Մի օր ամառնանալուն պես,այն ժամանակ, երբ օձերն սկսում են վխտալ, երբ ասֆալտն արևից ճաքում է և քեզ թվում է` ուր որ է կհալվի:Հենց այդ նույն շրջանում մեր գյուղում սկսվում է սարը բարձրանալու նախապատրաստությունը: Դա իր տիպով ավելի շուտ նախապատրաստություն չէ, ավելի կոնկրետ ու դիպուկ կլինի այն կոչել ընտանեկան ծես, այն էլ ՝ սրբազան: Հավաքվում է ողջ ընտանիքը, հավաքում է իր կապոցները ու պատրաստվում բարձրանալ լեռների, սարերի շենշող բարձունքները՝ հանգիստ առնելու ձմռան պատճառած հոգսերից ու տհաճությունից: Հետևյալ տարին էլ բացառություն չեղավ: Ավելի ճիշտ բացառությունը կայացավ նրանում, որ այդ տարի մեր ընտանիքում ծագած ինչ-ինչ խնդիրների պատճառով մերոնք որոշեցին չբարձրանալ սարը: Բայց քանի որ ես համառ էի (ցանկությունս մեծ էր), մերոնք խնդրեցին մեր դրացի Օհանի ընտանիքին ինձ իրենց հետ վերցնել:
Արշավի՝ շքախումբ հիշեցնող շարքը բարձրանում էր ոտքով անհաս թվցող սարի բարձունքը, այնտեղ, ուր գտնվում էր Օհան պապի բինան (փայտե տնակ սարերում եղանակային վատ պայմաններից և գել-գազաններից խուսափելու համար): Առաջնորդի դերն իր վրա էր վերցրել ընտանիքի գլխավորը , նույն ինքը՝ արդեն ընթերցողին ծանոթ Օհան պապը: Նրա կողքից զուգահեռ քայլում էի ես՝ մտածելով, թե ի վերջո հասնելու՞ ենք տեղ:
Օհան պապը շատ լավ մարդ էր ի դեպ: Չնայած իր ոչ այդքան երիտասրդ տարիքին՝ նա բավականին առույգ էր ու երիտասրդական ավյունով լի: Մեր հարևանական շրջապատում նա լավ պատմողի համբավ ուներ՝ իբրև իմաստուն մեկը, որից կարելի է շատ բան սովորել: Նրան հաճույքով էին լսում ինչպես մեծերը այնպես էլ ես ու իմ հասկակիցները: Հոգնեցուցիչ ճանապարհին ևս միակ հետաքրքիր գործը նրան լսելն էր, նրա միշտ թարմ ու չկրկնվող պատմություններին ունկնդիր լինելը: Նա պատմում էր ոգևորված՝ անտեսելով շոգն ու հոգնածությունը՝ այդպիսով կենդանություն հաղորդելով նաև մեզ՝ կիսահանգուցյալներիս: Երբ նա վերջացրեց իր հերթական պատմությունը, ես հաջորդը լսելու ակնկալիքով նայեցի նրան, իսկ նա գրպանից հանդարտ մի բան հանեց, բացեց, ինչ- որ բան նայեց ու նորից դրեց գրպանը:
Ժամացույց էր, հին ոսկե մի ժամացույց՝ գեղեցիկ հյուսվածքներով ու նուրբ հորինվածքով: Ժամացույցն այն աստիճան ինձ գրավեց, որ ես մոռացա ամեն պատմություն և խնդրեցի Օհան պապին ասել, թե դա ինչ ժամացույց է, որտեղից, ինչքան հին է և նման բազմաթիվ ինձ հետաքրքրող հարցեր, որոնց առանցքը նույն ժամացույցն էր: Մի քանի հարցի պատասխանելուց հետո, ես զգացի, որ մի բան այն չէ, և որ Օհան պապն ինչ- որ բան մինչև վերջ չի ասում: Երբ երեխայորեն իմ մտածածի մասին ասացի նրան, նա հայրաբար (հայրս է հաճախ այդպես ինձ նայում խրատելիս) նայեց վրաս և ասաց.
-Համբերիր բարձրանանք սարը, տեղավորվենք, ընթրիքին քեզ կպատմեմ այս ժամացույցի մասին ամենաանհավանական պատմությունը:
Այլևս ոչ մի հարց չտվեցի նրան ու էլ չէի էլ լսում, թե նա ուրիշ ինչ է պատմում մնացածին: Ինձ այլևս հետաքրքրում էր միայն ժամացույցը ու նրա հետ կապված այն պատմությունը, որը դեռ չլսած հոգիս ու միտքս իրենով էր արել: Այդպես լուռ ու համր հասնք վերջապես բաղձալի վերջնակետին: Մի կողմ դրեցինք մեզ հետ բարձրացրած իրերը և պառկեցինք խոտերին՝ այդպիսով հողի կենարար ուժը փորձելով խլել նրանից:
Անցավ որոշ ժամանակ, և բոլորս արդեն ուշքի էիք եկել, և արդեն ժամանակն էր տեղավորվելու, ընթրիքին պատրաստվելու ու ջուր կրելու, ինչը մեծերը մեծ հոժարությամբ զիջեցին մեզ՝ կրտսերներիս: Չանցած մեկ ժամ՝ արդեն ամեն ինչ պատրաստ էր՝ ջուրը կրված, փայտը անտառից բերված, ճաշը եփված: Խարույկի համար նախատեսված փայտը դասվորելուց հետո (բայց դեռ այն չվառելով, քանի որ դեռ լույս էր` այն պահը, երբ մութն ու լույսը խառնվում են իրար) նստեցինք հացի: Քանի որ բոլորս էլ քաղցած էինք և թմրած կերանք անաղմուկ, ապա վերջացնելուն պես կանայք հավաքեցին ամանեղենը, իսկ տղամարդիք վառեցին խարույկը: Ապա բոլորս խմբվեցինք խարույկի շուրջ: Իրոք որ դա արդեն ամբողջովին նման էր ընտանեկան ինչ-որ ծեսի: Հանկարծ գլխիցս թռած պատմությունը վերհիշելով` խնդրեցի Օհան պապին, որ պատմի խոստացված պատմությունը: Բոլորը մի ականջ դարձած ունկն դրեցին նրա պատմածին: Եվ նա սկսեց.
-Տարիներ առաջ էր, նորից այս ժամանակներն էին՝ սարը բարձրանալու ժամանակները: Մեզ հետ այդ անգամ ևս այլ մարդիք բարձրացան սարը, մեր բինայում հյուրընկալվելու:Բարձրացողների մեջ էր նաև մի երիտասարդ (ափսոսանքի մի հառաչ արձակեց սրտից): Երիտասարդն էլ ինչպես դու,- դիմելով ինձ՝ ասաց նա,-խոր հետաքրքրություն տածեց այս ժամացույցի հանդեպ ու ստիպեց գրեթե պատմել այս ժամացույցի մասին ամեն ինչ: Ես սիրով կիսվեցի նրա հետ իմ տեղեկություններով, ըստ որի, ժամացույցը պապենական է և տոհմի համար սուրբ է համարվում: Այն փոխանցվում է սերնդից սերունդ ընտանիքի արու ժառանգներին: Ասացի նաև, որ այն մոգական հատկանիշ ունի (այդպես կարծել են մեր պապերը,և այդպես կարծում եմ այժմ նաև ես), և որ այդ մոգականությունը կայանում էր ժամանակի զգացողության երկարացման ու կարճացման հետ:
Նայելով մեր դեմքերին և տեսնելով անորոշությունից իրեն ուղղված և նոր մանրամասների ծարավ մեր հայցքները` նա շարունակեց.
-Այդքանը պատմելուց հետո նա խնդրեց ինձից նայել ժամացույցը և ես սիրով այն տվեցի նրան:Վերցնելուց հետո երիտասրդը նկատեց անմիջապես, որ ժամացույցը մաքուր ոսկուց էր պատրաստված, և պետք է որ շատ հմայված լիներ ժամացույցով, որ հենց նույն գիշերը ևեթ գողանար այն իմ պինջակի գրպանից: Իհարկե նա ինքը սկզբից չխոստովանեց իր մեղքը, բայց ես համոզված էի, որ դա նրա ձեռքի գործն է, ինչպես և համոզված էի , որ չի անցնի շատ երկար ժամանակ, և այն գողացողը ինքն իրեն կմատնի: Այդպես էլ եղավ: Չանցած երկու օր, երբ երեկոյան խարույկի համար գնացել էինք փայտ բերելու, նա՝ երիտասարդը, պատահաբար ընկավ մի մեծ հորի մեջ (ժամանակին այդտեղ ջրամբար է եղել) ու գրեթե ողջ մարմնով ջարդուխուրդ եղավ: Հասցնելով նրան հիվանդանոց՝ մենք հույսներս արդեն դրել էինք միայն հրաշքի վրա: Նրա տանջանքն օր օրի շատանում էր, և մի օր նա խնդրեց, որ ինձ հետ առանձին խոսի: Չառարկեցի, մանավանդ որ հետաքրքիր էր , թե ինչ է ասելու: Երկար ժամանակ հիվանդասենյակում լուռ նստած էի նրա կողքին, մեկ էլ նա, շատ դժվարությամբ շարժելով ձեռքը, ցույց տվեց իր վերարկուն, որ կախված էր սենյակում, խնդրեց վերցնել այն ու ձեռքս տանել գրպանը: Լուռ հետևեցի ամեն ասածին և գրպանից հանեցի ժամացույցը, այն, որ գողացվել էր ինձանից: Երևի թե ամոթն էր պատճառը, որ շրջելով երեսը մյուս կողմ` նա արտաբերեց հետևյալը. «Դու ճիշտ էիր, այս ժամացույցը մոգական է: Այն կարճացրեց իմ կյանքը, և ես շուտով կմեռնեմ, և դրան հակառակ երկարացրեց իմ տանջանքները»:
Նորից հևալով ու շունչը տեղը բերելով` մի վերջին անգամ ասաց՝ ներեցեք, և այլևս ոչ ոք նրանից ոչ մի բառ չլսեց: Նա մահացավ՝գիտակցելով և իր վրա կրելով այս ժամացույցի մոգական ուժը, նրա ցասումը, նրա վրեժը:
Օհան պապը ավարտեց իր պատմությունը: Դեռ երկար ժամանակ ոչ ոք չկարողացավ ինչ- որ բան խոսել, ու բոլորը թմրած ու ծանր տպավորություններով գնացին քնելու:
Комментариев нет:
Отправить комментарий