2015-10-30

Քաղաքային քրոնիկներ: Բանաստեղծություն յոթերորդ:

-Օ՜, քամի՛ վայրագ, քամի՛ զարհուրող,
Ասա ինձ՝ ո՞վ ես, որտեղի՞ց կգաս,
Տիրույթները իմ բռիդ մեջ կառնես
Եվ այգիներն իմ ավերի կտաս։

Խուլ փնչացնում է Վայրագը հանկարծ,
Խորը, շատ խորը մի շունչ է քաշում,
Ու ետ փչելով, հեռու քշվելով
Տալիս պատասխան

-Օ՜, քաղա՛ք մարդաշատ, քաղա՛ք հիասքանչ,
Գալիս եմ ես հեռվից հայացքով անթարթ
Ու ամեն քաղաք իմ ճամփի վրա
Դարձնում անապատ։
Գալիս եմ միշտ այնժամ, երբ պետք է լինում
Մաքրել քաղաքներ աղբից դարավոր,
Որ կոչվում է մարդ։
Գալիս եմ հեռվից ու գնում հեռու
Մարդ-արատը իսպառ ջնջելու։
 
-Բայց ինչու՞, քամի՛, ինչու՞ քեզ համար
Չես կարող անցնել  հանգիստ, հևասպա՜ռ,
Առանց ջնջելու, սրբելու նրանց,
Որ իմ որդիքն են, իսկ ես տեր նրանց։

-Քանզի ծերունի, մարդը ներկայի
Խիստ տարբերվում է մարդուց անցյալի,
Այժմ նա մարդ չէ, այլ գազան արի,
Նա մարդ չէ, գիտցի՛ր, այլ գործիք չարի։

Թարթում է քաղաքը իր դեղին աչքերը,
Մթնում է մի պահ, հետո վայրկյան անց
Շանթեր է թափում աչքերից մթին․․․

(Քաղաքը գիտի, որ ճիշտ է քամին,
Բայց արդեն ուշ է, կապվել է մարդկանց)։

Ու կոխ են բռնում քամի ու քաղաք`
Ամեն մեկն իր մեծ պարտքին դավանած,
Իսկ մարդիկ անհոգ, կռվին անտարբեր
Տաքուկ տներում պառկած են, քնած․․․

Բացվում է այգը, արևը հրատ
Ջերմում է տենդով, ջերմում բոցառատ,
Սիրող մոր նման գրկում Քաղաքին,
Իր հաղթած որդուն դարձնում է կյանքի․․․



Комментариев нет: