Սև կատուն ձուլվում էր
մութի հետ: Նրա մորթին անտեսանելի թիկնոցի դեր էր տանում արևը մայր մտնելուց հետո:
Նա կամաց էր քայլում՝ անընդհատ կանգ առնելով և ականջ դնելով: Ինչ-որ ձայներ լսվեցին,
և կատվի ականջն անմիջապես թեքվեց լույս վառվող լուսամուտներով տան ուղղությամբ: Բայց դրանք ընդամենը մարդկային անփույթ քայլեր էին:
-Իսկ ես ասում էի,- լսվեց
փայտե պատի հետևից,- ասում էի, ա՛խր, որ մի մեռնող էլ է լինելու: Ոչ ոք ինձ չի լսում,
բայց չէ որ ես ամեն ինչ գիտեմ:
Ձայնը կանացի էր՝ բարձր
և ականջ ծակող: Կատուն դժգոհությամբ դադարեց լսել, բայց ծանոթ բառը գրավեց նրա ուշադրությունը,
և նա մոտեցավ լուսամուտին: Այդ պահին տան խորքերից լսվեց քնատ մի «ը՛հնց», որը հաստատապես
տղամարդու էր պատկանում:
-Իհարկե, ցավում եմ դժբախտի
համար,- շարունակեց կինը,- գրեթե չհասցրեց ապրել այս աշխարհում: Ես, իհարկե, միանգամից
հասկացա, որ նա մի ոտքով այն աշխարհում է: Ծնղներին խորհուրդներ էի տալիս, իսկ նրանք
դռնից դուրս արեցին: Իսկ հիմա աղջկա անհանգիստ հոգին նրանց խղճի վրա կմնա…
-Հը՜մ,- արտասանեց տղամարդը,
ինչպես թույլ ակնարկված բողոք:
-Ի՞նչ ես «հըմ» անում,-
կանացի ձայնի մեջ ճղճղան նոտաներ հնչեցին:-Ինձ հետ համաձայն ես, չէ՞:
-Ը՛հնց,- շտապողաբար
հետևեց պատասխանը:
-Նրանք ասածս լուրջ չընդունեցին:
Ոչ ոք չի ընդունում: Իսկ այս աշխարհի մասին շատերից շատ բան գիտեմ: Անգամ տատս մի անգամ
ինձ ասաց, որ ես երրորդ աչք ունեմ կամ դրա պես մի բան, կարծես թե… Ֆե՜դյա…
Լուսամուտում մթին մի
կազմվածք հայտնվեց, և կատուն հասկացավ, որ նայում է ապուշ կտրած. կախեց ականջներն ու
լապտերի լույսի տակ անցավ:
-Ֆեդյա՛, այնտեղ՝ մեր
բակում, կատու կա:
-Է՜, հետո ի՞նչ,- ծուլորեն
հարցրեց տղամարդը:
-Սև կատու՝ բբի մեջ սպիտակ
կետով: Ես նրան կես տարի առաջ եմ տեսել, երբ Միխալիչին էինք հուղարկավորում: Իսկ հիմա,
ահա՛, նոր հուղարկավորության է ներկայացել: Անմաքուր ուժ է, նոր զոհի է փնտրում իր
համար: Ֆեդյա՛, վռնդի՛ր դրան:
Տղամարդը հոգոց հանեց
և կողքի դրեց հենց նոր բացած գարեջրի շիշը: Վերարկուն ներքնաշորի վրայից հագնելով՝
նա բակ ելավ և տեսավ, թե ինչպես է կատուն ուժգնորեն ճանկռում հաղարջի թուփը՝ ապացուցելով,
որ ինքը կատու է:
-Ֆեդյա՛,- տունը ցնցվեց
հիստերիկ բղավոցից:- Դե, ի՞նչ ես այդտեղ կանգնել: Մա՞հս ես ուզում:
Չուզենալով՝ տղամարդը
գետնից վերցրեց քարը և շպրտեց կենդանու վրա: Կատուն ետ ցատկեց և նախատինքով նայեց մարդու
վրա: Եվ այդ հայացքը ինչ-որ անհասկանալի պատճառով բարկացրեց արբած Ֆեդյային: Նա նետվեց
դեպի ծածկապատշգամբի հետևի փայտե տնակը, վզից դուրս քաշելով դուրս բերեց հսկայական
քնկոտ շանը՝ ջրի երկու կաթիլի պես նման տիրոջը և քանդեց վզկապը:
-Պոլկա՛ն, բռնի՛ր դրան,
քը՛ս:
Շունը անհասկանալիորեն
վնգստաց, և տերը ոտքով հարածեց նրան՝ ցույց տալով ուղղությունը: Այդժամ Պոլկանը վերջապես
տեսավ իր նպատակակետը: Որովայնից դուրս եկող գռմռոցով շունն ընկավ կատվի հետևից: Վերջինս
թռավ ցանկապատի վրայով, իսկ շունը դուրս թռավ բաց դռնակից:
Սարահարթը լցվեց մլավոցով
և հաչոցով: Այդ ձայներին գումարվեցին այլ շների ոռնոցներն ու մարդկանց դժգոհ գոռոցները:
Կատուն սլանում էր փոքրիկ
փողոցով՝ թռչելով ջրափոսերի վրայով իսկ Պոլկանն ընկել էր նրա հետևից: Երկուսն էլ վազքի
ընթացքից թեքվեցին դեպի փողոցի անկյունը, և այդտեղ ճանապարհն ընդհատվեց: Փակուղի էր…անելք
մի պատ: Կատուն փափուկ թաթերով հրեց իրեն աղյուսներից
և օդում պտույտ գործելով՝ կպավ գետնին: Իսկ հետո հանգիստ նստեց՝ սպասողաբար: Մոտ վազած
շունը, որը պետք է փափկամազիկին պատառ-պատառ աներ, հանկարծ շեշտակի կանգ առավ և նույնպես
նստեց:
Այդպես նրան նստել ու
նայում էին մեկմեկու, ինչպես անտեսանելի թատրոնի երկու փոքրիկ դերասաններ: Հետո կատուն
կարծես թե գլխով արեց շանը, և Պոլկանը, իրեն թափ տալով, դանդաղ վերադարձավ տուն:
Իսկ կատուն, աչքերը կկոցելով,
սկսեց հոտոտել օդը և ցցեց ականջները: Կողքից կարող էր թվալ, որ նա մուկ բռնելու է պատրաստվում,
բայց այդ կենդանուն մկներն ընդհանրապես չէին հետաքրքրում: Նա ականջ էր դնում, շոշափում
մթությունը բեղիկներով և ի վերջո՝ որսաց հարկ եղած ձայնը՝ բարակ, ինչպես սարդոստայնը,
մանկական լացը:
Կատուն սև կայծակի պես
վազեց այգիների միջով և շուտով հայտնվեց հին փայտե խորդանոցում: Այնտեղ՝ ամենահեռավոր
անկյունում՝ լիքը անպետք իրերի հետևում, նստած էր մի աղջիկ և լաց էր լինում՝ ծնկները
ձեռքերով գրկած:
-Բա՛րև,- ասաց նրան կատուն:
Երեխան բարձրացրեց գլուխը
և վախեցած նայեց նրան:
-Մի՛ վախեցիր, ես եկել
եմ քեզ օգնելու:
-Կատուները չեն կարողանում
խոսել,- անվստահությամբ ծոր տվեց աղջիկը, բայց դադարեց հեկեկալ:- Նրանք միայն «միաո՜ւ»
անել գիտեն:
-Տիեզերքում շատ աշխարհներ
կան,- հակաճառեց կատուն,- և մենք՝ ես ու դու, հենց այնպիսի աշխարհում ենք, որտեղ բոլորն
իրար հասկանում են:
-Դա հեքիաթի պես մի բա՞ն
է:
-Ամենալավ հեքիաթը, որ
դու երբևէ լսել ես:
-Իսկ ո՞ւր է իմ մայրիկը:
Ինչո՞ւ է նա ձևացնում, թե չի տեսնում ինձ: Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այս խաղը…
-Մայրիկը կգա,- խոստացավ
կատուն,- երբ գա ժամանակը, ես կբերեմ նրան: Իսկ հիմա դու պետք է գաս իմ հետևից: Ապա,
ի՛նձ նայիր:
Նա մոտեցավ աղջկան, շոյեց
նրան փափուկ պոչիկով և հոտոտեց դեմքը: Իսկ աղջիկը կախարդվածի պես նայում էր նրա աչքերին,
ավելի ճիշտ՝ արծաթագույն աջ աչքին, որը հեռվից կարելի էր սպիտակ կետի տեղ ընդունել:
Բբի ներսում թաքնված էր այն, ինչից երեխան զարմանքից բացեց բերանը, իսկ հետո ժպտաց:
-Ամեն ինչ այդպես էլ
կլինի՞,- հիացմունքով հարցրեց նա:
-Հենց այդպես,- հաստատեց
կատուն:
-Այդ դեպքում ես պատրաստ
եմ: Գնա՛նք:
Աղջիկը սև կենդանու հետևից
դուրս եկավ խորդանոցից: Նա բոկոտն քայլում էր թաց գետնի վրայով՝ ընդհանրապես ցուրտ
չզգալով: Միայն երբեմն-երբեմն նա մի փոքր տխրությամբ հետհայացք էր գցում տների վրա,
որտեղ դեռևս լույս էր վառվում: Բայց եթե այդ ժամանակ ինչ-որ մեկը լուսամուտից դուրս
նայեր, կտեսներ միայն փողոցով թափառող կատվին:
Երբ նրանք առաջին խաչմերուկին
հասան, կատվի բբերը նեղացան, ասես նա լույս տեսավ: Իսկ երեխան, իր հերթին, ուրախությամբ
ձայնեց, ինչ-որ մեկին «լեզու» ցույց տվեց, իսկ հետ մեկնելով ձեռքը՝ քայլ արեց և կորավ
մթության մեջ:
Կատուն գոցեց կոպերը
և մլավեց: Մի ակնթարթ հետո նրա բիբերը լայնացան: Նա դեռ երկար նստած մնաց ուղիների
խաչման կետում: Քարի հարվածից ճանկռված թաթը լիզելով՝ նա մտածում էր այն մասին, որ
Տերը կարող էր իրենց՝ Ուղեկցորդներին, անխոցելի մարմին տալ: Բայց վատն այն է, որ Տերը
մարդկանց մասին բարձր կարծիք ունի: Իսկ այ մարդիկ դժվար թե երբևէ դա հասկանան, ուզում
է երրորդ, ուզում է՝ չորրորդ աչքով:
Հետո նրա ականջները ցցվեցին,
և նա ներս քաշեց քթանցքերով քամու թեթև հոսքը: Կատուն պոկվեց տեղից ու շտապեց դեպի
անտառ, որից այն կողմ քաղաքն էր սկսվում:
Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը
Պատմվածքը համացանցում տարածելու կամ դրանից մեջբերումներ անելու դեպքում նշե՛լ սկզբնաղբյուրը:
Комментариев нет:
Отправить комментарий