2020-12-31

Նադեյա Յասմինսկա «Մի ամանորյա գիշեր»

 

Բելոռուս հեղինակ Նադեյա Յասմինսկայի ևս մեկ մանկապատանեկան ստեղագործություն արդեն հայերեն։ Նրա «Մի ամանորյա գիշեր» պիեսը մանուկների համար նոր կողմով կբացահայտի Նոր տարին, ցույց կտա, թե ինչ կա վարագույրից այն կողմ, կսովորեցնի հավատալ, պայքարել, սիրել․․․

Այս գեղեցիկ ստեղծագործությունը արդեն երկար ժամանակ է՝ թարգմանված էր ու սպասում էր իր ժամին։ Եվ այսօր՝ հրաշքներով լեցուն այս գիշեր, որոշեցի նվեր անել բոլորին և առաջին հերթին ինձ։

Պիսեսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։

Պիսեսն ամբողջությամբ կամ մասամբ համացանցում տարածելու դեպքում պարտադիր է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog։



2020-12-17

Արման Վերանյան «Պարտապանը»

 

Տիկին Արուսը եզրագծին էր։

-Հա... է՜հհ։- Նրա հարևան Աշոտ հոպարն է։ Հավ-ճիվը թողած՝ եկել է ճանապարհելու երկար տարիների իր միակ ընկերոջ։- Դու էլ գնա, աղջի՛ Արուս, գնա, ազատվի էս դարդերից էլ, աշխարհից էլ։ Գնա՜, ինձ համար էլ տեղ պահի, հա՜-հա՜,- ոչ էն է հազում էր, ոչ էն է ծիծաղում Աշոտ հոպարը։

Իսկ տիկին Արուսը եզրագծին էր։ Թվում էր՝ դեռ պատրաստ չի, չի ուզում գնա։ Դեռ կյանքին կապող թելեր ուներ։ Ախր թելերս էլ մի թելեր լինեին։ Անգամ հիմա՝ տախտակ մարմինը անուժ էս մահճակալին գցած, նա շարունակում էր երազել։ Շարունակում էր մտածել, թե որտեղ է իր կյանքում սխալվել, որ մի շրջադարձին ճիշտ կողմ չի թեքվել, երբ է բարկացրել Աստծուն, որ հիմա էս օրին հասնելով՝ մի բաժակ ջուր տվողը հարևան Աշոտն է՝ խելառ բիձեն, որ որքան խելառ էր, էնքան էլ մաքուր սրտի տեր էր։ Ուզում է հիշել, թե ում ինչ վատություն է երբևէ արել, որ երբ վերևում հանդիպի Աստծուն, իսկ ինքը հավատում է, որ հանդիպելու է, չթողնի նրան բացի իր դավթարը, ինքը հատիկ-հատիկ ասի, մեղա գա, չոքերն ընկնի, խնդրի իրեն դրախտ գցի։ Չէ՜, թե Աստված մի քիչ նամուս ունենա, առանց իր խնդրելու էլ դրախտի դռները կբացի նրա առաջ։

2020-12-10

«Արգելված» Բրեդբըրի №1 (16+)


Փարիզը միշտ մերը կլինի[1]

 

Փարիզում հեղձուցիչ հուլիսյան գիշեր էր՝ կեսգիշերին մոտ ես պատրաստվում էի դուրս գալ ու շրջել քաղաքում դա իմ սիրած զբաղմունքն էր երթուղիս սովորաբար սկսվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի մոտից, ու երբեմն վերջանում էր Էյֆելյան աշտարակի մոտ։

Կինս ժամի իննից անկողին էր մտել, և երբ ես կանգնած էի դռան մոտ, նա ասաց

-Որքան էլ ուշ գաս, պիցցա կբերես։

-Մի պիցցա տուն գալիս,- կրկնեցի ես ու դուրս եկա միջանցք։

Հյուրանոցից ես քայլեցի դեպի գետի մյուս ափը, դեպի Փարիզի Աստվածամոր տաճարըայնուհետև ճանապարհին կանգ առա ու մտա Շեքսպիրյան գրախանութ, ապա շրջեցի Սեն-Միշել ճեմուղով՝ կանգ առնելով Les Deux Magots բաց սրճարանում, որտեղ Հեմինգուեյը, ավելի քան մի սերունդ առաջ, իր ընկերներին  գրապա, պերնո ու Աֆրիկա[2] էր հյուրասիրում։

Ես մի պահ նստեցի այնտեղ՝ նայելով փարիզցիների հոծ բազմությանը պերնո պատվիրեցի, հետո գարեջուր ու շարժվեցի դեպի գետափ։

2020-09-06

Վիկենտի Վերեսաև «Չհորինված պատմվածքներ անցյալի մասին» (Մաս 3-րդ)

 


1
Փաստաթուղթ

  Այսօր երեկոյան Ֆյոդոր Իվանովիչը ինձ մոտ էր։ Պատմում էր, որ իրենց բնակարանում երիտասարդ աղջիկ է ինքնասպան եղել։

-Շա՜տ հետաքրքիր պաստաթուղթ է, գիտե՞ք։

Ես, հենց էն է, ապշեցի։ Ցրված հարցրի

-Փաստաթո՞ւղթ․․․այսինքն․․․ նրա օրագի՞րը։

Նա տարակուսանքով պատասխանեց

-Դե հա՜։

Փաստաթուղթ․․․ որպիսի բնորոշում։ «Փաստաթո՛ւղթ»։ Օ՜, ստորներ։ Անհրաժեշտ էր, չէ՞, բառ հայթհայթել։ Ես զայրույթից ամբողջովին դողում էի։ Եվս մի բառ, և ես, թվում է, կկորցնեի ինքնատիրապետումս, վեր կկենայի, սարսափելի բան կասեի նրան, կվռնդեի։ Բայց նա հանկարծ լռեց։ Հասկացա՞վ արդյոք, թե ինչ է կատարվում ինձ հետ, թե դա ուղղակի պատահականություն էր, բայց նա լռեց։ Իսկ ես քիչ-քիչ հանդարտվեցի։

Միայն թե անգամ հիմա ինձ մի հարց է տանջում «Ինչո՞ւ էր նա գրում»։ Չէ որ դա խուզարկություն է, սրտի խուզարկություն։ Ախ՜, մի՞թե ցանկություն ուներ նա իր կյանք թողնելու ինչ-որ ծխնելույզ մաքրողների, որպեսզի ամենայն անաղարտը լղոզվի նրանց սև ավելներով։ Մի՞թե նա ուզում էր դա։ Եվ որ տխմարի մեկը, ինչ-որ Ֆյոդոր Իվանովիչ, կարդար նրա «փաստաթուղթը»՝ կծելով շաքարավազից ու պնակից թեյ խմելով, և լրջորեն ասեր

-Շա՜տ հետաքրքիր պաստաթուղթ է։

Մի՞թե նա ուզում էր։ Ես վախենում էի, և ոչ միայն աղջկա համար։ Չէ որ ես էլ կարող եմ հայտնվել նման  փաստաթղթերի մեջ, ես նույնպես օրագիր եմ պահում․․․ Աստվա՛ծ իմ, ինչպե՞ս անեմ, որ այն «փաստաթուղթ» չդառնա։

   

Վիկենտի Վերեսաև «Չհորինված պատմվածքներ անցյալի մասին» (Մաս 2-րդ)

 

1

Գրողը


 
Ամսագրի ողջ խմբագրությունը սիրալիր էր նրա հետ։ Նա արդեն երեք պատմվածք էր հրատարակել ամսագրում, մեկը մեկից լավն էին։ Անգամ քարտուղարուհի Աննա Միխայիլովնայի, որ խիստ կին էր՝ վերջերս վերադարձած աքսորից, աչքերն էին ջերմանում ու բարիանում, երբ նա խոսում էր նրա հետ։

Իսկ նա անձամբ չէր հավատում իր երջանկությանն ու ագահաբար որսում էր յուրաքանչյուր խրախուսական մեկնաբանություն։ Նա հատկապես, չգիտես ինչու, մեծ նշանակություն էր տալիս Աննա Միխայիլովնայի կարծիքին։

-Դե, ի՞նչ եք կարծում, ինձնից իսկական գրող դո՞ւրս կգա։

 Նա գեղեցիկ երիտասարդ էր՝ առնական ձայնով, իսկ աչքերի մեջ ու արտասանության մեջ անընդհատ ինչ-որ բացարձակ մանկական ու անասելի քնքուշ բան էր երևում։

Մի անգամ, երբ Աննա Միխայիլովնան մենակ էր, նա, կարմրելով ու ամաչելով, նրան դիմեց մի տարօրինակ խնդրանքով մի օրով կնոջ հագուստի մի ամբողջ կոմպլեկտ տալ իրեն՝ մինչև ամենից ինտիմները։ 

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»


  «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։

Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են հանված, ինչպես պատահում է, երբ հեռակառավարման վահանակով փոխում ես հեռուստացույցի ալիքները։ Ֆլոյդ անունով ոչ մեկին նա երբևէ չի ճանաչել, միայն թե հենց այդ բառերով ամեն ինչ սկսվեց։ Նա դա լսեց անգամ նախքան կարմիր գոգնոցով աղջկան տեսնելը։

Բայց հենց աղջիկը խաղաց պայթուցիչի դերը։

-Օ՜, ինձ մոտ այդ զգացողությունն առաջացավ։

Աղջիկը կքանստած էր գյուղական խանութի առաջ, որ կոչվում էր «Կառսոնի մոտ» (գնորդներին առաջարկվում էր՝ ԳԱՐԵՋՈՒՐ, ԳԻՆԻ, ՆՊԱՐԵՂԵՆ, ԿԵՆԴԱՆԻ ԽԱՅԾ, ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԵՐ), վառ կարմիր գոգնոց ունեցող զգեստով էր, ու խաղում էր տիկնիկի հետ՝ լցնովի, առանց ամուր կմախքի, դեղնածամ ու կեղտոտ։

-Ի՞նչ զգացողություն։

-Դե, գիտե՞ս։ Այն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով։ Օգնի՛ր ինձ։

-Déjà vu:

-Միանգամայն ճիշտ է,- գլխով արեց նա ու կրկին նայեց աղջկան։ «Նա կբռնի տիկնիկին մի ոտքից,- մտածեց Քերըլը,- կբռնի գլխիվայր մի ոտքից, և կեղտոտ, դեղին մազերը կավլեն գետինը»։

Բայց փոքրիկ աղջիկը թողեց տիկնիկին մոխրագույն, փայտե աստիճանների վրա, որ դեպի սանդղամուտն էր տանում, և մի կողմ գնաց, որպեսզի նայի շանը, որը նստած էր «ֆորդ-ունիվերսալի» թափքում։ Իսկ հետո Բիլլն ու Քերըլը անցան շրջադարձն ու խանութն անհետացավ տեսադաշտից։

2020-08-02

Հերման Հեսսե «Փիկտորի կերպարանափոխությունը»

Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել, հայտնվեց մի ծառի առաջ, որը միաժամանակ և՛ կին էր, և՛ տղամարդ: Նա ակնածանքով բարևեց ծառին ու հարցրեց.

 -Դու կյանքի ծա՞ռն ես:

 Ծառի փոխարեն սակայն պատրաստվում էր պատասխան տալ օձը, այդ պահին Փիկտորը շրջվեց ու առաջ շարժվեց: Նա աչքերը լայն բացեց, նրան ամեն ինչ այնքան շատ էր դուր գալիս: Պարզ զգում էր, որ սա կյանքի հայրենիքն ու ակունքն է:

 Եվ նա նորից մի ծառ տեսավ, որ միաժամանակ և՛ արև էր, և՛ լուսին:

 Կրկին հարցրեց.

 Դու կյանքի ծա՞ռն ես:

 Արևը գլխով արեց ու ժպտաց, լուսինը ևս գլխով արեց ու ժպտաց:

 Աննման ծաղիկները նայում էին նրան զանազան գույներով ու լույսերով, զանազան աչքերով ու դեմքերով: Մի քանիսը գլխով էին անում ու ծիծաղում, ուրիշներն էլ գլխով էին անում ու ժպտում, որոշները սակայն գլխով չէին անում ու չէին էլ ժպտում. նրանք, ուրախությունից արբեցած, լռում էին. ընկղմված էին իրենց մեջ, տարված էին սեփական անուշահոտությամբ: Նրանցից մեկը մի կապույտ երգ էր երգում, մեկ ուրիշը՝ մուգ կապույտ օրորոցային: Ծաղիկներից մեկը երկնագույն խոշոր աչքեր ուներ, մեկ ուրիշն էլ նրան հիշեցրեց իր առաջին սիրո մասին: Մեկը իր մանկության այգու հոտն էր բուրում, նրա քաղցր բուրմունքը մոր ձայնի նման էր հնչում: Մի ուրիշն էլ շարունակ ժպտում էր նրան՝ մեկնելով իր կարմիր թեք լեզուն: Նա լիզեց այն, այն թունդ ու վայրի համ ուներ՝ խեժի ու մեղրի, նաև՝ կնոջ համբույրի:

 Փիկտորը կանգնել էր ծաղիկների արանքում՝ կարոտագին ու անհամարձակ ուրախությամբ: Նրա սիրտը զանգի նման ծանր ու արագ էր բաբախում. նա բուռն ցանկությամբ այրվում էր անորոշության ու կախարդական երկմտանքի մեջ:

 Փիկտորը մի գույնզգույն թռչուն տեսավ, որ նստել էր խոտերի մեջ, ու թվում էր՝ թռչունը տերն է բոլոր գեղեցիկ գույների: Գույնզգույն չքնաղ թռչնակին նա հարցրեց.

 -Օ՜, թռչո՛ւն, ասա՛ ինձ՝ որտե՞ղ է երջանկությունը:

 -Երջանկությո՜ւնը,-արտաբերեց թռչունը իր ոսկեգույն կտուցով,-երջանկությունը, ընկե՛ր, ամենուր է՝ լեռներում ու սիզամարգերում, ծաղիկների ու բյուրեղների մեջ: