2016-06-27

Ռազմի տեսարանները Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը նոր երևույթ էր մեր գրականության մեջ: Աբովյանը այս գրքում արծարծում է այնպիսի կարևոր գաղափարներ, որոնք հետագայում ուղենիշ են դառնում նրա հաջոդների համար: Առաջին հերթին վեպը տոգորված է ազգային ինքնագիտակցությանը վերաբերող հատվածներով: Եթե քննելու լինենք «Վերքի» սևագիր տարբերակը և մաքրագիրը, ապա ակնառու կդառնա մեզ համար, որ այդ գաղափարը հեղինակն ինքը կարևորել է, և դրա վառ արդյուքն այն է, որ մաքրագիր տարբերակում ավելի երկար խորհրդածություններ կան այդ թեմայի շուրջ: «Աբովյանի պատկերավոր արտահայտությամբ ժողովուրդը «շունչը բերանը հասած» իր օրհասին էր սպասում»:[1] Աբովյանը ցույց է տալիս, որ անասելի դաժան սպանությունները, հարստահարությունները, ֆիզիկական և հոգևոր ստրկությունը ի վերջո անում են իրենց գործը. ժողովրդի մեջ զարթնում է ազգային ինքնագիտակցությունը, նա դադարում է այլևս գլուխ կախել անլեզու և անճար կենդանու պես  ու դրա փոխարեն իր ձեռքն է առնում սուրը:
Վեպի ողջ ընթացքում այդ ինքնագիտակցությունը շերտավորվում է, վարակում ավելի ու ավելի լայն զանգվածների: Սակայն հայրենասիրական այս մորմոքը չի հասնում ժողովրդական պայքարի, քանի որ ժողովրդի մի ստվար զանգված, հույսը դեռ երեսներն առած, թախանձն աչքերում, շարունակում էր նայել դեպի Ռուսաստան՝ որպես պարսիկների լուծը թոթափելու միակ  հնարավոր  միջոց: «Ռուսների օգնությամբ պարսիկների լծից ազատագրվելու ձգտումը դարձավ համազգային տենչանք»[2]: Սակայն Ռուսաստանի օգնությունը հարափոփոխ է, այն մեկ շատ մոտ է, մեկ` այնքան հեռու, որ երբեմն թվում էր, թե օգնությունը, եթե անգամ ցուցաբերվի, կլինի ուշացած:
Աբովյանի հերոսները կարծես թե անտեղյակ են իրենց ազգի պատմությանը: Նրանք անտեղյակ են անգամ մինչև իրենց եղած ապստամբություններից, որոնք ինչ-որ տեղ կարող էին ոգևորել նրանց, հույս տալ զարթոնքի: Ամենայն հավանականությամբ Աբովյանը այս անգիտությունը ցուցադրում է միտումնավոր: Նրա նպատակն էր, որ ազգային ինքնագիտակցության ծնունդը այս հասարակ գյուղացիների մեջ առաջ գա առանց որևէ խթանի, առանց որևէ վառ օրինակիԱզգային ինքնագիտակցության զարգացումը պետք է լիներ «և՛ հետևանք, և՛ պատճառ ժողովրդի տարերային երևույթների»[3] :
Վեպում առաջին անգամ տարբերակում է դրվում նաև ազգ և ժողովուրդ հասկացությունների մեջ: Աբովյանը գտնում էր, որ ժողովուրդը ազգի մի մասնիկն է, և միայն ազգային ինքնագիտակցության արմատավորումից հետո է այդ ժողովուրդը դառնում  ազգ: Այդպես էլ նրա հերոս Աղասին: Նա «վեպի առաջին էջերում հանդես է գալիս որպես հայ ժողովրդի հարազատ զավակ, իսկ վերջին էջերում մեռնում է իբրև հայ ազգի գիտակից անդամ»[4]:
Խոսելով Աբովյանի «Վերքի» մասին՝ Ստեփան Ոսկանը ի թիվս այլ արժեքների առանձնացնում է ազգային արժեքը: «Ազգային, վասնզի հեղինակը օտար ժողովուրդներու դյուցազունները թողլով կամք ըրեր է մեր քաջերեն մեկը ընտրել, անոր վարքը վիպական ձևերով զարդարել և ազգին առջև դնել, որպեսզի տեսնե, կարդա և սփոփվի»[5],- գրում է Ստ. Ոսկանը: Ըստ Ոսկանի՝ Աբովյանը ռուս-պարսկական պատերազմը դիտում էր որպես ազգային-ազատագրական պատերազմ:
Բազմաթիվ գրողներ և գրականագետներ են անդրադարձել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին իրենց հոդվածներում և առաջաբաններում, և, սակավ բացառությամբ, նրանց բոլորի կողմից էլ գիրքը որակվել է որպես նոր շունչ, թարմ խոսք և խոստումնալից ապագայի հիմնաքար հայ գրականության համար:
Այսպիսով՝ կարող ենք վստահորեն ասել, որ աբովյանագիտությունը անցել է հետաքրքիր և փառահեղ ճանապարհ, մասնավորապես հետաքրքիր քննարկումների տեղիք է տվել հենց «Վերք Հայաստանի» վեպը: Այդ քննությունները մեծ մասամբ տարվել են Աբովյանի՝ գրականության բերած նորույթները հայտնաբերելու և արժևորելու նպատակով, սակայն միշտ անտեսվել է գրողի նկարագրած ռազմի տեսարանների, մենամարտերի պատկերումը, ինչի բացն էլ կփորձենք լրացնել ներքոբերյալ նյութում:

* * * *
Աբավյանը գիտակցում էր, որ ազգային ինքնագիտակցության զարթոնքը յուրօրինակ կոչ էր նաև զինվորագրության: Մարդ, ով գիտի իր հայրենիքի արժեքը, չի կարող թույլ տալ, որ այն  ենթարկվի ստրկության կամ, որ ավելի սարսափելի է, կանգնի ոչնչացման եզրին: Հենց այս ընդհանուր տրամաբանական հաջորդականությամբ էլ Աբովյանի վերազարթոնք ապրած հերոսները իրենց ձեռքն են վերցնում զենքը՝ անկարող լինելով այլապես դիմանալ թշնամու հալածանքներին ու թալանին: Դրա հետ միաժամանակ «նա ցույց է տալիս Աղասու ընկերներով, թե ոչ բոլորովին սառել է արյունը Հայաստանի զավակների երակներում»[6]:
Ընթերցողը ականատես է լինում մենամարտերի, ամենատարբեր սխրանքների, որ գործում են հերոսները: Հեղինակի գրչով նրան են ներկայացվում պատերազմական դրվագներ, նրա առաջ վեր են հառնում Ապարանի, Խլղարաքիլիսայի և Երևանի բերդի գրավման ժամանակ տեղի ունեցող մարտերի նկարագրություններ:
Աբովյանի վեպը իր մի շարք գեղարվեստական յուրահատկություններից բացի աչքի է ընկնում նաև  հերոսների բացառապես հետևողական ընտրությամբ: Հեղինակը ընտրել է իր վեպի համար հերոսներ գերազանցապես պատմական անձերի, որոնցից մի մասին ինքն անձամբ ճանաչել է, մի մասից անձամբ մանրամասն տեղեկություններ է քաղել վեպի համար: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ վեպի ռազմի տեսարանների մի մասը զուտ իրականություն են և քաղված են ականատես-մասնակիցներից:
Աբովյանը մեծագույն պատկառանքով ու ակնածանքով է խոսում իր հերոսների ու նրանց ծավալած գործունեության մասին, պատմում նրանց քաջագործություններից: Նրանցից շատերը փոքր ու մեծ խմբերով տարիներ շարունակ զինված դիմադրություն են ցույց տվել: Այդ հերոսներից է, օրինակ, Գրիգոր եպիսկոպոսը, որ հռչակ ձեռք բերեց իր հայրենի Շամշադինում գործած քաջագործություններով, նույնպես և նրա եղբայր Գալուստը կամ շուլավերցի Սոսն ու Հոհանջանը, խլղարաքիլիսցի Սարգիսը, դսեղցի Հովակիմ Թուանյանը և շատ ուրիշներ: Ինչպես ճշմարտացի նկատել է Ն. Հ. Մուրադյանը՝ «սրանք բոլորն էլ մի-մի Աղասի էին՝ առանց իրենց Աբովյանն ունենալու»[7]Սակայն սխալ կլիներ ասել, թե Աբովյանը բավականանում է` միայն այս հերոսների անունը տալով: Ո՛չ, նա իր ուշադրությունը ուղղում է նաև այս անունների հետ կապված մասսայական քաջագործությունների և հերոսությունների վրա: Դրա վառ օրինակն է թեկուզ Խլղարաքիլիսայի հերոսամարտը:
Իրենց ընդգրկման բնույթով ռազմական տեսարանները կարող ենք տարադասել «ավելը ընդգրկուն» և «պակաս ընդգրկուն» խմբերի: Այս բաժանման համար հիմք առաջին հերթին ընդունում ենք գործողությունների նկարագրության ծավալը և մանրամասնությունը: Օրինակ՝ Բարեկենդանի տոնախմբության ժամանակ տեղի ունեցող ընդհարումը ռազմական տեսարանի պակաս ընդգրկուն պատկեր է: Այստեղ չկան պայքարող լայն զանգվածներ, այստեղ պարսիկ ֆառաշների դեմ ծառանում է միայն Աղասին: Անցնենք տեսարանի մանրամասն նկարագրությանը:
Հեղինակը նկարագրում է Բարեկենդանի տոնահանդեսը. «էստեղ զուռնեն էր փչում, էնտեղ ճժալախտի էին խաղում, մյուս տեղը փահլևաներնն էին կոխ պրծնում», իսկ փոքր երեխաները «սալդաթի պես կռվում»[8]: Աղասին ևս այստեղ էր.  «Աղասինիր դաստեն ետևին քըցածգեղի միջովն անց կացավ, որ գնա կալերի դզումը, ջաղացների մոտին իր հունարը նշանց տա, ջիրիդ խաղա»: Սակայն Աբովյանին չի բավարարվում` իր փահլևան հերոսի ներկայությունը միայն տալով, նա փառաբանում է Աղասուն, ներկայացնում է արքայական լույսի տակ. «Հենց իմանաս՝ մեկ թագավորի որդի ա գալիս: Յարաղ-ասպաբը կապած, թվանքն ուսին, թուրը կոխքիցը կախ, ջուխտ փշտովն ղամեն գոտկումը»(89): Ժողովուրդը սիրում է Աղասուն, խմում է նրա կենացը, իսկ նա շնորհակալության փոխարեն «գդակով էր անում»: Այսինքն ստեղծվում է այն տպավորությունը, որ Աղասին և՛ քաջ է, և՛ ժողովրդկան ստվար զանգվածների կողմից հարգված երիտասարդ: Նա պատրաստի առաջնորդ է: Բայց Աբովյանը կարիք է զգում նրա մարտական հնարավորությունների մասին ավելի երկար խոսելու: Նա ներկայացնում է Աղասուն հինավուրց մի մարզախաղի ժամանակ, որից հետո այլևս ընթերցողի մոտ կասկած չի մնում նրա քաջակորովության և խիզախության վրա. «… Ձիու ականջը մտած՝ էնպե՜ս էր քշում, կրակին տալիս, որ, հենց իմանաս, թևավոր ղուշ ըլի: Շատ անգամ ջիրիդը հեռու տեղից շպրտում, ձին չափ էր քցում, ու գետնիցը ծուլ ըլելիս՝ ձիու վրիցը բռնում էր, էլ ետ քցում: …Գետնին վեր ընկած տեղիցն էլ էնպես էր թամքի միջիցը կռանում, բարձրանում, որ ջիրիդն առաջին դողում էր»: Ապա Աբովյանը տալիս է եզրահանգումը. «Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը, տղամարդությունը, հունարը տեսներ ու զարմանար»(90):
Աբովյանը, փաստորեն, իր հերոսին արժանի է դարձնում այն սիրուն ու համակրությանը, որ տածում է ժողովուրդը նրա հանդեպ: Այս ռազմախաղի ժամանակ ցուցադրած հմտությունները ընթերցելով՝ ակամայից աչքերիդ առաջ Աղասու փոխարեն երևում է մեր էպոսի «ծռերից» մեկը: Աղասին էլ Սանասարի, Մհերի կամ Դավթի պես ձիավարժ է, քաջ, չունի հավասարը իրեն: Ծուռ լինելու համար նրան պակսում է միայն առասպելական ջրի այն ուժը, որ ի սկզբանե կար մեր Սասնա տան հերոսների մեջ:
Սակայն տոնախմբությունը խախտվում է մի միջադեպով: Տոնախմբությունը վերածվում է սգո տեսարանի: Հուսեին խանի ֆառաշները եկել էին Քանաքեռ՝ «աղջիկ քաշելու»: Նրանք փորձ են անում առևանգել Թագուհուն: Բայց նրա մոր բարձրացրած լացի ձայնը հասնում է Աղասու ականջին. «Տարա՜նտարա՜նաստվածասե՜րք, մոտ էկե՛ք, քոմակ արե՛ք, գլուխս լացե՛ք»(90): Եվ այդտեղ կռվի մեջ է մտնում Աղասին: Նա արդեն ապրել էր ազգային ինքնագիտակցության իր զարթոնքը. նա պատրաստ էր պատասխան տալ ֆառաշներին որպես հավասարը հավասարին: Երիտասարդը հարձակվում է առևանգողների վրա, երկուսի գլուխը կտրում, և երբ մյուսներն ուզում են թուր հանել Աղասու դեմ, նա բարկացած գոռում է. «Դժո՛խքի որդիք, ձեզ ո՞վ ա ղրկել էստեղ, ու՞մ վրա եք էդպես կատաղել: Ասենք, հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ-սաղ ուտե՞ք: Աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը, կորե՛ք թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթպրտա»(98): Հետո սրի մի թեթև հարվածով մնացածներից մեկի «աղիքը վեր ածեց», մյուսներն էլ, սա տեսնելով, ձիեր նստեցին ու փախան:
Հետաքրքիր որակում է տալիս Աղասուն սարդարը. «Հայի՛ֆ, հայի՛ֆ, որ հայ ես, թե որ թուրք էիր էլել, խանություն պետք է քեզ տված: …Քո մոր մեջքը կոտրվի, ընչի՞  չէր քեզանից մեկ չորսն էլ բերում»(101):
Ռազմի տեսարանի ավելի ընգրկուն նկարագրություն է Խլղարաքիլիսայի հայերի պաշտպանությունը: Հասան խանը, որ միայն իր «դժնատեսիլ և արյունարբու» արտաքինով սարսափ էր ազդում բոլորի վրա, 1825-ին արշավում է Խլղարաքիլիսայի վրա: Սակայն Փամբակու հայերը դիմադրություն են կազմակերպում: Գյուղի բնակիչները պաշտպանական դիրքեր են կազմում. «…Սելեր ու գութան իրար վրա էր դրել, սանգար կապել.- ունեցած-չունեցած էստեղ էին ղայիմացրել, գեղարենքն էլ իրենց մեջ առել, ինչ հին ժամանակից թուր, թվանք ունեին, հավաքել»(163):  Նրանք անընդհատ գրոհներով փախցնում էին պարսիկների տավարը, որովհետև տավարը նրանց հարստությունն էր: Կամ էլ եթե մի թուրք աչքը թեքում էր, «գլուխը հետն էր թեքվում»:
Գյուղապետ Սարգիս աղան՝ որպես իսկական զորավար, սպասվող կռվից առաջ քաջալերման ուշագրավ խոսքեր է ասում՝ դիմելով իր «զինվորներին». «Տղե՛րք, օյաղ կացե՛ք, թվանքներդ հազրեցե՛ք: Մենք քրդերի ու օսմանլվի հետ ենք քյալլա տվել, էս անսիրտ աջամն ի՞նչ ա, որ մեր առաջին դիմանա: Երկինքն էլ որ թռչին, տեղվետեղ կրակ դառնան, մեր մազին չե՛ն կարող դիպչել: Մեր ոսկորները Ղարսա սարերումն ա պնդացել, սրանք ո՞վ են, որ մեզ դեմ կենանՏե՛րտեր ջան, վեր կա՛ց, ամենին էլ սրբություն տու՛ր. դրա զորությունին ղուրբան. մեռնինք, հոգու փրկություն ա, ապրի՛նք՝ մարմնի առողջություն»(171):
Առավոտյան, երբ «արեգակը կրակ էր դառած», պարսկական բանակը գրոհում է հայերի ամրությունների դեմ, փորձում խորտակել դրանք: Բայց ամեն անգամ հարձակվելով՝ պարսիկներն իրենք հարյուրներով կոտորվում են, «իրանք իրանց լեշերի վրովը էլի ետ փախան»: Պարսիկ հրամանատարներից ո՛չ Նաղի խանը, ո՛չ Օքյուզ աղեն, ո՛չ Սվանղուլի խանը չեն կարողանում գործը գլուխ բերել: Եվ Հասան խանը, տեսնելով, որ այլ ճար չունի, կարգադրում է երկրամասի հայկական ջոկատի հրամանատար «Սահակ աղին ղրկել, որ նրանց սիրով հորդորի, գան նրան գլուխ վեր բերեն, ռսիցը դոնմիշ ըլին, իրան հնազանդին»: Սահակ Մելիք-Աղամալյանը, նույն ինքը՝ Սահակ աղան` որպես բանբեր, ներկայանում է խլղարաքիլիսցիներին, ներկայացնում նրանց պարսիկ խանի պահանջները, բայց գյուղի քաջ պաշտպանները կտրականպես մերժում են Սահակ աղայի միջնորդությունը: Իմանալով սա՝ Հասան խանը կատաղում է ու դիմում ծայրահեղ միջոցների: Նա հրամայում է, որ գյուղում մնացած հայերին զորքն իր առաջն անի ու նոր գրոհ սկսի: Նա մտածում էր, որ հայերը հետ կկանգնեն եղբայրասպան կռվից: Անելով իր կարգադրությունը՝ նա իր թիկնապահներով բարձրանում է մոտակա բլուրը: Սակայն այստեղ է, որ Վարդանը՝ գյուղապետ Սարգսի որդին, ռազմական մի հնարամտությամբ որոշում է ճակատամարտի ելքը: Նա դիմում է հորը և առաջարկում ձեռնարկել ամենաահավորն ու անսպասելին: Վարդանն առաջարկում է հրդեհի տալ գյուղը պաշտպանների հետ միասին, միևնույն է, կռիվը կենաց-մահու է, մի օր պետք է մեռնեն, թող այդ օրը ժամանակից շուտ գա: Սարգիս աղան սկզբից դեմ է կանգնում այս ձեռնարկին, բայց ուրիշ ելք չտեսնելով՝ ի վերջո հրամայում է հրդհել հայրենի գյուղը: Կրակների մեջ մոխրացող գյուղի պատկերը ավելի է գազանեցնում գյուղացիներին, նրանք արյուն առած աչքերով հարձակվում են թշնամու բանակի վրա: Բայց մյուս կողմում տեղի է ունենում ամենից զարհուրելին. հարազատը սպանում է հարզատին, որ նա չընկնի թշնամու ձեռքը: Կռիվը գնալով ավելի է բորբոքվում: Այստեղ է, որ նորից Վարդանը ռազմական նոր մոտեցում է մշակում մտքում ու ընկերների հետ հանկարծակի անցնելով թշնամու թիկունքը՝ հարձակվում է հակառակորդի վրա: Մարտերի ընթացքում ասես լույսի շող մթնած գյուղի համար հայտնվում է Աղասին գյուղից իր հետ փախած քաջերի հետ միասին:
Իսկույն սարիցը ամպը տրաքեց,
Երկինքը բաց էլավ, թե հողը պատռվեց՝
Քսան ձիավոր հսկայն Աղասի
Ղարսի սարերիցն թռած, իր ղշի
Ձիու ականջումն մտած՝ վեր էկավ
Քրդի շորերով սարին վրա պրծավ(182):

Հասան խանը սկզբից հուսադրվում է՝ կարծելով, թե դրանք բարեկամ քրդերի օգնական ուժերից են, բայց ավելի ուշ հասկանալով կատարվածը և զգալով մոտալուտ վտանգը՝ փախուստի է դիմում: Նրան հետևում է իր զորքը: Նահանջը դառնում է տարերային, խուճապը հիվանդության պես տարածվում է զորքում, յուրաքանչյուրը սկսում է մտածել միայն իր գլխի փրկության մասին: «Արինակեր Հասան խանը, որ էսօր ավելի իր ձիուն, քանց իր քաջության հունարովը գլուխը պրծացրեց», սարսափեց, երբ գլուխը շրջելով նկատեց, որ Աղասին հետևում է իրեն: Աղասին վրա է հասնում, տապալում Հասան խանին, սուրը դնում նրա կրծքին և սկսում է իր երկար մենախոսությունը հավատքի, արժանապատվության և այլնի մասին: Նա խանին չի սպանում, քանի որ «ճանճ սպանիլ ի՞նչ տղամարդություն ա», նա պատրաստվում էր խանին հանձնել ժողովրդի դատաստանին: Սակայն Աղասու այս խոսքերը կատաղություն են կաթեցնում խանի սրտի մեջ, ու նա, ձեռքը գցելով իր սրին, ինքն է արդեն հարձակման անցնում: Աղասին ճարպկորեն պաշտպանվում է և որոշում է կենդանուն արժանի պատիժ տալ նրան՝ սպանել ձիու սմբակների տակ: Սակայն Հասան խանը, որքան անզգույշ ու անհեռատես, նույնքան էլ խորամանկ էր, և նա, «փշտովը» (մեծ ատրճանակ) հանելով, կրակում է: Ձին վիրավոր փնչոցով ընկնում է, բայց Աղասին հարձակվում է նրա վրա և զինազերծում: «Երևանի աստծու գլուխը Աղասու մեկ ոտի տակին մնաց, փորը՝ մյուս»(187): Բայց իրադարձությունների բերումով Հասան խանը այդ անգամ գլուխը կարողանում է ազատել: Միայն հետո՝ Երևանի բերդի գրավման ժամանակ, ռուսները նրան գերի են վերցնում, տանում Թիֆլիս:
Խլղարաքիլիսայի վրա Հասան խանի արշավելու մասին խոսելով՝ Աբովյանը չի կարողանում շրջանցել Լոռվա հերոս-տղերքի կատարած սխրագործությունները: Այս տղերքի մեջ առանձնակի հետաքրքրություն ու համակրանք հեղինակի մեջ հարուցում է դսեղցի Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը: Նրա «…անունը քարերը սասանում էին: Սարերի, ձորերի միջում մեծացած՝ գազանի ու հարամու արինը թափելով էր նրա ոսկորները հաստացել: Երկու տղամարդ նրա մեջքը չէին կարող խտտել. հինգ մարդ նրա մեկ ձեռը չէին կարող ոլորելԱժդհա՛, ու ո՛չ տղամարդ: Չորս գազ ու կես բոյն էր, գազ ու կես՝ թիկունքի լենությունը, դոշը՝ ապառաժի պես հաստ»(164): Ահա այսպիսի հսկա էր դսեղցի Հովակիմը: Նրա կատարած սխրագործություններից հեղինակը ընթերցողին է ներկայացնում մի նշանավոր դեպք, որը մեր հետաքրքրության շրջանակներում իր ուրույն տեղն ունի: Հեղինակը պատմում է, թե ինչպես մի օր Հավակիմը, լողանալուց հետո դուրս գալով ջրից, նկատում է, որ տասնհինգ լազգիներ շրջապատել են իրեն: Լազգիների ձեռքից նա մահի չէր սպասում, քանի որ գիտեր, որ նրանք զոհին ոչ թե սպանում են, այլ ողջ-ողջ բռնելով՝ վաճառում: Սակայն նա չէր վախենում նաև նրանց ձեռքն ընկնելուց, քանի որ համոզված էր իր հաղթանակի վրա: Հավակիմը մի վերջին անգամ հնարավորություն է տալիս լազգիներին` խաղաղ իրենց ճանապաարհը շարունակելու, բայց երբ նրանք չեն հետևում նրա խորհրդին, Հովակիմը, հանելով իր թուրը, սպանում է նրանցից տասնչորսին և խնայում է միայն մեկին, որ.  «Գնաս ձեր երկիրն ու ձեր քաջ ազգին պատմես, որ իմանան, թե մենակ իրանք չի թուր խփիլ գիտեն, թե Լոռու Դսեղ գեղումը էսպես, ինձ նման հազարավորները կան, որ թե ուզենան, ձեր երկիրը ոտի տակ կտան, կջնջեն: Ամա՛ հայ քրիստոնեին մեղք ա էսպես բանը, մեր օրենքը չի՛ հրամայում»(165-166):
Հովակիմի այս քայլը թե՛ մեծահոգություն էր, թե՛, մյուս կողմից, «ռազմական հաշվարկ»: Ի՞նչը ավելի զորեղ ազդեցություն կթողնի հակառակորդի վրա, եթե ոչ ականատեսի պատմությունը: Այսպիսին է դսեղցի Հովակիմը՝ քաջ, անվախ, աստվածային օրենքներին հասու ու ենթակա, բայց միևնույն ժամանակ միշտ պատրաստ հաստատելու իր և մի ողջ ժողովրդի ապրելու իրավունքը. «Քանի՜, քանի՜ էսպես ղոչաղ տղերք քամակին քցած, էս ահագին հսկայն վիշապի պես պտտում ու Լոռվա ձորերումը ու սարերի գլխին ղուշը երկնքիցը վեր էր բերում. թուրքերի օբեքանց միջովն անց կենալիս, մեկն էլա չէ՛ր սիրտ անում, որ աչքն էլա խեթի»(166):
