2019-01-06

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ (պոեմ)

Գնացին տղերքը ու կորան հեռվում…

Ապրիլ էր կրկին,
Ծառերի հագին
Կանաչն էր նազում:

Արևն էր նորից
Ամպի գիրգ ծոցից
Գլուխը հանում:
Սեր էր ճառագում
Մայր քար ու հողից,
Սեր էր դուրս հորդում
Ամեն մի ակնից:

Ապրիլ էր կրկին,
Ու հայի հոգին
Զարթնել էր քնից,
Ձմռան մրափից:

Ապրիլ վերստին,
Ապրելո՛ւ ապրիլ,
Բայց մեր սահմանին,
Թուրքն էր չոքելու:
Ու նենք դավությամբ,
Քսու հլությամբ
Մեր թշնամին էր
Նորից ելնելու:

Նա ելնելու էր,
Որ բոսոր հագնի,
Որ դահիճ դառնա,
Կյանքեր խորտկի:
Նա ելնելու էր,
Որ մեր տղերքի արդար արյունով
Ինքնագովությունը իր
Նա կրկին շոյի,
Որ կրկին, նորից
Հանդում արածող
Հոտը չմայի,
Ու նորեն, նորից
Հայ սուրբ մայրերից
Դառն արցունք քամի:

Ապրիլ էր, գարուն,
Բայց հայոց այգում
Միրգն էր չորացել կրակի լեզվից,
Հասկն էր մոխրացել…
Թշնամու արկից:
Եվ հայն էր մորթվել
Կենդանու նման,
Եվ հայն էր խաչվել
Հանց նոր Քրիստոս:

Ու ռումբի դիմաց
Կյանքը մազ-թելից՝
Հայ Քաջազուններ
Կախվել էին հույսից
Ե՛վ ուժից բազկի,
Ե՛վ վախից մահու,
Կորովից սրտի
Ու կայծից հոգու:

Եվ Քաջազուններ՝
Սուրը խաչ արած,
Եվ քաջորդիներ՝
Բազկը նետ դարձրած,
Կռվում էին հանուն
Վաղվա գալիքի,
Կռվում էին, որ հայը
Արցախ չկորցնի:

Գարուն էր, ապրիլ.
Հայ մայրն ուզում էր,
Որ որդին ապրի,
Հայ հայրն սպասում էր
Որդու փառավոր
Ու ողջ տունդարձին:

Բայց… չեկավ որդին:
Ու խաբար բերին,
Թե արյունը տաք
Խառնել է հողին,
Ու ներծծվել է
Մայր հողի գրկում:
Ու խաբար բերին,
Թե որդին արի,
Թուրք մի ասկյարի
Ձեռքով է ընկել:
Որ մի արյունռուշտ
Թուրք Մուհամեդի
Զենք հանել գիտի:

Ու խաբար բերին,
Որ հայ Քաջորդին,
Աստծուն իր սրտում
Ու զենքը ձեռքին, կռիվ է տվել
Արցախ աշխարհում:

Եկան, ասացին,
Որ արյամբ Քաջի
Մայր հողի մի թիզ
Թուրքին չի հասնի:
Բարբարոսը թուրք
Փոռ-փոշման եղած,
Հայոց սուրբ հողի
Սահմանն է թողած
Իր որջը փախել:

Բայց հայ վշտահար
Մայրերը խոնարհ,
Հպարտության հետ
Կսկիծ խառնելով,
Բողոք արեցին
Համայնին աշխարհ,
Պահանջեցին, որ
Ոսոխը նզով
Քաջերի մահվամբ
Պատժվի մահով:

Պահանջեցին, որ
Ռուս ու Եվրոպա
Աչքերը այդ նոր
Ոճրի դեմ բանա,
Եվ մարդկության դեմ
Գործած բռնության
Քայլեր ձեռնարկի
Վրիժառության:
Ու պահանջեցին,
Որ արյուն- արցունքի
Ամեն մի կաթիլ
Հանձնվի դատի:

Բայց խուլ էր աշխարհը,
Ու խուլ էին մարդիկ,
Համր աշխարհի դեմ
Ծառացան մարտիկք,
Որ անօրենը
Այդ նոր գարունը
Մահիճ չդարձնի,
Որ անօրենի
Կեռ յաթաղանը
Լուսին չդաջի
Հայ մանկանց վրա:
Որ թուրքն ապիրատ
Իր գործը կիսատ
Չվերսկսի
Նոր ուժո՜վ, թափո՜վ,
Նոր մի ճարակով
Չբոցավառի
Ապրիլը գունեղ,
Ապրիլն ապրելու:

Ապրիլ էր կրկին,
Ու մեր սահմանին
Ոսոխն էր նորից

Փռվել մեր բազկից:

Комментариев нет: