2021-10-26

Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերն ապրում է երեք տարի»


 Թարգմանչի կողմից

Ի՞նչ գիտենք մենք ՖԲեգբեդերի «Սերն ապրում է երեք տարի» գրքի մասին։ Միանգամայն բավարար գիտելիքներ՝ գնահատելու երկն ու նրա ստեղծագործողի ազատամիտ գաղափարներն ու ժամանակի զարկերակը զգալու կարողությունները։

«Սերն ապրում է․․․»-ն ռեքվիեմն է հարաբերությունների, որ կառուցվել են հապճեպ ու կրքից դրդված ու չեն թրծվել ժամանակի դպրոցում։ Պետք չէ կանխակալ տրամադրվածությամբ բացել այս գիրքը, հեղինակը չի քարոզում, թե սերը վաղանց է։ Ամենևի՛ն։ Նա ընդամենը ցույց է տալիս, որ իր հերոսը իր կյանքի դառը փորձից դրդված եկել է մի եզրահանգման, որ սիրո համար երրորդ տարին ճակատագրական է։ Ռոմանտիկ ցինիկի համար հիմնական ապացույցը գիտությունն է «Եվ ոչ ոք ձեզ չի զգուշացնի, որ սերը երեք տարի է տևում։ Սիրո այդ դավադրությունը հիմնվում է լավ պահված գաղտնիքների վրա։ Ձեզ ստիպում են հավատալ, որ այն մի ողջ կյանք է տևելու, իսկ իրականում սերը քիմիական տեսանկյունից քայքայվում, անհետանում է երեք տարի անց»։ Սակայն կյանքն անասելի կատակասերն է։ Ու Մարրոնյեն, որ այդքան վստահ էր իր թեորիայի մեջ, հանդիպում է Ալիսին։ Միասին անցկացրած տարիները ակնթարթ են տևում։ Նա անգամ որոշ ժամանակով հրաժարվում է ձեռքի ժամացույցից, որպեսզի ապրի ժամանակի զգացողությունից դուրս՝ վայելելով իրենց հոգեկան ու մարմնական սերը։

Գրքի լեզուն հայ ընթերցողի քիմքի համար գուցե փոքր-ինչ գռեհիկ թվա։ Բայց եթե մի կողմ թողնենք բարոյական-ավանդապաշտ գրականության քարոզչամեքենայի տեսակետը, պարզ կդառնա, որ ժամանակակից սիրո մասին ժամանակին հարիր բառապաշարով գրելը ամենից ճիշտ տարբերակն է։ Բեգբեդերը խոսում է սիրո ու սեքսի, կրքի ու տռփանքի մասին բաց տեքստով։ Ինչպես նշում է Մարրոնյեն, Z սերունդը սեռական դաստիարակաության պակաս ունի «Նրանց սեռական դաստիարակությունը տեղի է ունեցել սնոբների հավաքույթներին, շքեղ մասնավոր ակումբներում, Սեն Տրոպեի դիսկոտեկներում՝ դրա համար ամենից անհամապատասխան «մամայի բալեքի» ընկերակցությամբ։ «Մամայի բալեքի» սեռական խնդիրն այն է, որ նրանք դեռ վաղ տարիքից սովոր են ստանալ ամեն ինչ՝ առանց ինչ-որ բան տալու։ Խոսքը նույնիսկ եսասիրության մասին չէ (բոլոր տղաներն էլ եսասեր են անկողնում), պարզապես ոչ ոք նրանց երբևէ չի բացատրել, որ աղջկա ու  Porsche-ի միջև տարբերություն կա (եթե վնասես աղջկան, հայրիկը չի գալու ու ուղղակի նախատի քեզ)»։

Գրքում արծարծվում են երջանկության, ամուսնության, ամուսնալուծության թեմաները։ Եվ գլխավոր հերոսի՝ Մարրոնյեի արտաքնապես մակերեսային դատողություններով հեղինակը հետաքրքիր եզրահանգումներ է անում սրանցից յուրաքանչյուր մասին։ Ամուսնության ապարատը վաղուց արդեն անիմաստ է դարձել, մարդկանց կապողը թուղթը չէ, այլ սերը (որ տևում է այնքան, որքան մեզ է պետք), երջանկությունը եսասիրություն է ու զոհողություն եթե պատրաստ չես ինքդ ինչ-որ բան զոհել, ապա պետք է անցնես բազմաթիվ գլուխների վրայով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Այս սիրաքաղց դարում մարդիկ երջանիկ լինել են ուզում։

Իսկ ամուսնալուծությունը ավելի հաճախ ազատության վերագտնումն է։ Բայց սեր ու ամսունություն ճաշակած մարդը դժվար է համակերպվում այդ ազատությանը «
Ես տառապում էի, որ կողպված եմ, իսկ հիմա տառապում եմ, որ ազատ եմ։ Ահա թե ինչպիսին է հասուն կյանքը
ավազե ամրոցներ կառուցել, հետո երկու ոտքով ցատկել դրանց վրա, ապա նորից ու նորից կրկնել այդ գործողությունները՝ քաջ գիտակցելով, որ օվկիանոսը, միևնույն է, սրբելու է դրանք»։

Հեղինակը գրքի վերջում խոստովանում է, որ Մարրոնյեն ինքն է։ Սա համամարդկային խոստովանություն է։ Նա մասնավորեցնում է Մարրոնյեի Բեգբեդեր լինելը՝ հիմք դնելով խոստովանության շղթային, որ պետք է օղակ առ օղակ հավաքվի ընթերցողներից։ Մենք էլ պետք է խոստովանենք, որ Մարրոնյեն (կամ Աննան, Ալիսը) մենք են, և միայն խոստովանելուց հետո կյանքը մեզ հանգստություն կպարգևի։


ԿԱՐԴԱԼ ԱՌՑԱՆՑ


Թարգմանեց Արման Վերանյանը

Խմբագրեցին Ազատուհի Սարգսյանը, Ժենյա Վարդազարյանը և Արման Վերանյանը

Սրբագրեցին Ազատուհի Սարգսյանն ու Արման Վերանյանը


Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog