2021-02-21

«Արգելված» Բրեդբըրի №2 (16+)

 

Իմաստնության գաղտնիքը


Սենյակը նման էր մեծ, տաք օջախի, որը լուսավորվում էր անտեսանելի կրակով ու միևնույն ժամանակ հարմարավետ էր։  Բուխարու մեջ ծուլորեն նարնջագույն աչուկներով մխում էին մի քանի թաց գերաններ։ Այս պատերի մեջ դանդաղ տարածվում էր, լռում ու նորից տարածվում էր երաժշտությունը։ Հեռավոր անկյունում վառվում էր միակ կիտրոնագույն լամպը, և պատերը ներկում էր դեղին, ամառային գույներով։ Անթերի հարթեցրած հատակափայտը փայլում էր մութ գետի պես,  և նրա մակերևույթի վրա  ասես լողում էին գորգերը, որոնց խավը հիշեցնում էր էր հարավամերիկյան վայրի թռչունների՝ փայլող ջունգլիների կապույտ, սպիտակ ու  կանաչ լույսերով։ Սպիտակ ճենապակյա ծաղկամանները, որ լի էին նոր կտրված ջերմոցային ծաղիկներով, անխռով բացավառվում էին սենյակի չոր փոքրիկ սեղանների վրա։ Բուխարու վերևում մի երիտասարդի լուրջ դիմանկար նայում էր նույն գույնի աչքերով, ինչ որ կերամիկան՝ մուգ կապույտ, խելամիտ ու կենսական ուժով լի։

Կամաց սենյակ մտնելով՝ կարելի էր և չնկատել երկու տղամարդուն, այդ աստիճան նրանք անշարժ ու լուռ էին։

Նրանցից մեկը նստած էր փակ աչքերով ՝ թիկնված մաքուր, ճերմակ բազմոցի վրա։ Երկրորդն այնպես էր պառկած, որ նրա գլուխը մյուսի ծնկներին էր։ Նրա աչքերը նույնպես փակ էին նա լսում էր։ Անձրևը թակում էր լուսամուտներին։ Երաժշտությունը վերջացավ։

Ակնթարթորեն դուռը կամաց ճռճռաց։

Երկու տղամարդիկ էլ թարթեցին աչքերը՝ ասես ասելով «Մարդիկ չեն ճանկռտում դուռը, այլ թակում են»։

Տղամարդը, որ պառկած էր, դեպի դուռը նետվեց ու ձայնեց

-Այդտեղ մարդ կա՞։

-Աստված է վկա, որ կա,- ասաց ծերունական ձայնը թեթև առոգանությամբ։

-Պապի՜կ։

Բացելով դուռը՝ երիտասարդը տաք սենյակ ներս քաշեց փոքրիկ, կլորիկ ծերունուն։

-Թո՛մ, տղաս, ա՜խ, Թոմ, ես էլ եմ ուրախ տեսնել քեզ։

Նրանք ամուր գրկեցին իրար՝ թփթփացնելով մեկմեկու թիկունքներին։ Հետո ծերունին նկատեց, որ սենյակում էլի մարդ կա, ու հետ քաշվեց։

Թոմը կտրուկ շրջվեց՝ ցույց տալով

-Պապի՛կ, Ֆրենկն է։ Ֆրե՛նկ, պապիկս է․․․այսինքն, նկատի ունեմ․․․ օ՜, գրողը տանի։

Ծերունին ցրեց րոպեական լարվածությունը խոշոր քայլերով նա մոտեցավ բազմոցին, բռնեց Ֆրենկի ձեռքը, քաշեց իր կողմը վերջինս ոտքի կանգնեց, ու հիմա նա վեր էր հառել գիշերից եկած փոքրիկ հյուրի վրա։

-Ֆրենկ, հա՞,- ծերունին բարձր բղավեց։

-Այո՛, սը՛ր,- պատասխանեց Ֆրենկը։

-Ես,- ասաց պապը,- հինգ րոպե է, ինչ դռան տակ կանգնած եմ։

-Հի՞նգ րոպե,- տագնապած բացականչեցին երկուսն էլ։

-․․․ ու ծանրութեթև էի անում՝ թակել, թե չթակել։ Երաժշտության ձայնը լսեցի ու ինքս ինձ ասացի, անիծյալը, որ եթե նրա մոտ աղջիկ կա, թող կամ լուսամուտից նրան անձրևի տակ դուրս անի, կամ ցույց տա ծերուկիս, թե ինչպիսի գեղեցկուհին է։ Թակեցի ու․․․ ու ոչ մի աղջիկ էլ չեմ տեսնում այստեղ․․․կամ էլ դուք նրան պահարան եք խոթել, հա՞։

-Այստեղ ոչ մի աղջիկ էլ չկա, պապի՛կ,- Թոմը ձեռքերը տարածեց սենյակում։

-Բայց․․․-Պապը նայեց հղկած հատակին, մաքուր գորգերին, վառ ծաղիկներին, պատերից կախված դիմանկարներին։

-Վարձակալում եք, ի՞նչ է։

-Վարձակալո՞ւմ։

-Նկատի ունեմ, որ այս սենյակն այնպիսի տեսք ունի, որ անմիջապես զգում ես, որ կնոջ ձեռք է դիպել։  Ասես շոգենավի գովազդային պաստառի վրա, ես դրանցով ցուցափեղկերի հետևից եմ հիացել կյանքիս կեսը։

-Դե մենք․․․-սկսեց Ֆրենկը։

-Հարցն այն է, պապի՛կ,- ասաց Թոմը՝ մաքրելով կոկորդը,- մենք ենք այստեղ ամեն ինչ կահավորել։ Վերանորոգել։

-Վերանորոգե՞լ։- Ծերունու ծնոտը կախվեց զարմանքից։ Նրա աչքերը ապշած շրջում էին չոր պատերի մեջ։ - Դուք երկուսո՞վ եք սա սարքել։ Տեր Աստված։- Նա շոշափեց կապույտ ու սպիտակ գույներով մոխրամանը, շոշափեց գորգը, որ կակադուի նման պայծառ էր։

-Ձեզնից ով ի՞նչ է արել,- հանկարծ հարցրեց նա՝ մի հայացք նետելով մեզ վրա։

Թոմը կարմրեց ու կակազելով ասաց

-Դե, մենք․․․

-Ո՛չ, Աստված իմ, լռիր,- բացականչեց ծերունին՝ բարձրացնելով մի ձեռքը։- Ի՞նչ եմ տուն մտնելով միանգամից անուղեղ շան պես հոտոտում, այնինչ այստեղ աղվես չկա։ Փակի՛ր այդ դուռը։ Ավելի լավ է հարցու, թե ուր եմ պատրաստվում գնալ ես, ի՞նչ եմ մտադրվել, դե՞։ Եվ, ի դեպ, ձեր այս պատկերասրահում մի Գազանի համար էլ տեղ չի՞ գտնվի։

-Իհարկե կգտնվի,-ասաց Թոմը՝ փակելով դուռը։

Նա օգնեց պապին հանել կիպ վերարկուն, երեք բաժակ հանեց ու մի իռլանդական վիսկի ծերունին զգուշորեն ու քնքշանքով դիպավ շշին, ասես նորածին երեխայի էր դիպչում։

-Այսպես ավելի լավ է,- ասաց նա,- ինչի՞ համար ենք խմում։

-Ինչպե՞ս թե ինչի։ Քո կենացը, պապի՛կ։

-Ո՛չ, ո՛չ,- ծերունին հայացք գցեց նախ Թոմի, ապա նրա ընկերոջ՝ Ֆրենկի վրա։- Տեր Աստված,- հառաչեց նա,-որքան երիտասարդ եք երկուսդ էլ, մարդու սիրտ է փշրվում ձեզ նայելիս։ Եկեք խմենք առողջ սրտերի, վարդագույն այտերի ու այն բանի կենացը, որ ողջ կյանքն առջևում է, որ առջևում ինչ-որ տեղ երջանկություն է սպասվում, գնա ու վերցրու։ Ճի՞շտ եմ ասում։

-Ճիշտ է,- ասացին երկուսն էլ ու խմեցին։

Եվ քանի դեռ խմում էին, նրանք երեքն էլ զվարթ, իսկ գուցե և զգուշորեն իրար էին նայում։ Եվ երիտասարդները նկատեցին ծերունու կարմրով պատված դեմքին, չնայած ոչ քչաթիվ կնճիռների, չնայած դաժան կյանքի թողած բազում հետքերի, տարիների խորքից երևում էր Թոմի արտացոլվող դեմքը։ Հատկապես ծերունական կապույտ աչքերում վառ երևում էր պատից կախված դիմանկարի աչքերում փայլող սուր մտքի արտահայտությունը։ Եվ ծերունական շուրթերի անկյուններում թաքնված է միևնույն ժպիտը, որն ակնթարթորեն հայտնվում է Թոմի երեսին, ու ծերունու ձեռքերը նույնքան ճարպկորեն են շարժվում, որքան Թոմի ձեռքերը։ Այդպես այդ երկուսը խմում էին, իրար  կողմ էին հակվում, ժպտում ու նորից խմում, նրանից յուրաքանչյուրը մյուսի մեջ էր արտացոլվում, ասես հայելում, յուրաքանչյուրն ուրախ էր, որ ծերունին ու երիտասարդը՝ միևնույն աչքերով ու ձեռքերով, միևնույն արյունով, հանդիպեցին իրար այս անձրևոտ գիշերը։

-Էհ՜, Թոմ, Թոմ, սիրում եմ նայել քեզ,- ասաց պապը,- Դուբլինում տհաճ էր այս չորս տարիների ընթացքում առանց քեզ։ Բայց, գրողը տանի, ես մեռնում եմ։  Ո՛չ, մի հարցրու՝ ինչից ու ինչու։ Բժիշկն ինձ հայտնեց դա, անիծվի նա, ու ասես այդ նորությունով բռունցքն իջեցրեց գլխիս։ Ես էլ որոշեցի, որ փոխանակ հարազատությունը փող ծախսի ճանապարհի վրա ծերուկիս հաջողություն ասելու համար, ավելի լավ է ես ինքս մեկնեմ բոլորի մոտ, սեղմեմ նրանց ձեռքերը, մի-մի բաժակ խմեմ՝ իբրև հաջողություն։ Ահա ուրեմն, հիմա ես այստեղ եմ, իսկ վաղը Լոնդոն եմ մեկնելու՝ տեսակցելու Լյուսիին, իսկ վաղը չէ մյուս օրը՝ Գլազգո՝ տեսնելու Դիկին։ Միայն մեկ օր, ոչ մեկի մոտ ավելին չեմ մնում, չեմ ուզում բեռ դառնամ ինչ-որ մեկին։ Ու ընդհանրապես աչքերը չռելու կարիք չկա։ Ու ինձ խղճալու կարիք էլ չկա։ Ես արդեն ութսուն տարեկան եմ, և ժամանակն է հոգեհանգիստ կազմակերպելու պատիվը պատվով, բայց ես փող եմ հետ գցել դրա համար, այնպես որ լռիր։ Ահա ուրեմն մեկնում եմ բոլորին տեսնակցելու, ուզում եմ իմ աչքերով տեսնել, որ բոլորը զվարթ են ու առողջ, այդ դեպքում, գուցե, հանգիստ խղճով կմեռնեմ։ Ես․․․

-Պապի՜կ,- հանկարծ բացականչեց Թոմն ու բռնեց ծերունու ձեռքերը, հետո գրկեց նրա ուսերը։

-Օրհնյալ լինես տղաս, շնորհակալություն,- ասաց ծերունին՝ հանդիպելով երիտասարդի հայացքին, որ մշուշված էր արցունքներից։- Աչքերիցդ ամեն ինչ երևում է, բավական է։- Նա մեղմորեն հետ հրեց թոռանը։- Պատմիր ինձ Լոնդոնի, քո աշխատանքի, այս տան մասին։ Դու նույնպես, Ֆրենկ, պատմիր, Թոմի Ընկերը ինձ համար արյունակցին հավասար մեկն է։

-Ներեցեք,- Ֆրենկը դեպի դուռը սլացավ,- դուք խոսելու շատ բան ունեք։ Իսկ ես մի քանի բան ունեմ գնելու․․․

-Սպասի՛ր։

Ֆրենկը կանգ առավ։

Միայն հիմա ծերունին ուշադիր նայելով բուխարու վերևի դիմանկարը, մոտեցավ, կկոցեց աչքերն ու կարդաց ստորին անկյունի ստորագրությունը։

-Ֆրենկ Դևիս։ Դո՞ւ ես, տղա։ Դո՞ւ ես նկարել այս նկարը։

-Այո՛, սը՛ր,- ասաց Ֆրենկը դռան մոտից։

-Ինչքա՞ն ժամանակ առաջ։

-Կարծում եմ՝ երեք տարի առաջ։ Այո՛, երեք։

Ծերունին դանդաղ գլխով արեց, կարծես այդ տեղեկությունը միայն ավելի բարդացրեց հանելուկը, որի վրա նա գլուխ էր կոտրում։

-Իսկ գիտե՞ս, Թոմ, թե ում նման է։

-Գիտեմ, պապիկ։ Քեզ է նման։ Երբ դու այդ տարիքին էիր։

-Ուրեմն դու էլ ես դա նկատո՞ւմ։ Տեր Աստված, այո՛։  Դա ես եմ տասնութերորդ տարեդարձիս և ողջ Իռլանդիան՝ իր ողջ կանաչ մարգագետիններով ու նրբիկ աղջիկներով, որ դեռ լինելու են իմ կյանքում։ Դա ես եմ, ես։ Աստված է վկա, ես գեղեցիկ էի, ու դու էլ գեղեցիկ ես, Թոմ։ Իսկ դու՝ Ֆրենկ, Աստված է վկա, մոգ ես։ Դու լավ նկարիչ ես, տղա։

-Անում եմ այն, ինչ կարողանում եմ,- Ֆրենկը կամաց հեռացավ դռան մոտից ու հիմա կանգնած էր սենյակի կենտրոնում։ Անում եմ այն, ինչ գիտեմ ու կարողանում եմ։

-Իսկ դու գիտես Թոմին մինչև մազերի ծայրն ու վերջին թարթիչը- Ծերունին շրջվեց ու ժպտաց։ -Ի՞նչ է, Թոմ, ինչ ես զգում աշխարհին իմ աչքերով նայելիս։ Զգո՞ւմ ես, ամեն ինչ ենթակա է քեզ, որ դու հերոս ես, իսկ ողջ աշխարհը միայն քեզ է սպասում։

Թոմը ծիծաղեց։ Պապն էլ ծիծաղեց։ Ֆրենկն էլ միացավ նրանց։

-Եվս մի-մի բաժակ,-ծերունին բոլորին վիսկի լցրեց,- ու միայն դրանից հետո մենք կթողնենք, որ դու դիվանագիտորեն հեռանաս, Ֆրե՛նկ։ Բայց հետո վերադարձիր։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։

-Ինչի՞ մասին,-հարցրեց Ֆրենկը։

-Ա՜հ, առեղծվածների մասին։ Կյանքի մասին։ Ժամանակի մասին։ Գոյի մասին։ Ըստ քեզ, է՞լ ինչի մասին, Ֆրենկ։

-Այդքանն էլ բավական է, պապի՛կ,- սկսեց Ֆրենկն ու  կանգ առավ՝ զարմացած իր բերանից դուրս թռած բառի վրա։- Այսինքն․․․ ներեցեք միստ Քելլի․․․

-Պապիկ էլ կլինի։

-Ես պետք է գնամ,- Ֆրենկը մի ումպով խմեց իր վիսկին,- ես ավելի ուշ կզանգեմ քեզ, Թոմ։

Դուռը փակվեց։ Ֆրենկն անհետացավ։

-Իհարկե, այս երեկո այստեղ ես քնելու, չէ՞, պապիկ։- Թոմը վերցրեց ծերունու ճամպրուկը։- Ֆրենկը չի վերադառնալու։ Դու նրա մահճակալին կքնես։- Թոմն արդեն էր հեռավոր պատի մոտի երկու բազմոցներից մեկի վրա սավաններ էր փռում։- Միայն թե դեռ վաղ է։ Արի մի քիչ էլ խմենք ու խոսենք, պապի՛կ։

Բայց ծերունին ապշած լռում էր՝ հերթով նայելով պատից կախված նկարներին։

-Լավ է նկարված։

-Ֆրեկն է նկարել։

-Ու այն լամպն էլ է շատ գեղեցիկ։

-Ֆրենկն է սարքել։

-Հատակի գո՞րգն էլ․․․

-Ֆրենկը։

-Ամենակարող տեր,- շշնջաց ծերունին,- ա՜յ թե աշխատասերն է այդ Ֆրենկը։

Նա հանդարտ քայլում էր սենյակով, ասես պատկերասրահ այցելած լիներ։

-Թվում է՝ սենյակը թնդում է նրա գեղարվեստական նուրբ տաղանդից,- ասաց պապը։- Դուբլինում դու ոչ մի նման բանի վարպետ չէիր։

-Տնից հեռու շատ բան ես սովորում,- ամաչկոտ ասաց Թոմը։

Ծերունին փակեց աչքերն ու խմեց իր խմիչքը։

-Ինչ-որ բան այնպես չէ՞, պապիկ։

-Պատահում է՝ գիշերվա կեսին ցավում է,- ասաց ծերունին։-Կարող է այնպես լինել, որ անկողնուց ոտքի կանգնեմ ու գոռամ։  Բայց հիմա միայն ստամոքսումս ու մի փոքր էլ ծոծրակս է ցավում։ Արի՛ խոսենք, տղա՛ս։

Ու նրանք խոսեցին ու խմեցին մինչև կեսգիշեր, իսկ հետո ծերունին պառկեց քնելու, ու թոռը նույնպես։ Քիչ ժամանակ անց երկուսն էլ քնեցին։

Գիշերվա մոտավորապես երկուսին ծերունին հանկարծակի աթնացավ։

Նա նայեց շուրջը՝ մթության մեջ՝ փորձելով հասկանալ, թե որտեղ է գտնվում, հետո նայեց պատերի նկարներին, փափուկ բազկաթոռներին, լամպին ու գորգերին, այն ամենին, ինչ Ֆրենկն էր պատրաստել, ու նստեց տեղում։ Սեղմեց բռունցքները։ Հետո վեր կենալով՝ շտապ հագնվեց ու ճոճվելով դեպի դուռը նետվեց այնպես, ասես վախենում էր, որ  կարող է չհասնել դրան նախքան ինչ-որ սարսափելի դեպք պատահելը։

Երբ դուռը շրխկաց, Թոմը լայն բացեց աչքերը։ Ինչ-որ տեղ մթության մեջ լսվում էր մեկի կանչը, գոռոցը, ինչ-որ մեկը մարտահրավեր էր նետում  տարերքներին, հայհոյում էր, ամբողջ կոկորդով անեծքներ էր գոռում, իսկ ամենավերջում հարվածների տարափ տեղաց՝ վայրի, խելահեղ հարվածների, ասես ինչ-որ մեկը պատին կամ մարդու էր հարվածում։

Երկար ժամանակ անց պապը շփոթված վերադարձավ սենյակ՝ մինչև վերջ թրջված։ Երերալով ու ինչ-որ բան փնթփնթալով՝ նա հանգած բուխարու առջև հանեց իր վրայից ամբողջովին թրջված հագուստը, ածուխի վրա թերթ նետեց, մի ակնթարթ կրակը բռնկվեց ու լուսավորեց նրա դեմքը ցասումն այդ դեմքի վրա նվազում էր։ Ծերունին որոնեց Թոմի դեն նետած խալաթը, գցեց այն ուսերին։ Հետո պարզեց ձեռքերը հանգչող ածուխներին։ Թոմը կկոցեց աչքերը նրա ձեռքերը արյունշաղախ էին։

-Գրողը տանի, գրողը տանի, գրողը տանի։ Ա՜յ այսպես։- Ծերունին իր համար վիսկի լցրեց ու մի ումպով խմեց այն։ Նայեց Թոմին, պատերի նկարներին, նորից Թոմին, ծաղկամանների միջի ծաղիկներին ու նորից խմեց։ Երկար ժամանակ անց Թոմը ձևացրեց, թե արթնանում է։

-Երկուս անց է, պապի՛կ։ Քեզ հանգստանալ է պետք։

-Կհանգստանամ, երբ վերջացնեմ խմելս։ Եվ մտածելս։

-Ինչի՞ մասին մտածելը, պապիկ։

Ծերունին նստած էր աղոտ սենյակում՝ երկու ձեռքով բռնած բաժակը ածուխները բուխարու մեջ վերջին ուրվականային լույսն էին արձակում

-Հենց հիմա,-ասաց ծերունին,- հիշեցի քո սիրելի տատիկին, 1902-ի հունիսը։ Եվ թե ինչպես ծնվեց քո հայրը, և դա հրաշալի էր, հետո ծնվեցիր դու, և դա նույնպես հրաշալի էր։ Եվ թե ինչպես քո հայրը մահացավ երիտասարդ հասակում, և թե ինչ ծանր կյանք բաժին ընկավ քո մայրիկին՝ դաժան, սոված ու ցուրտ դա ինչ-որ բնակարանում էր Դուբլինում, և գուցե մայրդ չափից դուրս էր փայփայում քեզ։ Իսկ ես անընդհատ աշխատում էի, ու մենք ամսվա մեջ մեկ անգամ էինք տեսնում իրար։ Մարդիկ ծնվում են, մարդիկ մեռնում են։ Այդպիսի մտքեր են պտտվում ծերուկիս մտքում գիշերները։ Ես մտածում եմ այն մասին, թե ինչպես դու ծնվեցիր, Թո՛մ, դա երջանիկ օր էր։ Իսկ հիմա տեսնում եմ քեզ, այստեղ։ Ահա նման մի բան։

Ծերունին խմեց իր վիսկին։

-Պապի՛կ,- ասաց վերջապես Թոմը, ասես մի փոքրիկ երեխա, որը տույժի ու ներողամտության է սպասում դեռևս անանուն մեղքի համար,- ես քեզ վրոդվմո՞ւնք եմ պատճառել։

-Ո՛չ,- ասաց ծերունին, ու հավելեց,- բայց ինչպե՞ս կվարվի կյանքը քեզ հետ, ինչպե՞ս կվերաբերվեն քեզ մարդիկ՝ լավ, թե վատ․․․ ահա թե ինչը չէր թողնում, որ քնեմ։

Ծերունին նստած էր անշարժ։ Թոռը երկար ժամանակ նայում էր նրան լայն բացված աչքերով ու վերջապես, ասես կարդալով նրա մտքերը՝ ասաց

-Պապի՛կ, ես երջանիկ եմ։

Ծերունին առաջ թեքվեց

-Իսկապե՞ս երջանիկ ես, տղա՛ս։

-Իմ կյանքում երբեք այսքան երջանիկ չեմ եղել, սը՛ր։

-Այո՜,- աղոտ սենյակի միջով ծերունին նայեց երիտասարդի դեմքին,- ես դա տեսնում եմ։ Բայց երկա՞ր կտևի քո երջանկությունը, Թո՛մ։

-Իսկ ինչ-որ մեկը երբևէ երկա՞ր է երջանիկ լինում, պապի՛կ։ Չէ, որ ոչինչ հարատև չէ, ճի՞շտ է։

-Լռի՛ր։ Իմ ու քո տատիկի միջև ամեն ինչ հարատև էր։

-Ո՛չ, դա նույնը չէ։ Մի՞թե միշտ նույն կերպ էր։ Առաջին տարիները մի տեսակ էին, վերջին տարիները՝ մեկ այլ։

Ծերունին ձեռքը դրեց բերանին ու շոշափեց դեմքը՝ փակելով աչքերը

-Աստված է վկա, ճիշտ ես։ Մեզնից յուրաքանչյուրը երկու, ո՛չ, երեք, ո՛չ չորս կյանք ունի» Եվ դրանք բոլորն էլ մշտական չեն։ Դա հաստատ է։ Բայց, ա՛յ, նրանց մասին հիշողությունները հարատև են։ Չորս, հինգ, կամ տասնյակ կյանք ես ապրում, բայց դրանից մեկը յուրահատուկ է լինում մյուսներից։ Հիշում եմ, մի անգամ․․․

Ծերունու ձայնը նվաղեց։

Երիտասարդը հարցրեց

-«Մի անգամ» ի՞նչ, պապիկ։

Ծերունու հայացքը սևեռվեց դեպի անցյալի հորիզոնները։  Նա չէր խոսում ո՛չ սենյակի, ո՛չ Թոմի, ո՛չ էլ ինչ-որ մեկի հետ։ Նա կարծես նույնիսկ իր հետ չէր խոսում։

-Օ՜, դա շատ վաղուց էր։ Երբ ես երեկոյան աաջին անգամ մտա այս սենյակ, առանց որևէ պատճառի, տարօրինակորեն հիշեցի դա։ Ու ես ներքև վազեցի Գալուեյի ափամերձով մինչև այն շաբաթը․․․

-Ո՞ր շաբաթը, ե՞րբ։

-Իմ տասներկուերերդ տարեդարձը համընկավ այդ շաբաթվան։ Միա՜յն մտածիր։ Դեռ Վիկոտորյա թագուհու օրոք մենք ապրում էին Գալուեյի մոտ մի խոտե տնակում, ու ես թափառում էի ափին, որպեսզի մակընթացությունից ափ նետած բաներ հավաքեմ, և եղանակն այնքան լավն էր, հրաշալի, անգամ փոքր-ինչ տխուր էր, որովհետև գիտեինք, որ դա երկար չի տևելու։

Եվ հենց այդպիսի արևոտ եղանակին ափամերձ ճանապարհի երկայնքով կեսօրին գնչուական ֆուրգոն անցավ, և այդ սև-սևմորթ գնչուները ճամբար դրեցին ծովի ափին։ Այդ քարավանի մեջ էր մտնում մայրը, հայրը, աղջիկը ու նաև այն տղան, ով ահա վազում է ծովի ափով դեպի ինձ, գուցե քանի որ ընկերության կարիք ուներ, կամ որովհետև միայնակ ձանձրալի էր, և ես էլ մենակ էի այնտեղ, ու անելիք չունեի, և ուրախ էի նոր մարդու ներկայությանը։

Նա վազեց։ Դար էլ անցի, չեմ մոռանա, թե ինչպես տեսա նրան առաջին անգամ, չեմ մոռանա, մինչև չհուղարկավորեն ինձ։ Նա․․․ Աստվա՜ծ իմ, համապատասխան բառեր չգիտեմ։ Սպասի՛ր, համբերի՛ր։ Պետք է սկզբից պատմեմ, թե ինչ էր տեղի ունեցել դրանից առաջ։

Դուբլին կրկես էր եկել։ Գնացի նայելու այնտեղ  այլանդակների ու թզուկների էին ցուցադրում, և սարսափելի փոքրիկ գաճաճների, և հաստ-հաստաբեստ կանանց, ու թել-տղամարդկանց, որ քո ոսկորների քաշին էին։  Իսկ վերջին հրաշքից առաջ ընդհանրապես ձանձրացել էի, մտածում էի այլանդակների այլանդակ մեկը կլինի։ Առաջ խցկվեցի, տեսնելու թե իբրև ավարտ ինչ խրտվիլակ ցույց կտան։ Եվ տեսա․․․ Նստած է մի աղջնակ, փոքրի՜կ-փոքրիկ, մոտ վեց տարեկան, այնքա՜ն ճերմակ, այնքա՜ն լավիկը, քնքուշ այտերով, կապույտ աչքերով, ոսկեգույն խոպոպներով, և այնքան խելոք, հանգիստ, որ նախորդ խեղվածներից հետո նրան ես նայում, ու չես կարողանում հայացքդ կտրել։ Ամբոխը աճապարեց դեպի աղջնակը՝ բուժվելու համար։ Քանի որ այնտեղ հիվանդ շնիկ կար և այդ փոքրիկը՝ քնքուշ, փառավոր բժիշկը, կյանք էր վերադարձնում նրան։

Ահա այդ աղջիկը ողջ կրկեսի մեջ նույնպիսի հրաշք էր անսպասելի, ինչպես այդ տղան, որ ինձ մոտ էր վազում ափով՝ վարգելով ձիու պես։

Նա ծնողների նման սևուկ չէր։

Նրա մազերը ոսկեգույն գանգուրներ էին ու արևի շողեր։ Վառ լուսավորության տակ, թվում էր, թե նա բրոնզից է ձուլված։ Անհնար է, բայց թվում էր, որ այդ տասներկուամյա պատանին, ինչպես և ես, միայն հիմա էր աշխարհ եկել, այնքան նա նոր էր ու թարմ։ Եվ շագանակագույն աչքերը փայլում էին գազանի աչքերի պես, որ ափի երկայնքով հետապնդում է բոլորին ։

Նա կանգ առավ ու առաջին բանը, որ արեց, ուղղակի ծիծաղելն էր։ Եվ ծիծաղից արդեն պարզ էր նա ուրախ է, որ ապրում է։ Հավանաբար ես էլ իմ հերթին ծիծաղեցի, քանի որ նա շատ վարակիչ էր ծիծաղում։ Նա մեկնեց իր դարչնագույն ձեռքը։ Ես տատանվում էի։ Նա անհամբերությամբ բռնեց իմ ձեռքից։

Աստված իմ,  այսքան տարի է անցել, իսկ ես հիշում եմ, թե ինչ ասացին մենք իրար՝ «Զվարճալի է, չէ՞»։

Ես չհարցրի, թե ինչն է զվարճալի։ Ես գիտեի դա։ Նա ասաց, որ իր անունը Ջո է։ Ես ասացի, որ իմ անունը Թոմ է։ Եվ ահա մենք՝ երկու տղաներս, կանգնած ենք լողափում, և ողջ տիեզերքը մեզ համար հազվագյուտ կատակ է։

Նա ինձ նայեց խոշոր կլոր, պղնձագույն աչքերով ու ծիծաղեց նրա շնչառությունը ինձ դիպավ, ու ես մտածեցի՝ նա խոտ է ծամել։ Նրա շնչից խոտի հոտ էր գալիս, և ես հանկարծ մռայլվեցի։ Այդ հոտը ինձ ապշեցրեց։ Ես անգամ երերացի, մտածեցի՝ «այ քեզ բան, ես հարբա՞ծ եմ, ինչի՞ց»։ Ես արդեն փորձել էի հայրիկի խմիչքից, բայց, Ասված իմ, ոչ նման մի բանից այն բանից, որ ինչ-որ մի տղա քաղցր երեքնո՞ւկ է ծամել։ Ոչ, չի կարող պատահել։

Իսկ Ջոն նայեց ուղիղ իմ աչքերին ու ասաց

-Մենք այդքան էլ շատ ժամանակ չունենք։

-Ք՞իչ ժամանակ,-հարցրի ես։

-Դե հա, ընկերություն անելու համար։ Մենք ընկներ ենք, այդպե՞ս չէ։

Նրա շնչառությունից ինձ վրա հնձած դաշտերի բույր էր փչում։

Տե՛ր Աստված, ես ուզում էի գոռալ՝ այո՛։ Եվ քիչ էր մնում ցած ընկնեի, ասես նա ընկերաբար հարվածեց ինձ։ Բայց ես դիմացա հարվածին։ Բացեցի բերանս, ապա փակեցի, վերջապես հարցրի

-Իսկ ինչո՞ւ այքան քիչ ժամանակ ունենք։

-Որովհետև,- ասաց Ջոն,- մենք այստեղ վեց օր ենք ընդամենը ապրելու, առավելագույնը՝ յոթ, այնուհետև շարունակելու ենք ճանապարհը Իռլանդիայով մեկ։

-Վե՞ց օր։ Բայց դա գրեթե ոչինչ է,- վրդովվեցի ես ու ինքս էլ չհասկացա, թե ինչու հանկարծ ինձ այդքան վատ զգացի, ասես միայնակ մնացի ափին՝ դժբախտ, լքված։ Ոչինչ դեռ չէր սկսվել, իսկ ես արդեն թախծում էի ավարտի համար։

-Մի օր այստեղ, մի շաբաթ այնտեղ, մի ամիս էլի ինչ-որ տեղ,- ասաց Ջոն,- ես պետք է ապրեմ շատ արագ։ Ես երկարաժամկետ ընկերներ չեմ ունենում։ Միայն այն, ինչ կարողանում եմ հիշել։ Եվ ես ուր էլ որ գնում եմ, ասում եմ նոր ընկերներինարագ, դե՜, արի անենք դա, թող որ շատ իրադարձություններ տեղի ունենան, այդ դեպքում դու կհիշես ինձ, իսկ ես, երբ մեկնեմ, կհիշեմ քեզ, և մենք կասենք՝ ա՜յ թե ընկեր էր։ Դե՜, սկսեցինք։ Հասիր հետևիցս։

Ջոն հրեց ինձ ու վազեց։

Ես վազում էի նրա հետևից ու ծիծաղում, չէ՞ որ հիմարություն է վազել մի տղայի հետևից, ում հետ ընդամենը հինգ րոպե ես ծանոթ։ Հավանաբար գրեթե մի մղոն վազեցինք երկար ամառային ծովափով և միայն այդժամ նա թույլ տվեց բռնել իրեն։ Ես կարծում էի, որ կծեծեմ նրան (ինչո՞ւ նա ստիպեց ինձ այդքան երկար ու անիմաստ վազել իր հետևից)։ Բայց երբ մենք ընկանք ու ես գետնեցի նրան, նա միայն մի անգամ արտաշնչեց երեսիս ուղղությամբ ու ես նստեցի, շարժեցի գլուխս ու նրան նայեցի, կարծես թե թաց ձեռքերով բաց էլեկտրական վարդակին էի դիպել։ Իսկ նա միայն ծիծաղեց՝ տեսնելով, թե ինչպես եմ ընկնում, ինչպես եմ զայրացած նստում։

-Օ՜, Թո՛մ, -ասաց- մենք իրական ընկերներ կդառնանք։

Գիտե՞ս, թե որքան երկար են տևում սառը, ձանձրալի եղանակները մեզ մոտ՝ Իռլանդիայում։ Ահա ուրեմն, իմ տասներկուերորդ տարեդարձի այդ ողջ շաբաթվա ամեն օրն ամառ էր յուրաքանչյուրն այն յոթ օրերից, որոնց մասին Ջոն ասաց, որ դրանք են մեր ժամկետները, և որ այլևս օրեր չենք ունենալու։ Մենք թափառում էինք ծովափով, ահա ամենը, ինչ մենք անում էինք թափառում էինք ծովափով, ավազե ամրոցներ էինք կառուցում, կամ էլ բլուրներն էինք բարձրանում ու պատերազմում էինք հնօրյա գերեզմանաթմբերի միջև։ Մի հին, կլոր աշտարակ գտանք ու սկսեցինք բղավել՝ մեկս վերից, մյուսս վարից։ Բայց հիմանակնում մենք քայլում էինք՝ գրկած իրար ուսերից, ասես այդպիսին էինք ծնվել՝ իրար կպած երկվորյակների նման, որոնց չես կարող բաժանել ոչ դանակով, ոչ էլ կայծակով։  Ես ներշնչում էի նրա արտաշնունչը։ Շնչում էի նրա հետ։ Մենք խոսում էինք գիշերային ավազների վրա, մինչև մեր ծնողները չէին գալիս որոնելու մեզ՝ կորածներիս։ Ինձ գայթակղելով իրենց տուն էին տանում, ու ես պառկում էի նրա կողքին կամ նա էր իմ կողքին պառկում, և մենք, Աստված է վկա, խոսում ու ծիծաղում էինք մինչև լուսաբաց։ Հետո նորից տրվում էինք ազատությանն ու վազում էինք խելագարների նման։ Մեկ էլ կտեսնեիր, պառկում էինք անուժ ու այնքան լավ էր ու զվարճալի, կկոցում էինք աչքերը,  բռնում ու ցնցում էինք իրար, ու թռչում էր ծիծաղն ազատորեն, ինչպես գետի մեջ իրար հետևից ընկած արծաթազօծ իշխաններ։ Աստվա՜ծ իմ, ես լողում էի նրա ծիծաղում, իսկ նա՝ իմ։ Պատահում էր, վերջում այնքան էինք թուլանում, ասես սերը մեզ տանջել ու ուժասպառ էր արել։ Շնչակտուր էինք լինում, ինչպես շան ձագերը ամառվա տապին, և արդեն ծիծաղելու ուժ էլ չէր մնում, ու քնկոտ էինք դառնում՝ ընկերության լիությունից։ Եվ այդ ողջ շաբաթ օրերը կապույտ էին ու ոսկեգույն, առանց ամպերի, առանց անձրևի ու քամու, որից խնձորի հոտ էր գալիս ո՛չ, ո՛չ թե խնձորի, այլ այն տղայի վայրի շնչառության։

Շատ տարիներ անց մտքովս անցավ․․․ եթե երբևէ ինձ նման ծեր մեկը կրկին կարողանար լողանալ ամառային այդ աղբյուրի մեջ, նրա շնչառության վայրի հոսանքներում․․․ հնարավոր է անգամ ուսերի վրայից մի քանի տասնյակ տարիներ թոթափեր, կրկին երիտասարդանար։

Բայց վերացավ ծիծաղը, և անհետացավ, նա արդեն հասուն է, կորել է աշխորհում ինչ-որ տեղ, երկու կյանք է անցել այն ժամանակներից, իսկ ես ահա առաջին անգամ եմ խոսում այդ մասին։ Ո՞ւմ կարող էի պատմել։ Տասներկուերորդ տարեդարձիս շաբաթվանից, երբ ես նվեր ստացա նրա ընկերությունը, և մինչ օրս ո՞ւմ կարող էի պատմել այն ծովափի ու այն ամառվա մասին, ու այն մասին, թե ինչպես էինք մենք թափառում՝ միահյուսելով մեր ձեռքերն ու մեր կյանքերը,  և կյանքն այնքա՜ն կատարյալ էր,  որքան Օ տառը՝ կատարյալ, ավարտված շրջանհիասքանչ ամառային օրերին, երբ այդքան հաճելի չաչանակում էինք, մենք համոզված էինք, որ հավերժ ենք ապրելու, որ երբեք չենք մահանա, ու որ հավերժ լավ ընկերներ կմնանք։

Իսկ հետո շաբաթն ավարտվեց ու նա մեկնեց։

Նա իմաստուն էր իր տարիքի համար։ Մեկնեց առանց հրաժեշտ տալու։ Հանկարծ նրանց սայլն անհետացավ։

Ես վազում էի ափի երկայնքով ու բղավում, կանչում նրան։ Եվ շատ հեռվում նկատեցի, որ քարավանն անցնում է բլրից այն կողմ։ Այդ պահին իմ մեջ գլուխ բարձրացրեց ընկերոջս իմաստությունը։ Մի՛ վազիր նրա հետևից։ Բա՛ց թող։ Եվ իմ իմաստությունը հուշեց ինձ՝ հիմա արտասվիր։ Ու ես լաց եղա։

Երեք օր ես լաց եղա, իսկ չորրորդ օրը լռեցի։ Մի քանի ամիս շարունակ ես այլև ափ չէի իջնում։  Եվ դրանից հետո ողջ կյանքումս ես նման բան չեմ զգացել։ Ես լավ կյանք եմ ապրել՝ լավ կին, լավ երեխաներ և դու, տղա՛, դու։ Բայց անկեղծ եմ ասում, որ դրանից հետո այլևս նման թախիծ, նման խելահեղ, վայրի հուսահատություն չեմ ապրել։ Գինուց էլ երբեք այդպես չեմ արբել։ Այլևս երբեք այդպես չեմ արտասվել։ Ինչո՞ւ, Թո՛մ։ Ինչո՞ւ եմ ես հիմա պատմում քեզ սա, ու ի՞նչ էր դա։ Հեռավոր մանկության մեջ, երբ ես անմեղ մանչուկ էի, երբ ոչինչ չգիտեի ու չէի հասկանում։ Ինչի՞ց է, որ հիշում եմ նրան, երբ մյուսները, բոլորը քիչ-քիչ կորչում են։ Աստված թող ների ինձ, բայց լինում են պահեր, որ չեմ կարողանում հիշել անգամ քո  սիրելի տատիկի դեմքը,  իսկ այ նրա դեմքը ծովափին անընդհատ աչքիս առաջ է։ Ինչո՞ւ եմ կրկին տեսնում, թե ինչպես ենք մենք ընկնում գետնին ու հողն ասես ինքն է վեր բարձրանում մեզ ընդառաջ ու իր գիրկն է ընդունում երկու վայրի քուռակների՝ խելագարված առատ, քաղցր խոտից ու առջևում սպասվող անվերջանալի արևոտ օրերից։

Ծերունին լռեց։ Հետո հավելեց

-Ասում են, իմաստության գաղտնիքը չասված բառերն են։ Ես այլևս ոչինչ չեմ ասի քեզ։ Նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչու պատմեցի այս ամենը։

Թոմը պատասխանեց մթության միջից

-Ես գիտեմ։

-Դո՞ւ, տղեկ,- հարցրեց ծերունին,- Լավ, մի օր դու կասես ինձ այդ մասին։

-Մի օր,- ասաց Թոմը,- կասեմ։

Նրանք ականջ դրեցին լուսամուտներին իջնող անձրևի ձայնին։

-Երջանի՞կ ես, Թոմ։

-Էլի ես հարցրել այդ մասին, պապի՛կ։

-Նորից եմ հարցնում, երջանի՞կ ես։

-Այո՛։

Լռություն։

-Ուրեմն սա քո ամա՞ռն է ծովափին, Թո՛մ։ Կախարդական յոթ օրե՞րը։ Ու դու արբա՞ծ ես։

Թոմը երկար ժամանակ չէր պատասխանում,  իսկ հետ կարողացավ միայն ասել՝ Պապիկ, ու մեկ անգամ էլ լուռ շարժեց գլուխը։

Ծերունին թիկնեց բազկաթոռին։ Նա կարող էր ասել՝ դա էլ կանցնի։ Կարող էր ասել՝ դա հարատև չէ։ Նա կարող էր շատ բաներ ասել։ Փոխարենը միայն ասաց

-Թո՛մ։

-Այո՛, սը՛ր։

-Տե՛ր Աստված,- հանկարծ գոռաց ծերունին,- Ամենակարող Տեր, Տե՛ր Աստված։ Անիծյալ լինի ամեն ինչ։-Ապա ծերունին լռեց ու նրա շնչառությունը հանդարտվեց։- Տես, ինչ մոլագար գիշեր է։ Ես պետք է վերջում մի անգամ բղավեի։ Պարզապես չէի կարող չանել դա, տղա՛ս։

Եվ վերջապես թափվող հեղեղի ձայների ներքո երկուն էլ քնեցին։

Արշալույսի առաջին շողերի հետ ծերունին կամաց, զգուշորեն հագնվեց, վերցրեց իր ճամպրուկն ու կռացավ, ձեռքի ափով դիպավ քնած երիտասարդի այտին։

-Հաջողությո՛ւն, Թո՛մ,- շշնջաց նա։

Ու սկսեց իջնել մթնշաղի մեջ աստիճաններով այնտեղ, որտեղ անդադրում, համառորեն անձրև էր տեղում, և հանկարծ ամենաստորին աստիճանի վրա նստած գտավ Թոմի ընկերոջը։

-Ֆրե՛նկ։ Դու ամբողջ գիշեր այստե՞ղ ես եղել։

-Ո՛չ, ո՛չ, միստր Քելլի,- արագ ասաց Ֆրենկը,- ես ընկերոջս մոտ եմ մնացել։

Ծերունին շրջվեց ու մութ սանդուղքով դեպի վեր նայեց այնպես, ասես կարող էր տեսնել տաք սենյակը, որտեղ քնած էր Թոմը։

Գրեթե մռնչյունի նմանվող ինչ-որ հնչյուն էր ուզում դուրս գալ նրա կոկոդից, բայց նա հանդարտվեց։ Նա անհանգստությամբ մի ոտքից մյուսի վրա տեղափոխվեց, ու նորից ներքև նայեց՝  վառվող լուսաբացից լուսավորված երիտասարդի դեմքին, նայեց նրան, ով նկարել էր սենյակի բուխարիի վերևում կախված նկարը։

-Ավարտվեց այս անիծյալ գիշերը,- ասաց ծերունին։- Այնպես որ, եթե դու մի կողմ քաշվես․․․

-Սը՛ր։

Ծերունին իջավ մի աստիճան ու խոսեց

-Լսիր։ Եթե դու ինչ-որ կերպ, երբևէ վնասես Թոմին, Աստծո անունով եմ երդվում, ես փշուր-փշուր կանեմ բոլոր ոսկորներդ։ Լսեցի՞ր։

Ֆրենկը մեկնեց ձեռք

-Մի՛ անհանգստացեք։

Ծերունին նայեց այնպես, ասես նախկինում երբեք ձեռքսեղման համար մեկնած ձեռք չէր տեսել։ Նա հոգոց հանեց

-Ա՜հ, գրողը տանի, Ֆրենկ, Թոմի ընկեր, այնքան երիտասարդ ես, որ քեզ նայելիս աչքերս ցավում են։ Հեռացի՛ր ճանապարհիցս։

Նրանք իրար ձեռք սեղմեցին։

-Աստված իմ, ա՜յ թե ուժ ունես,- զարմացավ ծերունին։

Ապա անհետացավ, ասես հորդ, անդադար թափվող անձրևը սրբեց նրա հետքերը։

Երիտասարդը իր հետևից փակեց վերին հարկի դուռը, մի պահ կանգ առավ՝ հեռվից նայելով մահճակալին քնածին, և ասես անտեսանելի բնազդի հուշումով, նա ձեռքով հպվեց այտին, ճիշտ նույն տեղը, որտեղ ծերունին էր դիպել հրաժեշտից առաջ (հինգ րոպե էլ չէր անցել)։ Հպվեց նրա՝ ամռան պես ոսկեգույն այտին։

Թոմը ժպտաց քնի մեջ նույն ժպիտով, որով ժպտում էր նրա հոր հայրը, և երազի խորքից կանչեց ծերունուն։

Մի անգամ էլ կանչեց նրան։

Ու հետո հանգիստ քնեց։

 

Թարգմանեց՝ Ա․ Վերանյան

Խմբագրեց՝ Ա․ Սարգսյան

Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

Комментариев нет: