2016-10-29

Ամեն ինչ նորից...

Դու խոստացար աչք փակել անցյալի վրա,
Բայց ամեն օրդ անցնում է երեսծեծանքով...
Հոգնել եմ արդեն ես վճարելուց
Հին մեղքիս համար,
Որ... ժամկետանց է:
Դու ուզեցիր լինել մեն-միահատիկս,
Որ թագավորես սրտումս միանձնյա:
Բայց հին մեղքս դաս
ու վերքս բաց էր...
Անցյալին հիմա էլ նոր դիմակով ես չեմ ընդունի:
Դիմակը խորթ է,
Բայց հոգին, ավա՜ղ,
Նույնն է մնացել:

Գնալուցդ առաջ....

Գնալուցդ առաջ լուռ համբուրեցիր,
Ոնց համբուրում են մահվան լաբիրինթոսով ճանապարհվողին.
Քո ջերմ շուրթերը վարդի հետք թողին
Հողի գույն դարձած այտերիս վրա
Ու մկրտեցին ինձ հանգուցյալ անվամբ,
Ասես թե պարգև, որ դու կարող ես միայն նվիրել:

2016-10-26

Ծաղրածուն՝ աշունը սրտում...

 Ես այսօր կրկին աշուն եմ ապրում
Ամպակալած ամրոցներում իմ սրտի.
Ամրոցիս ատամները երկինքն է պղտորում,
Իսկ ոտքերը նրա թաղված են հողում:

Անձրևը այսօր թափվում է ուրիշ կերպ՝
Առանց շտապի ու առանց հուզումի,
Բայց սիրտս մի նոր հուզում է ապրում
Անձրևի ու վշտի այդ նոր թորումից:

2016-10-23

Դու գնացիր...

Գնացիր դու,
Ու բառերը քո փոխարեն
Իմը դարձան.

Լոկ բառերը ինձ մնացին...

Ո՜չ մի հայացք,
Ո՛չ մի ժպիտ,
Միայն բառե՜ր,
Բառե՜ր
Բառե՜ր:
Ինձ հուշ թողիր միայն խոսքեր
Մոռացումի,
Հատուցումի,
Թշվառ սիրո,
Որ սեր էլ չէ,
Լոկ բառե կույտ
Սին ու քաղցր զգացումի:
Դու գնացիր,
Բայց իմ լեզուն
Հոլովում է քո անունը
Քո՝
Ինձ թողած բառի նման:

Աշունը...

Աշունը շրշում է ականջիս,
Բայց, ավա՜ղ, լեզուն չգիտեմ,
Գաղտնիքներ, գաղտնիքներ սեթևեթ
Սուլում է, բայց սուլել չգիտեմ:


Աշունը զարդարում է հոգիս,
Բայց, ավա՜ղ, հեռու եմ արվեստից,

Ու գույներ, գույներ բովանդակ
Փռում է մոլար ճամփեքիս:          



Աշունը լացում է հանդարտ,
Այս երգը ես արդեն գիտեմ,
Այս երգը այս էլ քամի ամ
Կարող եմ ուղեղում ոգել: