2016-02-13

Ակսել Բակունց. բնության գովերգակը այս մահկանացու աշխարհում

<<Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ>>,- այսպես է ձևակերպել բնության հետ գրողի և ընդհանրապես մարդու կապը հայ իրականության մեջ բնությանը այդքան ներդաշնակ գրող Բակունցը։  Պատահական չէ, որ բնությունը նրա դիպուկ գրչի տակ հոգի է առնում, շատ անգամ խոսում հերոսների փոխարեն, ծիծաղում գարնանային արևի պես և լաց է լինում մառախուղի միջից։
Բակունցի բնության և մարդու փոխհարաբերության, ներդաշնակության մասին գրած ստեղծագործությունները մեծամասամբ  ամփոփված են նրա <<Մթնաձոր>> (1927թ.) ժողովածուում, որտեղ յուրաքանչյուր պատմվածք, հանձնվելով թղթին, նոր կենդանություն ու կյանք է ստացել։ Անմահացել են մարդը ու աշխարհը Բակունցի տաղանդի շնորհիվ, և տասնամյակներ շարունակ նրա գրվածքները պահպանում են իրենց արդիականության շունչը։ Այս միշտ արդիական լինելու գաղտնիքներից մեկն էլ թերևս հենց բնությունն է, որ հավերժ է ինչպես մարդկությունը և անկեղծ ու մաքուր՝ ինչպես մանուկը։
Աշխարհը բակունցյան պատմվածքներում ձուլվում է բնությանը, նրա ներքին օրինաչափություններին, առնում է բնության նախաստեղծ դեմքը և տալիս այն մարդուն՝ որպես բնության բացարձակ հաղթանակ և որպես գերակայություն մարդկային հոգիներին։ Բնությունը թևավորվում է Բակունցի տողերում, դառնում մարդկային սրտի անմեկնելի գաղտնիքների բանալի։ Ի վերջո, կարող ենք վստահությամբ ասել, որ մարդն ու բնությունը ապրող ու շնչող մեկ ամբողջական կենսագոյություն են։
Ահա Մթնաձոր կոչվող անտառը։ Այստեղ կենդանություն են առնում առասպելներն ու մարդածին մտապատրանքները։ Եղել են արդյոք նրանք, թե՝ ոչ, չենք կարող ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել, միայն մի բան է պարզ, որ <<․․․ մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի, թվում է, թե այդ մի մոռացված  անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում>> (<<Մթնաձոր>>)։ Ուշադրություն դարձնելով` մենք հասկանում ենք, որ Բակունցի համար բնությունը նախաստեղծ էր և առաջնային անգամ մարդուց։  Չկար մարդը, երբ Մթնաձորն ուներ իր <<կանոնադրությունը>>, իր նիստուկացը, չկար մարդը, երբ անտառի միակ տիրակալները վայրի գազաններն էին<<Գիշեր է դառնում և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները>>(<<Մթնաձոր>>)։  Դա գյուղաշխարհի այն անկյունն է, որտեղ «մարդը ձուլված է բնության մեջ, բնությունը՝ մարդու, ժամանակի նվազագույն միավորը դարն է, և կարծես թե մարդու ապրելակերպի ու մտածողության վրա որոշակի նկատվելիս լինի քսենոֆոնյան ժամանակների դրոշմը։ Եվ եթե Մթնաձորի անտառներից հանկարծ մի փիղ դուրս գար և տնկվեր ժամի առաջ, այնքան էլ չէին զարմանա։ Ալևոր մարդիկ կհավատացնեին, որ փիղը մեծ արջ է, և գյուղը կհավատար»։
Բնության ու մարդկային ճակատագրի մի հոյակապ զուգահեռում է անցկացվում Բակունցի <<Ալպիական մանուշակ>> պատմվածքում։ Պատմվածքը սկավում է Լեռնային Հայաստանի բնաշխարհը ներկայացնող մի գեղեցիկ նախաբանով, որն ավարտվում է բոլորին քաջ հայտնի մի նախադասությամբ<<Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան>>։ Այո՛, պարապ մարդուն կարող է աշխարհը կատարյալ դրախտ թվալ, սակայն այլ էր իրականությունը։ Մարդը այս կողմերում պարապ չէր կարող լինել, և մարդուց էլ նախաստեղծ բնությունը մոռացվել էր մահականացուների կողմից, քանի որ  դրված էր ապրուստի խնդիրը։ Ամեն անգամ ալպիական մանուշակի ծաղկումը չէր նշանակում այլ ինչ, եթե ոչ, որ ժամանակն է  «այծ ու ոչխարը քշել բերդի լանջերը, պարկը պանրով լցնել ու ձմեռը կրծել կորեկ հաց ու այծի պանիր»։  Գյուղացիներից բացի պատմվածքում կան ևս երկու գործող անձինք՝ հնագետը և նկարիչը։ Նրանք երկուսն էլ այլ կերպ էին ընկալում աշխարհը և իրենց շրջապատող չքնաղ բնությունը։ Եթե հնագետի համար աշխարհը ընդարձակ թանգարան էր,  ուր ոչինչ չէր շնչում կենդանության տարերքով, և չկային բզեզն ու մանուշակը, որպես այդ շնչավոր բնության վառ ապացույցներ, ապա այլ էր նկարչի դիրքորոշումն ու աշխարհընկալումը«Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը>>։ Նկարիչն է այն հոգին, որ այդպես սերտորեն զգում է մարդու ու բնության կապը, այն կերպարը, ում համար բնության ու մարդու այդ կապը անքակտելի է և վեր ամենայն նյությականից ու շահից։ Պատմվածքն ավարտվում է տխուր մի բնապատկերով, ուր կրկին տեսնում ենք մանուշակի մեջ քնած բզեզի այլաբանությունը<<Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա, և մակաղած ոչխարների, բերդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։ Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ, և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ»։
Փաստորեն՝ պատմվածքն սկսում և ավարտվում է բնության պատկերով, որով, կարծես թե, հեղինակը փորձել է մատնանշել կյանքի <<սկզբի ու վերջի>> հավերժական դիլեման և միևնույն ժամանակ դրա դրամատիզմը։
Ինչպես շատ ճիշտ նկատել է գրականագետ ՍԱթաբեկյանը <<բառը նաև ․․․ լռություն է>>։ Եվ հենց այս լռությունն է խոսում բակունցյան բնության շուրթերով, խոսում է՝ հաճախ ավելի խորը հետք թողնելով մարդյակին հոգիներում, քան կարող էր դա անել բառը, խոսում է ծառերի ու թռչունների, միրհավների ու վարազների, անձրևների ու չարքերի լեզվով, ինչն ավելի ազդեցիկ ու միֆական է դարձնում նրա գոյությունն ու էությունը, ցույց տալիս մարդու հանդեպ ունեցած նրա անկշիռ գերակայությունը և միևնույն ժամանակ մարդու էության հետ ունեցած բազմաթիվ աղերսները՝ սկսած ազատության անբաժանելի ձգտումից մինչև մարդկային հոգու կուսական վայրիությունը։
Հետաքրքիր է բակունցյալ լեզուն կերպարակերտման ժամանակ։ Հարազատ մնալով բնության և մարդու հոգեհարազատ լինելու համոզմունքին՝ նա շատ հաճախ համեմատում է իր հերոսներին մեծ բնության փոքր <<բնիկների>> հետ և հակառակը։ Այսպես, օրինակ <<Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը>>, <<․․․Մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու>> (<<Մթնաձոր>>), <<Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր>> (<<Օրանջիա>>), «Կնոջ վերին շրթունքն աննկատ դողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արևագույն մեխակի թերթեր» (<<Ալպիական մանուշակ>>), «Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին», <<Միրհավի մարմինը՛ տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ» (<<Միրհավ>>)։
Հենց նմանատիպ համադրությունների և համեմատությունների միջոցով էլ Բոկունցը ստեղծել է մարդ-բնություն կապի ներդաշնակության միայն իրեն բնորոշ աշխարհը: Այդ կապը ցայտուն կերպով արտահայտված է  ինչպես վերոնշյալ պատմվածքներում, այնպես էլ <<Այու սարի լանջին» պատմվածքի մեջ, հանձին Պետու և բնության փոխներդաշնակության: Լավագույն օրինակ Է նաև Լառ Մարգարը, որը «լագ-լագի» էր  և նման ու նմանատիպ շատ ու շատ օրինակներ:
Վերջացնենք․․․

Եվ սակայն ինչ կարող ենք ասել հավերժական այս գրողի և նրա աստեղծած նույնքան հավերժական կերպարների ու բնության մասին։ Նրա պատմվածքները մինչև ուղն ու ծուծը հագեցած են այդ բնությամբ, որը Բակունցի համար ուղղակի դեկորացիա չէ, ոչ էլ իրականությունից խույս տալու ու թաքնվելու ապաստարան։ Բակունցյան բնությունը շնչավորված է, կենդանի, մտնում է պատմվածքի սյուժետային հենքի մեջ, հաճախ սիմվոլիկ նշանակությամբ ձեռք բերում գաղափարական-գեղարվեստական բարձր հնչեղություն, դառնում պատկեր-կերպար։


2016-02-12

Հրանտ Մաթևոսյան. գյուղագրից մինչև մարդկային հոգեբանի պաշտոնակատար

Հրանտ Մաթևոսյան. գյուղագրից մինչև մարդկային հոգեբանի պաշտոնակատար

Լոռվա ամենապարզ ժողովուրդը հայ ազգին տվեց այնպիսի անուններ, ինչպիսիք են Հովհ. Թումանյանը, Ստ. Զորյանը և իհարկե Հր. Մաթևոսյանը: Եթե Թումանյանը կրակ էր, որ հար վառվեց մեր գրականության երկնակամարում, եթե Զորյանը պատմության փաստագիրն ու դատավկան դարձավ, ապա այլ դեր էր պահված Մաթևոսյանի համար: Նրան վիճակված էր դառնալ աշխատավոր գյուղացու  անվարձ հոգեբանը:
Նրա ամեն մի բառը սնվեց գյուղի աշխատասիրությունից ու մաքրությունից, նրա երկերը մեկը մյուսի հետևից շարունակեցին արձանագրել հայ գյուղի և հայ գյուղացու տաժանակիր կյանքն ու նրանց հանդեպ կյանքի անարդարությունը: Գյուղացին, որ սովոր էր իր արդար քրտինքով ու առանց տրտունջքի ապրել, ակամայից սկսում է հակադրության մեջ դնել իրեն և «քաղքենի քաղաքացիներին»: Նրա հերոսներից որոշները, չկարողանալով հակադրության եզրերի մեջ իրենց հետամանացության հետ հաշտվել, տրվեցին կյանքի «թեթև» հոսանքին: Նրանք փոխեցին իրենց բնակության վայրը, շարունակեցին դուրս գալ իրենց կաշիներից՝ հարմարվելու և խառնվելու քաղաքին ու նրա կյանքին, սակայն այդպես էլ, ինչպես մեզ ցույց է տալիս Մաթևոսյանը, չկարողացան սպանել իրենց մեջ գյուղացուն և նրա պարզսրտությունը. «Պավլեն… մի օր հաշիվները փակեց ոչխարի հետ, ընտանիքն առավ, գնաց քաղաք: Բայց նա ի՜նչ քաղաքի բան էր, իշի գլուխ էշը…» կամ «…ու կարտոլի պարկի կողքին՝ դաշնամուր»: 
Մաթևոսյանը ցավով ցույց տվեց իր ստեղծագործություններում, որ հայ գուղը, այն գյուղը, որ նա այնպես հպարտությամբ անվանում էր «հովիվների հանրապետություն»,  չկարողացավ դիմանալ քաղաքի ու քաղաքացիների ներխուժմանը, որ նա այսօր խարխուլ բերդի պես, որի հիմերը հողին հավասարվելու են պատրաստվում, տնքում է անզորությունից: Գյուղը գյուղացով է գյուղ, բայց գյուղացիների աչքը դրսում է. «Կինը Զավենի վիզն անընդհատ ծռում է դեպի քաղաք. «Պավլեն, որ էնտեղ ապրում է, մենք չե՞նք ապրի, շարժվիր, ես մի գործարանում հավաքարա՜ր կաշխատեմ»:Իշխո՛ն, Իշխո՛ն… Իշխոն էլ է աչքը գցել քաղաքին»: 
Մաթևոսյանի սիրտը հատկապես ցավում էր, իր իսկ որակումով ասած, բեռնաձի-մարդկանց համար: Գյուղը լիքն էր անդրոներով, մարիամներով, աշխեններով և իհարկե ալխոներով: Եվ որքան էլ դժվար չլիներ նրանց կյանքը, այնուամենայնիվ նրանք Մաթևոսյանի սիրուն ու հարգանքին արժանացել էին հենց իրենց բեռնաձի լինելու պատճառով: Բայց երբ մեկն ու մեկը այս բեռնաձիերից կարողանում էր ազատագրվել գյուղի կապանքներից, Մաթևոսյանը դադարում էր հարգել նրան, քանի որ նա, այդ «գյուղապուրծը», հանդգնել էր դուրս գալ իր իրական ես-ից, ներկայանալ լրիվ ուրիշ մարդու կերպարով, իսկ սուտն ու կեղծիքը առաջին մեղքն էր, որ խարազանում էր հեղինակը. «Եվ զգացի, որ ես էլ այդ ձիուն եմ խորթանում: Եվ տեսնելով նրա ճարպոտ, ամեն օր քորվող, լվացվող, յուղվող գավակը, ես զգացի, որ նրան ատում եմ և որ իմ մեջ կարծր է բեռնաձին՝ բոռերից քրքրվող, երեխաներից ծեծվող բեռնաձին, հովատակից արհամարհված, հովատակի սարսափը ջլերի մեջ և առջևը ծղոտ» : 
Մաթևոսյանը, սակայն, կուրորեն չէր գերագնահատում բեռնաձիու գոյությունը: Բեռնաձիերին (նաև՝ բեռնաձի-մարդկանց) նա հակադրության մեջ էր դնում գոմեշների հետ, ովքեր, ի տարերություն առաջինների, ինքազոհողությամբ չէին աշխատում, նրանց համար հաճույքը մղված էր առաջին պլան, և պատահական չէ, որ ռուս քննադատ Ալլա Մարչենկոյի հարցին, թե ում կուզենար տեսնել Մաթևոսյանը  Ծմակուտի ենթադրյալ-հավանական զինանշանին՝ Ալխո ձիու՞ն, թե՞ գոմեշին, հեղինակը պատասխանել է. «Իմ Ծմակուտում ամենաիմը իմ Ալխոն է»:
Մի առանձին տիպ է գյուղաբնակների և գրականության մեջ Աղունը: Հանրությանը այդքան ծանոթ կերպարը ամփոփում է իր մեջ հայ կնոջ ամենադրական հատկանիշները: Ոչինչ որ նրա տունը քանդվելու եզրին էր իր իսկ լեզվի պատճառով, ինչպես փորձում է պարզաբանում տալ սկեսուրը՝ Արուսը, այնուամենայնիվ հենց այդ լեզուն է դառնում Աղունի և նրա նմանների աշխարաճանաչման, անարդարության դեմ ընդվզումի ու ինքնահաստատման անխախտ միջոցը: Աղունը հայ գրականության այն կերպարն է, որի մեջ հեղինակին հաջողվել է ամբողջացնել մայրական ապրումները, խոր հոգեբանությունը և բարոյախոսությունը, որն ավելի շատ հիշեցնում է կյանքի դաս: Պատահական չէ, որ Աղունի կերպարը «Աշնան արևով» Մաթևոսյանը չի կարողանում եզրափակել: Աղունը ավելի լայն խոհերի ու մտածմունքների տեր կերպար է, և հենց դրա համար էլ հեղինակը հնարավարություն է տալիս նրան պարզել իր կենսափիլիսոփայությունը արդեն հաջորդ` «Ծառեր» վիպակում: Աղունը կյանքի դասեր է տալիս որդուն նրա երկու պապերի օրինակով. հորդորում է չլինել ինչպես իր պատրոն և նրա պապ Ավետիքը, որ բոլորը օգտագործեն, իսկ անպեք եղած ժամանակ շպրտեն մի կողմ: Սիրագորով մայրը ցանկանում է, որ որդին նմանվի իր հորը՝ մայրական պապին՝ Իշխանին, ով գիտի ճիշտ տեղում մեջքը խոնարհել հետո մեկ աստիճանով բարձրանալու համար: Ասելով այս՝ Աղունը ամենևին չի ցանկանում որդուն դարձնել անխիղճ ու անզգա, շողոքորթ ու տմարդի, ո՛չ, ուղղակի նա փորձում է հասկացնել, որ մի բան է խիղճը, և մեկ այլ՝ խեղճությունը. «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:  Աղունի ողջ այս կենսափիլիսոփայությունը հեղինակը ամփոփում է մի կարճ, բայց դիպուկ նախադասության մեջ. «Ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն»: 

2002 թ-ին ընդհատվեց մեծանուն արձակագրի կյանքի թելը, սակայն նրա թողած գրական ժառանգությունը հավերժ կենդանի կպահի նրան ժողովրդի հիշողության մեջ:

*** Մեջբերումներն արված են Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը», «Նարինջ Զամբիկ», «Ծառերը» գործերից:
Հեղինակ՝ Ա. Վերանյան