Ինչպես մյուս երկու գլուխներում, երրորդ գլխում նույնպես հեղինակը իր համար արդեն առանձնացրել էր հերոսների (չհաշված Աղասուն, ով գրքի հիմնական առանցքն է), որոնց քաջագործությունները պետք է կենտրոնական դառնային հեղինակային պատումում: Առանձնակի փառաբանմամբ հեղինակը խոսում է շամշադնեցի եպիսկոպոս Գրիգորի մասին: Գրքիգորը «…Երմալովի խնդրքովը եպիսկոպոսության շորերը փոխած, չերքեզի շոր հաքած, յարաղ-ասպաբ կապած՝ որ Թիֆլիզու, Ղազախ-Բոռչալվի միջովը չէր անց կենում, հենց իմանում էր խալխը, թե իրանց փրկիչն էր գալիս»(209): Այս նույն Գրիգորն էր, որ իր՝ ռուսկան բանակին ցուցաբերած օգնության համար մեծ սեր ու հարգանք էր վայելում բանակի հրամանատարության կողմից: Նա Հախում գյուղում իր տանը օթևան էր տվել Սիմոնիչի հրամանատարությամբ եկած ջոկատին: Նույն այս Գրիգոր Մանուչարյանն է, որ երբ պարսիկները հարձակվում են հայկական գյուղերից մեկի վրա և ավերում ու թալանի ենթարկում, «…էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր հարամու գլուխ ջարդելով՝ Ղազախ-Բոռչալու անց կացավ, հասավ Շամշադին»(209):
Պակաս քաջություն չի ցուցաբերում Գրիգոր եպիսկոպոսի եղբայր Գալուստը: Նա գերի է ընկնում Հասան խանի ձեռքը: Նրան ուզում են սպանել, բայց Նաղի խանը առաջարկում է նրան օգտագործել ժողովրդին հնազանդեցնելու համար: Նրան խոստանում են, որ եթե գործը գլուխ բերի, իրեն կհանձնեն Շամշադինի, Ղազախ-Բախչալվի կառավարումը՝ որդոց-որդի կարգով: Սակայն նա խախտում է դաշինքը և հասնելով ռուսական բանակ՝ սարդարի թղթերը հանձնում է գեներալ Մադաթովին՝ այդպիսով «շահելով» իր համար հազար ոսկի գլխագին՝ նշանակված խանի կողմից:
Երրորդ գրքի ուշագրավ մենամարտերից է Աղասու ընկերների (Կարո, Մուսա, Վաթո, Վանի ևն) և մի քանի պարսիկ զինվորների ընդհարումը: Վիրավոր Աղասուն ընկերները ցած են բերում ձիուց Ապարանի եկեղեցում, որ նա հանգստանա: Բայց հենց նույն երեկոյան եկեղեցուն մոտեցող ձիերի սմբակների տրոփ են լսում: Լարելով իրենց լսողությունը՝ «աղասիականները» ունկնդիր են լինում երկու զրուցող պարսիկներից մեկի հեգնական ու վիրավորական խոսքերին՝ ուղղված հայ ժողովրդին. «Տո՛, հայն ի՞նչ ա, որ փիրն(սրբություն) ի՞նչ ըլի»(227): Աժդահա Կարոն իր ձեռքն է վերցնում իրադրությունը: Կազմակերպում է հարձակում, սպանում են մեծ մասին, իսկ երբ նրանցից մի քանիսը փորձում են փախչել «…վիշապի պես ընկան հարամներու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին»(227):
Ղարսից Երևան տանող ճանապարհի վրա տեղի է ունենում «աղասիականների» և հարստահարիչների հաջորդ մենամարտը: Այս անգամ պատճառը ավելի նյութական էր. հինգ հարյուրից ավել պարսիկներ գերի էին վերցրել հայազգի կանանց և աղջիկների ու տանում էին Երևան` վաճառելու: Աղասին կարգադրում է ընկերներին բաժանվել երկու մասի ու համապատասխանաբար բռնել ճանապարհի երկու բերանն էլ, որպեսզի ոչ մի պարսիկ չկարողանա գլուխն ազատել: Հարձակումը նա պլանավորում է կատարել գիշերը, քանի որ «…ինչքան կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս, է՛ն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում դիմացի կռվողի շատությունն ու քչությունն»(271): Կարգադրում է նաև հարձակվելիս չխոսել ո՛չ թյուրքերեն, ո՛չ հայերեն, այլ միայն քրդերեն, որպեսզի պարսիկները կարծեն, թե իրենց վրա հարձակվել են բարեկամ քրդերը, և պատահարի ջղայնությունը չթափեն հայերի գլխին: Աղասու բոլոր ձեռնարկումները հաջողությամբ են պսակվում. պարսիկ առևանգողները սպանվում են, իսկ ժողովուրդը ազատվում է:
Սակայն այս տեսարանը մյուս ռազմական տեսարաններից տարբերվում է նրանով, որ Աղասին այստեղ արդեն գլխապատառ իրեն չի նետում կռվի մեջ՝ պատրաստ ամեն ելքի: Նա այժմ տիրապետում էր ռազմավարական դիվանագիտությանը: Աղասին աճում էր որպես զինվոր: Կույր հայրենասիրության, անմնացորդ անձնազոհության հետ միասին հիմա նա ձեռք էր բերել նաև ռազմական «խարդախություն»:
