2018-12-30

Զարթոնք

Ուշաթափվում էր անձրևը գետնին
Ու հեծծում էր նա ու կուրծքն էր ծեծում,
Գետինը խոնավ իր գիրկն էր բացում
Անձրևի ճկուն, հմուտ նազանքին:

Գետինն էին պագում փոթորկահալած ուռենիները
Եվ փոսաջրում սանրում էին փարթամ վարսերը իրենց,
Սարսուռ էր բռնում ջրափոսերի հայելու վրա,
Եվ փշաքաղվում էին մայթեզրին կարած փշալարերը:

Եվ մոլեգնում էր երկինքը տկար և փոթորկվում է
Խելահան եղած սապատավորի նման
Իր մեջքն էր ուռցնում, բաշն էր թափ տալիս
Զարթոնքն ավետում կենարար գարնան:

Գարուն, անձրևող ու փարթամ գարուն,
Մի ողջ հողագունդ ձեռքը վեր պարզած
Ու համակ, համառ սպասում դարձած
Աչքն էր իր պահում քո նազով գալուն:

Դու եկար հիմա ու բողբոջներով հղի ծառերը
Երկունքի բերկրանք շուտափույթ կապրեն
Եվ ձմռան սառույց-կտրող ժանիքից
Իրենց զգեստը կրկին կազատեն:

Ու կանաչ հագած նորահարսի պես
Նրանք կգեղեն քո զով-հով շնչից,
Նրանց սուտակե սաղարթը հիմա երկինք կձգվի
Ու այգաբացին կկախվի կրկին արփու շողերից:

Դու կյանք բերեցիր ու վետվետումներ արտերում ծաղկանց
Երփներանգ արբունք ու ծիլարձակման կանարար «հանցանք»
Ու բերեցիր դու ուշաթափություն մարգարիտներին երկնքից հորդող
Դու ուժ բերեցիր, դու բերրիացրիր ձմռանից հետո հողերին հառնող:

Комментариев нет: