2025-11-10

Ինքնասպանության «մոտիվը» գրականության ու փիլիսոփայության խաչաձևումներում։

 Հատված «Զբոսանք էթիկայի և գրականության ծառուղիներում» անավարտ հոդվածից։

Գրականության մեջ, ի թիվս այլ կարևոր էթիկական հարցերի քննության ու արտացոլման, իր ուրույն տեղն ունի ինքնասպանության թեման։ Ռուս դասական Ֆ Դոստոևսկին գրում էր, որ մարդ ընտրություն կատարելուց առաջ պետք է իմանա, թե ինչ տարբերակներ ունի, ու պետք է որոշում կայացնի, որը բարոյական մեծ արժեք կունենա։ Հետաքրքիր է, իհարկե, որ նրա հերոսներից ոմանք բարոյական այդ ընտրությունը կատարում են հօգուտ ինքասպանության։ Այսպես, օրինակ, «Ոճիր և պատիժ» վեպում Սվիդրիգայլովը, իմանալով Ռասկոլնիկովի հանցագործության մասին, սկսում է զուգահեռներ տանել։ Հիշում է շատ վաղուց իր կյանքում եղած երիտասարդ աղջկան, ով մեռել է իր պատճառով՝ խեղդամահ լինելով, քանի որ ինքն անկարող է եղել փոխադարձել նրա զգացմունքներին։ Այս հիշողություններին գումարվում են նոր իրականության մեջ իր տեղը գտնելու ապարդյուն որոնումների փորձերը, և Սվիդրիգայլովը գերադասում է վերջ տալ կյանքին՝ գլխի մեջ գնդակ արձակելով։ Իհարկե, այս էպիզոդի և ընդհանրապես ինքնասպանության հետ առնչվող երկրորդական թեմաների մեջ կարելի է առհասարակ առանձնացնել նաև պատասխանատվության հարցը։ Հաճախ հենց այս հարցն է դրդում գրական հերոսներին (ինչպես և իրական մարդկանց) դիմել նման ծայրահեղ քայլի։ Գրականագիտության մեջ պատասխանատվության հարցերը ամփոփ քննել են Դանիել Ջերնիգանը, Նիլ Մերֆին, Բրենդան Քուիգլին և այլք։ Տվյալ հեղինակների, ինչպես և այլոց, աշխատություններում քննվում է ոչ միայն հերոսների պատասխանատվության հարցը, այլև հեղինակների՝ ընթերցողների առաջ ունեցած պատասխանատվության խնդիրը։ Մասնավորապես բարձրացվում է մի շատ կարևոր հարց՝ ի՞նչ պայմաններում է հեղինակն անմիջականորեն պատասխանատու իր տեքստերի, իր հայտարարությունների, իր գործողությունների ազդեցության համար։ Հատկապես այս վերջին կետը՝ գործողությունների ազդեցությունը, հիմք է հանդիսացել գրախոսելու շատ ու շատ գրքեր և արգելելու դրանց հրատարակումը։ Օրինակ, ԽՍՀՄ-ում գրախոսության արդյունքում արգելված էին Ջ Օրուելի երկու վերոբերյալ վեպերը, ամերիկաբնակ  ռուս գրող Եվ Զամյատինի «Մենք»-ը, ամերիկացի հայտնի գրող Ռ Բրեդբըրիի «451 աստիճան՝ ըստ ֆարենհայթի» գիրքը։ Այս երեքով բնականաբար արգելված գրականության շարքը չի սահմանափակվում, տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում եղել է տվյալ հասարակության համար արգելված գրականության մի ցանկ։ 2010-ականների վերջերին, օրինակ, ՌԴ-ում արգելանք է դրվում երիտասարդության շրջանում հայտնի ինտերնետ-գրող Սթեյս Քրամերի շոկային գրքի վրա՝ «50 օր իմ ինքնասպանությունից առաջ»։ Պատճառը, առաջին հերթին, գրքի «պրոպագանդան էր» (գրքում ամենևին էլ չի քարոզվում ինքնասպանության գաղափարը), բայց երբ գրախոսները չեն կարողանում հաստատել իրենց մեղադրանքը, այնուամենայնիվ նշում են, որ գրքի վերնագիրն արդեն իսկ ինքնասպանության մասին մտքեր է առաջացնում։ Այդ իսկ պատճառով հեղինակին պարտադրում են վերնագիրը հապավման վերածել, և գրքի կազմի վրա կենսասիրական որևէ լոզունգ գրել։ Այսպիսով «50 дней до моего самоубийство»-ն դառնում է «50 ДДМС. Я выбираю жизнь»:

Ընդհանրապես ինքնասպանության թեման փիլիսոփայության ու հոգեբանության մեջ (և դա դեռ հաշվի չառնելով աստվածաբանական մոտեցումները) բավականին հակասական է։ Ա Քամնյուն իր «Սիզիփոսի առասպելն» սկսում է հետևյալ տողով «Գոյություն ունի միայն մեկ, իսկապես լուրջ փիլիսոփայական խնդիր՝ ինքնասպանության խնդիրը։ Վճռել՝ արժի՞, թե՞ չարժե ապրել այս կյանքը, նշանակում է պատասխանել փիլիսոփայության հիմնարար հարցին»։

Գրականագիտությունը միշտ փորձել է փնտրել գեղարվեստական աշխարհի անգամ ամենափոքր սեմանտիկ և դինամիկ անքակտելի միավորները։ Այդպիսի միավոր կարելի է համարել մոտիվը/շարժառիթը/, եթե փորձենք հեռու պահել այն սյուժեի հետ եզրութաբանական կապից։

Ընդունված է ասել, որ մոտիվների շղթան ձևավորում է սյուժեն։ Մյուս կողմից՝ մոտիվը կարող է հանդես գալ իբրև գեղարվեստական աշխարհի կառուցողական տարր, որտեղ բանականության օրենքները (որ փոխարտածվում են գործողությունների հերթականությունից) պարզապես չեն գործում։ Այդ դեպքում մոտիվները իրար միջև կազմակառուցվում են միֆի օրենքներով, որտեղ մետամորֆները երբեք չեն կապվում իրար պատճառահետևանքային կապերով, և այդ դեպքում մոտիվը դառնում է ոչ թե գործողության, սյուժեի հերթական օղակ, այլ հանդես է գալիս գեղարվեստական աշխարհի հիմնաքարի դերում։

Իբրև սյուժեի առաջխաղացման միջոց շատ հաճախ հանդես է գալիս ինքնասպանությունը։ Փորձենք տարբերակել, թե ինչպիսի լայնամասշտաբ ազդեցություն կարող է թողնել այն գործողությունների զարգացման վրա։

1 Ինքնասպանությունը կարող է միջանցիկ դեր ունենալ ստեղծագործությունների մեջ, որը կոչված է ընդամենը տեքստի թեմատիկ հագեցվածությունն ապահովելուն, մյուս կողմից՝ կարող է ներկայանալ իբրև գործողությունների շղթայի վերջին օղակ, հեղինակային դատավճիռ այն աշխարհին, որտեղ սուիցիդը հիմնականում միակ տարբերակն է՝ իրագործելու մարդկային ճակատագրերը։ Այսպես օրինակ հռչակավոր գրող ՅՎ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» գրքում երիտասարդ հերոսը՝ Վերթերը, ում մերժում է սիրո հարցում նրա սիրո միակ առարկան՝Լոտտեն, որ չի կարող պատասխանել փոխադարձությամբ, քանի որ վաղուց արդեն ընտրյալ ունի, գրքի վերջում որոշում է ինքնասպան լինել։ Այդ միտքը նրա մեջ հասունանում է պարբերաբար։ Սրան գումարվում է նաև անգամ հարազատ ընկերոջ՝ Ալբերտի կողմից չհասկացված լինելը։ Մարդկային խրթին ճակատագիրը այլ ելք չի թողնում Վերթերին, քան ինքնասպանությունը։ Այս արաքով Գյոթեն դատապարտում է այն հասարակագը, որում ապրում էր իր հերոսը։ Չհասկացվածությունը ծանր բեռ է, գրեթե անտանելի, իսկ նման փխրուն հոգիները ծնված չեն պայքարելու համար։

2 Ինքնասպանությունը՝ իբրև  գործողությունների զարգացման մի տարբերակ։ Շատ հետաքրքիր մի պատմություն կա՝ կապված ռուս արձակագիր Մ Բուլգակովի և նրա «Վազք» պիեսի հետ։ Պիեսի խմբագրված երեք տարբերակում հեղինակը «ստիպում է» ինքնասպան լինել գեներալ Խլուդովին, և միայն վերջին՝ չորրորդ խմբագրության ժամանակ է, որ գեներալը վերադառնում է Ռուսաստան, բայց այդ քայլն էլ այլ հերոսների կողմից որակվում է իբրև «ինքնասպանություն»։

3 Ինքնասպան լինողները «թատրոն են խաղում», խաղն այդ դառնում է կյանքին վերջ տալու տարբերակներից մեկը տուժողները, մահապատժի ենթարկվողները այդ պարագայում էսթետիկ միջավայրում որակվում են իբրև ինքասպաններ, քանի որ նրանց քայլերը բնորոշվում են ինքնակամության մոտիվով։ Ասածն ավելի պարզելու համար բերենք օրինակ։ Եվ Զամյատինի «Մենք» վեպի հերոսը՝ Դ-503ը, հոգնում է ընդհանրական, անհատականություններից զուրկ աշխարհից։ Գրքի վերջում նա ինքնակամ հանձնվում է «Մեծ Եղբոր» դահիճների ձեռքը։ Մահապատժի ժամանակ նրա ձեռքերը կապված են ծիրանեգույն ժապավենով, որը ուղղակի թատերական մոտեցում է (հեղինակը սա բացատրում է հետևյալ կերպ նախքան Միասնական Պետության ստեղծումը մահապատիժների ժամանակ դատապարտվածներին կապկպում էին շղթայով, իսկ ծիրանեգույն ժապավենը ընդամենը կապկելու միջոց է՝ ցույց տալու, որ փոխվել են կապանքի միջոցները, սակայն իրողությունը մնացել է նույնը)։ Այսպիսով ինքնասպանությունը մի կողմից դառնում է սյուժետային թատերական միջոց, մյուս կողմից՝ ինքնակամ մահապատժի տարբերակ։ Կախվախ այն բանից, որ ինքնասպանությունը ներկայացվում է իբրև մահապատժի տարբերակ, ակտուալ է դառնում նաև զոհի կերպարի ու Կուռքի հակադրումը՝ «․․․․մենք զոհ ենք մատուցում մեր Աստծուն՝ Միասնական Պետությանը»։ Սա գեղարվեստական ընդհանրացում է, քանզի յուրաքանչյուր ոք, ով փոխհարաբերության մեջ է մտնում պետության՝ Կուռքի հետ, զոհ է։

Թատերական ինքնասպանության վառ օրինակներից է, երևի թե, նաև Պ Զյուսքինդի «Օծանելիք մի մարդասպանի պատմություն» վեպը, որտեղ հերոս Ժան Բատիստը իր տեղը չգտնելով մարդկան մեջ, օծում է իրեն իր պատրաստած օծանելիքով, ու հանձնվում ամբոխին։

Ինքնասպանությունը՝ իբրև գեղարվեստական աշխարհի գործողությունների զարգացման հիմնական մոտիվ, հանդիպում է բազմաթիվ ստեղծագործություներում մի դեպքում ինքնասպանությունը նախապես կանխատեսելի է, մանրակրկիտ պլանավորած, ինչպես օրինակ Է Վոլդարդսկիի «Ինքնասպանի օրագիրը», Պ Կոելյուիի «Վերոնիկան որոշում է մեռնել», Գ Գ Մարկեսի «Սերը ժանտախտի օրերում» գրքերում, մյուս դեպքում դա ինքնաբուխ է, չպլանավորած, պահի թելադրանք՝ բարոյական խղճմտանքների, կտրուկ հուսահատության արդյունք։ Այսպես օրինակ, Լ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպում հերոսուհի Աննան, տրվելով հոռետեսական մտածմունքներին ու հավատալով, որ ամեն ինչ կորած է անդարձ, գցում է իրեն գնացքի տակ։ Ֆ Կաֆկայի «Ուղղիչ գաղութում» պատմվածքում դատապարտյալների հսկիչը ինքնակամ պառկում է կտտանքների մեքենայի դանակների տակ՝ հասկանալով, թե որքան դաժան և անարդարացի է վարվել դատապարտյալների հետ։

Բերված բոլոր օրինակներում հեղինակները այս կամ այն չափով փորձել են դատողություններ անել ինքնասպանության էթիկական կողմի մասին։ Օրինակ՝ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» գրքում խնդրի երկու կողմերը քննելու համար Գյոթեն «խոսում է» երկու տարբեր հերոսների անունից։ Վերթերը, որ կողմ էր ինքասպանությանը, իր դրդապատճառներն ուներ, գտնում էր, որ կյանքում չի գտնի իր տեղը, և հետևապես սուիցիդը արդարացված է։ Այնինչ նրա ընկեր Ալբերտը այդ մտածմունքները հիմարություն ու հիվանդագին մտքի դրսևորումներ է համարում։ Հեղինակը փորձում է առերես զերծ մնալ սեփական դատողություններից, սակայն սյուժեի զարգացումն ու հանգուցալուծումը շատ ավելին են ասում, քան նա կարող էր գրել։ Ի վերջո զուր չէ, որ նշել ենք մեր աշխատության մեջ, թե հեղինակի էթիկական հայացնքերը կարևոր նշանակություն ունեն գործողությունների զարգացման համար։ 

2025-08-31

Ռոբերտ Շեքլի «Հաշվապահը»

Պարոն Դին նստած էր մեծ բազկաթոռին գոտին թուլացրած էր, երեկոյան թերթերը՝ ցրված ծնկներին։ Խաղաղաբար ծխում էր իր ծխամորճը և խորհում, թե որքան հրաշալի է աշխարհը։ Այսօր նա վաճառել էր երկու հուռութ և մի հմայախոտ կինը եռանդով պտտվում էր խոհանոցում՝ համեղ կերակուր պատրաստելով։ Խողովակն էլ իր հերթին էր հաճելի ծխվում։ Բավարարվածության մի հևոցով պարոն Դին հորանջեց ու ձգվեց։

Մորտոնը՝ նրա իննամյա որդին, շտապ անցավ հյուրասենյակով՝ գրքերով ծանրաբեռնված։

Ինչպե՞ս անցավ այսօր դպրոցում,-ձայնեց նրան պարոն Դին։

Լա՛վ,– ասաց տղան՝ դանդաղեցնելով քայլերը, բայց միաժամանակ շտապելով իր սենյակ։

Իսկ դա ի՞նչ է,– հարցրեց պարոն Դին՝ մատնացույց անելով որդու՝ գրքերով ծարնաբեռնած ձեռքերին։

Պարզապես հաշվապահության մասին ինչ-ինչ նոր բաներ են,– պատասխանեց Մորտոնը՝ խուսափելով նայել հորը։

Նա արագ իր սենյակ անցավ։

Պարոն Դին շարժեց գլուխը։ Տղան ինչ-որ հիմարությամբ էր լցրել գլուխը ուզում էր հաշվապահ դառնալ։  Հաշվապահ․․․ ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Ճիշտ է, Մորտոնը լավ էր թվաբանությունից, բայց նա պետք է մոռանար այդ անհեթեթ մտադրությունը։ Նրան ավելի մեծ բաներ էին վիճակված։

 Դռան զանգը հնչեց։

2025-07-26

Նարինե Աբգարյան «Ապրել»․ մեջբերումներ (մաս 2-րդ)

 

҉ ...ուզում եմ՝ ամառը հավերժ լինի։ Որ քայլեմ փողոցով ու երիցուկի պես հավաքեմ մարդկանց ժպիտները: Ամեն ժպիտում՝ արև: Մի գիրկ արև: Ոչ ոք չի ափսոսում, բոլորը տալիս են: Ես լաց չեմ լինում, ես հավաքում եմ: Ինձ համար դժվար չէ, ես կարող եմ (Ամառը):

҉ Մայրը հրաժարվեց մեկնելուց. մնաց տունուտեղին, ունեցվածքին տեր կանգնելու. «Օրերից մի օր պատերազմը կվերջանա, ու դուք էլ հետ կդառնաք»: Միասին մեկնելու հորդորներն էլ կտրուկ մերժել էր: «Ես ասորուհի եմ, ինձ մատով չեն դիպչի»: «Մայրիկ, ախր, չե՞ս տեսնում՝ շուրջդ ինչ է կատարվում»,- արտասվել էր Նունիկը: «Պառավ կնիկ եմ, ով ինձ վրա ձեռք կբարձրացնի»,- մայրն այդպես էլ տեղի չէր տվել։ Ձեռք բարձրացնող եղավ, իհարկե: Նրան քրջե տիկնիկի պես մտցրին բեռնատարի անվադողի մեջ ու ողջակիզեցին: 

Նարինե Աբգարյանի «Ապրել» ժողովածուի մասին․ մեջբերումներ (մաս 1-ին)

 

«Ապրել»-ը Նարինե Աբգարյանի պատմվածքների ժողովածուն է ամենից սարսափելիի մասին, ինչը միայն մարդը կարող է վերապրել։ Պատերազմը խլում է հազարավոր, հարյուր հազարավոր կյանքեր։ Բայց մի՞թե հարցը քանակն է։ Մի՞թե մի հոգու, հարազատ մեկի կորուստը նույնքան ցավոտ չէ, որքան մասշտաբային պատերազմում ճզմվող հոգիների կորուստը։ Աբգարյանը գրում է հարազատների մեռնելուց հետո ապրելու մասին, ժամանակի մասին, որը շարունակում է հոսել՝ անկախ մարդկանց ցանկությունից, գրում է մայրերի ու հայրերի, երեխաների ու ամուսինների մասին, գրում է նրանց մասին, ովքեր ստիպված են ապրել հարազատներին կորցնելուց հետո։ Ի՞նչը կարող է ավելի դաժան լինել, քան մոր ցավը, որ այդպես էլ չճաշակեց որդու՝ պատերազմից կենդանի վերադառնալու համը, քան ֆիզիկական բթացնող ցավը, երբ տեսնում ես ականի վրա մասունքների բաժանվող փոքրիկ աղջնակին։ Ի՞նչը կարող է ավելի ցավոտ լինել, քան մահվան ճիրաններում տառապող հորը տեսնելը, որի վրա մի կենդանի տեղ չի մնացել։ Գիրքը ծանր է և միաժամանակ  իմաստնությունով լեցուն անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, որ մահը գրեթե միշտ հաղթանակած է դուրս գալիս, պետք է սովորել ապրել։

2025-05-21

Էլիֆ Շաֆաք «Անհետ կորած ծառերի կղզին»․ մեջբերումներ

 Երիտասարդներն իմաստուն են։ Նրանք խաղաղություն են ուզում։ Տարեցներն էլ կարծես թե համաձայն են։ Միջին սերունդն է, որ խնդիրներ է ստեղծում։


Քարտեզը երկչափ պատկեր է՝ կամայական խորհրդանիշներով ու դրոշմագիր գծերով, որոնք որոշում են, թե ով պիտի լինի մեր թշնամին, ով՝ ընկերը, ով է արժանի մեր սիրուն, ով՝ ատելությանը, իսկ ով՝ մեր անթաքույց անտարբերությանը։

Քարտեզագրությունը հաղթողների պատմությունների հոմանիշն է։

Քանզի պարտվողների պատմություններն անուն չունեն։

Մինչ կրոնները բախվում են՝ պայքարելով վերջին խոսքի իրավունքի համար, իսկ ազգայնականությունը գերազանցության և բացառիկության դասեր է տալիս, սահմանի երկու կողմում զարմանալիորեն ներդաշնակ գոյակցում են սնապաշտությունները։


-Ամեն ինչ փոխվում էր, օդում զգալի էր փոփոխության հոտը։ Ինչպես ասում էին, հույներն ու թուրքերը միս ու եղունգ են։ Անհնար է եղունգն առանձնացնել մսից։ Փաստորեն սխալվում էին։ Դա հնարավոր է։ Պատերազմն ահավոր բան է։ Բոլո՛րը։ Բայց քաղաքացիական պատերազմները թերևս ամենավատն են,  երբ հին հարևանները դառնում են նոր թշնամիներ։


2025-05-17

Մարկուս Զուսակ «Ավետաբերը»․ հատվածներ

 Թարգմանեց Ա․ Վերանյանը


Որքան հնարավոր է հանգիստ անցնում եմ շեմքն ու տուն եմ մտնում։ Դուռը բաց է։

Բազմոցին՝ հյուրասենյակում, մի երիտասարդ է նստած։ Նա դեմքի երանավետ արտահայտությամբ շոյում է Բարապանին[1]:

-Ո՞վ ես․․․

-Ողջույն, Է՛դ,- ասում է նա։- Ուրախ եմ վերջապես ծանոթանալ։

-Այդ դու՞ ես․․․

Նա շարժում է գլուխը։

-Դո՞ւ ես ուղարկել․․․․

Նա կրկին շարժում է գլուխը։

Իսկ հետո ոտքի է կանգնում ու ասում․

-Ես մի տարի առաջ եմ տեղափոխվել այս արվարձան։

Մազերը մուգ են ու կարճ կտրած, հասակը՝ միջինից փոքր-ինչ ցածր։ Հյուրի հագին վերնաշապիկ է, սև ջինսե տաբատ և կապույտ սպորտային կոշիկներ։ Ամեն վայրկյանին զուգահեռ նա ավելի ու ավելի էր նմանվում տղեկի։ Չնայած ձայնը տղայական չէր ընդհանրապես։

-Այո՜, մոտավորապես մեկ տարի առաջ։ Ես տեսել եմ հորդ հուղարկավորությունը։ Տեսել եմ, թե ինչպես էիք դուք թուղթ խաղում։ Ես մոտենում էի ու նայում, ինչպես որ դու տնից տուն թափառելիս։

Նա շրջվում է․ թվում է՝ ամաչում է։

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...