2025-08-31

Ռոբերտ Շեքլի «Հաշվապահը»

Պարոն Դին նստած էր մեծ բազկաթոռին գոտին թուլացրած էր, երեկոյան թերթերը՝ ցրված ծնկներին։ Խաղաղաբար ծխում էր իր ծխամորճը և խորհում, թե որքան հրաշալի է աշխարհը։ Այսօր նա վաճառել էր երկու հուռութ և մի հմայախոտ կինը եռանդով պտտվում էր խոհանոցում՝ համեղ կերակուր պատրաստելով։ Խողովակն էլ իր հերթին էր հաճելի ծխվում։ Բավարարվածության մի հևոցով պարոն Դին հորանջեց ու ձգվեց։

Մորտոնը՝ նրա իննամյա որդին, շտապ անցավ հյուրասենյակով՝ գրքերով ծանրաբեռնված։

Ինչպե՞ս անցավ այսօր դպրոցում,-ձայնեց նրան պարոն Դին։

Լա՛վ,– ասաց տղան՝ դանդաղեցնելով քայլերը, բայց միաժամանակ շտապելով իր սենյակ։

Իսկ դա ի՞նչ է,– հարցրեց պարոն Դին՝ մատնացույց անելով որդու՝ գրքերով ծարնաբեռնած ձեռքերին։

Պարզապես հաշվապահության մասին ինչ-ինչ նոր բաներ են,– պատասխանեց Մորտոնը՝ խուսափելով նայել հորը։

Նա արագ իր սենյակ անցավ։

Պարոն Դին շարժեց գլուխը։ Տղան ինչ-որ հիմարությամբ էր լցրել գլուխը ուզում էր հաշվապահ դառնալ։  Հաշվապահ․․․ ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Ճիշտ է, Մորտոնը լավ էր թվաբանությունից, բայց նա պետք է մոռանար այդ անհեթեթ մտադրությունը։ Նրան ավելի մեծ բաներ էին վիճակված։

 Դռան զանգը հնչեց։

Պարոն Դին կապեց գոտին, աճապարելով տակով արեց վերնաշապիկը և բացեց դուռը։ Շեմին կանգնած էր օրիորդ Գրիբը՝ որդու՝ չորրորդ դասարանի ուսուցչուհին։

–Համեցե՛ք, օրիո՛րդ Գրիբ, – ասաց Դին։- Կարո՞ղ եմ որևէ բան առաջարկել։

–Ժամանակս սուղ է, – պատասխանեց օրիորդ Գրիբը։

Կանգնած էր դռան շեմին՝ ձեռքերը գոտկատեղին կանթած։ Մոխրագույն, խճճված մազերը, երկար քթով բարակ դեմքը և կարմրած, արցունքոտ աչքերը  նրան իսկական վհուկի տեսք էին տալիս։ Դրանում տարօրինակ ոչինչ էլ չկար, որովհետև օրորդ Գրիբն իսկը վհուկ էր։

–Ես եկել եմ Ձեր որդու մասին խոսելու,– ասաց նա։

Այդ պահին տիկին Դին դուրս եկավ խոհանոցից՝ ձեռքերը գոգնոցով սրբելով։

–Հուսով եմ՝ չարաճճի բան չի արել,– անհանգստացած ասաց նա։

Օրիորդ Գրիբը նենգորեն փնչացրեց։

Այսօր տարեկան թեստը գրեցինք։ Ձեր որդին խայտառակ կերպով տապալեց այն։

–Օ՜հ, ո՛չ, – հառաչեց տիկին Դին։– Գարուն է, միգուցե…

Գարունը կապ չունի,– կտրեց օրիորդ Գրիբը։– Անցյալ շաբաթ հանձնարարեցի Կորդուսի Մեծագույն Հմայությունների առաջին բաժինը։ Ինքներդ գիտեք՝ հեշտից էլ հեշտ է։ Նա դրանցից և ոչ մեկը չսովորեց։

Հը՜մմ,– կարճ արձագանքեց պարոն Դին։

–Կենսաբանությունից էլ բացարձակ պատկերացում չունի հիմնական կախարդական խոտաբույսերի մասին։ Չնչին իսկ պատկերացում․․․շարունակեց ուսուցչուհին։

–Անհավատալի՜ է,– ասաց պարոն Դին։

Օրիորդ Գրիբը դառնահունչ  քմծիծաղեց

–Դեռ ավելին, նա լրիվ մոռացել է Գաղտնի այբուբենը, որը սովորել էր երրորդ դասարանում։ Մոռացել է Պաշտպանական բանաձևը, մոռացել է Երրորդ պարունակի իննսունինը փոքր չարքերի անունները, մոռացել է նույնիսկ Մեծ դժոխքի աշխարհագրությունից այն չնչինը, որ գիտեր։ Եվ որ ամենավատն է,  նա պարզապես չի ուզում սովորել։

Պարոն և տիկին Դին լուռ իրար նայեցին։ Սա արդեն իսկապես լուրջ էր։ Տղայական մասնակի անուշադրությունը դեռ կարելի էր հանդուրժել, նույնիսկ խրախուսել. դա ցույց էր տալիս նրա բնավորության ուժը։ Բայց ամեն երեխա պիտի տիրապետի հիմունքներին, եթե հույս ունի երբևէ լիարժեք մոգ դառնալու։

–Այստեղ ու հիմա պատրաստ եմ ասել,– շարունակեց օրիորդ Գրիբը,– որ եթե հին ժամանակները լինեին, ես նրան անմիջապես անբավարար կնշանակեի։ Բայց այսօր մենք այնքան քիչ ենք մնացել…

Պարոն Դին տխուր գլխով արեց։ Դարեդար կախարդանքը հաստատուն կերպով անկում էր ապրում։ Հին տոհմերը մեռնում էին, կամ դիվային ուժերին էին զոհ գնում, կամ էլ դառնում էին գիտնականներ։ Իսկ քմահաճ հասարակությունն այլևս բոլորովին հետաքրքրություն չէր ցուցաբերում հնուց եկած հմայանքների ու կախարդությունների հանդեպ։ Հիմա միայն հաշված մի քանի հոգի էին պահպանում Հին Գիտելիքը՝ այն պաշտպանելով և ուսուցանելով այնպիսի տեղերում, ինչպիսին օրիորդ Գրիբի մասնավոր դպրոցն էր՝ նախատեսված մոգերի երեխաների համար։ Դա նրանց ժառանգությունն էր, սրբազան պարտքը։

–Պատճառը այդ անհեթեթ հաշվապահությունն է,– ասաց օրիորդ Գրիբը։– Չգիտեմ` ինչ է ուղեղին փչել։– Նա կասկածանքով նայեց պարոն Դիին։– Եվ չեմ հասկանում, թե ինչու ժամանակին արմատախիլ չեք արել դա։

Պարոն Դիի այտերը կարմրեցին։

–Բայց մի բան հաստատ գիտեմ քանի դեռ Մորտոնի միտքը դրանով է զբաղված, նրա ուշադրությունը Հրաշագործությանը չի դառնա։

 Պարոն Դին խուսափում էր կախարդուհու կարմրած աչքերից։ Դա իր մեղավորությունն էր։ Պետք է երբևէ տուն չբերեր այն խաղալիք հաշվիչ մեքենան։ Իսկ երբ առաջին անգամ տեսավ, թե ինչպես է Մորտոնը կրկնակի հաշվապահություն խաղում, պետք է վառեր մատյանը։ Բայց ի՜նչ իմանար, որ այն կաճի ու սևեռուն գաղափարի կվերածվի։

Տիկին Դին հարթեց գոգնոցի ծալքերը և ասաց

–Օրիո՛րդ Գրիբ, Դուք գիտեք, որ մենք լիովին վստահում ենք Ձեզ։ Ի՞նչ կառաջարկեք։

Ես արել եմ ամենը, ինչ կարող էի,– ասաց նա։– Մնացել է միայն Բարբասին՝ Երեխաների դևին  կանչելը։ Իսկ դա, բնականաբար, ձեր որոշելիքն է։

–Օ՜հ, ես չեմ կարծում, թե ամեն ինչ արդեն այդքան լուրջ է,– արագորեն ասաց պարոն Դին։– Բարբասին կանչելը լրջագույն միջոց է։

Ինչպես ասացի, դա ձեր որոշելիքն է,– պատասխանեց օրիորդ Գրիբը։– Կանչե՛ք Բարբասին կամ ո՛չ ինչպես կկամենաք։ Բայց այսպես շարունակվելու դեպքում ձեր որդին երբեք մոգ չի դառնա։

Նա շրջվեց՝ պատրաստվելով գնալու։

–Չե՞ք ցանկանա մի բաժակ թեյ խմել,– փութկոտ հարցրեց տիկին Դին։

–Ո՛չ, ես պետք է վհուկների մի գիշերաժողովի ներկայանամ Ցինցինատիում,– ասաց օրիորդ Գրիբն ու անհետացավ նարնջագույն ծխի քուլայի մեջ։

Պարոն Դին ձեռքերով ցրեց ծուխն ու փակեց դուռը։

– Թո՜ւհ,– ասաց նա։– Կարող էր ավելի բուրավետ լինել․․․

–Նա հնաոճ է,– շշնջաց տիկին Դին։

Նրանք լուռ կանգնած էին դռան դիմաց։ Պարոն Դին նոր միայն սկսեց ըմբռնել կատարվածի իմաստը։ Դժվար էր հավատալ, որ իր որդին՝ իր սեփական արյունը, չէր ուզում շարունակել ընտանիքի ավանդույթը։ Նման բան չէր կարող պարզապես լինել։

–Ընթրիքից հետո,– վերջապես ասաց Դին,– կխոսեմ նրա հետ, ինչպես տղամարդը՝ տղամարդու։ Համոզված եմ՝ ոչ մի դիվական միջամտության կարիք չի լինի։

–Լա՛վ,– պատասխանեց տիկին Դին։Համոզված եմ՝ դու կկարողանաս նրան խելքի բերել։

Նա ժպտաց, և պարոն Դին ակնթարթորեն նկատեց, թե ինչպես նրա աչքերում շողարձակեց հին կախարդական փայլը։

–Իմ տապակա՜ն,– հանկարծ ճչաց տիկին Դին կախարդական լույսը մեռավ նրա աչքերում։ Նա շտապով վերադարձավ խոհանոց։

Ընթրիքը լուռ անցավ։ Մորտոնը գիտեր, որ օրիորդ Գրիբը եկել էր, և մեղավոր լռությամբ ուտում էր՝ ժամանակ առ ժամանակ հայացք գցելով հոր կողմը։ Պարոն Դին խորապես մտահոգ կտրտում ու բաժանում էր տապակած միսը։ Տիկին Դին չփորձեց անգամ խոսել։ Աղանդերն շտապ կուլ տալով՝ տղան գնաց իր սենյակ։

–Այժմ սկսենք,– ասաց պարոն Դին կնոջը։ Նա խմեց, ավարտեց սուրճը, սրբեց շրթունքները և ոտքի կանգնեց։– Այժմ գնամ, խելքի բերեմ նրան։ Ո՞ւր է իմ Համոզման հուռութը։

Տիկին Դին մի պահ մտածեց, հետո մոտեցավ գրապահարանին։

–Այստե՛ղ է,– ասաց նա՝ այն հանելով փայլուն շապիկով գրքի էջերի միջից։– Ես այն  որպես էջանիշ էի օգտագործում։

Պարոն Դին հուռութը դրեց գրպանը, խորը շունչ քաշեց և մտավ որդու սենյակը։

Մորտոնը նստած էր գրասեղանի մոտ։ Նրա առաջ նոթատետր էր՝ լեցուն թվերով ու մանր, ճշգրիտ նշումներով։ Սեղանին դրված էին սրած վեց մատիտ, ռետինե ջնջոց, աբակ[1] և խաղալիք հաշվիչ մեքենան։ Գրքերը վտանգավոր «կախ էին ընկել» սեղանի եզրից Ռիմրաեմերի «Գումարը», Ջոնսոնի և Քալհունի «Բանկային հաշվապահության պրակտիկան»,  Էլմանի «Դասախոսություններ ֆինանսական տեսուչների համարը» և տասնյակ այլ գրքեր։

Պարոն Դին մի կողմ հրեց հագուստի կույտը և տեղավորվեց մահճակալի վրա։

– Ինչպե՞ս են գործերդ, տղա՛ս, – հնարավորինս մեղմ ձայնով հարցրեց նա։

–Լավ է, հայրիկ,– ոգևորված պատասխանեց Մորտոնը։– Արդեն հասել եմ «Հաշվապահության հիմունքներ» գրքի չորրորդ գլխին ու պատասխանել եմ բոլոր հարցերին…

–Տղա՛ս,– Դին կտրեց նրա խոսքը՝ խոսելով շատ հանգիստ,– իսկ ի՞նչ կասես քո առօրյա տնային աշխատանքների մասին։

Մորտոնը անհարմարության զգացումով նայեց նրան ու ոտքերը քսքստացրեց հատակին։

–Գիտե՞ս՝ շատ տղաներ հնարավորություն չունեն մոգ դառնալու այս օրերին և այս տարիքում։

Այո՛, սը՛ր, գիտեմ։– Մորտոնը հանկարծ շրջվեց։ Նրա ձայնը հնչեց բարձր ու նյարդային։– Բայց ես ուզում եմ հաշվապահ դառնալ։ Իսկապես ուզում եմ։ Հայրի՜կ…

Պարոն Դին գլուխն օրորեց։

–Մորտո՛ն, մեր ընտանիքը միշտ աչքի է ընկել իր մոգերով։ Տասնմեկ դար շարունակ Դիերը հայտնի են գերբնական շրջանակներում։

Մորտոնը շարունակում էր նայել պատուհանից դուրս ու ոտքերով քսքստացնել։

–Դու չե՛ս ուզում հիասթափեցնել ինձ, չէ՞, տղա՛ս։– Դին տխուր ժպտաց։Գիտե՞ս՝ ով ասես կարող է հաշվապահ դառնալ։ Բայց միայն ընտրյալներն են վարպետանում Սև մոգության արվեստի մեջ։

Մորտոնը հայացքը հեռացրեց լուսամուտից։ Նա մի մատիտ վերցրեց, ուշադիր զննեց սրած ծայրը և սկսեց դանդաղորեն պտտել այն մատների մեջ։

–Դե ի՞նչ, տղա՛ս,– շարունակեց հայրը,– կարո՞ղ ես ավելի ջանադրաբար աշխատել․․․ օրիորդ Գրիբի համար։

Մորտոնը շարժեց գլուխը։

Ես ուզում եմ դառնալ հաշվապահ։

Պարոն Դին մեծ դժվարությամբ զսպեց հանկարծի բռնկված զայրույթը։ Ինչո՞ւ չէր ազդում Համոզման հուռութը։ Միգուցե կախարդանքը սպառվե՞լ էր։ Պետք է ժամանակին վերալիցքավորեր այն։ Այնուամենայնիվ նա շարունակեց

Մորտո՛ն,– ասաց խռպոտ ձայնով,– ես ընդամենը Երրորդ աստիճանի մոգ եմ։ Դու գիտես, որ իմ ծնողները շատ աղքատ էին։ Նրանք չկարողացան ինձ ուղարկել Համալսարան։

Գիտեմ,– շշնջաց տղան։

–Ես ուզում եմ, որ դու ունենաս այն ամենը, ինչ ես չունեցա։ Մորտո՛ն, դու կարող ես դառնալ Առաջին աստիճանի մոգ։– Նա հառաչեց։Դա հեշտ չի լինի։ Բայց մենք մորդ հետ մի փոքր գումար ունենք պահած, մնացածն էլ կճարենք։

Մորտոնը կծում էր շուրթերը ու մատիտը արագ պտտում մատների մեջ։

–Իսկ ի՞նչ կասես սրան, տղա՛ս։ Ինքդ գիտես, որ իբրև Առաջին աստիճանի մոգ երբեք խանութում չես աշխատի։ Դու կարող ես դառնալ սատանայի կամքի անմիջական Հանձնակատար։ Անմիջակա՛ն Հանձնակատար։ Դե՜, ի՞նչ կասես, որդի՛ս։

Մի պահ Դիին թվաց՝ որդին հուզվել է։ Մորտոնի շուրթերը փոքր-ինչ հեռացել էին իրարից, իսկ աչքերի մեջ կասկածելի փայլ էր հայտնվել։ Բայց հետո տղան նայեց իր հաշվապահական գրքերին, փոքրիկ աբակին, խաղալիք հաշվիչ մեքենային։

–Ես հաշվապահ եմ դառնալու,– ասաց նա։

–Դեռ կտեսնենք, – գոռաց պարոն Դին՝ կորցնելով համբերությունը։– Ո՛չ, տղա՛, դու երբեք հաշվապահ չես դառնա։ Դու մոգ ես լինելու։ Ինչը բավարար է եղել ողջ ընտանիքիդ համար, բավարար կլինի նաև քեզ համար, երդվում եմ աշխարհիս երեսի ամենայն անիծյալով։ Դեռ կհիշես ասածներիս, տղա՛։

Նա փոթորկված դուրս եկավ սենյակից։ Մորտոնը անմիջապես վերադարձավ իր հաշվապահական գրքերին։

Պարոն և տիկին Դիները անխոս նստել էին բազմոցին։ Տիկին Դին զբաղված էր հյուսելով, բայց միտքը ուրիշ տեղ էր։ Պարոն Դին մռայլ հայացքով նայում էր հյուրասենյակի գորգի մաշված բծին։

Վերջապես Դին ասաց

Ես երես եմ տվել նրան։ Բարբասն է միակ լուծումը։

–Օ՜հ, ո՛չ,– հապճեպ վրա բերեց տիկին Դին։– Նա դեռ այնքա՜ն փոքր է։

Ուզու՞մ ես՝ քո որդին հաշվապահ դառնա,– դառնորեն հարցրեց պարոն Դին։– Ուզու՞մ ես, որ թվերով զբաղվի՝ փոխանակ սատանային ծառայելու։

–Իհարկե՛ ոչ,– ասաց տիկին Դին։Բայց Բարբա՜սը…

Գիտեմ։ Ես արդեն ինձ մարդասպան եմ զգում։

Նրանք մի պահ լուռ մտածեցին։ Հետո տիկին Դին ասաց

Գուցե նրա պա՞պը կարողանա ինչոր բան անել։ Նա միշտ սիրել է մեր որդուն։

–Գուցե և կարողանա,– մտահոգ ասաց պարոն Դին։– Բայց չգիտեմ. արժե՞ անհանգստացնել նրան. չէ՞ որ ծերուկը արդեն երեք տարի է՝ մեռած է։

–Գիտեմ,– պատասխանեց տիկին Դին՝ քանդելով սխալ հյուսված հանգույցը։– Բայց կա՛մ պապը, կա՛մ Բարբասը։

Պարոն Դին համաձայն էր։ Թեև ճիշտ չէր Մորտոնի պապիկի անդորրը խաթարելը, բայց Բարբասին դիմելը հազարապատիկ անգամ ավելի վատ էր։

Պարոն Դին անհապաղ սկսեց պատրաստվել՝ կանչելու հոր հոգին։ Նա խառնեց իրար բանգին[2], միաեղջյուրի եղջյուրի փոշին, մոլախինդը[3] և վիշապի ատամից մի կտոր։ Ստացված խառնուրդը դրեց գորգի վրա։

–Ո՞ւր է իմ գավազանը,– հարցրեց կնոջը։

–Ես այն դրել էի քո գոլֆի մականների պայուսակի մեջ,– պատասխանեց տիկին Դին։

Պարոն Դին հանեց գավազանը, ճոճեց այն խառնուրդի վրա, շշնջաց Ազատագրման երեք բառերը և արտասանեց իր հոր անունը։ Միանգամից ծխի մի բարակ քուլա բարձրացավ գորգից։

–Բարև, պապի՛կ Դի,– ասաց տիկին Դին։

–Հա՛յր, ների՛ր, որ անհանգստացնում եմ,– սկսեց պարոն Դին,– բայց իմ որդին՝ քո թոռը, հրաժարվում է մոգ դառնալ։ Նա ուզում է դառնալ… հաշվապահ։

Ծխի քուլան երերաց, ապա ուղղվեց և օդում Հին լեզվի մի նշան գծագրեց։

Այո,– ասաց պարոն Դին։– Փորձել ենք համոզել։ Նա անդրդվելի է։

Ծուխը նորից տատանվեց և այս անգամ մի այլ նշանի վերածվեց։

Կարծում եմ՝ դա ամենալավ տարբերակն է,– ասաց Դին։– Եթե դու նրան մեկընդմիշտ վախեցնես, նա կթողնի իր այդ անհեթեթ հաշվապահությունը։ Դաժան է, գիտեմ, բայց Բարբասից հո լավ է։

Ծխի քուլան գլխով արեց ու սահեց դեպի տղայի սենյակը։ Պարոն և տիկին Դին նստեցին բազմոցին։

Մորտոնի սենյակի դուռը հանկարծ բացվեց, ասես ուժեղ քամուց։ Մորտոնը բարձրացրեց գլուխը, մի պահ խոժոռվեց և նորից վերադարձավ իր գրքերին։

Ծուխը վերափոխվեց թևավոր առյուծի՝ շնաձկան պոչով  նա մռնչաց սոսկալի,  կռացավ, գռմռաց և պատրաստվեց ցատկելու։ Մորտոնը նայեց նրան, հոնքերը բարձրացրեց և շարունակեց գրի առնել թվերը սյունակով։

Առյուծը փոխակերպվեց եռագլուխ մողեսի նրա կողերից արյան սարսափելի հոտ էր գալիս։ Կրակ ժայթքելով՝ մողեսը առաջացավ տղայի վրա։ Մորտոնն ավարտեց սյունակով թվերի գումարումը, ստուգեց արդյունքը աբակով և նայեց մողեսին։

Կռնչոց արձակելով՝ մողեսը փոխվեց հսկայական չղջիկի։ Այն թափահարում էր թևերը տղայի գլխավերևում՝ փնչոցով ու տնքոցով։ Մորտոնը քմծիծաղ տվեց և նորից վերադարձավ իր գրքերին։

Պարոն Դին այլևս չդիմացավ

Գրո՛ղը տանի,– գոռաց նա։– Չե՞ս վախենում։

–Ինչո՞ւ պիտի վախենամ,– հարցրեց Մորտոնը։– Չէ որ դա պապիկն է։

Այդ բառերի հետ չղջիկը վերածվեց ծխի քուլայի։ Ծուխը տխուր գլխով արեց պարոն Դիին, խոնարհվեց տիկին Դիի առաջ և անհետացավ։

–Ցտեսություն, պապի՛կ,– կանչեց Մորտոնը։ Նա վեր կացավ և փակեց իր սենյակի դուռը։

–Ահա և վերջ,– ասաց պարոն Դին։– Տղան չափազանց ինքնավստահ է։ Ստիպված ենք կանչել Բարբասին։

–Ո՛չ,– բացականչեց կինը։

–Ի՞նչ ես առաջարկում։

–Չգիտեմ,– գրեթե արտասվելով ասաց տիկին Դին։– Ինքդ գիտես, թե ինչ է Բարբասը անում երեխաների հետ։ Նրանք այլևս երբեք նույնը չեն լինում։

Պարոն Դիի դեմքը գրանիտի պես անշարժ էր։

Գիտեմ։ Բայց այլ ելք չկա։

Նա այնքա՜ն փոքր է,– ողբում էր կինը։– Դա… դա տրավմատիկ կլինի նրա համար։

Եթե այդպիսի բան լինի, կօգտագործենք ժամանակակից հոգեբանության բոլոր միջոցները՝ բուժելու նրան,– հանգստացրեց նրան պարոն Դին։– Նա կունենա լավագույն հոգեվերլուծաբաններին, որ հնարավոր է ճարել գումարով։ Բայց նա մոգ պիտի՛ դառնա։

–Լա՛վ, արա՛ ինչպես ուզում ես,– ասաց տիկին Դին՝ արդեն բացահայտ լաց լինելով։– Բայց ինձ չխնդրես օգնել քեզ ։

Տիպիկ կնոջ մտածելակերպ, մտածեց պարոն Դին,երբ պետք է վճռականություն ցուցաբերեն, միշտ թուլակամություն են դրսևորում։ Ծանր սրտով նա սկսեց Բարբասին՝ Երեխաների դևին, կանչելու նախապատրաստությունները։

Սկզբում մանրակրկիտ նկարեց հնգագիծը[4], ապա դրա ներսում՝ տասներկու թև ունեցող աստղը, իսկ վերջինիս մեջ՝ անվերջանալի պարույրը։ Հետո եկավ հմայախոտերի ու բնահյութերի հերթը թանկարժեք բաներ էին, բայց վհկության համար ծայրահեղ անհրաժեշտ։

Այնուհետև գրվեց Պաշտպանիչ համայիլը[5], որպեսզի Բարբասը չկարողանա ազատվել ու ոչնչացնել նրանց բոլորին։ Դրանից հետո՝ հիպոգրիֆի[6] արյան երեք կաթիլը․․․

Ո՞ւր է իմ հիպոգրիֆիի արյունը,– հարցրեց պարոն Դին՝ փնտրելով հյուրասենյակի պահարանում։

Խոհանոցում է, ասպիրինի շշի մեջ,– ասաց տիկին Դին՝ աչքերը սրբելով։

Դին այն գտավ։ Արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Նա վառեց սև մոմերը և արտասանեց Ոգեկանչման համայիլը։ Սենյակը հանկարծ տաքացավ։ Այժմ մնում էր միայն Անվան ընթերցումը։

–Մորտո՛ն,– կանչեց պարոն Դին։– Արի՛ այստեղ։

Մորտոնը բացեց դուռը և դուրս եկավ՝ ձեռքին պինդ պահած իր հաշվապահական գրքերից մեկը։ Նա շատ փոքր էր երևում, անպաշտպան։

–Մորտո՛ն, ես հիմա պատրաստվում եմ կանչել Երեխաների դևին։ Մի՛ ստիպիր ինձ դա անել։

Տղան գունատվեց ու հենվեց դռանը, բայց համառորեն թափահարեց գլուխը։

– Լա՛վ,– ասաց Դին։– ԲԱՐԲԱԱԱԱԱ՛Ս։

Ականջ ծակող որոտը ցնցեց տունը, և անտանելի տապի ալիք բարձրացավ։ Հայտնվեց Բարբասը նա ձգվում էր մինչև առաստաղն ու չարագուշակ ծիծաղում էր։

–Ա՜հ,– գոռաց Բարբասը ձայնով, որից տունը դղրդաց։– Տղե՜կ[7]։

Մորտոնը քարացավ՝ բերանը բաց, աչքերը՝ ճակատին թռած։

–Անհնազա՛նդ տղեկ,– ասաց Բարբասն ու ծիծաղեց։ Դևը քայլեց առաջ նրա ամեն քայլից տունը ցնցվում էր։

–Վռնդի՛ր նրան,– ճչաց տիկին Դին։

–Չեմ կարող,– Դին խոսեց նրա ձայնը  բեկբեկուն էր։– Չեմ կարող ոչինչ անել, մինչև նա չավարտի իր գործը։

Դևն իր մեծ, եղջյուրավոր ձեռքերը մեկնեց դեպի Մորտոնը, բայց տղան արագ բացեց իր հաշվապահական գիրքը։

–Փրկի՜ր ինձ,– ճչաց նա։

Այդ իսկ պահին սենյակում հայտնվեց մի բարձրահասակ, անասելի նիհար ծերունի նա ոտքից գլուխ պատված էր թանաքաբծերով և հաշվետարական բլանկներով, իսկ աչքերը երկու դատարկ զրոներ էին։

–Զիկո-Պիկո-Ռիլ,– վանկարկեց Բարբասը և շրջվեց՝ դիմավորելու նորեկին։

Բայց նիհար ծերունին ծիծաղեց և ասաց

-Պայմանագիրը, որ կնքվել է ultra vires-ի՝ Բարձրագույն ուժերի հետ, ոչ միայն վիճարկելի է, այլև միանգամայն անվավեր կարող է ճանաչվել։

Այս խոսքերի հետ Բարբասը ետ շպրտվեց, ընկավ և կոտրեց աթոռը։ Նա շտապ ոտքի կանգնեց (զայրույթից կարմիր էր կտրել) և արտասանեց Դիվային գլխավոր համայիլը

Վրա՛տ, հա՛տ, հո՛։

Բայց հյուծված ծերունին իր մարմնով ծածկեց Մորտոնին և աղաղակեց Քայքայման բառերը

Ժամկետա՛նց, Չեղարկո՛ւմ, Կազմաքանդո՛ւմ, Հանձնո՛ւմ, Լքո՛ւմ, Մա՛հ։

Բարբասը ճչաց ցավից։ Արագ ետ քաշվեց, շոշափեց օդը,  մինչև որ գտավ Բացվածքը։ Ապա ցատկեց դրա միջով և անհետացավ։

Բարձրահասակ, հյուծված ծերունին շրջվեց դեպի բազմոցի անկյունում կուչ եկած պարոն և տիկին Դիներին ու ասաց

–Գիտցե՛ք, որ ես Հաշվապահն եմ։ Եվ իմանացե՛ք, որ այս երեխան ինձ հետ Պայմանագիր է կնքել՝ դառնալու իմ Աշակերտն ու իմ Ծառան։ Իսկ ծառայության դիմաց ես՝ Հաշվապահս, պարտավորվում եմ ուսուցանել նրան Հոգիների նզովումը՝ նրանց Թվերի, Ձևաթղթերի, Հայցերի ու Պատժամիջոցների անիծյալ ցանցում խճճելու միջոցով։

Հաշվապահը բարձրացրեց Մորտոնի աջ ձեռքը և ցույց տվեց միջնամատի վրա եղած թանաքի բիծը։ Ապա շրջվեց դեպի տղան և մեղմ ձայնով ասաց

Վաղը, տղա՛ս, կքննարկենք եկամտահարկից խուսափելու մի քանի եղանակ՝ որպես Նզովքի տանող ուղի։

–Այո՛, սը՛ր,– ոգևորված պատասխանեց Մորտոնը։

Վերջում հատու հայացք ձգելով Դիների վրա՝ Հաշվապահը անհետացավ։

Մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Հետո պարոն Դին շրջվեց դեպի կինը

–Դե ի՛նչ,– ասաց նա,– եթե տղան այդքան շատ է ուզում հաշվապահ դառնալ, ես հաստատ չեմ խանգարի։

 

 Թարգմանությունը՝ Արման Վերանյանի

Պատմվածքն ամբողջությամբ կամ մասամբ համացանցում տեղադրելու դեպքում պետք է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog 



[1] Փայտե համրիչ, հաշվային տախտակ։

[2] Մորմազգիներին պատկանող մոլախոտ է։

[3] Հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։

[4] Նույնն է՝ պենտագրամ։

[5] Հմայական խոսք, հմայախոսք։

[6] Առասպելական կենդանի, կիսաձի-կիսաարծվառյուծ։

[7] Փոքրիկ տղա։

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...