Մեր հերոսների ռազմական ընդունակությունները որևէ հարցի տեղիք չեն տալիս, քանի որ հայ ընթերցողը ենթագիտակցորեն հասկանում է, որ այն ժամանակներին հատուկ էր ռազմախաղերի կազմակերպում: Աբովյանն էլ, ներկայացնելով Աղասու առաջին հայտնությունը ժողովրդի մեջ, նշում է, որ նա ռազմախաղերի համար հարմար վայր էր փնտրում: Ընդհանրապես ռազմախաղերը հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում ունեցել են իրենց ուրույն դերն ու տեղը:
Ըստ Ս. Սահակյանի՝ «Վերք Հայաստանի» վեպի ռազմի տեսարանների նկարագրությունների քննությունը «ցույց է տալիս, որ Խաչատուր Աբովյանը մի առանձին սիրով ու եռանդով զբաղվել է ռազմարվեստով, բայց և միաժամանակ, սկսած մանկական ու պատանեկական տարիներից զբաղվել է մարմնակրթությամբ՝ հմտանալով մարզական մի քանի ձևերի մեջ՝ ձիավարժություն, նիզակախաղ, սուսերամարտ, կոխ, բռնցքամարտ, լող, հետագայում նաև՝ լեռնագնացություն»[9]: Եթե անգամ Աբովյանը իսկապես զբաղվել է ռազմարվեստով,ապա զարմանալի է թվում այն հանգամանքը, որ ռազմարվեստ ուսումնասիրած գրողի մոտ ռազմի զանգվածային տեսարանների նկարագրություններն այդքան թույլ են:
Աբովյանը, խոսելով պատմական իրադարձությունների մասին, իր մտքերը ձևակերպում է սեղմ, չի ծավալվում նկարագրությունների ու մանրամասների մեջ: Եթե համեմատելու լինենք Աբովյանի «Վերքը» մեր պատմավիպագիրների (Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, Զորյան, Դեմիրճյան) երկերի հետ, ապա ակներև է դառնում, որ Աբովյանը երբեք չի փորձել իր վեպում շեշտել ռազմական գործողությունները: Ռազմի տեսարանները վեպում միջոց էին և ոչ թե բուն թեմա: Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ Աբովյանն առաջինն էր նաև այս բնագավառում: Բացի այդ, նա առանձնահատուկ է նաև նրանով, որ երբեք որևէ աղբյուրի վրա չի հենվում, չկան մատենագրություններ, չկան գրի առնված պատմական փաստեր, տվյալներ, որոնք կհեշտացնեին նրա գործը, եթե չհաշվենք, իհարկե, նրա անձնական ծանոթությունը հերոսներից ոմանց հետ
Ի վերջո, «Վերք Հայաստանի» վեպը պատմավեպ չէ, հետևաբար պատմական իրադարձությունների մանրամասն նկարագրությունները կլինեին անտեղի: Այն պատմական է այնքանով միայն, որ «Աբովյանը հիմնականում հավատարիմ է մնացել պատմական իրադարձություններին,նահապետական կենցաղի տվյալներին»[10]: Նույնպես անտեղի կլինեին և ռազմի տեսարանների նկարագրությունները: Այդ իսկ պատճառով Աբովյանը ռազմական գործողությունների մանրամասներ չի տալիս: Վերը բերված օրինակները դրա վառ ապացույցն են: Օրինակ, երբ Վարդանը ռազմավարական քայլեր է առաջարկում, հեղինակը մանրամասն չի նկարագրում դրանց իրագործման ուղիները, նա որպես կանոն ցույց է տալիս դրանց արդյունքը:
Մյուս կողմից՝ մասսայական ռազմական տեսարանների մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել, որ հեղինակը, այնուամենայնիվ, դրսևորում է իրեն որպես պատմավիպագիր: Նա, ինչպես այդ ժանրի բոլոր հետևորդները, ունի իր կարևորագույն, հենակետ հերոսները, որոնց մասին էլ շեշտված խոսում է նման դեպքերում: Օրինակ՝ Փամբակի գյուղացիների ծավալած ինքնապաշտպանական մարտերի ժամանակ նա չի ներկայացնում գյուղացիների սխրանքներն առանձին-առանձին: Նա իր համար այդ գյուղից արդեն ընտրել է հերոսների, որոնց քաջագործությունների շուրջ էլ հյուսում է պատումը:
Ռազմական իրադարձությունների պատմելու եղանակի սեղմությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Աբովյանը իր հերոսներին բնութագրելիս հաճախ նրանց  դիտում է ոչ թե շարժուն իրականության մեջ, այլ պատմում է անցյալում կատարած նրանց փառահեղ գործերի մասին, ինչպես, օրինակ, բայազետցի աղաներ Բարսեղի, Մանուկի և Մկրտիչի դեպքում, ինչպես Գրիգոր եպիսկոպոսի, նրա եղբոր և Լոռվա մյուս քաջերի դեպքում:
Մյուս կողմից նկարագրությունների ժլատությունը կապված է, ինչպես ժամանակին գրում էր Քերթողահայր Խորենացին, ընթերցողներին չձանձրացնելու հետ: Երբեմն հեղինակ ինքն իրեն ամբաստանում է երկարաբանելու համարՀերի՛ք ա, հերիք, ասող կըլի ինձ, ձեռք վերցրու էդ դժոխքիցը, ի՞նչ էլավ քեզ…»(124), «Բայց վա՜յ ինձ, ու՞ր հասա, ու՞ր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը…»(193), «Բայց ի՞նչ հարկավոր է բանը երկարացնիլ…»(210):
Ամփովելով միտքը՝ կարող ենք միայն ասել՝ Աբովյանը չի գրել ռազմական վեպ, նա գրել է հայրենասիրական վեպ, որ կոչված է եղել մարդկանց մեջ արթնեցնելու ազգային ոգին, ազգային ինքնագիտակցույթյունը, որը նրան միանշանակ հաջողվել է:

* * * *
Այսպիսով՝ վերը ներկայացրինք Աբովյանի՝ գրականություն բերած նորույթներից մեկը: Եվ ակամայից հարց է ծագում. արդյոք Աբովյանը գիտակցվա՞ծ է տվել քաջագործության վերոբերյալ օրինակները, թե նրա մոտ էլ դա կրել է տարերային բնույթ, ինչպես իր հերոսների մոտ: Կարող ենք վստահորեն պատասխանել այդ հարցին: Այո՛, Աբովյանը մինչև վերջ գիտակցել է, թե ինչ է գրում և ինչ նպատակով: Չմոռանանք սկզբում բերած մեր փաստարկը. նա վեպի մաքրագիր տարբերակում ավելի շեշտված է խոսում ազգային ինքնագիտակցության մասին: Իսկ ի՞նչն էր այս «աղասիների» շարժիչ ուժը: Իհարկե, ազգային ինքնագիտակցությունը: Նրանք զարթնել էին, նրանք զինվորագրվել էին հայրենիքի համար: «Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետք, որ էսպես օրը չենք թափիլ,- իր ընկեր-զինվորներին այսպես է դիմում Սոսի աղան,- …էդպես պատվական արինն էր, որ աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեց…»: Սա անձնազոհության կոչ էր: Մեռնե՛լ, որ ապրի հայոց աշխարհը. ահա՛ այս քաջերի կոչումը:



[1] Հայ գրականության պատմություն, հատ. 1, էջ 418:
[2] Նույն տեղում, էջ 419:
[3]Մուրադյան Ն. Հ., «Վերք Հայաստանի» վեպի գաղափարական էությունը, «Պատմաբանասիրական հանդես», համ. 2, Երևան, 1972, էջ 45:
[4] Նույն տեղում, էջ 46:
[5] Քալանթարյան Ժ., «Հայ գրական քննադատության քրեստոմատիա», Երևան, 1981, էջ 353:
[6] Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1, Երևան, 1945, էջ 279:
[7] Մուրադյան Ն. Հ., «Վերք Հայաստանի» վեպի գաղափարական էությունը, «Պատմաբանասիրական հանդես», համ. 2, Երևան, 1972, էջ 47:
[8] Աբովյան Խ., Վերք Հայաստանի, Երևան, 1981, էջ 89: (Այսուհետև այս հրատարակությունից կատարած մեջբերումների համապատասխան էջը կնշվի տեքստում` փակագծերի մեջ):

[9]  Սահակյան Ս., Ռազմի տեսարաների նկարագրությունը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում, Աբովյանագիտական հոդվածների հատընտիր ժողովածու, Երևան, 2007, էջ 64:
[10] Տերտերյան Ա., Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, 1941, էջ 144:


Օգտագործած գրականության ցանկ

1.     Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի, Երևան, 1981:
2.      Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1945:
3.      Արսեն Տերտերյան, Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, 1941:
4.      Հայ նոր գրականության պատմություն, հատ. 1, 1962:
5.      Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի գաղափարական էությունը, Պատմաբանասիրական հանդես, համ. 2, 1972:
6.      Ռազմի տեսարանների նկարագրությունը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում, Աբովյանագիտական հոդվածների հատընտիր ժողովածու, Երևան, 2007:

Հեղինակ՝ Արման Վերանյան (Arman Veranyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: