2025-05-17

Մարկուս Զուսակ «Ավետաբերը»․ հատվածներ

 Թարգմանեց Ա․ Վերանյանը


Որքան հնարավոր է հանգիստ անցնում եմ շեմքն ու տուն եմ մտնում։ Դուռը բաց է։

Բազմոցին՝ հյուրասենյակում, մի երիտասարդ է նստած։ Նա դեմքի երանավետ արտահայտությամբ շոյում է Բարապանին[1]:

-Ո՞վ ես․․․

-Ողջույն, Է՛դ,- ասում է նա։- Ուրախ եմ վերջապես ծանոթանալ։

-Այդ դու՞ ես․․․

Նա շարժում է գլուխը։

-Դո՞ւ ես ուղարկել․․․․

Նա կրկին շարժում է գլուխը։

Իսկ հետո ոտքի է կանգնում ու ասում․

-Ես մի տարի առաջ եմ տեղափոխվել այս արվարձան։

Մազերը մուգ են ու կարճ կտրած, հասակը՝ միջինից փոքր-ինչ ցածր։ Հյուրի հագին վերնաշապիկ է, սև ջինսե տաբատ և կապույտ սպորտային կոշիկներ։ Ամեն վայրկյանին զուգահեռ նա ավելի ու ավելի էր նմանվում տղեկի։ Չնայած ձայնը տղայական չէր ընդհանրապես։

-Այո՜, մոտավորապես մեկ տարի առաջ։ Ես տեսել եմ հորդ հուղարկավորությունը։ Տեսել եմ, թե ինչպես էիք դուք թուղթ խաղում։ Ես մոտենում էի ու նայում, ինչպես որ դու տնից տուն թափառելիս։

Նա շրջվում է․ թվում է՝ ամաչում է։

-Ես եմ սպանել քո հորը, Է՛դ։ Կազմակերպել եմ բանկի թալանումը, հատուկ եմ արել, որ դու էլ լինես այնտեղ։ Սադրել եմ այն տղամարդուն անել կնոջ հետ ամենը, ինչ անում էր։ Եվ սադրել եմ այն տղային, որ քեզ քարերի մոտ տարավ․․․

Նա հակում է գլուխը, ապա կրկին բարձրացնում է հայացքը։

-Ես եմ քեզ դարձրել այնպիսին, ինչպիսին որ ես հիմա։ Սկզբում դու անհաջողակ տաքսիստ էիր։ Իսկ հետո ես ստիպեցի քեզ անցնել այս բոլոր փորձություններով։

Մենք իրար ենք նայում։ Սպասում եմ՝ ինչ կասի հաջորդիվ։

-Կհարցնես՝ ինչո՞ւ։- Հյուրը լռում է, բայց հետո վճռականորեն շարունակում է,- Որովհետև դու միջակության պլատոնյան գաղափարի մարմնացումն էիր։- Նա լրջմիտ ինձ է նայում,- և եթե անգա՛մ դու կարողացար դուրս գալ ճահճից և կատարել այն բոլոր հանձնարարությունները, նշանակում է, բոլորն էլ կարող են դա անել։ Չի բացառվում, որ մեզնից յուրաքանչյուրն էլ պարզապես իր կարողությունների սահմանը չի գիտակցում։

Նրա աչքերը բոցավառվում են։ Երևում է՝ նա պատրաստվում է ասել ամենակարևորը։

-Հնարավոր է՝ անգամ ես չեմ գիտակցում․․․

Եվ նա կրկին ընկնում է բազմոցի վրա։

Այդ պահին ինձ մի տարօրինակ զգացողություն է համակում, ասես ինձ շրջապատող քաղաքը աչքիս առաջ գծանկարում են։ Եվ հենց ինձ էլ հենց նոր են նկարել։ Կարո՞ղ է դա իրականություն լինել։

Հավանաբար, այո՛։ Երիտասարդը նստած է բազմոցին ու խաղում է մազերի հետ։

Ապա կանգնում է ու նայում սեղմված բարձերին, որոնց վրա դեղին-գունաթափ մի թղթապանակ է ընկած։

-Դրա մեջ ամենն է,- ասում է երիտասարդը։- Ամեն-ամենը։ Ամեն ինչ, ինչ որ գրել եմ քեզ համար։ Բոլոր մտքերը, հղացումները, մարդիկ, բոլորը, ում դու օգնել ես։ Կամ էլ վնասել։ Կամ էլ պարզապես հանդիպել ես։

-Բայց․․․ -Բառերն այնպես ապականված են թվում,- ինչպե՞ս․․․

-Անգամ մեր այս զրույցը,-շեշտված ասում է նա,- անգամ այն կա դրա մեջ։

Ես կանգնել եմ քար կտրած։ Սառած, զարմացած ու ապշահար։

Հազիվ եմ ընտրում բառերը հարցնելու համար․

-Ես․․․ իրակա՞ն եմ։

Իսկ նա անգամ պատասխանի վրա չի էլ մտածում։ Ինչի՞ն է պետք։

-Պարզապես նայիր թղթապանակը,- ասում է,- վերջում։ Տեսնո՞ւմ ես դա։

Գարեջրի սովորական ստվարաթղթե տակդիրի հակառակ երեսին մեծատառերով խզբզած է հարցիս պատասխանը, որը, ոչ ավել, ոչ պակաս, ասում է․ «Իհարկե, դու իրական ես, ինչպես որ ցանկացած միտք կամ էլ պատմություն։ Ամեն ինչ իրական է դառնում, երբ հայտնվում ես դիպաշարի մեջ»։

-Դե ինչ, գնալուս ժամանակն է։ Ուզում ես՝ նայիր թղթապանակի գրառումները։ Ստուգիր՝ պակաս բան չկա։ Պետք է որ առանց բացառության բոլորն այդտեղ լինեն,- ասում է երիտասարդը։

Այդ պահին տագնապն է համակում ինձ։ Այնպիսի զգացողություն է, ասես հողը ճեղքվում է ոտքերիս տակ։ Կամ ղեկն է խափանվել։ Եվ կամ անուղղելի, սարսափելի սխալ է գործվել։

-Իսկ հիմա ես ի՞նչ անեմ,- հուսահատորեն հարցնում եմ նրան։- Ասա ինձ, ի՞նչ անեմ։

Նա ինքը տեղով հանգստություն է։

Ակնդետ ինձ է նայում ու ասում․

-Պարզապես շարունակիր ապրել։ Ի վերջո, քո կյանքը այս գրքի էջերով չի ավարտվում։

 

******

․․․«Եթե անգամ դու կարողացար դուրս գալ ճահճից և կատարել այն բոլոր հանձնարարությունները, նշանակում է, բոլորն էլ կարող են դա անել։ Չի բացառվում, որ մեզնից յուրաքանչյուրն էլ պարզապես իր կարողությունների սահմանը չի գիտակցում»։

Եվ հանկարծ ես հասկանում եմ։

Վրա է հասնում քաղցր, խորաթափանց ու իր պայծառությամբ հիասքանչ գաղափարը։ Ես ժպտում եմ, նայում եմ բետոնի մեջ առաջացած անցքին ու ասում Օդրիին ու քնած Բարապանին։ Ես ասում եմ նրանց այն, ինչ ձեզ եմ հիմա ասում․

-Ես ոչ թե Ավետաբեր եմ։

Ես Ավետիս եմ։

 



[1] Շան անունն է, անգլերեն Doorman:


Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...