2016-02-20

Հովհաննես Թումանյան. հայ ժողովրդի կենսագիրը (147 տ. )

 Հովհաննես Թումանյան. հայ  ժողովրդի ազնիվ կենսագիրը
(1869-1923)
 Թվում է՝ Թումանյան հեղինակի մեջ որևէ հանլելուկ, ուսումնասիրման որևէ նոր նյութ չի մնացել: Թվում է, թե ամեն ինչ ասել են այս Լոռեցի հանճարի մասին, ասել են, այն էլ ինձնից հազար գլուխ ավելի լավ: Թումանյանը մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրված այն փոքրաթիվ գրողներից է, ով դեռ մանկուց արմատավորվում է ցանկացած հայի մեջ: Ինձ թվում է՝ կարիք չկա պատմելու բոլորիս քաջ ծանոթ այն պատմությունը, երբ Իսահակյանին շփոթում են Թումանյանի հետ: Սա և սրա պես շատ դեպքեր ապացույց են, որ Թումանյանը, ի տարբերություն մեր շատ ու շատ գրողների, դեռևս կնդանության օրոք մեծ ճանաչում էր ձեռք բերել և վայելում էր  ժողովրդական սերը:
Թումանյան հանճարը վաղուց արդեն դադարել է դիտարկվել որոշակի ժամանակահատվածի մեջ: Թումանյանը դուրս է տարածության ու ժամանակի կաշկանդող կապերից. Նա կար երեկ, կա այսօր, և դեռ լինելու է այնքան, որքան ապրելու է նրա մտահոգության առարկա ժողովուրդը:
Դիտարկել Թումանյանին միայն մի որոշակի շրջափուլի մեջ, կնշանակի վիրավորել նրա անձը: Առանց նշույլ իսկ չափազանցության: Ինչպես կարող ենք կաշկանդել նման գիգանտ մտածողին, երբ նրա երկերը համազգայինի քողով ներկայացնում են համամարդկայինը, երբ նա՝ իր գեղարվեստական մտքի ու պարզ հոգու ներդաշնակությամբ կերտել է անմեռ հերոսներ: Որքան որ անմեռ են նրա հերոսները, նույնքան և անմեռ է Թումանյան հանճարի հիշատակը մեր մեջ:
Թումանյանը ավելի, քան ուրիշ մեկը, արդարև արժանացել է  «ամենայն հայոց բանաստեղծ» կոչմանն ու պարտավորությանը: Նա,ավելի, քան ուրիշը արժանի է կրելու հայ ժողովրդի կենսագիր տիտղոսը, և դիպուկ է նկատել Սևակը, որ
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում - նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...    
(Պ. Սևակ, Անլռելի Զանգակատուն)  

Թումանյանը Թիֆլիսում Սայաթ Նովայի ծննդյան տոնակատարությունների մասին խոսելիս գրում է, որ կան մի խումբ մարդիկ, ովքեր կարծում են, թե Սայաթ-Նովան մոդայիկ է դարձել, և որ կգա ժամանակը, և նրա անունն էլ կխամրի հայ գրականության երկնակամարում: Թումանյանը հակադարձում է նրանց, ասելով. «Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի. Նրան մին լսողը երկրորդ անգամ լսեսլիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա»: Ի՞նչ իմանար այս հմուտ հանճարը, որ իր մահից 147 տարի հետո էլ նրա համերկրացի մեկը,  նայելով ուղիղ ճշմարտության աչքերին, պիտի նույնը ասի հենց իր մասին:
Ընդհանրապես հայտնի բան է, որ չափածո ժանրերը ամենաինտիմն են, սակայն շատ հաճախ բանաստեղծական ձևը, կառույցը, պարփակվածությունը հնարավորություն չեն տալիս խոսել որևէ թեմայի շուրջ նույնքան ազատ, գունեղ ու համակողմանի, ինչպես դա հնարավոր է անել արձակի միջոցով: Այս պարագայում ես չեմ ուզում անդրադառնալ Թումանյանի գեղարվեստական արձակին: Ես ուզում եմ քննության առնել Թումանյանի մարդ տեսակը, նրա մտահոգությունների շրջանակը՝ ելնելով նրա իսկ  հոդվածներից: Ի դեպ դրանցից որոշներում արծարծվող թեմաները այնքան արդիական են, որ շարունակում են պահպանել իրենց կարի անհրաժեշտ լուծում գտնելու պահանջը ցայսօր:
Դատողությություններ անելով մարդու կեղծիք սիրող բնավորության մասին՝ իր «Անկեղծ չենք» հոդվածում Թումանյանը ցավով արձանագրում է, որ «…Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՛րքան դերասաններ ունի...»: Նա ամբողջ սրտով ընդդիմանում է այդ կեղծապաշտ մարդկանց գոյության դեմ, քանի որ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»: Կյանքի այդ ստակուռ նվաստներին նա նա խարազանում է «ցածեր և կեղծավորներ» դիմորոշմամբ; Սակայն ցավը նա համարում է ոչ միայն այդպիսիների գոյությունը, այլ նաև այն, որ այդպիսնիները սնվում և իրենց դերը շարունակում են խաղալ ժողովրդի անունից: Նրան համար ստեղծված է մի անպատժելիության միջավայր, քանի որ «ձայն մեծամասնության է ճշմարտություն»: Նա իր հոդվածը սկսում է մի նախադասությամբ, որը կարծես թե գրված է ոչ թե դարուկես առաջվա իրականության մասին, այլ այն իրականության, որում մենք ենք ապրում: Թումանյանը գրում է. «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»:
Ընդամենը 54 տարի ապրած ամենայն հայոց բանստեղծը իր հոգուն ծանրացած Մեծ ցավի մասին խոսում է համանուն հոդվածում: Նա, որ հասցրել էր ծառայել իր ազգին, իր  ժողովրդին հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, նա որ իր կյանքը հրապարակ էր դարձրել, իրեն էլ «խալխի նոքար» (ինչպես կասեր Ս. Նովան), ցավում էր, շատ էր ցավում, որ այդ նույն ժողովուրդը չէր գնահատում, չէր ճանաչում ինքն իրեն: Ժողովրդի ցավով ապրող բանաստեղծը մեծագույն ցավ էր համարում, ոչ թե այն, որ օտարերկրացիները մեզ չեն ճանաչում, այլ այն, որ «Մենք էլ մեզ չենք ճանաչում»: «Երկիր ունենք  չենք ճանաչում, պատմություն ունենք  չենք ճանաչում, ժողովուրդ ունենք  չենք ճանաչում, գրականություն ունենք  չենք ճանաչում, լեզու ունենք չենք իմանում»,- սրտակեղեք փաստագրում է հեղինակը: Նրան զայրացնում է այն հանգամանքը, որ մեր մեջ բույն է դրել օտարամոլությունը, և այն, որ պատմությունը մեզ դաս չի տվել. «պատմություն ունենք-տգետ ենք»:  Հեղինակի արդիականություն կուզեք ասել, թե մարգարեություն, միևնույն է, փաստը մնում է փաստ, այն ցավը, որ կեղեքում էր մեծն բանաստեղծին, այսօր նոր ուժգնությամբ ու նոր հորձանքով կանգնել է ժողովրդիս կոկորդին, ու սպառնում է մարսողական խանգարում առաջ բերել, եթե նա չհանձնվի: Եվ ուզում եմ հավատալ, որ Սևակը չի սխալվել, ասելով, թե «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը կծնի մի նոր Թումանյան, ով կշարունակի իր անվանադիր նախնու պայքարն ու պատգամը:
 Հետաքրքիր ու հետաքրքրաշարժ է նրա «Ձևն ու հոգին» հոդվածը, որտեղ ընդհանուր առմամբ խոսում է հայ թատերգության ու թատրոնի կանխատեսելի մահվան մասին: Սակայն մինչ բուն նյութին անցնելը Թումանյանը հետաքրքիր դատողություններ է անում ձևի և բովանդակության վերաբերյալ, և ցավով ընդունում այն փաստը, որ հաճախ մարդը ապավինում է ձևին՝ մոռանալով հոգու կարևորության մասին. «Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը  ձևը և ներքին իմաստը հոգին:  Ապրողը,  գեղեցիկը,  կատարյալը  դրանց  ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը,  դժբախտաբար,  շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է: Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքինիմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անուններովլոկ ձևեր են պաշտում»:
Ավարտելով այս փոքրիկ քննություն-վերլուծությունը՝ ուզում եմ անդրադառնալ Թումանյանի «Նորերի համար» հոդվածին: Այն թեման, որ արծարծվում է այստեղ, ավելի քան շնչակտուր-արդիական է: Այսօր, որքան էլ ցավալի չլինի դա, հայ գրականության երիտսարդ ներկայացուցիչները կամ անտեսված են, կամ տաղանդները մերժված են ու առաջ են մղված այնպիսի դատարկագլուխներ, որոնք հայաբառ անգամ գրել չգիտեն, ուր մնաց՝ հայերեն ու հայեցի: Վերոնշյալ հոդվածում Թումանյանը ևս ցավում է այն տաղանդների համար, ովքեր անտարբերության կամ ծաղրի զոհ են դառնում. «Հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ: Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց: Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին՝ այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա»: Թումանյանը գիտակցում էր, ի տարբերություն ծաղրող կրիտիկոսների, որ սերնդափոխությունը բնական-կենսաբանական երևույթ է; Եվ որ ավագ սերունդը ոչ թե պետք է խեղդի նոր ծլող սերմերը, այլ խնամի դրանք, և ուղղորդի ճշմարտության շառավիղներով: Հները կան այո՛, բայց ՆՈՐԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ:

Հեղինակ՝ Արման Վերանյան

Комментариев нет: