2016-03-17

Հրաչյա Սարուխան- Յոթ մահացու մեղք

1.
Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝
Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…
-Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում
Ողորմություն տա՛լ պատառը վերջին:

2.
Ո՜վ չի հավակնում՝ սիրով զուգական
Գեղեցկամռութ շոյվել ու շոյել
-Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն
Գեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն:

3.
Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,
Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր
-Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում
Անառակ որդուն ներե՛լ ի սրտե:

4.
Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝
Խաչհամբույր տալու ամենքին ի տես
-Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն
Ձեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես:

5.
Շատ ենք բարբառում ուրացման մասին:-
Օ՜, ո՜նց ենք սիրում լվից ուղտ շինել
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին
Պետրոսի նմանգոնե լա՜ց լինել:
6.
Հուդայի դատն ենք անընդհատ վարում:-
Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք
-Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում
Զղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ:
7.
Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,
Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ
Նրա դառնահամ գավաթը կիսե՛լ:

Комментариев нет: