2025-07-26

Նարինե Աբգարյանի «Ապրել» ժողովածուի մասին․ մեջբերումներ (մաս 1-ին)

 

«Ապրել»-ը Նարինե Աբգարյանի պատմվածքների ժողովածուն է ամենից սարսափելիի մասին, ինչը միայն մարդը կարող է վերապրել։ Պատերազմը խլում է հազարավոր, հարյուր հազարավոր կյանքեր։ Բայց մի՞թե հարցը քանակն է։ Մի՞թե մի հոգու, հարազատ մեկի կորուստը նույնքան ցավոտ չէ, որքան մասշտաբային պատերազմում ճզմվող հոգիների կորուստը։ Աբգարյանը գրում է հարազատների մեռնելուց հետո ապրելու մասին, ժամանակի մասին, որը շարունակում է հոսել՝ անկախ մարդկանց ցանկությունից, գրում է մայրերի ու հայրերի, երեխաների ու ամուսինների մասին, գրում է նրանց մասին, ովքեր ստիպված են ապրել հարազատներին կորցնելուց հետո։ Ի՞նչը կարող է ավելի դաժան լինել, քան մոր ցավը, որ այդպես էլ չճաշակեց որդու՝ պատերազմից կենդանի վերադառնալու համը, քան ֆիզիկական բթացնող ցավը, երբ տեսնում ես ականի վրա մասունքների բաժանվող փոքրիկ աղջնակին։ Ի՞նչը կարող է ավելի ցավոտ լինել, քան մահվան ճիրաններում տառապող հորը տեսնելը, որի վրա մի կենդանի տեղ չի մնացել։ Գիրքը ծանր է և միաժամանակ  իմաստնությունով լեցուն անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, որ մահը գրեթե միշտ հաղթանակած է դուրս գալիս, պետք է սովորել ապրել։

31 պատմվածք, որոնց մեջ կորստի ցավն է մխրճված, և այդ ցավով ապրելու գերբնական կարողությունը։ Պատմվածնքներից յուրաքանչյուրը առանձին մեկի մասին է, բայց նրանց կյանքերը միահյուսված են իրար, ինչպես քուղերով հյուսված ինչ-որ ձեռագործ։ Յուրաքանյուր պատմություն մի ճակատագիր է՝ խեղված պատերազմից, յուրաքանչյուր հերոս՝ հաշմված մարմին կամ կորսված միտք։ Իսկ ի՞նչ էիք սպասում, երբ երեխան ականատես է լինում փոքր, չորսամյա եղբոր մեջքի վրա մահվան պարը պարող սապոգավորի վայրագությանը, երբ գերությունից ազատված ծնողին թույն են ներարկում՝ հույս տալով ու հույսը խլելով։

Գիրքը լի է ոգեղենությամբ, համեմատություններով ու հեգնախառն փոխաբերություններով։ Տողերը գեղեցիկ են ու բանաստեղծական։ Ուշագրավ է՝ հեղինակի սերը մարդկանց հանդեպ, ինչը կարդացվում է յուրաքանչյուր տողում ու ենթատողում։ Եվ հենց այդ սերն է, ըստ իս, ապրելու շարժիչ ուժը։

Կարդալով Աբգարյանի գրքերը զգացողություն ես ունենում, որ հեղինակը քեզ է մեկնել ձեռքի բաց ափը, իսկ այնտեղ․․․ նրա սիրտն է, դարերի պատմություն ունեցող ազգի սիրտը, որ բաբախում է անկախ ամեն արհավիրքի։ Այնքան ջերմություն, սեր ու ցավ կա այդ բացահայտումների մեջ, որ սկսում ես վերապրել դրանք, ինչպես սեփական զգացողությունները, ընդունում ես պատմվածքների հերոսներին, ինչպես հարազատների։

Դժվար է պատկերացնել, թե ինչքան տառապանք պետք է անցկացներ հեղինակն իր միջով նման ժողովածու գրելու համար։

Այս գրքի մեջ այնքան բույրեր ու համեր են թաքնված։ Այն, թե ինչպես է Աբգարյանը նկարագրում առօրեկան կենցաղային ինչ-որ գործողություններ, ինչպես օրինակ՝ հաց թխելը կամ  թթու դնելը, նմանվում է ազգային երաժտության՝ դարերի խորքից եկող ակունքներով ու դարերի խորքը գնացող տեսլականով։ Անմիջապես ուզում ես մի կողմ թողնել բանուգործդ, գնալ Բերդ, ծանոթանալ հերոսների սերունդների, նրանց նիստուկացի հետ։ Իսկ ինչպե՜ս է ներկայացնում մարդկանց։ Արդարադատ է, կողմնապահություն չի անում, լավին լավ է ասում, վատին՝ չի քննադատում, բայց և չի էլ գովաբանում։

Գիրքը հարուստ է տառապանքի գնով հասած իմաստությամբ այն հանգիստ կարելի է ցիտատների բաժանել։ Ինչն էլ անում ենք ստորև։  



҉ Պատերազմը նա դիմավորեց մայրացած: Երկունքի ցավերը սկսվեցին ռմբակոծության տակ: Շտապօգնություն կանչել չէր լինի. հեռախոսներն անջատված էին, հարևանների օգնությանն էլ չէր կարող դիմել. ինչո՞ւ մարդկանց ստիպես՝ կյանքները վտանգեն: Մինչև վերջ դիմացավ: Երբ ցավն արդեն անտանելի դարձավ, ամուսնու հետ վեր կացավ, գնաց հիվանդանոց: Արկի բեկորներն ամուսնուն թափանցանց թրատեցին, երեխային չկարողացան փրկել (Զանազան):

҉ Երբ պատերազմը սկսվեց, սահմանամերձ գյուղերում առանձնապես չանհանգստացան. մարդիկ տասնամյակներ շարունակ բարեկամություն էին անում ընտանիքներով, միմյանց հյուր էին գնում։ Պատերազմն ինչ-որ տեղ հեռվում է, մեզ չի վերաբերի, չէին կասկածում նրանք:

҉ Ռազմիկը ոչ մի տեղ չկար, բայց նրան գտավ. հետնաբակում էր՝ վրան փութանակի հողի կույտեր ու այգեգործական գործիքներ լցված: Մետաքսյան նրա դեմքից հավաքեց հողն ու պահեց բռում: Իր արածին հաշիվ չտալով՝ նա մի բուռ հող կերավ՝ խեղդվելով զարհուրանքից ու ցավից, մնացած հողը լցրեց ծոցը: Հետո կպցրեց վառարանն ու ջուր դրեց՝ տաքանա: Նկուղից մի մեծ տաշտ հանեց, որի մեջ բուրդն էր թրջում: Ռազմիկին դրեց մեջը: Լողացրեց նրան զգուշորեն, շունչը պահած, ասես վախենում էր արթնացնել: Գլխի ընկնելով, որ նախկինում նրան երբեք մերկ չէր տեսել, սկսեց շշուկով խոսել՝ թաքցնելով շփոթմունքը. «Ի՞նչ բարեկազմ ես, տղաս: Ի՞նչ սիրուն մարմին ունես: Ամեն ինչդ էլ լավն է՝ կյանքի, ուրախության, երջանիկ լինելուդ համար: Եթե փորիդ վերքը չլիներ. բայց ես կվիրակապեմ, որ գեղեցկությունդ չփչացնի: Ես քեզ կհագցնեմ դպրոցի ավարտական երեկոյիդ համար գնած կոստյումը: Հետ կսանրեմ անհնազանդ մազերդ. դու երբեք չէիր թողնում, գլուխդ փախցնում էիր, ծամածռություններ անում՝ մի՛ կպիր սանրվածքիս, սենց էլ վատ չէ: Դու բարձր, մաքուր ճակատ ունես ու չէիր ուզում՝ ճակատդ բաց լինի...»:

҉ Ստիպված հրաժարվեց կոշիկներից, փշրված ոտքերին հագցնել չէր լինում: «Ա՛խր, կարող էին գոնե էնպես սպանել, որ մարդ չտառապեր: Տանջամահ անելս ո՞րն է»,- շշնջում էր Մետաքսյան՝ սրբիչով փաթաթելով Ռազմիկի ոտնաթաթերը: Գոմից հանեց սայլը, մեջը փափուկ շալ փռեց, Ռազմիկին տեղավորեց սայլում ու գլորելով հանեց բակից: Հարևան տները նրան խուլ լռությամբ ճանապարհ դրեցին: Մետաքսյան ոչ մի անգամ չշրջվեց, որ հրաժեշտի հայացքի արժանացնի: Նրանց ասելու բան չուներ։

҉  «Ռազմի՛կ ջան, մյուս շաբաթ էլի կգամ»: Գնաց՝ իր հետևից զգուշորեն փակելով գերեզմանի ցանկապատի դռնակը:

҉ Պետք է շտապել. շուտով կսկսվի հանգուցյալների հիշատակի պատարագը: Ննջեցյալները, իհարկե, դրա կարիքը չունեն էլ: Դա ապրողներին ավելի շատ է պետք (Մեռելոց):

҉ Մայրը հավատացնում էր, որ լրիվ հորն է քաշել: Նա այդ նմանությունը չէր նկատում, բայց սիրով համաձայնում էր մոր հետ: Դա, ինչ խոսք, չէր մխիթարում, բայց գոնե օգնում էր կորստի հետ հաշտվելուն:

҉ Փետրվարի վերջին լրացավ Ծատուրի երեսուներեքամյակը: Եկան քույրերը՝ ամուսինների ու երեխաների հետ: Մինչև ուշ գիշեր նստեցին, վերհիշեցին մանկությունը: Հոր մասին բան չխոսեցին. ամեն մեկը գերադասում էր նրա մասին մտածել ինքն իր մեջ, մեկուսի:

҉ Մինչ մայրն ու քույրերը ողբում էին հոր մահը, Ծատուրը հոր համար գերեզման փորեց: Թաղումից հետո սկսեց աշխատել գերեզմանոցում, սկզբում՝ որպես Մեհրաբի օգնական, իսկ հետո, երբ նա էլ արդեն չկար, գերեզմանափոր: Այդպես էլ ապրում էր որպես փոխադրող երկու աշխարհների միջև՝ էս ու էն:

҉ Մի անգամ Ծատուրը ստիպված էր երկու մանկական գերեզման փորել: Թաղման ժամանակ դագաղներից մեկը բացել էին, իսկ մյուսը՝ ոչ: Ծատուրին թվացել էր՝ երկրորդ երեխան պայթյունից ուժեղ խեղվել է, բայց նրան բացատրեցին, որ մյուս դագաղում կնոջ ոտքեր են: Ընտանիքը ռմբակոծությունից թաքնվել էր նկուղում, շատ ցուրտ է եղել, բայց նրանք չեն հասցրել հագնվել ու տնից գիշերազգեստներով են դուրս վազել: Մայրն անհանգստացել է, որ իր աղջիկը սաթրջան է ընկնելու: Ողբուկոծ է դրել՝ գոնե տաք զուգագուլպա հագներ, գոնե զուգագուլպա: Հետո, երբ փոքր-ինչ խախանդվել է, դուրս է վազել հագուստ բերելու, աղջիկն էլ նետվել է մոր հետևից. երեխան զոհվել է պայթյունից, իսկ մայրը զրկվել է ոտքերից: «Մերը սա՞ղ է»,- հարցրել էր Ծատուրը։ «Բա դա կյանք է»,- հետևել էր պատասխանը:

҉ Հարսանիք չարեցին. ի՞նչ ուրախություն, երբ շուրջբոլորն այսքան դառնություն կա (Զուգագուլպաները):

҉ Անիչկան միալար ձայնով Արուսյակի ամուսնուն պատմեց, որ իրենց հոր ու մոր գլխին փորձանք է եկել: Մայրիկը նստած է եղել պատշգամբում, հայրը փայտ կոտրելիս է եղել, ինքն էլ ձեղնահարկն էր կարգի բերում: Սկզբում նրա ականջին ճիչեր են հասել, այնուհետև ձեղնահարկի պատուհանից տեսել է, թե ոնց են կացնով կտոր-կտոր անում հորը, և թե ինչպես է մայրը վեր կացել սայլակից ու, ամուսնուն կանչելով, կաղեկաղ իջել աստիճաններից, ինչպես են վրա պրծել, կացնի կոթով հարվածել նրա գլխին և մազերից բռնած՝ քարշ տվել ցանկապատի մոտ։ Հիշում ես, չէ, թե ինչ հյուսեր ուներ մայրիկը: Դրանք նույնիսկ ծերության ժամանակ չէին կորցրել իրենց գեղեցկությունը: Նրանք, այդ գեղեցիկ մոխրագույն հյուսերից բռնած, քարշ են տվել մայրիկին դեպի ցանկապատը, ու գետնին մի թաց, մութ հետք է մնացել և էդպես էլ չէր ցամաքում ու չէր ցամաքում(Կապոցը):

҉ Պատերազմն Աթանեսից խլել է բոլորին, որդուն էլ կխլեր, բայց չկարողացավ. նա հետ էր շպրտվել ռմբակոծված ավտոբուսից՝ սրա՝ անդունդում հայտնվելուց մի ակնթարթ առաջ: Առողջ, ամրակազմ երիտասարդ էր, իսկ հիմա հաշմանդամ է ու երեխայից էլ երեխա: Հարցնես՝ քանի տարեկան է, ոչ էլ կպատասխանի: Այնինչ անցյալ ձմեռ նշեցին նրա երեսունհինգամյակը:

҉ Անիչկայի համար ավելի սարսափելի էր, թեև ո՞վ կարող է բացատրել՝ ինչ չափանիշով են ցավը չափում: Անիչկայի հարազատները սպանվեցին ջարդերի ժամանակ: Միակ բանը, որ նրան հաջողվեց գտնել, կրտսեր որդու ածխացած մնացորդներն էին: Հավաքել-լցրել էր կապոցի մեջ, անցկացրել սահմանը, թաղել (Բաղարջ):

҉ Տան տեղը փլատակների զանգվածով լցված խորաբաց ձագարափոս հայտնաբերելով՝ նա սկզբում չհավատաց սեփական աչքերին ու նույնիսկ մի քանի անգամ շուրջը նայեց՝ մտածելով, թե գուցե ճանապարհն է շփոթել ու սխալ տեղ է եկել, բայց հետո ուշքի գալով նետվեց այնտեղ ու սկսեց մերկ ձեռքերով քանդել-ջոկջկել փլատակների բեկորները: Մոր մարմնին հասավ լուսաբացին մոտ, լաց եղավ՝ մորը քարի փշրանքների, չորացրած դաղձի կապոցների, հին թերթերի կտորտանքների, պղնձի ու փշուր-փշուր եղած կղմինդրների տակից դուրս հանելիս, այնքան զգուշորեն էր դուրս հանում, ասես խեցու միջից մարգարիտ էր հանում:

҉  «Տե՛ր Աստված, ախր, ոնց կարող է պատահել, որ էսքան անտարբեր ու խուլ լինես մարդկային կսկիծի հանդեպ»։

҉ Անդոյի համար լռությունը հավասարազոր է տառապանքին։ Ախր, խիղճը մեզ հետ խոսում է նրանց ձայներով, ովքեր հեռացել են մեզնից։ Կողմնակի հնչյուններն անջատելուն պես կլսես այդ ձայները (Մենություն):

҉ «Քար դառնաք, անխիղճ ցեղ, ձեր մեռելները դուրս գան գերեզմաններից, որ ձեզ հետներն էն աշխարհ տանեն: Ո՞վ է տեսել՝ խաղաղ տները ռմբակոծեն»:

҉ «Մահն ահավոր է ոչ թե իր գոյության փաստով, այլ նրանով, թե ոնց է ծաղրելով ու հաճույք ստանալով այլանդակում մարդկային մարմինը. իրեն էնպես է պահում, ասես անարժան հակառակորդ է, որ, ուզածին հասնելով, զվարճանում է զոհված թշնամու դիակով»,- վշտացած մտածում էր Մարոն:

҉ -Ինչո՞ւ մենք Կարապետ պապին վերևում չթողեցինք: Մեկ է, մեռած է, չէ՞:

-Մեռած թե ողջ՝ մարդը մարդ է,- պատասխանեց Մարոն (Ապրելը):

҉ Պառավ Մարոն վաթսուներկու տարեկան էր, երբ հարսը մեռավ՝ իրենից հետո փոքրիկ երեխաներ թողնելով: Բերդից Բվի կիրճ տանող կյանքի Ճանապարհին դա առաջին մահն էր... Այնտեղ հիմա օրեր շարունակ այնպիսի լռություն է տիրում, որ լսելի է նույնիսկ լեռնային ծաղիկների բացվելը, իսկ գիշերները բվերի բվոցներից քնել չի լինում, բայց դա՝ հիմա, մինչդեռ էն ժամանակ նրանք լռում էին, քամիները ևս չէին երգում, որովհետև լեռնանցքին տեր ու տնօրինություն էր անում պատերազմը (Փախլավա

҉  Գորգագործությունը նա ուշ սովորեց՝ քսան տարեկանում։ Հասցրեց ընդամենը չորս գորգ գործել: Վերջինը գործելուց հետո մեկնեց քաղաք՝ ցուցահանդեսի: Հանգիստ էր սահմանին. հենց այդ ժամանակ էլ հրադադար էին հայտարարել ու բացել էին լեռնանցքով անցնող՝ մեծ աշխարհ տանող ճանապարհը: Բայց պատերազմը սեփական կանոններն ունի, և ցանկացած հրադադար ոչ այլ ինչ է, քան այն խախտելու առիթ։ Դրա համար էլ Անթառամը Բերդից հեռացավ, բայց քաղաք այդպես էլ չհասավ: Հաջորդ օրը գտան վարորդի մարմինը: Անթառամն անհետացել էր: Գորգն էլ՝ հետը:․․․․

Անթառամին վերադարձրին, երբ ձմեռն անցավ, գարունն էլ կես դարձավ: Մարմինը՝ առանձին, ձեռքերը՝ առանձին: Սափրված գլխին հայհոյախոսություն էր դաջված՝ «ղաղպա» (անառակ, ադրբջ): Նանին դրա մասին չիմացավ, չիմացավ նաև այն, որ հիմա արդեն իր ազգուտակին Կռնատանց են անվանում (Գորգը):

҉ Աշխատել կարողանում էին միայն գիշերը կամ մառախուղին. պարզ եղանակին սահմանի մյուս կողմից նշանառությամբ խփում էին խաղաղ բնակիչներին: Պատերազմի ևս մի օրենք. վախ սերմանիր անիմաստ զոհերով: Հակառակորդը գործում էր անշեղորեն՝ չխնայելով ո՛չ մանուկներին, ո՛չ կանանց, ո՛չ ծերերինովիտը):

҉ -Պատանդ է,- ուսի վրայով նետեց հայրը։ - Վերցրել եմ, որ փոխանակենք։

Ծովինարի սիրտը քիչ մնաց՝ դուրս թռչեր կրծքից:

-Մայրիկը գտնվել է:

Հայրը չոր հազաց.

-Էն դեպքում, եթե գտնվի:

Ծովինարը հեկեկաց (Սպասում):


Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...