2021-02-21

«Արգելված» Բրեդբըրի №2 (16+)

 

Իմաստնության գաղտնիքը


Սենյակը նման էր մեծ, տաք օջախի, որը լուսավորվում էր անտեսանելի կրակով ու միևնույն ժամանակ հարմարավետ էր։  Բուխարու մեջ ծուլորեն նարնջագույն աչուկներով մխում էին մի քանի թաց գերաններ։ Այս պատերի մեջ դանդաղ տարածվում էր, լռում ու նորից տարածվում էր երաժշտությունը։ Հեռավոր անկյունում վառվում էր միակ կիտրոնագույն լամպը, և պատերը ներկում էր դեղին, ամառային գույներով։ Անթերի հարթեցրած հատակափայտը փայլում էր մութ գետի պես,  և նրա մակերևույթի վրա  ասես լողում էին գորգերը, որոնց խավը հիշեցնում էր էր հարավամերիկյան վայրի թռչունների՝ փայլող ջունգլիների կապույտ, սպիտակ ու  կանաչ լույսերով։ Սպիտակ ճենապակյա ծաղկամանները, որ լի էին նոր կտրված ջերմոցային ծաղիկներով, անխռով բացավառվում էին սենյակի չոր փոքրիկ սեղանների վրա։ Բուխարու վերևում մի երիտասարդի լուրջ դիմանկար նայում էր նույն գույնի աչքերով, ինչ որ կերամիկան՝ մուգ կապույտ, խելամիտ ու կենսական ուժով լի։