<<Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս
ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ>>,- այսպես
է ձևակերպել բնության հետ գրողի և ընդհանրապես մարդու կապը հայ իրականության մեջ բնությանը
այդքան ներդաշնակ գրող Բակունցը։ Պատահական
չէ, որ բնությունը նրա դիպուկ գրչի տակ հոգի է առնում, շատ անգամ խոսում հերոսների
փոխարեն, ծիծաղում գարնանային արևի պես և լաց է լինում մառախուղի միջից։
Բակունցի բնության և մարդու փոխհարաբերության,
ներդաշնակության մասին գրած ստեղծագործությունները մեծամասամբ ամփոփված են նրա <<Մթնաձոր>> (1927թ.)
ժողովածուում, որտեղ յուրաքանչյուր պատմվածք, հանձնվելով թղթին, նոր կենդանություն
ու կյանք է ստացել։ Անմահացել են մարդը ու աշխարհը Բակունցի տաղանդի շնորհիվ, և տասնամյակներ
շարունակ նրա գրվածքները պահպանում են իրենց արդիականության շունչը։ Այս միշտ արդիական
լինելու գաղտնիքներից մեկն էլ թերևս հենց բնությունն է, որ հավերժ է ինչպես մարդկությունը
և անկեղծ ու մաքուր՝ ինչպես մանուկը։
Աշխարհը բակունցյան պատմվածքներում
ձուլվում է բնությանը, նրա ներքին օրինաչափություններին, առնում է բնության նախաստեղծ
դեմքը և տալիս այն մարդուն՝ որպես բնության բացարձակ հաղթանակ և որպես գերակայություն
մարդկային հոգիներին։ Բնությունը թևավորվում է Բակունցի տողերում, դառնում մարդկային
սրտի անմեկնելի գաղտնիքների բանալի։ Ի վերջո, կարող ենք վստահությամբ ասել, որ մարդն
ու բնությունը ապրող ու շնչող մեկ ամբողջական կենսագոյություն են։
Ահա Մթնաձոր կոչվող անտառը։ Այստեղ
կենդանություն են առնում առասպելներն ու մարդածին մտապատրանքները։ Եղել են արդյոք նրանք,
թե՝ ոչ, չենք կարող ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել, միայն մի բան է պարզ, որ
<<․․․ մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի,
թվում է, թե այդ մի մոռացված անկյուն է այն
օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես
արջը մեր օրերում>> (<<Մթնաձոր>>)։ Ուշադրություն դարձնելով` մենք հասկանում
ենք, որ Բակունցի համար բնությունը նախաստեղծ էր և առաջնային անգամ մարդուց։ Չկար մարդը, երբ Մթնաձորն ուներ իր <<կանոնադրությունը>>,
իր նիստուկացը, չկար մարդը, երբ անտառի միակ տիրակալները վայրի գազաններն էին․ <<Գիշեր է դառնում և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի
բնիկները>>(<<Մթնաձոր>>)։
Դա գյուղաշխարհի այն անկյունն է, որտեղ «մարդը ձուլված է բնության մեջ, բնությունը՝
մարդու, ժամանակի նվազագույն միավորը դարն է, և կարծես թե մարդու ապրելակերպի ու մտածողության
վրա որոշակի նկատվելիս լինի քսենոֆոնյան ժամանակների դրոշմը։ Եվ եթե Մթնաձորի անտառներից
հանկարծ մի փիղ դուրս գար և տնկվեր ժամի առաջ, այնքան էլ չէին զարմանա։ Ալևոր մարդիկ
կհավատացնեին, որ փիղը մեծ արջ է, և գյուղը կհավատար»։
Բնության ու մարդկային ճակատագրի մի հոյակապ զուգահեռում
է անցկացվում Բակունցի <<Ալպիական մանուշակ>> պատմվածքում։ Պատմվածքը սկավում
է Լեռնային Հայաստանի բնաշխարհը ներկայացնող մի գեղեցիկ նախաբանով, որն ավարտվում է
բոլորին քաջ հայտնի մի նախադասությամբ․<<Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր
թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան>>։ Այո՛, պարապ մարդուն կարող է աշխարհը
կատարյալ դրախտ թվալ, սակայն այլ էր իրականությունը։ Մարդը այս կողմերում պարապ չէր
կարող լինել, և մարդուց էլ նախաստեղծ բնությունը մոռացվել էր մահականացուների կողմից,
քանի որ դրված էր ապրուստի խնդիրը։ Ամեն անգամ
ալպիական մանուշակի ծաղկումը չէր նշանակում այլ ինչ, եթե ոչ, որ ժամանակն է «այծ ու ոչխարը քշել բերդի լանջերը, պարկը պանրով
լցնել ու ձմեռը կրծել կորեկ հաց ու այծի պանիր»։
Գյուղացիներից բացի պատմվածքում կան ևս երկու գործող անձինք՝ հնագետը և նկարիչը։
Նրանք երկուսն էլ այլ կերպ էին ընկալում աշխարհը և իրենց շրջապատող չքնաղ բնությունը։
Եթե հնագետի համար աշխարհը ընդարձակ թանգարան էր,
ուր ոչինչ չէր շնչում կենդանության տարերքով, և չկային բզեզն ու մանուշակը,
որպես այդ շնչավոր բնության վառ ապացույցներ, ապա այլ էր նկարչի դիրքորոշումն ու աշխարհընկալումը․ «Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը>>։ Նկարիչն է այն հոգին, որ այդպես սերտորեն զգում է
մարդու ու բնության կապը, այն կերպարը, ում համար բնության ու մարդու այդ կապը անքակտելի
է և վեր ամենայն նյությականից ու շահից։ Պատմվածքն ավարտվում է տխուր մի բնապատկերով,
ուր կրկին տեսնում ենք մանուշակի մեջ քնած բզեզի այլաբանությունը․ <<Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա, և մակաղած ոչխարների, բերդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։ Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ, և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…»։
Փաստորեն՝ պատմվածքն սկսում և ավարտվում է բնության պատկերով,
որով, կարծես թե, հեղինակը փորձել է մատնանշել կյանքի <<սկզբի ու վերջի>>
հավերժական դիլեման և միևնույն ժամանակ դրա դրամատիզմը։
Ինչպես շատ ճիշտ նկատել է գրականագետ Ս․ Աթաբեկյանը <<բառը նաև ․․․ լռություն է>>։
Եվ հենց այս լռությունն է խոսում բակունցյան բնության շուրթերով, խոսում է՝ հաճախ ավելի
խորը հետք թողնելով մարդյակին հոգիներում, քան կարող էր դա անել բառը, խոսում է ծառերի
ու թռչունների, միրհավների ու վարազների, անձրևների ու չարքերի լեզվով, ինչն ավելի
ազդեցիկ ու միֆական է դարձնում նրա գոյությունն ու էությունը, ցույց տալիս մարդու հանդեպ
ունեցած նրա անկշիռ գերակայությունը և միևնույն ժամանակ մարդու էության հետ ունեցած
բազմաթիվ աղերսները՝ սկսած ազատության անբաժանելի ձգտումից մինչև մարդկային հոգու կուսական
վայրիությունը։
Հետաքրքիր է բակունցյալ լեզուն կերպարակերտման ժամանակ։
Հարազատ մնալով բնության և մարդու հոգեհարազատ լինելու համոզմունքին՝ նա շատ հաճախ
համեմատում է իր հերոսներին մեծ բնության փոքր <<բնիկների>> հետ և հակառակը։
Այսպես, օրինակ․ <<Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը>>,
<<․․․Մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու>> (<<Մթնաձոր>>),
<<Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ
մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր>> (<<Օրանջիա>>),
«Կնոջ վերին շրթունքն աննկատ դողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արևագույն
մեխակի թերթեր» (<<Ալպիական մանուշակ>>), «Հարսը փափուկ քայլերով, ինչպես
այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին», <<Միրհավի մարմինը՛ տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ» (<<Միրհավ>>)։
Հենց նմանատիպ համադրությունների և համեմատությունների միջոցով էլ Բոկունցը ստեղծել է մարդ-բնություն կապի ներդաշնակության միայն իրեն բնորոշ աշխարհը: Այդ կապը ցայտուն կերպով արտահայտված է ինչպես վերոնշյալ պատմվածքներում,
այնպես էլ <<Այու սարի լանջին» պատմվածքի մեջ, հանձին Պետու և բնության փոխներդաշնակության: Լավագույն օրինակ Է նաև Լառ Մարգարը, որը «լագ-լագի» էր և նման ու նմանատիպ շատ ու շատ օրինակներ:
Վերջացնենք․․․
Եվ սակայն ինչ կարող ենք ասել հավերժական այս գրողի
և նրա աստեղծած նույնքան հավերժական կերպարների ու բնության մասին։ Նրա պատմվածքները
մինչև ուղն ու ծուծը հագեցած են այդ բնությամբ, որը Բակունցի համար ուղղակի դեկորացիա
չէ, ոչ էլ իրականությունից խույս տալու ու թաքնվելու ապաստարան։ Բակունցյան բնությունը
շնչավորված է, կենդանի, մտնում է պատմվածքի սյուժետային հենքի մեջ, հաճախ սիմվոլիկ
նշանակությամբ ձեռք բերում գաղափարական-գեղարվեստական բարձր հնչեղություն, դառնում
պատկեր-կերպար։
Комментариев нет:
Отправить комментарий