2020-08-02

Բորիս Ակունին «2000-ի խնդիրը»

1.

-Լուցկի, անմիջապես բացե՛ք: Ինչպիսի՜ երեխայություն,- միջանցքից թավ ձայնով բղավում էր Սոլոդովնիկովը՝ «Բարի սամարացի» վարկային ընկերության նախագահը:- Մենք կկոտրենք դուռը:

Կոտրե՛ք, ձերդ պատվարժանություն, քմծիծաղեց Կոնստանտին Լվովիչը՝ կանգնած բարձր հնամյա հայելու առաջ: Դուռը կաղնուց է, հեշտ չի հանձնվի: Իսկ կեսգիշերին ընդամենը երեք րոպե է մնացել: Եղած-չեղած երեք րոպե, և դարն ավարտված է: Դրա հետ միասին նաև թոշակի անցած շտաբ-ռոտմիստր Լուցկիի վերջը կգա՝ կործանված կրքերի ու մամոնայի[1] ձեռքից: Անիծվի այն օրն ու ժամը, երբ ինքը՝ մոսկովյան լրագրողների սիրելին՝ Աբիսսինյան ընկերության հերոսը, համաձայնեց դառնալ այդ ստոր չարչիական կրպակի ղեկավարը: Գայթակղվեց աշխատավարձով, եռահարկ առանձնատնով, հարմար ելքով: Լավ կլիներ մնար վաշտում, մեկ էլ տեսար՝ հիմա արդեն էսկադրոնի հրամանատար կլիներ...

Ցավոք, 19-րդ դարը անողոքաբար ապրում էր իր վերջին վայրկյանները: Ինքը՝ Կոնստանտին Լվովիչը, հենց դա ապացուցեց մի շաբաթ առաջ, Անգլիական ակումբում արվող սուրբծննդյան պարահանդեսին: Ներկա սեզոնի համար սովորական վեճ էր ընթանում առ այն, թե երբ կսկսվի 20-րդ դարը՝ հաջորդ ձմռանը՝ 1901 թ-ից, թե հենց այս ձմռանը՝ 1900 թ-ի հունվարի մեկից: Լուցկին երկրորդ տեսակետի կողմից էր. «Ձեր ասածից հետևում է, որ Փրկիչը ծնվել է 0 թվականին, իսկ դա մաթեմատիկական անհեթեթություն է»,- կկոցեց աչքերը երդվյալ հավատարմատար Փֆուլը: Կոնստանտին Լվովիչը ծաղրանքով ժպտաց, հայացքով չափեց ունկնդիրներին և ընդհատեց խելքի տոպրակին. «Իսկ թու′յլ տվեք հարցնել ձեզ, բարեգու՛թ պարոն, որքա՞ն տևեց Հիսուս Քրիստոսի ծննդից հետո առաջին տարին: Ձեր ասածից հետևում է, որ ընդամենը վեց օր՝ դեկտեմբերի 25-ից 31-ը, իսկ դրանից հետո անմիջապես սկսվեց երկրորդը: Ո՛չ, Գո′տֆրիդ Սեմյոնովիչ, Հիսուսը ծնվել է առաջին տարուն նախորդող դեկտեմբերի 25-ին, այսինքն՝ հենց 0 թվականին, նույն ինքը 20-րդ դարի առաջին տարում՝ 1900 թ-ին»:

Դռանը հարվածեցին ինչ-որ ծանր բանով. մեկ անգամ, երկու, երեք անգամ:

-Լու′ցկի, ես չեմ կատակում: Ինչի՞ եք ձգտում: Փողը ամեն դեպքում վերադարձնելու եք:  Ես փոխհատուցումը դատարանի միջոցով կպահանջեմ: Մտածե՛ք ձեր բարի համբավի մասին,- կոկորդը պատռում էր Սոլոդովնիկովը:

«Փոխհատուցում». ինչքան տհաճ բառ է: Հենց էն է՝ 20-րդ դարի շունչն է զգացվում: 19-րդ դարում ավելի կիրառելի էր «բավարարություն» բառը: Դե լավ. ինքը՝ Լուցկին, չափազանց ազատ էր վարվում դրամարկղի հետ, իսկ Սոլոդովնիկովը՝ «Բարի սամարացու» տերը, իրեն վիրավորված է զգում: Էդ դեպքում մենամարտի′ կանչիր վիրավորողիդ, ինչպես ընդունված է բարձր հասարակությունում: Բա չէ, դատարանով է վախեցնում: Չարչի, խղճուկ հաշվիչ մեքենա՝ եռակի կրկնակզակով: Բանն էլ էն է, որ կդատի, կվարկաբեկի տոհմական ազնվականին, կյանքի այս նորաթուխ տերերը սրբություն չունեն:

-Կոնստա′ն, հենց հիմա բացի′ր: Մենք պետք է պարզաբանենք իրողությունը:

Էննի... Դա նա է: Եվ, իհարկե, անասուն Սոլոդովնիկովը նրան ամեն ինչ պատմել է. և՛ Սոկոլնիկիում արած քեֆերի մասին, և՛ գնչուհի Լյուբայի մասին, և՛ դեպի Օտրադնի մեկնումների մասին: Սիրելի՜ս, անասելի՛ պաշտելիս, քեզ ինչպե՞ս բացատրեմ, որ ընտանիքը այլ է, իսկ Լյուբան՝ լրիվ ուրիշ, ուրիշ մի բան:

Ժամացույցը ծլնգաց՝ պատրաստվելով 12 ղողանջ հնչեցնելուն: «Հավերժի կանչ, բոմ-բոմ»,- հեգնանքով ծիծաղելով ծոր տվեց Կոնստանտին Լվովիչը և բարձացրեց հինգ լիցք ունեցող «բուլդոգը»: Աստծուն դադարել էր հավատալ 16 տարեկանում՝ պոռնկանոց առաջին այցից հետո, բայց կյանքի վերջաբանից առաջ, այնուամենայնիվ, ճիշտ համարեց աղոթքի նմանվող ինչ-որ բան ասել. «Բարեգո՛ւթ Աստված, ների՛ր, թե կարող ես: Ես չեմ ուզում ապրել այս նողկալի 20-րդ դարում»:

Վեցերորդ ղողանջի ժամանակ՝ ձգած հրահանի ճայթյունի հետ միաժամանակ, հայելին իրեն տարօրինակ պահեց: Արծաթե մակերեսը պղտորվեց, թոշակի անցած շտաբ-ռոտմիստրի ձիգ կեցվածքը պարուրվեց մշուշով և հանկարծ սարսափելիորեն կերպարանափոխվեց: Կոնստանտին Լվովիչը իր փոխարեն տեսավ ինչ-որ ածիլված, լիքը երեսով պարոնի՝ հագած կարճ, մուգ կարմրավուն սյուրթուկ, մսոտ ձեռքի մեջ` բաժակ: Անհեթեթ խոզի կերպարանքը ծռմռվեց սարսափից, և շրջանակից դուրս պրծավ կարճ մատներով մի ձեռք՝ փայլեցնելով մեծ քարով մատանին: «Ահա թե ինչպիսին է մահը»,- հասցրեց մտածել Լուցկին և վաղանցիկ հիասթափություն ապրեց, քանի որ Մեծագույն Մխիթարչուհին նրան միշտ թվացել էր բարետես մի պառավ կամ սփրթնած մի աղջիկ, կամ, ամենավատ դեպքում, բիրտ մի ծերուկ, բայց ոչ մի դեպքում այսպիսի գռեհիկ լակեյական (ստորաքարշ) այլանդակություն:

2.

Վովանը իր հետևից փակեց դուռը, երգի ձենը կտրեց: Հին կաղնուց կարգին դուռ էր, գրողը տանի, ցանկացած երկաթե դռնից թույն: Առաստաղի տակ դրված գիպսե ծտերով ու տղերքով սենյակը Վովանն անմիջապես սարքեց իր աշխատասենյակը: Իսկը ինքն է: Ի վերջո գլխավոր կառավարիչ է, ոչ թե ինչ-որ խառա-խուռա մարդ: Պետք է սենյակում դնել կոժից իրեն վեր գցելու նստելիք, կախովի-մախովի  առաստաղ քաշել, մաքուր սպիտակ խալի փռել. խելքին մոտ բան կլինի:

Անշարժ գույքը համարյա ձրի կպցրեց:  Առաջ էստեղ ինչ-որ գիտական ամսագրի հրատարակչությունն էր. նենց լոխերն էին, որոնց նման Վովանը մենակ «յաշիկով» էր տեսել` «Տարվա 9 օրերը» կինոյում: Նրանցից մի անկյուն վարձեց՝ նենց, համեստի մեջ՝ քառակուսին երկու հարյուր կանաչով, վերջում քաշեց խելոքներին նենց, որ չհասցրին բան հասկանալ: Էնպես հավեսով տեղը դրեց դրանց: Ոնց որ հեքիաթի մեջ. լոխը  ամեն ինչ ուներ, բայց նրան կոնկրետ քաշեցին: Հավաքեցին խմբագիր-կենդանագիրներն իրենց գրող մեքենաները՝ ծաղիկ ֆիկուսներով հանդերձ ու, ոնց ասում են, հեռացան անհայտ ուղղությամբ: Գլխավոր կենդանագիրը (համատեղությամբ՝ գլխավոր լոխը) մտավ հաջողություն ասելու: Վովանը մի փոքր լարվեց. մտածեց հիստերիա կբացի: Բայց պապիկը մենակ ասաց. «Երիտասա՛րդ, հետո ամաչելու եք»,- ու իր ոտքով գնաց:  Գրողը տանի, մաքուր կենդանաբանական այգի:

Հրատարակչությունն իհարկե զիբիլ է: Թեմա կարող էր լինել «Եվրոսերվիզ» բանկի հետ, որը նույնպես փսլինք էր թափում Արբատի առանձնատան համար: Կառավարման այնտեղի ներկայացուցիչը՝ Պիպան, լուրջ տղա է, անվերջ համբերողներից  չէ: Բայց ոնց ասում են, ով ռիսկի չի դիմում, նա շամպայն,  բան-ման  չի խմում: Իսկ ավելի կոնկրետ «Կլիկո» տեսակի շամպայն: Ֆրանսիայից է, կեստոննա կանաչ է տված մի արկղի համար. Վովանը հենց հիմա տրամադրվել է լակելուԷնպես չի որ տենց շատ է սիրում էդ փրփուրով թթու խմիչքը: Էդ բոլոր ձևականությունների վրա թքած ուներ: Այսինքն՝ ռեստորաններում կամ ինչ-որ շնորհանդեսներին, իհարկե, տուն էր ածում հա՛մ օմար, հա՛մ ոստրե, հա՛մ էդ զզվելի խխունջները,  մի  օրում երեք շիշ  քսանտարեկանոց վիսկի էր տուն ածում, բայց ոչ թե որ էդպես էր ուզում, այլ զուտ ձևի համար: Հոգին հիշում էր լավ բաները, սոխով ու էժանագին պորտվեյնով  տապակած կարտոֆիլ էր ուզում. էդպիսի բան հիմա ոչ մի փողով չես ճարի: Է՜հ, ինչպիսի  երկրի հերը անիծեցին  շան թուլեքը:

Բայց արդեն ժամանակն է մոռանալու դժվար մանկությունը: Հանգիստ ու սղալով եկավ 2000 թ.: Թող որ Ռազմենոկում ծնված Վովանը այնտեղ՝ երեք ինների մեջ մնա, իսկ նոր հազարամյակ կմտնի Վլադիմիր Եգորովիչը՝ անունով մի տիպ: Չէ՜, ավելի լավ է Վլադիմիր Գրիգորևիչ՝ ներդրումա-մարքեթինգային «Կոնկրետիկա» հոլդինգի գլխավոր տնօրեն:

Դրա համար էլ Վովանը փախ տվեց քեֆչիների անկապ ֆուրշեթից դեպի պուճուր նախասրահ, իսկ հետո այստեղ՝ իր ապագա աշխատասենյակ, որպեսզի ինտելեգենտին հատուկ նշի այս բեկումնային պահը՝ առանց ոչխարների ու լակոտ-լուկուտների: Տոնվող տարվա երեք զրոները հուսադրում էին. ախր դա մեզ համար համարժեք է տոննային:  Որտեղ երեք զրո, էնտեղ էլ՝ վեցը, իսկ հետո, թե բախտը բերի, նաև ինը: Լիֆիցը՝ երկաթի գործով փոխտնօրենը, նախկինում՝ ֆիզմաթի թեկնածու, հնարավոր է  երեք զրոյի պատճառով ուժեղ դեպրեսիայի մեջ էր: Ասում էր՝ դրանց պատճառով կարող է բոլոր համակարգիչները շարքից դուրս գան: Իսկ էսօր կոքսով բրենդի-մրենդի տուն ածեց ու սկսեց, գրողը տանի, ինչ-որ «հերթագայության հակադրության (խռոնոպարադոքսի)» մասին դուրս տալ, մթոմ ժամանակն ինքը կարող է խճճվել զրոների մեջ: Կվերցնի ու գիտակցությունը կտեղափոխի զրոներով վերջացող մի ուրիշ տարի՝ կա՛մ առաջ, կա՛մ հետ: Ոտանավոր էր կարդում, իբր «տեսեք, սիրելինե՛րս, ինչպիսի՜ հազարամյակ է դրսում»: Բայց Վովանը հարբածի այդ բարբաջանքը ականջի ծայրով էր լսում, քանի որ հենց էդ պահին Կլավկայի հետ կարևոր թեմայի մասին պետք է խոսացվեր:

Իր նպատակների մասին արձանագրությունը նա վաղուց՝ դեռ երկուշաբթի էր էդ աղջկան հանձնել: Ասել էր՝ կմտածեմ, իսկ էսօր, ոնց ասում են, էշ-էշ դուրս տվեց՝ ապրանք ապրանքի դիմաց:  Ինքը կգա Վովանի Օտրադնոյում գտնվող ամառանոց ու պարբերաբար ու ոտից գլուխ լավ կսպասարկի, բայց հենց-նենց չէ (բախտը չի բերել, տենց մեկին չի հանդիպել), այլ մի նոր BMW-ի  կամ ամենաքիչը Volvo-ի դիմաց:

Կլավկան, իհարկե, ներկայանալի ծիտ է՝ չնայած բոլոր թերություններին. նրա մոտ ամեն երկրորդ բառը «իբր թե» կամ «իրականում» է, բայց չէ որ էդ քառասուն հազար կանաչ կարժենա: Բա չէ,  Կլաուդիա Շիֆֆերի[2] տեղն է իրեն դրել:

Վովանը մոտեցավ անհարթ հայելուն (անցած դարի է, պետք է շպրտել): Նայեց իրեն ու հաճույք ստացավ: Պիջակը «Վերսաչիից»՝ ընտիրություն, կոշիկները «Գուչիից», մռութը առանց թերությունների, աչքերը փոքր, բայց նենց արդարադատ էլի, խելացիոտ:

Հսկայական փայտե ժամացույցը՝ Դեբրենեվկայի օֆիսային կենտրոնին նմանվող աշտարակով, թրխկաց, խռխռաց ու սկսեց զարկել՝ բլին, բլին, բլին, բլին[3]:

Ցը՛, Վովա՛ն, գլխավոր կառավարիչը հրաժեշտ տվեց իր սովորական անցյալին: Բարև Ձեզ, Վլադիմի՛ր Գեորգևիչ: Բարձրացրեց բաժակը և հենց վեցերորդ «բլինի» հետ միաժամանակ չխկացրեց հայելու հետ:

Ու էդ պահին Վովանը քաշվեց: Հայելին հանկարծ ամբողջությամբ քրտնեց, ոնց որ լոգասենյակում, իսկ երբ նորից նախնական վիճակին եկավ, Վովանը շրջանակի մեջ ինչ-որ փախած մեկին տեսավ՝ փայլուն մազերով՝ մեջտեղից երկու հավասար մասի բաժանած, և Չապաևի պես ոլորած բեղերով: Ամենից վատն այն էր, որ էդ փախածը ձեռքին զենք ուներ:

Ա՜խ, շան քածեր, ի՞նչ է, մտքներովդ անցել է՝ կոտրված հայելո՞ւ միջոցով հարցերս լուծեք: Այսինքն գլխավոր կենդանագիրը էդ կարգի լոխ չէ՞ր, չջոգեց Վովանը, ու էդ պատճառով իրոքից ամոթով մնաց հիմա: Ա՜յ քեզ բան, սենց էլ քաշվե՞լ: Մարդասպանի տեսքից պարզ էր, որ նա ֆրաերներից է՝ կնիկացու՝ հիմար սև պիջակով, բարակ փողկապով, որոնցից արդեն 10 տարի է չեն հագնում, ու ցցված օձիքով: Ամենից վիրավորականն այն էր, որ Վովանի հարցերը լուծելը հանձնարարել են էդպիսի մի գեղցու, հանձնարարել են էժանով. էդ լոխերին որտեղի՞ց նորմալ փողեր:

Վովանը առը հա, թե էս օրին կհասներ, եթե աչքերը ճպճպացներ ու խիպիշի ժամանակ լոխի պես իրեն պահեր: «Կոնկրետիկայի» գլխավոր կառավարիչը բռնեց Չապաևի ձեռքը՝ զենքի հետ միասին, ու քաշեց դեպի իրան: Մարդասպանը դուրս թռավ շրջանակից, բայց Վովանն էլ իր հերթին, չպահելով հավասարակշռությունը, ընկավ մյուս կողմի վրա:

3.

Կոնստանտին Լվովիչը հազիվ իրեն պահեց ոտքերի վրա: Կտրուկ շրջվեց հայելու կողմը. փայլուն մակերեսը կրկին պատվել էր կաթնագույն ծփանքով: Ժամացույցից հնչեց վերջին ղողանջը, և այն լռեց: Լուսամուտից այն կողմ գիշերը լուսավորվեց տոնական հրավառությունից: Նա ուշացավ. 19-րդ դարն ավարտվեց:

Սենց ախմախություն կերևա՞ր մարդու աչքին  մահից առաջ: Վերջ, պետք է  պատվով հեռանալ: Լուցկին բարձրացրեց աջ ձեռքը դեպի քունքը, բայց  միանգամից չէ, որ հասկացավ, թե «բուլդոգի» փոխարեն նրա մատները պինդ սեղմում են հախճապակե բաժակը: Հոտ քաշեց. շամպայն էր՝ «Վյով Կլիկո», բուրմունքը հիշեցնում էր 89 թվականի բերքը, բայց, կարծես, այնուամենայնիվ այն չէր: Նախքան «Բարի սամարացու» կառավարիչը կհասցներ զարմանալ զենքի՝բաժակով հրաշալի փոխոփությունից, հայելու մակերեսի ծփանքը հանդարտվեց, և Կոնստանտին Լվովիչը կրկին իր առջև տեսավ նորահայտ այն բռի անձնավորությանը: Ով ուզում է լինի, թեկուզ ինքը Սատանան, բայց նախկին հեծյալ գվարդիականը սովոր չէ ներել վիրավորանքը և միանգամից շփեց շամպայնը ուղիղ լկտի, ստորակարգ այդ մարդու դեմքին:

Դիմացինը ճիշտ նույնպիսի պոռթկուն մի շարժում արեց, և աստվածների ոսկեգույն խմիչքը փրփրելով հոսեց մակերևույթով: Այդ պահին կառավարչի ուղեղում ծագեց անհեթեթ մի կասկած: Կոնստանտին Լվովիչը հարվածեց իր այտերին, ցուցադրեց ատամները, անգամ տեղում ցատկոտեց:

Ճարպոտ մռութավորը ճշտությամբ կրկնում էր բոլոր գործողոթյունները, ինչպես վարժեցրած կապիկը կրկեսում: Կասկածները ցրվեցին: Ինչպիսի անվայել մետամորֆոզ:

Լուցկին ցրված նայեց շուրջը և նկատեց, որ միայն ինքը չէ փոխվել, այլ նաև կահավորանքը. անհետացել էր Պատյոմկինի ժամանակների ամպհովանիով մահճակալը և մյուս կահույքը: Հատակին դրված «Մոզեր ունդ մոզեր» ժամացույցը տարօրինակորեն խավարել էր ու կողքի թեքվել, իսկ անկյունում չգիտես էլ որտեղից հայտնվել էր մաշված, քերծված երեսով մի գրասեղան: Չլինի՞ թե արդեն գույքագրում են կատարել: Անհնար է. դատ անգամ դեռ չի եղել:

Պատին, որտեղ որ պետք է կախված լիներ Ֆրագոնարի հիասքանչ կտավը՝ գնված Փարիզում աճուրդի ժամանակ՝ 30 հազար ֆրանկով, փայլփլում էր պսպղուն մի թղթակտոր, որի վրա պատկերված էր կիմոնոյով գեյշա: Լուցկին մոտեցավ և տեսավ, որ օրացույց է: Վերևում գրված էր. ««Սյոձի-մոձի» ընկերությունը շնորհավորում է իր հաճախորդների Նոր՝ 2000 թվականը»: Հիմար չիանցիները ոչ միայն սխալացրել են ուղղագրությունը՝ դուրս թողնելով բոլոր «ер», «ять»-ները[4], այլև հաջողացրել են շփոթել նաև թվականը:

Կոնստանտին Լվովիչը տրորեց ճակատը՝ տհաճորեն նեղ և գորտնուկածածկ՝ փորձելով ի մի բերել մտքերը: Օդ... մաքուր օդ է պետք...

Նետվեց դեպի լուսամուտը, բացեց օդանցքը և հանկարծ քարացավ: Ի՞նչ է եղել Մոսկվային: Որտեղի՞ց են հայտնվել այս վեց-, յոթ-, տասհարկանի երկնաքերները, այս էլեկտրական ճանապարհային լույսերը, այս տափակացված մեքենաները, վառ լուսավորված լուսամուտները... Ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես «Սոզերցածել (Զննող)» լրագրի նկարազարդված ակնարկում, բացառությամբ երևի միայն այն բանի, որ երկնքում հանրակառքեր չէին թռչում:

Միկադոների[5] դեղին երեսներով որդիները ոչինչ չէին շփոթել: Անտես ուժերն իսկապես որ թոշակի անցած շտաբ-ռոտմիստրին բռնել ու խցկել են ուրիշի մարմնի մեջ, ուրիշ ժամանակներում:

Բայց ավելի ահռելի էր մեկ այլ բացահայտում, որը աստված չճանաչող հոգուն ստիպեց երկյուղածությամբ  թրթռալ: Կոնստանտին Լվովիչը ծնկեց և բացականչեց. «Հավատում եմ, Աստվաած, հավատում եմ»: Ինչպե՞ս կարելի էր չհավատալ: Ամենակարող Աստված անսացել էր նրա աղոթքին ու փրկել նրան ինքնասպանության մեղքից: Չե՞ս ուզում ապրել 20-րդ դարում, որդյա՛կս, ինչպես կուզես. կտեղափոխեմ քեզ միանգամից 21-րդ դար:

Պսպղուն արցունքների երփներանգ շղարշի միջից Լուցկին հայացքը վերև հառեց և դիմացը կանգնած շենքի տանիքին տեսավ մի մեծ ցուցանակ՝ լուսավորված գույնզգույն լույսերով:

Այս նոր տարում ու նոր դարում,

Կրկին մարդու մասին եմ ես հոգում...

Բլոկ «Հայրենիք»

«Ո՞վ է այս Բլոկը,-գորովով մտածեց  Կոնստանտին Լվովիչը:- Կարո՞ղ է հանկարծ Սաշկան է՝ Սենդի Կուբլիցկայա-Պիոտուխի որդին: Սենդին պատմում էր, որ վատ բանաստեղծություններ չի գրում: Պետք է որ 20-րդ դարում հայտնի բանաստեղծ և անգամ դասական դարձած լինի. հայրենասիրական խորագրով բանաստեղծություն է գրել»:

Հետևում դուռը ճռռաց և լսվեց զվարթ երաժշտությունը. խռպոտ ձայնով անտաղանդ ինչ-որ մեկը երգում էր. «Ինչքա՜ն արբեցնող են Ռուսաստանի երեկոները»[6]:

Կոնստանտին Լվովիչը շրջվեց: Մուտքի դիմաց ձեռքերը պատկերովոր կանթած կանգնել էր երիտասարդ, սլացիկ մի կին` այնպիսի մի կարճ տունիկայով, որ կառավարիչն իսկույն մոռացավ Սաշա Բլոկի և անգամ կրկին վերագտած Աստծո մասին:

4.

-Հանգի՛ստ,-ինքն իրեն ասաց Վովանը,-յուղ մի՛ վառի: Զենքը հրես էս է, այսինքն, կենդանագիրները քո մահվան պատվերի պահով քաշվեցին: Դեռ կտենանք:

Նա ոտքի կանգնեց, շրջվեց դեպի կեղծ հայելին, որպեսզի Չապաևին պրիցելի տակ առնի, բայց նա էլ պարզվեց տապոռ չի. հասցրել էր պահեստային զենքը հանել և նշան բռնել ուղիղ Վովանի վրա: Գլխավոր տնօրենը քաշեց ձգանը, զենքը թնդաց, և հայելին փշուր-փշուր եղավ, ու դրա հետևում բացվեց մթոմ մի քարե պատ:

Վայ քու, սկզբից մտածեց հետո բարձրաձայնեց Վովանը: Վայ քու տիրու...

Ուզեց իր քթից բռնի, որ իրոքից զարթնի, բայց մատները ինչ-որ կոշտ ու ծակող բան շոշափեցին. բեղեր... Մյուս ձեռքով փորձեց քաշել օձիքը (շունչը կտրվում էր), բայց դիպավ դրա սուր անկյուններին:

Հաստատ տղեքն են գլխին սարքել. շամպայնի մեջ մանրացրած սունկ[7] են գցել, ու տենց օդերում է հայտնվել: Վովանը ավելի ուժեղ ձգեց իր թվացյալ բեղից և ցավից ոռնաց: Գրողը տանի, բեղն, իրոք որ, իսկական էր:

Գլխավոր տնօրենը հետ-հետ գնաց և հետույքով դիպավ գոմիկական, ոսկեգույն, ճկված ոտքերով սեղանին: Գետնին թրմփաց օրակարգի տետրը, չէ, ավելի շուտ կոկորդիլոսի կազմով թղթապանակը, բացվեց և տեսանելի դարձան ոսկեգույն տառերը՝

Հարգելի՛ Կոնստանտին Լվովիչին

երախտագետ գործընկերներից, ի նշան Նոր՝1900, թվականի[8]:

 

Հենց էդ պահին էլ Վովանի ուղեղը մտավ: Գրողը տանի, 2000-ականի խնդիրը: Հենց էն, որի մասին ֆիզմաթեմատիկ Լիֆշիցը բազար էր անում: Ժամանակը անդուր քած է, պտտվել, ընկել է գայկեքից և պատվելի մարդուն հետ է շպրտել հարյուր տարով: Դե... սրա համար ինչ-որ մեկը պատասխան կտա:

Դըդըմփ. ինչ-որ ծանր բանով ուժեղ հարվածեցին դռանը: Հետո էլի ու էլի՝ դըդըմփ, դըդը՛մփ:

Էս ինչ էր։ Վովանը մանուկ ժամանակ տեսած ֆիլմից մի բան հիշեց: Պալատի նման մի տեղ սեղանի շուրջը բարձր շիշկեքը օլիգարխների հետ ամբարտավանանում են, իսկ դուռը կոտրում են ցլամարմին մարդիկ՝ հրացաններով ու գնդացիրի պատրոնդաշներով: Մթոմ հեղափոխություն է: Վայ քու, ո՞ր թվին էր եղել էդ, ինըհարյուրականին չէ՞ր: Առը հա, թե կհիշես:

Հագուկապին նայեիր՝ Վովանը իսկական բուրժուա էր: Հիմա դրանք, ը՜, ո՞նց էին կոչվում, հա՜, պրոլետարները իրոքից կսկսեն իր հերն անիծել:

Դե՛, կեղտե՛ր, հեշտ ու հանգիստ չեք ուտի գլուխս: Նա զենքը առաջ մեկնեց ու հենց ճիշտ պահին. դուռը պոկվեց պետլիներից (ծխնի): Սենյակ մտավ մինչև պորտը հասնող մորուքեղենով մի գեներալ՝ ձեռքին մի լոմ:  Վովանը էն է թե ուզում էր աչքերի մեջտեղից խփել նրան, բայց գեներալը կիսով չափ խոնարհվեց և նենց քաղաքավարի սկսեց.

-Այնպես որ ներողություն ենք խնդրում, Կոնստանտին Լվովիչ, Աննա Սազոնտևնան հրամայեց կոտրել:

Իսկ գեներալից հետո ներս խցկվեց մի էծ,իրոքից որ մի էծ՝ յուղոտ մռթին էծի մորուքով:

-Ինչպիսի՜ երեխայություն, պարո′ն Լուցկի,- սկսեց բազար անել էծը:- Ձեր պատճառով ես պետք է Նոր տարվա գիշերը այսպիսի պահվածք դրսևորեմ: Բարեհաճե՛ք վերադարձնել գումարը: Եվ մտքներովդ անգամ չանցկացնեք ինքնասպանություն գործել: Չէ՞ որ մենք գործարար մարդիկ ենք:

Վովանը մենակ մի բան հասկացավ. հեղափոխություն չի, այլ կարգին ռազբոռկա: Էդ Կոստյան, որի տեղն են իրեն դնում, էծին քաշել է փողի հարցում, իսկ էծը գործի մարդ դուրս էկավ (ինքն ասեց) ու ռազբոռկա բացեց: Հարյուր տարի է անցել, բայց ոչ մի բան էլ չի փոխվել, էլի նույն զիբիլն է:

Էծի հետևից գլուխը հանեց մի կնիկ՝ վրեն մեծ դեկոլտեով մի շոր գցած: Ձեռքերը թափ տվեց ու լացուկոծը կապեց:

-Կոնստա՛ն, չանես դա: Ես գրավ կդնեմ ադամանդներս, պարտք կանեմ հայրիկից: Դու անկասկած պարոն Սոլոդովնիկովին կվերադարձնես այդ քառասուն հազարը:

Վովանը մի թեթև հանգստացավ ու հեռացրեց ատրճանակը: Քառասուն հազար կանաչի համար այժմ միայն կոլխոզում են ջարդը տալիս:

-Նեղացնում ես, ախպերս,- ասաց նա գործնական տոնով,- բա Կոստյան քառսուննանոցը քաշի ու չտա: Բեր մարդավարի հարցերը լուծենք: Մենք հո լոխ չենք, այլ բիզնեսմեններ:

Էծը թարթեց աչքերը. երևի ինքն էլ հասկացավ, որ սխալ էր:

-Պարո՛ն Լուցկի, վերջին անգամ եմ հարցնում. կվերադարձնե՞ք փողերը:

-Հարցն ի±նչ է,- հանգստացրեց նրան Վովանը,- թե վրես ժամանակ չդնես, կցրվենք: Մի շաբաթաչափ կձգե՞ս:

«Պետք է մի հատ տեսնել՝ էդ ինչ ադամանդիկներ ունի տիկնիկը, գցել-բռնել, թե քանի տոկոսով վարկ կտա»,- ընթացքում մտմտում էր տնօրենը: Իսկ հետո կտեսնենք, այ էծ, ինչքանով ես դու գործի մարդ:

-Չե՞ք կատակում,- աչքերը զարմանքից չռեց էծը,- Դուք իսկապե՞ս կվերադարձնեք դրամարկղից վերցրած ողջ գումարը մի շաբաթից: Եվ պատրա՞ստ եք ազնիվ խոսք տալ:

-Շան քած լինեմ,- կրծքին խփեց Վովանը,- իմ խոսքը երկաթից է: Կոստյուխա Լուցկին էն տեսակից չէ, որ  հավայի բաներ խոսա:

-Ազնվականի խո՞սք եք տալիս:

-Բա իհարկե:-Եվ Վովանը համոզչության համար բութով վիզը կտրելու ձև տվեց:

Գործարարը իսկական լոխ դուրս եկավ. անգամ անդորրագիր չվերցրեց: Խոնարհեց քաչալ գլուխը, շրջվեց ու թըփ-թըփ դուրս եկավ: Վովանն անմիջապես մտափոխվեց փողը նրան տալու հարցում: Գեներալը, իրոք որ, կոճկվեց: Սենյակում մնաց միայն կնիկարմատը՝ ընդ որում, դատելով ամեն ինչից, Կլավկայից չափազանց հարուստ, համ էլ դեմքից ավելի բնական:

-Կոնստա′ն,-ասաց կնիկարմատը,- ես բացատրություն եմ պահանջում:

4.

-Վիրավորում ես, Վովա՛ն,- խիստ ասաց տարօրինակ կինը՝ ծխելով սպիտակ, ոսկեգույն եզրերով ծխախոտը:- Փախար ու ինձ ոչինչ չասացիր: Ես քեզ համար հեռախոսով կանչվող ծիտ չեմ, ես «Ինյազ»-ն[9] եմ ավարտել: Իրականում ես հո հասկանում եմ՝ քեզ ուղղակի պոռնիկ  չի պետք, այլ մի ընտիր գըրլֆրենդ, որի հետ չես ամաչի քեֆ անել բարձր հասարակության մեջ: Հեղինակությունը, Վովանչո՛, իրականում շատ թանկ արժե: Քձիպություն մի′ արա:

«Սիրունիկն է,-մտածեց Կոնստանտին Լվովիչը՝ գնահատողական նայելով գեղեցկուհուն և հայացքը երկար պահելով կիսամերկ կոնքերի վրա:- Սիրունիկն է:  Ոնց որ մի քիչ նիհարիկն է,  բայց և այս բարալիկության մեջ կա նուրբ, աղջկական անպաշտպանության շարմը: Ինչպե՞ս էր նա իրեն կոչում. Վոբա՞ն: Ֆրանսիացի՞ է, ի՞նչ է: Ո՞վ է ընդհանրապես այդ անձը, որի մարմինն է տեղափոխել Ամենաբարձրյալը Կոնստան Լուցկիին: Եվ ի՞նչ տեսակ հարաբերություններ են կապում մսյո Վոբանին և հարճին, որ հանելուկներով է խոսում»:

-Cheri...,- ազատ դիմելաձևի համարձակվեց Կոնստատնտին Լվովիչը և դադար տվեց. չի բարկանա արդյո՞ք:- Vous etes ravissante[10]:

-Զարգացել ես,- փնչացրեց գեղեցկուհին,- գեղի′ զարգացածս, ախմախ արտասանություն ունես:

Սովորության համաձայն Լուցկին չէր լսում այն, ինչ ասում են բարետես կանայք, այլ միայն հետևում էր նրանց ձայնի և աչքերի արտահայտությանը: Տոնը, որով իր հետ խոսում էր գեղեցկուհին, սառն էր, բայց աչքերի մեջ դիվային կրակ էր խաղում, որ հույս էր ներշնչում: Շատ հավանական է, որ ջրահարսի արտաքին սառնության տակ թաքնվում էր կրակոտ, զգացմունքային մի էություն:

Իսկ եթե փորձեմ գործել հանպատրաստի՞ց, կավալերի պես:

-Կքշես քո հավեսով,- խոստացավ համառությամբ: Էնքան արագ, որ անգամ երազիդ չես տեսել: Որակի հավաստագիրն էլ հետը: Բայց սկզբի համար մաշնե′ն մոտեցրու:

-Որտե՞ղ:- Կոնստանտին Լվովիչը հաճույքով կկատարեր գեղուհու ցանկացած քմահաճույք, անգամ այդպիսի տարօրինակ բանը, բայց այդ պահին կողքի սենյակից լսվող վայրագ երաժշտությունը ընդհատվեց, ոտնաձայներ լսվեցին և բարձ ձայներ, ընդ որում հստակ լսելի էր մի տարօրինակ արտահայտություն՝ «հերն անիծած ոչխար»:

Ինչ-որ մեկը գոռաց.

-Վովան, տագնա՜պ: «Եվրոսերվիզի» Պիպան է էստեղ:

Գեցեցկուհին ճչաց և փութով թաքնվեց Լուցկիի մեջքի հետևում:

6.

 -Կոնստա′ն, դու չէ՞ որ երդվել էիր, որ այլևս չի կրկնվի: Ես հավատացել էի քեզ, ներել էի քո՝ կողքից ունեցած նողկալի հարաբերությունները այն փչացած դերասանուհու հետ: Իսկ հիմա էլ գնչուհի՞: Դու հրեշ ես:

«Իսկ Կոստյան, երևում է, լավ էլ մանեկող է,- գլխի ընկավ Վովանը՝ ոտքից գլուխ չափելով կատաղությունից փրփրող կնոջը: -Կնի՞կն է, թե՞ ոնց. գուցե՞ ընկերուհին»:

-Վերջ, բավակա՛ն է,- հիստերիկացավ Կոստյայի մատրյոշկեն,-մենք բաժանվում ենք: Ես Բիարից եմ մեկնում, իսկ դու... դու ապրի′ր, ինչպես ուզում ես:

-Չհասկացա...,-վրա տվեց Վովանը,- մի րոպե՜, կատվի′կս: Ի՞նչ ես դուրս տալիս: Ո՞նց թե իրոքից «գնում եմ»: Իսկ ո՞վ էր խոսում ադամանդ-մադամանդի, փողի մասին: Մենք Աֆրիկայում չենք, ծի՛տս, մեզ մոտ ասածին՝ բազարին, տեր են կանգնում: Քառասուն հազարը քցվի ու ջհանդամդ քաշի:

-Ի՞նչ Աֆրիկա: Ի՞նչ կապ ունի շուկան,- ճակատը կնճռոտեց կնիկարմատը,- հանելուկներով ես խոսում: Վերջին ամիսներին ոնց որ քեզ փոխած լինեն: Ես ընդհանրապես դադարել եմ քեզ հասկանալ:

-Քեզ ոչ ոք չէր ստիպում,- ընդհատեց Վովանը,- խոստացե՞լ ես՝ տու՛ր փողերը: Ի՞նչ է, ուզո՞ւմ ես, որ էդ էծը լեշս փռի: Մանինե′րս(money) տուր, կատվի′կս, փողե՜րս:

Վերջապես ասածը տեղ հասավ:

-Դրամի՞ մասին ես խոսում,- ամբողջովին կարմրեց, ոնց որ իսկական ծովախեցգետին: Ականջներից քաշեց զանգուլակները, վզից՝ ջնջիլը, մատից՝ մատանին,- ահա՛, վերցրու գրա′վ դիր, ստո՛ր արարած: Աստված իմ, ինչպիսի՜ ստորություն:

Մթոմ լացը կապեց, գնաց դեպի ելքը, բայց կանգնեց դռան մոտ: Ուսերը ցնցվում էին. տանջվում էր:

Վովանը վերցրեց զարդուզիբիլները, նայեց: Ադամանդները կարգին բաներ էին, հարյուր տոկոս կանաչ կարժենային: Չկա-չկա գոնե կհերիքեին էն էծի հետ հաշիվները փակելուն, դեռ մի քիչ էլ կմնային:  Ափսոս, իհարկե, որ ձեռքից սենց կնիկ է բաց թողնում, բայց դե պայմանը մնում է պայման:

-Օքեյ, տիկի′ն,- սիրալիր հրաժեշտ տվեց Վովանը,- քաղցր կյանքը մեզ կապեց, իսկ չարքաշ կյանքը բաժանեց: Գուդ բայ, մայ լավ, գուդ բայ:

Մռութիկին ցտեսություն արեց ու սկսեց շուրջը նայել, թե որտեղ կարելի է ապահով թաքցնել զարդեղենը: Գուցե՞ պլինտուսի, կամ էլ տեղաշորո՞ւմ՝ ներքնակի (դոշակի) տակ:

Կնիկարմատը դեռ ոտը կախ էր գցել, չէր գնում:

-Կոնստա՜ն...,- ձայնը խռպոտ էր, ինչպես պախմելի ժամանակ,- դու իսկապես պատրա՞ստ ես բաժանվել ինձնից: Դու այլևս ինձ չե՞ս սիրում: Ընդհանրապե՞ս: Բայց չէ՞ որ ասացիր «my love»...

Վովանը ավելի ուշադիր նայեց նրա «թաց ասֆալտի» գույն ունեցող աչքերին ու հանկարծ էշ կտրեց: Գրողը տանի, ինչպիսի՜ աչքեր: Էդ Կոստիկը ինչպիսի լոխն է, էսպիսի եվրոմամաշայի մոտ ձև էր տվել իրեն: Համ էլ Կլավկան սրա դիմաց ոչ այլ ինչ է, քան մի դուրսընկածի մեկը:

Վովանը լրջով տարվեց, ու նենց, որ անգամ մոռացավ ժամանակի մասին ու այն մասին, որ էս բլանդինկեն իր նախատատի տարիքի է: Ոնց որ երգում է ասվում. «Սերն ինչպես դանակ, նրա կուրծքը մտավ»:

Խենթացնող հայացքը ձգում էր նրան, ինչպես մագնիտը երկաթին: Վովանը ձեռքից գցեց ադամանդեղենը, ու ինքն էլ չջոկեց, ինչպես մոտեցավ դռանը: Ամուր բռնեց սիրունիկի բուֆերներից և զգացմունքներից սարսափելի բթանալով, հոգոց հանեց.

-Գժվում եմ քեզ համար, ոնց որ ճանճը մեղրի: Հը՛ն, չլազվե՞նք:

-Խելագար... Ամբողջովին այնպիսին ես, ինչպես առաջներում էիր...

Կինը ճանկերով բռնեց Վովանի վզից այնպես, որ նա անգամ սկսեց խռխռացնել:

7.

Ընդունարան հանգիստ քայլերով մտավ մի թիկնեղ պարոն՝ կարճ, կոճերից վերև ձգվող վերարկուով և ուսին գցած սպիտակ շարֆով: Կնճռոտված դեմքով  և կարճ մորուքով նա նմանվում էր Հանս Հոլբեյն կրտսերի նկարած Հենրի 8-րդին: Անդուր պարոնից հետո մտան ամրակազմ երկու երիտասարդներ և կանգնեցին դռան երկու կողմերում:

Առանց բարևի և անգամ առանց տիկնոջ առաջ գլուխ տալու՝ Հենրի 8-րդն ասաց.

-Երես ես առել, Վո′վչիկ: Պիպային փորձո՞ւմ ես քաշել: Պիպային դեռ ոչ ոք չի քաշել, իսկ ով փորձել է, երկար է լացել:

-Ո՞մ հետ պատիվ ունեմ խոսելու,- տհաճությամբ տեղեկացավ Կոնստանտին Լվովիչը՝ անթարթ ոտից գլուխ ուսումնասիրելով տարօրինակ հյուրին:

Հենրի 8-րդը դաժանաբար ժպտաց շրթունքներով:

-Հա՜, դու ձև ես բռնե՞լ: Իզուր, Վովա′ն: Ես քեզ հետևում եմ: Նենց որ արի առանց ավելորդությունների:

Չքնաղ էակը, որ ձիգ մարմնով կպել էր Կոնստանտին Լվովիչի մեջքին, կմկմաց.

-Տղանե՛ր, դուք ձեր հարցերը լուծեք, իսկ ես գնամ, լա՞վ:

-Կանգնի′ր, որտեղ կանգնած ես, այ փչացա′ծ,- ֆշշացրեց Հենրի 8-րդը,- ու առանց բառ ասելու, թե չէ ոտներդ կկոտրեմ:

Լուցկիի աչքերի առաջ սևացավ: Նրա ներկայությամբ դեռ երբեք չէին վիրավորել որևէ կնոջ:

Կոնստանտին Լվովիչը քայլ արեց առաջ, երկու շառաչուն ապտակ իջեցրեց անպատկառի դեմքին և կատաղությունից ցածր ձայնով հատ-հատ արտաբերեց.

-Նման բանի համար արյունով են պատասխան տալիս: Ես Ձեր հետևից իմ մարտավկային կուղարկեմ: Հենց վաղը:

Անպատկառ մարդը բռնեց ապտակված այտը և ամբողջովին սպիտակեց.

-Ի՞նչ բեսպրեդել ես քեզ թույլ տալիս: Ի՞նչ ես վախացնում,- բացականչեց նա ու հետ-հետ գնաց:-Արյունո՜վ, գրողը տանի: Ասում է՝ գլխակերներ կուղարկեմ.. Ինչ-որ հավայի վարձի՞ համար: Խելամիտ չես քեզ պահում, Վո′վա:

Դատելով ամենից՝ այս խղճուկ վախկոտը չէր պատրաստվում ընդունել մարտահրավերը:

-Ոնց կուզեք,- ուսերը թափ տվեց Կոնստանտին Լվովիչը՝ նայելով հակառակորդին գարշանքով ու արհամարհանքով:- Բայց Դուք պետք է ներողություն խնդրեք տիկնոջից:

-Թոքերդ չքաշես, ծիտի′կ,- անհապաղ դիմեց Հենրի 8-րդը գեղուհուն,- հաշվի այ էմ սորրի:

-Իսկ հիմա դու′րս կորեք այստեղից,- ասաց Լուցկին ու շրջվեց:

Օրիորդը հրաշալիորեն  կերպափոխվեց. նրա անսովոր երկար ու սև թարթիչները թրթռում էին, իսկ աչքերն այնպես էին փայլում, որ հիմարություն կլիներ առիթը ձեռքից բաց թողնել: Կոնստանտին Լվովիչը խոնարհվեց ու ջերմորեն համբուրեց սպիտակամաշկ  նուրբ ձեռքը: Եվ ի՞նչ. գեղեցկուհին ձեռքը հետ չքաշեց (հուսադրող նշան էր դա):

-Գրողի ծոցը գնա ապրանքափոխանակությունը,- զիլ ձայնով ասաց օրիորդը,- Վովի՛կ, գնացինք Օտրադնայայի քո ամառանոց: Միայն թե բեր սկզբի համար մի տեղ, ոնց որ ասում են, ընթրենք, թե չէ սարսափելի քաղցած եմ. իրականում ամբողջ երեկոյի ընթացքում մի կտոր բան եմ միայն բերանս գցել:

Կես ժամ անց մեքենան սլացքով հասցրեց Կոնստանտին Լվովիչին և Կլավդիա Վլադլենովնային (այդ էր հիասքանչ օրիորդի անունը) մի ռեստորան, որտեղ երաժշտություն էր հնչում և գույնզգույն լույսերի ստվերները սողում էին առաստաղին:

Լուցկին սկսեց զգուշորեն տեղեկություններ դուրս քաշել իրեն ուղեկցող օրիորդից, թե ինչպես է դասավորվել հայրենիքի պատմությունը 20-րդ դարում:

-Валенок ты раменский/ գեղցի տրեխ/,- քնքշությամբ շշնջաց Կլավդիա Վլադլենովնան՝ նայելով նրան սիրահարված աչքերով,- թե քեզ ի՞նչ են սովորեցրել դպրոցում... Ոչինչ, ես քեզ մարդ կսարքեմ:

Եվ պատմեց անցյալ դարի մասին այնպիսի բաներ, որ Կոնստանտին Լվովիչը մտովի շնորհակալություն հայտնեց Աստծուն, որն իր ահռելի ողորմածությամբ տեղափոխեց Բարձրյալի ստրուկին՝ Լուցկիին, 1900-ից միանգամից 2000 թվական:

Ժամանակ առ ժամանակ Կոնստանտին Լվովիչը ընդհատում էր իմպրովիզացիա-դասը և համբուրում Կլավդիա Վլադլենովնայի ձեռքը: Հերթական հրաշալի ընդմիջման ժամանակ նրա ականջին հասավ կողքի սեղանի շուրջ նստած երկու գերմանացիների զրույցից մի կտոր.

-Իսկ Դուք ասում էիք, հեռռ (Herr-պարոն) պրոֆեսոր, որ «նոր ռուսները» կոպիտ ու անտաշ են,- ասաց նրանցից մեկը:

Մյուսը պատասխանեց.

-Ակնհայտ է, հեռռ Շթուբե, սա, այսպես ասած, «նոր նոր ռուսներից» է: Ես նրանց մասին կարդացել եմ «Ֆրանկֆուրտ ալգեմայնե»-ում:

8.

-Ի՞նչ է՝ բիկ-բաբլ էլ չունե՞ք,- անվստահությամբ հարցրեց Վովանը՝ քորելով փրչոտ դոշերը (իրենը չէ, այլ Կոստյայինը, իր տատու արածը մնացել էր տանը՝ 2000 թվականում):

-Ինչ-ի՞նչ, սիրելի՛ս,- չջոգեց Անկան՝ քսմսելով այտը նրա ուսին:

Նա շարժեց ծնոտը, մթոմ ծամում է, հետո ճպացրեց շրթունքներով, մթոմ փուչիկը տրաքեց, բայց նա  էդպես էլ չջոգեց, քրջքաց զրնգուն, ինչպես փեյջերը, և Վովանը ջերմացավ: Նա մատով բարձրացրեց Անկայի մաշված գուլպան, որ ընկած էր տեղաշորի վրա և խղճահարությամբ ծպացրեց.

-Ոնց որ բոմժ լինես՝ ժապավենով գուլպաներով.....Ի՞նչ է, ձեռքս էնքան քարի տակ է, որ  զուգագուլպա՞ էլ չեմ կարող առնել:

-Ի՞նչ, ի՞նչ:

-Գրողը տանի, սրանք զուգագուլպա էլ չունեն: Ընդհանրապես ոչ մի զիբիլ էլ չունեն՝ ոչ բանըչնի պիվա, ո՛չ լիֆ, ոչ «մարս», ո՛չ «սնիկերս». կատարյալ դատարկություն:

Էնպիսի հնարավորություններ են բացվում, որ մարդու շունչ է կտրվում: Ամեն անկյունում խաղային ավտոմատներ կարելի է դրած, էդ առաջին հերթին (մատների վրա հաշվում էր Վովանը): Տղերք ճարելը խնդիր չի, ստեղ պրոլետարները ծով են: Հետո «մակդոնալդսներ» կբացեմ. դե ընդեղ էլ կվաս, բուտերբրոտ, սրանից-նրանից: Ժողովուրդը չտես է, տուն կածի: Հետո էլ կարելի է չիպսի հիմնարկություն բացել:

Լավ, հանգիստ մի հատ, ընդհատեց իրեն Վովանը, պետք չի էդպես տարվել: Որտեղի՞ց փող վերցնեմ սկզբի համար:

-Քո հորից լուրջ կարո՞ղ ենք փող պոկել,- հարցրեց նա Նյուսկային,- ասա′ նրան, որ Կոստյան կարգին մարդ է, չի թռչի:

Կնիկարմատն իհարկե ընտիր էր, բայց ուղեղը Խակամադայի[11] ուղեղից շատ հեռու էր. սովորական հարց տվեցի, բայց ինչքան ժամանակ էր` տեղ չհասավ: Բայց երբ հասկացավ, Վովանին անասելի հուսադրեց.

-Եթե ես ասեմ, որ փողերը հարկավոր են գործի համար, հայրիկը, բնականաբար, կտա: Միայն թե նա կարծում է, որ ռուսական արդյունաբերության կապիտալի մեջ ներդրում անելը անմտություն է: Կայսրությունում հիմա ամեն ինչ մի քիչ անհանգիստ է: Հայրիկը վախենում է, որ հեղափոխություն կլինի, և ուզում է գործերը Ամերիկա տեղափոխել:

-Գրողը տանի, ի՞նչ հեղափոխություն,- ծամածռվեց Վովանը:- Էստեղ նե՜նց փողեր են ֆռռում: Մի՛ փքվի, Ա′նկա, գլուխ կհանենք: Մի խոսքով, դուք էստեղ մեծ համբավով մի ասիչ ունեք, կլիչկեն՝ Իլյիչ: Չե՞ս լսել: Հենց մի բան սրտով չի լինում, նստում է БМП-ի վրա, ու նենց տուր-տրաքոցի է անում, որ արյունը ջրի նման հոսում է: Ես յաշիկով եմ տեսել: Հետը կապ կհաստատեմ, հարցը կքննարկենք, համաձայնության կգանք փողի առումով: Նրա տղերքին իրենց հասանելիքը բաժին կհանեմ: Ինչների՞ն է հեղափոխությունը, նրանք հո լոխ չեն: Ինձանից պինդ բռնվի, չես կորչի, Նյուսյոկ ջան:

-Անասելի սիրում եմ քեզ,- ասաց հալից ընկած Նյուրկան և պինդ պաչեց Վովանի պռոշներից:

 



[1] Մամոնա- դրամի , հարստության, ընչաքաղցության աստված:

[2] Կլավդիա Շիֆֆեր- թոփ մոդել:

[3] Բառախաղ՝ և՛ժամացույցի հանած ձայնը, և՛ հայհոյանք  ռուսերենում:

[4] "Ер" և "ять" - այս տառերը եղել են մինչհեղափոխական ուղղագրության մեջ: 1918 թվականի ուղղագրական ռեֆորմից հետո այդ տառերը հանվեցին:

[5] Միկադո-Ճապոնական կայսրերի տիտղոս:

[6] https://www.youtube.com/watch?v=Ep2_eHqk1L4

[7] Հալյուցինագեն սունկ

[8] Գրված է հին ռուսերենով:

[9] Մոսկվայի պետական մանկավարժական օտար լեզուների համալսարան:

[10] Սիրելի՛ս.... Դուք գեղեցիկ եք: (ֆրանս.)

[11] Իրինա Խակամադա- քաղաքական գործիչ, հրապարակախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, ռադիո- և հեռուստահաղորդավար: https://ru.wikipedia.org/wiki/Хакамада,_Ирина_Муцуовна



Պատմվածքը Բորիս Ակունինի «Հեքիաթներ հիմարների համար» ժղովածուից է։ Թարգմանեց Արման Վերանյանը  

Комментариев нет: