2015-09-18

Հոգու ծիածան

Թռիր իմ նժույգ,
Երկնի երփներանգ ծիածանները
Վար բեր քո բաշին:

Թող որ նրանցով
Օծեմ ալեհույզ սրտիս ծերպերը,
Որ՝ եղիցի՜ լույս:

Թող որ կապույտի
Փոթորիկ տվող ծովե խռովքը
Հանդարտի հոգիս...

Կարմիրը միայն
Արևագալի հուրսայր բոցի պես
Փաղաքշի սիրտն իմ:

Թող նարինջ հոսի
Լերդով խեղդված իմ երակներում,
Որ սիրտս բուժի...

Դեղին ոսկու պես
Թող որ կարծրանա իմ սիրտը խռով,
Որ չցավի էլ...
  
Ծաղկած դաշտերի
Կանաչները թող կյանքի բերկրանք
Հոսեցնեն շրթնիս...

Թող որ երկնագույն
Առուն քչքչա պատուհանիս տակ,
Որ զարթնեմ իսկույն:

Մանուշակ հանգեն
Թող որ թաքնված բյուր դողերը իմ,
Ճիշտ հանց մանուշակ...

Ու թող,վերջապես,
Ծիածանաթև հպումը թեթև
Արև ու երկին իրար խառնելով

Իմ ու քո նվաստ այս կյանքը փրկի:

Комментариев нет: