2015-11-11

Ձոն ժամանակակից մարդուն

Ժամանակն ավազ է դարձել,
Ամպերը գայլացած արևն են ուտում,
Բարությունը թռչնացել, թևածում է հեռվում,
Բայց դեռ ավազե Ժամացույցները
Կուլ չգնացող արևի Բարությունն են հաշվում...

Բնությունը մարդու կենդանի է,
Ոնց ձաղկես, դեպ այնկողմ կգնա,
Մարդկությունը մարդու քարացել է,
Մարդկությունը պիտի մահանա...

Ժամ-ավազը կդառնա Գիլեոտին,
Կգլխատվեն աշխարհիս Կենդանիները,
Մարդ-ավազակը կճանչնա մահին,
Կլափեն Թռչուններին անկուշտ Գայլերը:


2015-10-31

Քաղաքային քրոնիկներ:Բանաստեղծություն վերջին

Քաղաքն իր բախտի անիվն ուներ,
Որ մարդիկ անգիտակից
Դարձրել էին խաղալիք,
Ու կնքել «կարուսել» անվամբ:

Ու շտապում էին, հա՜ շտապում,
Ճոճելու իրենց հաճույքը կարուսելի վրա,
Այնինչ բախտն էր յուրաքանչյուրի ճոճվում
Ամպերի տակ բազմած այդ չարխի վրա:

Հաճույքը վախին խառնած,
Պտտվում էին մեր ու մանուկ,
Կարուսելը հոգնում էր կամաց
Կյանքից անհոգ, անհանելուկ:

Նա այս կյանքում ուներ կոչում,
Բայց թե մարդը ի՞նչ էր հիշում,
Ու դարդոտած, մետաղ կտրած
Կյանքի անիվն էր ճռճռում:

Ու մի օր էլ այն դադարեց պտտվելուց...
Ու մոռացվեց կարուսելը՝
Վայելքն այդ հին, ճոխ օրերի,
Լքվեց, դարձավ այն անկենդան,
Լոկ ապաստան գել-գազանի,: 


Ու մի օր էլ այն դադարեց վիճակ գցել,
Ու որոշեց մարդու բախտը
Իրեն հանձնել:  

2015-10-30

Քաղաքային քրոնիկներ: Բանաստեղծություն յոթերորդ:

-Օ՜, քամի՛ վայրագ, քամի՛ զարհուրող,
Ասա ինձ՝ ո՞վ ես, որտեղի՞ց կգաս,
Տիրույթները իմ բռիդ մեջ կառնես
Եվ այգիներն իմ ավերի կտաս։

Խուլ փնչացնում է Վայրագը հանկարծ,
Խորը, շատ խորը մի շունչ է քաշում,
Ու ետ փչելով, հեռու քշվելով
Տալիս պատասխան․

-Օ՜, քաղա՛ք մարդաշատ, քաղա՛ք հիասքանչ,
Գալիս եմ ես հեռվից հայացքով անթարթ
Ու ամեն քաղաք իմ ճամփի վրա
Դարձնում անապատ։
Գալիս եմ միշտ այնժամ, երբ պետք է լինում
Մաքրել քաղաքներ աղբից դարավոր,
Որ կոչվում է մարդ։
Գալիս եմ հեռվից ու գնում հեռու
Մարդ-արատը իսպառ ջնջելու։
 
-Բայց ինչու՞, քամի՛, ինչու՞ քեզ համար
Չես կարող անցնել  հանգիստ, հևասպա՜ռ,
Առանց ջնջելու, սրբելու նրանց,
Որ իմ որդիքն են, իսկ ես տեր նրանց։

-Քանզի ծերունի, մարդը ներկայի
Խիստ տարբերվում է մարդուց անցյալի,
Այժմ նա մարդ չէ, այլ գազան արի,
Նա մարդ չէ, գիտցի՛ր, այլ գործիք չարի։

Թարթում է քաղաքը իր դեղին աչքերը,
Մթնում է մի պահ, հետո վայրկյան անց
Շանթեր է թափում աչքերից մթին․․․

(Քաղաքը գիտի, որ ճիշտ է քամին,
Բայց արդեն ուշ է, կապվել է մարդկանց)։

Ու կոխ են բռնում քամի ու քաղաք`
Ամեն մեկն իր մեծ պարտքին դավանած,
Իսկ մարդիկ անհոգ, կռվին անտարբեր
Տաքուկ տներում պառկած են, քնած․․․

Բացվում է այգը, արևը հրատ
Ջերմում է տենդով, ջերմում բոցառատ,
Սիրող մոր նման գրկում Քաղաքին,
Իր հաղթած որդուն դարձնում է կյանքի․․․



2015-10-25

Քաղաքային քրոնիկներ: Բանաստեղծություն վեցերորդ

Աշնան անձրևն այնպե՜ս մաքրասերիկ է դարձել,
Խանար հարսի պես ավլում է փողոցները,
Հողի բույր հանում,
Ու իր քթի տակ,
Ու լոկ իր համար
Լուռ լաց է լինում։

Մայրուղու վրա մի «թույն» մեքենա
Սուլոց է հանում․․․
Սուլում է մեքենան կամակոր մանկան պես,
Գոռում հայհոյում իր մետաղե լեզվով
Անձրևի լացը խանգարում է, տես,
Իր տուն շտապող վարորդին ահեղ։

Ու լոկ քաղաքն է լուռ ականջ կախում
Աշնան անձրևի խուլ հեծկլտոցին,
Բացում է իր գիրկը քաղաքը քարե
Ու ջերմ ափերով շոյում անձրևին։


Եվ երկու թշվառ, մոռացված հոգի

Լուռ սփոփվում են իրարու կողքի․․․

2015-10-24

Քաղաքային քրոնիկներ: Բանաստեղծություն հինգերորդ: Fatum

Նկարիչը հինգ գույն ուներ քաղաքը ներկելու համար. երկուսը ներկայից, երկուսն ապագայից և միայն մեկն էր ճարել անցյալից:
Ներկայի գույները զգացմունքներ չէին արթնացնում Նկարչի մեջ, նրանց երանգները միատոն մոխրագույն էին՝ թաթախված մշուշի հաստ շերտերի մեջ։ Ապագայի գույներից Նկարիչը վախենում էր։ Ապագան պատված էր սևով և կարմրով։ Ամենուր կոտորած էր ու անտարբերություն։ Ապագան քայլող դիակների տարերքն էր։
Իսկ Անցյալն այնպե՜ս հարազատ էր ու բարի, այնպես գգվող ու կանչող։  


Եվ նկարիչը որոշեց մոտեցնել մարդկանց իրենց ակունքներին ու ներկեց քաղաքը անցյալով, բայց մարդիկ անցնում էին ներկածների մոտով դժգոհ դեմքով ու ապագայի զոմբիացած հայացքներով:
Նկարիչը սարսափեց։ Ապագայի մեխանիզմն ար-դեն գործի էր դրվել ներկայի հանգչող օրերում։ Նկարիչը հասկացավ ՝քաղաքը կորցրել է իր անցյալի դեմքը եվ շուտով կկորցնի մարդկանց․․․
Գործընթացն անդառնալի էր․․․

2015-10-22

Քաղաքային քրոնիկներ: Բանաստեղծություն չորրորդ


Խանութների փեղկերը լուսավորում են
Քաղաքի մութ փողոցները։
Գիշերն է թևածում անարգել
Ու չկա կանգառ
Գիշերվա համար։

Գիշերը հոգնած է ամայի փողոցներից,
Գիշերը անցորդ է փնտրում,
Որ իր գիրկն առնի,
Օրորի, գգվի
Թանձր խոսք ասի
Նրա ականջին։

Գիշերը քաղաքի միակ անցորդն է․․․
Գիշերվա սերը անմնացորդ է։

2015-10-21

Քաղաքային քրոնիկներ: Բանաստեղծություն երրորդ

Աշնան այս լացուկոծից քաղաքը կծկվել է,
Գնդվել է լեռան ստորոտում,
Ու խելառ առվի պես հա քչքչում է
Երկար վազքից հոգնած մարզորդի պես
Հևոց է հանում։
Մազերն է թափել գետը վարարուն,
Աշուն է թքում ամեն կոհակով:

Քաղաքը աշուն է հագել, կծկվել
Քաղաքը մի տեսակ տխուր է աշունով։


Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...