2015-12-18

Զորյանը Նար-Դոսի ամաչկոտության մասին




Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երևույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը:
Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ: Սիրում էր «պարզին վսեմությունը»:
Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում և խոսք չէր գտնում ասելու: Համեստ էր այն աստիճան , որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է՝ սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալաքների հայրենակիցը: Ավելի շուտ թվում էր՝ հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ:
«Պայքար» վեպը վաղուց պատրաստ էր, և միջոց չուներ տպագրելու: Առաջարկում, խորհուրդ էին տալիս , որ հանձնի Հրատարակչական ընկերություն: Ամաչում էր: Քսանհինգ տարվա գրողի ստաժ ունեցող հեղինակն ամաչում էր ձեռագիրը տանել Հրատարակչական ընկերություն:
-Ես ինչպե՞ս տանեմ, թե գրվածքս տպեցեքԾը, անհարմար է:
-Տվեք մի ուրիշի, թող նա տանի
-Է, կընդունե՞ն որ
-Ի՞նչ եք ասում, պարոն Նար-Դոս, ձեր վեպն էլ, որ չընդունեն, ո՞ւմը պիտի ընդունեն:
-Ես ի՞նչ գիտեմ,-ուսերը վեր էր քաշում նա:

Այստեղ կար, իհարկե, և այն երկյուղը, որ կարող են հանկարծ մերժել, և նա չէր ուզում, որ այդպիսի դառնության ենթարկեր իրեն, որովհետև այդ ժամանակ Հրատարակչականի տեր ու տնօրենները մարդիկ էին, որոնց հետ ոչ ծանոթ էր, ոչ էլ հարաբերություն ուներ:

Комментариев нет: