ինչի՞ն ես պետք դու՝ ամուսնացած տղամարդ՝ փոքր երեխայով և չնչին ապրուստի միջոցով․․․
Հարոլդը չպատասխանեց։ Եվ չգիտես ինչու հենց հիմա Արթուրը որոշեց արտաբերի այն, ինչ երկար տարիներ կանգնած էր նրա կոկորդին։
-Հարրի՛, ես ցավում եմ, որ այդպես ստացվեց։ Թող որ այդպես, ես հին ամուրի եմ, բայց դու չէ որ ունես քո աղջիկներին․․․ Եթե հայրիկը սպեկուլյացիա չաներ, պարտք չվերցներ․․․
-Վերջացրու, Արչի՛,- եղբայրն ամուր սեղմեց նրա ուսը։- Ես դրան այլ կերպ եմ նայում։ Նախկին կարգավիճակում մեր ծնողներն անգամ թույլ չէին տա նայել Աննայի վրա։ Իսկ այժմ նա իմ թոքերն օդով է լցնում։ Եվ Լիզը՝ իմ գանձը։ Մի՞թե կարծում ես, որ առանց նրանց ես բավարարված կլինեի։ Ո՛չ, ես կկոտրեի պարանոցս առաջին իսկ խոչընդոտի դեպքում։
-Հարրի՛, դու սուրբ ես,- հոգոց հանեց Արթուրը։- Ի վերջո դա քեզ կկործանի։
-Մեզ բոլորիս էլ ի վերջո ինչ-որ բան կկործանի,- խոհեմություն ցուցաբերց Հարոլդը։- Այդ իմաստով սուրբ լինելն այնքան էլ սարսափելի արատ չէ։ Իսկ հիմա Լիզին տեսակցիր։ Չէ որ գիտես, որ նա չի քնի, մինչև հորեղբայրը նրան բարի գիշեր չմաղթի։
Լիզա Բոննը, արդեն պատրաստ քնելու, նստած էր իր փոքրիկ անկողնում։ Նրա մանկական աշխարհը բաղկացած էր պահարանից, սնդուկից, երկու կտորե տիկնիկներից, դատարկ վանդակից և նկարապատ մաշիկներից։
-Հեքիա՛թ,- գոռաց նա՝ հազիվ Արթուրը հատել էր մուտքը։
-Հեքիա՞թ,- խորամանկորեն ծոր տվեց հորեղբայրը և նստեց կողքին։- Ես ինչ-որ բոլորը մոռացել եմ։
-Կա այնպիսի մի երկիր՝ Պորտուգալիա․․․- հիշեցրեց նրան զարմուհին։ Բոլոր հեքիաթներն նույն կերպ էին սկսվում, և նա դրանք շատ էր սիրում։
-Այո՛, կա մի երկիր՝ Պորտուգալիա, և այնտեղ է գտնվում մի մեծ քաղաք՝ ԼիզաԲոննը (դուք նույն անունն ունեք)։ Այն շրջապատված է սարերով, նաբաթի սարերով՝ այնքան բարձր, որ նրանց գագթները հպվում են քաղցր բամբակի ամպերին։ Իսկ կենտրոնում՝ ամպերի միջև, կանգնած է փոքրիկ դղյակը։ Նրանում ուղիղ հարյուր սենյակ կա, և դրանց կեսը մանկական են՝ մինչև առաստաղը լցված խաղալիքներով․․․
-Ես երբևէ կհյատնվե՞մ այնտեղ,- քնատ քրթմնջաց Լիզը։
-Եթե շա՜տ-շա՜տ ուզես։
-Բարի գիշեր, հորեղբա՛յր Արչի։ Մաղթում եմ քեզ հարյուր հազար միլիոն ֆունտ և նաև երկու պենս։
-Իսկ ես քեզ մաղթում եմ քսան պարկ շոկոլադե կոնֆետ և այս տան բարձրության մի տորթ։ Բարի գիշեր, քնքո՛ւշս։
Աղջիկը, պեպենոտ քթով թաղվելով բարձի մեջ, արդեն քնել էր։ Արթուրն ուղղեց նրա ծածկոցը, հանգցրեց գիշերալամպը և դուրս եկավ սենյակից։
Հարոլդն ու Աննան նստած էին բուխարու մոտ և կամաց զրուցում էին։ Փորձելով չանհանգստացնել նրանց՝ երիտասարդը խոհանոց անցավ, որտեղ աղոտ լույս էր վառվում։
-Ահա՛ և Դուք,- մռայլ ասաց նա՝ հայացքը հառելով ձյունաճերմակ թասակին։
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- հարցրեց ձայնը թասակի տակից։ Փոքրիկ ճարպիկ ձեռքերը լվանում էին ափսեները և դասավորում էին դրանք ցածլիկ չորանոցներում։
-Ես միայն ուզում եմ ասել, որ ինձ անհնար է խաբել։ Եվ ես Ձեզ ջրի երես կհանեմ։
Կամացուկ ծիծաղ լսվեց, և օրիորդ Բրաունը շրջվեց։
Թասակի հակառակ կողմում, պարզվեց, երիտասարդ աղջկա դեմք էր։ Եվ այդ դեմքը Արթուրին թեթևակի շփոթմունքի մատնեց։ Նա սովորական մեկը չէր, բայց և կործանարար գեղեցկուհի էլ չէր։ Նրա արտաքինի մեջ ոչինչ չէր խոսում խորամանկության կամ ճարպկության մասին։ Սուր, մի փոքր ցցուն փոքրիկ քիթ, խորը, մուգ գույնի աչքեր նուրբ շագանակագույն խոխոպները դուրս էին եկել ցանցանման գործվածքի տակից։ Օսլայած գոգնոցը նրա բարակ, գրեթե եթերային կազմվածքի համար չափազանց ծանր էր թվում։
-Դուք կարծո՞ւմ եք՝ ես սրիկա եմ,- հարցրեց օրիորդ Բրաունը։ Նրա ձայնի մեջ դժգոհության կամ դառնության երանգ չկար, միայն մի մարդու անկեղծ հետաքրքրասիրություն, որը հանկարծ իր համար ինչ-որ նոր բան է բացահայտել։
-Ը՜,- երկարացրեց Արթուրը՝ սկսելով իրեն անհարմար զգալ։ Նրա վճռականությունը փոքր-ինչ մարեց։- Եկեք գլուխ հանենք ամեն ինչից։
-Եկե՛ք,- համաձայնեց աղջիկը։ -Չե՞ք ուզում արդյոք սրբել այս ափսեները։ Այդպես Դուք կարող եք գոնե մի տեղ թաքցնել Ձեր ձեռքերը և չբռնեք դարակից այնտեղ մկնդեղ է շաղ տված։
-Օ՜,- երիտասարդը ուղղեց իրանը և վերցրեց սրբիչը։- Լավ, օրիո՛րդ Բրաուն։ Իսկ կարո՞ղ եմ ես իմանալ Ձեր անունը։
-Ֆադա Բրաուն։
-Բավականին․․․ էկզոտիկ է։
-Այն պորտուգալական է։ Այդպիսի մի երկիր կա, ճի՞շտ է։ Բայց ես կարծում եմ, որ Դուք այստեղ մշակույթը ուսումնասիրելու համար չեք։
-Իսկապես,- Արթուրը հազարց,- պետք է խոստովանեմ, ես բավական երկար ժամանակ այստեղ չեմ եղել և հիմա շատ եմ զարմացած։ Այս տունը․․․ այն փոխվել է։ Եվ ընդունելությունների մասին զրույցները․․․
-Այո՛, տունը բավականին հին է, բայց կենդանի, չե՞ք կարծում։ Այն հարմարավետ դարձնելը դժվար չէր, նույնն է, թե մարդախույս, իր մեջ ամփոփված մարդուն խոսեցնես։ Իհարկե, կարիք կար նրա համար նոր իրեր կարել՝ պաստառ, վարագույրներ և այլն, բայց կտորն ընդհանրապես թանկ չարժեցավ։ Եվ հետո ես լուրեր տարածեցի, որ շինությունը կառուցված է Գեորգի 3-րդի[2] ժամանակ հայտնի ճարտարապետի կողմից և տունը չի կարելի ձևափոխել։ Հյուրերն անմիջապես սկսեցին հմայք տեսնել ճռճռացող աստիճանների և փքված առաստաղի մեջ։
-Իսկ հյուրերին այս հին, խարխուլ տուն բերեցին հրավիրյալ ընթրիքները, որոնք հաստատապես իմ խեղճ եղբոր գրպանին հարիր չեն։
-Այ այդտեղ Դուք սխալվում եք,- ժպիտով հակաճառեց օրիորդ Բրաունը։- Մեծ ունեցվածքով մարդիկ վաղ թե ուշ իրենց վրա զգում են գերհագեցվածության անեծքը։ Իրենց հոգնած ստամոքսին բավականություն պատճառելու հույսով նրանք պահանջում են ուտեստներ՝ անհամատեղելիից սարքած։ Փափագում են հազվագյուտ կենդանիների ամենից անբարոյական մասերը։ Փնտրում են աշխարհի այն ծագերում, որտեղ մայր-բնությունն ընդհանրապես չի մտածել շփվել մարդու հետ։ Դրա հետ մեկտեղ այդպիսի մարդիկ մոռանում են ամենակարևորը։ Հիշո՞ւմ եք հեքիաթը։ Ամենաքաղցր կաթը վառարանի մոտ ափսեում դրվածն է[3]։
-Այսինքն․․․
-Այսինքն հրավիրյալ ընթրիքներին ես պատվում էի հյուրերին արմտիքով հավի բուլյոնով, տատիկի սոուսով, տնական լապշայով, հին-բարի չամչով կաշայով․․․ Իհարկե, ստիպված էինք փոխել ուտեստների անունները, որպեսզի ուղեղը չխաբի ստամոքսին։ Եվ մարդիկ հիանում էին, վերադառնում էին, կանչում էին այլոց։ Նրանք մտածում էին՝ գալիս են հաճույք պատճառելու իրենց զգայարաններին և զմայլվելու հանճար-ճարտարապետի  հնագույն զավակով։ Բայց իրականում տունն էր նրանց ձգում, հասկանո՞ւմ եք։ Ո՛չ թե պատերն ու տանիքը, այլ տան զգացողությունը, որ շատերի համար գրեթե մոռացված էր։
Արթուրը սեղանին դրեց վերջին չոր ափսեն։ Որոշ ժամանակ նա մտածում էր ասվածի շուրջ։
-Եվ Դուք՝ օրիորդ Բրաուն,- վերջապես արտասանեց նա,- պնդո՞ւմ եք, որ բոլոր մտքերը Ձեր գլխում են ծնվել։ Այդ նույն՝ թասակի տակ գտնվող գլխո՞ւմ։ Այդ դեպքում Դուք պետք է շատ խորամանկ լինեք, կամ անասելի խելացի․․․
-Ինչպե՞ս որ Ձեզ հարմար է,- ասաց Ֆադան։
-Այդ դեպքում ինչո՞ւ, գրողը տանի, չնայած Ձեր հնարամտությանը՝ թաղել եք Ձեզ կաթսաների մեջ։ Դուք կարող էիք․․․
-Մեքենագրուհի՞ դառնալ։ Աղցանի ամանները  փոխարինե՞լ թղթերով։
-Ո՛չ, ես դա նկատի չունեի։ Դուք կարող էիք ամուսնանալ․․․
-Ա՜խ, Դուք կարծո՞ւմ եք, որ ես կարող էի նույն կերպ բարեհաջող մատուցել ինձ, ինչպես այս տունը։ Շնորհակալ եմ խոստովանության համար, բայց դա չէր լուծի իմ խնդիրները։
-Դուք այդքան լուրջ խնդիրներ ունե՞ք։
-Գիտե՞ք՝ ինչ։ Ժամանակին ես շատ ինքնահավան էի և իմ կյանքում շատ կարգուկանոն եմ խախտել։ Եթե գոնե միայն իմ կյանքում․․․ Այժմ ստիպված եմ վերականգնել հավասարակշռությունը։
-Դե, կարգուկանոն հաստատելը Ձեզ մոտ անթերի է ստացվում,- ամաչկոտ ասաց Արթուրը։
-Օ՜, ես ահռելի փորձ ունեմ։
-Չի կարող պատահել, Դուք ընդամենը․․․ Ներեցեք, եթե անհամեստ թվամ, բայց քանի՞ տարեկան եք։
-Ավելին, քան Դուք կարող եք պատկերացնել։
Անհարմար լռություն տիրեց։ Օրիորդ Ֆադա Բրաունը ափսեները տեղավորեց պահարանների մեջ, նոր սփռոց փռեց և թղթի մեջ փաթաթեց փայլելու աստիճան մաքրած սպասքի պարագանքերը։
-Ես․․․ Ես, այնուամենայնիվ, ուզում եմ հասկանալ, -խախտեց լռությունն Արթուրը,- ինձ համար անհասկանալի է Ձեր օգուտը օգնել եղբորս մարդամեջ դուրս գալ և հետո միայն Ձեր աշխատանքի դիմաց գումար վերցնել։ Այս ամբողջ չարչարանքի դիմաց․․․ Դուք նման չեք Գթության քրոջ։
-Իսկ ո՞ւմ եմ նման,- հանկարծ հարցրեց աղջիկը։
Նա մոտեցավ երիտասարդին, և վերջինս զգաց, որ չի կարողանում կտրվել նրա աչքերից։ Մութ լճեր՝ երկար եղեգներով եզերված, ո՛չ, ո՛չ լճեր, այլ կախարդող ճահճուտներ՝ հին, ինչպես երկիրն ինքը, ինչ-որ հեռուներ կանչող, ուր բոլոր հանելուկի պատասխանները կան, որտեղ ջնջված են աշխարհը բաժանող սահմանագծերը։
-Դուք ուզում էիք իմանալ, պարոն Գեյլ, ինչ-որ օգո՞ւտ ունեմ իմ աշխատանքից՝ այս թուջե կաթսաներից, ընդեղենի տոպրակներից, օճառի կտորներից և սրբիչով ծածկած խմորից, մատուցարանի վրայի բաժակներից, բուխարու մոխիրից, տաք ծածկոցները կարկատելուց և հին ջահից վրայի սարդոստայնը մաքրելուց։
Արթուրը չէր պատասխանում։ Նա այստեղ՝ մուր ու քաղցրավենիք բուրող խոհանոցում չէր։ Հավանաբար նա գրեթե սուզվել էր, բայց այդ պահին նրան անտեսանելի շարժումով վերադարձրին։
-Այո՛, ունեմ,- հանդարտ ասաց օրիորդ Ֆադա Բրաունը, և եղեգները շրջապատման մեջ առան լճերը։- Եթե մարդն արժանի է դրան։
Արթուրը չէր հիշում, թե ինչպես է հայտնվել սենյակում, և ինչպես է առավոտը թափանցել քաղաք։

* * *
Արթուրն այլևս չհանդիպեց Ֆադա Բրաունին։ Նա սկսեց հաճախ այցելել եղբորը, բայց տնտեսվարուհին մերթ շուկայում էր կորած, մերթ կարի արհեստանոցում, մերթ բազմաթիվ ուտեստներից ճաշ էր պատրաստում և նրան չէր կարելի շեղել։ Արթուրն ինքն էլ միշտ չէր կարող աշխատանքից շուտ դուրս գալ։ Ի վերջո նրան հանկարծակիի բերեց Հարոլդի նամակը՝սըր Ռեջինալդ Սթայնը նրան լավ տեղ էր առաջարկել։ Իսկ օրիորդ Բրաունը․․․ նա ուղղակի անհետացավ։ Մի հիասքանչ առավոտ Հեյլերի ընտանիքը նկատեց խոհանոցի աթոռին միայն օսլայած գոգնոցը։ Որոնումները հաջողությամբ չպսակվեցին։ Աղջիկը երաշխավորագրեր չէր ներկայացնում և  աշխատանքի գործակալություններում գրանցված չէր։ Հարլոդն ու Աննան ընկճված էին, բայց շուտով  իրենց համար նոր տնտեսվարուհի գտան՝ բավականին կլոր գումարով այժմ նրանք իրենց կարող էին թույլ տալ։
-Ես շատ եմ կարոտում Բրաունին,- մի անգամ ասաց Լիզա Բոննը։ Նա և Արթուրը տիկնիկների տունն էին սարքում մանկասենյակում։- Ցավում եմ, որ նա գնաց։ Բայց հավանաբար ինչ-որ մեկին նա ավելի է պետք։
-Բրաունի՞ն։ Հա՜,  օրիորդ Բրաունը։ Բայց ինչո՞ւ ես դու նրան այդպես անվանում։
-Բա էլ ինչպե՞ս անվանեմ,- զարմացավ աղջիկը։
Արթուրը նայեց նրան։ Ինչ-որ հին հիշողություն շարժվեց ուղեղում։ Այո՛, շատ տարիներ առաջ նա լսել է , կարդացել․․․ Երիտասարդը վեր է կացել սնդուկից, որի վրա նստած էր։
-Սպասի՛ր, սիրելիս, ես հիմա կվերադառնամ։
Նա գնաց փոքրիկ, գրեթե լքված սենյակ, որտեղ հիմա հայրական գրադարանն էր։ Գտավ լեգենդների ու առասպաելների հաստ հատորը, գիրք, որ կարդացել էր երեխա ժամանակ։ Բրաունի․․․ այո՛, իհարկե։ Քարտերի և տարբեր երկրների հին բացիկների մեջ Արթուրը գտավ պորտուգալերենի բառարանը։ Մատը սահեց «ֆ»[4] տառի տողերի վրայով․․․
Արթուրը վերադարձավ մանկասենյակ։ Լիզը դեռ քնած չէր։ Նա նստած էր անկողնու մեջ՝ գրկած նոր տիկնիկին, և հետաքրքրասիրությամբ նրան էր նայում։
-Ես մտածում էի՝ դու անմիջապես հասկացել ես,- երկարացրեց աղջիկը։
-Ուր էր թե հասկանայի։  Քո հորեղբայրը հին կրակխառնիչից լավը չէ։ Նա մեծացել ու մոռացել է աշխարհը, պատկերացնո՞ւմ ես։
-Բրաունին ինձ նույնն ասաց, միայն կրակխառնիչի մասը բաց թողեց։ Կփոմփոլացնե՞ս բարձս։
-Ես քո հավատարիմ ստրուկն եմ,- խոնարհաբար բացականչեց Արթուրը և մի քանի անգամ բարձը օդ նետեց։ Սենյակում ճերմակ փետուրները շուրջպար բռնեցին՝ կամաց նախազգուշացնելով եկող ձմռան մասին։ Լիզա Բոննը պառկեց իր փափուկ անկողնում, և հորեղբայրը բռնեց աղջնակի թաթիկները։
-Նա կվերադառնա՞,- հարնկարծ հարցրեց Արթուրը։
-Եթե շա՜տ-շա՜տ ուզես,- արդեն ննջելով՝ շշնջաց Լիզը։
-Դե, դա խնդիր չէ,- երիտասարդը համբուրեց նրա ճակատը և վերմակի եզրերը տակը կոխեց։- Հարյուր ֆունտ թխվածքաբլիթ և կարամել եմ ցանկանում քեզ, արքայադո՛ւստր։
-Իսկ քեզ յոթ հարյուր․․․ անգամ միլիոններ և հազարավոր․․․ ոսկե դրամներ,- պատասխանեց աղջնակը և մուշ-մուշ քնեց։
-Պետք չի,- խոսեց Արթուրը՝ արդեն դիմելով ինքն իրեն։- Միգուցե, եթե ես աղքատ մնամ և շնորհակալ, ինչ-որ մեկը մի անգամ խարույկ կվառի նաև իմ ակութում։
Նա հաջողություն ասաց հարազատներին և փողոց դուրս եկավ, որպեսզի գիշերային վերջին կառքը գտնի։




[1]Բազմագլուխջրայինօձհինհունականդիցաբանությանմեջ
[2]Սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, ավելի ուշ՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միասնական թագավորության արքա։
[3]Մեջբերում է Պամելա Թրևերսի «Մերի Փոփինս» հեքիթ-վիպակից։
[4]Fada-պորտ՝ փերի
Brownie-պորտ՝ տնային