2020-08-02

Հերման Հեսսե «Փիկտորի կերպարանափոխությունը»

Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել, հայտնվեց մի ծառի առաջ, որը միաժամանակ և՛ կին էր, և՛ տղամարդ: Նա ակնածանքով բարևեց ծառին ու հարցրեց.

 -Դու կյանքի ծա՞ռն ես:

 Ծառի փոխարեն սակայն պատրաստվում էր պատասխան տալ օձը, այդ պահին Փիկտորը շրջվեց ու առաջ շարժվեց: Նա աչքերը լայն բացեց, նրան ամեն ինչ այնքան շատ էր դուր գալիս: Պարզ զգում էր, որ սա կյանքի հայրենիքն ու ակունքն է:

 Եվ նա նորից մի ծառ տեսավ, որ միաժամանակ և՛ արև էր, և՛ լուսին:

 Կրկին հարցրեց.

 Դու կյանքի ծա՞ռն ես:

 Արևը գլխով արեց ու ժպտաց, լուսինը ևս գլխով արեց ու ժպտաց:

 Աննման ծաղիկները նայում էին նրան զանազան գույներով ու լույսերով, զանազան աչքերով ու դեմքերով: Մի քանիսը գլխով էին անում ու ծիծաղում, ուրիշներն էլ գլխով էին անում ու ժպտում, որոշները սակայն գլխով չէին անում ու չէին էլ ժպտում. նրանք, ուրախությունից արբեցած, լռում էին. ընկղմված էին իրենց մեջ, տարված էին սեփական անուշահոտությամբ: Նրանցից մեկը մի կապույտ երգ էր երգում, մեկ ուրիշը՝ մուգ կապույտ օրորոցային: Ծաղիկներից մեկը երկնագույն խոշոր աչքեր ուներ, մեկ ուրիշն էլ նրան հիշեցրեց իր առաջին սիրո մասին: Մեկը իր մանկության այգու հոտն էր բուրում, նրա քաղցր բուրմունքը մոր ձայնի նման էր հնչում: Մի ուրիշն էլ շարունակ ժպտում էր նրան՝ մեկնելով իր կարմիր թեք լեզուն: Նա լիզեց այն, այն թունդ ու վայրի համ ուներ՝ խեժի ու մեղրի, նաև՝ կնոջ համբույրի:

 Փիկտորը կանգնել էր ծաղիկների արանքում՝ կարոտագին ու անհամարձակ ուրախությամբ: Նրա սիրտը զանգի նման ծանր ու արագ էր բաբախում. նա բուռն ցանկությամբ այրվում էր անորոշության ու կախարդական երկմտանքի մեջ:

 Փիկտորը մի գույնզգույն թռչուն տեսավ, որ նստել էր խոտերի մեջ, ու թվում էր՝ թռչունը տերն է բոլոր գեղեցիկ գույների: Գույնզգույն չքնաղ թռչնակին նա հարցրեց.

 -Օ՜, թռչո՛ւն, ասա՛ ինձ՝ որտե՞ղ է երջանկությունը:

 -Երջանկությո՜ւնը,-արտաբերեց թռչունը իր ոսկեգույն կտուցով,-երջանկությունը, ընկե՛ր, ամենուր է՝ լեռներում ու սիզամարգերում, ծաղիկների ու բյուրեղների մեջ:

 Այս խոսքերն ասելով՝ ուրախ թռչունը թափահարեց իր փետուրները, վիզը շարժեց, պոչը խաղացրեց, թարթեց աչքերը, մի անգամ էլ ժպտաց, ապա մնաց անշարժ նստած, լուռ նստած էր խոտերի վրա, և, պատկերացրե՛ք, թռչունը այդ պահին արդեն փոխակերպվում էր մի գունագեղ ծաղկի. փետուրները տերևներ էին դառնում, ճանկերը՝ արմատներ: Գունային հարուստ գամմայի մեջ նա վերածվեց բույսի: Հիացած նայում էր Փիկտորը:

 Եվ ահա շուտով թռչուն-ծաղիկը շարժեց իր տերևներն ու բողբոջները, ծաղիկ լինելը արդեն հագեցրել էր նրան, արդեն արմատներ չուներ, դյուրին էր շարժվում, դանդաղ դեպի վեր բարձրացավ և դարձավ մի փայլուն թիթեռ, որ սավառնելով օրորվում էր՝ անկշիռ, անլույս, ամբողջովին փայլող դեմքով: Փիկտորը շատ զարմացավ:

 Սակայն նորելուկը՝ գունավոր զվարթ թռչնածաղկաթիթեռը, որ լուսավոր ու գունեղ կերպարանքով շրջանաձև թռվռում էր զարմացած Փիկտորի շուրջբոլորը, շողշողալով արևի տակ, փաթիլի նման մեղմորեն իջավ գետնին, նստեց նրա ոտքերի մոտ, հանգիստ շունչ քաշեց, փոքր-ինչ դողացրեց փայլուն թևերը և շուտով վերածվեց մի գունավոր բյուրեղի, որի եզրերից կարմիր լույս էր ճառագում: Հրաշալիորեն փայլում էր նա կանաչ խոտերի արանքում՝ հստակ, ինչպես տոնական զանգ, կարմիր թանկագին քար: Բայց նրա հայրենիքը՝ երկրի ընդերքը, թվում էր, կանչում է նրան. նա արագ փոքրացավ ու պատրաստվում էր ընկղմվել:

 Եվ ահա Փիկտորը՝ բռնկված մի անկառավարելի ցանկությամբ, վերցրեց անհետացող քարը և մոտեցրեց դեմքին: Սքանչացած նայում էր նա քարի մոգական փայլին, որի պայծառությունը նրա սրտում երջանկության կանխազգացում էր առաջացնում:

 Հանկարծ մի չորացած ծառի ճյուղի փաթաթվեց օձը ու շշնջաց նրա ականջին.

 -Այս քարը քեզ կարող է դարձնել այն, ինչ ցանկանաս: Արագ հայտնի՛ր նրան ցանկությունդ, քանի դեռ ուշ չէ:

 Փիկտորը երկյուղեց. վախենում էր բաց թողնել իր երջանկությունը: Նա արագ արտաբերեց բառը ու փոխակերպվեց ծառի: Նախկինում երբեմն նա մտածում էր ծառ դառնալու մասին, քանի որ կարծում էր, որ ծառերը լի են խաղաղությամբ, ուժով ու արժանապատվությամբ:

 Փիկտորը ծառ դարձավ: Նա արմատներով ամրացավ հողին, սկսեց վեր բարձրանալ, նրա մարմնամասերը վերածվեցին տերևների ու ճյուղերի: Նա շատ գոհ էր: Իր պապակ մանրաթելերով ագահորեն ծծում էր երկրի սառը ընդերքը և տերևները ծածանում կապույտ երկնքում: Նրա կեղևի արանքներում բզեզներ էին ապրում, ոտքերի մեջ նապաստակներ ու ոզնիներ էին, իսկ ճյուղերին՝ թռչուններ:

 Ծառ-Փիկտորը երջանիկ էր ու այլևս չէր հաշվում տարիները, որոնք գալիս էին ու գնում: Այսպես անցան շատ տարիներ, ու նա հասկացավ, որ իր երջանկությունը հեռու է կատարյալից: Աստիճանաբար նա վարժվեց իր ծառ-աչքերով տեսնելուն: Վերջապես նրա աչքերը բացվեցին, ու նա տխրեց:

 Փիկտորը նկատեց, որ դրախտում ամենուր գրեթե բոլոր գոյակները շատ հաճախակի են կերպարանափոխվում, և որ ամենը շարունակ հոսում է հավերժական վերափոխումների կախարդական հոսքի մեջ: Նա տեսել էր՝ ինչպես են ծաղիկները փոխակերպվում թանկագին քարերի կամ էլ փայլելով հեռանում են՝ արդեն որպես կոլիբրիներ: Նա նկատել էր, որ իր կողքի որոշ ծառեր հանկարծակի անհետանում են. նրանցից մեկը աղբյուր էր դարձել, մյուսը՝ կոկորդիլոս, մեկ ուրիշը՝ որպես կենսուրախ ու սառնարյուն ձուկ, հաճույքով լողում էր՝ համակված գոհունակության ծարավով ու նոր կերպարում նոր խաղեր սկսելու պատրաստակամությամբ: Փղերը իրենց արտաքինը փոխանակում էին ժայռերի հետ, ընձուղտները՝ իրենց կերպարանքը ծաղիկների հետ:

 Սակայն նա՝ Ծառ-Փիկտորը, շարունակ նույնն էր մնում, այլևս չէր կարողանում կերպարանափոխվել: Երբ նա դա հասկացավ, երջանկությունն անհետացավ. նա սկսեց ծերանալ ու գնալով ավելի շատ էր հոգնում, աստիճանաբար լուրջ ու մտահոգ կեցվածք էր ստանում, ինչպես շատ ծեր ծառեր: Նաև ձիերի, թռչունների, մարդկանց ու բոլոր արարածների մոտ կարելի է ամեն օր նույն երևույթը նկատել. եթե նրանք չունեն կերպարանափոխման ձիրք, ժամանակի ընթացքում ընկնում են տխրության ու տկարության գիրկը, և նրանց գեղեցկությունը անհետանում է:

 Մի օր դրախտի շրջակայքում մի երիտասարդ աղջիկ հայտնվեց՝ շագանակագույն մազերով, երկնագույն զգեստով: Երգելով ու պարելով խարտյաշը դեպի ծառերն էր վազվզում՝ չմտածելով այն մասին, թե ինչքան հիանալի է տիրապետել կերպարանափոխման ձիրքին:

 Մի խելացի կապիկ ժպտում էր նրան, մի թուփ իր բեղիկներով քնքշորեն շոյում էր նրան, մի ծառ ծաղիկ էր նետում նրան, նաև՝ ընկույզ ու խնձոր, բայց նա հազիվ թե ուշադրություն էր դարձնում:

 Երբ Ծառ-Փիկտորը աղջկան նկատեց, համակվեց մի անասելի կարոտով, երջանկության փափագով, նա նման զգացողություն երբևէ չէր ունեցել: Միևնույն ժամանակ նա խորը մտորումների գիրկն ընկավ, քանի որ նրան թվաց, թե սեփական արյունը ձայն է տալիս իրեն.

 -Սթափվի՛ր: Հիշի՛ր այս պահը քո ամբողջ կյանքում, գտի՛ր իմաստը, այլապես ուշ կլինի, և երջանկությունը այլևս երբեք չի վերադառնա քեզ մոտ:

 Եվ նա հետևեց խորհրդին: Նա հիշեց ամենը իր ծագման մասին, իր տարիները՝ մարդկային կերպարանքով, իր մուտքը դրախտ և հատկապես այն ակնթարթը, երբ ծառ դարձավ, այն հրաշալի ակնթարթը, երբ թանկագին քարը իր ձեռքում էր: Երբ որ ցանկացած կերպարանափոխություն թույլ տրվեց նրան, արյունը սկսեց եռալ երակներում, քան երբևէ: Նա մտածում էր թռչունի, որը այն անգամ ժպտաց, և արևալուսնածառի մասին. նա կանխազգում էր, որ նախորդ անգամ ինչ-որ բան է բաց թողել, ինչ-որ բան է մոռացել, և որ օձի խորհուրդը այնքան էլ տեղին չէր:

 Աղջիկը ծառի տերևների արանքից լսեց Փիկտորի ձայնը, նա հայացքը վեր ուղղեց և սրտում հանկարծակի ցավ զգաց, զգաց՝ ինչպես են իր ներսում նոր մտքեր, նոր ցանկություններ, նոր երազանքներ ծնվում: Մի անծանոթ ուժ համակեց աղջկան, ու նա նստեց ծառի տակ: Նա իրեն միայնակ էր զգում, միայնակ ու տխուր, և միևնույն ժամանակ՝ գեղեցիկ, հուզիչ ու ազնիվ՝ իր համր տխրության մեջ. հանդարտ խշշացող ծառից նրա համար հնչում էր մի հիասքանչ երգ: Հենվեց անհարթ ծառաբնին, զգաց՝ ինչպես է ծառը ցնցվում, զգաց նաև նմանատիպ սարսուռ իր սրտում: Տարօրինակ ցավ զգաց սրտում, ամպերը սավառնում էին իր հոգու երկնքում, ծանր արցունքները դանդաղորեն կախվեցին նրա աչքերից: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Ինչո՞ւ էր նա այդպես տառապում: Ինչո՞ւ էր նրա սիրտը ձգտում կրծքավանդակից դուրս գալ ու պատրաստ էր միաձուլվել նրա՝ այդ միայնակի՝ հիասքանչ ծառի հետ:

 Ծառը կամացուկ դողաց ճյուղերով, այնքան ուժգնորեն նա հավաքեց կենսական ուժերը՝ համակված աղջկա հետ միավորվելու տենչանքով: Ա՜խ, ինչպես օձը խորամանկությամբ խաբեց իրեն՝ կախարդելով ու վերածելով միայնակ ծառի: Օ՜, ինչքան կույր ու անմիտ գտնվեց ինքը: Մի՞թե չգիտեր, թե որքան անըմբռնելի է կյանքի գաղտնիքը: Ո՛չ, այն ժամանակ ինքը հավանաբար զգում և նաև կանխազգում էր սա: Ա՜խ, թախիծով ու խորը ըմբռնմամբ նա հիմա մտածում էր ծառի մասին, որը միաժամանակ և՛ տղամարդ էր, և՛ կին:

 Սավառնելով մի կարմրականաչ թռչուն մոտեցավ՝ գեղեցիկ ու համարձակ թռիչքով, նա աղեղնաձև պտույտներ էր գործում: Աղջիկը, հետևելով թռչնակի ընթացքին, տեսավ՝ ինչպես վերջինիս կտուցից արնանման ինչ-որ բան ընկավ և շողոց կարմիր փայլով: Այն ընկավ կանաչ խոտերի վրա և փայլում էր այնքան մտերմաբար, նրա կարմիր լույսը այնքան պայծառ էր, որ աղջիկը կռացավ դեպի լույսը ու բարձրացրեց կարմիրը: Դա բյուրեղ էր՝ թանկարժեք նռնաքարի տեսքով, և այնտեղ, որտեղ նա հայտնվում է, խավարը ցրվում է:

 Հազիվ էր աղջիկը իր սպիտակ ձեռքերով վերցրել կախարդական քարը, անմիջապես իրականացավ այն երազանքը, որն իր սրտում էր: Գեղեցկուհին անհետացավ, սուզվեց գետնի տակ և միանալով ծառին՝ որպես առողջ մատղաշ ճյուղ նրա բնին, սկսեց աճել նրա՝ Փիկտորի հետ:

 Եվ ամեն ինչ լավ էր, աշխարհը մտավ իր հունի մեջ, միայն հիմա էր դրախտը իսկապես գտնվել: Փիկտորը այլևս թախծոտ ծառ չէր, նա հիմա բարձր ձայնով երգում էր «Պիկտորյա՜, Վիկտորյա՜»:

 Նա կերպարանափոխվել էր: Եվ թերևս այս անգամ ճշմարիտ ու հավիտենական կերպարանափոխություն էր, քանի որ նրա կեսը դարձավ ամբողջական, ու նա այլևս կարող էր փոխակերպվել, ինչի որ ցանկանար: Լինելության կախարդական հոսանքը մշտապես սահում էր նրա երակներով, նա հավերժ մի մասն էր ամենժամյա ստեղծման գործընթացի:

 Նա դառնում էր այծյամ, ձուկ, դառնում էր մարդ ու օձ, ամպ ու թռչուն: Յուրաքանչյուր կերպարում սակայն նա ամբողջություն էր, զույգ էր, արև ու լուսին էր, կին ու տղամարդ, որպես երկվորյակ գետեր՝ հոսում էր բնակավայրերով, կանգնած էր երկնքում՝ որպես զույգ աստղ:


Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը

Комментариев нет: